Գեղարվեստական արձակի խոսքի կարևոր հատկանիշները ոչ միայն զուտ համեմատությունների, դարձույթների, փախաբերությունների և ոճական այլ ձևերի առատ կիրառությունն է, այլև լեզվի տարբեր մակարդակների լեզվաոճական իրողությունների հմտորեն գործածումը, հեղինակային միջամտության շնորհիվ լեզվի գեղարվեստականացումը: Քերականական ձևերը լեզվաոճական առումով տարարժեք են: Ակնհայտ է, որ ձևաբանական իրողությունների դեպքում ստեղծագործողը չի կարող ունենալ այն ազատությունը, որն առկա է լեզվի մյուս բաժիններում: Բայց այս դեպքում էլ, իբրև խոսքի ձևավորման վարպետ, նորագույն շրջանի ամենահայտնի հեղինակներից մեկը՝ Սերո Խանզադյանը, կարողացել է գտնել ուղիներ, որոնք որոշակի նրբիմաստային ու գեղագիտական արժեք են հաղորդել արձակ ստեղծագործություններին: Օգտագործվել են հատկապես ձևաբանական մի շարք կարգերի ընձեռած հնարավորությունները (տարբեր խոսքի մասերին բնորոշ հատկանիշներ, հոլովում, հոգնակիի կազմություն, առկայացում, խոնարհում և այլն): Առանձին դեպքերում նույնիսկ նորմից կատարված շեղումները դարձել են հերոսների տիպականացման, նրանց մտածողության ու հոգեբանության բացահայտման, խոսքի ոճավորման յուրատեսակ միջոցներ:
Աշխատանքում ներկայացվում են ձևաբանական ոճագիտության մի քանի իրողություններ, որոնց գործածություններն արձակում հատկանշվում են խանզադյանական ինքնատիպությամբ:
Գոյականի ոճական դրսևորումները ձևաբանական մակարդակում առանձնանում են իմաստային-քերականական խմբերի յուրահատուկ կիրառություններով: Հասարակ գոյականները ստանում են անձնավորման նրբերանգներ. «Հե՜յ, հեյ…Ջրաղացս բանում է, բանո՜ւմ է…Ոչ իր ձայնը հասավ գյուղի ականջին, ո՛չ էլ ջրաղացի» (ՋՁՉ, 294): Առավել բնորոշ են անձնանուն գոյականների՝ հերոսների անունները ընդհանրական, ամբողջական հասկացությամբ արտահայտող կիրառությունները` մարոներ (ԵՏՕ, 533), մանաններ (Կ, 529) և այլն: Հոգնակի թվի կազմությունը հիմնականում համապատասխանում է գրական լեզվի նորմերին, սակայն ոճական նպատակով հանդիպում են նաև շեղումներ, որոնք խոսքը դարձնում են բազմանշանակ: Հանդիպում են ք-ով և առանց ք-ի կազմություններ, որոնցում ք-ն կարող է տարբեր գործառույթ ունենալ. «Էդ թևավոր մանր հարամիքը…» (Հղ, 372), «Նա բռնում էր մեծ կուրծ ունեցող այծերից մեկին» (ԼՀ, 7), «Եթե ձեռքը խաչ էր անում կրծքին…» (ԼՀ, 5), —ք և —եր մասնիկների զուգորդումներ` տղերք, փողքերք և ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ հոգնակերտ վերջավորություններով կազմություններ՝ գեղացիք, աղջկերք, կնանիք, ճամփեք[1]:
Առկայացման կարգի դեպքում նկատելի են որոշյալ հոդերի` բարբառին բնորոշ հատկանիշներով գործածություններ. «Երևի վախից է բռնել գելի վզիցը» (Հ, 298), «Գլխովը ման տամ» (ՄՁԳ, 108), «Ես դուրս եմ գալու մղակումը աղոթք անեմ» (Պ, 324): Ինչպես նաև անհոդ կիրառություններ, որոնք հիմնականում կրում են խոսակցական լեզվի ազդեցությունը. «Գնանք պահապան կանգնենք մեր տան, մեր օջախին» (ՄՍ, 49): Ցուցական հոդի գործածությունը նպաստում է խոսքի սեղմությանը՝ արտահայտելով տարբեր նրբիմաստներ. «Աշխարքս մուրտառեց» (ՄԵ, 553), «Գիշերս անձրև է գալու» (Հ, 211): Հերոսների խոսքում հատկապես շատ են ստացական հոդերով կազմությունները` թե՛ եզակի և թե՛ հոգնակի թվով` արևդ կծեմ, աչքիս վրա, վիզները կախել և այլն:
Հոլովական համակարգն արձակում արտահայտվում է գրական օրինաչափություններին համապատասխան[2], իսկ նկատվող շեղումները, որոնք բնորոշ են բարբառներին, ժողովրդախոսակցականին, ինչպես նաև գրաբարյան կազմությունները հերոսների խոսքում պայմանավորված են թեմատիկայով և ոճավորմամբ: Հանդիպում են ուղղականի՝ այլ հոլովական նրբերանգներով կիրառություններ. «Դուրսը մութ է, հոգյա՜կս» (ԾԵ, 561), «Աչք ածեցի, տունը չէիր» (Ա, 48), «Թագավորը նստել է Կաքավաբերդ» (ՄՍ, 216): Սեռական հոլովն առանձնանում է բարբառային ձևերի կիրառությամբ. «Նստի՛ր, քվոր տղա» (Ք, 349), «Չբեր կնանոց ոտքն էստեղից կտրվում չի» (Պ, 323), «Տանը թուրք կա, աղջի: Գնա հորանց» (ՔԹ, 595): Ժողովրդախոսակցական տարբերակին մոտենալու միտում են ա-ով վերջացող մի քանի բառերի սեռական հոլովաձևերի գործածությունները՝ զուռնի, փեսի, տղի, երեխի: Բարբառային իրողություն են հայցականաձև տրականի գործածությունները. «Նշանածը թաղեմ, հա՜» (ՀՍԱ, 143), «Հետո արի ոչխարն ու գողը գտի» (Հ, 369), բացառականի ինքնատիպ ժողովրդախոսակցական դրսևորումները` «Բանից—մանից ուտո՞ւմ ա» (ԴԴ, 348), «Դուրս ընկած ոսկորից, բանից ունի՞» (ԴԴ, 346), գործիական հոլովի փոխաբերության և փոխանունության նրբերանգներով հանդես գալը, որոնք հիմնականում ունեն դարձվածային արժեք. «Ինքս ինձ աղով անում» (ՀՍԱ, 138), «Էդ մեկը սրտովս չի» (ՀՍԱ, 131), «Երեխով եմ» (ՀՀԱՀ, 280), ինչպես նաև վերացական գոյականների և առանձին դերանունների ներգոյական` ում-ով կազմությունները. «Քիչ չբերներ եմ իմ օրում բերել էստեղ» (Պ, 324), «Մերումն սկի նշանդրեք էլ չի» (ՄՍ, 65):
Ածականի կիրառություններից առանձնանում են գույն արտահայտող ածականների փոխանվանական գործածությունները (հիմնականում՝ մակդրային, որը ածականի ամենակարևոր յուրահատկություններից մեկն է[3])` կապույտ—ճերմակ լռություն, սպիտակ լռություն, ճերմակ մեղք, ճերմակ մահազդ, կապույտ հայացք, կապույտ բարկություն:
Թվականների դեպքում հատկապես պետք է նշել կոնկրետ թվականների ոչ սովորական գործածությունները. «Վեց անգամ տասը գարուն է անցել այդ օրից, յոթն էլ վերադիր» (ՀԿ, 553), «Գնել եմ հինգ ու յոթանասունով» (ՈՒԴ, 407): Դարձվածային արժեքով և հեղինակային մոտեցմամբ նորովի է թվականների գործածությունը բարդության կազմում. «Բա երկու հոգի դառնալը հեշտ բան ես համարո՞ւմ» (Պ, 325), «Շունը մի երկու բերան հաչաց» (Քջ, 226): Երբեմն էլ հենց ինքնուրույն ձևով զուգորդում է թվականը բային, որը գրական լեզվին բնորոշ չէ. «Պորտաքարի սուրբ գնալու մասին ոչ մի տեղ բերանդ երկու չանես» (Պ, 325):
Հերոսներին անհատականացնելու և նրանց խոսքը տիպական դարձնելու նպատակով հեղինակը գործածել է դերանունների բարբառային, խոսակցական տարբերակները (ուղիղ և թեք). «Էն տրակտորը քո՞ւնն ա» (ՄՁԳ, 111), «Ադ՛ա, դու ումանցի՞ց ես» (ՄՁԳ, 97), «Էլի իրա ուրախությունը իրա տանն է գտնում, իրա երեխաների ու կնկա հետ» (Հ, 394): Հաճախակի ոչինչ ժխտական դերանվան փոխարեն գործածվում է հեչ պատասխանական բառը. «Ոնց թե «հե՜չ»...արջը սպանեցիր ու «հե՜չ»…» (ՕՀ, 191):
Հետաքրքրական են բազմիմաստ բայերի ու բայական հոմանիշ ձևերի կիրառությունները փոխաբերական կամ դարձվածային արժեքով. «Ես քո ճամփան էի պահում» (ՕՀ, 205), «Մերին փշրվեց» (ՕՀ, 207): Հանդիպում են նաև նույն արմատի կրկնադիր գործածություններ[4]. «Կին ու աղջիկ լաց լացեցին իրենց լեռների հանգով, սուգ սգացին երգաձայն ու զիլ» (ՀԿ, 555):
Բայի եղանակաժամանակային ձևերի ոճական կիրառություններն ավելի բազմազան են:Ներկա ժամանակի իմաստը հաճախ տրվում է ոչ թե բայի ներկայի ժամանակաձևերով, այլ ստորոգյալի կողքին որևէ մակբայի կամ ներկայի իմաստ արտահայտող բառի զուգորդումով. «Ուր որ է մինիստրը կգա» (ՉԱ, 370), «Հիմա դեղի կարոտներ կգան» (ԽՀԼ, 81), «Մի քսանհինգ տարի կլինի, որ ապրում է ձորում» (ԻՀՄ, 315), «Այսպիսի մատներով արված պատվաստը պետք է որ բռնի» (ՕՀ, 203): Անցյալում կատարված-ավարտված գործողություններ նկարագրելու համար գործածվում է նաև, այսպես կոչված, պատմական ներկան[5]. «Անցյալ տարի Արդար Հաբուդը սարի ֆերմայից գալիս է քաղաք» (ՄԵ, 551): Օրինաչափորեն անցյալ կատարյալ ժամանակի ժխտական ձևով ներկայացվում են անցյալում չկատարված գործողություններ, եղելություններ, սակայն արձակում նման ձևով ցույց է տրվում կատարված գործողություն՝ մինչև շաղկապի հետ գործածվելով. «Մինչև չգնացի, չտեսա, որ էշին գտել են, չհանգստացա» (Հ, 299): Երբեմն ապառնիի իմաստ կարող է արտահայտվել սահմանականի ներկայի կամ անցյալ կատարյալի ձևերով. «Տղանե՛ր,- ասում է հրամանատարը,— գնում ենք հարձակման» (ԵՏՕ, 643), «Հիմի մարգերը փուլ ածեց» (ՄՁԳ, 101): Առանձին դեպքերում էլ, հատկապես երկխոսություններում, կարող են զուգակցվել հրամայական և ըղձական բայաձևերը. «Մի անգամ էլ սրսկի՛ր:- Սրսկենք» (ՕՀ, 206), «Ուրախ չեք արա, Սաղաթե՛լ:— Անեմ» (ՄԵ, 502):
Հատկանշական են հրամայական եղանակի ր-ի անկումով կազմությունները. «Կուզես խփի ինձ, սպանի» (Անդ, 134), արգելական հրամայականի բարբառային կիրառությունները. «Մի վախնար» (Ամռ, 40), «Ամչի՛լ մի» (ՇԱ, 482), օժանդակ բայի շարադասության խախտումները. «Գիտում չեմ, տեսել չեմ» (ԼՀ, 9), նաև օժանդակ բայի ա-ով ձևերի գործածությունները. «Հրես ամսից ավել ա, տեղ ա թողել, գնացել» (ՀՍԱ, 143):
Չթեքվող խոսքի մասերի ոճական կիրառություններից առավել հատկանշական են կապերի գործածությունները, որոնք արձակում առանձնանում են ոչ միայն արտահայտած հարաբերության համապատասխան իմաստներով, այլև երկրորդական նշանակություններով[6]: Օր.` ժամանակի հարաբերության իմաստով են կիրառված տեղի մոտ, վրա կապերը. «Կիրճի ճանապարհը ավարտելու վրա էին» (Հ, 208), «Արդեն կեսօրին մոտ էր» (Պ, 323): Հեղինակային ինքնատիպությամբ առանձնանում են համեմատության նրբերանգով փոխաբերական այնպիսի կառույցները, որոնցում նման, պես կապերը կարելի է վերականգնել. «Ուլիկի մազերը գառան գանգուր էին» (ԽՀԼ, 74):
Շաղկապների գործածության առումով հետաքրքրական են ժողովրդախոսակցականին, բարբառներին բնորոշ ձևերը. «Ծիծաղեցինք, վերջը Սաքոն, թե՝ Ավետի՛ս, վախի՛լ մի» (Հ, 298), «Յա մի ճար արա, յա պիտի գնամ Լաչին քերծից ընկնեմ տակը» (Պ, 322): Պատճառի, հիմունքի, ժամանակի և այլ իմաստային նշանակությամբ է հաճախ գործածվում որ շաղկապը. «Գոհ մնաց, որ Մանուշի բրիգադը լավ է աշխատում Մշկահանդում» (Հ, 99), «Բայց նա գոհ էր, որ մարդկանց մոտ ամոթով չմնաց» (Հ, 315), «Որ մութը վրա տվեց, կրակ արինք, կշտին պպզեցինք» (Հ, 297):
Վերաբերականները առանձնանում են ոչ միայն խոսքին որոշակի երանգներ հաղորդելու տեսանկյունից, այլև ժողովրդախոսակցական ոճին բնորոշ լինելով. «Շուռ եկ, հրե՛տ է՜» (Պ, 323), «Գոնյա դու գնա, թե չէ մեր Ավետիսը կխռովի» (Հ,Ա, 228), «Դու իսկի խոսեցի՞ր բրուտի աղջկա հետ» (Ավ, 224): Շատ ակտիվ է բա-ն, որը տարածված է բարբառներում, խոսակցականում, ամրակայված է նաև գրական լեզվում և առանձին կառույցներում բավականաչափ հաճախադեպ է.«Բա չասի՞: Կաշի Ալեքսանը եղբորն էլ կմաշկի» (ՄԵ, 515), «Բա սա բա՞ն էր, որ արեց Խաչիպապը» (ԾՋԲ, 389):
Բնության երևույթների իրական վերարտադրման ու պատկերման գործում անմասն չեն նաև ձայնարկություններն ու բնաձայնական բառերը: Արձակում ձայնակությունների գործածություններ շատ կան, որոնք արտահայտում են ամենատարբեր զգացումներ՝ հաճելիություն, զարմանք, դժգոհություն, ափսոսանք և այլն: Հաճախադեպ են ձայնարկությունների գործածությունները հարադրության կազմում. «Ախ ու վիշ արավ կռվում «փչացածների» համար» (ՀՍԱ, 131), «Հա՛յ—հարա՜յ արի…» (ՄԵ, 552): Բնաձայնությունները տարբերվում են դատողական հատկանիշի բացակայությամբ. «Հրացանս ձեռաց կալա ու…թրա՜խկ» (Հ, 210), «Երկինք է սլանում նաև եկեղեցու զանգերի ղողանջը՝ դի՜ն—դա՛ն» (ԽՀԼ, 37): Սրանք առանձնանում են իրենց բառակազմական արժեքով. ավելի շատ են մտնում բառական այլ կազմությունների մեջ՝ կազմելով գոյականներ, ածականներ, բայեր՝ շրխկոց, դրմբոց, թրխկոց, փռթկոց, ծվծվան, շփշփալի, տմտմբալ, կաթկթալ և այլն:
Լեզվաոճական բոլոր տեսակի իրողությունները՝ անկախ նրանից, թե որ մակարդակին են առնչվում, Ս. Խանզադյանը լավագույնս ծառայեցրել է տարաբնույթ ու տարատեսակ դարձույթներ ու բանադարձումներ ստեղծելուն (մակդիր, համեմատություն, փոխաբերություն, անձնավորում, համըմբռնում, չափազանցություն, նվազաբանություն, կրկնություն, շրջուն շարադասություն և այլն), որոնց դիպուկությունը, ինքնատիպությունն ու տեղին գործածությունը ամողջացնում ու արժևորում են խանզադյանական արձակի լեզուն:
Лингвостилический роль морфологических реалий в прозе С. Ханзадяна
В статье представлены несколько реалий морфологической стилистики, использование которых выделяется показывая характерную оригинальность С. Ханзадяа. Грамматические языковые реалии в пересчете на лингвостилистики отличаются с точки зрения стоимости. Очевидно, что автор морфологических реалий не может иметь свободу, которая существует на других уровнях. В этом случае С. Ханзадян – мастер слова – в состоянии найти способы, чтобы получить тонкую смысловую и эстетическую ценность. Он использует возможности, предоставляемые ряду морфоло-гических категорий (свойства, характерные различным частям речи, склонение, составление множественного числа, спряжение и др.). Откло-нения от нормы в некоторых случаях даже стали типичным для персонажей, показывая их уникальное мышление, психологию и стиль речи.
The linguistic-stylistic role of morphological facts in S. Khanzadyan’s prose
The article represents some realities of morphological stylistics the usage of which is very characteristic of Khanzadyan’s unique style in the prose. The grammatical facts are diverse in the sense of stylistics. It is obvious that in the case of morphological facts the author does not have the same freedom as in the other levels.
Even so, as a skilled master of speech Khanzadyan managed to find ways which are of subtle semantic and aesthetic value. The author particularly used some opportunities given by a range of morphological classes such as features typical of different parts of speech, cases, formation of plurality, declension, conjugation etc. In some cases the deviations from the norm even became unique means of making the characters typical, revealing their ways of thinking and psychology and and style of speech.
[1] Տե՛ս Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., 1974, էջ 179:
[2] Ռ. Մկրտչյան, Ժամանակակից հայերենի ձևաբանական ոճաբանություն, Ե., 1992, էջ 85:
[3] Տե՛ս Պ. Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, Ե., 1990, գ. 1, էջ 223:
[4] Տե՛ս Լ. Եզեկյան, Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Ե., 1975, էջ 67:
[5] Պ. Պողոսյան, Բայի եղանակային ձևերի ոճական կիրառությունները արդի հայերենում, Ե., 1959, էջ 43:
[6] Տե՛ս Ս. Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերե-նում, Ե., 1965, էջ 349: