ա. Հիշատակումները
Սյունյաց աշխարհի պատմական Մյուս Բաղք կամ Քաշունիք[1] գավառում է գտնվում հին հայկական Փարաջանց գյուղը: Գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի արևելյան ոչ բարձրադիր մասում, որտեղ լեռնաշղթան, աստիճանաբար ցածրանալով ու ընդարձակվելով, սկսում է փոխակերպվել բլրոտ սարահարթի, որը ի վերջո ավարտվում է Որոտան գետի հունով: Գյուղի դիրքը հարթավայրային է: Այն Կապանի տարածաշրջանի Մողես գյուղից ուղիղ գծով 4կմ դեպի արևելք հեռավորության վրա է:
Գյուղի հիմնադրման ժամանակաշրջանը ստույգ հայտնի չէ: Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն տանն Սիսական» աշխատության մեջ ներկայացված Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցանկումայն չի հիշատակվել, սակայն մատենադարանում առկա «Պատմություն տանն Սիսական» ձեռագրերից մեկում հետագա գրիչների կողմից ավելացված Տաթևի հարկացուցակում (նոր հարկացուցակ կամ՝ Քեոթուկ) այն հիշատակվել է Բարգուշատ գավառի գյուղերի ցանկում՝ Փռօջանց անվամբ՝ Մողես գյուղից անմիջապես հետո[2]: Նոր հարկացուցակի ստեղծման ժամանակի վերաբելյալ կան տարբեր կարծիքներ[3], սակայն ընդհանրացնելով դրանք՝ կարելի է ասել, որ այն ստեղծվել է XVII դարի վերջերից մինչև XVIII դարի վերջերը ընկած ժամանակահատվածում:
Առաջին անգամ գյուղը հիշատակվել է ձեռագիր մի ավետարանի հիշատակարանում՝ Փարաջանց անվամբ 1574 թվին[4]: Այնուհետև, ինչպես արդեն նշել ենք, գյուղը հիշատակվել է Տաթևի նոր հարկացուցակում, իսկ հաջորդ հիշատակումը մենք գտել ենք «Նոր Դար» պարբերականի 1885թ. համարներից մեկում. «Այժմեան շատ թրքաբնակ և քրդաբնակ գիւղերում կան եկեղեցիներ կամ սրանց ավերակները, հայոց հանգստարաններ, մառաններ, կարասներ, շինութիւներ, որոնց թուրքերը կոչում են «Գեավուր Դամ» և այլն: Անկասկած դրանք երբեմն հայաբնակ գիւղեր են եղել: Յիշենք այդ գիւղերը: …. Բարգուշադու գավառում — Գէօդախլու, Խասշտաբ և Փիրջան (հինուց Խաչդաբ և Փռոչանց): Այստեղ կենում են թուրքեր»[5]: 1830թ. դրությամբ, երբ Մողես գյուղը բնակեցվեց գաղթական ղարադաղցիներով[6], Փարաջանցը արդեն թրքաբնակ էր:
բ. Հայաթափումը և թյուրքալեզու քոչվորների կողմից բնակեցումը
Փարաջանցը հայաթափվել է Հագարու և Որոտանի հովիտների հարյուրավոր հայաբնակ գյուղերի հայզրկման ժամանակաշրջանում՝ XVII դարի վերջին կամ XIX դարի սկզբին, Ղարաբաղի խանության, ավելի կոնկրետ՝ Իբրահիմ խանի (1763-1806) տիրապետության վերջին տարիներին[7]: Հայաթափումից հետո գյուղում բնակություն են հաստատել քոչվոր սարալլու ցեղից[8] մի քանի տասնյակ ընտանիք: Ղարաբաղի խանության գոյության ողջ ժամանակաշրջանում բավական փոխվել է Արցախ-Սյունիքի էթնիկ կազմը: Դեռ ոչ վաղ անցյալում՝ Դավիթ Բեկի և սղնախների ժամանակաշրջանում, մենք այստեղ տեսնում ենք բավական հոծ հայկական բնակչություն, որ մինչև մի քանի տասնյակ հազարի հասնող զորք էին կարողանում գումարել: Շարժման անկումից և Ղարաբաղի խանության ստեղծումից հետո պատկերը աստիճանաբար սկսում է փոխվել: «Դարձյալ այդ օրերին Պարկուշատի թուրքերի մի ցեղ գալիս, վրաններով բնակվում է Ղափանի լեռնակողմերում, ինչպես անում էին միշտ ուրիշ ժամանակներ՝ ամռանը, իրենց բնակավայրի տոթի խստության պատճառով: Երբ Դավիթ-Բեկն այդ լսեց, անմիջապես իր սպարապետ Մխիթարին հազար ութ հարյուր զինյալներով նրանց վրա ուղարկեց, և նա գնալով փնտրեց ու գտավ նրանց Կարմիր վանք կոչված ավանի վերին կողմերում և հարձակվեց նրանց վրա առավոտյան, խփեց և առնելով նրանց ամբողջ ինչքը և անասունը՝ վերադարձավ»[9]: Կարմիր վանք էր կոչվում Երիցավանքը[10], իսկ Կարմիր վանք ավանը՝ Արծվանիկն է:
Ինչպես հայտնի է, քոչվոր թյուրքալեզու ցեղերը, իրենց սովորության համաձայն, զավթված կամ բնակեցված (թեկուզ մասնակի) բնակավայրերի անվանումները կամ աղավաղում են՝ դրանց տալով թյուրքական հնչեղություն, կամ՝ թարգմանում են (Օրինակ՝ Սևասար-Ղարադաղ, Նորաշեն-Թազաքյանդ, Քարագլուխ-Դաշբաշի, Կարմրաքար-Ղզլդաշ, Սևաջուր-Ղարագյոլ, Կապան-Ղափան, Աչաղու-Աչախլու, Շուշի-Շուշա և այլն): Իսլամ դավանող ցեղերի կամ, որ ավելի հավանական է, քրդերի (որոնք հետագայում թրքացվել են) կողմից գյուղը բնակեցվելուց հետո վերջինիս տրվել է Ֆերջան (ադրբ. Fərcan) անվանումը: Չնայած դրան՝ մինչև XIX դարի վերջերը շրջակա հայկական գյուղի բնակիչները դեռ օգտագործում էին չաղավաղված Փռոջանց անվանումը: Գաղտնիք չէ, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության պատմագրությունը ամբողջությամբ հիմնված է կեղծարարության, հորինման կամ պատմական փաստերի աղավաղման վրա: Զարմանալի չէ, քանի որ պետական մակարդակով խնդիր է դրվել հիմնավորել ոչ վաղ անցյալում իրենց կողմից զավթված հայկական հողերի և բնակավայրերի թյուրքական կամ ադրբեջանական լինելը, ինչը ինքնին արդեն ցնորաբանություն է՝ հաշվի առնելով այն փաստը, որ թյուրքալեզու ցեղերը Սյունիք-Արցախում են հայտնվել ուշ միջնադարում: Ինչևէ, 2007 թվականին Ադրբեջանում հրատարակված մի գրքում հեղինակը Փարաջանցի մասին գրում է. «Նախկինում գյուղը կոչվում էր Սարալլի Ֆարաջան: Դա կապված է այն բանի հետ, որ այդտեղձմեռում էին սարալլի կոչվող քոչվոր ցեղը, իսկ Ֆարաջան՝ որովհետև գյուղը հիմնվել էՖարաջան գերդաստանին պատկանող ընտանիքների կողմից»[11]: Հայտնի չէ, թե այստեղ ինչ նկատի ունեն «նախկինում» ասելով, քանի որ, ինչպես տեսնում ենք, գյուղը հիշատակվում է այն ժամանակներից, երբ Սյունիք-Արցախում դեռ չկային ոչ՛ թյուրքալեզու ցեղեր և ոչ՛ թյուրքաբնակ բնակավայրեր: Ինչ վերաբերվում է գյուղի անվանունը ինչ-որ Ֆարաջան անձնանվան կամ գերդաստանի հետ կապելուն, ապա նշենք, որ նախ՝ նման գերդաստան տարածաշրջանում երբևէ չի հիշատակվել, երկրորդ՝եթե մի պահ ընդունենք, որ եղել է նման գերդաստան, ապա դա պետք է լիներ գյուղը թյուրքաբնակ դառնալուց հետո, այսինքն՝ 1790-1810 թվականներից հետո ընկած ժամանակաշրջանում, իսկ այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեն դեռ 1574թ.-ին հիշատակված Փարաջանց անվանումը: Եթե հիմնվենք այն վարկածի վրա, որ գյուղի անունը ծագել է անձնանունից, ապա ամենայն հավանականությամբ խոսքը կարող է գնալ միայն Բաղքի նշանավոր Ձագիկ իշխանի Փարաջ որդու մասին, ով Բաղքում ուներ ընդարձակ կալվածքներ: Վերջինս հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, իրեն պատկանող Բոլորաքարը Տաթևի վանքին նվիրելու կապակցությամբ[12]:
Նստակեցությանը սովորող Փարաջանցի թյուրքախոս բնակիչները հանգիստ կյանքով չէին ապրում. նրանք հաճախակի ընդհարվում էին հարևան Մողեսում վերաբնակություն հաստատած ղարադաղցիների հետ՝ իրենց հոտերը պարբերաբար արածեցնելով մողեսեցիների դաշտերում: Լինում էին նաև զինված ընդհարումներ երկուստեք զոհերով: XX դարի սկզբի Անդրկովկասում ընթացող հայ-թաթարական[13] (թյուրքական) բախումների ժամանակ նրանք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել: Մասնավորապես՝ 1906 թվականի հունվարին Մողեսում տեղի են ունեցել սահմանային փոխհրաձգություններ Փարաջանցի թյուրքերի հետ: Հունվարի 16-ին մոտ 700 ձիավոր և հետևակ[14] թուրք խուժանը, որոնց մեջ էին Փարաջանց, Սալդաշ, Գեոյալ, Ալմալըղ գյուղերի բնակիչները, ղուբաթլուեցի հայտնի ավազակ Ըլդըրըմ-Բեկ Սուլթանովը՝ իր որդի՝ պրապորշիկ Շամիր բեկի և Խանլար բեկի հետ արշավել և մի քանի ժամ տևող փոխհրաձգությունից հետո գրավել, կողոպտել և այրել են Մողես գյուղը: Նրանք նույնիսկ մասնակցել են 1906թ.-ի օգոստոսին տեղի ունեցած Ղաթարի(ներկայիս Կապան քաղաքի տարածքում) նշանավոր կռվին[15]: 1906թ. օգոստոսի 14-ին թուրքերի կողմից Ուժանիսի վրա հարձակման ետ մղումից երկու օր հետո Կապանի զինյալների կողմից իրականացվել է պատասխան գործողություն, որի արդյունքում հրդեհվել և ավերվել են 5 թրքաբնակ գյուղեր, այդ թվում՝ Փարաջանցի մեծ մասը (80 տուն)[16]:
Հաջորդ հայ-թաթարական (այս անգամ արդեն ռուսական կենտրոնական իշխանությունների կողմից նրանց տրվել էր «ադրբեջանցիներ» անվանումը) պատերազմի ժամանակ՝ 1988-1994թթ., Փարաջանցը կրկին ավերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից, այս անգամ արդեն հիմնովին: Հետագա 30 տարիներին այն գտնվել է հայկական տիրապետության տակ, սակայն չի վերականգնվել կամ վերաբնակեցվել, այլ միայն Մողեսի գյուղացիների համար ծառայում էր որպես արոտավայր և անասունների ձմեռանոց:
գ. Պահպանված մշակույթային արժեքներ
Թյուրքերի մոտ 190 տարվա ներկայության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերացվել են Փարաջանցում գտնվող հայոց նյութական մշակույթի նմուշները: Հայտնի է, որ գյուղում եղել է եկեղեցի, որի տեղում 1930-ականների սկզբին կառուցվել է դպրոց[17]:
Փարաջանցից 2կմ դեպի արևմուտք՝ ներկայիս Մողես (Կաղնուտ) գյուղի վարչական տարածքում, դժվար մատչելի, երեք կողմից ձորով շրջապատված, անտառապատ բլրակի գագաթին է գտնվում մի սրբատեղի, որին մողեսեցիները անվանում են Հոնապատ: Այն իրենից ներկայացնում է համալիր, որից համեմատաբար լավ է պահպանվել միանավ բազիլիկ ոչ մեծ եկեղեցին՝ ավերված ծածկով: Սրանից բացի առկա են նաև այլ շինությունների ավերակներ թե՛ եկեղեցու շուրջը, թե՛ ավելի հեռու՝ դեպի հյուսիս՝ անտառի մեջ: Եկեղեցու շրջակայքում կան մեկ տասնյակի չափ պարզունակ, անարձանագիր խաչքարեր[18] և տապանաքարեր: Միայն հարավային պատի մոտ՝ հենց անմիջապես մուտքի դիմաց գանձագողների թողած փոսի մեջ, շրջված է մի տապանաքար, որի երեսի վրա նշմարվում է արձանագրություն, որը, սակայն, տապանաքարի շրջված դիրքի պատճառով անհնար է ընթերցել: Տապանաքարերից ուշագրավ է մեկը, որի վրա ամբողջ տապանաքարի չափով մարդու գլխի և մարմնի ուրվագիծ է փորագրված, ուրվագծի ներսում նույնակերպ մարդու ուրվագիծ, սակայն ավելի փոքր: Հավանաբար հղի կնոջ, կամ ծննդաբերության ժամանակ մահացած կնոջ տապանաքար է: Ճիշտ նույն ուրվագծով տապանաքարեր հայտնաբերվել են Հարթեքում (Հարթիզ) և Սանասարում (Ղուբաթլու)[19]: Հարթեքը գտնվում է Փարաջանցից մոտ 2կմ դեպի հյուսիս-արևելք և հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից Տաթևի վանքի հարկացուցակում[20]: Այն հայաթափվել է գրեթե նույն ժամանակաշրջանում, ինչ Փարաջանցը: Գյուղի նոր՝ թյուրքալեզու բնակիչները այն սկսել են անվանել Հարթիզ[21]:
Վանական համալիրի տարածքը երբևէ գիտականորեն չի ուսումնասիրվել, պեղումներ չեն արվել (չհաշված գանձ որոնողների կողմից թողված փոսերը և բացված գերեզմանները): Պատմական աղբյուրներում (որքանով որ տեղյակ էինք) այն չի հիշատակվել: Այնուամենայնիվ ուսումնասիրությունների արդյունքում որոշակի տեղեկություն հոգևոր այս շինության մասին մեզ հաջողվեց հայթայթել ձեռագիր մի ավետարանից:
Մատենադարանի ձեռագիր N4477-ի տակ մի ավետարան է, որը, ինչպես և շատ ձեռագրեր, ավարտվում է հիշատակարանով: Ավետարանի հեղինակը կամ գրիչը Աբրահամ աբեղան է, որն «ի գեղս, որ կոչի Փարաջանց, ի երկիրս Հաքարու, ի ոտս Դիզափայտու, ի թվին ՌԻԳ (1574)»: Ավետարանն ընդօրինակելով՝ նշում է՝ թե դա այն դառն տարին է՝«կաթողիկոսութեան տանս Աղունից տեր Գրիգորիսի, որ երետ Թահեայմազ փաթշահ անկամա տաջկացուց, մեզ մեծ սուգ եղաւ անմխիթար»[22]:
Հիշատակարանը ուսումնասիրել և վերլուծել է անվանի պատմաբան Բագրատ Ուլուբաբյանը, համաձայն որի՝ խոսքը գնում է Պարսից Թահմասպ Ա շահի[23] (1524-1576թթ.) կողմից բռնությամբ Գանձասարի կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի ստիպողաբար մահմեդականություն ընդունելու (թլպատելու) մասին: Պատճառը վերջինիս Սեֆյան Իրանից անկախ, անջատողական քաղաքականություն վարելն էր[24]: Սակայն անվանի պատմաբանի ուսումնասիրության շրջանակների մեջ չի մտել հիշատակարանի ստեղծման վայրի կամ «ի գեղս, որ կոչի Փարաջանց»-ի տեղորոշման պարզաբանումը[25]: Հավանաբար նշված ձեռագիր ավետարանը արտագրվել է այստեղ, որից էլ ենթադրելի է, որ բնակավայրը անմասն չի եղել հայ կրթամշակութային կյանքից:
Հիշատակարանի հեղինակ Աբրահամ աբեղան վանական համալիրի (կամ Փարաջանց գյուղի) վայրը բնորոշելիս այն նկարագրում է որպես «ի երկիրս Հաքարու, ի ոտս Դիզափայտու», այսինքն՝ որպես ուղենիշներ բերելով ոչ թե Կապանի տարածաշրջանի կամ Սյունիքի աշխարհագրական տեղանուններ, այլ՝ Արցախ աշխարհի նշանավոր գետն ու լեռը (որոնք ի դեպ այդ վայրից երևում են) և որպես էական իրադարձություն նշում է Գանձասարի կաթողիկոսի հետ կապված միջադեպը: Սա միայն մեկ բացատրություն ունի. Փարաջանց անապատը Հայոց Արևելից կողմանց կամ Գանձասարի կաթողիկոսարանի ենթակայության ներքո էր գործում: Հատկանշական է ժամանակաշրջանը, երբ Աբրահամ աբեղայի կողմից կազմվել էր ձեռագիր այդ Ավետարանը՝ 16-րդ դարը, որը ամբողջությամբ մշակույթի ամենախոր անկման ժամանակաշրջանն էր: Հայաստանի հոգևոր և մշակութային հաստատությունների գործունեությունը խամրում է XV դարի կեսերից մինչև XVII դարի սկիզբը[26]: Հիմնական պատճառը Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև անդադար ընթացող աշխարհավեր պատերազմներն էին, որոնց թատերաբեմն էր ողջ Հայաստանը:
Փարաջանց հոգևոր հաստատությունը գործել է նախքան Հարանց Մեծ անապատից ծագած անապատական շարժման սկզբնավորումը, երբ վերջինիս սաները գրեթե ողջ Հայկական լեռնաշխարհով ու նրա սահմաններից դուրս հիմնեցին գրչության կենտրոններ և մշակույթային կրթական հաստատություններ[27]:
[1] Այս բառի ստուգաբանության մասին կարելի է տեսնել՝ Քումունց Մ., Տարածական հարաբերություններ արտահայտող բարբառային մի քանի հնաբանությունների շուրջ, Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, Ստեփանակերտ, 2021, էջ 17-19:
[2] Մատենադարան, ձեռագիր N6271, էջ 678:
[3] Ըստ երևույթի այդ նոր հարկացուցակը ստեղծվել է 1781 թվականին:
[4] Մատենադարան, ձեռ. N4477, էջ 608բ:
[5] «Նոր Դար», Թիֆլիս, 1885, N29:
[6] Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ս. Տ., Բարսեղյան Հ. Խ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. II, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1988, էջ 911:
[7] Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատ., Երևան, 1999, էջ 194:
[8] «Դրոշակ», Թիֆլիս, 1907, փետրվար, թիվ 2:
[9] Ղուկաս Սեբաստացի, Դավիթ Բեկ կամ պատմություն Ղափանցոց, Երևանի համալսարանի հրատ., Երևան 1992, էջ 48-49:
[10] Ղուկաս Սեբաստացի, 1992թ. էջ 34-35:
[11] Муравердиев А., Зангезур. Память о нашей истории, Хазар, Баку 2007, стр. 451.
[12] Ստեփանոս Օրբելյան, Սյունքի պատմություն, Երևան, 1986, էջ 253:
[13] Ցարական Ռուսաստանի պաշտոնական գրագրություններում անդրկովկասյան թյուրքալեզու ժողովուրդներին անվանում էին կովկասյան թաթարներ:
[14] «Մշակ», Թիֆլիս, 1906, փետրվարի 7, թիվ 28:
[15]« Դրոշակ», Թիֆլիս, 1907, փետրվար, թիվ 2:
[16] Նույն տեղում:
[17] Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ.V, էջ 517:
[18] Միայն մեկ խաչքարի մոտ ¼ կտոր կար բավական ճոխ զարդաքանդակներով, որը ներկայումս տեղափոխվել է Մողես գյուղին մոտ գտնվող Սուրբ աղբյուրի տարածք:
[19] Կարապետյան 1999, էջ 195, 198:
[20] Օրբելյան1986, էջ 401:
[21] Այն, հավանական է, Հարթեք անվան աղավաղված ձևն է:
[22] Մատենադարան, ձեռ. N4477, էջ 608բ:
[23] Թահմասպ Ա (1524-1576թթ.) – եղել է Սեֆյան դինաստիայի հիմնադիր շահ Իսմաիլ Ա-ի ավագ որդին և շահ Աբբաս Ա-ի պապը: Հենց սա է վերջ դրել Շիրվանշահերի երբեմնի հզոր պետությանը:
[24] Ուլուբաբյան Բ., Ոսկե Շղթա, Երևան, 1979, էջ 166 («Մի առեղծվածի հետքերով»), նաև նույնի՝ Խաչենի իշխանությունը 10-16դդ, Երևան, 1975, էջ 361:
[25] Հագարո հովտում հայտնի է երեք գյուղ Փարաջանց կամ Փարաջան անվամբ: Մեկը՝ մեր ուսումնասիրության առարկա հանդիսացող Փարաջանցն է, մյուս երկուսը՝ Աշաղը Փարաջան, Յուխարը Փարաջան: Աշաղը Փարաջանը և Յուխարը Փարաջանը հայոց պատմական Հարար գյուղն է, որը իրենից ներկայացնում էր իրարից անջատ չորս բնակավայր՝ ընդհանրական Հարար անվամբ և որոնք թուրքերի կամ քրդերի կողմից վերանվանվել են հայաթափումիցհետո: Մասնավորապես՝ Աշաղը Փարաջան անվանումը դրվել է 1953 թվականից (Քումունց Մ., Ըռքոյան Զ., Արցախի Բերձոր գավառի պատմական Հարար գյուղը, Պատմաբանասիրական հանդես, 2020, N1, Երևան, 2020, էջ 187-200):
[26]17-րդ դարի սկզբին հիմնված Սյունյաց Մեծ կամ Հարանց անապատով վերակենդանացվում է արևելահայ ազգային գիտամշակույթային կյանքը:
[27]Հարանց Մեծ անապատից դուրս եկած Արիստակես վարդապետը 1620-ական թվականներին վերակառուցել է Բեխի կամ Տանձափարախի վաղ միջնադարում հիմնված անապատը, որը իր տեղանքով և մեկուսացվածությամբ ամբողջությամբ բավարարում էր հոգևոր մենաստանի, անապատի և գրչության օջախի ծառայելու պահանջներին: