Գրիշա Մանուչարյան
Տիգրան Գրիգորյան
Իշխանասար լեռան լանջին
Կա մի լճակ գեղեցկատես,
Հատակը՝ սեղմ, ինքն՝ անչափ ջինջ,
Հսկայակա՜ն ձագարի պես:
Նրա շուրջը ծաղկունքի ծով
Ու զով բուրմունք է ո՜ղջ ամառ…
Զեփյուռաշունչ ալիքներով
Նա հովիտն է պահում դալար:
Ինքը՝ լազուր, շուրջը՝ ատլաս,
Ինչպես շրջած կապույտ վրան,
Կարծես երկնից պոկված մի մաս
Ընկել է այդ լեռան վրա:
Դարեր ի վեր այդ լիճը մով
Զովացրել է սարվորին,
Գառ ու մաքի ջրել սիրով
Ամառային շոգ կեսօրին:
Բայց լիճը չէ, որ ինձ գերել,
Խռովել է հոգիս խաղաղ,
Մի կսկիծ է ինձ պարուրել՝
Մի պատմություն արցունքաշաղ:
Ձեզ կպատմեմ ես այն մասին,
Թե ինչու՞ է կոչվել նա Սև,
Երբ դարերով շողը լույսի
Մինչև լճի խորքն է հասել…
* * *
Երկու ջահել իրար տեսան,
Իրար անկեղծ սիրեցին…
Աղջիկն ասես՝ սարի շուշան,
Տղան՝ բարդի սլացիկ:
Հանդիպում էր ամեն գիշեր
Սիրած զույգը լճափին,
Բերում իրար գգվա՜նք ու սեր,
Ինչպես գարունն ու արփին:
Բայց հրճվանքն էլ ունի սահման,
Նրա հետ է վիշտն արթուն,
Այնպես, ինչպես լույս ցերեկվան
Միշտ գիշերն է հաջորդում:
Երբ աղջկա հայրն իմացավ
Սիրո մասին այդ զույգի,
Մի իսկական դահիճ դարձավ՝
Անզգա ու անհոգի…
Ու «անպատկառ» իր աղջկան
Այնքան ծեծեց զայրույթից,
Որ մեծացավ այդ լիճն անգամ
Նրա թափած արցունքից:
Հետո նետեց մի մութ վրան,
Ինչպես ժայռի մի խոռոչ,
Որ սպանի սերը նրա՝
Դեռ չծաղկած, դեռ բողբոջ:
– Հարու՛ստ մարդու պիտի գնաս, –
Թնդաց հոր ձայնը դաժան, –
Ի՞նչ ես կպել խեղճ ու տհաս
Էդ հովիվին անարժան…
* * *
Բայց աղջկա սերը մաքուր
Զորանում էր ինքնակամ,
Ինչպես պարարտ հողի գրկում
Սերմն է աճում ժամ առ ժամ:
Մինչդեռ տղան, գիշեր ու զօր,
Ընկճված ու թևաթափ՝
Տվայտում էր մտամոլոր,
Մտքով հասնում ափից ափ:
Տեսնում նրան՝ անօգ տեսքով.
Դեմքը՝ մռայլ, աչքը՝ թաց,
Գութ չունեցող իր հոր կամքով
Եղնիկի պես վանդակված:
Լճի ափին նստում էր նա
Ու տարվում իր սրինգով
Եվ մոռանում վիշտը մի պահ
Իր սրտառուչ նվագով:
Բայց աղջիկը չէ՛ր երևում,
Ասես երբե՜ք չէր եղել…
Խեղճն այն ափին՝ սերը սրտում,
Ծով արցունք էր հեղեղել:
Երբ տղայի ցավն անհատնում
Խորանում է օրեցօր,
Մի գիշեր էլ տղան տրտում
Լիճն է մտնում խենթօրոր:
Ու լողալով ուզում է նա
Հասնել ափը դիմացի,
Ուր աղջիկն էր այրվում մենակ՝
Առանց ծխի ու բոցի:
Բայց կենտրոնում այդ լճակի
Խորասուզվեց խեղճ տղան,
Առանց թաղման ու թափորի
Լիճը դարձավ գերեզման…
* * *
Հենց ի կսկիծ այս պատմության՝
Անվանեցին նրան «Սև լիճ»,
Անունն՝ ինչպես գույնը մահվան,
Ինքը՝ հովվի սիրո պես ջինջ:
Իսկ որ լճի ջուրն աղահամ
Չի՛ քաղցրանում դար ու դարեր,
Այդ արցունքն է այն աղջկա
Լճում աղի շերտեր թողել:
Եվ սրինգն են գտել մի տեղ՝
Հեռու՜- հեռու մի գյուղակում,
Ասում են թե՝ երկար ու նեղ
Անցք է բացված լճի խորքում:
Երբ կեսօրին ամառային
Մաքիներն են ջրի վազում,
Ասես՝ փնտրում են տղային,
Որին աղջիկն է դեռ սպասում…