Լուսանկարների ցուցահանդեսում Քաշաթաղն է

Spread the love

Անցած տարի այս օրերին դեռ մերն էր Արցախի մեծ մասը՝ Հադրութն ու Շուշին, Քարվաճառն ու Քաշաթաղը: Այսօր կարոտն է խեղդում: Արցախյան վերջին կործանիչ պատերազմը մեզանից խլեց ազատագրված և վերահայացած Քաշաթաղը, Շուշին, Քարվաճառը և Արցախի հարավարևելյան Հադրութ աշխարհը: Կորուսյալ Քաշաթաղ-հայրենիքի՝ հազարամյակներ շարունակ Հայոց ոստան լինելու մասին են վկայում պատմաճարտարապետական բազում հուշարձաններ, որոնց լուսանկարների ցուցահանդեսը սեպտեմբերի 22-ին բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի ,,Մարտունու պատկերասրահ,, մասնաճյուղում: ,,Հայկական Քաշաթաղը,, խորագիրն է կրում ցուցահանդեսը, որն անց է կացվում “Յոթը սարի հետևում” հայրենաճաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնի շրջանակում և կազմակերպվել է Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի /տնօրեն Անի Եղիազարյան/ կողմից: Ցուցադրության բացմանը ներկա էին արվեստասերներ, Արցախից բռնի տեղահանվածներ, ովքեր ժամանակավոր բնակվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, դպրոցականներ, ուսանողներ, ազատամարտիկներ, ովքեր մասնակից են եղել Բերդաձորի և Քաշաթաղի տարածքների պաշտպանական ու ազատագրական մարտերին, ուսուցիչներ: Ներկա էին նաև Մարտունու մանկական արվեստի դպրոցի սաներն ուսուցիչների հետ միասին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո աշակերտները պատկերասրահում ցուցադրվող մեծ վարպետների աշխատանքներից արտանկարներ կատարեցին։ Բացման խոսքով հանդես եկավ ,,Մարտունու պատկերասրահ,, մասնաճյուղի վարիչ Անահիտ Գևորգյանը: Ողջունեց ներկաներին, տեղեկացրեց, որ ցուցադրությունը կայանում է Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ: Կարևորեց նման միջոցառումները, երբ հանդիսատեսին է ներկայացվում պատմական հայրենիքի այն տարածքների հուշարձանների մասին, որոնք մնացել են գերության մեջ:
-Քաշաթաղի պատմամշակութային արժեքների մեծ մասը մնացին ադրբեջանական վերահսկողության տակ: Սակայն դրանք լուսանկարներում են և այսօր ցուցադրվում են Մարտունու պատկերասրահում: Միևնույն է, դրանք Հայկական են և Հայկական էլ լինելու են ապագայում: Դրա մասին փաստում էին այցելուների և հատկապես դպրոցահասակ երեխաների հայացքները` իբրև պահանջատիրոջ,- ասաց Ա. Գևորգյանը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն իր խոսքում տեղեկացրեց, որ ներկա ցուցադրությունը կայացել է մայիս ամսին իր ղեկավարած մշակութային օջախում: Ներկայացրեց լուսանկարների հեղինակներին` առավել կարևորելով այն, որ այժմ անհայտ է լուսանկարներում պատկերված կոթողների ճակատագիրը, և ներկայացված լուսանկարներն ունեն նաև արխիվային արժեք: Ազատամարտիկ Թաթուլ Կարապետյանը, ով եղել է Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի/ԲԻԽ/ Մարտունու շրջանի համակարգողն ու ընդհանուր հրամանատարը, ողջունելով ձեռնարկը, ներկայացրեց Զոհրաբ Ըռքոյանին, ով ծնունդով Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղից է, և առաջիններից է, որ 1989թ. Մարտունու շրջանից կազմավորված ջոկատի կազմում մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը: Նշեց՝ նույն ժամանակ Զ. Ըռքոյանը նաև լուսանկարում էր, հետագայում լուսաբանել է մարտական գործողությունների, ԲԻԽ-ի մարտիկների, բերդաձորցիների մասին: Հայտնեց գոհունակություն, որ նման ցուցադրություն կայանում է հենց Մարտունի քաղաքի պատկերասրահում, որի վարիչ Ա. Գևորգյանը, 80-ականներին աշխատելով ՀԽՍՀ կենտկոմի Մարտունու շրջկոմի 3-րդ քարտուղար, շատ է օգնել իրենց՝ Բերդաձոր հասնելու գործում: 1992թ. մայիսի 18-ին ազատագրվեցին Արցախը Մայր հայրենիքից անջրպետող Լաչին կոչված քաղաքը և Զաբուղ գյուղը, և բացվեց ցամաքային ճանապարհը՝ մեզ համար՝ Կյանքի ճանապարհը, միջազգային կառույցների համար՝ Լաչինի միջանցքը: 1993թ. Աշնանն ազատագրվեց ներկայիս Քաշաթաղի ողջ շրջանը, և շուտով Արցախի Հանրապետության կազմում ձևավորվեց նոր վարչական միավոր՝ Քաշաթաղի շրջանը՝ Բերձոր-Լաչին շրջկենտրովով: Տարածքի վերաբնակեցման և վերահայացման ընթացքում հնարավոր եղավ զբաղվել նաև պատմական Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանգների՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը բռնակցված տարածքներում պահպանված հայ մշակույթի պատմաճարտարապետական հուշարձանների ուսումնասիրմամբ: Պարզվեց՝ նշված տարածքներում բացի հայտնիներից, բազում են հայկական մշակութային այլ հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ՝ կիսաքանդ ու հիմնաքանդ, կամուրջներ, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ, ջրաղացներ, բնակավայրերի ավերակներ: Շատ-շատ են նաև նախաքրիստոնեական ժամանակաշրջանների դամբարաններ, դամբարանադաշտեր, ամրացված բնակատեղիներ, կիկլոպյան ամրոցներ, պատմական փարախներ: Այս ամենը խոսում են, որ Քաշաթաղի շրջանը, հատկապես լեռնային հատվածները՝ Հակարիի վտակներ Աղավնոյի, Հոչանցի, Շալուայի, Որոտանի, ինչպես նաև Արաքսի վտակներ Ողջի և Ծավի հովիտներում վաղնջական ժամանակներից հայ մարդն է ապրել ու արարել, իսկ քրիստոնեական ժամանակներում վանք ու եկեղեցի, խաչքար ու խաչաքանդակ տապանաքարեր կերտել ու թողել որպես վկայություն: Նշված տարածքների մի մասը հայաթափվել էր՝ սկսած 18-րդ երկրորդ դարակեսից, երբ չգիտես ինչու, խաթարվեց հայոց միաբանությունը: Մի մասը հայաթափվել է խորհրդային ժամանակներում, երբ Հայոց երկրամասերը բռնի տրվեցին նորաստեղծ Ադրբեջանին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ավարտից հետո արդեն խաղաղ պայմաններում, դարձյալ ստիպողաբար, թուքին թողեցինք Քաշաթաղի շրջանն ու հայոց հուշարձանները, Քարվաճառը: Թե ինչ ճակատագիր կունենան մեր սրբավայրերն ու մնացած հուշարձանները, հայտնի չէ, քանի դեռ դրանք մնալու են թշնամու տիրապետության տակ: 1996 թվականից բնակվելով Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում, զշխատելով կրթության և մշակույթի համակարգում, այնուհետև ղեկավարելով շրջանային ,,Մերան,, պարբերաթերթ` Զոհրաբ Ըռքոյանը տարիների ընթացքում լուսանկարել է տարածքի պատմաճարտարապետական հուշարձանները և դրանց մի մասն է ցուցադրվում այժմ պատկերասրահում: Մինչ այդ, նույն լուսանկարների ցուցադրությունը բացվեց 2021թ. մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրը, իսկ փակումը կայացավ 10 օր հետո՝ մայիսի 28-ին՝ Հայոց Առաջին Հանրապետության հռչակման օրը: 10 օրերի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտնականներ, հնագետներ, պատմաբաններ՝ ներկայացնելով Քաշաթաղի շրջանը տարբեր ոլորտներում: Ցուցահանդեսում ներկայացված են նաև երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի լուսանկարներից՝ ,,Արցախի կամուրջները,, և Արտակ Գնունու կողմից 10 և ավելի տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ Ողջիի աջափնյա Կերեն գյուղի մոտակա դամբարանների պեղումներից հայտնաբերված նյութերի լուսանկարները: Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարներում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած հայկական պատմական կոթողներն են։ Հեղինակն իր խոսքում համառոտ պատմական ակնարկով ներկայացրեց Քաշաթաղի և Քարվաճառի շրջաները՝ նշելով՝ դրանք պատմական Մեծ հայքի Արցախ, Ուտիք և հատկապես Սյունիք աշխարհների տարաշքներն են: Ներկայացրեց նաև լուսանկարներում պատկերված հուշարձանները, որոնց թվում է 4-րդ դարում հիմնված Ծիծեռնվանքը, որը կառուցվել է հայկական հեթնոսական տաճարի հիմքերի վրա: Լուսանկարներում մոտ 30 սրբատուն է պատկերված, ինչպես նաև՝ խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ և այլն: Ցուցադրությունը կտևի մոտ 10 օր և բաց է այցելուների առջև ամեն օր, բացի երկուշաբթիից:

 

Վարսենիկ Ըռքոյան

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի