Սյունի իշխանական տունը 6-7-րդ դարերում

Spread the love

Սյունիքի և Սյունի իշխանական տան 6-7-րդ դարերի պատմության վերաբերյալ աղբյուրագիտական տեղեկությունները սակավ են: Այդ ժամանակաշրջանի պատմական գլխավոր աղբյուրը համարվում է 13-րդ դարի պատմիչ Ստեփաննոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունը: Սյունի իշխանների մասին որոշակի տեղեկություններ են հաղորդում նաև միջնադարի հայ պատմիչներ Սեբեոսը, Մովսես Դասխուրանցին (կոչված նաև Կաղանկատվացի), Շապուհ Բագրատունին և ուրիշներ: Սակավ, սակայն արժեքավոր տեղեկություններ են հաղորդում նաև վրաց և արաբ մատենագիրների երկերը:

Այսպես` Ստեփաննոս Օրբելյանը Գդիհոնից հետո որպես Սյունիքի իշխան է հիշատակում Վռամին՝ տալով նրան 7 տարվա իշխանություն[1]: Մեր կարծիքով, Վռամը (484-491 թթ.) Գդիհոնի որդին էր: Նրա վերաբերյալ մեր տեղեկությունները սահմանափակվում են Օրբելյանի ընդամենը այդ մեկ վկայությամբ: Թերևս նրան կարելի է նույնացնել Ջուանշեր Ջուանշերիանիի «Վախթանգ Գորգասալի պատմության» մեջ հիշատակվող Սյունիքի Արև իշխանի հետ[2]: Ինչպես նշում է Հր. Աճառյանը, Վռամ անունը Վահրամ անվան կրճատ տարբերակն է, որն իր հերթին Վահագն անվան տարբերակն է, իսկ Վահագնը հայոց հին դիցարանում արևի աստվածն էր[3]:

Վռամին մեկամյա ընդմիջումից հետո հաջորդել է Վասակ II-ը (492-503 թթ): Նրա մասին մեր տեղեկությունները նույնպես սահմանափակվում են Ստեփաննոս Օրբելյանի մեկ վկայությամբ: Հ. Աճառյանը նրա իշխանության տարեթիվ է նշում 494-505 թթ.[4], Ղ. Ալիշանը 497-508թթ[5], իսկ Մ Բրոսսեն` 503-514 թթ.[6]: Հավանական ենք համարում, որ նա լիներ Վասակ I-ի թոռը, նրա Բաբիկ որդու որդին: Դրա ապացույցը կարող է լինել Վասակ անունը, որով նա հավանաբար անվանակոչվել էր ի պատիվ իր պապի: Վասակ II-ը իր որդուն` Բաբգեն III-ին, նմանապես անվանադրել է ի պատիվ իր պապ Բաբիկի: Այդ ժամանակաշրջանում նախարարական տոհմերում նահապետի կամ իշխանական տան տոհմապետի իշխանությունը հիմնականում անցնում էր տոհմի ամենատարեց անդամին՝ ըստ ավագության կարգի: Կարծում ենք, այստեղ չպետք է բառացի հասկանալ Օրբելյանի այն վկայությունը, երբ նա, թվարկելով Սյունյաց իշխանների հերթականությունն ու նրանց կառավարման տևողությունը, նշում է. «Ահա սրանք են, որ Բաբիկից ի վեր մինչև այժմ իշխեցին` որդին հորը հաջորդելով, թվով քսան, երեք հարյուր երեսուներկու տարի»[7]: Թերևս, այստեղ նա նկատի է ունեցել, որ Սյունիքի իշխանները միշտ եղել են նույն Սիսական տոհմի ներկայացուցիչները, առավել ևս, որ 330 տարվա մեջ դժվար է 20 սերունդ տեղավորել: Պատմական փաստերից երեւում է, որ տանուտերության պաշտոնը միշտ չէր, որ անցնում էր հորից որդուն. այսպես՝ Վաղինակ I-ին (մոտ 320-348 թթ.) հաջորդել է նրա եղբայր Անդոկը, Բաբիկից հետո Սյունիքի իշխան է դառնում նրա սենեկապետ Սամը, ապա՝ եղբայր Վաղինակը և այլն:

Վասակ II-ին հաջորդել է Արտաշիրը (503-512 թթ.)` կառավարելով 9 տարի[8]: Նա Քաշունիք կամ Մյուս Բաղք գավառում 5 գյուղ է նվիրում Աղուանքի թագավոր Վաչագան II Բարեպաշտին (485-523 թթ.) ու նրա փեսա՝ պարսիկ արքայազն Աբլ Աբասին՝ նրանց կողմից կառուցված վանքի կարիքները հոգալու համար[9]: Նա Սյունիքի եպիսկոպոս Մուշեի հետ մասնակցել է Հայոց կաթողիկոս Բաբգեն I (490-516 թթ.) կաթողիկոսի կողմից 506 թ. հրավիրված Դվինի եկեղեցական ժողովին[10]:

Արտաշիրին կամ Աչիրին 3 ամյա ընդմիջումից կամ անիշխանությունից հետո հաջորդել է Բաբգեն III-ը (515-525 թթ.), որին Ստեփաննոս Օրբելյանը տալիս է 10 տարվա իշխանություն[11]: Նա հավանաբար նախորդի եղբայր էր: Հայր Ղ. Ալիշանը նրա իշխանության տարիները նշում է 520-530 թթ.[12], Մ. Բրոսսեն` 526-536 թթ.[13], իսկ Գր. Գրիգորյանն` 512-522 թթ.[14]: Մեր կարծիքով` նրա կինն էր Սահակիա իշխանուհին, որին Ղ. Ալիշանը համարում է Աչիրի կինն ու Սահակ Կամսարականի դուստրը[15], իսկ Մ. Բրոսսեն գտնում է, որ Սահակիան Վասակ II-ի կամ Աչիրի կինն էր[16]: Ստեփաննոս Օրբելյանը նշում է, որ. «Յամս Կաւատայ արքայի Պարսից ի մարզպանութեանն Հայոց Վահանայ Մամիկոնէի, ի հայրապետութեանն տեառն Մուշէի կաթողիկոսի վախճանի երանելի եպիսկոպոսն Սիւնեաց Մուշէ` կալեալ զաթոռն ամս երեսուն և վեց: Եւ զի պակասեալ էր իշխանն Սիւնի, և էր նորա կին մեծահաւատ լի ամենայն բարեպաշտութեամբ` Սահակիա անուն»[17]:

Պարսից Կավատ I արքան կառավարել է (488-496, 499-531 թթ.), Վահան Մամիկոնյանը Հայաստանի մարզպանն էր (485-505 թթ.), իսկ Հայոց կաթողիկոս Մուշե I Այլաբերդցին աթոռակալել է (526-534 թթ.): Ինչ վերաբերում է Սյունիքի Մուշե եպիսկոպոսի աթոռակալության տարիներին, ապա պետք է նկատի առնել, որ ոչ միայն Մուշեի, այլև մինչև 8-րդ դարի վերջը Սյունիքի եպիսկոպոսների աթոռակալության տարիների վերաբերյալ հստակ ու ճշգրիտ տվյալներ չունենք: Ճիշտ է, Ստեփաննոս Օրբելյանը թվարկում է Սյունիքի բոլոր եպիսկոպոսների անուններն ու նրանց աթոռակալման տևողությունը, սակայն դա ամենևին չի հեշտացնում տվյալ խնդրի պարզաբանումը: Կարծում ենք, այստեղ Վահան Մամիկոնյանի հիշատակումը ժամանակագրական անճշտություն է, քանի որ ընդունված է, որ 506 թ. նա արդեն կենդանի չէր[18], և մարզպանի պաշտոնում նրան հաջորդել էր նրա եղբայր Վարդը[19]: Վերոհիշյալ իրադարձությունը չէր կարող տեղի ունեցած լինել մինչև 506 թ., ուստի և միանշանակ պետք է ընդունել, որ Սահակիան, իսկապես, Բաբգեն III-ի, այլ ոչ թե Աչիրի կինն էր, իսկ նշված իրադարձությունները տեղի են ունեցել 525 թ. հետո, երբ հայոց հայրապետն էր Մուշե I-ը: Ենթադրում ենք, որ Բաբգեն III-ի մահից հետո նրա որդու՝ Հովհանի մանկահասակության պատճառով Սյունիքի իշխանության խնամակալությունը իրականացնում էր նրա այրին՝ Սահակիան: Ընդունելի ենք համարում Ղ. Ալիշանի տեսակետը, որ Սահակիան պետք է լիներ Սահակ Կամսարականի (մահ. մոտ. 510 թ.) դուստրը: Քանի որ Ստեփաննոս Օրբելյանը Բաբգեն II-ից հետո նշում է 11 տարվա անիշխանություն[20], ապա կարող ենք այդ տարիները համարել Սահակիայի (525-536 թթ.) խնամակալության տարիները: Այս փաստերի ընդունումը մեզ հնարավորություն կտա ճշտել նաև Սյունիքի մի քանի եպիսկոպոսների աթոռակալության մոտավոր տարիները` Մուշե եպիսկոպոսի աթոռակալության վերջին տարին` 526/7 թ., նրա հաջորդ Երիցակ եպիսկոպոսինը` 527-528 թթ.:

Բաբգեն III-ի մահից հետո 13 ամյա ընդմիջումից հետո Սյունիքի տանուտեր է դառնում նրա որդի Հովհան I-ը (536-554 թթ.), որին Ստեփաննոս Օրբելյանը տալիս է 18 տարվա իշխանություն[21]: Հովհանի և նրա անմիջական հաջորդներ Վասղուղի (554-555 թթ.) ու Գրիգոր I-ի (555-565 թթ.) մասին մեր տեղեկությունները սահմանափակվում են Ստեփաննոս Օրբելյանի ընդամենը մեկ հիշատակությամբ[22]: Կարծում ենք, որ նրանք Հովհան I-ի որդիներն էին և հաջորդաբար Սյունիքի տանուտիրական գահին հաջորդեցին իրար: Հովհանի կառավարման վերջին տարում` 554 թ. Սյունիքի Պետրոս եպիսկոպոսը մասնակցեց Դվինի 2-րդ եկեղեցական ժողովին[23]: Հնարավոր ենք համարում, որ այդ ժամանակ Հովհան I-ը մահացել էր, իսկ նրա հաջորդ Վասղուղը դեռևս չէր նշանակվել իշխան: Դրանով կարելի է բացատրել նշված ժողովին Սյունիքի իշխանի բացակայությունը[24]: Ստեփաննոս Օրբելյանի այն վկայությունը, թե Դվինի ժողովին մասնակցել է Սյունիքի իշխան Միհր Արտաշիրը[25], ինչպես իրավացիորեն նկատել է Ա. Աբրահամյանը, իրականում վերաբերում է Դվինի 584 թ. ժողովին[26]:

Հովհան I-ի կինն էր Սյունիքի Վարազդուխտ իշխանուհին. «որ յառաջ քան զհայ թուականն [=551 թ.] շինեալ էր զՍիոնի վանս ի Վայոց ձոր»[27]:

Ըստ Սեբեոսի՝ 570-ական թվականներին Սյունիքի իշխանն էր Վահանը, որին չի հիշատակում Ստեփաննոս Օրբելյանը: Սեբեոսը վկայում է, որ Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ 571 թ. ապստամբության նախօրյակին Սյունիքը անջատվել էր Հայաստանից. «Յայնժամ յառաջ քան զայս ապստամբեալ ի բաց եկաց ի Հայոց անուանեալ Վահան իշխան աշխարհին Սիւնեաց, եւ խնդրեաց ի Խոսրովայ արքայէն Պարսից, զի տարցեն զդիւան աշխարհին Սիւնեաց ի Դըւնայ ի Փայտակարան քաղաք, եւ կարգեսցէ զքաղաքն ի շահրմար Ատրպատականի, զի մի եւս կոչեսցի անուն Հայոց ի վերայ նոցա: Եւ կատարէր հրամանն»[28]:

Հակված ենք կարծելու, որ ընդունելի չէ Ն. Ակինյանի այն ենթադրությունը, ըստ որի՝ Վահան Սյունին և Վասակ Սյունին նույն անձնավորությունն են[29]: Ընդունելի չէ հատկապես Ն. Ակինյանի կազմած 6-րդ դարի Սյունիքի իշխանների տոհմապատկերը, որտեղ շփոթված են 5-րդ և 6-րդ դարերի Սյունիքի իշխանների անունները[30]:

Առավել ընդունելի է Վահան իշխանին նույնացնել Գրիգոր I-ի հետ: Մեր կարծիքով՝ Գրիգոր անունը կարող էր լինել Վահանի մկրտման անունը, ինչպես սովորաբար ընդունված էր հայ իշխանական ընտանիքներում. օրինակ` Գրիգոր-Դերենիկ` Արծրունիների մոտ, Հովհաննես-Համամ` Շաքիի իշխանատոհմում և այլն:

Մ. արք. Օրմանյանի կարծիքով՝ Սյունիքի բաժանվելը «պարսկական» Հայաստանից, պետք է տեղի ունեցած լիներ 564 թ. հետո և «Սուրէն մարզպանի բռնութիւներէն ազատելու միջոց մը, եւ ոչ թե Մամիկոնեանց ազդեցութենէն դուրս ելլելու նպատակ մը»[31]: Իսկ, Հ. Մանանդյանի կարծիքով, Սյունիքի անջատվելը տեղի է ունեցել 571 թ.՝ կապված Մամիկոնյանների ուժեղացման և ապստամբ նախարարներին Բյուզանդիայի տված խոստումների հետ[32]: Բ. Հարությունյանը նշում է, որ դատելով 5-7-րդ դարերի հայկական սկզբնաղբյուրների և Զաքարիա Հռետորի հաղորդած տեղեկություններից, Սյունիքը Հայկական մարզպանության շրջանակներում լայն ինքնավարություն էր ձեռք բերել դեռ մինչև 571 թ.[33]: Իսկապես, ասորի պատմիչ Զաքարիա Հռետորը նկարագրելով 6-րդ դարի կեսերին Այսրկովկասի քաղաքական պատկերը Սյունիքը ներկայացնում է որպես Վիրքի և Աղուանքի նման ինքնավար երկիր[34]:

Լեոն գտնում է, որ դեռևս 5-րդ դարում Սյունիքի նախարարական տունը համարվում էր Հայաստանում առաջացած պարսկական կուսակցության ուժեղ ներկայացուցիչը, սաստիկ պարսկասեր էր և այդպիսին էլ մնաց մինչև 6-րդ դարի վերջին քառորդը` Հայաստանից նրա անջատվելը, Վահան իշխանի օրոք[35]: Բ. Հարությունյանը գտնում է, որ «այն պարսից արքունիքի կողմից Սյունյաց իշխանությանը սիրաշահելու, Սյունյաց իշխանների դիրքը Այսրկովկասում ուժեղացնելու միջոցով պարսկական տիրապետությունն ամրապնդելու քաղաքական ծրագրի արտահայտություններից էր»[36]:

Միաժամանակ Հայոց եկեղեցու ազդեցությունից դուրս է գալիս նաև Սյունիքի եպիսկոպոսական թեմը: Ըստ Ստեփաննոս Օրբելյանի՝ այդ իրադարձությունը կատարվել է Պետրոս եպիսկոպոսի օրոք և կապված էր Հայոց կաթողիկոսական աթոռի՝ երկու մասի բաժանման հետ[37]: Անկասկած, այստեղ առկա է ժամանակագրական անհամապատասխանություն, քանի որ Պետրոս եպիսկոպոսը աթոռակալել է 550-ական թվականներին, իսկ Հայոց հակաթոռ կաթողիկոսական աթոռի հաստատումը տեղի է ունեցել 591 թ.: Իսկ եպիսկոպոսական աթոռի անջատման իրական պատճառները Օրբելյանը չի մատնանշել: Վ. Ալեքսանյանի կարծիքով, կաթողիկոսական և Սյունյաց աթոռների փոխհարաբերությունները ընդհատվել են Սյունյաց Գրիգոր Բ եպիսկոպոսի պաշտոնավարման շրջանում` (584-599թթ.)[38]: Սյունյաց եպիսկոպոսական աթոռի այս անջատ վիճակը երկար չտևեց: Արդեն VII դարի սկզբին, հենց Սյունյաց եպիսկոպոսների եռանդուն կրոնական գործունեության շնորհիվ վերականգնվեց Հայոց եկեղեցու միասնականությունը: Սյունյաց եպիսկոպոսական աթոռը կրկին Հայոց կաթողիկոսների իրավասության տակ է անցնում 607 թ. Սյունյաց Քրիստափոր եպիսկոպոսի օրոք[39]:  Ըստ Ն. Ակինյանի Քրիստափոր եպիսկոպոսը աթոռակալել է (599-608թթ.)[40]:

Հ. Հյուբշմանը գտնում է, որ «Մէկ իշխանի տակ միացած Սիւնեցիք` Հայաստանի պետական կազմին մէջ միշտ բաւական անկախ եւ յատուկ դիրք մը գրաւած էին, եւ ասոր ապացոյց որ իրենց ուզելովք Հայաստանէն բաժնուեցան»[41]: Նրա կարծիքով՝ Սյունյաց աշխարհի դիվանը Դվինից Ատրպատականի Փայտակարան տեղափոխվելը տեղի է ունեցել 571 թ. և այդ իրավիճակը շարունակվել է մինչև 640 թ.՝ արաբների կողմից Պարսկաստանի նվաճումը[42]: Նա նշում է. «Մինչեւ այս ատեն Սիւնիք հպատակ էր Հայոց մարզպանին ի Դուին, այս մարզպանն ալ կախում ունէր Ատրպատականի սպայապետէն, այսուհետեւ ուղղակի կախում ունեցաւ Ատրպատականի սպայապետէն և դադրեցաւ Հայոց երկրին մասն ըլլալէ»[43]: Կարելի է կարծել, թե Հյուբշմանը նկատի ուներ, որ Սյունի իշխանը չէր ցանկանում ենթակա լինել Հայաստանի մարզպանին, ով կախում ուներ Ատրպատականի կառավարչից և այդ քայլով նպատակ ուներ իր դիրքով հավասարվել Հայաստանի մարզպանին, դրանով իսկ պարսից արքունիքի այսպես կոչված աստիճանների ցուցակում ավելի բարձր դիրք զբաղեցնել, քան Հայաստանի մյուս իշխանները: Ընդունելով այս տեսակետը՝ առավել հնարավոր ենք համարում, որ Սյունիքի անջատվելը Մարզպանական Հայաստանից ավելի շուտ ուղղված էր Մամիկոնյանների բյուզանդամետ քաղաքականության դեմ, քան թե հուսահատական քայլ էր՝ Սուրեն մարզպանի բռնություններից ազատվելու:

Սյունի իշխանները միշտ էլ «հավատակից» Բյուզանդիայից եկող սպառնալիքը ավելի վտանգավոր էին համարում, քան «հեթանոս» Պարսկաստանից եկող վտանգը: Եւ, ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք չէին սխալվում: Բյուզանդիային ենթակա Հայաստանի արևմտյան մասում հայերի ձուլման և ուծացման քաղաքականությունը հանգեցրեց այդ շրջանի հայության քաղկեդոնականություն ընդունելուն, նախարարական համակարգի քայքայմանն ու արագ հունականացմանը: Դրան հակառակ՝ Սյունիքն ու Հայաստանի այն շրջանները, որոնք քիչ էին ենթակա Բյուզանդիայի ազդեցությանը, կարողացան պահպանել իրենց ազգային նկարագիրն ու ինքնությունը: Այս ամենին հավելենք նաև Սյունի և Մամիկոնյան տոհմերի մրցակցությունը Հայաստանում քաղաքական գերիշխանության համար: Եթե Մամիկոնյանները Հայաստանում իրենց ազդեցության ուժեղացումն ու ամրապնդման ճանապարհը համարում էին Բյուզանդիայի հետ համագործակցությունը, ապա Սյունիները դա տեսնում էին Սասանյաներին հավատարմորեն ծառայելու մեջ: Ն. Ակինյանը ևս գտնում է, որ. «Սպարապետութեան Մամիկոնեաններու մենաշնորհն նկատուիլը մէկ կողմանէ եւ միւս կողմանէ անոնց յարատեւ միտումը դէպի Բիւզանդիոն եւ անոր քաղաքականութեան ծառայելու տենչը չէին կրնար հանդուրժելի երեւալ պարսկասէր Սիւնեցիներուն, որոնք, իրենց բախտը սահմանակից պետութեան մէջ կը տեսնէին»[44]:

Մատենագիտական սակավ տեղեկությունների հիման վրա կարող ենք եզրակացնել, որ իրենց հերթին Սասանյան արքաները մեծ վստահությամբ էին վերաբերվում Սյունի իշխաններին: Ինչպես կտեսնեք ստորև, 574 թ. Փիլիպոս Սյունին նշանակվեց Հայաստանի մարզպան, իսկ Խոսրով II Փարվեզն իր դստերը կնության տվեց Գրիգոր II-ին: Սասանյան արքաների վստահության մասին է վկայում նաև այն փաստը, որ Խոսրով I Անուշիրվանը Սյունիքի իշխաններին է վստահել Կովկասի լեռնանցքների հսկողությունը: Արաբ հեղինակների վկայությամբ՝ Խոսրովը, կառուցելով Դերբենդի ամրությունները, այնտեղ բնակեցրեց սիյասիջին (շատերի կարծիքով՝ սիսական) կոչվող ժողովրդին[45], որոնք ռազմատենչ և քաջարի ցեղ էին[46]: Ս. Երեմյանի կարծիքով՝ Դերբենդի ամրությունների պաշտպանության նպատակով Սասանյանները այնտեղ Սյունիքի բնակիչներից` սյունեցիներից ստեղծեցին զինվորական բնակավայրեր[47]: Եթե հավաստի համարվի Մատթեոս Ուռհայեցու տեղեկությունը Դերբենդի հայկական թագավորության մասին[48], ապա հենց այս սյունեցիների ժառանգները կարող էին լինել այդ թագավորության հիմնադիրները:

Այս ամենը հաշվի առնելով՝ արդարացի չէ Վահան իշխանին «ուրացող»[49] կամ «դավաճան» պիտակավորելը, առավել ևս, որ մենք փաստեր չունենք նրա ուրացության վերաբերյալ: Ինչ վերաբերում է Սյունիքի «անջատմանը» Մարզպանական Հայաստանից, ապա այդ ժամանակաշրջանը տևել է մի քանի տասնամյակ: Արդեն Վահանի անմիջական հաջորդներ Միհր Արտաշիրին ու Փիլիպպոսին տեսնում ենք Հայաստանի քաղաքական ու կրոնական հարցերի ակտիվ մասնակիցների թվում:

Գրիգոր-Վահանին Սյունիքի իշխանական աթոռին հաջորդում է նրա որդի Միհր Արտաշիրը (565-588 թթ.), ով Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ կառավարել է 23 տարի[50]: Ղ. Ալիշանը նրան տալիս է 13 տարվա իշխանություն՝ համարելով, որ նա կառավարել է 558-570 թթ.[51], իսկ Մ. Բրոսսեն նշում է 576-599 թթ.[52]: Վերևում նշեցինք, որ Միհր Արտաշիրը Սյունիքի եպիսկոպոս Վրթանեսի հետ մասնակցել է Դվինի 584 թ. եկեղեցական ժողովին, որտեղ ի թիվս այլ հարցերի, վերջնականապես մտցվեց նաև Հայոց Մեծ թվականությունը: Նրանց էր ուղղված Հայոց կաթողիկոս Հովհաննես II Գաբեղյանի (557-574 թթ.) թուղթը, որտեղ կաթողիկոսը նրանց խորհուրդ էր տալիս թույլ չտալ Սյունիքում նեստորականության, քաղկեդոնականության և այլ մոլորությունների տարածումը[53]:

Միհր Արտաշիրի եղբայրը կարող էր լինել Սեբեոսի մոտ որպես Սյունիքի տեր հիշատակվող Փիլիպպոս իշխանը: Նա Դվինի և Խաղամախիսի միջև, ապա Վանանդի Ութսմու գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում պարտություն է կրում բյուզանդացիներից, բայց Հայաստանի մարզպան է մնում 7 տարի[54]: Եթե 7 տարին վրիպակ չէ, ապա Փիլիպպոսը Հայաստանի մարզպան է եղել 574-581 թթ.: Կ. Թումանովը գտնում է, որ Փիլիպպոսը Հայաստանի մարզպան է եղել 574-576 թթ.[55]: Նրա՝ «Սյունիքի տեր» հիշատակվելը վկայում է, որ նա և իր Միհր Արտաշիր եղբայրը հոր մահից հետո Սյունիքի իշխանությունը բաժանել էին իրար միջև: Հավանաբար, Փիլիպպոսի իշխանությունը երկարատև չէր, և 480-ական թվականների սկզբին նա քաղաքական ասպարեզից արդեն հեռացած էր:

Գտնում ենք, որ Միհր Արտաշիրից հետո Սյունիքի իշխանական գահին հաջորդաբար գահակալած երեք իշխաները նրա որդիներն էին: Ստեփաննոս Օրբելյանի վկայությամբ՝ 3-ամյա ընդմիջումից հետո իշխել է Պիրանը (590-591 թթ.), 2-ամյա ընդմիջումից հետո՝ Սարգիսը (593-595 թթ.) և 3-ամյա ընդմիջումից հետո՝ Սահակ I-ը[56] (598-608 թթ.): Առաջին երկուսի մասին մեր տեղեկությունները սահմանափակվում են Օրբելյանի վերոհիշյալ մեկ վկայությամբ: Ղ. Ալիշանը Պիրանի փոխարեն նշում է Տիգրան անունը՝ նրա իշխանության համար նշելով 588-590 թթ.[57]: Գտնում ենք, որ ավելի ճիշտ կլինի ընդունել Տիրան տարբերակը: Սահակի անվանը մենք հանդիպում ենք նաև Սեբեոսի «Պատմության» մեջ` 597/598 թվականների դեպքերի նկարագրության մեջ. «Իսկ Ստեփանոս Սիւնւոյ պայքարեալ վասն տանուտերութեան (լեալ) ընդ հաւրեղբաւրն իւրում Սահակայ: Իսկ Սահակ գրէր ի վերայ նորա գիր մահապարտութեան, եւ կնքէր մատանեաւ իւրով եւ տանն եպիսկոպոսի, եւ մատանեաւք այլ եւս իշխանաց Սիւնեաց, յիշեցուցանել թագաւորին զվնաս նոցա ապստամբութեանն»[58]:

Ինչ վերաբերում է Սահակի եղբորորդի Ստեփանոս Սյունուն, ապա նա մասնակցել էր 596 թ.[59] Ատատ Խոռխոռունու և Սամուել Վահևունու գլխավորած ապստամբությանը ընդդեմ Պարսկաստանի, ապա ներում ստանալով՝ կրկին ծառայության էր անցել պարսից արքա Խոսրով II Փարվեզի մոտ և ի վերջո տանուտիրության համար պայքարի մեջ մտնելով իր հորեղբոր հետ՝ սպանվել էր նրա մատնության հետևանքով[60]: Հավանաբար, նա Սարգիսի որդին էր և հոր մահից հետո իրեն համարելով Սյունիքի իշխանության ավելի օրինական ժառանգորդ՝ պայքար էր սկսել հորեղբոր դեմ, բայց հաջողության չհասնելով՝ մահապատժի էր ենթարկվել Խոսրով II-ի կողմից:

Սահակ I-ի գործուն աջակցությամբ Սյունյաց եպիսկոպոսական աթոռը վերստին միացավ Հայոց եկեղեցուն՝ դուրս գալով Աղուանից կաթողիկոսության իրավասությունից[61]: Գ. Գրիգորյանը գտնում է, որ Սահակ I-ի կինն էր Հերակլ I կայսերը 624 թ. Սյունիքում դիմավորած Բյուրեղ իշխանուհին[62], ինչը, կարծում ենք, ճիշտ չէ:

Ստեփաննոս Օրբելյանը նշում է, որ Սահակից հետո` 13 տարվա ընդմիջումից հետո կառավարել է Գրիգոր իշխանը (որ առողջ և ուժեղ կազմվածքի առավելության պատճառով «քաջաց նվիրակ» կոչվեց)՝ տալով նրան 16 տարվա իշխանություն[63]:

Որպես Սյունիքի իշխան Գրիգորը հիշատակվում է 607/608 թթ.՝ Աղուանքի հոգևորականներին ուղղված Վրթանես Քերթողի պատասխան նամակում[64]: Այդ հիշատակությունը մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ նա անմիջապես հաջորդել է Սահակ I-ին և Օրբելյանի նշած 13 տարվա ընդմիջումը պետք է գումարել նրա իշխանության տարիներին: Գտնում ենք, որ Գրիգոր II-ը (608-637 թթ.) Խոսրով II Փարվեզի (590-628 թթ.) հրամանով շուտով կանչվել է Տիզբոն և այդ 13 տարիներին ծառայության մեջ եղել Պարսից արքայի մոտ: Երբ նա գտնվում էր Պարսից արքունիքում, աչքի է ընկնում Խոսրով II-ի կազմակերպած մի հանդիսության ժամանակ` իր աղեղից արձակած նետով սպանելով մի խոշոր ու սևաթույր թռչնաքաշտ թռչունի[65]: Խոսրով «թագաւորն լցեալ խնդութեամբ` կոչէ յառաջ զԳրիգոր և հրամայէ նմա զծանրագօյնն խնդրել խնդիր. և Գրիգոր` Սիւնեաց տէր ասե. «տէˊր իմ արքայ` մինչ հրամայեցեր խնդրել`տացի դուստր արքայի ինձ ի կնութիւն»: Եւ առ ժամայն կատարեցաւ խնդիրն բազում և մեծամեծ պարգևօք բարձրագոյն փառօք»[66]: Գտնում ենք, որ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 610-615 թթ. միջակայքում, քանի որ 637 թ. Նեհավենդի ճակատամարտում Գրիգորի հետ զոհվեց նաև նրա որդիներից մեկը[67], ով պետք է ամենաքիչը մոտ 20 տարեկան լիներ, որպեսզի կարողանար մասնակցել պատերազմական գործողություններին: Կարծում ենք, Գրիգոր II-ի կինը և Խոսրով II-ի դուստր էր Անանուն Զրուցագրի աշխատության մեջ հիշատակվող Սյունիքի իշխանուհի Բյուրեղը, ով 624 թ. դիմավորեց Սյունիքի վրայով Պարսկաստան արշավող Հերակլ կայսրին (610-641 թթ.). «Լսելով այդ մասին՝ Սիւնեաց տիկինը, որի անունը Բիւրեղ էր, ընդառաջ եկաւ Հերակլ արքային եւ բերեց ոսկէ թանկարժէք իրեր [գանձեր], թանկագին հագուստներ, բազմաթիւ ձիեր, ջորիներ, հազար [Ռ] պատերազմական զրահ, չորս հարիւր [ԴՃ] ոսկեկուռ զէնքեր եւ հազար [Ռ] սաղաւարտ: Իր հետ բերեց նաեւ [երեք հազար] ռազմիկ մարդկանց: Եւ նա գեղեցիկ ու չափազանց իմաստուն կին էր եւ հաճութիւն պատճառեց Հերակլ արքային»[68]:

Չնայած այն հանգամանքին, որ Բյուրեղն իր ոխերիմ թշնամի Խոսրով II-ի դուստրն էր, Հերակլ կայսրը Սյունյաց իշխանուհուն վերաբերվեց մեծագույն հարգանքով: Այս իրադարձության հետ է կապված նաև Հացունյաց խաչի պատմությունը, որի համաձայն՝ Հերակլ կայսրը Քրիստոսի խաչափայտի մի կտորը նվիրում է Բյուրեղ իշխանուհուն[69]:

Գրիգոր II-ը, հավատարիմ մնալով վասալական ու փեսայական պարտավորություններին, հայազգի մի շարք նախարարների հետ հավատարմորեն ու անձնվիրաբար պայքար մղեց Սասանյան խորտակվող գահը փրկելու համար: Սակայն 628 թ. Խոսրով II-ի սպանությունից հետո Սասանյան Պարսկաստանը արագորեն ու վերջնականապես դեպի կործանում գլորվեց: Լեոյի պատկերավոր արտահայտությամբ՝ «Խոսրով Փարվեզի գլխի հետ կտրվում էր և Սասանյան Պարսկաստանի գլուխը»[70]: Սասանյան գահի համար սկսված գահակալական պայքարն է՛լ ավելի թուլացրեց առանց այդ էլ Բյուզանդիայի դեմ երկարատև պատերազմից ուժասպառ տերությունը: 637 թ. Կադեսիայի ճակատամարտում արաբներից պարտություն կրելուց հետո՝ մեկուկես տասնամյակ անց, դադարեց գոյություն ունենալուց: Կադեսիայի ճակատամարտում բազմաթիվ հայ նախարարների հետ սպանվեց նաև «զԳրիգոր Սիւնեաց տէր միով որդւով»[71]:

Հնարավոր է, որ Գրիգորի դուստրն էր Խոսրովանույշը, որը դարձել էր Աղուանքի իշխան Ջվանշիրի կողակիցը[72]:  Այս մասին Մովսես Դասխուրանցու երկում նշվում է, որ Աղուանքի իշխան Ջվանշիրը «…յԱրուիճան տոհմէն առնոյր կին զդուստր իշխանին Սիսականեան աշխարհին, ընդ որ յաւէժ ուրախ եղեն Սիւնիք»[73]: Դրա ապացույցը կարող է լինել հենց Խոսրովանույշ անունը, որով, անշուշտ, անվանակոչել են ի պատիվ նրա նշանավոր պապ Խոսրով II-ի[74]:

Գրիգոր II-ի զոհվելուց հետո Սյունիքի իշխան է դառնում նրա երկրորդ որդին՝ Հրահատը, որին Ստեփաննոս Օրբելյանը տալիս է 16 տարվա իշխանություն[75]:

Եթե հետևենք Սյունյաց իշխանների՝ Բաբիկից մինչև Քուրդոյի կառավարման վերջը` 332 տարիների Ստեփաննոս Օրբելյանի հատկացրած ցանկին[76], ապա, ինչպես ժամանակին իրավացիորեն նկատել է Ղ. Ալիշանը, կստանանք 10 տարվա բաց[77]: Մեր կարծիքով՝ այդ բացը կապված է Օրբելյանի կողմից Սյունիքի 5-րդ դարի իշխաններ Վարազվաղանին 25 և Գդեհոնին 17 տարվա իշխանության տալու փաստի հետ[78]: Քանի որ հստակ է Վարազվաղանի կառավարման առաջին տարին` 452 թ., և Գդեհոնի սպանության տարեթիվը` 484 թ., ապա, ինչպես արդեն նշել ենք, նախորդ հոդվածում, անհրաժեշտ է Վարազվաղանի և Գդեհոնի 25+17=42 տարվա փոխարեն նրանց համար նշել իրականությանը համապատասխանող 34 տարվա իշխանություն[79], իսկ այդ ավել 10 տարիները կա՛մ գումարել 6-րդ դարի վերջում կառավարած Սյունիքի իշխաններից որևէ մեկի կառավարման տարիներին, կա՛մ Օրբելյանի հաշված 332 տարիների փոխարեն նշել 322 տարվա ժամանակաշրջան:

Ղ. Ալիշանը այդ 10 տարիների համար առաջարկում է Քուրդոյից առաջ նշել Բաբկեն Գ-ին` տալով նրան 10 տարվա` 683-693 թթ. իշխանություն: Նա նշում է, որ 735 թ. Սյունիքի եպիսկոպոս Ստեփանոս Ա-ի ընտրության ժամանակ Ստեփաննոս Օրբելյանի հիշատակած Բաբկեն և Քուրդ իշխաններին[80] կարելի է տեղափոխել 7-րդ դարի վերջը[81]: Մ. Բրոսսեն այդ 10 տարիների բացը լրացնելու համար Գրիգոր II-ի իշխանության վերջին տարին նշում է 649 թ., իսկ մյուս իշխանների համար նշում հետևյալ տարեթվերը` Հրահատ՝ 649-665 թթ., Հովհան II՝ 665-692 թթ. և Քուրդո՝ 692-710 թթ.[82]:

Քանի որ ստույգ հայտնի է Գրիգոր II-ի իշխանության վերջին տարին` 637 թ., և Բաբիկի կառավարման առաջին տարուն` 377 թվին գումարելով 332 տարին, ստանում ենք Քուրդոյի (691-709 թթ.) կառավարման վերջին տարին` 709 թ., ապա նպատակահարմար ենք գտնում այդ 10 տարվա բացը լրացնելու համար ոչ թե նոր իշխանի անուն ավելացնել (առավել ևս, որ սկզբնաղբյուրները, առաջին հերթին՝ Ստեփաննոս Օրբելյանը, այդ մասին չեն նշում), այլ Հրահատի իշխանության տարիներին հավելել այդ պակասող տարիները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրահատը, լինելով Գրիգոր II-ի կրտսեր որդին, իշխան է դարձել բավականին երիտասարդ տարիքում՝ մոտ 18-20 տարեկանում, ու մահացել է մոտ 45-47 տարեկանում, ուստի նույնիսկ այդ 10 տարիների ավելացումն էական ազդեցություն չի ունենում Սյունիքի հետագա իշխանների ժամանակաշրջանների վրա:

Հրահատի (638-664 թթ.) և նրա որդի Հովհան II-ի վերաբերյալ մեր տեղեկությունները նույնպես սակավ են:

Հրահատի օրոք` 653 թ., Սյունիքը ենթարկվեց արաբների արշավանքին: Ինչպես նշում է արաբ մատենագիր Բալազուրին, արաբ զորավար «Հաբիբ իբն Մասլաման եկավ Սիսական, որի բնակիչները կռվեցին, սակայն նա հաղթեց նրանց ու գրավեց Վայքը և Սիսականի ամրոցի բնակիչների հետ պայմանագիր կնքեց խարաջ վճարելու պայմանով»[83]:

Պարսկական տերության անկումից հետո (652 թ.) Հրահատը, ինչպես մինչև այդ Սյունիքի իշխանները, չէր վստահում Բյուզանդիայի՝ Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությանը, Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունու հավատարիմ զինակիցն ու համախոհն էր:

Հրահատին հաջորդել է նրա որդի Հովհան II-ը (664-691 թթ.), որին Ստեփաննոս Օրբելյանը տալիս է 27 տարվա իշխանություն[84]: Ղ. Ալիշանը գտնում է, որ Հովհան II-ի կառավարման տարիներն են 655-683 թթ.[85]: 681 թ., օգտվելով Արաբական խալիֆայության մեջ բռնկված գահակալական պայքարից՝ Հայաստանն, Աղուանքն ու Վիրքը տապալում են արաբական տիրապետությունը և հրաժարվում հարկատվությունից:

Սյունիքի 7-րդ դարի վերջին իշխանն էր Քուրդ I-ը (691-709 թթ.), որին Ստեփաննոս Օրբելյանը տալիս է 18 տարվա իշխանություն[86]: Մ. Բրոսսեն Սյունիքի իշխանուհի է համարում տիկին Շուշիկին, ով ապաստան տվեց և կործանումից փրկեց 703 թ. Վարդանակերտի ճակատամարտից փրկված 300 արաբ զինվորների[87]: Ղ. Ալիշանը ևս գտնում է, որ Շուշանը` «Սիւնեաց տիկինն թուի»[88]: Կարծում ենք, ավելի ճիշտ է Հր. Աճառյանը, ում տեսակետով՝ Շուշան իշխանուհին հանդիսանում է Վահան պատրիկի դուստրը և Շիրակի տեր Ներսեհ Կամսարականի կինը[89]:

7-րդ դարի վերջին Արաբական խալիփայությունը զգալիորեն ուժեղանում է Օմայան 5-րդ խալիփա Աբդ-ալ Մալիքի (685-705 թթ.) օրոք: Նրա իշխանության ժամանակ Բյուզանդիայի դեմ մղված պատերազմներում գերազանցությունն անցնում է արաբների կողմը: Աբդ-ալ Մալիքը 696 թ. Հայաստանի ոստիկան է նշանակում իր եղբայր Մուհամմադ իբն Մրվանին և մեծ զորքով ուղարկում Հայաստան: Վերջինս 696-699 թթ. անօրինակ դաժանությամբ ճնշելով հայերի դիմադրությունը՝ վերջնականապես խալիփայությանն է հնազանդեցնում Հայաստանը, Վիրքն ու Աղուանքը: Ինչպես նշում են արաբ մատենագիրները 703 թ. դեպքերի նկարագրության մեջ, Մուհամմադը դաժան հաշվեհարդար տեսավ ապստամբ հայերի հետ, Նախճավանի և Վասպուրականի եկեղեցիներում հրկիզելով բազմաթիվ նախարարների. «այդ արշավանքների ժամանակ էլ Սիսականից գերեվարվեց Յազիդ իբն Ուսայդի մայրը, որը նրա պատրիկի դուստրն էր»[90]: Հ. Նալբանդյանը Սյունիքի իշխանի դստեր Դամասկոս գերի տարվելու տարեթիվն է նշում 695 թ.[91]: Ըստ պատմիչ Ղևոնդի՝ հայ նախարարների ողջակիզումը տեղի է խալիփա Վլիթի (Վալիդ I 705-715 թթ.) կառավարման առաջին տարում[92], այսինքն՝ 705 թ., ինչն էլ համապատասխանում է իրականությանը: Հաշվի առնելով ժամանակագրական տեղեկությունները՝ գտնում ենք, որ Յազիդ իբն Ուսայդ ալ-Սուլամիի մայրը Քուրդ I-ի դուստրն էր: Յազիդը Հայաստանի ոստիկան է նշանակվել 3 անգամ` 752-754, 759-770, 775-780 թթ.[93]:

Այսպիսով` մատենագիտական տեղեկությունները հնարավորություն են ընձեռում ամբողջական տեսքով ներկայացնել 5-րդ դարի վերջից մինչև 8-րդ դարի սկիզբը Սյունիքի իշխանների հաջորդականությունն ու կառավարման մոտավոր ժամանակաշրջանը: Ստորև ներկայացնում ենք նաև այդ ժամանակաշրջանի Սյունիքի իշխանների տոհմապատկերը.


Княженский дом Сюни в 6-7 веках

После падения королевский династии Аршакидов Сюник и княженский род Сюни продолжили оставаться одним из самых влиятельных княжеских домов Армения. Несмотря на то, что в литературе представлены весь список правящих князей Сюника 6-7 веков и сроки их правления, тем не менее необходимо уточнить годы их правления. Делается попытка обобщенно представить приблизительное вермя правления князей Сюнидов 6-7 веков и принадлежность их жен к княжеским родам.

 


The Prince house of Syuni in the 6th to 7th centuries

After the fall of the royal family of the Arshakuni, Syunik and the Prince Dynasty of Syunik remain one of the most influential prince houses of Armenia. Though the total list of names of the princes of Syunik ruling in the 6th to 7th centuries and the years of ruleare mentioned in the literature, the problem of identifying the exact dates of their rule is still questionable. An attempt to represent the approximate timetable of the rule of the princes of Syunik as well as their wives belonging to the prince dynasties has been made.


[1] Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 36:

[2] Картлис Цховреба, Джуаншер Джуаншериани, Жизнь Вахтанга Горгасала, пер., Г. Цулая, Тбилиси, 2006, с. 83; Լ. Մելիքսեթ-Բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին (V- XI դդ.), գիրք Ա, Եր., 2013, էջ 189:

[3] Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Ե, Եր., 1962, էջ 9, 20, 126:

[4] Անդ, էջ 45:

[5] Հ. Ղ. Ալիշան, Սիսական. Տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893, էջ 17:

[6] Histoire de la Siounie par Stéphanos Orbélian, traduite de l’arménien par M. Brosset, premier livraison, Saint-Pétersbourg, 1864, p. 32.

[7] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[8] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[9] Պատմութիւն տանն Սիսական, էջ 62:

[10] Գիրք թղթոց, Մատենագրութիւն նախնեաց, Թիֆլիս, 1901, էջ 42:

[11] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[12] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 17:

[13] M. Brosset, op. cit., p. 32.

[14] Գ. Գրիգորյան, Ս. Հախվերդյան, Սյունիքի պատմություն, Եր., 2001, էջ 250:

[15] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 13, 17:

[16] Histoire de la Siounie par Stéphanos Orbélian, traduite de l’arménien par M. Brosset, second livraison, introduction, Saint-Pétersbourg, 1866, p. 18.

[17] Պատմութիւն տանն Սիսական, էջ 52:

[18] Մ. արք. Օրմանեան, Ազգապատում, հտ. Ա, Պէյրութ, 1959, էջ 257:

[19] Լեո, Երկերի ժողովածու, հտ. II, Եր., 1967, էջ 133:

[20] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[21] Նույն տեղում:

[22] Նույն տեղում:

[23] Նույն տեղում, էջ 65; Գիրք թղթոց, էջ 73; Մ. արք. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 281:

[24] Գիրք թղթոց, էջ 74:

[25] Պատմութիւն տանն Սիսական, էջ 70:

[26] Ստեփաննոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, թարգմանությունը Ա. Ա. Աբրահամյանի, Եր., 1986, էջ 435-436, ծնթ. 251:

[27] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 13; Պատմութիւն տանն Սիսական, էջ 248:

[28] Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Գ. Վ. Աբգարյանի, Եր., 1979, էջ 67:

[29] Հ. Ն. Ակինեան, Եղիշէ վարդապետ եւ իւր Պատմութիւն Հայոց պատերազմի, մասն Գ, Վիեննա, 1960, էջ 9:

[30] Հ. Ն. Ակինեան, նշվ. աշխ., էջ 214:

[31] Մ. արք. Օրմանյան, նշվ. աշխ., էջ 287:

[32] Հ. Մանանդյան, Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Եր., 1934, էջ 297:

[33] Բ. Հարությունյան, Մեծ Հայքի Սյունիք աշխարհն ըստ «Աշխարհացոյցի»-ի (Պատմա-աշխարհա­գրական դիտարկումներ), – «ՊԲՀ», Եր., 2003, № 1, էջ 144:

[34] Н. В. Пигулевская, Сирийские источники по истории народов СССР, Москва-Ленинград, 1941, с. 165.

[35] Լեո, նշվ. աշխ., էջ 51, 53, 58:

[36] Բ. Հարությունյան, Փայտակարան քաղաքը և նրա տեղադրությունը, – «ԼՀԳ», Եր., 1981, № 12, էջ 69:

[37] Պատմութիւն տանն Սիսական, էջ 65:

[38] Վ. Ալեքսանյան, Սյունյաց-եպիսկոպոսական-աթոռը-VII-դարի-առաջին-կեսին, «Բանբեր Երևանի համալսարանի», «Հայագիտություն», 132.1, Եր., 2010թ., էջ 37:

[39] Պատմութիւն տանն Սիսական, էջ 71:

[40]Ն. Ակինեան, Պետրոս եպիսկոպոս Սիւնեաց, «Հանդէս Ամսօրեայ», Վիեննա, 1903, №8, էջ 252, տես նաև Վ. Ալեքսանյան, նշվ. աշխ., էջ 37: Ըստ Ղ. Ալիշանի Քրիստափորը աթոռակալել է  595-605թթ, (տես Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 20):

[41] Հ. Հիւբշման, Հին Հայոց տեղւոյ անունները, Վիեննա, 1905, էջ 58:

[42] Նույն տեղում, էջ 36-37, 99-100:

[43] Նույն տեղում, էջ 36, ծնթ. 4:

[44] Թուղթ Մակարայ Բ. Երուսաղէմի հայրապետի առ Վրթանէս եպիսկոպոսապետ Սիւնեաց յաղագս կարգաց եկեղեցւոյ, բնագիր եւ քննութիւն, աշխատասիրեց Հ. Ներսէս վ. Ակինեան, Վիեննա, 1930, էջ 53:

[45] Баладзори, Книга завоевания стран, текст и пер. П. К. Жузе, Баку, 1927, с. 5.

[46] Н. А. Караулов, Сведения арабских писателей X и XI веков по Р. Хр. о Кавказе, Армении и Адербейджане, – Сборник материалов для описания местностей и племен Кавказа. Вып. XXXI, Тифлис, 1902, էջ 15-17։

[47] С. Т. Еремян, Сюния и оборона сасанидами кавказских проходов, – ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալ, Տեղեկագիր, № 7, Եր., 1941, էջ 38:

[48] Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, աշխարհաբար թարգմ. և ծանոթագրությունները՝ Հր. Բարթիկյանի, Եր., 1991, էջ 248: Ս. Բարխուդարյան, Դերբենդի հայ-աղվանական թագավորությունը, – «ՊԲՀ», Եր., 1969, № 3, էջ 125-148; С. Бархударян, Страницы из истории Арцаха и армяно-албанских отношений, Научн. редакторы А. Акопян и К. Асатрян, Ер., 2011, էջ 97-148։ Դերբենդի հայկական թագավորության հավաստիության վերաբերյալ հակառակ տեսակետի փաստարկումներն ամփոփված են Ալեքսան Հակոբյանի հոդվածում. Ա. Յակոբեան, Մատթէոս Ուռհայեցու վկայութիւնը 961 թուականին Անին մայրաքաղաք հռչակե­լու մասին (նոր աղբիւրագիտական քննութիւն), – ՄՄԱԵԺ, հտ. XXIX, Եր., 2014, էջ 309-331:

[49] Բ. Ա. Ուլուբաբյան, Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության (V-VII դդ.), Եր., 1981, էջ 200:

[50] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[51] Հ. Ղ. Ալիշան, նշված. աշխ., էջ 17:

[52] M. Brosset, Histoire de la Siounie, 1864, p. 32.

[53] Պատմութիւն տանն Սիսական, էջ 66-69, Գիրք թղթոց, էջ 78-80։ Հմմ. Մ. արք. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 287-288:

[54] Սեբէոս, նշվ. աշխ., էջ 70:

[55] C. Toumanoff, Studies in Christian Caucasian History (Georgetown University Press), Washington, 1963, p. 214.

[56] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[57] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 17:

[58] Սեբէոս, նշվ. աշխ., էջ 95:

[59] Մ. արք. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 300:

[60] Սեբէոս, նշվ. աշխ., էջ 87, 88, 94, 95, 96:

[61] Պատմութիւն տանն Սիսական, էջ 72:, Մ. արք. Օրմանեան, նշվ. աշխ., էջ 320:

[62] Գ. Գրիգորյան, Ս. Հախվերդյան, նշվ. աշխ., էջ 52:

[63] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[64] Գիրք թղթոց, էջ 196:

[65] Տես Պատմութիւն տանն Սիսական, էջ 37:

[66] Նույն տեղում:

[67] Սեբէոս, նշվ. աշխ., էջ 137:

[68] Անանուն Զրուցագիր (Կարծեցեալ Շապուհ Բագրատունի), Պատմութիւն, Թարգմ., առաջաբա­նը եւ ծանօթագրութիւնները՝ Վ. Առաքելեանի, Խմբ.՝ Ա. Յակոբեան, Եր., 2011, էջ 64-65։ Հմմ. http://www.vostlit.info/Texts/rus4/Schapuch/frametext1.htm:

[69] Պատմութիւն սուրբ խաչին Հացունեաց, զոր էառ ի Հերակլայ կայսերէն Բիւրեղ տիկինն Սիւնեաց, – «Արարատ», Վաղարշապատ, 1888, էջ 399-404։ Հմմ. Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 14:

[70] Լեո, նշվ. աշխ., էջ 253:

[71] Սեբէոս, նշվ. աշխ., էջ 137:

[72] Տե°ս. Մ. Կաղանկատվացի, Պատմութիւն Աղուանից  աշխարհի, քննական բնագիրը և ներածությունը Վ. Առաքելյանի, Եր., 1983,  էջ 189:

[73] Պատմութիւն Աղուանից  աշխարհի., էջ 179:

[74] Այլ տեսակետ տե՛ս Արմեն Ղարագյոզյանի հոդվածում (А. Карагезян, К локализации гавара Кашатаг, – «ԼՀԳ», Եր., 1987, № 1, էջ 42):

[75] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[76] Նույն տեղում:

[77] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 13:

[78] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[79] Ժ. Միրումյան, Սյունիքի իշխանական տունը մինչև 5-րդ դարի վերջը, – «Սյունիք», Գիտական նյութերի ժողովածու, Հայագիտություն, № 1, Եր., 2016, էջ 218:

[80] Պատմութիւն տանն Սիսական, էջ 100:

[81] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 13, 17:

[82] M. Brosset, նշվ. աշխ., p. 32.

[83] Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, Արաբական աղբյուրներ. Գ, Արաբ մատենագիրներ, Թ-Ժ դարեր, ներածությունը և թարգմանությունը բնագրերից Ա. Տեր-Ղևոնդյանի, Եր., 2005, էջ 271-272 (Բալազուրի, Երկրների նվաճումը); Баладзори, էջ 11։

[84] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[85] Հ. Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 17:

[86] Պատմութիւն տանն Սիսական, էջ 36:

[87] M. Brosset, Histoire de la Siounie, 1866, p. 21-22.

[88] Հ. Ղ. Ալիշան, Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 555, ծնթ. 1:

[89] Հ. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Դ, Եր., 1945, էջ 181:

[90] Օտար աղբյուրները…, Խալիֆա իբն Խայյաթ, Պատմություն, էջ 148; Բալազուրի, նշվ. աշխ., էջ 276:

[91] Հ. Նալբանդյան, Արաբացի ուստիկաները Հայաստանում, – ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների, Եր., 1956, № 8, էջ 111:

[92] Ղևոնդ, Պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները Ա. Տեր-Ղևոնդյանի, Եր., 1982, էջ 37:

[93] Օտար աղբյուրները…, Բալազուրի, նշվ. աշխ., էջ 280, 366: Տե՛ս նաև Ա. Տեր-Ղևոնդյան, Արմինիայի ոստիկանների ժամանակագրությունը, – ՊԲՀ, Եր., 1977, № 1, էջ 121:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի