…կամ Օսմանյան զորքը Ղարադաղում
Հիշյալ ժամանակաշրջանում համաշխարհային ռազմական իրադարձությունները հասնում են թուրք-իրանական սահմանին՝ աստիճանաբար մոտենալով Ղարադաղին: 1914 թվականի սկզբներին Ջուլֆայից հեռագրում են Թիֆլիսի թերթերին առ այն, որ Ատրպատականում ուժեղանում է թուրք-գերմանական պրոպագանդան ռուսական ազդեցության դեմ[1]: Միաժամանակ ուժեղանում է նաև պանթուրքական գաղափարախոսությունը: Ինչպես ողջ Արևմտյան Հայաստանում, այնպես էլ այստեղ ակտիվանում են քրդական ցեղախմբերն ու հրոսակախմբերը: Հայերի կողոպուտը Ղարադաղում սկսում է մասսայական բնույթ կրել: Գյուղացիները չէին կարողանում դուրս գալ դաշտեր՝ աշխատելու: Կտրվել էր գյուղերի միջև կապը: Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը միայն կարողանում է Աբրահամ բեկ անունով մի մարդ ուղարկել Ղարադաղ՝ կողոպուտներից զերծ պահելու համար Առաջնորդարանին պատկանող Նորաշեն-Հուժ, Օղա, Զիագու գյուղերը[2]:
1914 թվականի վերջին քուրդ բեկեր Սըմկոն, Գուրտոյ բեկը, Համզե աղան և ուրիշները, խուժանի գլուխն անցած, որոնց միանում են նաև տեղացի թուրքերը, ողողում են Ուրմիայի շրջանը, թալանում, խոշտանգում և սպանում տեղի հայերին ու ասորիներին, առևանգում և բռնաբարում աղջիկներին[3]:
1915 թվականի սկզբին Ուրմիա ներխուժած օսմանյան զորքերը Խալիլ փաշայի հրամանատարությամբ ձերբակալում են երևելի հայերին և, խումբ-խումբ քաղաքից տարհանելով, գնդակահարում[4]:
Փաստորեն՝ ցեղասպանությունը հասել էր Ատրպատական:
1915 թվականի ապրիլին Ուրմիա լճի մոտ՝ Դիլման գյուղում, ռուսական զորքից կրած պարտությունից հետո թուրքական զորքերը նահանջում են Ուրմիայից: Ատրպատական են լցվում ռուսական զորամիավորումները: Սակայն կարճ ժամանակում տեղի հայերը հասցնում են հիասթափվել ռուսական սպայակազմի դրսևորած վարքից և վերաբերմունքից: Ճակատի հրամանատար զորավար Չերնոզուբովը շատ մտերմիկ և հոգատար վերաբերմունք է ցույց տալիս պարսկաթուրքական սահմանին ապրող ջարդարար քուրդ բեկերի հանդեպ, հանձինս՝ Սըմկոյի, Գուրտոյ բեկի, Համզե աղայի[5]: Վերջիններիս հաճախակի հրավիրում է կերուխումի, պարգևատրում շքանշաններով:
1917 թվականին ռուսական զորամիավորումների կազմալուծման արդյունքում պաշտպանական պարտականությունը իրենց վրա են վերցնում հայկական և ասորի զինված խմբավորումները: Կազմավորվում է Ուրմիայի հայկական բատալիոնը, որի հրամանատար է ընտրվում Ա. Ստեփանյանը, օգնական՝ Ա. Մուշեղյանը, Ա վաշտի վաշտապետ՝ զանգեզուրցի Արշակը, Բ վաշտինը՝ ղարաբաղցի Արսեն Տեր-Գրիգորյանը, Գ վաշտինը՝ զանգեզուրցի Արտեմը (երեքն էլ Քեռիի հայկական կամավորական զորամիավորումից)[6]:
Թուրքիայի դրդմամբ կրկին ակտիվանում են քրդական հրոսակախմբերը՝ Սըմկոյի գլխավորությամբ: Վերջինիս ակտիվորեն աջակցում էր ղարադաղցի Ամիր Արշադի եղբայրը իր՝ ղարադաղցի թուրքերից կազմված ջոկատով: 1918 թվականի փետրվարին նա Ուրմիայի շրջանի հայկական գյուղերից մեկում իրականացնում է ոճրագործություններ: Ուրմիայի հայկական բատալիոնը նպատակադրվում է պատժել ղարադաղցի խանին: Վերջինիս հասնում են Կուշչի գյուղում և ընդհարվում, որն ավարտվում է ղարադաղցի թուրքերի պարտությամբ:
1918 թվականին Օսմանյան թուրքերը ողջ ճակատով անցնում են հարձակման: Միաժամանակ ակտիվանում են Թավրիզի թուրքերը ղարադաղցի Ամիր Արշադի գլխավորությամբ: Խոյում սրանց միանում է Սըմկոն իր 3000 ձիավորներով: Ամիր Արշադի ու Սըմկոյի զինված ուժերը շարժվում են Սալմաստի ուղղությամբ, ուր կենտրոնացած էին հայ-ասորական ուժերը[7]: Ամիր Արշադը իր ուժերով դիրքավորվում է Սալմաստի արվարձաններում՝ լեռնագոտու բարձունքին: Ռազմաճակատի կենտրոնում դիրքավորվում է Վասպուրականից նահանջած հայկական զորամասը՝ 1200 ձիավոր և հետևակ զորքով, որոնց հետ էր նաև Սալմաստի զինված խումբը՝ Սարիբեկի գլխավորությամբ: Հայկական ուժերը ղեկավարում էր Լևոն Շողոյանը[8]: Ձախ թևում դիրք էին բռնել ասորական ուժերը: Կարճատև ընդհարումից հետո Ամիր Արշադը պարտվում է և խուճապահար փախչում՝ թողնելով իր «Ջեյրան» թնդանոթը և գնդացիրները:
1918 թվականի գարնանը Օսմանյան զորքերը Մոսուլի կողմից շարժվում են Ատրպատական: Ոտքի է կանգնում տեղի թրքությունը՝ աջակցելու ցեղակիցներին: Մայիսի սկզբներին նրանք հասնում են Դիլման: Հայ-ասորական ուժերը, անցնելով հակահարձակման, թուրքերին բավական ետ են շպրտում, որից հետո մղում են մի շարք հաղթական ճակատամարտեր: Այդ ճակատամարտերում հերոսաբար զոհվում են զանգեզուրցիներ Արտեմն ու Արշակը: Հունիսի սկզբներին թուրքերը, լսելով Նախիջևանից Անդրանիկի առաջխաղացման մասին, ստանում են համալրումներ և անցնում հարձակման: Ինչպես հայտնի է, Անդրանիկը Խոյի մոտ բավական ծանր ճակատամարտում պարտություն է կրում, որից հետո էլ ավելի է ծանրանում Ատրպատականի հայ և ասորի զինված ուժերի վիճակը: Պարտություն են կրում նաև Ուրմիայի հայ պաշտպանները, և թուրքական զորքը լցվում է Ուրմիա և շրջակա գյուղերը: Իր դերը խաղում է նաև ռազմամթերքի պակասը: Թուրքական ներխուժումը ուղեկցվում էր թուրքին բնորոշ կոտորածներով ու խոշտանգումներով: Ոճրագործություններին ակտիվ մասնակցում էին Ուրմիայի թուրքերը: Ատրպատականի հայությունը բռնում է գաղթի ճամփան: Մոտ 80000 հայ և ասորի փախչում են դեպի հարավ, որոնց կրնկակոխ հետապնդում են թուրքերն ու քրդական հրոսակախմբերը[9]: Գաղթականների քարավաններին պաշտպանում էին ուղեկից զինված հայկական ջոկատները՝ Արսեն Տեր-Գրիգորյանի ու Կոստի Համբարձումյանի[10] գլխավորությամբ: Վերջիններս բազմաթիվ սխրագործություններով էին աչքի ընկել (ինչը դեռ ըստ արժանվույն չի գնահատվել հայ պատմաբանների և սերունդների կողմից) ինչպես ողջ ատրպատականյան գոյամարտի ժամանակ, այնպես էլ գաղթի ընթացքում: Կոստի Համբարձումյանը այդպիսի մի ընդհարման ժամանակ զոհվում է: Բազմաթիվ զոհեր են կրում նաև գաղթականները ու նրանց պաշտպանները, որոնց մեջ էր նաև Հովհանես Թումանյանի որդին՝ Արտավազդը: Օգոստոսի 7-ին գաղթականության քարավանը հասնում է Համադան:
1918 թվականի հուլիսին՝ Ուրմիայի գաղթից հետո, Օսմանյան բանակը Ալի Էհսան փաշայի գլխավորությամբ Ուրմիայի, Սալմաստի, Խոյի, Մակուի, Ջուլֆայի, Մարաղայի, Թավրիզի հետ մեկտեղ գրավում է նաև Ղարադաղը: Ներխուժելով Ղարադաղ՝ Օսմանյան զորքը տեղավորվում է թուրքաբնակ Դյուզալ գյուղում: Սա Դավիթ Բեկի կողմից ղեկավարվող ապստամբությունից մեզ հայտնի Դյուզալ գյուղն է Արաքսի ափին՝ Մեղրիի դիմաց: Այդտեղից թուրք զինվորներ են ուղարկվում դեպի մոտակա հայկական գյուղերը՝ պահանջելով սնունդ: Ղարադաղի հայերը բավարարում են նրանց պահանջները, սակայն Օսմանյան զորքին Դյուզալ սնունդ հասցնող 8 ղարադաղցի հայերը սպանվում են[11]: Բնականաբար թուրքերը այսքանով չեն բավարարվում:
Հայոց Մեծ եղեռնը հասավ Սևասար: Դզմար գավառակի Աղաղան գյուղում տեղի է ունենում սարսափելի կոտորած:
Աղաղան գյուղի դիմացից մի նեղ արահետ է տանում դեպի հարևան թրքաբնակ Աննըղ գյուղը: Առավոտյան աղաղանցիները այդ արահետի վրա զինված մարդկանց են նկատում: Գյուղացիներից մի քանիսը գյուղի քահանա տեր Արտակի հետ խորհրդակցելուց հետո մի մատաղացու ոչխար են վերցնում, աղ ու հացով գնում օսմանյան զորաջոկատին դիմավորելու՝ մտածելով, որ այդպես վտանգը գյուղից կհեռացնեն: Ավա՜ղ… Թուրքական զորքը բաժանվում է երկու մասի. մի մասը բարձրանում է գյուղի դիմացի լեռը, մյուսը հրամանատարի՝ սպա Խալիլի հետ գյուղ է մտնում[12]: Զենք գտնելու պատրվակով խուզարկվում և կողոպտվում են աղաղանցիների տները: Թալանից հետո գերեվարվում են այդ պահին գյուղում եղած բոլոր աղաղանցիները և տեղահանվում: Նրանց հայտարարվեց, որ իրենք ռազմագերիներ են և ազատ կարձակվեն պատերազմի ավարտից հետո: Գյուղացիների շարասյունը զինվորների հսկողությամբ դուրս է գալիս գյուղից դեպի նախապես որոշված վայրը՝ ճիշտ ինչպես Արևմտյան Հայաստանում: Ճանապարհին մի թուրք զինվոր շարասյան կանանց մեջ լուր է տարածում, որ իրենց տանում են կոտորելու: Երկու կնոջ՝ երկու երեխաների հետ, հաջողվում է փախչել և ազատվել: Շարասյունը անցնում է Աղաղանի մոտակա ձորերից մեկով հոսող գետակը, հաղթահարում է ափամերձ վերելքը և մտնում է Ճղպորու արտ կոչվող վայրը: Շարասյան ետևից քայլող զինվորները գետը չեն անցնում, այլ դիրքավորվում են գետի ափին, և երբ շարասյան առջևից քայլող զինվորները հասնում են արտի վերջում գտնվող բլրակը, սկսվում է կոտորածը: Առաջին կրակոցով սպանվում է տեր Արտակ քահանա Հովհաննիսյանը: Երբ քահանան ընկնում է, նրա մայրը, կինը, երեխաներն ու քույրը լացուկոծով հավաքվում են նրա շուրջը: Ժողովուրդը սկսում է փախչել տարբեր ուղղություններով: Նրանց մի մասին հաջողվում է ազատվել՝ հասնելով մոտակա անտառը: Սպանվում են տարբեր սեռի և տարիքի 60 հայ գյուղացիներ, վիրավորվում են երեքը: Այդ սպանվածներից 20-ը տեր Արտակի հարազատներն էին: Զոհերից միայն երեքն էին, որ աղաղանցի չէին, այլ մոտակա հայաբնակ գյուղերից էին, որոնք այդ օրը հյուրընկալվում էին Աղաղանում:
Հայոց մեծ եղեռնի այս դրվագը կամ էջը ներառված չէ եղեռնի աշխարհագրությունն ու վիճակագրությունը պատկերող ոչ մի քարտեզի և ուսումնասիրության մեջ
Տասնհինգ օր հետո թուրքական այդ զորքը մտնում է Դզմար գավառակի մեկ այլ հայաբնակ գյուղ՝ Իրգութինը: Իրգութինցիները նախապես կանանց և աղջիկներին փախցրել էին գյուղից և թաքցրել մերձակա անտառում: Իրգութինում մարդ չսպանվեց, սակայն գյուղը ամբողջությամբ թալանվեց: Թուրքերը գյուղից վերցնում են 20 ձի և ջորի, որոնց վրա բարձում են թալանվածը և հեռանում[13]:
Լուրը արագորեն տարածվում է ողջ Ղարադաղով: Գավառակները համախմբվում են՝ յուրաքանչյուրը իր ամենամեծ գյուղում կենտրոնանալով: Մզգիթի, Գիրմնավի, Քլալայի գյուղացիները հավաքվում են Ողանում: Սակայն օսմանցիները դեպի Մեշափարա գավառակ չեն շարժվում, բայց հորդորում են տեղացի խաներին ավելի ակտիվանալ: Թալանվում են Դզմար և Հասանով գավառակները: Առավել տուժում է Ղուլուդի գյուղը, որտեղ կատարվում են բռնաբարություններ և սպանություններ: Այդ օրերին վրիժառության փայլուն օրինակ է ցույց տալիս Հասանով գավառակից նորաշենցի Էրգյան (երկար) Սարգիսը, ով, հանկարծակի հայտնվելով այս կամ այն վայրում, սպանում և ահաբեկում էր թուրք զինվորներին և անհետանում[14]:
Մի քանի խաներ միավորվելով ավերում են Մզգիթ և Օղա գյուղերը, որոնց բնակիչները գաղթում են Թավրիզ: Ասադուլլա, Թաղի և Ազիզ խաները մի քանի հարյուր ձիավորներով ներխուժում և թալանի են ենթարկում Ողանը: Գյուղը ավերվում է, իսկ ողանցիների մի մասը գաղթում է Թավրիզ: 65 ընտանիքից մնում է 16-ը՝ հիմնականում ամենաաղքատները: Գալուստ Եգանյանը, այս 16 ընտանիքներին առաջնորդելով, տեղափոխում է Ասադուլլա խանին պատկանող Քլալա հայաբնակ գյուղը[15]:
Առաջ են գալիս զանգվածային գաղթ, սով, համաճարակ, ավերվում ու լքվում են մի շարք գյուղեր, որոնց մի մասը այդպես էլ չի վերաբնակեցվում, իսկ մի քանիսն էլ բնակեցվում են տեղացի թուրքերով:
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո՝ նոյեմբերի 5-ին, թուրքական զորքը հեռանում է Ատրպատականից:
[1] «Ղարադաղ», 1914, 15 մայիսի, թիվ 7, էջ 7:
[2] Հովսեփյան 2009, հատ. I, էջ 152:
[3] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1964, 4 փետրվարի, թիվ 27։
[4] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1964, 8 փետրվարի, թիվ 29։
[5] 1915 թվականի վերջերին, դաշնակցության որոշումով զանգեզուրցի Ավետիսը տեռորի է ենթարկում Համզե աղային՝ օրը ցերեկով Ուրմիայի եկեղեցու հարակից փողոցում մաուզեր ատրճանակով գնդակահարելով վերջինիս («Ալիք», 1964, 9 փետրվարի, թիվ 30):
[6] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք» օրաթերթ, 1964, 11 փետրվարի, թիվ 32:
[7] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք» օրաթերթ, 1964, 18 փետրվարի, թիվ 37:
[8] Լևոն Շաղոյան (1887, Խարականց, Հայոց ձոր գավառ — 1974, Իրաք, Բաղդադ): Ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀԴ կուսակցության անդամ: 1915 թվականին մասնակցել է Շատախի ինքնապաշտպանության մարտերին: Եղել է Փեսանդաշտի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը: 1917 թվականին դարձել է Գյավաշի գավառապետ: 1918 թվականին Կ. Համբարձումյանի հետ կազմակերպել է Վանից հայերի հարկադրական գաղթը դեպի Համադաս և ապահովել գաղթականների անվտանգությունը։ Սային կալա վայրում Համբարձումյանը սպանվել է, իսկ Շաղոյանը ջարդել է թուրքերին ու փրկել գաղթականներին։ Անգլիական ուժերին միանալուց հետո հայ գաղթականները և Շաղոյանի ուժերը շարժվել են դեպի Բաղդադ, ապա Բասրայի մոտ հիմնել վրանաբնակ հանգրվան։ 1921 թվականի հունիսի 23-ին որոշվել է թողնել այդ հանգրվանը, ժողովրդի ստվար մասը մեկնել է Խորհրդային Հայաստան։ Շաղոյանն ապրել է Իրաքում (այս մասին տե՛ս՝ Армянский вопрос 1991, с. 338)։
[9] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1964, 3 մարտի, թիվ 49:
[10] Կոստի Համբարձումյան, Վասպուրականի Կոստի, Ուխտավոր (1882, Շուշի — 1918, Սային Կալա, Իրաք): Ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՀԴ անդամ: 1908 թվականին Կապանում կրթական տեսուչ էր. կարգավորել է դպրոցական գործը։ 1908-1914 թվականներին Բելգիայում ստացել է գյուղատնտեսական բարձրագույն կրթություն։ Կազմակերպել է զենքի առաքում Պարսկաստանով՝ հայ ազատագրական շարժման մարտիկներին զինելու նպատակով։ 1909 թվականին ձերբակալվել է, արգելափակվել Մետեխի բանտում, ապա աքսորվել Խարկով: 1915 թվականին մասնակցել է Վանի ազատագրմանը: 1917 թվականին դարձել է Վանի հայկական ժամանակավոր կառավարության ղեկավար (այս մասին տե՛ս՝ Армянский вопрос 1991, с. 23)։
[11] Միրզայան Վ. Պ., Ղարադաղ (Պասպատունիք), «Ալիք», 1982, 20 հունվարի, թիվ 15:
[12] Սարո Յ., Ատրպատականի գոյամարտը, «Ալիք», 1964, 10 մարտի, թիվ 55:
[13] «Ալիք», 1979, 17 ապրիլի, թիվ 77 (Մուշեղ Աթայանի հուշերից):
[14] Գալուստ (Տեր Սահակ քահանա) Եգանյանի նոթագրություններից, «Ալիք», 1979, 18 հունվարի, թիվ 11:
[15] Գալուստ (Տեր Սահակ քահանա) Եգանյանի նոթագրություններից, «Ալիք», 1979, 18 հունվարի, թիվ 11: