Բղենը պատմական Սյունիքի քիչ հայտնի գավառներից էր, որի վերաբերյալ հատուկենտ տեղեկություններ է հաղորդում Ստ. Օրբելյանը: Բղեն գավառը չի հիշատակվում ըստ «Աշխարհացոյցի» Սյունյաց աշխարհի 12 գավառների շարքում: Որպես առանձին գավառ այն նշված չէ նաև Ստ. Օրբելյանի երկում նշված Սյունիքի գավառների ցանկում: Այն առաջացել է ավատատիրական հարաբերությունների հետագա խորացման և Սյունի իշխանական տոհմից առանձին ավատական իշխանությունների առաջացման հետևանքով: Այս առիթով Ս. Երեմյանը գրում է, որ «…յուրաքանչյուր գավառ համապատասխանում էր որոշ օրոգրաֆիկ միավորին-դա մի ինքնամփոփ հովիտ, լեռնադաշտ, կամ ձոր էր, սակայն քաղաքական տեսակետից տրոհված էր և մտնում էր տարբեր ֆեոդալական իշխանությունների սահմանները: Ժամանակի ընթացքում նման գավառի տարբեր մասերը հաճախ ստանում էին առանձին անուններ[1]: Իսկապես, Սյունիքում հենց այսպիսի գավառներից էին Այլախը, Բղենը:
Բղեն գավառի տեղադրության վերաբերյալ ուսումնասիրողները հայտնել են տարբեր տեսակետներ: Ինճիճյանը, անդադառնալով Որոտն և Բղեն բերդերի տեղադրության հարցին, գրում է. «Թուին լինել ի Բաղաց գաւառի…»[2]: Գ. Սարգսյանը, համամիտ լինելով Ինճիճյանի տեսակետին, գտնում է, որ Բղեն բերդը գտնվել է Որոտան գետի աջ ափին՝ Գորիսի գետակի խառնարանի մոտակայքում, իսկ. «Բղեն գավառը գտնվում է Որոտնա գետի միջին հոսանքում և … Բաղքի հյուսիսային մասում»[3]: Թ. Հակոբյանը նույնպես կարծում է, որ Բղեն բերդը գտնվել է Որոտն և Բարգուշատ գետերի միջև, իսկ գավառը` Բաղքի, Ծղուկի, Հաբանդի և Քաշունիքի սահմանագլխին՝ համապատասխանելով Բաղքի հյուսիսային մասին[4]:
Ղ. Ալիշանը գրում է, որ «Ոչ ուրեք այլ յիշի գաւառ յայս անուն, այլ գեօղ մի ի Հաբանդ գաւառի, և Բղենոյ բերդ, որոյ գաւառ ոչ նշանակի, յիշի Բղեն և այլ ուրեք ուրեք, սակայն դիրք դոցին ոչ ի միում վայրի թուին,զի ջուրն Բղենոյ թուի լինել հարաւագոյն եւս քան զտեղագրեալս վայր, իսկ Ջուրն Ձագեձորոյ որ ընդ մեջ սահմանաց Ծղկայ և Հաբանդու մերձ ինքեան ցուցանէ զԲղեն ընդ Բորոտնայ, ըստ որում զույգ յիշի և այլուր»[5]: Չնայած Ալիշանի այս տեսակետը բավականին անորոշ է, կարելի է եզրակացնել, որ նա Բղեն բերդը տեղադրում է Բորոտան բերդի մոտակայքում, Ծղուկ և Հաբանդ գավառների սահմանաններում: Մ. Հովհաննիսյանը, մերժելով Ինճիճյանի տեսակերը, հաշվի առնելով Բղեան անունով գյուղի առկայությունը Ծղուկում, գավառը նույնպես տեղադրում է Ծղուկում[6]: Ի տարբերություն վերոհիշյալ տեսակետների՝ Ս. Բարխուդարյանը գտնում է, որ Բղենը երբեմն մտել է Հաբանդ գավառի մեջ, իսկ երբեմն էլ կազմել է առանձին գավառ[7]: Գր. Գրիգորյանի կարծիքով Բղեն գավառը գտնվում էր Հաբանդի և Բաղքի միջնամասում[8]: Բղեն գավառի և համանուն բերդի տեղադրության հարցին ավելի հանգամանալի անրադարձել է Ա. Ղարագյոզյանը: Նրա կարծիքով Բղեն բերդը գտնվել է նախկին Ադրբ. ԽՍՀ Ղուբաթլուի շրջանի Սամար և Բախտիարլու գյուղերի հարավային մասում, Բարգուշատ գետի աջ ափին, Բորոտանը նույն շրջանի Դողար (Դավութլու) գյուղի մոտակայքում, նույնպես Բարգուշատ գետի աջ ափին[9], իսկ Բղեն գավառը ներառել է «ՀՍՍՀ Գորիսի շրջանի Բարձրավան, Շուռնուխ, ինչպես նաև Ադրբ. ՍՍՀ Ղուբաթլուի շրջանի Սեյթաս, Գեյարբաս, Ջիբուլլու, Գեյարջիկ, Թամիր Մուսկանլու, Գյուրջուլլու, Բախտիարլու գյուղերն իրենց շրջակայքով…և համապատասխանում է Հաբանդ գավառի հարավ-արևելյան մասին»[10]: Հիմնականում համամիտ լինելով Ա. Կարագյոզյանի կողմից Բղեն գավառի տեղադրությանը և հաշվի առնելով Հաբանդ գավառի հարավային սահմանների՝ Ալ. Հակոբյանի կողմից կատարված ճշտումներին` «Հաբանդի գիւղացանկն սկսւում է Աղբաթխէրտից շատ հեռու՝ Խնձորեսկի մերձակայքում (վերջինս 3-րդն է), շարունակւում դեպի Կոռնիձոր (Խորեայ, 7-րդ) եւ Տեղ (11-րդ), անցնում դէպի Խանածախ (տարբ. Խոնածախ, 16-րդ), Վաղաթու (տարբ. Վաղատու, 17-րդ) եւ Խորխոր (տարբ. Խորխոռ, 19-րդ), այդտեղից վերադառնում զոյգ Մակաղոցներով (Խնածախի գետակի վերնահովտում) ու Կարբինքներով (ներկայիս՝ Քարաշէն) դէպի Գորու (ներկայիս Հարթաշէնի մօտ), հասնում Հակարիի ափը (Բազմածակք — Մազմազակ եւ Քրաւնք — Քեօռլար), իջնում մինչեւ Որոտանի գետաբերանը, վերադառնում նրա ձախ ափով մինչեւ Գորայք ու Ձագաձոր, եւս մի շրջան կատարում Խոտ գիւղի գետակի ափերով եւ աւարտւում Շնոյհերք (Շնհեր — Շինուհայր) եւ Հալէ (Հալիձոր) գիւղերով»[11], այնուհանդերձ, մենք որոշ նկատառումներ ունենք այդ կապակցությամբ: Գտնում ենք, որ Բղեն գավառը զբաղեցրել է Որոտան և Քաշունի գետերի միջև ընկած տարածքը` ընդհուպ մինչև նրանց խառնարանը, և այս հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է ընդունել, որ նրա տարածքի մեջ են մտել ոչ միայն Հաբանդ գավառի հարավ-արևելյան, այլև Բաղքի և Քաշունիքի հյուսիսային հատվածների մի մասը: Որոշ ժամանակ նրա տարածքում էր գտնվում նաև Տաթևը իր շրջակայքով[12]: Որպես առանձին գավառ՝ սահմանակցում էր Բաղք, Ծղուկ, Հաբանդ և Քաշունիք գավառներին: Ա. Կարագյոզյանի կողմից կազմված Բղեն գավառի քարտեզում առկա է փոքրիկ անճշտություն: Նա Լալազարի կամուրջը տեղադրել է Բորոտան բերդից վերև[13], այնինչ իրականում կամուրջը գտնվում է Գորիս և Որոտան գետերի խառնարանից, այսինքն՝ Դողար (Դավութլու) գյուղից մի քանի կիլոմետր ներքև: Բացի այդ, Բղեն բերդի տեղադրության վերաբերյալ մենք ավելի հավանական ենք համարում Գ. Սարգսյանի տեսակետը, ըստ որի՝ Բղենը գտնվել է Գորիս և Որոտան գետերի խառնարանի մոտակայքում, նույն Դողար-Դավութլու գյուղի մերձակայքում` Որոտան գետի աջ ափին, այսինքն Բղեն բերդը կհամապատասխանի Ա. Կարագյոզյանի նշած Բորոտանին: Ինչ վերաբերվում է Բորոտանին, ապա, սկզբնական շրջանում գտնում էինք, որ այն համապատասխանում է Գորիսի նախկին շրջանի մեջ մտնող Էյվազլար գյուղի մոտակայքում, Որոտան գետի ձախ ափին և Գորիս գետակի աջ մասում` Ծակեր կոչվող վայրում, անմատչելի բարձունքի վրա գտնվող ամրոցի ավերակներին: Այն համապատասխանում է «Հայաստանի և հարակից շրջանների բառարանում» նշված Գյավուրկալա բերդին[14]: Սակայն, Ալ. Հակոբյանի հետ Բորոտանի տեղադրության հարցի քննարկումից հետո ավելի հակված ենք նրա տեսակետին, ըստ որի Բորոտանը համադրվում է Հակարի-Որոտան գետկիցից վերև ընկած Կարալար գյուղի հետ` իր միջնադարյան ամրոցով[15]:
Բորոտանի տեղադրությանը անդրադարձել է նաև Մ. Քումունցը, ով հնարավոր է համարում այդ բնակավայրը տեղադրումը Գորիս քաղաքից երկու կիլոմետր դեպի հյուսիս հեռավորության վրա գտնվող Կյուփեր հին բնակավայրի տեղում[16], եթե հետևում ենք Ս. Օրբելյանի՝ Տաթևին հարկատու գյուղերի դասավորությանը:
Մեր կարծիքով Բղեն գավառը առանձնացվել է 9-րդ դարի սկզբին, որպես իշխանական կալվածք: Այն առաջացել է ավատատիրական հարաբերությունների հետագա խորացման և Սյունի իշխանական տոհմից առանձին ավատական իշխանություննների առաջացման հետևանքով, որի առաջին իշխանը և Սյունի նոր իշխանական ճյուղի հիմնադիրը հանդիսանում է Փիլիպե I-ի կրտսեր որդի և Վասակ III-ի եղբայր Գրիգորը: Նա հիշատակվում է Սյունյաց եպիսկոպոս Դավիթ II-ի (840-857թթ) օրոք Վասակ III-ի որդի Փիլիպպե II-ի 844թ. նվիրատվական վճռագրում գահերեց իշխան[17] և Սիւնեաց տեառն տիտղոսներով[18]: Գրիգորը Սիւնեաց տեառն է հիշվում նաև Կովսականի իշխան Հրահատի 844թ. նվիրատվական սիգելում[19]: Նրա գահերեց տիտղոսի հիշատակումը վկայում է դեռևս նախարարական շրջանին հատուկ ավագության ինստիտուտի առկայության մասին, երբ տոհմի ամենատարեց անդամն էր համարվում տոհմի տանուտերը: Դրա վկայությունն է նաև այն հանգամանքը, որ Վասակ III-ի որդի Փիլիպպե II-ի վերոհիշյալ վճռագրում, Սյունյաց տեր, աստվածապահ իշխան Գրիգորի անունը նշված է Փիլիպպե II-ի անունից անմիջապես հետո, Վասակ III-ի կրտսեր որդի Ատրներսեհի, Գեղարքունիքի իշխան Սահակի որդի Գրիգորի և Կովսականի իշխան Սահակի որդիներ Հրահատի ու Արումանի անուններից առաջ[20]: Այսինքն, կարող ենք փաստել, որ Գրիգորը Սյունի իշխանների աստիճանակարգում զբաղեցնում էր երկրորդ աստիճանը` Սյունիքի գահերեց և տանուտեր Փիլիպպե II-ից հետո և մեկ աստիճանով բարձր էր գտնվում վերոնշյալ մյուս իշխաններից: Մ. Բրոսսեն Սյունի իշխանների իր կազմած տոհմապատկերում Գրիգորին համարում է Վասակի որդի և նրա տիրույթը համարում Խոտ գյուղը[21]: Ն. Ադոնցը[22], Հ. Աճառյանը[23] և Հ. Ութմազյանը իրավացիորեն գտնում են, որ այս Գրիգորին չպետք է նույնացնել Գեղարքունիքի իշխան Սահակի որդի Գրիգոր-Սուփան I-ի հետ և հենց նա է Թովմա Արծրունու երկում նշված Սյունյաց Գրիգոր իշխանը, որին Բուղան աքսորել է Սամառա[24]: Մենք չգիտենք, Սամառա աքսորվելուց հետո Գրիգորը վերադարձա՞վ գերեվարությունից, թե՞ ոչ: Այդ մասին Օրբելյանը ոչինչ չի հիշատակում: Հաշվի առնելով նրա հասուն տարիքը՝ հավանական է, որ նա վերադարձից հետո շուտով մահացել է: Ստ. Օրբելյանը վկայում է, որ Գրիգորը ժառանգության մաս ուներ հայրենի տիրույթներից[25], սակայն չի նշում, թե որ գավառում էր գտնվում նրա կալվածքները: Նա ունեցել է երկու որդի` Հրահատ և Գագիկ անուններով[26]:
Գրիգորին իշխանական գահին հաջորդում է իր ավագ որդի Հրահատը, ինչի մասին վկայում է նրա «Սիւնեաց տեառն» և «իշխանաց իշխան» տիտղոսները[27]: Հ. Ութմազյանի կարծիքով «իշխանաց իշխան» տիտղոսը գահերեցին հավասար կոչում էր[28]: Ա. Մանուչարյանը կարծում է, որ Աշոտ Ա Բագրատունին Սյունյաց իշխանների մեջ առաջնայնության նախապատվությունը տվել է ոչ թե Վասակ Իշխանիկին, այլ Գրիգորի որդի Հրահատին, ով 881թ. հիշատակվում է որպես Սյունյաց տեր, իշխանաց իշխան, ինչից ակնբախ է, որ նա էր երկրամասի գահերեցը[29]: Սակայն, մենք որևէ փաստ կամ ակնարկ չունենք Աշոտ Ա-ի կողմից Սյունյաց իշխաններից որևէ մեկին նախապատվություն տալու մասին: Ընդհանրապես հայկական իշխանական տունը (տները) փակ հաստատություն էր, որտեղ առաջնությունը կամ գահերեցությունը որոշվում էր ոչ թե Արմինիայի ոստիկանի, Հայոց իշխանի կամ հետագայում Հայոց թագավորի առաջարկով կամ նախապատվությամբ, այլ տվյալ իշխանական տոհմի ներսում հստակ սահմանված ավագության կամ անդրանիկության սկզբունքով:
Հրահատը 881թ., Սյունյաց եպիսկոպոս Սողոմոն Բ-ի ժամանակ 1200 դրամով Տաթևի վանքին է վաճառել Դարատափ գյուղը[30]: Դարատափ գյուղը նշված չէ Ստ. Օրբելյանի հարկացուցակում: Ըստ Ա. Մանուչարյանի. «Խիստ գայթակղիչ կլիներ Դարատափի նույնացումը Մեղրու տարածաշրջանի նախկին ադրբեջանաμնակ Ալդարայի հետ (ներկայիս Ալվանք)»[31]: Տեղանունների բառարանում Դարատափը տեղադրվում է Բաղք կամ Կովսական գավառներում[32]: Ղ. Ալիշանը գտնում է, որ այն հավանաբար գտնվել է Հաբանդ գավառի Խոտ գյուղի հարևանությամբ[33]: Ընդունելով այս տեսակետը՝ կարելի է եզրակացնել, որ Գրիգոր իշխանի և նրա որդիների տիրույթները ընդգրկում էին Որոտան գետի հովիտը` Խոտ և Շինուհայր գյուղերից դեպի հարավ և հարավ-արևելք, ինչն էլ մեր կարծիքով համապատասխանում է Սյունիքի Բղեն գավառին:
Գայթակղիչ կլիներ Գրիգորի որդին համարել նաև Հրահատի 881թ. վերոհիշյալ վճռագրում որպես վկա հիշատակվող Գրիգորի հայր Վասակին[34]: Հավանական կլիներ, որ Հրահատի վճռագրում վկաների թվում առաջին հերթին պետք է նշվեր իր ամենամոտ ազգակիցները, հատկապես իր եղբոր որդին: Մ. Բրոսսեն իր կազմած տոհմածառում Խոտ գյուղի տեր հիշատակված հենց այս Գրիգորի որդին է համարում Հրահատին[35]: Սակայն հաշվի առնելով, որ Վասակ Իշխանիկի և նրա որդի Փիլիպպեի տիրույթը Հաբանդ գավառն էր, որի կազմում էր գտնվում Խոտ գյուղը, ավելի ընդունելի ենք համարում Հ. Ութմազյանի տեսակետ, ում կարծիքով վերոհիշյալ Գրիգորը Վասակ Իշխանիկի որդին էր[36]:
Հրահատի և նրա եղբայր Գագիկի վերաբերյալ մենք այլ վկայություններ չունենք: չենք կարող հստակ նշել նաև, թե մինչև երբ է իշխել Հրահատը: Հավանաբար իշխել է մինչև 880-ական թվականնների վերջերը: Մեր կարծիքով, նրա կինն էր մեծահավատ տիկին Համամուհին, և հետևաբար նրանց որդին էր Փիլիպպե II-ի որդի Վասակ Իշխանիկի (851-892թթ.) օրոք «ի Սիսական տոհմէ» հիշատակված Գևորգ քահանան[37]:
Կարծում ենք, որ Գևորգը միանշանակ չէր կարող լինել Փիլիպպե II-ի որդին, քանի որ Փիլիպեն Գևորգ անունով որդի չուներ, այլապես Օրբելյանը անպայման կնշեր այդ փաստը: Գևորգ անունով որդի չունեին նաև Փիլիպպե II-ի որդիներ` Բագկենը, Վասակը և Աշոտը: Նմանապես, Գևորգ անունով իշխանազուն մենք չենք հանդիպում նաև Գեղարքունիքի և Կովսական-Քաշունիքի Սյունի իշխանական ընտանիքներում: Ինչպես գիտենք, տվյալ ժամանակի Բաղք-Ձորքի իշխան Ձագիկ I-ը նույնպես Գևորգ անունով որդի չի ունեցել: Այն փաստը, որ աշխարհական կյանքից հրաժարվելուց հետո Գևորգը ճգնում է Բղեն գավառի սահմանակից Երիցվանքում, իսկ նրա որդի Ստեփանոսը Բղենի իշխան Հրահատի օժանդակությամբ կառուցում է Բղենո Նորավանքը, մեզ հիմք է տալիս եզրակացնելու, որ Գևորգը Բղենի իշխանաց իշխան Հրահատի որդին էր: Ստանալով քահանայական ձեռնադրություն` նա գնում է Հայոց կաթողիկոս Մաշտոց Սևանցու (897-898թթ.) մոտ, իսկ վերջինիս մահից հետո «…բերեր զշուրջառն և զկնգուղն խոյակերպ և զպարեգօտ երանելոյն նշան յանուն Սիւնեաց»[38]: Որոշ ժամանակ անց մահանալով՝ թաղվում է Երիցավանքի հիմնադիր Երիցակ Ա-ի մոտ` նույն սրբարանում[39]: Օրբելյանի վկայության համաձայն՝ Գևորգը մինչև ճգնավորական կյանքին անցնելը ամուսնացած է եղել, ունեցել է նաև եղբայրներ[40], հետևաբար Հրահատն ու Համամուհին ունեցել են բացի Գևորգից նաև այլ որդիներ: Դժբախտաբար հայտնի չեն Հրահատի մյուս որդիների անունները: Հաշվի առնելով, որ 930-ական թվականներին հիշատակվող Բղենի իշխան Հրահատը ամենայն հավանականությամբ վերհիշյալ Հրահատի թոռն է և անվանակոչվել է իր պապի անունով, կարելի է ենթադրել, որ Հրահատ II-ի հայրն էլ կրել է Գրիգոր անունը: Նա, լինելով Հրահատ I-ի ավագ որդին, այդպես է անվանակոչվելով ի պատիվ իր պապ Գրիգորի:
Գևորգ քահանան, չնայած ինչպես վկայում է Օրբելյանը մանուկ հասակում էր հրաժարվել աշխարհական կյանքից, այնուամենայնիվ հասցրել էր օրինական ամուսնությունից երկու որդի ունենալ` Ստեփանոսին[41] և Բղենո Նորավանքի առաջնորդ Քրիստափորի[42] հորը, ում անունը մեզ հայտնի չէ:
Ստեփանոսը, ինչպես նշեցինք, Հրահատ II-ի օգնությամբ Կատարի վանքի թիկունքում՝ երկու ձորերի միջև մի հարթ տարածքում, Հայոց 385թ. (936) կառուցել է Նորավանք եկեղեցին[43]: Եկեղեցու տեղի մասին 1932թ. հնագետ Ս. Բարխուդարյանին տեղեկացրել է գրող Ակսել Բակունցը[44]: Բղենո Նորավանքի և Բարձրավանի եկեղեցու նույնությունը հաստատել է պատմաբան Գ. Սարգսյանը[45]: 1948թ. գիտարշավի ժամանակ հայտնաբերվել է Ստեփանոսի շինարարական արձանագրությունը` «…ՆՈՐԱԻԱՆԻՑ ՁԵՌՆ /:ՅՁԴ: …ՄԻԱԿՐԱԻՆՔ…»[46]:
Ըստ Օրբելյանի՝ Բղենո Նորավանքի նավակատիքը տեղի է ունեցել Հայոց 385թ. (936), որին հրավիրվել էր մասնակցելու Սյունիքի Հակոբ Ա եպիսկոպոսը[47]: Ստեփանոսը մահացել է Հայոց 419թ. (970) և թաղվել եկեղեցու մոտի գերազմանոցում: Նորավանքի միաբանութան առաջնորդությունը այնուհետև ստանձնում է Հրահատը, որին էլ հաջորդում է Ստեփանոսի եղբորորդի Քրիստափորը[48]:
Հրահատ II-ից հետո մինչև 12-րդ դարի սկիզբը կառավարած Բղենի իշխանների վերաբերյալ մենք տեղեկություն չունենք: Բղենի Սյունիների վերջին իշխանը Խոսրովիկն էր: Նկարագրելով սելջուկ թուրքերի կողմից Սյունիքի ավերման մասին՝ Սյունյաց պատմագիրը գրում է. «ի 553 թուականին, առաւ Որոտն, և ի 554-ին առաւ Բղեն և գերեցաւ Խոսրովիկ իշխանն և ի սուր սուսերի մաշեցան բազմութիւնք քրիստոնէից և բնաւին յաւեր անցաւ տունն Բաղաց»[49]: Այս Խոսրովիկին չպետք է նույնացնել հետագայում Նախիջևանում մանուկ հասակում մահացած Խոսրովիկ ազատի հետ[50], քանի որ վերջինս Մահևանյան իշխանական տնից էր և որևէ կապ չուներ Բղենի Սյունիների հետ:
Այսքանով սահմանափակվում են մեր տեղեկությունները Բղենո իշխանական տան վերաբերյալ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Բղենի իշխանական տունը, ավատական հարաբերությունների խորացման հետևանքով 9-րդ դարի սկզբին բաժանվելով Սյունի իշխանական տան գահերեց ճյուղից, կազմել է առանձին գակակալ իշխանություն, որն գոյություն է ունեցել մինչև Հայոց 554թ. (1105):
Այսպիսով կարող ենք կազմել նաև Բղենի Սյունիների մոտավոր իշխանացանկը`
[1] Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Ե. 1963, էջ 22-23:
[2] Ինճիճյան Ղ., Ստորագրութին հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822, էջ 286:
[3] Սարգսյան Գ., Բղենո Նորավանք, «Էջմիածին» ամսագիր, 1952, № 6, էջ 41:
[4] Հակոբյան, Թ., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966, էջ 135-136:
[5] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 278:
[6] Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 414:
[7]Դիվան հայ վիմագրության, պրակ 2, կազմեց Ս. Բարխուդարյան, Ե., 1960, էջ 41:
[8]Գրիգորյան Գր. Սյունիքի թագավորությունը (X–XII դարեր), «ՊԲՀ», № 2, Ե., 2006, էջ, 143:
[9] Կարագյոզյան Ս., Սյունյաց աշխարհի Բղեն գավառը, «ՊԲՀ», № 1, Ե., 1978, էջ 273-274:
[10] Նույն տեղում, էջ 273:
[11] Ալ. Յակոբեան, Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ /Արցախ եւ Ուտիք/, Վիեննա-Երեւան, 2009, էջ 22-23:
[12] Դիվան հայ վիմագրության, պրակ 2, էջ 42:
[13] Կարագյոզյան Ս., նշվ. աշխ., էջ 274:
[14] Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների բառարան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 881, Ե., 1986։
[15] Ըստ Ալ. Հակոբյանի՝ հենց այդ հիմքով էլ Քաշաթաղի վարչակազմը 1999թ. վերաբնակեցված Քևդադիխ-Քարալարը անվանակողեց Բորոտան:
[16] Քումունց Մ., Կուփեր և Ըղվերծ տեղանունների ստուգաբանման շուրջ, «Բանբեր Հայագիտության», Եր. 2017, № 1 (13), էջ 135:
[17] Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական ի լույս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 149:
[18] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 151:
[19] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 154:
[20] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 149, 151:
[21] Histoire de la Siounie par Stephanos Orbelian; traduite de l՛armenien par M. Brosset, second livraison, introduction, Saint-Petersbourg, 1866, p, 13.
[22] Ն. Ադոնց, Բագրատունեաց փառքը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1929, № 3, էջ 79:
[23] Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Ա, Ե., 1942, էջ 535:
[24] Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978, էջ 202, տե՛ս նաև Ութմազյան Հ., Սյունիքը IX-X դարերում, Եր., 1958, էջ 316-317:
[25] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 217:
[26] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 151, տե՛ս նաև Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 315-319:
[27] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[28] Տ ե՛ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 318:
[29] Մանուչարյան Ա., Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Ե., 2015, էջ 67:
[30] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[31] Մանուչարյան Ա., նշվ. աշխ., էջ 54:
[32] Տե՛ս Թ. Հակոμյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Ե., 1988, էջ 55-56):
[33] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 227:
[34] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[35] M. Brosset, p. 13:
[36] Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 295:
[37] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 176-177:
[38] Նույն տեղում, էջ 178:
[39] Տե՛ս նույն տեղում, էջ 178:
[40] Տե՛ս նույն տեղում, էջ 177:
[41] Տե՛ս նույն տեղում, էջ 179:
[42] Տե՛ս նույն տեղում, էջ 180:
[43] Տե՛ս նույն տեղում, էջ 179:
[44] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Եր., 1986, էջ 474, ծանոթ. 718:
[45] Սարգսյան Գ., Բղենո Նորավանք, «Էջմիածին» ամսագիր, 1952, № № 8, 4, 6:
[46] «Դիվան հայ վիմագրության», պրակ 2, էջ 43-44:
[47] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 179:
[48] Տե՛ս նույն տեղում, էջ 180:
[49] Տե՛ս նույն տեղում, էջ 245:
[50] Տե՛ս նույն տեղում, էջ 247:
Բղենո Սյունիներեր |
|||
1 | .Գրիգոր I | Բղենի իշխան | մոտ 800-853թթ. |
2 | Հրահատ I | Բղենի իշխան | 853-890-ական թթ. |
3 | [Գրիգոր II] | Բղենի իշխան | մոտ 890-920-ական թթ. |
4 | Հրահատ II | Բղենի իշխան | մոտ 920-960-ական թթ. |
5 | Խոսրովիկ | Բղենի իշխան | գերևարվեց 1105թ. |
Ստորև ներկայացնում ենք նաև Բղենո Սյունիների մեր կազմած տոհմապատկերը:Փիլիպպե I
[1] Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխարհացոյցի», Ե. 1963, էջ 22-23:
[2] Ինճիճյան Ղ., Ստորագրութին հին Հայաստանեայց, Վենետիկ, 1822, էջ 286:
[3] Սարգսյան Գ., Բղենո Նորավանք, «Էջմիածին» ամսագիր, 1952, № 6, էջ 41:
[4] Հակոբյան, Թ., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966, էջ 135-136:
[5] Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 278:
[6] Հովհաննիսյան Մ., Հայաստանի բերդերը, Վենետիկ, 1970, էջ 414:
[7]Դիվան հայ վիմագրության, պրակ 2, կազմեց Ս. Բարխուդարյան, Ե., 1960, էջ 41:
[8]Գրիգորյան Գր. Սյունիքի թագավորությունը (X–XII դարեր), «ՊԲՀ», № 2, Ե., 2006, էջ, 143:
[9] Կարագյոզյան Ս., Սյունյաց աշխարհի Բղեն գավառը, «ՊԲՀ», № 1, Ե., 1978, էջ 273-274:
[10] Նույն տեղում, էջ 273:
[11] Ալ. Յակոբեան, Պատմա-աշխարհագրական եւ վիմագրագիտական հետազօտութիւններ /Արցախ եւ Ուտիք/, Վիեննա-Երեւան, 2009, էջ 22-23:
[12] Դիվան հայ վիմագրության, պրակ 2, էջ 42:
[13] Կարագյոզյան Ս., նշվ. աշխ., էջ 274:
[14] Հակոբյան Թ.Խ., Մելիք-Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների բառարան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 881, Ե., 1986։
[15] Ըստ Ալ. Հակոբյանի՝ հենց այդ հիմքով էլ Քաշաթաղի վարչակազմը 1999թ. վերաբնակեցված Քևդադիխ-Քարալարը անվանակողեց Բորոտան:
[16] Քումունց Մ., Կուփեր և Ըղվերծ տեղանունների ստուգաբանման շուրջ, «Բանբեր Հայագիտության», Եր. 2017, № 1 (13), էջ 135:
[17] Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական ի լույս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 149:
[18] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 151:
[19] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 154:
[20] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 149, 151:
[21] Histoire de la Siounie par Stephanos Orbelian; traduite de l՛armenien par M. Brosset, second livraison, introduction, Saint-Petersbourg, 1866, p, 13.
[22] Ն. Ադոնց, Բագրատունեաց փառքը, «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1929, № 3, էջ 79:
[23] Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, Հատոր Ա, Ե., 1942, էջ 535:
[24] Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978, էջ 202, տե՛ս նաև Ութմազյան Հ., Սյունիքը IX-X դարերում, Եր., 1958, էջ 316-317:
[25] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 217:
[26] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 151, տե՛ս նաև Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 315-319:
[27] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[28] Տ ե՛ս Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 318:
[29] Մանուչարյան Ա., Վիմագրերը որպես Հայաստանի քաղաքական պատմության սկզբնաղբյուրներ (IX-XIV դդ.), Ե., 2015, էջ 67:
[30] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[31] Մանուչարյան Ա., նշվ. աշխ., էջ 54:
[32] Տե՛ս Թ. Հակոμյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Ե., 1988, էջ 55-56):
[33] Ալիշան Ղ., նշվ. աշխ., էջ 227:
[34] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 157:
[35] M. Brosset, p. 13:
[36] Ութմազյան Հ., նշվ. աշխ., էջ 295:
[37] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 176-177:
[38] Նույն տեղում, էջ 178:
[39] Տե՛ս նույն տեղում, էջ 178:
[40] Տե՛ս նույն տեղում, էջ 177:
[41] Տե՛ս նույն տեղում, էջ 179:
[42] Տե՛ս նույն տեղում, էջ 180:
[43] Տե՛ս նույն տեղում, էջ 179:
[44] Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Եր., 1986, էջ 474, ծանոթ. 718:
[45] Սարգսյան Գ., Բղենո Նորավանք, «Էջմիածին» ամսագիր, 1952, № № 8, 4, 6:
[46] «Դիվան հայ վիմագրության», պրակ 2, էջ 43-44:
[47] Տե՛ս Պատմութիւն տանն Սիսական, էջ 179:
[48] Տե՛ս նույն տեղում, էջ 180:
[49] Տե՛ս նույն տեղում, էջ 245:
[50] Տե՛ս նույն տեղում, էջ 247: