(1) Կապան գավառը համապատասխանում է «Աշխարհացոյց»-ի Ձորք կամ Ձորայ գավառին: Ըստ Ստ. Օրբելյանի (13-14-րդ դդ.)՝ Ձորք գավառը կոչվում է Կապան:
(2) Դեռևս մեծ հայագետ Հյուբշմանն է հստակորեն արձանագրել, որ
● Կապան տեղանուն < գրաբարյան կապան ‘կիրճ, լեռնանցք’ (‘Engpaß’). հետագայում թուրքերենի հենքի վրա աղավաղվելով դարձել է Ղափան
● Կապան տեղանուն կար նաև Զեյթուն / Ուլնիայի մերձակայքում, Համշենում և այլուր (տես ստորև):
(3) Ակնհայտ է, որ կապ-ան ‘կիրճ, լեռնանցք’ բառն ածանցված է կապ արմատից, հմմտ. կապ-ան (ոսկեդարյան գրաբարում` հոգն. կապ-ան-ք) ‘կապ, կապանք, շղթա’:
● Բառիս ‘կիրճ, լեռնանցք’ նշանակությունը վկայված է Խորենացու, Ուռհայեցու և այլոց երկերում:
● Բնիմաստը՝ ‘լեռնակապ, լեռների միջև` ճանապարհակապ’։
► Հմմտ. օրինակ Կաքավաբերդի բարբառի կապ ‘ճանապարհի վտանգավոր մասը’ արմատական ձևը (հմմտ. պարսկ. band, Dar-band, *bandana- ևն),
◊ նաև կար-ան ‘կար, հոդ, կարվածք’ = կար ‘չվան, լար, հոդ’+ նույն -ան ածանց. Ղարաբաղի բարբառում ստացել է ‘քարայր’ իմաստը:
(4) Հայերեն կապան բառը երկու իմաստներով էլ պահպանված է բարբառներում.
● ‘կապ, թոկ, երիզ, օրորոցակապ’ – Արարատյան, Վան, Ղարաբաղ, Հավարիք, Գորիս, Արեշ.
● ‘կիրճ, լեռնանցք’ – Խոտորջուր, Համշեն, Սեբաստիա, Մոկս, Կարին ևն:
► Բառիմաստը. Խոտորջուր՝ «գահավէժի գլխէ ճանապարհ անցուած, ժայռահատ ճամբայ. կիրճ», Մոկս` «дорога на обрыве над рекою, под скалой»:
(5) Խարբերդում և Մուշում կապան ‘կիրճ, լեռնանցք’ բառը պահպանված է քար ու կապան բառակապակցության մեջ: Հոյակապ է մեր էպոսի հետևյալ դրվագը։
● Մսրա Մելիքի հարկահան Կոզբադինը գնում է Սասուն` մեծ քանակությամբ ոսկի ու կանայք շորթելու նպատակով։ Դավիթը դուրս է շպրտում նրան, ու նա գալիս է Մելիքի մոտ, գանգատվում է ու արդարանում`
► «Ես չգիտեի` Սասուն քար էր կապան…»:
(6) Համշենի Կապօն (< Կապան նախաձևից) հայաբնակ գյուղն իր անունն ստացել է գյուղի արևելքում առկա անդնդախոր ու ապառաժուտ ձորերից, որոնք տեղի բարբառով կոչվում են կապոն-ներ: ► Հայերենի ա ձայնավորը ռնգայիններին (մ, ն) նախորդող դիրքում > Համշեն օ (կապան > *գաբօն), հմմտ. անալի > օնլի, անանուխ > օնլուխ:
(7) Ինչպես տեսնում ենք, կապան բառը ‘կիրճ, լեռնանցք’ իմաստով
● վկայված է 5-րդ դարից,
● պահպանվել է կը-ճյուղի բազմաթիվ բարբառներում
● և որպես տեղանուն հանդես է գալիս պատմական Հայաստանի ամենատարբեր ծայրամասերում` Համշեն, Կիլիկիա, Սյունիք ևն:
◊ Հայերեն կապան > վրացերեն k’ap’ani ‘ժայռոտ` անանցանելի վայր, անդունդների վրա վտանգավոր ճանապարհ’: