Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում «ուռչել» իմաստով բառերի խմբում առանձնակի ուշադրության են արժանանում այնպիսիք, որոնք հնդեվրոպական լեզուների հետ ունեն աղերսներ: Առանձին բառերի, կազմությունների համեմատական քննությամբ փորձել ենք հարստացնել ոչ միայն հայ բարբառագիտությանը, այլև համեմատական լեզվաբանությանը առնչվող ուսումնասիրությունների շարքը, որ կարող է պահանջ ունենալ Սյունիք-Արցախ տարածքի բարբառային վկայությունների:
Բարբառախումբը բղ-բ-ունջ «ուռչել-բարձրանալը (թխվածքի մասին)» ձևիմաստով բառը չունի, բայց «ուռչել» իմաստով մի շարք կազմություններ ունի, որոնցից մեկն էլ հենց առնչվում է հ.-ե. *bhēl- (*bhōl-)[1] բղ- արմատին՝ բըխբըխօտէլ «1. բողբոջել, 2. բողբոջները ուռչել, 3. ծիլեր արձակել, 4. ճյուղավորվել»՝ բըխ-բըխ-օտ-էլ: «Ուռչել» իմաստով է գործածվում նաև բարբառախմբի պո̈ւլ-ը («խմորի գունդ»՝ հ.ե. *bhel- «ուռչել»), պո̈ւ/իլօ̈րէլ || պո̈ւ/իլօ̈րվէլ «1. ուռչէլ, 2, կլորանալ»: Այս և մյուս ձևերը, որ առնչվում են հ.-ե. «ուռչել» հասկացությանը, մեր քննության նյութ են և կքննվեն ստորև:
Դեռևս ստուգաբանական քննության կարիք ունի տըռըզ արմատը՝ «1. ուռչել, լիքը լցվել, 2. փխբ. մեկից նեղանալ, խռոված տեսք ստանալ, 3. փխբ. մեծամտել, հպարտանալ» > տըռօզ || Արց. տըկօզ || տուռօզ «ուռած, փքված», հավանաբար այստեղից՝ տըռօճան || տուռօճան «1. լայնափոր ջրաման, 2. հաստափոր, 3. կլոր հատիկներով լոբու տեսակ, 4. ուռած, մեծ, անճոռնի», տըռըպըտկիլ՝ (տրըպտկէլ || տըրըպըտկէլ) «ուռչել». «…տրըպտկել բառը հայավարի ա՞… Տրըպըտկել բառը մաքուր հայերեն է, մաքուր գրաբար… Դույն այդ տրըպըտկել բառը կնշանակի որևէ սնամիջություն, որ ուռել, փքվել է և ուր որ է՝ կպայթի»[2]: Ս. Մալխասյանը «տռայ» բառը աղեսում է մարմնի մի մասի հետ, որին հարվածում են իբրև պատիժ»[3] (հմմտ.՝ Վն. տռճաման, տռճապօզ «կենդանու հետույքը»): Կարծում ենք՝ այս խմբում է ընդգրկվում նաև տուռն «կույտ, շեղջ» բառը: Է. Աղայանը մատենագրական աղբյուրներում հանդիպող տառատոկ[4] և տոռն[5] բառերի քննության մեջ հանգամանորեն անդրադառնում է հ.-ե. աղերսներ ունեցող ձևերին, որոնք համապատասխանաբար առաջացել են *der- և *ders- հիմքերից և արտացոլված են հայերենի տեռ, տառ, տոռն, տուռն կամ տիռն արմատական բառերում: Դրանք հնչյունական առումով համապատասխանում են քննվող տ(ը)ռ բառի հետ, բայց իմաստային աղերսները թույլ են կամ բացակայում են՝ տեռ «կոշտուկ», տեռել «կոշտուկ առաջանալ»[6], տոռ «կաշին քերթելը, ճեղքելը»[7]: Ստուգաբանական այլ տեղեկություններ մեզ հայտնի չեն: Բարբառային տվյալները, մատենագրական տեղեկությունները, ստուգաբանական փորձերը հնարավորություն են տալիս կանխավարկածի, ըստ որի՝ բարբառային տէռ || տէր (տըր-աքէլ) հիմքային տարբերակները ձևով և իմաստով առնչվում են հ.-ե., *tǝu-, *teu̯ǝ-, *tu̯ō-, *tū̆— արմատական տարբերակներին, որ ընդլայնվել են *bh, *g, *k, *l, *m, *n, *r, *s, *t մասնիկներով[8]: Հ.-ե. լեզուներում առկա ձևերն ու իմաստները արտացոլված են Վալդեի և Պոկոռնու բառարաններում (գրմ. schwellen «ուռել, ուռչել», անգլ. to swell; crowd, folk; fat; strong; boil, abscess «1. ուռչել, ցցվել, ավելնալ, մեծանալ, հպարտանալ, խոժոռել, ուռցնել, փքացնել, աստիճանաբար բարձրացնել, 2. խառնել, խճողել, խուժան, 3. ճնշել, ձանձրացնել, 4. ժողովուրդ, ամբոխ, 5. գեր, պարարտ, ճարպոտ, շահավետ, 6. ապուշ, բթամիտ, 7. զորավոր, ուժգին, տոկուն, հուժկու, ջերմ,կոշտ, 8. եռալ, եփիլ, 9. կրքոտել, թարախակույտ» և այլ[9] իմաստներից լծորդված): Պետք է նշել, որ նշված մասնիկներով կազմությունները տեղորոշված չեն հնդեվրոպական լեզուներում: Բերենք հնդեվրոպական լեզուներում առկա մի քանի բառամիավորներ՝ բարբառախմբում վկայվող օրինակների հետ զուգահեռելու նպատակով՝ հոլ. dol «գող», միջ. անգլ. tholen «գողանալ», tholle «գող», գոթ. thiod-kuning «պետ, իշխան, թագավոր» (հմմտ.՝ Վն. տռալ «գող, ավազակ»,Մշ. Վն. «ծույլ», Վն. «թագավոր», Վն. գող տռալ «գող, ավազակ մարդ»), լատ. taurus «ցուլ, ցուլակերպ», portus «նավահանգիստ», անգ. some «ինչ-որ, ինչ-որ մի մասը (մարմին), ոմն, մեկը», tumorous «ուռած, ցցված, փքված», toreador «ցլամարտ» (հարվածել իմաստից), ֆր. truffle «գետնասունկ, գերերուկ» (հմմտ. բրբ. կյուլի թըէս, արչի թըէս), հուն. σωρός «կույտ, շեղջ», սնսկ. tavas «ուժգին, հուժկու, հաստատ, կորովի, դիմացկուն, ազդու, ծանր», tavīti «հուժկու լինել, ուժգին լինել, ուժգին (հարված, պայթյուն և այլն)»[10]:
Հայերենը, ինչպես նկատվում է բարբառախմբի բառերի քննությունից, ժառանգել է հ.-ե., *tǝu-, *teu̯ǝ-, *tu̯ō-, *tū̆— հիմքերի *—r— (ռ-ր) հավելվածով ձևիմաստային կազմություններ, որոնց համար կանխադրում ենք *tǝu-r-, *tēu-r հիմքային տարբերակները: Ընդ որում՝ նշենք, որ այս նույն արմատի տարբերակներից են առաջադրում հայերենի թիւ[11] «թիվ, թվարկել, թվանշան», որին վերաբերող ընդգրկուն բառահոդվածում Հ. Աճառյանը, այնուամենայնիվ, առկախ է թողնում ծագումնաբանական եզրակացությունը[12]: Հանդիպում են այնպիսի բառամիավորներ, որոնք, հնարավոր է, միջնորդությամբ են անցել հայերենին: Օրինակ՝ տրաքել «պայթել, տըրըքըցնէլ «1. հարվածել, 2. պայթեցնել» բառերը իմաստով ընդհանուր են հնդիրանական ձևերի հետ, բայց հնչյունական առումով անհամապատասխան են, կամ «ուռչել» իմաստով զուգահեռներ նկատվում են հնդեվրոպական լեզվախմբերի մեծ մասում, բայց հնչյունական զանազանությունները դժվարացնում են հայերենին անցած լինելու որոշակիացումը: Եվ այսուհանդերձ, կարծում ենք, որ հայերենը ինքնուրույն է ժառանգել *tǝu-, *teu̯ǝ-, *tu̯ō-, *tū̆— ընդհանուր հիմքերով խմբի ձևիմաստները՝ մասնավորված և ընդգծված *-r- կազմիչի զարգացումներով բառեր, որոնց մի մասը պահպանվել է մատենագրական աղբյուրներում, իսկ մի մասը՝ բարբառներում՝ հատկապես Սյունիք-Արցախում: Սույն ենթադրությունների համար բերենք Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարի հաճախական կիրառությամբ օրինակներ, որոնք և՛ հնչյունական, և՛ իմաստային համապատասխանություններով արտացոլում են հ.-ե. աղերսները՝ տռօզ, տըռըզիլ «1. այտուցվել, ուռչել՝ փորը, թշերը, գրպանները և այլն, 2. նեղանալ, հոնքերը կիտել, 3. գոռոզանալ, հպարտանալ, 4. հարստանալ», տըռըզցընէլ «ուռցնել, փչել, այտուցել», տըռօզ-տըռօզ «ուռած, փքված», տըռըզիկ «1. ուռած, 2. նոթոտ, անմարդամոտ, նեղացկոտ», տըռըզօտէ/իլ «1. ուռչել, այտուցվել, 2. մարմնի վրա բշտիկներ առաջանալ, 3. փքվել, գոռոզանալ, 4. հարստանալ, 5. ինչ-որ կարևոր գործից, պաշտոնից փքվել», տըռտըկի || տըռտընգի (տալ) «անասունների ուրախ թռչկոտելը», տըռմըզկվի/էլ «1. ջրի մեջ շատ մնալուց թառամել, կնճռոտվել, փափկվել, կակղել, 2. ջրի մեջ մնալուց ուռչել», տըռընգոց «գոմեշի հանած ձայնը» (?), տըռամէչ «անարժեք բան», տըռըհէր «անարգական իմաստով» (հմմտ.՝ քըքըհէր), տըէռ (տըէռ, տըռասա̈ս և այլն), տըռըհաչ || տըռըհաշ «1. դատարկ, անարժեք, 2. անհոգ», տըռըհաչ տալ «1. շան անտեղի հաչելը, 2. դատարկախոսել, վայրահաչել», տըռըճըժկան «1. վախկոտ, 2. անբան, 3. պոռոտախոս», թէս || թըէս «մարմնից արտազատվող անձայն գազ», այստեղից՝ թիսի, թիսիվավա «վախկոտ»[13], տըռըշըրանուկ (անէլ) «թափթփված» և այլն[14], Ի մի բերելով հ.-ե. արմատների հետ ընդհանրությունները՝ դրանք հնարավոր է բաժանել իմաստային և հնչյունական առանձնահատկություններով խմբերի՝
- Հ.-ե. բառասկզբի շնչեղի (*t) դիմաց դիմաց հայերեն շնչեղ թ-ով կազմություններ՝ թըէս «1. արտանետվող գազ, 2. գարշահոտ», թըս անէլ «արհամարհանքով հեռացնել, բանի տեղ չդնել, առանց հաշվի առնելու հեռացնել», թըսավըէտ, թըսէ/ալ, թըսըմօլի, թըսըվավա || թիսի վավա «1. վախկոտ, թուլամորթ, 2. լացկան» թըսթըս || թըս-թըս «նվնվան», թըսթըսան «լալկան», թըսթըսալ «1. նվնվալ, 2. դանդաղ աշխատել, 3. լավ չվառվել, 4. թսսոցով այրվել, 4. դողալ՝ ցավից, վախից, ցրտից» և այլն (առկա է նաև բնաձայնական հատկանիշը):
- Հ.-ե. բառասկզբի շնչեղի (*t) դիմաց հայերեն խուլ տ-ով կազմությունները ձևով և իմաստով հիմնականում ընդգրկվում են սանսկրիտ, զենդերեն, հունարեն, լատիներեն, սլավոներեն, լիթվերեն, իռլանդերեն խմբի մեջ, իմաստային առնչակցություններ կան գոթերենի հետ: Այս խումբն իր հերթին բաժանվում է իմաստային ենթախմբերի՝ ա. «այտուցվել, ուռչել» իմաստով՝ տռօզ, բ. «նեղանալ»՝ տըռըզիլ, գ. «փքվել, գոռոզանալ»՝ տըռըզիլ, դ. «օդ, արտանետվող գազ»՝ տըռ || տըէռ, ե. կենդանիների հետ կապված իմաստներ՝ «թռչկոտել»՝ տըռտընգի, զ. տըռմըզկվի/էլ «ջրի մեջ շատ մնալուց փափկվել, ուռչել» (հմմտ.՝ հուն. τῡρός «1. պանիր, 2. Ճզմված, սմքած», βού-τῡρον «կարագ», ավեստ. tūiri- «շիճուկ»):
- Հ.-ե. բառասկզբի շնչեղի (*t) դիմաց հայերեն խուլ տ-ով և *-k— (*tǝ-r-(a)k-, հմմտ.՝ թան—աք, հավ—ա՞ք) ածանցով[15]՝ տըր—ըք (-աք) «պայթյուն, հարված», այստեղից՝ տըրաքօ/ուց «պայթյուն», տըրըքմանէ/ին կյա̈լ «1. նախանձել, 2. մեկի խոսքից նեղանալ», տըրըք—տըրաք կյա̈լ «լացել, հեկեկալ», տըրըքտըրըքօտէլ «1. պայթել, անընդմեջ պայթել, 2. հեկեկալ, հարվածներ հասնել», տըրըքըցնէլ «1. պայթեցնել, 2. հարվածել», տըրըքոց, տըրաքուց «1. պայթյուն, 2. հարված», հինգտրաքանի (այսպես նաև՝ մեկ, երկու և այլն) «հինգ փափմուշտ տեղավորող զենք»: Նշվածը տրաքէլ բառի ծագումնաբանական տեսակետներից մեկն է: Ըստ Գ. Ջահուկյանի (վերապահությամբ)՝ այն ծագում է հ.-ե. *der-, *derek- «քերթել, կաշին հանել, պատռել, ճեղքել, պատռել, հանել, անջատել» հիմքից՝ (*dērǝk-?)[16]:
- Այս խմբում ենք ընդգրկել նաև հայերենի տառփանք < տռիփ[17], տարփ «գոտու մեջտեղի ցցուն, ուռած մասը» բառերը, որոնք հնարավոր է առնչակցություն ունենան քննվող հիմնաձևի հետ:
- Հ.-ե. բառասկզբի շնչեղի (*t) դիմաց հայերեն խուլ թ (հմմտ. թորշ արմատի հետ)՝ թըշ(ը)նակէլ «1. ուռչելուց գունատվել, սփրթնել, սփրթնել, ուռչել, այտուցվել», թըռըշնէլ || թըրթըշնիլ || թըռըմօշկէլ « 1.հարբելուց դեմքը այտուցվել, հարբելուց, բարկությունից դեմքը ուռչել ու կարմրել», այլև՝ «խմորը թթվելուց ուռչել»:
Այսքանով չեն սահմանափակվում հ.-ե. աղերս ունեցող «ուռչել» հասկացության տվյալները Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում: Կան բառեր, որոնք բարբառախմբում չեն պահպանել «ուռչել» հասկացությունը կամ համըմբռնմամբ և լեզվական այլ գործոնների ազդեցությամբ փոխարինվել են այլ իմաստներով, բայց արտաքին հնչյունական կազմից ենթադրվում են նրանց ծագումը, ինպես, օրինակ, բամփ (բօմփ) բնաձ. «հարվածելու, պայթյունի ձայն» բառը ծագմամբ զուգահեռվում է հ.-ե. *baba- «կոհակ, ուռուցք» բառին, որից վկայվում է միայն «ձայն» հասկացությունը (այլև՝ բոմփել): Հայտնի է նաև այն, որ, օրինակ, օռվէլ, օռուսկ, օռէլ բառերը «ուռչել» հասկացությունը կրել են *or-n- (*er- «շարժել, բարձրացնել») հիմքից:
Մենք վերևում ակնարկեցինք բըխբըխօտէլ , պո̈ւլ բառերի հ.-ե. հիմքից հնարավոր ծագման մասին: Սակայն ի մի բերելով բարբառախմբի տվյալները՝ ենթադրում ենք, որ *bhel- «փչել, ուռչել» արմատից բարբառախումբը ձևիմաստային փոփոխություններով ու տարբերակներով շատ հասկացություններ է պահպանել, ինչպես՝պըլիթիլ || պիլիթիլ (*b(h)lē— (-t աճականով)) «ուռչել, այտուցվել, կլորանալ, ուռուցիկ դառնալ» (հմմտ.՝ բլիթ), պըղօճ || պըղօրճ (*b(հ)(e)l- (-օճ ածանցով)) «1. բզեզ, 2. պատիճավոր միջատ (առհասարակ)» պուլիգ (*b(հ)ul- (-իկ ածանցով)) «կավե փոքրիկ աման, պուլիկ» (հմմտ. պիլօ̈րնիկ «ձեթի՝ յուղի կավե փոքր աման»), պուպու (*b(հ)(e)u- (բառակրկնությամբ` առանց l-ի)) «1. հասնելուց հետո կանաչ կեղևից անջատված ընկույզ», պուպուլ «ամորձիք» (*b(հ)ul-(բառակրկնությամբ)):
Այս շարքում վերապահությամբ դնում ենք մի քանի բառեր, որոնց տվյալները առկախ են թողնում ծագումնաբանական որոշ հարցեր՝ պուպուզ «ծնկները ծալած և ոտքերի վրա հենված, պպզած» (> «կլորանալ» իմաստից՝ (*b(հ)u- (k’- աճականո՞վ)), փըմփըխէլ || փըմփըռնէլ «ուռչել, տռզել, գիրանալ» (*bhel- > ?), այստեղից՝ փըմփըռնօտէլ — «1. ուռչել 3. փոխ. գոռոզանալ» (բարբառախումբն առանձին ունի փըքվէլ > փուքս՝ *phu- «փչել», փըքփըքօտէլ «մորթը այրվելուց տեղ-տեղ ուռչել, փուքեր տալ»), չըռվէլ բառի բարբառախմբի իմաստներն են «չառ հիվանդություն ստանալ, 2. ուռչել, 3. կպչել, ձուլվել, միանալ, 4. մարդու վերջնամասերը ծռվել, փայտանալ» (թ>չ?):
Այս աշխատանքից դուրս են մնացել «ուռչել» հասկացությունն արտահայտող այն բոլոր միավորները, որոնք այլ կազմությունների փոխաբերումից կամ հարադրումից են ձևավորվել, ինչպես յըէր քըցիլ «ուռչել» և այլն;
Այսպիսով՝ նկատում ենք, որ Սյունիք-Արցախ բարբառախմբի բառապաշարի «ուռչել» հասկացությունն արտահայտող բառերի մեծ մասը աղերսներ ունի հնդեվրոպական լեզվաընտանիքի ժառանգության հետ: Ժամանակի ընթացքում դրանք տարբեր փոփոխությունների են ենթարկվել արտաքին և ներքին շփումների, փոխազդեցությունների հետևանքով: Այդուհանդերձ, առանձնացված և հնդեվրոպական առնչակցություններ ընդգծող տվյալները վկայում են, որ Սյունիք-Արցախ բարբառը հազարամյակներ շարունակ ապրել և գոյատևել է բնօրրանում, պահպանել է հատկապես բառային այն շերտը, որով հանդերձ ձևավորվել և կազմավորվել է ոչ միայն հայերենի ամենամեծ բարբառախումբը, այլև հայ ժողովրդի շուրջ վեց հազար և գուցե ավելի տարիք ունեցող մշակույթը, որ չի խամրել ու խաթարվել բազմաթիվ ցեղերի ասպատակություններից:
Kumunts. Indo-European concept “swell” in Syunik-ARtsakh dialectal vocabulary —
In Syunik-Artsakh dialectal vocabulary there are many words that have Indo-European relations in their shape and meaning. In this sense it is interesting the concept “swell”.
This words originated from Indo-European bases *bhēl-, *ders-, *tǝu-, that have dialectal examples բըխբըխօտէլ (bykhbykhotel), պո̈ւլօ̈րէլ (pulorel), տըռըզ (tyryz), տէռ (ter), տըրաքէլ (traqel), etc. The etymological experiment of these words in the work is done by dividing the semantic-phonetic features.
The presence of Indo-European words in the vocabulary indicates that Syunik-Artsakh dialect has existed in the area for about five thousand years and is considered one of the largest dialects in the region.
М. Кумунц. Индоевропейское концепция «распухать» в лексике Сюникской-Арцахского диалекта — В лексике Сюникско-Арцахских диалектов много слов, имеющих индоевропейские отношения по форме и значению. В этом смысле особый интерес представляет группа слов, выражающая понятие «распухать».
В основном они происходят от индоевропейских корней * bhēl-, * ders-, * tǝu-: их диалектные примеры բըխբըխօտէլ (быхбыхотэл), պո̈ւլօ̈րէլ (пюлорел), տըռըզ (тыр’ыз), տէռ (тер’), տըրաքէլ (тыракел) и т. д.
В данном исследовании этимологический эксперимент с этими словами проводится путем разделения семантико-фонетических признаков.
Наличие индоевропейских слов в лексике доказывает, что сюникско-арцахский диалект существует на нынешней территории около пяти тысяч лет и считается одним из крупнейших диалектов в регионе.
Գրականություն
Խանզադյան Ս., Մատյան եղելությանց, «Հայաստան» հրատ., Ե., 1966:
Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հատ. 4, Հայկական ՍՍՌ պետ. Հրատ., Ե., 1945:
Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, II. band, “A. Francke”, Bern, 1959.
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Ե. 2010:
https://sanskritdictionary.org/tava.
[1] ՀՍԲ, էջ 115:
[2] Խանզադյան Ս., Մատյան եղելությանց, «Հայաստան» հրատ., Երևան, 1966, Էջ 14:
[3] Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հատ. 4, Հայկական ՍՍՌ պետ. Հրատ., Երևան, 1945, էջ 414:
[4] Աղայան, ԲՍՀ, էջ 141-143:
[5] Աղայան, ԲՍՀ, էջ 149:
[6] Աղայան, ԲՍՀ, էջ 141:
[7] Աղայան, ԲՍՀ, էջ 149:
[8] Pokorny, p. 1080.
[9] WP. I 706, Pokorny, p. 1080-1085.
[10] Սանսկրիտի ձևիմաստները տե՛ս՝ https://sanskritdictionary.org/tava.
[11] Pok.IEW 1, p. 1080, էջ ՀՍԲ, էջ 267:
[12] ՀԱԲ II, 186-187:
[13] Արդյո՞ք առնչություն ունի թես (թեայ) «վախկոտ» բառի հետ, որ Գ. Ջահուկյանը նշում է անհայտ ծագմամբ բառերի շարքում (ՀՍԲ, էջ 264):
[14] Դրանք բազմաթիվ են, և բոլորը կարելի է տեսնել Սյունիք-Արցախ բարբառախմբին վերաբերող բառարաններում, մասնավորապես՝ ՂԲԲ, ՀԳԲ, Մարգարյան ԳԲ:
[15] Ձևով նման և իմաստով մոտ տէգյ «տիկ» բառը (տէգ շինիլ «ուռցնել, փքել») բխեցվում է «այծ» (*dig-) իմաստից, հմմտ.՝ տըկըզէլ «ուռչել, տկռել»:
[16] ՀՍԲ, էջ 286:
[17] Գ. Ջահուկյանը հնարավոր է համարում իրանական ծագումը ( ՀՍԲ, էջ 725):