Քիչ է ասել հեքիաթային է Որոտանի ձորը: Նա մի առանձնահատուկ հմայք ունի իր մեջ՝ երևի աստվածային արարումից սկսած, և գնալով ավելի հորդաբուխ ու դեպի իրեն ձգող է դառնում: Շոշափելի հեթանոսական խորհուրդ ու շունչ կա հպարտ քարափների ծերպերում, ձորերի խորխորոտներում: Մի տեսակ զգացողություն կա․ ոնց որ մեր հրաշք բնաշխարհի արմատը, սկիզբը այստեղ լինի:
Տանձատափի համար ձորը սկսվում է Տաթևի Մեծ անապատի հարավային բարձունքի՝ Որոտանի երբեմնի գոռ ալիքներին կախված կզակից և ձգվում գետի աջ ափով մինչև Հալիձոր գյուղի վարչական տարածք՝ շեն ու բերքառատ այգիներ:
Շուրջ երեք կիլոմետր ձգվող այս մակերեսի վրա անհիշելի ժամանակներից տանձատափցիները հիմնել են իրենց այգիները, կառուցել հնձաններ, ստեղծել այն թանկ բարիքները, որոնք պետք էին իրեն: Հատկանշական է, որ այս նեղ ժապավենը կազմելով՝ Որոտանի շուրթը գարնանային հալոցքներից և տեղատարափներից ենթարկվել է ողողումների, մեկ-մեկ էլ գետը այլ վարարումներով, վերականգնել է իր երբեմնի տարածքը: Դեպի այստեղի քարափներ ու խորխորոտներ են ձգվում սահմանափակ մակերեսով բացատներ, մշակովի ծրարված տարածքներ, որոնք, անշուշտ, ստեղծվել են աշխատավոր մարդու ակտիվ միջամտությամբ և դարձել այգիներ: Դրա համար է ասվում, որ հայ մարդը քարից է քամում իր հացը:
Հեռվից նայելուց տպավորություն կա, որ ափամերձ այդ ելուստներն ու ժապավենները մոգական մի ուժով ծնվել են շրջապատի աննման քարափների ու խորախոր ձորերի ծանր երկունքից, և այդ ընթացքը դեռ շարունակվում է:
Բոլորովին էլ հակված չեմ աստվածացնել մեր բնաշխարհը, կարծում եմ՝ Հայոց Հայրենիքի ցանկացած անկյունն էլ անչափ հարուստ է ու յուրահատուկ, բայց երբ մի փոքր խորանաս, կտեսնես աստվածայինն ու առասպելականը, և, որ կարևորն է, այդ ամբողջի հայկականությամբ ներծծված լինելը:
Այս փոքր տարածքին իրենց խոժոռ հայացքն են հառել Պուլուն կյումատեղի, Կարմիր քարի, Լաստի, Հարսնաձորի անկրկնելի քարափներն ու անզուգական մեր քերծերը, որոնց ջերմությամբ մինչև լուսաբաց քաղցրանում է այգիների միրգն ու պտուղը:
Մեծ և Մանու ձորերի, Հարսնաձորի հովն ու զովն են քնքշությամբ շոյում և հանգստություն պարգևում հեքիաթային տարածքին:Քանի սերունդ է այս հողերի վրա բարիքներ ստեղծել, ո՞վ կարող է ասել: Բայց ժողովրդի հիշողությունում կա և երբեք էլ չի ջնջվելու, որ Որոտանի գեղատեսիլ այդ վայրերում Տանձատափի հնագույն տոհմերի անուններով տարածքները այսօր էլ նույնությամբ կրկնվում են.Կույսականց հողը, Հաշունց կետերը, Կրբեդանց բաժինը, Համբարձումանց բաղերը, Հաշունց շռռանը, Պուլուն կյումատեղը և այլն:
Այս բաժանումներին զուգահեռ տարածքները ունեն նաև անվանումներ ըստ տեղադրվածության, տեսքի և այլն: Օրինակ՝ Կետերը, Տափերը, Ներքևի Սպիտակ ջուրը, Մանուն ձորը:
Տափերը՝ «հացթուխի տափին» չշփոթել դափի հետ: Հացթուխի տափը ուռենու կիսած շյուղերով նուրբ հյուսած էլիպսաձև, լավաշ հացի չափերի տափակ գործվածք է, որի վրա քաշած է բյազ՝ մեջը փափուկ նյութով լցրած: Տակը հարմարեցված է բռնելու և տափի վրա ձգած հում լավաշը թոնրի պատին կպցնելու համար:
Այն, ինչի մասին ցանկանում եմ պատմել, տեղի է ունեցել այս հրաշագեղ վայրում 1940-ականի առաջին տարիներին (ստույգ թվականը և օրը չհաջողվեց ճշտել)՝ մայիս ամսվա վերջին կամ հունիսի առաջին օրերին: Այդ ժամանակ կոլտնտեսության նախագահն էր գյուղում հարգված, ողն ու ծուծով աշխատավոր, հավասարակշռված և քչախոս Սարուխան Կարապետի Աբրահամյանը:
Որոտանի ափամերձ մեր այգիները ծովի մակերևույթից բարձր են 950-980 մետր, գյուղը՝ 1400 մետր: Բնականաբար, գետափի տարածքներում բուսականությունը՝ աճի առումով, շուրջ մեկ ամիս առաջ է լինում գյուղի և դրա շրջակայքի դաշտերի համեմատությամբ: Մայիսի վերջին այստեղ խոտը հասունանում է, և պետք է հնձել․ հետո վրա են հասնում խիստ շոգերը:
Նշենք նաև, այդտեղ տնտեսությունը խոր աշնանը և վաղ գարնանը խոշոր եղջերավոր անասունների մատղաշ էր տանում և արոտների հետ միասին օգտագործում էին կուտակած խոտի մի մասը: Մնացածը, ըստ իմ ավագ ընկեր Կոլյա Գևորգյանի, ձիերով ու էշերով տեղափոխում էին գյուղ: Թե այդ ծերպերով ինչպես էին խոտը տանում, չես կարող բացատրել, կամ եթե բացատրես, ով կհավատա:
Անասունների համար գետափին կառուցել էին նաև գոմ, իսկ հավաքած խոտը դեզ էին դնում Ներքևի Սպիտակ ջրի քարատակում, որտեղ այն լիովին պաշտպանված էր անձրևներից:
Հիմա ինչ-որ կներկայացնեմ ձեզ, ինձ համագյուղացի Նապոլեոն Մաղաքիի Թունյանն է ասել, ով այդ ժամանակ 13-14 տարեկան պատանի էր և ներկա է եղել կատարվածին:
-Արևոտ պարզ առավոտ էր: Գյուղի մի խումբ հնձվորներ կոլտնտեսության նախագահի գլխավորությամբ՝ գերանդիներով զինված, ճանապարհվել են Կետերը՝ այգիների խոտը հնձելու: Նրանց հետ էինք նաև ես ու իմ տարիքի մի քանի ուրիշ պատանիներ:
Մենք շատ ուրախ էինք նախ և առաջ նրա համար, որ այնտեղ արդեն կարող էինք փորձել առաջին հասած կեռասը (գյուղից այստեղ մեկ ամիս շուտ է կեռասը խեծում-հասունանալու նշան ցույց տալիս): Տեղ հասնելով հնձվորները համապատասխան վայրերում կապեցին էշերին, նախագահն էլ ձին՝ Մոսին հրացանը ձեռքին, ու բոլորը միասին մոտեցան հնձանին:
Բակում՝ օջախի վրա, արդեն թշշում էր այգու պահակի ծխաթակ չուգունե թեյնիկը: Ուրցի, բալի, սելկևիլի տերևներով և այլ բույսերով պատրաստած թեյը վայելեցին տարիքավորները: Հնձվորներից մեկը զնդանը տեղադրեց չարչրկված մի կոճղի վրա և սկսեց ծեծել գերանդիները (զնդանի վրա մուրճով բարակացնում են գերանդիի կտրող հատվածը): Մյուսներն անցան հնձին: Փոքր խմբերի էին բաժանվում՝ 2-3 հոգի, նույնիսկ առանձնանում էին անհատներ՝ այս ու այն նեղ հատվածի խոտը մաքրելու համար:
Անցել էր երևի 1,5-2 ժամ, մեկ էլ հնձվորներից մեկը, թե․
— Տեսե՛ք, այն քերծի վրա քարայծ կա, դուրս եկավ, հետո մտավ թուփը: Բոլորի ուշադրությունը այդ բարձունքին էր, որը ուղիղ գծով հնձվորներից հեռու կլիներ 300-400 մետր: Որոշ ժամանակ անց քարայծը նորից երևաց: Նախագահը պատվիրեց ձայն չհանել և վերցնելով իր Մոսին հրացանը՝ թփերի արանքներով որոշ չափով մոտեցավ բարձունքին ու նշան բռնեց: Հրացանը որոտաց, և համոզված, որ իր կրակոցը անվրեպ էր, Ս. Աբրահամյանն ասաց․
-Կեսօրին խորոված ենք ուտելու,- և երկու հոգու ուղարկեց որսը բերելու: Ճիշտն ասած համոզված չէինք, թե իրոք նախագահը այծ է խփել, բայց շուրջ կես ժամ անց տղաները այծը շալակած եկան: Դա 1-1,5 տարեկան մի կենդանի էր։ Մաշկեցին, կտրտեցին, և կեսօրին իրոք չտեսնված համով խորոված կերանք: Շատ գոհ և շնորհակալ էինք նախագահից, բարձր տրամադրությամբ լավ էլ հունձ արեցինք:
Այն ժամանակ որսն իրոք առատ էր մեր կողմերում:
Օրը թեքվել երեկոյանում էր, բայց դեռ աշխատանքը շարունակում էինք: Մեկ էլ տղաներից չգիտեմ ով, թե, նայե՛ք, էն թմբի գլխին այծ կա: Իրոք տեսանք, քարայծ էր: Նորից հրացանը բերեցին և տվին նախագահին: Ս. Աբրահամյանը, համոզված լինելով, որ ինքը չի վրիպի, և իսկապես այդպես էր, վերցնելով մոսինը, ասաց․
-Տղանե՛ր, այս մեկն այնպես եմ խփելու, որ մորթին ալյուրի պարկ սարքեմ։ Այսինքն՝ կխփի գլխին, որ մորթին չվնասվի: Որոշ չափով մոտենալով՝ նշան բռնեց ու կրակեց: Համոզված, որ այծին խփել է, տղաներին ասաց․
-Դե գնացեք բերեք:
Երկու թե երեք հոգի բարձրացան ոչ հեռու ժայռամասի գլուխ և մոտ կես ժամ անց հետ եկան՝ դատարկաձեռն ու խիստ ընկած տրամադրությամբ: Նախագահը և մյուսները հարցրին, թե ինչու՞մն է բանը։ Որսի հետևից գնացողները պատմեցին հետևյալը.
-Այն, ինչ տեսանք, լավ էր չտեսնեինք: Այծը իսկապես խփված էր գլխից: Կենդանին այդտեղ էր ծննդաբերելու համար: Երկունքի ցավերի մեջ էլ գլխին ստացել էր հրացանի գնդակը՝ իր հետ տարնելով նաև ծնվող ուլին: Այլևս ձեռք չտվինք, հետ եկանք:
Բոլորի գլխին ջուր մաղվեց․ ոչ ոք չէր փորձում նույնիսկ մի խոսք ասել: Կամ ինչ ասեին, կատարվել էր աներևակայելին, ամենացավալին: Ս. Աբրահամյանը, որ կյանքում մրջյուն էլ չէր տրորել, ծանրագույն հանցանք էր գործել: Վեր կացավ տեղից՝ հարբածի նման օրորվելով, մոտեցավ-վերցրեց մահաբեր զենքը, քայլեց դեպի հողամասի մեջ ընկած հսկա ժայռաբեկորը և երկու ձեռքով բռնելով հրացանի փողը՝ սկսեց ամբողջ ուժով զենքը զարկել քարին: Տարիքավորներից երկուսը մոտեցան և պահանջեցին, որ դադարեցնի հրացանը ջարդել, բայց նախագահը վճռական էր, մերժեց ու ասաց․
-Ես մեղք եմ գործել, չխանգարեք ինձ,- ու շարունակեց:
Հրացանի փայտյա ու մետաղյա բոլոր մասերը ջարդել, անվերականգնելի կտորներ էր դարձրել, և հոգնած ու տառապած քաշվեց մի կողքի, գլուխն առավ ձեռքերի մեջ:
Հնձվորները գյուղ են վերադարձել՝ խարխլված ու փշրված տրամադրությամբ, գիշերվա կեսին, որ իրենց տեսնողներ չլինեն: Այդ մասին տևական ժամանակ գյուղում ոչ ոք ոչինչ չպատմեց: Չարաբաստիկ դիպվածից հետո մեղք գործած Ս. Աբրահամյանի ձեռքը ոչ միայն այլևս հրացանի չի դիպել, այլ հայացքով էլ խուսափել է նայել զենքի: Իսկ ո՞վ կարող է իմանալ, գուցե մեղքի զգացումը և միստիկ մտքերը այդ լռակյաց մարդուն ավելի հեռուներն են տարել:
Պահենք ու պահպանենք մեր չքնաղ բնությունը, հատկապես նրա զարդ կենդանական աշխարհը:
Ս.Բ. ՎԱՐԴԱՆՅԱՆ, 18.05.2022թ․, ք. Գորիս