Օգոստոսի 23-ին (1911թ.). մոռացված, բայց պատմական օր Կապանի համար:
Այդ օրը շարք մտավ Գորիս-Ղափան հեռագրագիծը, և տեղադրվեց «Մորզե» հեռագրական ապարատը:
Փակագծերի մեջ.
Դեռևս 1874թ. Զանգեզուրի գավառային կենտրոնում բացվել էր առաջին պետական փոստակայանը: Գորիսում փոստի բաժանմունք բացվեց 1890թ. ։ Բաժանմունքի պետ նշանակվեց Իլյա Սաֆոնովը: 1893-ին սկսեց աշխատել Շուշի- Գորիս հեռագրակապը: Հանքերում փոստի բաժանմունք բացվեց 1904 թ., տեղակայված էր Հանքերի կենտրոնում՝ Վաչագանցի ունևոր Իսրայել Նուրիջանյանի երկհարկանի տան վերնահարկում: 1906-ին բաժանմունքի պետ նշանակվեց Ալեքսանդր Դոմեննիկով Բենյաշը` ծնված 1875թ. Մինսկի նահանգի Նովոգորոդի գավառի Լովչի գյուղում:
*******
Օգոստոսի 25-ը ԱՐՏԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է: Ծնվել է Գյուտկումում 1924-ին: Մասնակցել է Հայրենականին, Ղարաբաղյան պատերազմում կորցրել որդուն՝ Արմենին: Առաջինն է գրել Ղարաբաղյան պատերազմի կապանցի անմահացածների մասին, հրատարակել է երկու ժողովածու: Նա սովորական մարդ էր, բայց բնության և սիրո երգիչ, իսկական բանաստեղծ, ում կգնահատենք դեռ տարիներ անց: Նրա բանաստեղծություններից մեկը գլուխգործոց է, անգիր իմանալու գործ, մարդուն հավերժ ուղեկցող խոհ, կորստի ցավ, կուլ գնացող արցունքներ. գրված է այս օրերի համար:
ԱՍԱՑ՝ ԳԱՐՈՒՆ Է
Կապ ընկած առուն բացեց աչքերը
Ու ժայռակողից թռչելով ներքև՝
Փռվեց հանդերում,
Ծարաված հողի շուրթը համբուրեց,
Ասաց՝ գարուն է:
Վազող ջրերի ափերից թաքուն
Դաղձը արևին մի անմեղ ժպիտ
Նետեց կարոտով, ասաց՝ գարուն է:
Դեղձենու ճյուղին մի վարդակարմիր
Բողբոջ էլ ժպտաց,
Իսկ մոշահավը սևուկ թևերը
Թափահարելով
Ծաղկած նշենու ճյուղերից հպարտ
Մեներգեց անուշ, ասաց՝ գարուն է,
Արդեն գարուն է, արդեն գարուն է,
Ձնհալից հետո, ախ ինչ էլ լինի,
Գիտեմ, գարունը հաստատ գալու է
Եվ գարնանաբույր շուրթերով քնքուշ,
Ժայռ ու ձորերին համբույր տալու է:
Ու ամեն անգամ երբ կրկնվում է,
Հերթափոխում է գարունը գարնան,
Ես քեզ հիշում եմ գարնանամուտին.
Գարունը գրկած ընկար մարտերում
Ու վերջին անգամ ինձ շշնջացիր՝
-Արդեն գարու՜ն է…
Արդեն գարուն է և դու չես գալիս,
Եվ դու չես գալիս ձորերով անցնում,
Բայց քո մարտերում գրկած գարունը
Լցվել է քո շեն հանդ ու ձորերը,
Եվ քո փոխարեն աշխարհում մեր նոր
Հազար շուրթեր են բացվում ծիծաղով,
Ասում՝ գարու՜ն է …
******
ԱՆՑՅԱԼԻ ԲԱՐՔԵՐԻՑ
1927թ. այս օրերին Բեխ գյուղի բնակիչ «Գիր անող» Աղա Ավանեսի Փարսադանյանը «թարգ է անում գիր բացելը» և բոլոր գրբացներին կոչ է անում թողնել անմիտ զբաղմունքն ու աշխատել: Այդ օրերին իշխանությունների ճնշման տակ իրենց ծառայությունից հրաժարվում էին նաև քահանաները: Չհրաժարվեի՞ն… Գործի կանցնեին կոմսոմոլի ամենազոր լեգեոնները և կպոկեին վանականների միրուքը:
1927թ. գավառային մամուլը հրապարակեց Բաղաբուրջի բնակիչների բողոքն այն մասին, որ կատաղած շները թափառում են փողոցներում, ճամփեքին, բայց ճար անող չկա: Մարդիկ վախենում են տնից դուրս գալ: Այդ տարների շների զոհ եղան շատերը, իսկ դրանց դեմ կարծես միջոց չկար: 100 տարի անց ամբողջ հանրապետությունում կրկին վախենում են շներից: Բայց չմոռանանք շան հավատարմության մասին: Նրանց պահպանել է պետք:
1927, օգոստոս
Զեյվայից Արմենակ անունով մեկն ամուսնացել է 12 ամյա Անուշի հետ, ու քանի որ ոչ եկեղեցի կար որ թույլատրեր, ոչ էլ գյուղխորհուրդն է արտոնել, համոզել են աղջկա ծնողներին: Հետևանքը՝ խախտվեց աղջկա հոգեկան անդորրը, և գյուղխորհուրդը դիմել է դատարան:
*****
1929-ի օգոստոսի վերջին օրը որդու՝ Հրանտի, հետ Արաքսն անցնելիս խորհրդային սահմանապահի կրակոցից մահացու վիրավորվեց Զանգեզուրի գոյապայքարում Ղափանի ուժերի հրամանատար Գերասիմ Աթաջանյանը: Ծնվել է 1889–ին Գյուտկումում: Ղափանի պաշտպանության, տեղացիների ոգու ամրապնդման, հաղթանակներ տանելու գործում զգալի է նրա դերը: Բայց և նա չի ապրել առանց լուրջ վրիպումների, որի համար հասարակության մի մասի կողմից չի ընդունվել, նույնիսկ արժանացել է կուսակիցների քննադատությանը: Գերասիմի զոհն էր Արծվանիկի հերոս զավակ, Կապանի առաջին ՀՅԴ-ականներից Գրիգոր Տեր-Հարությունյանի եղբայրը՝ Արարատը, որն էլ կոմունիստական գաղափարներ ուներ: Դաշնակցական խմբապետը, Ղափանի բանտում մաուզերի 7 գնդակ պարպելով երիտասարդի վրա, վերջ տվեց նրա կյանքին: Հետո, իհարկե պատճառաբանվեց, որ «մեծամասնականը» մարդ էր ուղարկել Գորիս, որպեսզի համակիրները գան ու գրավեն Ղափանը, բայց դա զրույց էր: Այս մասին նույնիսկ ցուցմունք է տվել Նժդեհը Թավրիզի դատավարության ժամանակ: Այս սպանությունը լուրջ հետևանքներ ունեցավ Արծվանիկի 30-ականների սերնդի համար. փնտրվեցին մեղավորներ, բռնադատվեցին շատերը, և ծնվեց Նժդեհ Տեր-Հարությունյանի և Արծվանիկի Տեր-Հարությունյանների միևնույն ծագումն ունենալու վարկածը (այս մասին խոսել էր պատմաբան Աշոտ Հարությունյանը): Գերասիմի մասին խոսելիս պիտի հիշել՝ նա չէր ծնվել խաղաղ օրերի համար. մահացավ այնպես, ինչպես որ պիտի լիներ: Գնաց Փարիզ, կարող էր մնալ, բայց նրա տեղը Գիլաբերդի շրջանն էր, Ղափանը, Խուստուփ լեռան ժայռեղեն բարձունքները: Նա զենքի մարդ էր, ազնիվ հայրենասեր, դաշնակցական, բայց տաքարյուն, անկանխատեսելի, արարքների մեջ՝ անպատասխանատու: Այն ժամանակ տարածվեց այն լուրը, թե Գերասիմը մատնության զոհ էր: Նրա մասին հանգամանորեն նայեք՝ Գ. Ս., Սյունիք, Պատմություն և հիշողություն, «Անհանգիստ հոգին Ուրգութի հավերժական ննջեցյալ» գլուխը:
*****
Օգոստոսի 28-ը Գրիգոր Դավթի Համբարձումյանի ծննդյան օրն է: Ծնվել է 1933-ին Առաջաձոր գյուղում, Խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ, պաշտպան, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: Երկրի 33 լավագույն ֆուտբոլիստներից էր: Նրա գլխավորությամբ «Լեռնագործը » զբաղեցրել է առաջին հորիզոնականը Բ խմբում: Դավիթ Համբարձումյանի հայրն էր, ընդունված մարզաշխարհում, խորին ակնածանքի արժանացած Կապանում: Մահացել է 2014 թ.: Խոնարհում նրա հիշատակին:
*******
1937թ. օգոստոսի 20-ին Ղափանի բանվորական ակումբում բացվեց շրջանի կոմսոմոլի 12-րդ կոնֆերանսը: Այն տարիներին այլ կերպ լինել չէր կարող. ներկաները ոտքի վրա երկարատև ծափահարություններով ողջունեցին «ավետիսն» այն մասին, որ կոնֆերանսի ՊԱՏՎԱՎՈՐ նախագահություն են ընտրված ընկերներ Ստալինը, Յեժովը, Բերիան, Ժդանովը… ու ծափողջույնների տակ կոմսոմոլը համոզվեց, որ կարելի է շարունակել ավերածությունն ու վանդալիզմը: Իսկ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ գլուխ է բարձրացրել, երբ անպակաս են եղել անկիրթ ու անարմատ մարդիկ, երբ ասպարեզում են նեղմիտ ու գորշ ղեկավարն ու դրածոն: Այնպես որ շարունակվեցին հարձակումները եկեղեցիների վրա, պոկվեցին վերջին մոռացված զանգերը, ջահերը, վարագույրները, գրքեր ու մատյաններ հրկիզվեցին քաղաքի կենտրոնում (ներկայիս «Նորապսակների այգում»), Գյուտկումի Մեծ կալում, Շիկահողի Զաեզժի հրապարակում, Վաչագանի կենտրոնում, Առաջաձորում, Մազրայում… Դեն նետեցին Բեկի Ֆրայբերգից բերած դաշնամուրը, հավաքեցին Կոմիտասի ձայնապնակներն ու կոտրատեցին … կոմսոմոլի արածն էր, որոնք պիտի տարիներ անց ասեին՝ չէինք հասկանում, թե ինչ ենք անում: Լինում էր և այսպես… կարծել են, թե Գերմանիայից բերված դաշնամուրը իշխանության ու հարազատ կուսակցության թշնամին է: Իբր ավագ ընկերները քիչ էին, սրանք էլ կոնֆերանսում հայտարարեցին, որ շրջանում գործում են դաշնակցական, տրոցկիստական, հակահեղափոխական տարրեր Եղվարդում, Ողջիում, Քաջարանցում և շրջկենտրոնում: Իսկ կոմսոմոլի ժառանգորդ ԴԱՇՆԱՄՈՒՐՆ ատողները հիմա էլ ծլում են:
******
1938 թ. օգոստոսի 24-ին Կարմրաքարի պիոներական ճամբարում ազդարարվեց երեխաներ հանգստի ավարտը: Հնչեց շեփորը, երեխաները վառեցին վերջին խարույկը: Ճամբարականները գոհ էին հանգստից: Արարողությանը մասնակցում էին շրջանի և Ղափանի կոմբինատի ղեկավարները: Հետաքրքիր է՝ ե՞րբ և ո՞վ մարեց վերջին խարույկը ԳԱՆՁԱՍԱՐ ճամբարում, ո՞վ ու ե՞րբ մոգոնեց, որ երեխաները ավելի լավ կհանգստանան ու կկոփվեն ասֆալտին բուսած լագերներում՝ բակերում, ցանկապատերի միջև, «գարաժներ»-ի հարևանությամբ՝ ինչ-որ կասկածելի ծրագրերով: Այդպես էլ չի ընկալվում, որ գործում է տիեզերական կանոնը՝ ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ… Մի օր երեխաները տեր կլինեն իրենց ունեցվածքին և կվառվեն խարույկները:
********
Մետեխի բանտից հետո նա ծանր հիվանդ էր, այլևս անկարող էր պայքարել կյանքի համար: 1940 օգոստոսի 24-ին հեռավոր Սիբիրում տաժանակրության մեջ երկրային կյանքին հրաժեշտ տվեց Հայրենիքի ցավով տառապող Մեծ մարդը՝ նախ և առաջ զոհ գնալով չկայացած, թերուս և մտագար մի քանի կոլեգաների մատնագրերին, որոնք կան ու կլինեն, քանի դեռ նրանց իրենց շուքի տակ են առնում իշխանավորները (վավերագիր դարձած մատնագրերի մասին՝ առաջիկայում): Մնում է ասել՝ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ:
******
1941թ. օգոստոսի 25-ին Կիրովաբադից Իրան թռիչքից հետո վերադարձի ճանապարհին ավիովթարի հետևանքով ինքնաթիռն ընկնում է Կապուտջուղի լանջերին: Զոհվում են օդաչուներ Կոնստանտին Սոկոլովը և Վադիմ Խասանովը: Օդաչուները թաղվեցին Ողջիի գերեզմանատանը: Սոկոլովը Թեոդոսիայից էր, Խասանովը՝ Ուրալի Զլատոուստից: Երկար ժամանակ Քաջարանի դպրոցականները նամակագրական կապ ունեին օդաչուների հարազատների հետ:
*******
1974 թ. օգոստոսի 25-ին Շրվենանցում բացվեց Հայրենականում զոհված 22 համագյուղացիների հուշարձան կոթողը: Հուշարձանը բացեց զոհվածի մայր 90 — ամյա Վարսենիկը: Բացմանը ելույթով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անուշավան Ադամյանը: Շրվենանացից է Բրեստի հերոս պաշտպան Վահան Գրիգորյանը:
********
1977թ․ օգոստոսի 21
Ուժանիսի հուշարձանի բացումն էր: Պատերազմը խլել էր 48 երիտասարդի կյանք: Բացումը կատարեց պատերազմի զինվոր Մելիք Մելիքսեթյանը:
******
1992 թ. օգոստոսի 18-ից մինչև 24-ը գիշեր ու զօր հրետակոծվում էին Կապանի սահմանամերձ գյուղերը, ինքնապաշտպանական ուժերը ամուր կանգնել էին դիրքերում և կանխում էին հարձակման փորձերը, իսկ բնակչությունը համառորեն իր գործն էր շարունակում կապի, հոսանքի, ճանապարհների բացակայության պայմաններում: Ցավոք, այդ օրերին ունեցել ենք զոհեր դիրքերում և գյուղերում:
*****
1993թ. 18 օգոստոսի
Վաղ առավոտյան օդային հարձակում եղավ Կապանի վրա, թշնամու երկու ինքնաթիռ անարգել ռմբակոծեց քաղաքը: Եղան մարդկային զոհեր, ավերվեցին շենքեր:
******
1993թ. 25 օգոստոսի
Ռազմական գործողություն եղավ, որ չպիտի լիներ. ինքնագործունեության նման բան դուրս եկավ, և Պեխնի բարձունքը չգրաված՝ նահանջեցին, և թշնամին կրակ բացեց գյուղերի վրա: Սահմանների պատերազմը կարծես ավարտ չուներ: Ճշմարիտ է ասված՝ «Պատերազմները սկսում են, երբ ուզում են, ավարտում են՝ երբ կարողանում են»:
Լուսանկարները տե՛ս՝ «Տավերս» ՖԲ էջ
«․․․հավաքեցին Կոմիտասի ձայնապնակներն ու կոտրատեցին … կոմսոմոլի արածն էր, որոնք պիտի տարիներ անց ասեին՝ չէինք հասկանում, թե ինչ ենք անում»․․․ Օ՜, ժամանակներ ու բարքեր․․․
Comments are closed.