Վայոց Ձորն ու Շարուրը ՀՀ անկման շրջանում. 1920թ.

Spread the love
[Պաշտոնական գրություններ և մամուլի անդրադարձներ]
1.ՀՀ ՆԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Այսուհետև Դարալագյազը, Շարուրը և Նախիջևանի գավառի Շահթաղտի գավառակը միանում են և կազմում մի գավառ՝ Վայոց Ձոր անունով: Գավառն ունենալու է երեք գավառակ՝ Դարալագյազի երկու գավառակները, ավելացրած Շարուրն ու Շահթաղտին: գավառի կենտրոնն է Բաշ-Նորաշենը, միլիցիան ուժեղանում է և հասնում է Էջմիածնի գավառի միլիցիայի թվին:
Նուբար Ահարոնյանը սույն թվի սեպտեմբերի 8-ից նշանակված է դեպարտամենտում գրասենյակային պաշտոնեա:
Հակովբ Տեր-Գևորգյանը սույն թվի օգոստոսի 2-ից նշանակվում է Վայոց Ձորի գավառապետի օգնական:
Տեղակալ /պարուչիկ/ Հովհաննես Պարոնյանը /սխալմամբ գրված է Պարույրյան/ նշանակվում է Վայոց Ձորի գավառական կոմիսար:
[«Յառաջ», 1920թ., սեպտեմբերի 17, հ-201]
2.ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԳԱՎԱՌԱՊԵՏ ԵԱՊՈՆԻ ԶԵԿՈՒՑԱԳԻՐԸ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ
Ինձ հանձնված գավառի առաջին գավառակը` Շարուրը գրավելուց հետո զանազան շրջաններից այստեղ շտապեցին մի քանի հազար մարդիկ: Երկար ժամանակ Շարուրում բացակայում էր իշխանությունը և զանազան հիմնարկությունների կողմից տրված իրար հակասող վկայականները Շարուրում ստեղծեցին մի քաոսային դրություն, որից գլխավորապես օգտվում էին ճարպիկները, ուժեղները, սպեկուլյանտները: Եվ ընդհակառակը, տուժում էր չարքաշ աշխատավորությունը և գաղթականությունը, որը զուրկ էր ցորեն ծեծելու հարմարությունից` լծկաններ չունենալու պատճառով:
Սննդատու կայանների և բժշկական օգնության իսպառ բացակայությունը պարարտ հող ստեղծեցին զանազան հիվանդությունների, գլխավորապես մալարիայի համար, որը ահագին զոհեր խլեց ժողովրդից: Տիրող դրության հետևանքով սկսվեց արտագաղթը Շարուրից, որը հասավ հսկայական չափերի և մի քանի շաբաթվա ընթացքում Շարուրը դատարկվեց: Ժողովուրդը տարավ ինչ որ կարող էր, կամ փչացրեց այն բոլոր անհրաժեշտ իրերը, որոնք կարող էին ժողովրդին կապել Շարուրի հետ: Տարվեցին նույնիսկ դռները, լուսամուտների փեղկերը, ապակիներ և այլն և այլն: Այս կիսավեր դրությամբ մոտ ժամանակներս Շարուրը կցվեց ինձ հանձնված գավառին:
Այժմ բնակություն է հաստատված Շարուրի միայն տաս գյուղերում` 1.Բաշ-Նորաշեն, 2. Մահմուդ-քենդ, 3. Ասկի-քենդ, 4. Զեյվա, 5. Դուդանգա, 6. Սարուխանլու, 7. Քեշտազ, 8. Սիաղութ, 9. Փառչի, 10. Ալաքլու: Բնակվողները գլխավորապես շարուրցիք ու նախիջևանցիք են, որոնք ստիպված են լինելու նորից գաղթել Շարուրից դուրս, եթե կառավարությունը օգնության չհասնի նրանց սուր կարիքներին: Այժմ ինձ վրա դրված է մի դժվարին պարտականություն` գաղթականությունը պահել գավառում և շենացնել արդեն կիսավեր Շարուրը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է. 1.Գյուղերում հիմնել սննդատու կայաններ (արդեն հիմնվում են) և չբավականանալով լոկ կատարվածով` տալ նաև հաց և շաբաթը 4 անգամ տաք կերակուր: 2. Շարուրի կենտրոնում` Բաշ-Նորաշենում, բանալ հիվանդանոց հիսուն մահճակալով, իսկ գավառի երկու կետերում` ֆելդշերական կայաններ: Բացի այդ ունենալ մի շրջիկ բժիշկ, մի ֆելդշեր` գյուղերը շրջելու և կարոտյալներին տեղն ու տեղը բժշկական օգնություն հասցնելու: 3.Շարուրում գտնված բոլոր պետական եզները` մոտ հարյուր քսան հատ, օգտագործելու տալ գյուղական համայնքներին, ըստ շնչերի հաշվի և, որպեսզի եզների հոգատարությունը կանոնավոր լինի և եզները չփչանան, իմ կարծիքն է եզները ծախել համայնքներին պետական արժեքներով` տալով ժամանակամիջոց մաս-մաս վճարելու և լրացնելու արժեքները: 4.Որովհետև եզների թիվը սահմանափակ է, և այդքանով դժվար է բավարարել ժողովրդի մինիմում պահանջներին, անհրաժեշտ է հողերը հերկել տալ շոգեքարշ գութաններով` գյուղացիներից վերցնելով միմիայն մեքենայի իսկական ծախսը: Դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը ունենա գյուղատնտեսական շրջիկ խումբ, որը ունենալով իր տրամադրության տակ մի քանի տրակտորներ` անցնի գյուղից գյուղ և հերկի հողերը: 5.Կենտրոնում` Բաշ-Նորաշենում, ունենալ գյուղատնտեսական գործիքների պահեստ և բաց թողնել ժողովրդին` ժամանակավորապես օգտվելու: 6.(Եկվորների համար) հոգ տանել և այժմվանից կենտրոնացնել սերմացուներ` ցորեն, բամբակի հունդ, քյունջութ, գերչագ, բանջարեղենների սերմեր և այլն: 7. Շարուրում բոլոր բնակվողները անզեն են և ենթակա պատահականությունների: Անհրաժեշտ է տեղացիներից կազմել ինքնապաշտպանական խմբեր: Դրա համար անհրաժեշտ է փութացնել զենք ուղարկելու գործը, որը խոստացել է ՆԳՄ-ն: Առաջին հերթին հարկավոր է երեք հարյուր լավ տեսակի հրացան: 8. Պետք է ընդմիշտ վերջ տալ զանազան հիմնարկությունների պետերին խառնվելու գավառիս գործերին, որպեսզի չստեղծվի անցյալի ժխորը:
28-ը սեպտեմբերի, 1920թ. Բաշ-Նորաշեն
[ՀԱԱ Ֆ.201, ց.2, գ.623, թթ. 27-29 և ՀԱԱ Ֆ.201, ց.1, գ.27, թ.70-71]
3. ՀՀ ՆԳ պ-ն ՆԱԽԱՐԱՐԻՆ
Ներկայացնելով Ձեզ Վայոց Ձորի գավառի կոմիսարի անցած սեպտեմբերի 28-ի հ-2409 զեկույցը, հարակցում եմ, որ ես միանգամայն համեմիտ լինելով զեկուցագրի մեջ արծարծված մտքերի հետ` խնդրում եմ բավարարել կոմիսարի հարուցած խնդիրներին, որպեսզի հնարավոր լինի Շարուրում բնակչություն հաստատել և բարեկեցիկ վիճակի հասցնել:
Արարատյան նահանգապետ` /Ս.Մելիք-Յոլչյան/
[ ՀԱԱ Ֆ.201, ց.2, գ.623, թ.26]
3.ՔԵՇԻՇՔԵՆԴԻՑ ՀԵՌԱԳԻՐ ԵՐԵՎԱՆ. 11-ը նոյեմբերի, 1920թ.
Շարուրի վերջին դեպքերի հետևանքով, այնտեղի ադմինիստրացիան տեղափոխվել է Արփա գյուղը: Այդտեղ է և Եապոնը: Վայոց Ձորում կացությունը կայուն է: Ժողովուրդը ճակատ է մեկնում մեծ ոգևորությամբ և որոշել է կռվել մինչև վերջնական հաղթանակ:
Գավառապետի օգնական` Հովհանիսյան
[ ՀԱԱ Ֆ.201, ց.1, գ.27, թ.90]
4.ՇԱՐՈՒՐՈՒՄ
Շնորհիվ մեր անձնազոհ զորքերի գերմարդկային ջանքերին` Շարուրի ապահովական դրությունը շատ լավ է, որի մասին ժողովուրդը այլևս չի կասկածում: Միայն մի քանի թալանչիներ ցորենը յուրացնելու համար անցյալ օրերը սուտ լուրեր էին տարածել Բաշ-Նորաշեն գյուղում, թե թուրքերը կայարանը գրավել են արդեն, որով ժողովրդի մեջ ահ ու սարսափ էին ձգել: Մխիթարական չէ տեղիս առողջապահական դրությունը: Ժողովուրդը գալիս է այստեղ և տաս կամ տասնհինգ օրից անկողին է մտնում շաբաթներով, նույնիսկ ամիսներով և երբեմն մահանում է: Խինին չկա, և բացակայում է բժշկական որևիցե օգնություն: Այսօր մի կին պատմում էր, որ մի ֆելդշեր մի պարաշոկ խինինի համար մի փութ ցորեն է պահանջում: Մեռելները շատ ժամանակ մնում են անթաղ, իսկ թաղվածների գերեզմանն այնքան խոր չի լինում, որ շները դիակները հանում են և ուտում:
Դաշտային աշխատանքները դադարել են գրեթե, որովհետև բոլոր աշխատավոր ուժերը կամ հիվանդ են կամ վերադարձել են իրենց տեղերը: Դաշտերում, մանավանդ Դարալագյազի այս կողմի լանջերի վրա, դեռևս ցորենի արտեր կան: Ընդհանրապես ժողովուրդը շատ անխնա է ծեծել ցորենը, գրեթե կեսից ավելին գետնին է թողել:
Չալթուկը սկսել է հասնել: Պարոն Ն. Աղբալյանը և Աղաբեկ Շահնազարյանը շրջում են գյուղերը և զբաղված են չալթուկի ու այլ գործերով: Աշխատավորները չկան, որ հնձեն չալթուկի արտերը, և եթե միջոցներ ձեռք չառնվեն, թերևս հսկայական քանակությամբ բրինձ փչանա: Բանվորների հետ պետք է ճամփել դեղորյաք և լավ սնունդ, որպեսզի նա չհիվանդանա: Արդեն ցրտերը սկսվել են, որով հիվանդությունները քիչ-քիչ կվերջանան: Հիվանդությունները ոչ միայն մարդկանց մեջ են տարածված, այլև կենդանիների, որոնց համար ոչ մի դեղ չկա:
Գյուղերում դեռևս թափթփված են մեծ քանակությամբ պետական գույքեր: Ենգիջայում են իջել վերջերս Հալեպից եկած որբերը, որոնք երկաթուղուն վառելու փայտ են մատակարարում:
Մեծ քանակությամբ պտուղ փչացավ, որովհետև ժողովուրդը խակ-խակ պոկեց ու տարավ: Այս բոլորից հետո, երբ ման ես գալիս գյուղերը և տեսնում ես նրանց ամայությունը և պարտեզների, արտերի, այգիների փչացումը, սիրտդ մղկտում է: Արդյո՞ք ո՞վ պիտի խնամի սրանք, չէ՞ որ եկող տարի այստեղ անապատի պիտի փոխվի: Գեղեցիկ տներ, ամեն տեսակի հարմարություններ և անմարդաբնակ: Եթե այսպես շարունակվի, մենք եկող տարի Շարուրից ոչինչ չենք կարող ստանալ: Այս տարի թուրքերը պատրաստել էին, մենք եկանք վայելեցինք, իսկ վա՞ղը: Լավ չի՞ լինի արդյոք, թույլ տալ մեզ հպատակվող թուրքերին վերադառնալ և շենացնել այս երկիրը, քանի որ մեր ժողովուրդը չի ուզում գալ այստեղ:
Վերջացնելով, կառավարության ուշադրությունը կուզենայի հրավիրել երկու բանի վրա: Տեղիս ժողովուրդը շատ նեղացել է այն կարգադրության վրա, որ արել է քաղաքային ինքնավարությունը` հացի արժեքը բարձրացնելով մինչև 70 ռ.:Ինչպե՞ս կարելի է անել այդ կարգադրությունը, երբ այստեղ ցորենից խեղդվում են, իսկ այդտեղ խեղճ աշխատավորի վզին են փաթաթում յոթանասուն ռուբլի:
Մեկ բան էլ, որ ժողովրդին սաստիկ զայրացնում է, դա էլ կայարաններում կատարվող անպատասխանատու բռնագրավումների ապօրինությունն է: Սոված, ծարավ գալիս են մարդիկ, զոհեր են տալիս, արտոնություն են ստանում, ցորեն են փոխադրում և ճանապարհին բռնում են ու գրավում: Վերջ պետք է տալ այս երևույթին:
Գևորգ Պարոնիկյան, 13 սեպտեմբերի
[«Յառաջ», 24 սեպտեմբեր, 1920թ. Հ-207]
Հ.Գ. Ահա թե երևանաբնակ այս պարոնիկները որքան կտրված են եղել Հայաստանյան իրականությունից, որ շարուրահայության եղեռնի մի տարին դեռ չբոլորած, չգիտեին անգամ, որ Շարուրի ութ հայ գյուղերի ազգաբնակչությունը գլխովին ոչնչացվել է: Եվ այլմոլորակային այս պարոնիկը դեռ զարմանում է, որ հայերը չեն գալիս այստեղ ապրելու և առաջարկում է հայաթափված Շարուր վերադարձնել այդտեղի եղեռնագործ թուրք ազգաբնակչությանը: Ինչպես Ե. Իշխանյանն է հիշում. «Ռուբենն ասում էր, որ Երևանում մեր շարքերում կային մարդիկ, որոնք դեմ էին Շարուրի դաշտը մաքրելուն: Նրանք գտնում էին, որ. «Պետք է Շարուրը գրավել, առանց թրքությանը տեղահան անելու: Մի՞թե կարելի է որևէ տարածք գրավել, առանց բնակչության: Մեր ինչի՞ն է պետք Շարուրը անապատի վերածված վիճակում»:
5.ՇԱՐՈՒՐԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Շարուրի բնակիչների դրությունը ներկայումս խիստ տխուր և անմխիթարական է: Նրա բնիկ ժողովրդի քանակությունը այժմ հետևյալն է. Սիաղութ գյուղում կան 14 հոգի, Փարչի գյուղում կան 35 հոգի, Խանլուխլյարցիք տեղավորված այժմ Բաշ-Նորաշեն գյուղում, կազմում են 146 հոգի, Քեշտազում մնացել են 40 հոգի, վարմազեարում 190 հոգի, Ալաքլու գյուղում՝ 83 հոգի, Ուլիա-Նորաշենցիք տեղավորված Մահմուդքենդում՝ 586 հոգով, Դաշարխեցիք նույն Մահմուդքենդում՝ 61 հոգով, ընդամենը՝ 1194 հոգի: /թվերի մեջ կա անհամապատասխանություն/ Այդ բազմամարդ գյուղերի մնացող բնակչությունը սրի ճարակ է եղել արյունառուշտ թուրքերի ձեռքով ու զոհերի գանգերը և ոսկրտիքը թափթփված են հայկական ավերված և այրված գյուղերում:
Շարուրի մնացած բոլոր գյուղերում կան զանազան գավառներից, քաղաքներից և զանազան հիմնարկություններից եկած մարդիկ, որոնք շուտով հավաքելով արուրի բերքերը, պիտի հեռանան այստեղից թողնելով ամայության մեջ այն բնիկներին, որոնք ընկածեն իրարից հեռու գյուղերում և կազմում են թեթև որս հրոսակների համար; Այդպիսի խախուտ և տարտամ դրությունը պանիկա էառաջացրել Շարուրի տեղական սակավաթիվ բնակիչների մեջ: Նրանց սիրտը ամուր կերպով կպված չէ Շարուրին և գյուղատնտեսական պարապմունքներին; Այդ հանգամանքներում Շարուրի ընդարձակ,դրախտանման, պտղատու և ջրարբի հարթավայրում ովքեր պիտի մշակեն և ցանեն, որպեսզի եկող տարի ամայի անապատ չդառնա, այդ մասին ոչ ոք հոգ չէ դարձնում և ոչ մի կարգադրություն արված չէ դեռևս; Այժմ աշնանացան ցանքերի ժամանակ է: Դժբախտաբար բնիկ ժողովուրդը լծկան չունի, եկվորներն էլ շտապում են իրանց ավարը տեղափոխել և հեռանալ Շարուրից: Թէ ռազմագիտական և թէ քաղաքագիտական տեսակետով ժողովրդի բարօրության և բարեկարգության համար անհրաժեշտ է օր առաջ ամեն միջոց գործ դնել Շարուրում բնակիչների թիվն ավելացնելու, որպեսզի նրանք կարողանան մշակել արգավանդ Շարուրը, որ իր հարստությամբ առասպելական վայր էր համարվում մինչև այժմ հարևան գավառների համար: Ահա մի բարդ և ծանրակշիռ հարց դրված է մեր առաջ: Ո՞վ և ե՞րբ արդյոք հանձն կառնէ այս հարցը լուծելու և խնդիրն իրագործելու. Մնում ենք սորան սպասելով: Առայժմ Շարուրը նմանում է մի դիակի, որի վերա չորս կողմից թափած հոշոտում են նրան, թողնելով միայն նրա կմախքը:
Մի համառոտ տեղեկություն տալով վերոհիշյալների մասին և մատնանիշ անելով գալիք աղետը Շարուրի, հուսով ենք, որկառավարությունը և պատշաճ հիմնարկությունները կանգ չեն առնիլ ոչ մի միջոցի առաջ թէ Շարուրում բնակություն հաստատելու և թէ բարվոքելու նրա գյուղատնտեսական դրությունը: Այլապես ապարդյուն կանցնեն մեր այնքան զոհողություններւը, որոնց շնորհիվ ձեռք բերինք Շարուրը, թողնելով այժմ նրան մեր անփութությամբ մոխրի կույտերի մեջ:
Միքայել Տեր Ավագյան, Շարուրի շրջան, 18 սեպտեմբերի
[«Ժողովուրդ», 1920թ., 8 հոկտեմբերի, հ-168]
6.ՇԱՐՈՒՐԻ ՃԱԿԱՏՈՒՄ
Շարուրում նոյեմբերի 15-ին հակառակորդը հակաառաջխաղացմամբ ճնշեց մեր զորամասերը Գայլի Դրունքից; Հետ քաշվող մեր զորամասը դիրքեր գրավեց Զինջրլու-Սմոքենդի շրջանում:
[«Ժողովուրդ», 1920թ., նոյեմբեր, հ-187]
7.ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ ՃԱԿԱՏՈՒՄ
Դարալագյազում Շարուրի ուղղությամբ նոյեմբերի 15-ին ամբողջ օրը տեղի ունեին կռիվներ: Հետևանքները հայտնի չեն: Մնացյալ շրջաններում գիշերը հանգիստ անցավ:
[«Ժողովուրդ», 1920թ., 17 նոյեմբեր, հ-187]
8. ԲՈՐԵՆԻՆ ԱՂԱՎՆԱՁՈՐ ԳՅՈՒՂՈՒՄ
Դարալագեազ, 17-ը հոկտեմբերի:
Ամիսիս 17-ին` գիշերվա ժամը 11-ին, մարդագայլ կոչված բորենին մտնում է Այնազուր գյուղը: Ժողովուրդը բոլորը քնած են լինում: Մարդագայլը, մտնելով գյուղի առաջին բակը, խեղդում է 12 տարեկան մի երեխայի: Հարայ-հրոցը ընկնում է գյուղը: Ամենքը ոտքի են կանգնում ու սկսում են հրացանները կրակել: Գազանը ճարպկորեն այս բակից այն բակն են թռչում և կես ժամվա մեջ վիրավորում և սպանում է 17 մարդ` կին, երեխա, վերջիվերջո գյուղից հանում են:
Դեպի դաշտը փախչելիս, կալատեղում գազանը հարձակվում է քնից նոր վեր կացած մի մարդու վրա/սա եղել է Չարչոնց Սահակը/, որի հետ կռվում է երկար ժամանակ: Մարդը աջ ձեռքով փաթաթվում է գազանի վզին, իսկ գազանը վերևի ժանիքները խրում է մարդու երեսի մեջ, իսկ ներքևի ատամներով բռնում է վիզը: Այդ ժամանակ հրացանավորները հասնում են գազանին մարդու գրկում հինգ գնդակ են տալիս, չի սատկում: Խանչալով աղիքները թափում են, որից հետո գազանը թուլանում է և սատկում: Մարդիկ կես ժամ չարչարվում են, հազիվ են ազատում մարդու վիզն ու երեսը գազանի ժանիքներից: Լուսաբացին ահագին բազմություն հավաքվեց գազանին դիտելու, որը գայլի նմանություն ուներ, դունչը քիչ կարճ, գլուխը մեծ, պոչը հաստ ու կարճ, մազերը խոզի մազի նման կանգնած: 17 վիրավորներից` 3-ը մեռան անմիջապես, 14-ը դեռ կենդանի են: /Կարճ ժամանակ անց սրանց մեծ մասը մահացան, բացի մեկից, որին բուժեց Արփեցի հեքիմ Սաթի Կարախանյանը:/
Գազանի բռնողին դրամական նվեր է տրված:
Աբր. Ստեփանեան
[«Յառաջ», 3-ը նոյեմբերի, 1920թ.]

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի