Ա. Սիմոնյան. Սյունյաց մեծ իշխան Տարսայիճի և Մինա Խաթունի կորած պատկերաքանդակի նկարագրությունները

Spread the love
1. Ըստ ՔԱՋԲԵՐՈՒՆՈՒ «Ճանապարհորդական նկատողությունների»
Նահատակի մատուռից հինգ քայլ դեպի հյուսիս, դեպի գմբեթավոր եկեղեցին [ենթադրաբար՝ կամ Ս.Նշան, կամ Ս.Կարապետ], հողի տակ թաղված է երկու կտորից բաղկացած կիսաբոլորակ քար, բարձրությամբ՝ մոտավորապես երեք արշին, իսկ երկայնությամբ՝ չորս արշին: Ստորին կտորը ներկայացնում է ծաղկահյուս նկար, այնինչ վերի կտորը ներկայացնում է երկու մարդկանց կերպարանքներ աթոռների վրա բազմած: Զննողի աջ կողմից նստած այր մարդը հագած է երկար շորեր և փեշերի տակից երևում են ոտերի միայն թաթերը: Նրա բաց գլուխը շրջապատած է լուսեղեն ճառագայթներով և մանյակը զարդարում է նրա պարանոցը: Նրա աջ ձեռքը դրած է ծնկի վրա, իսկ ձախ ձեռքը քարի հետ կոտրված անհետացել է:
Այր մարդու աջ կողմում, մյուս աթոռի վրա բազմած է մի կին, նույնպես երկար շորերով և տակից երևում են միմյանց վրա ծալած ոտերը: Սրա աջ ձեռքը դրած է իր գոտկում, իսկ ձախը համապատասխան ծնկի վրա: Երկու ականջի առաջից կախված են ոլորած կարճ գլխամազերը, ինչպես այժմ և սովորություն է Թիֆլիզում և Վրաստանի կողմերում: Նրա գլուխը ծածկում է վերի մասը քառանկյունի գլխարկ, որպիսին գործ են ածում այժմ Մոսկվայում, Պետերբուրգում կամ այլ քաղաքներում կառապանները: Այդ պատկերների վերը գրածէ «ԹՎ ՉԻԳ(723) (1274) Աստուած շնորհաւոր անէ դարապաս պարոն Տարսայիճին Մինա Խաթունի իւր ամուսնաւ»:
Այս է ահա այդ արձանների ճիշտ նկարագրությունը: Բայց Ջալալյանի գիրքը խիստ աղավաղել է այն: Նա այր մարդու ձեռքում դրել է գայիսոն, և սրա մանյակը տարել փաթթել է կին մարդու վիզը, կնոջ մի ձեռքը դրել է ծնոտին, մյուսով փաթթել է այր մարդու մեջքը և այլն:
Հիշյալ արձանագրությունը ցույց է տալիս, որ այդ քարը պետք է լինի Տարսայիճի պալատի դռան կամարաքարը: Այդ դարպասը պետք է կառուցած լիներ Եղեգիս գյուղում և գուցե այդ քարի շրջակայքում, ուր այժմ այդպիսի շինության ոչ մի հետք չի երևում: Ստեփաննոս եպիսկոպոս Օրբելյանի պատմությունից մենք իմանում ենք, որ Տարսայիճ իշխանը «վախճանվեց Արփայի իր ապարանքում»: Ուրեմն Տարսայիճն ուներ երկու, գուցե ավելի դարապաս, մեկը Արփայում և մյուսը՝ Եղեգիսում: Արձանագրությունը ցույց է տալիս, որ հիշյալ դարապասը շինվել է Տարսայիճի մահից տասնվեց տարի առաջ, իսկ Ջալալյանի գրքի հաշվով, սխալմամբ, մահից չորս տարի հետո: (Տարսայիճը մեռավ 739 (1290) թվականին):
Նայենք այժմ Տարսայիճի և Մինա Խաթունի արտաքին տեսքին: Տարսայիճի երկար հանդերձն ու մանյակը և Մինա Խաթունի գլխարկը հիշեցնում են ինձ Հաշտարխանի\Աստրախանի\, Ստավրապոլի նահանգների թուրքմեն և Ղալմուխ\կալմիկ\ և Ղ\Կ\ազանի թաթար ցեղերի նշանավոր մարդկանց հագուստը: Յուրաքանչյուր ճանապարհորդ հիշյալ նահանգում կարող է տեսնել այդ ցեղերի կանանց գլխին նույն գլխարկը, որի նմանը վեց դարից ավելի առաջ մեզանից կրում էր Մինա Խաթունի գլուխը: Նույնը և Տարսայիճի հագուստի վերաբերությամբ: Այս երևույթը բացատրելու համար մտաբերենք, որ Տարսայիճ Օրբելյանի ժամանակ Հայաստանին տիրում էր թաթարների ազգը, որին մեր պատմագրերը կոչում են ազգ նետողաց: Տիրապետող թաթարների ազդեցությունն է, որ Տարսայիճի և նրա կնոջ հագուստը այդ ձևն ունի, և որ այդ տիկինը կրել է Մինա Խաթուն անունը:
2. Ըստ ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆԻ «ՎԱՅՈՑ ՁՈՐԻ \ՇԱՐՈՒՐ-ԴԱՐԱԼԱԳՅԱԶԻ\ ԳԱՎԱՌ» հրապարակման
Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանը տեսել է այս եկեղեցու պարսպի հարավային կողմում մի կիսաբոլոր վեմ, որի վրա քանդակված է եղել երկու արձան: «Առաջինն` այր փառաշուք բազմեալ ի ճարտարաքանդակ աթոռ` թագականակուռ ի գլուխն, և գայիսոն ի ձեռին, զգեցեալ զպճղնաւոր վերարկու` որոյ քղանց ծածկէ զոտս, իսկ երկրորդն կին գեղեցկատեսիլ, ի պճնազարդ և ի ծալծալ հանդերձս շքեղացեալ, ունելով ի պարանոցին զմեհևանդ և զմահիկ, զմի ձեռն ի ծնօտին թիկն զաթոռովն ածեալ, և միովն աջակցեալ ընդ առն, և որպէս երևի` է քար դրանդի տան Տարսայիճ իշխանաց իշխանին. և յայսոցիկ արձանաց մինն է Տարսայիճ իշխանն և միւսն ամուսինն իւր Մինա խաթուն` դուստր Ջալալ իշխանի. ըստ որում ի նմին վիմի գրի. «Աստուած շնորհաւոր առնէ դարբաս պարոն Տարսայիճի եւ ամուսնոյն իւրոյ Մինայ խաթունին: Ի թվին -Հայոց ՉԽԳ(1294)»:
Այս չափազանց հետաքրքրական քարը տեսել է նաև Քաջբերունին. «Նահատակի մատուռից հինգ քայլ դէպի հիւսիս, դէպի գմբէթաւոր եկեղեցին, հողի տակ թաղուած է երկու կտորից բաղկացած կիսաբոլորակ քար, բարձրութեամբ մօտաւորապէս երեք արշին, իսկ երկարութեամբ չորս արշին: Ստորին կտորը ներկայացնում է երկու մարդոց կերպարանքներ աթոռների վրայ բազմած: Զննողի աջ կողմից նստած այր մարդը հագած է երկայն շորեր և փեշերի տակից երևում են ոտերի միայն թաթերը. նորա բաց գլուխը շրջապատած է լուսեղէն ճառագայթներով և մանեակը զարդարում է նրա պարանոցը: Նորա աջ ձեռքը դրած է ծնկան վրայ, իսկ ձախ ձեռքը քարի հետ կոտրուած անհետացել է: Այս մարդու աջ կողմում, միւս աթոռի վրա բազմած է մի կին, նոյնպէս երկար շորերով և տակից երեւում են միմեանց վերայ ծալած ոտերը: Սորա աջ ձեռքը դրած է իւր գօտկում, իսկ ձախը համապատասխան ծնկան վերայ, երկու ականջի առաջից կախուած են ոլորած կարճ գլխամազերը, ինչպէս այժմս ևս սովորութիւն է Թիֆլիսում… նրա գլուխը ծածկում է վերի մասը քառանկիւնի գլխարկ: Այդ պատկերների վերը գրած է. ՙԹվ. ՉԻԳ(1274). Աստուած շնորհաւոր անէ` դարապաս պարոն Տարսայիճին Մինա խաթունին իւր ամուսնաւ»:
Ընթերցողը պարզ տեսնում է, թե որքան տարբերվում է այս միևնույն քարի նկարագրությունը երկու ճանապարհորդների գրչի տակ, նույնիսկ արձանագրությունը, նրա թվականը միատեսակ չեն արտագրված: Եվ որովհետև այս քարը եղել է Տարսայիճ իշխանի պալատի դռան կամարաքարը, ուստի ես ցանկացա գտնել և լուսանկարել: Եվ որովհետև Քաջբերունին ծածկել էր նրան հողի մեջ, ուստի ես սկսեցի պեղումեր կատարել: Այս միջոցին թուրքերն ինձ ասացին, թե իրենցից մինը գտել է այստեղից մի քանդակազարդ քար, կոտրել և տարել իր տան պարսպի մեջ գործ ածել: Անմիջապէս ես գնացի տեսա և նկարել տվի: Սա երեք կտոր արած կիսաբոլոր քար է, արդեն հիշված մեծության, և Տարսայիճի ու Մինա խաթունի բարձրաքանդակներով. միայն Մինա խաթունը ոչ թե Քաջբերունու նկարագրվածի պես զննողի աջ, այլ ձախ կողմն է գտնվում, կրծքին մանյակ ունի, իսկ գլխին թագ չկա, թագ ունի Տարսայիճը, կախ ընկած արտախուրակով: Երկուսի գլխի շուրջն էլ կա լուսապսակ: Սրանից վերև կամարաձև երիզի միջև գրված է.
Ած. Շ(ն)հաւոր անէ դարապաս պարոն Տարսայիճին Մամայ խաթ. ին իւր ւս…
Իսկ երկու գլխների միջև ին իւր տառերի տակ իբրև երրորդ տողի վրա նկատվում է մի փակագիր, որ կարելի է կարդալ իբր անա, այնպես որ կարող է լինել իւր անա ւս: Ուշագրավ է, որ դարապաս և պարոն բառերի մէջ Պ. տառը գրված է երեսը դեպի աջ դարձած:
3. Ըստ ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «Տարսայիճ Օրբելյանի և Մինա խաթունի սերունդը» աշխատության
Սմբատի մահվանից հետո, Տարսայիճը, որը եղբոր իշխանության ժամանակ միայն Որոտան կողմերի իշխանն էր, փոխադրվում է Եղեգիս ավանը, որ Սյունաց իշխանների նստոցն էր մի ժամանակ: Նա այստեղ իր բնակության համար հատուկ դրաբաս է շինում, 1274 թվին: Տարաբախտաբար այդ շենքի մասին ոչինչ գաղափար չունինք, պեղումները գուցե պարզեին շատ խնդիրներ և մեզ գաղափար կտային ԺԳ դարու իշխանական տների կազմության մասին: …Դարաբասից մեզ մատչելի է միայն դռան մեծ կամարակալ քարը՝ տարսայիճի և Մինա Խաթունի հարթաքանդակներով և արձանագրությամբ: Այն տեսել և նկարագրել են Ս.Ջալալյանը և Քաջբերունին, որոնցից և առել է Ալիշանը:
Բայց վերջերս կորած էր համարվում այն: Վերջապես հաջողվեցավ գտնել այդ քարը: Գյուղի թուրքերից մեկը քարը կոտրել, երեք կտոր է արել և շարել իր պարտեզի ցանկապատի քարերի մեջ: Լուսանկարչական պատկերը ցույց է տալիս, որ Ջալալյանը չափազանցություններ է արել իր նկարագրության մեջ: Քաջբերունին ևս սխալվում է խույր տեսնելով Մինա Խաթունի գլխին:
Կողք կողքի առանձին աթոռների վրա նստած են Տարսայիճ և Մինա Խաթուն: Տարսայիճ թագ ունի գլխին, որի հետևից կախված զույգ արտախուրակները, ոլորուն և փունջավոր: Կախված են և ուրիշ ժապավենաձև զարդարանքներ, որ պարզ չեն: Քարն այնքան մաշված է, որ տարաբախտաբար հագուստի մանրամասնությունները նկատելի չեն, բայց երկար է, լայն և ծածկում է մինչև ոտները: …Թևերը նեղ չեն: Աթոռը բարձրաթիկունք չէ. Երևում է միայնվերին երկու ծայրերը: Տարսայիճը ունի ոլորուն ընչացք և երկար միրուք: Աջ ձեռքը դրել է կրծքին, իսկ ձախը՝ ծնկան վրա:
Նույն ձևով և նման աթոռի վրա բազմած է Մինա Խաթունը: Ներքնազգեստը ծածկում է մինչև ոտները, որոնց ծայրերը երևում են քղանցքի տակից: Վրան ձգել է զարդարուն վերնազգեստը նույնպես ամբողջ հասակի երկարությամբ: Պարանոցին կրկնակի մանյակ է կախված: Գլխի զարդարանքը չի որոշվում, բայց քառանկյունի խույր չէ, ինչպես Քաջբերունին է կարծել: Հավանաբար արաղչինաձև գլխարկ էր ճակատը զարդարուն և շղարշով ծածկված: Մինա Խաթունը աջ ձեռքը դրել է դրել է ծնկան վրա, իսկ ձախը նկատելի չէ, քարի կոտրված լինելու պատճառով: Երկուսն էլ բոլորակ լուսոյ պսակ ունեն գլխներին: Հարթաքանդակն առնված է շրջանակի մեջ, վերից մի աղեղ ներքևից կտրված հորիզոնական, զարդարուն ղարնեզով՝ մանր, իրար հյուսված կիսաբոլորակներից կազմված: Կիսաբոլորակ շրջանակն առանց զարդարանքի՝ վերան գրված է. Ած. Շնհաւոոր անէ դարաբաս պարոն Տարսայիճին Մինա Խաթին իւրեան ամ:
Ելնդավոր խոշոր տառերով գրված է. ԹՎ ՉԻԳ: Իւրեան բառի վերջին տառը գրված է Չ-ի բոլորակի մեջ, դուրս է մնացած միայն բնորոշիչ գլխիկը: …
Քարի ներքևի մասն ամբողջովին զարդարված է երկրաչափական վեցանկյունանի աստղաձևերից, կեդրոններում մի երկրորդ վեցանկյունուց դեպի անկյուններն արձակված եռատերևներով: Աստղաձերերի միջին տարածությունըզարդարված է զույգ գծերի հյուսվացքից և իրար դեմ արձակված եռատերևներով: Զարդարանքները տգեղ չեն, բայց մարդաքանդակները որքան և հետաքրքրական, բարձր արվեստի արտադրություններ չեն:
Հ.Գ.
Վայոց Ձոր այցելող հյուրերին մեր հնավայրերը ուղեկցելիս բազմիցս եմ նկատել, որ այցելուների շրջանում հիացմունքի հետ միասին տարակուսանք է առաջանում, և ոմանք հարց են տալիս, թե պետությունը կամ ՀԱԵ-ն արդյոք զբաղվո՞ւմ են այդ մշակութային կոթողների պահպանությամբ: Եվ որովհետև քանիցս փոփոխված իշխանությունների դեպքում էլ նույն անխնամ վիճակը շարունակում է, ակնառու է դառնում, որ դրանցով զբաղվելու նպատակով ստեղծված պետական գերատեսչությունների, թանգարանների և այլնի առկայությամբ հանդերձ մեր մշակույթը իրականում տեր չունի: Հակառակը պնդողներին հարցրեք՝ կարո՞ղ են ասել՝ ո՞ւր է անհայտացել Տարսայիճի և Մինա խաթունի վերոհիշյալ պատկերաքանդակը, որտե՞ղ են գտնվում Եղեգիսի առյուծի պատկերաքանդակի վերի կեսը և բազմաթիվ խաչքարեր, ինչո՞ւ են անպատիժ մնում Չեսար Օրբելյանի քարավանատան արաբատառ արձանագրությունը քերած «հայրենասերները», խաչքարերի, խոյակերպ ու ձիակերպ տապանաքարերի ջարդարարները:
Ինչո՞ւ ժամանակին դրանք չեն տեղափոխվել դեռևս 1960-ական թթ. վերջերին ստեղծված Եղեգնաձորի Երկրագիտական թանգարանը, որի կարևորության մասին մեզ հիշեցնում էր իր ժամանակ Քաջբերունին (Գաբրիել Տեր-Հովհաննիսյան ). «Դարապասի արձանաքարը, իբրև հին պատմական հետաքրքիր հիշատակ, արժանի էր, որ զարդարեր հնագիտական-պատմական թանգարանի դահլիճը: Սակայն թանգարան չկա և այդ արձանը ամբողջովին պահպանված էր հողի տակ, ուստի նորից, այն հողին պահ տալով, ես ամենայն ջանասիրությամբ ծածկեցի նրան հողի տակ, որպեսզի գոնե դրանով ազատենք Եղեգիսի թուրք գյուղացիների ավերիչ ձեռքերից…: Եթե ինձանից հետո մի ոք կամենա տեսնել այդ արձանը, պետք է որոնի այն իմ ցույց տված տեղը հողի տակ»:
Նման բազմաթիվ դեպքերը և վերջնական փլուզման եզրին կանգնած Արատեսի, Ցաղաց Քարի արևմտյան համալիրի, Շատիվանքի և մեր ուրիշ տաճարների հոգևարքը գուժում է իշխանությունների մշակութային քաղաքականության պարտության մասին, որը հետևանք է Հայաստան պետության փոխարեն ստեղծված մաֆիոզ համակարգի մաս կազմած մշակութային չինովնիկների ապիկարության ու անտարբերության, որը գրեթե անփոփոխ շարունակվում է առ այսօր:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի