Ոչ միայն Բեխի, այլ ամբողջ Կապանի համար հետաքրքրություն է ներկայացնում հայտնի Նապատը1 թե՛ իր ճարտարապետական կառույցներով2, թե՛ իր հետ կապված լեգենդներով ու պատմություններով: Այն գտնվում է Բեխ գյուղից մոտ 6 կմ հարավ-արևելք՝ բարձր լեռան արևելյան լանջին՝ անտառի մեջ: Նապատը հնում հայտնի է եղել նաև Տանձափարախ անունով: Վտանգի ժամանակ ժողովուրդը ապաստանել էր այստեղ գտնվող միաբանների հետ միասին: Սա, փաստորեն, փոքրիկ ամրոց-դղյակ էր, ուր թե՛ պաշտպանվում էին և թե՛ կազմակերպում կրոնական արարողություններ: Հիմա էլ Նապատը կիսավեր վիճակում է և ծառայում է որպես ուխտագնացության վայր` շրջակա գյուղերի համար: Այս յուրահատուկ սրբավայր ամրոցի մասին գրել է Րաֆֆին «Դավիթ Բեկ» վեպում: Նրա մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում նաև Բեխ գյուղից գրող, բժիշկ, հասարակական գործիչ Ստեմելը (Ստեփան Մելիք -Փարսադանյան), ով ժամանակին գրառել է զրույցներ մեծերից:
Բեխում Նապատի մասին զրույցները շարունակվում են նաև մեր օրերում: Սերունդները պատմում են դարեդար փոխանցված ավանդություններն ու լեգենդները:«Հալիձորի անկումով՝ Դավիթ-Բեկը յուրայիններով պատսպարվում է Անապատ կոչուած ամրոցի մէջ:
Այս բերդը կոչվում էր Անապատ այն պատճառով, որ նրա մեջ գործում էր մի կուսանոց, ուր, ասում են, կուսակրոն կյանքով ապրում, աղոթում և ապաշխարում էին շուրջ քառասուն միանձնուհիներ: Օսմանցիները, գետը անցնելուց հետո, պաշարեցին բերդը: Վեց օր տևեց պաշարումը: Թշնամին կրկնապատկում էիր զորությունը և վայրենի կատաղությամբ հարձակում գործում: Հասնում է օրհասական րոպեն:
Այդ սարսափելի տագնապի մէջ, երբ մի կողմից շողում էին սրեր, հոսում էր արյուն, որոտում էին թնդանոթներ, մյուս կողմից` բարեպաշտ միանձնուհիների դասը հնչեցնում էր զանգակներ և աղերսում վերին օգնականությանը»,- գրում է Ստեմելը:
Տարեցները պատմում են. «Պաշարվածները քրիստոնյա հավատացյալներ էին և չէին վախենում նահատակվելուց: Նրանք դիմում էին աննկարագրելի քաջագործությունների, քանի որ իրենց հետ էին Դավիթ-Բեկը, Մխիթար Սպարապետը, Տեր-Ավետիսը և քաջարի այլ հրամանատարներ: Նրանք քաջածանոթ էին տեղանքին և մայրամուտին հարձակվեցին թշնամու վրա: Թշնամին սարսափահար ճողոպրեց: Կռվին միացավ նաև Դավիթ-Բեկը, և թշնամին ջարդվեց, իսկ նրա մնացորդները փախուստի դիմեցին Ղափանի սահմաններից»:
Տանձափարախը (Նապատ) հետագայում վերականգնվել է: Այստեղ ճգնակյաց կյանք էին վարում վարդապետները: Ասում են, որ նրանք նույնիսկ միջնադարյան գրիչների օրինակով մատյաններ էին գրում: Դարեր են եկել ու անցել, իսկ Նապատը մնացել է որպես սրբավայր և ուխտատեղի: Մեր օրերում նույնիսկ այստեղ հարսանիքներ են անցկացվում:
Նապատ հավանաբար նույն անապատ բառն է, որ տեղի բարբառին բնորոշ հնչյունափոխությամբ սկզբի ա հնչյունը թուլացել է և վերածվել ը-ի, իսկ հետագայում ամբողջովին դուրս մնացել:
1. Առաջին անգամ Նապատի մասին հիշատակվում է X դ., երբ Սյունյաց Վահան իշխանը, ըստ Ստեփանոս Օրբելյանի, «հրաժարվում է աշխարհական կարգից, կրոնավորի տարազ հագնում ու երկար ժամանակ ճգնում Տանձափարախի սուրբ վկայարանում»:
2. Տանձափարախը եղել է անապատ. Ստեփանոս Օրբելյանը նշում է, որ նրա կրոնավորները
«խարազնազգեստ ու սակավապետ էին»:
Աղբյուրը՝ www.visitkapan.am