Սա Հայաստան է և վերջ… Լեոնիդ Ազգալդյան Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունի գավառը, որը տարածված էր Որոտան գետի ավազանի անտառապատ սարահարթերում ու ձորակներում, լեռնալանջերին ու գետահովիտներում, դարեր շարունակ, մինչև 18-րդ դարի երկրորդ կեսը եղել է հայոց բնօրրան: Դավիթբեկյան հերոսամարտից հետո, երբ թուլացան հայ մելիքները, մահմեդականներին հաջողվեց հայաթափ անել նաև այս տարածքների մի մասը, և բնակեցնել հիմնականում քրդերով, որոնք մինչև 19-րդ դարի առաջին քառորդը վրնաբնակ կյանքով էին ապրում: Այնուհետև սկսեցին ապրել հայոց բնակավայրերում և անվանափոխել անունները: Բաղք գավառը 17-18-րդ դարերում սկսել էր տրոհվել, և առաջացել էին փոքր գավառներ, որոնցից է Մաղանջուղը: Ըստ Ստեփանոս Օրբելյանի ,,Ժամանակագրություն,, հավելվածի՝ հիշատակվում է Սեթանց գյուղը, որը հարկ էր վճարում Տաթևի վանքին: Հայաթափումից հետո քրդերը 19-րդ դարի 50-ական թվականներին հաստատվել են այստեղ և գյուղը կոչել են Սեյթաս: 1993 թվականի աշնանը այս տարածքն էլ ազատագրվեց: Սեթանցը գտնվում է Կապան լեռան հյուսիսային կողմում՝ Որոտանի աջափնյա վտակ Սեթանցի ափին՝ Կապան-Գորիս մայրուղուց 4-5կմ արևելք՝ շրջապատված խիտ անտառներով: Այն, որ Սեթանցն ունի դարերի պաընություն, հուշում է պահպանված հայոց հանգնրաստարանը և մոտակա ամրոցը: 2014թ. օգոստոսի 26-ին հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և ազգագրագետ/այն ժամանակԱրցախի ՄԵ փոխնախարար/ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ եղանք Սեթանցում: Մեզ ուղեկցում էր տարածքին քաջածանոթ,այժմ՝ երջանկահիշատակ Կարո Քումունցը: Գյուղի արևմտյան կողմում՝ գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 1300 մ բարձրության վրա, գտնվում է անտառապատ մի բլուր, որի երեք կողմերով հոսում է Սեթանց գետակը և դարերի ընթացքում խոր, սակայն ոչ լայն կիրճ է առաջացրել: Բլրի բնական ամրությունն օգտագործել են մեր նախնիները և այստեղ միջնադարում ամրոց հիմնել/հնարավոր է վերակառուցել են ավելի վաղ շրջանի բերդը/: Արևմտյան կողմում ուղղաձիգ ժայռերի վրա պատերը դեռ պահպանվում են: Այստեղ՝ գետի հակառակ ափին նույնպես շինության ավերակ կա: Հավանաբար այս մասում ժամանակին բացվող կամուրջ է եղել, որը ամրոցը կապել է մոտակա բլրալանջին: Այս կողմում եղել է նաև գաղտնուղի, որն իջել է գետակի վրա: Մատակայքում՝ թույլ մասերում, պատեր են շարվել. Որոշ տեղերում պահպանվել են դրանց հետքերը: Բլրի արևելյան կողմում դարձյալ ուղղաձիգ ժայռեր են, իսկ հյուսիսային մասում պահպանվել են շինությունների հետքեր՝ հիմնականում բերքատու ծառերի մեջ: Հնավայրում պահպանվել է նաև միջնադարյան կառույցի մի մասը՝ կրաշաղախ պատեր, մուտք: Ըստ ամենայնի՝ կառույցը եղել է ամրոցի դղյակը: Սեթանցում այժմ բնակություն են հաստատել 2 ընտանիք և այս ավերկը կոչում են եկեղեցի, սակայն կառույցի դիրքն ու տեսքն այլ են: Պատերը շարված են մշակված բազալտով, ունեն մոտ 1 մ լայնություն: Դղյակից արևմուտք ընկած է մի սյուն՝ մեջը կլոր անցք: Հավանաբար ժամանակին այստեղ եղել է ամրոց-բնակատեղի, և հյուսիսային մասն ամրացվել է պարսպով: Շինությունից 3-4 հարիուր մետր հյուսիս ծառերով պատված հայոց հանգստարանն է, որտեղ պահպանվել են 2 տասնյակից ավելի շիրմաքարեր: Մի քանիսը, որ խաչքար են հիշեցնում ընկած են դեմքի վրա: Ծանրության պատճառով չկարողացանք շուռ տալ: Այնուամենայնիվ գտնվեց մի կոտրված տապանաքարի բեկոր, որի վրա կա հայերեն արձանագրություն: Գյուղին տիրացած քրդաթրքերը հայոց հանգստարանի վրա ծառեր են տնկել, իսկ խաչքարերը ջարդել կամ շուռ տվել դեմքի վրա: Հավանաբար նրանց աչքից վրիպել է հայերեն արձանագիր քարաբեկորը/13-14-րդ դարեր/: Եկեղեցին երևի կառուցված է եղել այս հանգստարանի մոտ և ավերվել է օտարների ձեռքով, ինչպես գերեզմանատունը: Այնուամենայնիվ հստակ պատկերոցում ունենալու համար պետք է տարածքում պեղումներ իրականացվեն, խաչքարերն իրենց տեղը դրվեն: Ցավոք 2020թ. Սեպտեմբերյան պատերազմիցհետո Սեթանցը կրկին հանձնվեց թուրքին: Հանձնվեց առանց կռվի: Իսկ մեր շատ հայրենակիցներ գտնում են՝ դե այս տարածքներն Ադրբեջան էին, և պետք է հետ վերադարձվի: Նույն տարածքով է անցնում ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը, որի մի հատվածն այսօր փակ է: Թշնամին հանգիստ փակել է Գորիս-Կապան մայրուղու այս տարածքը, որն անցած տարի այս օրերին դեռ հիմնանորոգվում էր, պետք է ամեն գնով բացվի: Այլընտրանքային ճանապարհով չխաբվենք: Հատկապես ձմռանը նույն այլընտրանքայինով երթևեկությունը կանգ է առնելու: Եթե փակ մնաց Շուռնուխի այս հատվածը, նշանակում է վերջ հայ-իրանական բեռնափոխադրությանը, թշնամու տիրապետության տակ կմնան նաև Շուռնուխը, Բարձրունին, Հայոց Բղենո Նորավանքը:
More From Author
Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի
Présentation du livre
- 13.11.2024
«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես
- 18.09.2024
Վարսենիկի մատուռը
- 05.08.2024
Փոքր Հանդի մեծ պատմությունը
- 23.06.2024