Թե՛ Հին Խնձորեսկը և թե՛ նորը` XX դարի 50-ական թվականներին տեղափոխված, գտնվում են պատմական Սյունիք աշխարհի Մեծ Հայքի 15 նահանգներից մեկի` Հաբանդ[1] գավառի (հետագայում ՀԽՍՀ Գորիսի շրջանի. ներկայիս Սյունիքի մարզի) տարածքում` ՀՀ հարավ-արևելյան մասում: Հին Խնձորեսկը գտնվում է արևմուտքից արևելք մոտ 3կմ երկարությամբ ձգվող լեռնահովտի աջ ու ձախ եզրերին. կտրտված խորը ձորահովիտներով, շրջապատված ժայռազանգվածներով: Աչքի է ընկնում բարեխառը կլիմայով ու բերքառատությամբ: Հին Խնձորեսկն ունեցել է դժվարամատչելի ճանապարհներ` ըստ էության արահետային: Ունեցել է մի շարք հայտնի բնական աղբյուրներ, որոնց մի մասը պահպանվել է: Խորհրդային տարիներին հիմնական ճանապարհները վերակառուցվել, բարեկարգվել են, դարձել անհամեմատ մատչելի` այդ թվում սայլային և ավտոմոբիլային տրանսպորտի համար: Նոր Խնձորեսկը գտնվում է Հին Խնձորեսկից 2-3 կմ արևելք` հեռավորության վրա Գորիս քաղաքից 8 կմ արևելք` Գորիս-Ստեփանակերտ խճուղուց աջ` խոր ձորի զառիթափ լանջերին և սարահարթի վրա: Խորհրդային տարիներին կառուցվել են մշակութային և այլ օբյեկտներ` դպրոցներ` հանրակրթական և երաժշտական, մշակույթի տուն, հիվանդանոց, գործարան և այլն: Ունեցել է խոշոր կոլեկտիվ տնտեսություն` 1928-29թթ.-ից, հետագայում` 1976 թվականից` պետական տնտեսություն` 10 հազարից ավելի մանր եղջերավոր անասուններից և մի քանի հազար խոշոր եղջերավոր անասուններից բաղկացած ֆերմաներ: Մշակվել են բազմաբնույթ գյուղատնտեսական կուլտուրաներ: Խնձորեսկի կոլեկտիվ և պետական տնտեսությունները հատկապես զարգացում են ապրել նրա երկարամյա վաստակաշատ ղեկավար, ՀԽՍՀ ԳԽ-ի մի շարք գումարումների պատգամավոր Միրաք Բունիաթի Համբարձումյանի (Թելունցի), հետագայում նաև Հայկ Ալեքսանյանի, Վազգեն Բաղդագյուլյանի, Շամխալ Մանվելյանի, Միշա Ղալդունցի և մյուսների ղեկավարման տարիներին: Գյուղում կառուցվել են քարաշեն երկհարկանի տներ, փողոցներ, անցկացվել էլեկտրական լուսավորություն. շուրջ 9 կմ. հեռավորությունից խմելու ջուր է բերվել` խողովակաշար անցկացվել գյուղ ևն:
Ճշգրիտ որոշել Խնձորեսկի (Հին) տարիքը` դժվար է, ինչպես և դժվար է Հայկական լեռնաշխարհի, անշուշտ, նաև Սյունիքի հնագույն բնակավայրերի տարիքը որոշելը: Ակնհայտ է, սակայն, որ Հայկական լեռնաշխարհի մյուս բնակավայրերի` հնավայրերի պես Խնձորեսկը ևս մարդկության հնագույն բնակավայրերից է. մասնավորապես դրա օգտին է խոսում նրա երկրաբանական կառուցվածքը, դիրքը, քարանձավային համակարգը և այլն: Իսկ գիտական տվյալներով ընդունված է ասել, որ “homo habilis“–ը` աշխատանքի գործիքներ պատրաստելու ունակ մարդը, ծագել կամ առանձնացել է կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչներից շուրջ երեք միլիոն տարի առաջ (կան նաև այլ թվեր` 1-ից 3 միլիոն, նաև` անգամ, 100-150 միլիոն և ավելի տարիներ առաջ, ևն): Հայտնի է, նաև որ Հայկական լեռն աշխարհը, որի մի մասն էլ կազմում է Սյունիքը, Սյունիքի մեջ մտնող Խնձորեսկը և մյուս., հնագույն քաղաքակրթությունների` Աքքադի, Շումերի,Բաբելոնի սահմանակիցն` հարևանն էր և պատահական չէ, որ Միջագետքում տեղի ունեցած` սկզբնավորված, համաշխարհային ջրհեղեղից հետո նրա բնակիչներն ապաստանել են Հայկական լեռնաշխարհում՝ նրա հարավում գտնվող Արարադ (և ոչ թե Մասիս- Արարատ) կամ Արարատ-Մասիս լեռան վրա` որը Նոյի մասին, ինչպես նաև ջրհեղեղի մասին հիշատակող հին շումերական առասպելների պատմական հենքն է դարձել: Հայկական լեռնաշխարհում տոհմացեղային և ցեղային-պետական միավորումների (Արատտա, Արմանի) մասին տեղեկությունները գիտնականները վերագրում են մ.թ.ա 3-րդ հազարամյակին:
Ավելի ուշ Խնձորեսկը հիշատակվում է` տարբեր առիթներով հայ պատմիչների երկերում: Այսպես օր.` Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դարի երկրորդ կես և 14-րդ դարի սկիզբներ) Խնձորեսկը (նաև Խնձորեակ, Խնծորեկ ևն) հիշատակում է Սյունիքի Հաբանդ գավառի կազմում (Տե՛ս Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, «Սովետական գրող» հրատ., Երևան, 1986, էջ 399): Դա Հաբանդի 59 գյուղերից մեկն էր: Դրանից ավելի ուշ Աբրահամ Կրետացի հայոց կաթողիկոսը Մուղանի դաշտավայրում Նադիր Շահի թագադրությանը մասնակցելուց հետո վերադառնալով Էջմիածին (1736թ.). անցնելով Խնձորեսկով արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Խնձորեսկի մասին` մասնավորապես, նշելով որ Խնձորեսկը (բնագրում` Խնծորեկ) գտնվում է «քարաժեռ լերանց մեծամեծաց» մեջ, ունի»անբավ բարձրություն», «նեղանցուկ ճանապարհներ», մարդիկ բնակվում են ժայռափոր բնակավայրերում` որտեղ բարձրանում էին թոկով` պարանով և այլն: Ըստ Կրետացու Խնձորեսկը շատ բնակիչներ, տներ է ունեցել, սակայն բնակիչներից շատերը զոհվել են օսմանյան թուրքերի և քրդական ցեղերի հետ կռիվներում և ներկայումս` Կրետացու ժամանակ, ընդամենը մոտ 500 կամ ավելի պակաս տուն ուներ Խնձորեսկը. «Իսկ տունք նոցա (Խնձորեսկի-Մ. Թ.) քանդեալք էին ‘ի զօրաց úսմանցոց և ‘ի գող աւազակ Քրդաց Ղարայչօռլուոց: Նախ կային ԵՃ (500-Մ. Թ.) տուն[2] ‘ի Խնծորեկ գեղն, բայց այժմ սակաւացեալք էին` զի բազում սպանեալք էին ‘ի Թուրքաց. քանզի Փաշայք զօրօք իւրեանց քանիցս եկեալ էին ‘ի վերայ նոցա, և ոչ կարացին մուտ առնել, այլ պատերազմեալ ընդ միմեանս` յետ դառնային ամօթով…» (Տե՛ս Աբրահամ Կրետացւոյ Պատմագրութիւն անցիցին իւրոց և Նատր-Շահին պարսից, ՌՅԺԹ-1870, Ի տպարանի սրբոյ կաթողիկե — Էջմիածնի, Ի Վաղարշապատ, էջ 74-75): Կրետացու տեղեկությունն այն մասին, որ թշնամիները` տվյալ դեպքում մահմեդականները ոչ մի անգամ չեն կարողացել մտնել Խնձորեսկ, նրա բնակիչների հերոսական դիմադրության, պայքարի շնորհիվ, անկասկած արժեքավոր է: Պատահական չէ նաև, որ Պետրոս I-ի Պարսկական (կամ Կասպիական) արշավանքով ոգեշնչված Սյունիքի և Արցախի 1722-1730թթ ազատագրական պայքարի տարիներին ևս Խնձորեսկն այդ պայքարի հենակետերից էր[3]: Անշուշտ ցավալի դեպք էր հայ ազատագրական շարժման հայտնի գործչի, հաղթանակած զորավարի` Մխիթար Սպարապետի սպանությունը Խնձորեսկում, հավանաբար թուրք գործակալների հրահրմամբ (Տե՛ս Դավիթ Բեկ կամ Ընտիր պատմություն պատերազմացն Ղափանցոց, ԵՊՀ հրատ., Երևան, 1992, էջ 76-77), սակայն, բնականաբար, դա չի կարող ստվեր գցել այդ գյուղի, նրա բնակիչների հերոսական պատմության վրա: Ի դեպ «Դավիթ Բեկի…» պատմությունում կամ «Ընտիր պատմություն…»-ում Խնձորեսկը նշված է «Խնծորէսք» և «Խնձորէկ» անվանումներով (էջ 77, 108): Ղևոնդ Ալիշանի «Սիսական» — ում նշվում է «Խնձորեսկ»[4]: Ուշագրավ է նաև այն փաստը, որ Մեծ Հայքի «Բարձր Հայք» նահանգում` Երզնկայի. Էրզրումի գավառներում Խնձորեկ, Խնձորիկ և այլն` նման անուններով 6 գյուղ է հայտնի: Խնձորեսկ անունով գյուղ է հայտնի Էրզրումի նահանգի Երզնկայի գավառում, Բոլոմորի գավառում, Խնձորեք անունով` Բիթլիսի նահանգում, Սասունի Փսանք գավառակում: Դա բավական տարածված անուն է և չի բացառվում ծագումնաբանական ազգակցությունն Արևմտահայ և Արևելահայ անվանումների միջև[5]: Խնձորեսկը[6] հետագա տարիներին, անշուշտ, համալրվել է ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստան գաղթած հայերով (հատկապես 1826-28, 1828-29թթ.՝ պատերազմների արդյունքում), բայց նրա բնիկներին ու «նորաբնակներին» առանձնացնելն անպտուղ գործ է…
Խնձորեսկը, որքանով ես կարող եմ իմ դիտարկումներով գնահատել, ազգային-ազատագրական պայքարում իրոք միշտ էլ ակտիվ դեր է ունեցել. գյուղին, նրա բնակիչներին հատուկ է ըմբոստությունը, հոգեբանական առումով նրանց պատմությունը գերազանցապես բնութագրվում է երկու հիմնական ուղղություններով` ազատագրական պայքար և հանրային մտածողություն (այս վերջինը մենք կանվանենք աստվածաշնչային, կոմունիստական. թե ինչ. դա ես զգացել եմ): Խնձորեսկի ինքնատիպ դրական գծերից պետք է համարել սեփական հողին կառչած մնալը. եթե ամբողջ հայ ժողովուրդն այս տարիներին փախչում է սեփական երկրից` արդեն ունենք 1 միլիոնից ավելի արտագաղթողներ և շարունակվող արտագաղթ, Խնձորեսկում ընդհանուր առմամբ նման երևույթ չկա. ըստ երևույթին ի տարբերություն մեր ժողովրդի մյուս հատվածների նրանք հասկանում են, որ ոչ թե ժողովուրդը պետք է փախչի սեփական, այսօր արդեն «անկախ» երկրից, այլ պետք է մի քանի մեղավորներին քշի երկրից` նրանց, ովքեր երկիրն ու ժողովուրդին հասցրել են այս վիճակին…
Ըստ տեղեկությունների՝ Խնձորեսկն արդեն 20-րդ դարի սկիզբներին ունեցել է շուրջ 1800 տուն 8300 բնակիչներով[7]: 1913թ-ին ունեցել է 27 խանութ, 3 ներկատուն, կաշեգործային տներ, 7 դպրոց (առաջին դպրոցը` նոր ժամանակներում` 1871 թվականից[8]): Այստեղ առաջինն է ստեղծվել (1919թ-ի ապրիլ) կոմունիստական – կուսակցական կազմակերպությունը: Առաջին Հանրապետության տարիներին Խնձորեսկի, նրա բնակիչների հոգեբանական, սոցիալ-քաղաքական միտվածությունը եղել է դեպի սոցիալիստական-հանրային մտածողությունը: Մասնավորապես դրա հետևանքը պետք է համարել Խնձորեսկի շատ «հանրային-սոցիալիստական մտածողությամբ» գործիչների գնդակահարումը (Թադևոս Թելունց և ուրիշներ)` փոքր ավելի ուշ հանկարծակի «բոլշևիկ» դարձած Դրոյի և մյուսների կողմից… Ակտիվ մասնակցություն է ունեցել Խնձորեսկը Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945թթ.). պատերազմին մասնակցել են 1300 խնձորեսկցիներ` 1100-ը որպես շարքային, մնացածը` սպա. 480-ը զոհվել են[9]: Խնձորեսկը տվել է` պատերազմի ժամանակ, զորահրամանատարներ` գեներալներ, գնդապետներ (ԽՍՀՄ-ի հերոս` Գուրգեն Արզումանյան, գեներալ-մայոր Սերգեյ Կարապետյան, դիվիզիայի հրամանատար` գնդապետ Ներսես Բալոյան և ուրիշ.). բազմաթիվ շքանշանակիրներ ու մեդալակիրներ` Մեծ Հայրենականի ժամանակ դրսևորած քաջության համար: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման են արժանացել Մելիք Թունյանը, Արամայիս Հայրյանը, Միքայել Գյուլխասյանը: Հայտնի են նաև գիտության, մշակույթի բնագավառի ականավոր ներկայացուցիչներ (արժեքավոր` մնայուն աշխատությունների հեղինակներ). գրողներ Սուրեն Այվազյանը, Գարեգին Սևունցը, կոմպոզիտորներ Արամ և Աշոտ Սաթունցները, ակադեմիկոս Վահան Ղազարյանը, ԽՍՀՄ-ի ժող. արտիստուհի Տաթևիկ Սազանդարյանը, փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թելունցը (Թադևոս Թելունցի որդին), գրականագետ-դոկտոր Բենիկ Յուզբաշյանը, պատմաբան-գիտնականներ Աբել Սիմոնյանը, Վազգեն Բաղդագյուլյանը, Շահեն úհանջանյանը, գյուղատնտես և բժիշկ գիտնականներ Գյուլխասյանները, Արմենուհի Թելունցը (բժիշկ), կենսաբան-գիտնական Սուրիկ Փանդունցը, գիտ. թեկնածուներ` փիլիսոփա Անահիտ Թելունցը, իրավագետ և պատմաբան Մալիկ Թելունցը, բանաստեղծներ Վլադիմիր Բաղդագյուլյանը, Արկադի Ծատուրյանը և ուրիշներ: Խնձորեսկի շատ զավակներ ակտիվ մասնակցություն են ունեցել նաև 20-րդ դարի 80-ական թվականների վերջերին և 90-ական թվականների սկիզբներին ծավալված Արցախյան գոյամարտին ու ՀՀ սահմանների պաշտպանությանը` ադրբեջանական ագրեսիային դիմակայելու համար մղվող համաժողովրդական պայքարին. նրանցից շատերը հերոսաբար զոհվել կամ ծանր վիրավորվել են իրենց վաղնջական հողերը պաշտպանելիս: Նրանց և Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան-թանգարան է կառուցվել (սկզբնապես Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին) նոր Խնձորեսկում:
Պատմական Խնձորեսկում (Հին Խնձորեսկում) պահպանվել են նաև միջնադարյան մի շարք հուշակոթողներ` Հին` երկրաշարժից ավերված բերդ («Մխիթար Սպարապետի բերդը»), Ս. Ս. Թադևոս և Հռիփսիմե եկեղեցիները (17-րդ դ` համարյա անվթար վիճակում` բայց ցավոք չգործող), «Անապատ» դպրոց-եկեղեցու ավերակները, հին աղբյուրներ և ուրիշներ[10]: Գյուղը ներկայումս` 2010թ., ունի 516 ծուխ, 2300 բնակիչներով (ըստ` գյուղապետարանի հայտնած տեղեկության): 1831թ.-ին Խնձորեսկը ունեցել է 1342 բնակիչ, 1939թ.-ին` 2980 բնակիչ, 1959թ.-ին` 1992 բնակիչ, 1979թ.-ին` 1820 բնակիչ, իսկ 20–րդ դարի սկիզբներին, ինչպես արդեն նշել ենք, ունեցել է 8300 բնակիչ` շուրջ 1800 տուն[11]: Ինչպես ՀՀ մյուս բնակավայրերում այստեղ ևս նկատվում են սոցիալ-տնտեսական վտանգավոր` սոցիալական դաշինքը` միաբանությունը խախտող շերտավորումներ` որպես երկրում տեղի ունեցող` «Վերևից եկող» նման` հայտնի գործընթացների անխուսափելի հետևանք: Գործազրկությունը, մյուս բացասական` հակասոցիալական երևույթներն այստեղ ևս իրենց արմատներն են ձգում` վտանգավոր տարածում ստանալով:
Խնձորեսկը, որը Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղն էր, տևական ժամանակ Արևելյան Հայաստանի կազմում գտնվել է պարսկական տիրապետության տակ` մտել Ղարաբաղի խանության կազմի մեջ և 1805թ-ի մայիսի 14-ի Քյուրակչայի պայմանագրով միացել Ռուսաստանին (մինչև Թուրքմենչայի 1828թ` փետրվարի 10-ի պայմանագիրը, երբ Ռուսաստանին միացան նաև Երևանի ու Նախիջևանի խանության տարածքները): Թեպետ Արևելյան Հայաստանի որոշ բնակավայրերի պես Խնձորեսկի մի շարք տարածքներ` դաշտավայրեր և այլն, ևս կրել են (և պահպանվում են` երբեմն օգտագործվում են) օտար` թուրք — պարսկական անվանումներ («Ղուզուեն չխուր», «Քարդաշ», «Չինգիզամի» և այլն), սակայն բնակիչների բնակչության էթնիկական կազմը օտար ազդեցության չի ենթարկվել. ամբողջությամբ պահպանել է իր ազգային ինքնատիպությունը` դեմքը: Բնակիչները` թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք աշխատասեր են, աչքի չեն ընկնում կրոնապաշտությամբ, առավել ևս կրոնական կույր մոլեռանդությամբ: Այս և մի շարք այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ բնակչության տեղաշարժերի` ներգաղթ և այլն, պայմաններում անգամ Խնձորեսկում միշտ էլ գերակշռել են նրա նախաբնիկերը` աբորիգեն հայերը` խնձորեսկցիները:
[1] Պատմական անունների` հատկապես տեղանունների ծագումնաբանական բացատրությանը պետք է շատ զգույշ մոտենալ. ընկ. Ս. Հախվերդյանի և մյուսների բացատրություններն արտաքին հայացքից որքան էլ որ հրապուրիչ լինեն, կարող են լուրջ խճողումներ ստեղծել… Ի դեպ անգամ Հր. Աճառյանը և մյուսները ևս այդ հարցում բավական զգույշ են եղել…
[2] Հայտնի չէ թե մեր հայրենակից հայտնի բանաստեղծ- հրապարակախոս Արկադի Ծատուրյանը որտեղից է վերցրել «3000 տուն բնակչությունըե` 3000 թիվը. տե՛ս «Սյունյաց երկիրե 15 հունիսի 2012թ.:
[3] Телунц М.М., Из истории освободительной борьбы Сюника и Арцаха. Некоторые аспекты самоопределения НКР. (По рекомендации кафедры Политологии Ереванского Гос. университета), Изд. “Эдит Принт”, Ереван 2006, с. 29
[4] Տե՛ս Սիսական, 1893, Վերատպություն, Երևան 2009, էջ 263:
[5] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանի տեղանունների բառարան, հ. 2, ԵՊՀ հրատ, Երևան, 1988, էջ 478-479:
[6] Խնձորեսկ բառը բացատրելուց ես առայժմ զերծ եմ մնում. հնարավոր է, նաև որ ճիշտ են «Խոր ձորե, կամ «Խնձորե, «Խնձորուտե հիմքերից ծագումը:
[7] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, էջ 749:
[8] Առաջին դպրոցները հավանաբար գոյություն են ունեցել դեռևս 4-րդ 5-րդ դարերում` հայ գրերի գյուտի շրջանում` մանավանդ որ Սյունիքը Մեսրոպ Մաշտոցի ակտիվ լուսավորական գործունեության`
հայ գրի և գրականության տարածման, շրջաններից էր:
[9] Տե՛ս ՀՍՀ, հ. 5:
[10] Որոշ հետաքրքրություն է ներկայացնում Հին Խնձորեսկի երկու հատվածները իրար միացնող` անդնդախոր կիրճի` ձորի վրայով անցկացված լարային կամուրջը: Խնձորեսկի հմայքը` պատմագիտական արժեքը սակայն` անկասկած, նրա հնության` մասնավորապես ժայռափոր կերտվածքի ու պատմության մեջ է: Ենթադրվում է, որ Խնձորեսկի վարչական տարածքի մեջ գտնվող «Կուրաթի կետե և մի շարք այլ վայրեր դեռևս մ.թ.ա. գործող բնակավայրեր` անգամ թագավորանիստեր, իշխանանիստեր` պետական մակարդակի կենտրոնատեղիներ` կենտրոններ են եղել: Ի դեպ «Կուրաթի կետե (բնակիչները նաև անվանում են «Գետի այն կողմըե («Կետին էն ղոլըե) այսօր էլ բնակավայրի կառուցման, բնակության համար ամենահարմարավետ ու բարեբեր տարածքն է` մանավանդ նոր (ոչ թե ներքին կամ 2-րդ Խնձորեսկի) Խնձորեսկի տարածքի համեմատ: Այդ և գյուղի մի շարք այլ տարածքներ կարիք ունեն նաև հնագիտական լուրջ ուսումնասիրությունների` մասնավորապես նկատի ունենալով հնագույն տիպի գերեզմանատների` գերեզմանաքարերի առկայությունը. ճիշտ կլիներ, որ այդ աշխատանքներն ընդգրկվեին ՀՀ կառավարության հայտնի որոշման մեջ:
[11] Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանի տեղանունների բառարան, հ.2, էջ 748-749: