Ամառվա կիզիչ արևից արդեն չորացած խոտերով, հսկայական ընկուզենիներով, մացառներով ու այլ ծառերով ծածկված բլրակների, ձորակների աշխարհում ենք՝ պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի երբեմնի Բերդաձոր գավառի գողտրիկ անկյուններից մեկում: Քաշաթաղի շրջանի Աղանոսի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի հետ բարձրանում ենք գյուղի արևելյան մասում գտնվող հանդամասերը, որտեղ դարեր շարունակ գոյություն են ունեցել հայոց բնակավայրեր, այնուհետև հայաթափ եղել 18-20-րդ դարերում: Մեր մեքենան ընթանում է խոտածածկ ճանապարհով, և դժվարությամբ ենք հասնում մեր նպատակակետին: Բլրակներից մեկի հարավային լանջին է գտնվում միջնադարյան մատուռ-եկեղեցու ավերակը: Հեռվից երևում է մատուռի քանդված պատը՝ տխուր ու միայնակ; Հասնում ենք սրբատեղի. մի բազե դուրս է թռչում ավերակի ներսում աճած ծառերի վրայից, սլսնում վեր, ապա իջնում քիչ հեռո գտնվող ընկուզենու վրա: Մինչ մատուռ հասնելը՝ մտնում ենք Հունանով կոչված գյուղատեղի, որտեղ կան քարանձավ-բնակարաններ: Գյուղատեղին գտնվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի հարավ-արևմտյան մասում՝ Հին շեն գյուղի սահմանից 1կմ հեռու՝ մի ձորակի արևելյան լանջին: Ծովի մակերևույթից մոտ 1200մետր բարձրությամբ բնակավայրում Հունան անունով հայ վարպետը կամ բարերարը աղբյուր-նով է կառուցել, և հավանաբար այդ պատճառով գյուղը կոչվել է Հունանով/Հունանի աղբյուր/, հետագայուն Ունանով: Հունանովից հարավ-արևմուտք ձորի մեջ երևում է մի կանաչ տարածք:
-Սոնագյուլի այգին է, -ասում է Արտակը:
Որոշ լեգենդներ են պահպանվել այս այգու մասին, ըստ որոնց Սոնա անունով հայ աղջկա հետ է կապված այգու անունը: Ավելի հեռվում՝ խիտ անտառի մեջ Դեյխան կոչվող գյուղն է: Հիմնականում 20-րդ դարասկզբին ու 30-ական թվականներին հայաթափված ու թուրքերով վերաբնակված այս գյուղերը, ինչպես նաև Աղանուսը, որ գտնվում է Բերձոր շրջկենտրոնից 10կմ հարավ, Արցախյան գոյամարտի տարիներին մեծ վտանգ էին ներկայացնում Բերդաձորի Հին շեն, Մեծ շեն գյուղերի համար: Մատուռը Հունանով գյուղից մոտ 1կմ հեռու է: Սամվել Կարապետյանն իր ,,Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում,, գրքում նկարագրում է այս տարծքը՝ հավելելով, որ Բերդաձորի Հին Շենի բնակիչ Հայկ Ասրյանի վկայությամբ 1983թ. Հունանով գյուղից քիչ հեռու գտնվող հայոց մատուռը թուրքերը քանդել են և տներ կառուցել: Գյուղից հարավ ցակիներով ծածկված հարթության վրա պահպանվել է հնամենի գերեզմանտեղի. Տապանաքարերը հողի տակ են: Մի գուցե այդտեղ է եղել հիշյալ մատուռը, որ քանդել են թուրքերը, թե խոսքը նշված ավերված սրբատեղիի մասին է: Մոտ 10մ երկարություն, 5մ լայնություն ունեցող եկեղեցին/մատուռը/ բազիլիկ ոճի կառույց է: Հավանաբար եղել է թաղակապ: Այդ են վկայում պատերի մեջ պահպանված սյունները, որոնք պահել են կամարները: ՙՄիակ մուտքը, որի մոտ ընկած է մի տապանաքար՝ մարդու քանդակով, եղել է հարավից: Դուռը մոտ է եղել արևմտյան պատին, որից 2,5 մ հեռու կամարը պահող առաջին սյուներն են, որոնցից մոտ 2 մ հեռավորությամբ երկրորդ կամարի սյուներն են: Արևելյան պատը՝ Սուրբ Խորանը, ինչպես ընդունված է, կիսակլոր է, ավանդատներ չկան: Շինությունը կառուցված է կոպտատաշ քարերով ու կրաշաղախով: Սուրբ Խորանի ձախ կողմում Մկրտության ավազանի տեղն է, որտեղ մոմեր են վառվում, փոսորակում կային մի փայտե փոքր նկար և անձրևներից խունացած մի ,,Նոր կտակարան,,: Չնայած հեռու է սրբատեղին բնակելի վայրերից, բայ այցելուներ լինում են և մոմեր են վառում, նվերներ թողնում: Շինության ներսում մացառներ ու մի քանի ծառեր են աճել, որոնք էլ դժվարեցնում են ուսումնասիրությունը: Արտակի հետ որոշեցինք մոտակա ժամանակներում ձեռնարկել տարածքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներ: Մի գուցե արձանագիր քարեր, խաչքարեր կգտնվեն: Տարիներ առաջ նույն մատուռի մոտ եկանք դպրոցականների հետ, մաքրեցինք ներսը, բայս նորից պետք է աշխատանքներ կատարվեն: Պահպանված միակ տապանաքարը հուշում է, որ մոտակայքում նաև հանգստարան է եղել, բայց, ինչպես ընդունված է թրքաքրդերն այն հիմնովին ավերել են: Մատուռի հարևանությամբ ժամանակին նաև բնակավայր է եղել: Մոտակա բլրակների վրա պահպանվել են տների տեղերը, որոնց մեջ ծառեր են աճել: Մի քանի տասնյակի հասնող այս փոսորակներում պահպանվել են նաև պատեր, հիմքեր: Հավանաբար այս բնակավայրն ավերվել և հայաթափ է եղել ավելի վաղ, իսկ տների քարերը հետագայում թուրքերն օգտագործել են: Մատուռի տարածքում կան նաև քարանձավներ, որոնք ժամանակին նույնպես բնակելի են եղել: Չնայած շոգ ու երաշտ ամռանը՝ այս տարածքում գոյություն ունեցող մի քանի աղբյուրները դեռ գործում են: Հենց այս ջրերն են հիմք հանդիսացել, որ դարեր առաջ մեր պապերն աշխարհից հեռու այս վայրում բնակավայրեր են հիմնել, եկեղեցի կառուցել ու գոյատևել մինչև 20-րդ դարը: Վերադառնում ենք մատուռի մոտից և շարժվում Աղանուս համայնքի կազմում գտնվող Մեղվաձոր/նախկինում՝ Մեղի-Մըղըդարա/ գյուղ:
Արդեն 1 տարի է՝ հայաթափ են եղել Աղանուսը և հարակից տարածքները, կրկին վտանգված են Բերդաձորի բնակավայրերը։