Ներքին Հանդ

Spread the love
Կարելի է ասել, որ այս գյուղը Սյունիքի ամենահերոսական գյուղերից մեկն է, եթե ոչ ամենահերոսականը: Ներքին Հանդի հին անունը այդպես էլ անհայտ կմնա, մենք չենք կարող որոշել, թե Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում որը կարող է լինել: Անկասկած Դավիթ Բեկից հետո այս գյուղն էլ մյուս գյուղերի պես բռնագաղթեցվել է, և բնակչությունը հեռացել է անհայտ ուղղությամբ: Բայց Հանդը վերականգնվեց ռուս-պարսկական պատերազմից հետո և, ինչպես պատմում են տարեց հանդեցիները, իրենց նախնիները եկել են Ղարադաղի Քարագլուխ և Վինա գյուղերից: Երբ նորաբնակները եկան այստեղ, առաջինը, որ կատարեցին, դա մոշի և մացառուտների մեջ հազիվ նշմարվող եկեղեցու վերականգնումն էր: Հաջորդ քայլը վարելահողերի բացումն էր, հողաբաժանումը և հին կալերի տեղում մարագների կառուցումը: Հանդեցիներին վիճակված էր ընդդիմանալ Ղարադաղի իրենց նախկին տերերին: Նրանք նույնիսկ եկան հասան Հանդ, խնդրեցին հավաքել եղած-չեղածը, բարձել եզներին, ձիերին և ջորիներին, վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը՝ խոստանալով երկար ժամանակ ազատել հարկերից: Հանդեցիները մերժեցին: Այդ ժամանակ պահանջեցին անցած հինգ տարվա հարկերը՝ որպես պարսկահպատակներ: Հանդեցիները , լինելով քաջ, անկոտրում ու անվախ, բեկերին քշեցին գյուղից: Եվ դրանից հետո երկար ժամանակ պայքար սկսվեց թուրք բեկերի և փոքրիկ Հանդ գյուղի միջև: Գնալով բեկերը զիջեցին, բայց նրանց փոխարինեցին տեղացի թուրք բեկերը:
Այս գյուղի պատմության մեջ կա մի դրվագ, որը հաճախ մոռացվում է ու անտեսվում: Դա այն է, որ Ցարական կառավարությունը երկար ժամանակ ռուսահպատակություն չէին շնորհում հանդեցիներին: Հանդեցիների անունից իշխանություններին խնդրագիր է գրում առաջաձորցի Սահակ վարժապետը, և միայն 10 տարի հետո՝ 1910 թվականին, գյուղացիներին շնորհվում է ռուսահպատակություն:
Ներքին Հանդ գյուղը հիշատակվում է նաև Տաթևի <<Քեոթուկում>> Հանդիքովշան անունով՝ 1600 դահեկան հարկաչափով: Փոքրիկ այս գյուղի բնակիչները ունեին զարմանալի բնավորություն՝ նրանք ազատասեր էին, անկախ, անհնազանդ, հերոսական: Այս գյուղի պատմության ամենահերոսական էջերը գրանցվել են 1906 և 1918-1920 թվականներին: Հին գյուղը, որ ծվարել էր Բասուտա գետի աջ ափին, լեռնալանջին, Խորհրդային Հայստանի մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանի նախաձեռնությամբ իրավացիորեն իջեցվեց գետահովիտ: Դա փակեց Ադրբեջանցիների ազատ ելումուտը Սոսիների պուրակ և վերջ դրեց նրանց տարածքային նկրտումներին: Նոր գյուղը դարձավ պատվար և իսկական ռազմակայան 1988-1994 թվականներին ղարաբաղյան իրադարձությունների ժամանակ:
Անցյալում Ներքին Հանդում պատերազմական իրադարձությունների ժամանակ եղել են Կորյունը(Գոմսա Իսո), Սեբաստացի Մուրադը, Յապոնացին , Արշակ Շիրինյանը, Քեռին (Արշակ Գավաֆյան) և այլոք, ովքեր լավ էին հասկանում այս գյուղի ռազմավարական դերը: Հետագայում գյուղ են այցելել Ակսել Բակունցը, Մուշեղ Գալշոյանը:
Ներքին հանդեցիներ են ինքնապաշտպանության հերոսներ Աթա Տեր Գրիգորյանը, քահանա Ավան Տեր Գրիգորյանը, գրող Լենդրոշ Հակոբջանյանը, Ուկրաինայում հռչակված քանդակագործ Գառնիկ Խաչատրյանը:
Ներքին Հանդ գյուղի վերաբնակեցման պատմությունից
Ներքին Հանդը, որ նաև Փոքր Հանդ է կոչվում, կարելի է ասել՝ ունի մեծ պատմություն: Այս գյուղի նոր և նորագույն շրջանի պատմությունը անչափ գրավիչ է ու հետաքրքիր: Հանդեցիներն ավելի ուշադիր են իրենց անցյալի հանդեպ, սերնդեսերունդ փոխանցել են թե հերոսական և թե սարկազմով լի պատմություններ: Մեր օրերում արդեն, երբ լքվել է Փոքր Հանդը, նրա մասին կարելի է պատկերացում կազմել՝ այցելելով ավերակները կամ վերհիշելով մեծերի զրույցները: Այս մարդիկ ընտելացել են նույնիսկ օձերի ընկերակցությանը: Նրանք խառնվել են վայրի բնությանը, ձուլվել նրան: Հանդեցին կարող է օրերով անհետանալ Մթնաձորի կուսական անտառներում: Այս գյուղը թառել էր լեռնալանջին, տները իրար կպած էին, մեկի տան կտուրը մյուսի բակն էր: Հանդեցիները իրենք իրենց մասին խոսում են սարկազմով: Ասում են, որ իրենք կողահաստ են, ոչ ոք չի կարող իրենց համոզել: Չեն սիրում իշխանություն, վրեժխնդիր են լինում իրենց դեմ կատարված չարագործությունների համար:
Երբ վերաբնակյալները եկան այստեղ, մաքրեցին հին գյուղատեղին, վերականգնեցին եկեղեցին. կառուցեցին մարագներ, բացեցին վարելահողեր, կատարեցին հողաբաժանում: Այդ ամենը արվեց հաշտ ու համերաշխ: Բայց երբ հերթը հասավ տանուտեր ընտրելուն, գործը գլուխ չեկավ: Տանուտեր ընտրելու բոլոր փորձերը ձախողվեցին:
Արդյոք լեգե՞դ է, թե իրականություն, դժվար է ասել: 80-ականներին Հանդում քաջ հայտնի համագյուղացի Սեյրան Միրզոյանը պատմում էր իր պապից լսած մի զրույց: Ասում էր. << Մեր գյուղում, ում քյոխվա (տանուտեր) էին ընտրում, անմիջապես ծաղրուծանակի առարկա էր դառնում: Ծիծաղում էին ընտրյալի վրա, երեով տալիս թերությունները, վերագրում արատներ, հատկապես ասում էին, որ սա թույլ մարդ է, ինչպե՞ս կարող է մեզ ղեկավարել: Ամիսներ անցան: Տեսան կարգ ու կանոնը ընկնում է, ասացին՝ գնանք Վինա, էնտեղից մեզ համար քյոխվա բերենք: Տանուտերի թեկնածուին առոք փառոք, ձիու վրա բերին հասցրին Հանդ: Նրան հյուրասիրեցին որսի մսով, հատկացրին տուն ու հրավիրեցին ժողովի: Ժողովը մեկ մարդու նման բաց քվեարկությամբ ընտրեց եկվորին: Նորընտիր տանուտերը հարցրեց.<<Հիմա ես եմ քյոխվան: Ինչ ասում եմ, ականջներիդ օղ պիտի անենք >>: Գյուղացիները տվեցին իրենց համաձայնությունը: Տանուտերը ֆիզիկապես առողջ մեկին ընտրեց օգնական ու հրամայեց՝ էստեղ բերեք երկու մտրակ, մեկը ՝ինձ, մեկը՝ օգնականիս : Երկուսով վիճակահանությամբ ընտրեցին մի քանիսին ու մտրակածեծ արին : Ձեն, ծպտուն, բողոք չհնչեց, ընդհակառակը՝ էստեղից, էնտեղից բացականչեցին՝ ապրի մեր քյոխվան, ապրի մեր քյոխվան , բա ո՞նց, քյոխվան հենց էսպիսին պիտի լինի >>:
Գեղեցիկ հումորով լի պատմություն է, բայց կարծես՝ դասական, այժմեական, բնորոշ մարդկային բնավորությանը: Անկախ այս բոլորից, Փոքր Հանդը եղել է Կապանի նոր և նորագույն շրջանի ամենահերոսական պատմություն ունեցող գյուղը:
Սոսիների պուրակ
Սոսիների պուրակը զբաղեցնում է 64 հա: Տարածվում է Բասուտա և Շիկահող գետերի ափերին: Այստեղ աճում է արևելյան սոսին :Բնական պուրակ է, ամենախոշորն ու միակը Կովկասում:
Սուսու պուրակը ձգվում է Բասուտա գետի երկայնքով ։ Պուրակը ձգվում է նաև Շիկահող գետի ստորին հոսանքով վեր: Այստեղ աճում են 200-250-ամյա հազարից ավել ծառեր, որոնց բարձրությունը հասնում է 30-35 մ : Բացի սոսուց աճում են նաև այլ արժեքավոր և հազվագյուտ տեսակներ, ինչպիսիք են հունական ընկուզենին, արաքսյան կաղնին, հունական շրջահյուսը, թավշային իլենին։
Հարուստ է կենդանական աշխարհով: Անցյալում գետը լի էր տարբեր ձկնատեսակներով:
Հանդում մինչև 1980-ականները պահպանվում էր մի լեգենդ Սոսիների պուրակի ծագման մասին: Պատմում էին, որ մի օր Սյունիքի Թորոս իշխանը իր շքախմբով գալիս է ասյտեղ՝ զովանալու և որսի նպատակով: Բոլորի համար անսպասելի սարերում ուժեղ անձրև է սկսվում և հանդարտ հոսող գետը վերածվում է հեղեղի: Հանկարծահաս հեղեղը փակում է նրանց ճանապարհը, ձիերը դժվարանում են անցնել գետը։ Թվում է, վիճակը անելանելի է , բայց մոտակա անտառի խորքից մի հսկա սոսի է տապալվում, մեկնվում գետի վրա՝ դառնալով բնական կամուրջ մարդկանց համար: Շքախումբը անվտանգ անցնում է գետի վրայով, սկսում որսն ու զվարճանքը: Դրանից հետո Թորոս խշխանն իր մարդկանց կարգադրում է գետահովտում բազմաթիվ սոսիներ տնկել՝ ի հիշատակ նահատակ սոսու ծառի:
Պուրակի հիմնադրման մասին գրեթե նույնպիսի մի պատմություն ևս կա, բայց այն կապվում է Օրբելյան Սմբատ իշխանի անվան հետ:
Լեգենդներից մեկի համաձայն Սոսիների պուրակը ավելի քան 2000 տարի առաջ գոյություն է ունեցել: Այստեղ, մոտակայքում եղել է հեթանոսական մեհյան, գործել են քրմերը: Նրանք սոսիների տերևների սոսափյունով գուշակում էին մարդկանց ապագան, կանխատեսում եղանակը, բնական աղետները, և մարդկանց զգուշացնում էին մոտալուտ աղետների մասին: Այս կողմերում սոսին և ընկուզենին համարվում են սուրբ ծառ, և այս ծառերը կտրողները կրում էին խիստ պատիժ: Այստեղ վաղուց գործում է տնկարան։
Մթնաձոր
(ավանդապատում՝ ըստ Հայկ Խաչատրյանի)
Մթնաձորը հնում եղել է լուսավոր. արևի ճառագայթները՝ ճեղքելով կուսական անտառի խիտ սաղարթները , հասնում էին ծառերի դարավոր արմատներին, ջերմություն սփռում ամենուր: Մթնաձորը հարուստ էր կենդանական աշխարհով: Ամենատարբեր կենդանիներ էին ապրում այստեղ, հասնում մինչև այստեղ ծվարած յոթ փոքր գյուղերը, որոնք պաշտում էին եղնիկներին (այդ մասին վկայում են գտնված կենդանակերպ անոթները, այդ թվում եղնիկի արձանիկները) և արգելում նրանց որսը:
Բայց մի օր, երբ մայր եղնիկը խաղաղ զբոսնում էր իր ձագի հետ, երկու որսորդ դուրս եկան նրանց դեմ հանդիման: Որսորդները իրենց մահաբեր նետերն ուղղեցին դեպի եղնիկները: Մայրը, զգալով վերահաս վտանգը, աղաչեց՝ << Ձագուկիս մի խփեք, նա էլ աստծո արարած է, թողեք վայելի լույսը>>:
Որսորդները չլսեցին և նետահարեցին եղնիկներին: Մայրը մարմնով փակեց նետերի ճամփան՝ փրկելով ձագուկի կյանքը: Երբ նա թուլացած, արնաշախաղ տապալվեց գետնին, արյունը ուժեղ հորդաց և ծծվեց հողի մեջ: Ձագուկն անմիջապես սևացավ: Սևացան անտառի ծառերը, անթափանց խավարն իջավ հսկայական անտառի վրա: Մարեց որսորդների աչքերի լույսը, և նրանք, մթության մեջ չգտնելով ճանապարհը, խճճվեցին անտառում: Այդ օրվանից հսկայական ձորը կոչվեց Մթնաձոր:
Մթնաձորում կար յոթ գյուղ, յուրաքանչյուրն ուներ իր փոքրիկ եկեղեցին:
Մթնաձորը մեզ հայտնի է նաև գեղարվեստական գրականությունից (Ակսել Բակունց, Գևորգ Հայրյան, Մուշեղ Գալշոյան, Հայկ Խաչատրյան, Համո Սահյան):
Մենամարտ արջի հետ
Ներքին Հանդի հնագույն տոհմը Տեր Գրիգորյանների, կամ ինչպես այստեղ են ասում, Դերանց տոհմն է: Նրանք ծագում են Ղարադաղի Վինա գյուղից, բայց հոգևոր ծառայություն են կատարել Ղարադաղի մի շարք գյուղերում: Նրանք մեծ հոգու տեր, հանդուրժող ու խաղաղասեր մարդիկ էին: Այս տոհմի ամենանշանավոր մարդիկ Հարություն (Աթա) և Ավանես (Ավան) Տեր Գրիգորյան եղբայրներն էին: Լեգենդի նման է Հարությունի կյանքը:
Նա ծնվել է 1857 թվականին, Ներքին Հանդում: Նրա մկրտության անունն էր Հարություն: Իսկ ինչու՞ է կոչվել Աթա, այս մասին նրա թոռները պատմել են հետևյալը: Աթա թուրքերեն նշանակում է հայր: Այս անունը տրվել է օրորոցում գտնվող երեխային թուրք քիրվայի կողմից: Այնուհետև նա ավելի շատ հայտնի էր Աթա անունով, քան Հարություն: Աթան այս կողմերի ամենաքաջ ու հերոսական կերպարն էր: 1906 թվականի ամռանը Աթան պաշտպանել է գյուղը թշնամուց: 1918-1920 թվականներին նրա գլխավորությամբ կրկին հաղթական կռիվ մղվեց թուրքերի դեմ: Դժվար է ասել, ինչպիսին կլիներ գյուղի ճակատագիրը, եթե չլիներ Աթան ու իր նմանները: Բայց գյուղում ավելի շատ հիշում են ոչ թե այս մարդու հերոսական անցյալը, այլ ավելի շատ պատմում են նրա ու արջի մենամարտի մասին:
Աթան նաև քաջ որսորդ էր: Նա հաճախ որսի էր գնում Մթնաձոր: Օրերից մի օր նա կրակում է արջի վրա: Վիրավոր արջը փախչում է անտառի խորքը: Աթան իր սովորության համաձայն ընկնում է արջի հետևից: Մթնաձորի խավար ու խիտ անտառում մարդն ու կենդանին մոլորվում են և դուրս գալիս դեմ դիմաց:
Նեղ կածան էր, և հետդարձի ճանապարհ չկար, կրակելու ժամանակ էլ չկար: Արջն ու Աթան գրկում են իրար ու կոխի բռնվում: Երկուսն էլ գոռում էին, նրանց աղաղակը հասնում է ընկերներին: Մինչև հանդեցի ընկերները կհասնեին, արջը պատառոտում ու այլանդակում է Աթայի դեմքը, կրծում, շարքից հանում է աջ ձեռքը: Վրա հասած Խաչատուրը կարողանում է կողմնորոշվել ու դիպուկ կրակոցով սպանել արջին: Որսորդները տեսնում են, որ իրենց դեմ այլանդակված մարդ է ընկած: Աթան համարձակորեն դիմում է ընկերոջը.<<Խաչի, տես, թե էլ մարդու նման չեմ, մի քանի գնդակ շարի վրաս, թող մնամ էստեղ: Ամոթ է էս տեսքով մարդկանց աչքին երևամ>>: Խաչին շալակում է ընկերոջն ու տուն բերում: Տատը՝ Մարիամը, թել ու ասեղով կարում է դեմքը, բույսեր ու արմատներ է ծեծում, խառնում վայրի մեղրի հետ, լցնում դեմքին ու կապում ձեռքին: Մի քանի ամսից Աթան կրկին ձեռքն է վերցնում Բերդան հրացանը և թափառում Մթնաձորի անտառներում:
Նրա երեք որդիները չվերադարձան Մեծ հայրենականից: Այդ հերոս մարդը վշտի մեջ ապրեց մինչև 93 տարեկանը: Սոսիների հարևանությամբ Հանդ տանող ճանապարհի եզրին նա երեք սոսի ծառ տնկեց և ժայռակտորի վրա փորագրեց հիշատակի խոսքեր: Աթան գյուղի ամենասիրված մարդն էր, հերոսական կերպարը, ում մահը թեկուզ զառամյալ հասակում էր (1961 թ.), բայց խոր վիշտ պատճառեց այս կողմերի գյուղերի բնակիչներին ( Գ.Սմբատյան, <<Սյունիքը փորձության մեջ>>, էջ 380-381):
Ներքին Հանդի պատմական հուշարձանները
1. 19-րդ դարի գերեզմանատուն՝ գտնվում է գյուղից հվ-արմ, Ներքին Հանդ լքված գյուղի տարածքում (գյուղը լքվել է 1980 թվականին)
2. Եկեղեցի՝ միանավ սրահով, 18-19-րդ դդ., գտնվում է գյուղից հվ-արմ,Ներքին Հանդ լքված գյուղի տարածքում
3. Երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հուշարձան, գտնվում է գյուղից հվ-արմ, Ներքին Հանդ լքված գյուղի տարածքում
Ներքին Հանդի բնության հուշարձանները և
հայտնի տեղանունները
1. Թունունց աղբյուր
2. Նորաղբյուր
3. Ջրհորդան (Քյահրիզ)
4. Սոսիների պուրակ (Սոսու պուրակ արգելավայր)
5. Մթնաձոր՝ Ներքին Հանդից արմ հսկայական տարածություն զբաղեցնող դարավոր կաղնիների և այլ ծառատեսակների անտառ՝ հարուստ կենդանական և բուսական աշխարհով: Տարածքում կան հին բնակատեղիներ (ավանդության համաձայն յոթ գյուղ) և յոթ եկեղեցի:
6. Գագարինի պավարոտ ( շրջադարձ)՝այսպես է կոչվում Ն.Հանդից Ծավ տանող ճանապարհի 2-րդ կմ վրա գտնվող շրջադարձը: 1961 թվականին, ապրիլի 12-ին այստեղ ՝ ճանապարհի նեղ հատվածը կարգի էին բերում կոլտնտեսության մարդիկ: Երեկոյան կողմ այստեղ են գալիս մի քանի համագյուղացիներ և հայտնում , որ Յուրի Գագարինը թռչել է տիեզերք: Շրջադարձի վրա բացվում է խնջույքի սեղան և տեղանունը կնքվում է Գագարինի պավարոտ:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի