Ա. Ընդհանուր տեղեկություններ
Առաջաձոր գյուղը գտնվում է Սյունիքի պատմական Բաղք գավառում՝ Աճանան գետի միջին հոսանքի աջափնյա հատվածում: Այն ամփոփվում է Բարգուշատի լեռնաշղթայի կենտրոնական մասերում սփռված ոչ բարձրադիր լեռնաբազուկներից մեկի արևելյան լանջին: Ներկայիս Կապան մարզկենտրոնից գտնվում է ուղիղ գծով 6,8 կմ դեպի հյուսիս-արևմուտք հեռավորության վրա: Գյուղի տարածքը երեք կողմից սահմանազատված է գետակներով. հյուսիսից Խլաթաղ գետակով, հարավից Զալին գետակով, արևելքից՝ Թփասարից սկիզբ առնող Աճանան գետով, որի վրա ժամանակին շուրջ 30 ջրաղաց էր կառուցված: Այս վերջինը գարնան ամիսներին պարբերաբար մեծ վնաս է հասցնում տեղացիներին՝ ոչնչացնելով ափամերձ այգիները, արտերը և շինությունները:
Մշակովի հողերի տեսանկյունից գյուղը բավական աղքատ է, ինչը այդպես չէ արոտավայրերի մասով, և հենց այդ պատճառով առաջաձորցիները իրենց գոյությունը ավելի հաճախ կապում էին անասնապահության և արհեստների հետ: Գյուղացիները նախկինում ակտիվ առևտուր (բնամթերային) էին անում Մեղրիի ու Նախիջևանի շուկաներում: Տարածաշրջանում մեծ համբավ ուներ Առաջաձորի ձեռագործ կտավը, որը մեծ քանակով գնվում և վերավաճառվում էր նույնիսկ Շուշիի հայ վաճառականների կողմից: Տղամարդկանց մեծ մասը արհեստավոր էր, չնայած դրան՝ ձմռան ամիսներին շատերը գնում էին Կապանի պղնձի հանքեր՝ աշխատելու: Առաջաձորընշանավոր Մելիք-Ստեփանյանների բնօրրանն է:
Նախքան Մելիք-Ստեփանյանների կողմից Առաջաձորի հողերին տիրելը դրանք պատկանում էին Շաֆիև (կամ՝ Շաֆրիեվ)[1] բեգերին[2]: XIX դարի կեսերից սկսած Առաջաձորի հողերի և ընդհանրապես Աճանանի գետահովտի հողերի մեծ մասը տնտեսվարման շնորհիվ և պարտքի դիմաց անցնում է Անդրեաս Մելիք-Ստեփանյանին: Զգալի հողեր նա վերցնում է թուրքերից (թյուրքացած քրդերից՝ Ս.Ջ.), ինչը առաջացնում է վերջիններիս թշնամանքը[3]: Հետագայում, երբ Անդրեյ Մելիք-Ստեփանյանը սպանվում է քրդերի կողմից, Շաֆրիևները փորձում են խլել վերջինիս տիրույթները, սակայն դա նրանց չի հաջողվում[4]:
1860-ական թվականներից գյուղը ունեցել է դպրոց (այն ժամանակ կոչվում էր ուսումնարան), որը գործել է մինչև 1877 թվականը: Այդտեղ հաճախում էին ոչ միայն Առաջաձորի երեխաները, այլև շրջակա գյուղերից՝ Նորաշենիկից, Շրվենանցից, Խոտանանից, Խլաթաղից, Բեխից, Կավարտից և այլ գյուղերից[5]: Հետագայում՝ 1896 թվականին, դպրոցը վերաբացվում է: Առաջաձորի, ինչպես և այդ ժամանակաշրջանի շատ հայկական գյուղերի գրեթե բոլոր ընտանիքները պանդխտության մեջ երիտասարդներ ունեին:
Բ. Հիշատակումները
Գյուղի տարածքը՝ որպես բնակատեղի, բավական հին է. գյուղամիջում է գտնվում X-XVIII դարերի գերեզմանոցը, 1430 թվականին կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցին (որը 1883 թվականին վերանորոգվել է գյուղացու կողմից), 1 կմ արևմուտք՝ միջնադարյան Կռապաշտ գյուղատեղին, այլ նյութական մշակույթային արժեքներ[6]: Չնայած դրան՝ գյուղը Ստեփանոս Օրբելյանի XIII դարի Տաթևին հարկատու գյուղերի ցանկում չի հիշատակվում (համենայն դեպս ներկայիս անվամբ): Պատմաբան Գ. Սմբատյանը տեսակետ է հայտնել, համաձայն որի այն կարող է նույնացվել Բաղք գավառի Արձանաձոր գյուղի հետ[7]. «Արձանաձորը ցուցակում հարևան է Շեքքսին, Տորթնիին, Խոտանանին, Նորաշինիկին, Հյունյաց Ձորին: Չի բացառվում, որ Արձանաձորն էլ ժամանակի ընթացքում դարձել է Առաջաձոր: Արձանաձոր անունը հաստատող նյութական մշակույթի անուններ ունենք: Սերգեյ Հակոբյանի վկայությամբ՝ գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ժամանակ գյուղի տարածքում հայտնաբերվել են «ղոչ[8] քարեր», հենասյուների խոյակներ, իսկ Շբանանց կոչվող գետափնյա արտում՝ մարդու (գուցե կուռքի) կիսանդրի: Ցավոք դրանք վաղուց անհետացել են»[9],- գրում է Գ. Սմբատյանը: Նույնացման այլ փորձ է արել Ա. Ղարագյոզյանը.ըստ նրա Առաջաձորի գերեզմանատան տարածքը համապատասխանում է Օրբելյանի հիշատակած Պարքոն, ներկայիս դպրոցի շրջակայքում առկա Կռապաշտ բնակավայրը՝ Բարերվայր, իսկ Առաջաձորը՝ Պարքոն մյուս գյուղերին[10]: Բարերվայրի և Պարքոնի մասով անվանի պատմաբանը որոշակի հիմնավորումներ է առաջ քաշում, իսկ Առաջաձոր-Պարքոն Մյուսի մասով՝ ոչ:
Փաստացի գյուղը առաջին անգամ հիշատակվել է Տաթևի նոր հարկացուցում՝ Քյոթուկում (1781թ.)՝ որպես Աճանան գավառի գյուղ՝ Առչածոր անվամբ[11]: Ուշ միջնադարի վերջում մենք արդեն տեսնում ենք Կապանի տարածաշրջանի այլ վարչական բաժանում՝ Գեղվաձոր, Բաղաբերդ, Մացրա, Աճանան, Գիլաբերդ, Մաղանջուղ, Բարգուշատ[12]:
Գ. Ծագումնաբանական վարկած
Առաջաձորի բնակչության թվի վիճակագրությունը հետևյալն է.
1832 |
1842 |
1859 |
1873 |
1886 |
1897 |
1907 |
1926 |
1939 |
1959 |
1970 |
1979 |
2001 |
2004 |
2011 |
68 |
95 |
136 |
327 |
510 |
627 |
742 |
561 |
575 |
351 |
316 |
202 |
208 |
163 |
147 |
Համաձայն Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի՝ Առաջաձորի բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-1770-ին), Գողթնից (1805-1806-ին), Ղարադաղից (1829-ին)[13]: Գրեթե նույն տեղեկատվությունն է տալիս Հայկական սովետական հանրագիտարանը՝ բնակիչների նախնիների մի մասը եկել է Լեռնային Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-1770-ին), Գողթանից (1805-1806-ին), Սեբաստիայից (1830-ին) և Պարսկաստանից՝ (1838-ին)[14]: Կարծես թե այս երկու հեղինակավոր աղբյուրների արտահայտած գրեթե նույն տեսակետը՝ գյուղի բնակիչների ծագման վերաբերյալ, պետք է սահմանափակեր բոլոր հարցերը այս մասով,սակայն XIX դարի երկրորդ կեսի պարբերականներից մեկում հանդիպում ենք Առաջաձորի բնակիչների ծագման վերաբերյալ այլ տեղեկատվություն, որը կարող է նոր լույս սփռել գյուղի պատմության վրա:
Նշված տեղեկատվությունը կամ հոդվածը հրապարակվել էր Նոր-Դար պարբերականի 1887 թվականի թիվ 117 համարում[15]: Համաձայն այդ հոդվածի՝ Առաջաձորի հիմնադիրը եղել է Սև Երեց անունով քահանան: Վերջինս կնոջ մահից հետո վերցնում է իր համագյուղացի մի օրիորդի ու փախչում է Գանձակի գավառի Գետաշեն գյուղից Ղարաբաղ: Սակայն իր պապերից նա իմացել էր, որ իրենք նախկինում գաղթել էին Ղափանից, ուստի որոշեց թողնել Ղարաբաղը և գնալ իր պապերի երկիր՝ Սյունիք: Գալով Սյունիք՝ նա բնակության տեղ է ընտրում ուխտատեղ համարվող Սբ. Ստեփանոս եկեղեցու շրջակայքը և, իմանալով, որ առաջ այդ եկեղեցու մոտ եղել է Առաջաձոր անունով գյուղը՝ նոր գյուղին նույն անունն է տալիս: Սև Երեցը ուներ հինգ որդի, որոնց անուններն են՝ Ուհան (Օհան), Ղուկաս, Հայրապետը, Հովհաննեսը և Վարդանը: Առաջաձորցիները, բացի մի քանի տնից, որոնք գաղթել են Ղարաբաղից, բոլորն էլ Սև Երեցի թոռներն ու ծոռներն են: Նշված տեղեկությունները հոդվածագիր Վարդանանց Ակիին պատմել է Սև Երեցի կրտսեր որդի Վարդանը, ով այդ ժամանակ, ըստ հոդվածագրի, մոտ հարյուր տարեկան էր[16]:
Փորձենք քննել հոդվածում ներկայացված տեղեկությունները: Տարեց Վարդանի պատմած պատմությունը իր ընտանիքի պատմությունն է և պատմական առումով ոչ վաղ անցյալից է: Սև Երեցի որդիների ինքնությունը կամ նման անձանց գոյության փաստը պարզելու նպատակով մենք դիմել ենք կամերալ նկարագրության մատյաններին: Մեծ դժվարություն չէր այս գերդաստանի ներկայացուցիչներին ու սերունդներին կամերալ նկարագրության մատյաններում գտնելը, նույնիսկ հիշյալ դեպքերից 60-70 տարի հետո: 1832-1833թթ. մատյանում մենք տեսնում ենք Ղուկաս Հայրապետի Ղուկասովին (34տ.), Հովհաննես Հայրապետի Ղուկասովին (60տ.): Դժվարություն չէր նաև հոդվածագրին այս պատմությունը պատմող ծերունի Վարդանին նույնականացնելը: Հոդվածի տարեթվից մեկ տարի առաջ՝ 1886 թվականին, կազմվել է հերթական կամերալ մատյանը: Գյուղի ամենատարեցը 83 տարեկան Վարդան Հովհաննեսի Հովհաննեսովն էր, ով Հովհաննես Հայրապետի Ղուկասովի ավագ որդին էր և երկար տարիներ եղել է Առջաձորի տանուտերը: Փաստորեն՝ Վարդանը ոչ թե Սև Երեցի կրտսեր որդին էր, այլ ավագ թոռը: Հետևելով 1832-1886 թթ. ժամանակահատվածում ընտանիքների և գերդաստանների պատմություններին՝ հաստատվում է նաև այն, որ գյուղի ընտանիքների զգալի մասը սերվել են Սև Երեցի որդիներից:
Ուշադրություն դարձնենք հոդվածում նշված ևս մեկ էական հանգամանքի. գալով Սյունիք՝ Սև Երեցը բնակության տեղ է ընտրում ուխտատեղ համարվող Սբ. Ստեփանոս եկեղեցու շրջակայքը և իմանալով, որ առաջ այդ եկեղեցու մոտ եղել է Առաջաձոր անունով գյուղը՝ նոր գյուղին նույն անունն է տալիս: Սրանով հոդվածագիրը հերքում է գյուղի անվանումը Արցախի նույնանուն գյուղից ծագելու տեսակետը: Նշվածը հերքվում է նաև այլ փաստերով. Բարգուշատի լեռների Առաջաձորից հյուսիս ընկած անտառապատ լեռնաշղթան, որը ձգվում է մինչև Քաշունի գետը, կոչվում է Առջաձորի լեռներ[17]: Գաղթականները կարող էին նոր բնակավայրին տալ իրենց հին բնակավայրի անվանումը, սակայն մերձակա լեռներին, որի փեշերին գտնվում են ավելի հին և նշանավոր գյուղեր (Խոտանան, Տանձավեր, Նորաշենիկ)՝ անհավանական է: Այս կարծիքի օգտին է նաև տեղանունների բառարանում նշված այն փաստը, որ Առաջաձորի բնակիչների նախնիների մի մասը բնիկ է:
Ուշագրավ է, որ Առաջաձորը միակ գյուղը չէ Կապանի տարածաշրջանում, որ բնակիչներ է ընդունել Հյուսիսային Արցախի նշանավոր Գետաշեն գյուղից. Արցախյան պատերազմի տարիներին գետաշենցիներով է բնակեցվել նաև Աճանանի հովտի պատմական Եղինգն-Եղեգ գյուղը:
Դ. Տեղանվան տուգաբանական վարկած
Գյուղը առաջին անգամ (1781թ.) հիշատակվել է Առչածոր անվամբ (արջի ձոր), Կապանի բարբառով`Ըռչածօ̈ր: 1832-1886 թվերիկամերալ նկարագրության մատյաններում գյուղը նշված է Արջազուր անվամբ[18]: Այստեղ հարց է ծագում. եթե Կապանի Արջաձոր գյուղանունը կապվում է Արցախի Առաջաձորի հետ, ի՞նչու հիմնադրումից ավելի քան մեկ դար այն կոչվում էր Առջաձոր և ոչ թե Առաջաձոր: Ինչևէ, կամերալ նկարագրություններում նշված Արջազուր տարբերակը Արջաձորի այլափոխված, օտարահունչ անվանումն է: Ձոր>զուր փոխակերպումը հաճախակի է հանդիպում հայկական տեղանուններում, օր.՝ Ձագեզոր>Զանգեզուր, Աղավնաձոր > Այնազուր: Տվյալ դեպքում դժվարանում ենք ասել՝ ձոր>զուր փոխակերպումը թյուրքերեն աղավաղում է,թե՝ ռուսերեն, կամ ավելի կոնկրետ` հարմարեցում իրենց արտասանությանը, քանի որ այդ երկու լեզվի կրողներն էլ չեն կարող արտասանել [ձոր] բառարմատը: Կամերալ մատյանների վարումը ռուսական տեղական իշխանությունների գործառույթներից էր: Անվանափոխումները ու աղավաղումները իրականացվում էին մեթոդաբար և անընդհատ, հատկապես Արևելյան Հայաստանի Ռուսական նվաճումից հետո, ինչը պարզորոշ երևում էր թե՛ցարական պաշտոնյաների գրագրություններում հայկական տեղանունների աստիճանական աղավաղումներից, թե՛ այդ տարիներին իշխանությունների կողմից հրատարակվող քարտեզներից: Հայկական տեղանունները թյուրքական հնչեղությամբ գրանցելը դարձել էր ռուսական իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն: Շատ դեպքերում զուտ հայաբնակ գյուղերը և հայկական տեղանունները այնպիսի անուններով էին գրանցվում, որոնք որ երբևէ չեն կիրառվել ոչ միայն տարածքի հայկական բնակիչների, այլև՝ նույնիսկ հարևան թյուրքալեզու բնակչության կողմից, օրինակ՝ Շիկահող-Շիխավուզ[19], Շրվենանց-Դայմադաղլու[20], Աղահորդ (Եղվարդ)-Աղավուրտ[21]: Այս շարքի մեջ ներառվում է նաևԱրջաձոր-Արջազուրը: Ընդ որում նշված գյուղերից ոչ մեկում երբևէ թուրք կամ քուրդ չի բնակվել:
19-րդ դարի վերջից սկսած արդեն սկսում ենք հանդիպել Առաջաձոր-Յառաջաձոր տարբերակը, մասնավորապես՝ պարբերական մամուլում[22]:Հնարավոր է այստեղ գործ ունենք կամայական աղավաղման հետ, և այդ երկրորդ [ա]-ն ավելացվել է պաշտոնական տարբերակներում ավելի «հաճելի» հնչեղություն ստանալու համար: Ցավոք նման այլ օրինակներ մեր տեղանունների ձևավորման գործընթացում կան՝ Շեկք- Շհարջիկ — Շղարշիկ, Խողվանի-Աղվանի, Խոնածախ-Խանածախ-Խնածախ, Բեխևվերջ – Բաղաբուրջ, Եղինկն- Եղինգեան -Եղեգ: Ժողովրդական-բարբառային տարբերակի (Ըռչածօ̈ր) վրա բնականաբար այդ արհեստական փոփոխությունը չի ազդել: Այստեղմենք գործունենք Կապանի բարբառին բնորոշ ա>ը անցման հետ՝ արջի ձոր>ըռչածօ̈ր, արջի բուն>ըռչապո̈ւն, տեղանուններում՝ Արծվանիկ>Ըռցվանէգ, Աչախլուի>Ըչխլվա, Արկանի Ձոր>Ըրկէնաց, Ագարակ>Հըկէրակ:
Հարցի վերաբերյալ չենք հավակնում սպառիչ խոսք ասել, սակայն մեր կարծիքով գյուղանվան առաջին հիշատակումները կապված են [արջ] բառարմատի հետ, որը հետագայում աղավաղվել է: [Արջ] բառարմատը բավական հաճախակի է հանդիպում Հայկական տեղանունների մեջ. միայն տեղանունների բառարանում նշված է ավելի քան 40 այդպիսի տեղանուն[23]: Հատկանշական է, որ Կապանի բնաշխարհում հենց ամենից հաճախակի արջեր կարելի է այս վայրերում հանդիպել՝ Առաջաձորից հարավ և արևելք ընկած լեռներից մինչև Թփասար ընկած հատվածում:
[1]Շաֆրիև կամ Մելիք-Շաֆրիև գերդաստանի ամենահայտնի ներկայացուցիչը օխչեցի Հաջի Բեկն էր (Հաջի աղա): Նա Վերին Ձորի (Ձորքի) թուրքերի անվերապահ առաջնորդն ու գաղափարախոսն էր՝ անթաքույց հայատյաց: Ուներ եվրոպական կրթություն, հանդիսանում էր նաև Շարուր-Դարալագյազի գավառային գրասենյակի քարտուղար: Նա ֆինանսական զգալի միջոցներ էր կուտակել առևտրի շնորհիվ և Վերին Ձորում գնել, գրավել կամ սեփականացրել էր հողեր, արոտավայրեր, անտառներ: Հաջի Բեկը Վերին Ձորի ինքնակոչ ոստիկանապետն էր ու դատավորը:Սպանվել է 1906-ին հայ-թաթարական ընդհարումների օրերին դաշնակցական Պետոյի կողմից Ողջիի աջ ափին՝ Տանձունլենջի մոտ (Սմբատյան Գ., Սյունիքը փորձության մեջ, հայ-թաթարական բախումները, Անտարես, Երևան, 2017, էջ 321, 327-328):
[2]Նոր-Դար, Թիֆլիս, 1890, 16 հունիս, N81, նաև՝ Նոր-Դար,Թիֆլիս, 1887, N117:
[3]Սմբատյան 2017, էջ 47:
[4]Նոր-Դար, Թիֆլիս, 1890, 16 հունիս, N81:
[5]Նոր-Դար, Թիֆլիս, 1887, N117:
[6]Առաջաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ, Հայաստանի կառավարության որոշում N 2322-Ն, 29 դեկտեմբեր, 2005:
[7]Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի Պատմություն, Սովետական գրող, Երևան, 1986, էջ 400:
[8]Ղոչ – խոյ:
[9]Սմբատյան Գ., Սյունիք. Պատմություն և հիշողություն, Անտարես, Երևան, 2019, էջ 142-143:
[10]Ղարագյոզյան Ա., Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառների մի շարք բնակավայրերի տեղադրության շուրջը, Բանբեր Երևանի Համալսարանի, 1978, N3, էջ 196:
[11]Մատենադարան, ձեռագիր N6271, էջ 677:
[12]Մատենադարան, ձեռագիր N6271, էջ 676-678:
[13]Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ս. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1986, էջ 319:
[14]Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 1975, Էջ 526:
[15]Նոր-Դար, Թիֆլիս, 1887, N117:
[16]Նոր-Դար, Թիֆլիս, 1887, N117:
[17]Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 1, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1986, էջ 319:
[18]Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի Արջազուր գյուղի կամերալ նկարագրություն,Մանուկյան Գ., Սաֆարյան Ս., Կապան, Դավիթ Թագավոր ՍՊԸ տպարան, Երևան, 2013, էջ 112-127:
[19]Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի Շիխավուզ գյուղի կամերալ նկարագրություն, Մանուկյան Գ. Սաֆարյան Ս., Կապան, Դավիթ Թագավոր ՍՊԸ տպարան, Երևան, 2013, էջ 410-448:
[20]Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի Դայմադաղլու գյուղի կամերալ նկարագրություն, Մանուկյան Գ. Սաֆարյան Ս., Կապան, Դավիթ Թագավոր ՍՊԸ տպարան, Երևան, 2013, էջ 274-287:
[21]Ղարաբաղի պրովինցիայի Շուշիի գավառի Մեղրու գավառակի Աղավուրտ գյուղի կամերալ նկարագրություն, Մանուկյան Գ. Սաֆարյան Ս., Կապան, Դավիթ Թագավոր ՍՊԸ տպարան, Երևան, 2013, էջ 88-112:
[22]Նոր-Դար 1887 N114, 1890 N81, N119, Յառաջ 1906 N7:
[23]20-րդ դարի սկզբին Քաշունի գետի ձախ ափին հիմնվել է Նոր Առաջաձոր գյուղը, որի բնակիչները եկել են Առաջաձորից: 1926 թ-ին ուներ 71 մարդ բնակչություն: Գյուղը ներառվել է Գորիսի շրջանի մեջ:1960-ականներից աստիճանաբար լքվել է: Ներկայումս մեկ ընտանիք է ապրում: