Մ. Մ. Թելունց
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
18-րդ դարի 20-ական թվականների սկզբին Հայաստանի արևելյան մասը, այդ թվում Սյունիքը և Արցախը, գտնվում էին Իրանի (Պարսկաստանի) լծի տակ: Պարսկաստանը 1722թ. հոկտեմբերից նվաճվեց աֆղանների կողմից: Անդրկովկասում, այդ թվում Հայաստանում ստեղծվեց անիշխանական վիճակ. օսմանյան թուրքերը պատրաստվեցին զավթել Անդրկովկասը: Իր հերթին Ռուսաստանի սահմաններին թուրքերի մոտենալը կանխելու համար Պետրոս I-ը սկսեց իր պարսկական արշավանքը` 1722-23թթ.՝ խոստանալով նաև աջակցել հայերին ու վրացիներին՝ ազատագրվելու պարսկական լծից: Դա խրախուսեց նաև այդ ժողովուրդներին, և հայերը ավելի վստահ զինված պայքար սկսեցին պարսիկ և տեղական մյուս մահմեդական զավթիչների դեմ` ազատագրելով Արցախի և Սյունիքի տարածքների զգալի մասը: Սակայն չնայած հերոսական պայքարին՝ նրանք չկարողացան երկար դիմադրել 1725-1726թթ. Սյունիք և Արցախ ներխուժած, պարսիկներից անհամեմատ հզոր օսմանյան թուրքերի մեծաքանակ բանակներին, և ապստամբությունը` ազգային-ազատագրական պայքարը, 30-ական թվականների սկզբներին պարտություն կրեց: Տարբեր պատճառներով չստացվեց նաև Պետրոս 1-ի խոստացած ռուսական օգնությունը: Հայ ազատագրական պայքարը գլխավորում էր զորավար Դավիթ Բեկը, իսկ նրա մահից (1728) հետո՝ մինչ և 1730թ., Մխիթար Սպարապետը: Խնձորեսկը՝ որպես Սյունիքի ամուր վայրերից մեկը, իր քաջարի բնակիչներով, հանդիսանում էր ազատագրական պայքարի կենտրոններից, ուստի Մխիթար Սպարապետը թուրքերի դեմ հաղթական ճակատամարտից հետո կարճ ժամանակով հանգրվանեց Խնձորեսկում և որտեղ էլ սպանվեց թուրքական գործակալների հրահրմամբ:
Մխիթար Սպարապետի տապանաքարի վրա հին հայերեն լեզվով գրված է, որ այն դրված է ի հիշատակ իշխանությամբ օժտված, Գանձակեցի Մեծ Մխիթարի, որ նահատակվեց երիտասարդ տարիքում: Տապանաքարի երկարությունը` 1.53 սմ, բարձրությունը` 60 սմ, լայնությունը` 40 սմ: Տապանաքարի հյուսիսային կողքին քանդակված են երեք հեծյալներ, առաջինը ձեռքին ունի կեռ սուր, երկրորդը` հրացան` դեպի ետ դարձրած, երրորդը, որ գնում է դրանց առաջից, սպարապետն է, ձեռքին ունի նիզակ, որով սպանում է գալարվող վիշապին: Սպարապետին դիմավորում են երկու հետիոտն մարդիկ, առաջինի մի ձեռքին հրացան է, մյուսին` ծաղիկ, երկրորդը հոգևորականի զգեստով է՝ ձեռքին դրոշակ, որ պսակվում է խաչով: