Ճշտվում է Մարգաձոր գյուղի տեղադրությունը և այդ գյուղում եկեղեցի կառուցած սյունեցի տիկնոջ ինքնությունը

Spread the love

Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատությանը կից հարկացուցակում Սյունիքի Հաբանդ գավառում հիշատակվում է Մարգաձոր միջին մեծությամբ բնակավայրը, որը ութ միավոր հարկ էր վճարում Տաթևի վանքին: Հարկացուցակում այն հիշատակվում է անմիջապես Խոտ գյուղից հետո[1]: Ներկայումս ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ և Շինուհայր գյուղերի միջև դեպի Որոտան գետ իջնող մի տարածք կա, որ հայտնի է Մրգաձոր (բարբառով՝ Մրքաձոր) անունով և մտնում է Խոտ գյուղի համայնքային հողատարածքի մեջ[2]: Մրգաձորը կապ չունի մրգի կամ այգիների հետ, տեղանքը զառիթափ ժայռոտ է, այգեվետ չէ: Կարելի է եզրակացնել, որ դա Ստ. Օրբելյանի՝ Խոտ գյուղի հարևանությամբ հիշատակած Մարգաձորն է: Մարգաձորը հին բնակատեղի է, տարեց Խոտ գյուղացի Արշ. Կարապետյանի պնդմամբ՝ Մրգաձորի տարածքում է եղել Խոտի հին բնակատեղիներից մեկը[3]: Ներկայումս Մարգաձոր-Մրգաձոր-Մրքաձորը խոտեցիների համար սրբատեղի է, ուր այցելում են բոլորը, թե մանուկ հասակում, թե հետագայում: Այնտեղ եղած եկեղեցին կոչում են Մրգաձորի վանք կամ խաչ: Եկեղեցում մոմ են վառում, մատաղ են անում: Մրգաձորի խաչը ուխտի առիթով կամ մատաղի համար այցելում են նաև շինուհայրցիները[4]: Մրգաձորի եկեղեցին հսկա, մի քանի տասնյակ մետր բարձրություն ունեցող ուղղաձիգ ժայռի ստորոտին խխունջի պես կպած սագաշեն, ոչ մեծածավալ շինություն է, որը պատերի քարերի գույնով այնպես է մերվել տեղանքին ու ժայռին, որ նշմարվում է միայն մոտիկից: Եկեղեցու երկարությունը 10 մ է, լայնությունը՝ 6 մ, մուտքի պատի հաստությունը՝ 90 սմ: Եկեղեցու առջևի տարածքը խիստ զառիթափ է, բայց տարեց շինուհայրցիների վկայությամբ հնում այնտեղ եղել է փոքրիկ տափարակ, ուր շքեղ արարողություններով նշել են Համբարձման տոնը:
Եկեղեցին «Գորիսի հանրագիտարանի» հեղինակների հավաստմամբ իբր կառուցել է Շահ-Աբասի հարեմից փախած մի կին[5]: Դա իրական լինել չի կարող, քանի որ Շահ-Աբասը մահացել է 1628 թվականին: Ավանդության հիշատակության մեջ իրական է միայն այն, որ եկեղեցին կառուցողների մեջ եղել է, այո , մի կին, բայց ոչ հարեմից փախած, այլ հայ իշխանուհի կամ ավելի ճշգրիտ մելիքուհի: Մենք դա իմանում ենք եկեղեցու դռան բարավորի հստակ ընթերցվող շինարարական հինգ տողանոց արձանագրությունից[6]: Ահա այն՝

ԵՍ ՊԱՐՈՆ ՊՀԱԹՈՒՐ ՊԱԿՍ, ՈՐԴԻ/ ՊԱՐՈՆ ՄԵԼԻՔ ՀԱԽՆԱԶԱՐԻՆ , ՈՐ ԵՄՔ ՅԵՐԿՐԷՆ ՔԱՇԻԹԱՂՈՒՑ, ԳԵՂՋԷՆ ԽԱՆԱԾԱ ԽԱ ԵՍ ԵՒ ՄԱՅՐ ԻՄ ՄԱՀՓԱՐԻՆ ՇԻՆԵԼ ՏՈՎԻՆՔ ՍԲ ԵԿԵՂԵՑԻՍ Ի ՓՐԿՈՒԹԻ ՀՈԳՈՅ: Ի ԹՎԻՆ :ՌՃԽԹ: /1700/[7]
Այսպիսով՝ Մրգաձորի գողտրիկ եկեղեցին շինել են տվել Խանածախ գյուղում ապրող Քաշաթաղի ՄելիքՀախնազարի որդի Բահադուր բեկը (Պհաթուր Պակ) և նրա մայր, Մելիք-Հախնազարի կին Մահփարին՝ 1700 թվականին: Մրգաձորը Խանածախից հեռու է մոտ 45 կմ[8]: Հայրենաշեն Մահփարին, թերևս, ծագումով եղել է Մրգաձորից կամ Խոտից և լավատեղյակ լինելով հին սրբատեղիի պատմությանը`, որոշել էր իր որդու հետ այնտեղ եկեղեցի կառուցել: Մրգաձորի եկեղեցու պատի շարվածքի մեջ հայտնաբերվել է երկար ու նեղ սալ քարի վրա արված ավելի հին արձանագրություն, որը տակավին սպառիչ ընթերցված չէ: Այնտեղ ընթերցվում է աստվածաշեն, աստվածածին սրբավայրի անունը, որտեղ և 1700 թվականին կառուցվել է նոր եկեղեցին: Գուցե և եկեղեցին էլ Սբ. Աստվածածին անունն է կրել….. Խանածախցի Բահադուր բեկի անունը հիշատակվում է ևս մեկ արձանագրության մեջ, որը հայտնաբերվել է 2011 թվականին: Խանածախ գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցու գավթի շինարարական արձանագրությունը երեք տողով արված է չորս քարերի վրա: Արձանագրության մեջ մի առանձին քարաբեկորի վրա հստակ թվագրված է ՌՃԾ (1701 թվական): Արձանագրության մեջ կարդում ենք. առաջին տող՝ ԿԱՄԱՒՆ ԱՅ ԵՍ ՊՐՆ ԱՂԱՃԱՆ ԲԷԿՍ, երկրորդ տող՝ ՇԻՆԵՑԻ ԶԳԱԻԹՍ ԻՎՐ[Ա] ԳԵՐԵԶՄԱՆԻ, երրորդ տող՝ ԵՂԲՕՐՆ ԻՄՈՅ ՊՐՆ ՊՀԱԹՈՒՐ ԲԷԿԻՆ: Այսպիսով` արձանագրության մեջ Աղաջան բեկն ասում է, որ գավիթը 1701թ. շինել է իր եղբայր Պհաթուր (Բահադուր) բեկի գերեզմանի վրա: Անտարակույս, և’ Մրգաձորի եկեղեցու դռան բարավորի շինարարական արձանագրության մեջ հիշատակված Քաշաթաղի Մելիք-Հախնազարի որդի Բահադուրը, և’ Խանածախ գյուղի եկեղեցու գավթի շինարարական արձանագրության մեջ հիշատակված Բահադուրը նույն անձնավորությունն է: Մրգաձորի եկեղեցու կառուցումից (1700 թվ.) կարճ ժամանակ անց` նա մահանում է և նրա եղբայր Աղաջան բեկը գերեզմանի վրա կանգնեցնում է գավիթը ու թողնում շինարարական արձանագրություն: Սա մի կողմնակի վկայություն է, որ 16-րդ դարի կեսերին Քաշաթաղում ձևավորված նշանավոր Մելիք-Հայկազյան մելիքական տոհմը 18-րդ դարի սկզբին շարունակում էր կենսունակ գոյատևել, նույնիսկ մելիքության կենտրոն Խանածախից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող Մրգաձորում իրականացնել շինարարական գործունեություն: Հայտնի է, որ 1699 թվականին Իսրայել Օրու կողմից Անգեղակոթում հրավիրված մելիքների գաղտնի ժողովին մանակցել է Քաշաթաղի մելիք Մարտիրոսի որդի Էմիր բեկը[9]: Վերոհիշյալ արձանագությունների մեջ (1700,1701թթ.) հիշատակված Բահադուր և Աղաջան բեկերը, հավանավաբար, եղել են Էմիր բեկի հայր Մարտիրոսի եղբայրները, Մելիք-Հախնազարի և նրա կին Մահփարիի զավակները: Մահփարին, շարունակելով Սյունյաց իշխանական տան ազնվազարմ տիկնանց բարի, հայրենաշեն ավանդները, կառուցելով Մրգաձորի եկեղեցին, թողել է անմոռաց ու ուսանելի հիշատակ:


[1] Տես Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոսպոսի Պատմութիւն տանն Սիսական, Մոսկվա, 1861, էջ 375: (այսուհետ՝ Օրբելյան):
[2] Տես Մրքաձորը տեղանքի բարբառային անվանումն է և կապ չունի մորուք բառի հետ: Հանիրավի է ծագումով Խոտ գյուղացի ձեռներեցի կողմից իր տաքսի ծառայությունը «Մրքաձոր» կոչելը:
[3] Տես Ալիշանը Հաբանդ գավառի մեջ ևս նշում է Մարգաձոր գյուղը, բայց որին տալիս է մի երկրորդ անուն ևս՝ Մաշկաղոց (տես Ալիշան Ղ., Սիսական, Վենետիկ, 1893, էջ 255):
[4] Տես Հետաքրքիր է, որ մատաղ անողները դանակը սրբավայրից ետ չեն տանում, այլ թողնում են խրված հողի մեջ:
[5] Տես Զոհրաբյան Է., Միրզոյան Հ., Գորիսի հանրագիտարան, ՎՄՎ-պրինտ, Երևան, 2008, էջ 210:
[6] Արձանագրությունը 2013թ. մարտ ամսին հայտնաբերել, լուսանկարել և մեզ է տրամադրել գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Ժիրայր Մարտիրոսյանը:
[7] Արձանագրության թվականը ճշգրտել է պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Գր. Մ. Գրիգորյանը:
[8] Խոսքը Սյունիքի Խանածախ գյուղի մասին է:
[9] Լեո, Հայոց պատմություն, հ.3, Երևան, 1946, էջ 523-525:

More From Author

1 comment

Էմմա Աբրահամյան says:

Հարգելի Սերգեյ Հախվերդյան, շնորհակալություն կարևոր նյութի արծարծման համար:
Ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ վիմագրում հիշատակված Մելիք Հախնազարի կին Մահփարի խաթունը 1693 թ. Խնածախի Սբ. Աստվածածին եկեղեցու քահանային՝ տեր Եփրեմին, պատվիրել է օրինակել Ավետարան: Այդ մասին կարող եք տեսնել Թամարա Մինասյանի «Արցախի գրչության կենտրոնները» գրքի 23-24 էջերում (Երևան, 2015)՝ https://www.matenadaran.am/ftp/el_gradaran/Artsakh.pdf

Comments are closed.

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի