Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարում բավականին շատ են այն բառերը, որոնց զուգահեռները գտնում ենք ոչ միայն հայ մատենագրության մեջ, այլև հայերենի հետ հնագույն շրջանում հնարավոր ընդհանրություններ ունեցող լեզուներում: Ժամանակի ընթացքում լեզվի զարգացման արտաքին և ներքին գործոնների՝ ժողովուրդների տեղաշարժեր, քոչվոր ցեղերի մուտքը պատմական Հայաստան և այլն, ազդեցությամբ շատ բառեր ձևով և իմաստով բազմապիսի փոփոխություններ են կրել: Այդուհանդերձ, պատմահամեմատական լեզվաբանության առաջադրած ուսումնասիրության մեթոդների շնորհիվ փորձեր են արվում վերականգնելու նախնական ձևերը, որոշելու ծագումնաբանական հարցեր, առանձնացնելու ազդեցությունները:
Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի՝ տարածական հարաբերություններ արտահայտող բառերը բավականին շատ են. դրանցից փորձել ենք քննել այնպիսիք, որոնք լեզվաբանության տարբեր տեսանկյուններից խնդրահարույց են:
Հ.-ե. *geid- «խտղտացնել, խտղտալ, խոցել, մեխել, կպցնել, հաստատել, անցնել, շարել, շփոթեցնել, շփոթել» արմատից հայերենում բավական անվանումներ են ձևավորվել: Արդյունքում հարստացել է համանունների շարքը: Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարում պահպանվել են իմաստներ, որ չկան կամ նվազ տարածում ունեն հայերենի մյուս տարբերակներում[1]: Այսպես՝ կէտ «կետ, նշանակետ» իմաստից բացի կան՝ 1. կէտ «շնաճանճ», 2. կէտ (-անէլ, կէտէլ) «1. երբ հորթերը միանգամից ծառս են լինում և փախչում, պոչները բարձրացրած այսուայնկողմ վազվզում», 2. կէտ «կետ, նշան», 3. Արց. կէտ «արգելք, դժվարություն», որոնք, կարծում ենք, բոլորն էլ ծագում են նախաձևից և պահպանվում են բարբառախմբում (հմմտ. վերոնշյալ իմաստները):
Եզր բառին հոմանիշ է բարբառախմբի զէհ «եզր, ծայր, հարթության հատման մասը, կողմը»: Նշվում է արևելյան լեզուներից փոխառությունների շարքում[2]: Պրսկ. zeh /زه / (Ատր. թյուրք. zeh «զգեստի ծայրերին կարված երիզ» և այլն) համանունների իմաստներն են՝ «աղեղնալար», «ծննդաբերություն», «կեցցե՛», «թառ», հնց. «բարակ թել՝ ոչխարի աղիքից, մետաքսից կամ մետաղից»: *Eg՛hero- (լատ. Acheron, Հոմ. հուն. Ἀχέρων) հիմքի ժառանգորդներից իրանականը բացակայում է[3], իսկ հայերենի բարբառներում եզր բառը հնչյունափոխական զանազան տարբերակներով է վկայվում, ինչպես՝ Հճ. իզէյ, Սվ. իզզիր, Մրղ. Սլմ. յէրզ, Երև. յէրզը[4] և այլն: Չենք կարող ասել՝ բարբառախմբի զէհ-ը այդ տարբերակներից մե՞կն է (գրբ. հոլովված ձևի՞ց՝ յէզէր (եզեր) > զէր > զէհ (ր > 0 > հ), և պատահական են ձևային և նրբիմաստային ընդհանրությունները արևելյալ լեզուներում առկա բառի հետ, թե՞ հնարավոր է բարբառախմբից անցած և արևելյան լեզուներում առկայացած բառ է: Zeh /زه / արմատով ջրի հետ կապված հատուկ և հասարակ անուններ կան արաբ. և պրսկ.[5], իսկ թուրքերենի բարբառներում բառն ունի նույն «եզր» իմաստը՝ ze՛h || zeh «անկյուն, ափամերձ կտրուկ գիծ»): Հենց այս հարցերի առկայությամբ բարբառախմբի զէհ-ը դեռևս չի կարող համարվել եզր բառի բարբառային տարբերակը, բայց և առկախ են մնում նրա ծագումը, նոստրատիկ հնարավոր հիմքեր ունենալու հարցերը:
Հակված ենք ընդունելու, որ կողմ բառի բարբառախմբի տարբերակը ղօլ-ն է՝ առանց մ (մն) մասնիկի՝ կօղ[6]: Կ > ղ-ի համար հմմտ.՝ կռօճ || ղռէճ և այլն: «Պատահական նմանություն ունի թյուրք. qol /قول/ «թև, կողմ»»[7]: Հավանական է՝ ղ և լ փոփոխությունից հետո է կատարվել բառասկզբի հնչյունափոխությունը, և արդյունքում նմանվել են բնիկ և օտար ձևերը, որի հետևանքով էլ կող-մ(ն) արմատը պահպանվել է կոխք, կօխքավ, կօխկինա և այլ բաղադրություններով, իսկ ղօլ-ը՝ «կողմ» իմաստով՝ ղօլավ, ղօլան, ղօլանի և այլն: Կօղքը հաստ || ղօլը հաստ «համառ» իմաստը, կարծում ենք, մեր ենթադրության օգտին է վկայում:
Հայերենում քաշ նշանակում է՝ 1. «մեջք», 2. «քարշ», 3. «մի տեսակ քար», 4. քաշ-իկ «պարան», այլև՝ քաշկ, քաշկեն, քաշկու, քաշ(ի)մ և այլն[8]: Այս ամենի դիմաց Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կան համանուններ՝ քաշ «կշիռ, կշեռք», քաշ «1. ցած, 2. փոխ. վատ», քաշ «արծվի տեսակ՝ մուգ գույնի» (թռչնաքաշտ)[9], քաշ՝ քարշ արմատից ՝ քաշ տալ «քաշել», ինչպես և՝ քաշկ(ը) «քաջք՝ առասպելական ոգի», քաշ կյա̈լ «քարշ գալ», քաշկառ || կաշկառ «քարակույտ», քաշվէլ «1. հեռանալ, 2. մեկուսանալ», քաշվէլ «ամաչել» և այլն: Ինչպես նկատում ենք, բավական հասկացություններ կան քաշ ձևից, որոնք, սակայն, զանազան երևույթներ և գործողություններ են արտահայտում: Սրանցից փորձենք քննել քաշ «ցածր, ներքև» իմաստով բառը, որ Հ. Աճառյանը նշում է Ագլ. (քօշ) Գնձ. Ղզ. Ջղ. «ցած, ոչ բարձր» և միայն Արց.՝ «վար» իմաստներով[10]: Բարբառախումը այս արմատից ունի՝ քաշ օնէլ, քաշ քիցէլ «իջեցնել», քաշ քյիցէլ «քաշ գցել, ներքև գցել, կախել», քաշլիկ «ցածրիկ», քըշանալ «1. նվազել, 2. ներքև իջնել, 3. կռանալ, 4. ընկնել, պակասել, 5. նվաստանալ» և այլն, որ, կարծում ենք, բարբառախմբում բացակայող ներքև հասկացությանն է փոխարինում:
Սյունիք-Արցախ պատմական վայրում քաշ արմատով կան բազմաթիվ տեղանուններ՝ Քաշաթաղ (Քշթաղ, Քաշաթաղք, Քաշտաղ և այլն), Քաշունիք[11], Քաշին քար, Քաշիմարգ և այլն[12]: Նշենք, որ Քաշաթաղը և այլ տեղանուններ առնչակցվում են ցեղանվան հետ՝ «Քաջբերունի, որը հավանորեն ստացվել է Քաշբերունի ձևից, նշանակելով kaš (=kaška կամ gašga) ցեղից»[13], որ քիչ հավանական է թվում: «Ներքև» իմաստով բարբառախմբին փոխատու հիմնական լեզուներում քաշ արմատով բառ չի հանդիպում. թյուրք. ունի kaş «հոնք»[14], համանուն՝ «ծայր»՝ պրսկ. փոխառյալ[15]: Մատենագրական վկայություններ նշված իմաստներով նույնպես չեն հանդիպում, ուստի կարծում ենք՝ ձևով և իմաստով առավելապես մոտ է հ.-ե. *kau— «տապալել, իջեցնել, վար առնել, վհատեցնել», ածանցված ձևը՝ *kau-no-s` (> *kau-s(k)-) «վայր իջեցնել, նվաստացնել, խոնարհ», հմմտ.՝ հուն. κυανός, κακός[16] «դժգույն, վատ, խոժոռ» < καίω «այրել»[17], գոթ. hauns «ցածր, խոնարհ», լիթ. kūviúos, kūvė́tis «ամաչել»[18], որոնց համեմատությամբ բարբառախումբն ունի՝ կըլօխը քաշ «ամոթահար», կըլօխը քաշ անէլ, կըլօխը քաշ քիցէլ «ամաչել, ամոթահար լինել» (իմաստային առնչակցությունը *u̯eis- «ծռել, կորացնել» հիմքի հետ քիչ հավանական է) : Տեղանուններից համեմատելի է Քաշաթաղ-ը (իբրև 1300 թվականից[19] կոչվում է Խոժոռաբերդ). «Աղահէջ՝ գաւառ, որ այժմ կոչի Քաշաթաղ և Խոժոռաբերդ (ընդգծումը՝ Մ.Ք.)»[20]: Քաշ արմատի տեղանվան մեջ բնիմաստի պահպանման օգտին է խոսում նաև մի հանգամանք. պատմական Սյունիքի Քաշաթաղ և Խոժոռաբերդ-ը իմաստային պատճենմամբ թյուրք. ցեղերի կողմից անվանվել է Լաչին, որ նշանակում է քաշ թռչուն, հմմտ.՝ laçın[21] || laçin «1.բազե կամ բազեի պես մի թռչուն, 2. կտրուկ, 3. կոպիտ»[22]: Ձևիմաստային առումով այս խմբին է աղերսվում նաև քաշ «նիհար, տգեղ, չեչոտ» բառը, որ առանձնապես նույնացվում է թռչնի հետ. արդ՝ հնարավոր է` *kau— բնիմաստից է ստացել թռչնանունը, որ նշվում է անհայտ ծագմամբ բառերի շարքում[23]: Հավանական է, որ բարբառախմբի քըշըսողան, քըշըսըխտոր (համապատասխանաբար՝ հարադրությամբ՝ քաշու/ի սողան) բարդությունները քաշ բաղադրիչի «ներքև, ցած» իմաստներով են բաղադրված:
Կիպ և բարբառախմբի քիփ «կպած, հարած» բառերը բացակայում են Գ. Ջահուկյանի[24] և Կ. Բաքի[25] ներկայացրած հնդեվրոպական ծագման բառիմաստային խմբում: Հետագա ուսումնասիրություններում, սակայն, աղերսվում է հ.-ե. նախաձևի հետ. «Թերևս բնիկ հնդեվրոպական՝ *guēb- «լորձնոտ, կպչուն, մածուցիկ» արմատից. հմմտ. իսլանդերեն kvap(i) «դոնդող, դոնդողանման նյութ»»[26]: Բարբառախմբում առկա է նաև քիփլիկ/գ, որ սխալմամբ բխեցվում է[27] թյուրք. kip «ձուլվել» արմատից: Կարծում ենք՝ հայերենի կիպ-քիփ և թյուրք. kip հանդիպադրումից իմաստային նրբերանգներ են առաջ եկել: Նիշանյանի բառարանում նշվում է մի հնացած ձև՝ արտասանական gib կամ gip նախաձևից[28]: Իսկ ինչ վերաբերում է *kĕp (տունգ. *keb-te «գոտի, որովայն, փորը մեծացնել», մոնղ. *keberdeg «մարմին»)` թյուրք. *gebde «մարմնի վերին հատվածը», այլև՝ *kḗp՝ թյուրք. *gēp « ձև, օրինակ, պատկեր»[29] հիմքային ձևերին և իմաստներին, ապա նկատելի է, որ թյուրք. խմբում չեն արտացոլում այն նույն ձևն ու իմաստը, ինչպես հայերենում կիպ-քիփ տարբերակները: Կարելի է կարծել, որ թյուրք. kip-ի համանուններից «կից, կողմը, կողմնակից» իմաստով բառը հայերենից է անցել թյուրքերենին:
Կըէղ || կէղ || կյէղ «1. բթամատից մինչև ճկույթ ընկած հատվածը, դրա չափը, բացվածքը, 2. մի թզի չափով, 3. փոխ. փոքր», այստեղից՝ կյէղ անէլ «թիզով չափել», կյըէղ չափէլ «թիզով գուշակություն անել»[30] բառը, ենթադրվում է, ծագում է հ.-ե. *skel— արմատի «կրճատել, կտրել» իմաստներից[31]:
Ծիպ-լի || ցիպ-լի «1. փոքր, բարակ, 2. ճկույթ, 3. ճյուղ, բարակ ճյուղ, ճիպոտ, դալար գավազան» բառի բաղադրություններից են՝ ծիպլի-ծապլի «բարալիկ», ծիպլիպուլի (անէլ) «նվազ կարողությամբ (աշխատել)», Ծիպլի Ծատուր (հատկանունից) «շատ նիհար ու վտիտ մարդ»[32]: Հայերենի բարբառներում բառս առանձնապես տարածված չէ: Հ.-ե. աղերսներ են նկատվում բարբառախմբի ցիպ-լի || ծիպ-լի < *k՛iph-` *sk՛iph[33] (հմմտ.՝ ցէռ — ծըէրտ < sk՛er(d)-)[34]`«բարակ ճկուն ճյուղ կամ արմատային մաս», հմմտ.՝ սնսկ. śiphā (शिफा) «բարակ ձող, արմտիք», հուն. κίφος «կուզ, ճկվող», լիթ. šipulỹs «ծեղ, փայտի բարակ տաշեղ»: Եթե ընդունում ենք, որ ցիպ-լի || ծիպ-լի արմատից են նաև բարբառախմբի` իմաստով և ձևով մոտ ծա̈պան «1. նիհար ու նվազ, փոքր, բարակ, 2. Գոր. փոքր բազե», ծա̈պլի «1. ձագար, նուրբ ու բարակ» բառերը, ապա պահանջվում է պարզաբանում ձայնավորական փոփոխությունների շուրջ: Ենթադրվում է, որ ծա̈պ-լի, ծա̈պ-ան բառերում ա̈-ի առկայությունը պայմանավորված է ոչ թե իրանական ազդեցությամբ[35], այլ հ.-ե. *i-ի՝ շեշտի ազդեցությամբ ձևավորված փոփոխությամբ՝ ի > ըէ > ա̈: Բարբառային բառերի ոչ ձայնեղից հետո քմային ա̈-ն ձևավորվել է ի > ըէ (ծիծաղ > ծըէծաղ, ծիծ > ծըէծ, ծիր > ծըէր) օրենքը դադարելուց հետո, և, փաստորեն, սակավաթիվ բառեր շարունակել են կրել ձայնավորական փոփոխությունները առավել բաց արտասանության և պարզեցման միտումով: Այդ են վկայում ծիպլիպուլի (ծըէպլէպուլի) > ծա̈պլիպուլի, ծիպան (ծըէպան) > ծա̈պա̈ն, ծէխ (հ.-ե. *g՛հuel-? > ծըէխ) ծա̈խ տարբերակները, իսկ որոշներում արտասանական պարզեցումը առավել նկատելի է՝ պիծ (պըէծ) > պա̈ծ > պած:
Հնարավոր է, որ արմատից բարբառային կազմություններ լինեն՝ ծիկռի-միկռի «փոքր, բարակ», մին պիծի (դրափոխությամբ), այլև՝ պիճի (պուճո՞ւր), «մի քիչ, մի փոքր»:
Ճօնդ «ծայր, եզր» բառի ստուգաբանական փորձ մեզ չի հանդիպել: Հայերենին հայտնի է ճոնդ «1. ճոթ, 2. կարկատանի կտոր» (նշվում է որպես փոխառյալ) [36]: Չենք կարող վստահ լինել ճօնդ և հ.-ե. *g՛enu- «ծնոտ» երկրորդական հիքի *g՛onsdh- հնարավոր առնչակցության հարցում: Ժառանգորդ լեզուներից զուգահեռում ենք լիթ. žándas «ծնոտ, ստորոտ», և լատիշ. zuōds «ծնոտ, սուր եզր» բառերը: Հենց վերջին իմաստն է արտահայտված բարբառախմբի ճօնդ-պուճախ (ճընդըպուճախ) բարդության մեջ՝ «եզր-անկյուն, անկյուն». հմմտ.՝ ճօնդ-պուճախ չօնի/է «շատ է, մեծ է» (ասվում է տարածքի, ունեցվածքի մեծ-շատ լինելու վերաբերյալ): Մենք չկարողացանք թյուրք. պրսկ. վրաց. Ճոնդ բառի համապատասխան զուգահեռները ընտրել: Այդպիսի տվյալներ կամ բացակայում են կամ ձևիմաստային առումով չեն համապատասխանում քննվող բառին: Կարծում ենք, որ հայերենին հայտնի ճոն «վրան, տակը», ճոն «խաղախորդ, մորթագործ, կաշեգործ»[37], ճոն «հաճար»[38], ճոն «դերձակ» (վրաց. փոխառություն) բառերը նույնպես հնարավոր ընդհանրությունները չեն արտահայտում ճօնդ բառի հետ: Մի դիտողություն. կըռճօնք, կըռօճ բառերի վերջադիր –ճօնք, -օճ հնչյունախմբերով ձևերը այլ քննություն են ենթադրում:
Այսպիսով՝ նկատում ենք, որ բազմաթիվ վիճահարույց հարցեր են առաջանում կէտ համանունների, զէհ—եզր, կողմ – ղօլ, կիպ-քիփ, քաշ, ճօնդ-ճոն բառազույգերի, ծիպ-լի բառերի ծագումնաբանական հարցերը քննելիս: Այդուհանդերձ, չենք կարող անտեսել դրանց՝ հնդեվրոպական լեզուների հետ ունեցած աղերսները: Բարբառախումբը տարածական տարբեր հարաբերություններ արտահայտող 90-ից ավելի բառեր է վկայում, որոնք ծագումնաբանորեն հնդեվրոպական տեղորոշում ունեն: Մի փոքր մասն է ներկայացվածը, որի շուրջ անցկացված բառաքննական փորձերը կարող են օգտակար լինել հայոց լեզվի պատմության, համեմատական լեզվաբանության և հայ բարբառագիտության բնագավառների համար:
О НЕКОТОРЫХ ДИАЛЕКТИЧЕСКИХ АРХАИЗМАХ, ВЫРАЖАЮЩИХ ПРОСТРАНСТВЕННЫЕ ОТНОШЕНИЯ
(Спорные этимологии, общность родных и иностранных слов или встреча слов)
Сюникско-арцахская диалектная группа насчитывает более 90 слов, которые выражают пространственные отношения и имеют сходство с индоевропейскими языками. Примеры этих слов: կէտ (кет), քաշ (кап), զէհ (зей), ղօլ (хол), կող—մ (кох-м), քիփ (кип), ճօնդ (чонд), ծիպ—լի (ципли), которые под влиянием внешних и внутренних факторов развития языка претерпели изменения по форме и значению в диалектной группе. Эксперименты по изучению этих слов могут быть полезны в области истории армянского языка, сравнительного языкознания и армянской диалектологии.
ABOUT A FEW DIALECTICAL ARCHAEOLOGIES EXPRESSING
EXPANDING RELATIONS
(Controversial etymologies, native and foreign word similarities or encounters)
There are more than 90 words In Syunik-Artsakh dialectical group, which express expanding relations and have similarities with Indo-European languages.For example կէտ (ket), քաշ (qash), զէհ (zeh), ղօլ(ghol), կող—մ (kogh-m), քիփ (qiph), ճօնդ (tchond), ծիպ—լի (tsip-li), whichhave undergone changes under the influence of external and internal factors of language development in the dialectal group in their meaning and shape.The lexical experiments conducted around these words can be useful for the fields of the history of the Armenian language, for comparative linguisticsand Armenian dialectology.
[1] Ջահուկյան Գ. Բ., Հայ բարբառագիտության ներածություն (վիճակագրական բարբառագիտություն), Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1972, էջ 286:
[2] Սարգսյան Ա. Յ., Ղարաբաղի բարբառի բառարան, Երևան, Արցախի պետական համալսարան, 2013, էջ 136 (այսուհետև՝ ՂԲԲ):
[3] Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, vol. 1, Bern, Munich: “A. Francke”, 1959, p. 291-292 (այսուհետև՝ Pokorny).
[4] Բոլոր տարբերակները տե՛ս՝ Աճառեան Հր., Հայերեն արմատական բառարան, հատ. Բ, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1926, էջ 6-7 (այսուհետև՝ ՀԱԲ):
[5] https://www.vajehyab.com/?q=%D8%B2%D9%87&d=en:
[6] Հովհաննիսյան Լ.,Ղարաբաղի (Արցախի) բարբառի մի քանի բառերի ստուգաբանություն, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1, Երևան, 2019, էջ 179:
[7] ՀԱԲ II, էջ 622:
[8] Այս բոլորը տե՛ս՝ ՀՍԲ, էջ 776:
[9] «Իսկ թռչնաքաշտ որ մեծամեծ են եւ սևաթոյր, սլացաւ ի վերուստ ի վայբ, եւ եկն ի սեղան թագաւորին…» (Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա., Ի գործատուն Կ. Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, էջ 93 (այսուհետև՝ Օրբելյան 1859):
[10] Աճառեան Հր., Հայերէն գաւառական բառարան, Էմինեան ազգագրական ժողովածու, Լազարեան ճեմարանի արեւելեան լեզուաց, Թիֆլիս, 1913, էջ 1093:
[11] Այս մասին տե՛ս՝ Ղարագյոզյան Ա., Սյունիքի Բաղք և Քաշունիք գավառների մի շարք բնակավայրերի տեղադրության շուրջ, Լրաբեր հասարակական գիտությունների, № 1, 2002, էջ 109-117:
[12] Հակոբյան Թ.Խ., Մելիք—Բախշյան Ստ.Տ., Բարսեղյան Հ.Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատ. V, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 1998, էջ 298-299:
[13] Ղափանցյան Գ. Ա., Հայոց լեզվի պատմություն (հին շրջան), ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 51:
[14] https://www.nisanyansozluk.com.
[15] Azərmbaycanca dilinin izahlı lüğət, cild 1, «Şərq-qrb», Baqı, 2006, s. 648.
[16] Հունարենի իմաստները քաղեցինք այս գրքից՝ Phavorinus G., Dictionarium magnum, 1712, p. 416.
[17] Իմաստները տե՛ս՝ Дворецкий И.Х., Древнегреческо-русский словарь, том 1, Государственное издательство иностранных и национальных словарей, Москва, 1958 с. 858.
[18] Pokorny, p. 535.
[19] Հիւբշման Հ., Հին հայոց տեղւոյ անունները (Հայոց աշխարհին պատմական տեղագրութեան մասին ուսումնասիրութիւններով), Մխիթարեան տպարան, Վիեննա,1907, Էջ 226:
[20] Օրբելյան Ա 1859, էջ 51:
[21] Derleme sözlüğü, Türkiye’de Halk Ağzından, IX, 2-ci baskı, Ankara üniversitesi , Ankara, 1993, s. 3057-3058.
[22] Tarama sözlüğü, Türk dil kurumu yayınları; 2-ci baskı, Ankara üiversitesi basımevi, Ankara, 1996, Kadı. XIV. 169. s. 2785.
[23] Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ», Ե., 2010, էջ 776-777 (այսուհետև՝ ՀՍԲ):
[24] Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 215-216:
[25] Buck C. D., A Dictionary of selected synonyms in the principal Indo-European languages (A contribution to the history of ideas), University of Chicago press, Chicago & London, 1988, p. 829.
[26] ՀՍԲ, էջ 406:
[27] ՂԲԲ, էջ 813:
[28] https://www.nisanyansozluk.com/?k=kip:
[29] Starostin S. A., Dybo A. V., Mudrak O. A., An etymological dictionary of Altaic Languages, vol. 3, Brill, Leiden, Boston, 2003, p. 667-668.
[30] ՂԲԲ, էջ 376:
[31] Pokorny, p. 545-547.
[32] Քաշաթաղի հայտնի Ծիծեռնավանքին վերաբերող ավանդազրույցներում առհասարակ սրբավայրի անվան առաջացումը կապվում է «բարակ, ճկույթ» և նման իմաստով հասկացությունների հետ (այս մասին տե՛ս՝ Լալայան Վ., Հայոց դիցաբանության և քրիստոնեության համեմատություն, «Հայրենիք», Երևան, 2009, էջ 46-47):
[33] Հ.-ե. *ph-ն (փ) բարբառախմբում:
[34] Եթե ծիծէռնակ || ցիցէռնակ, ծիլա̈նգ || ցիլա̈նգ և այլ տարբերակներում ծ և ց հնչյունների փոփոխությունը համարվում է բարբառային իրողություն, ապա, կարծում ենք, նույն տրամաբանությամբ չեն ձևավորվել ծնել-ցինգնել, ծըէծ-ցիռթ բառերը (առանձին ծագմամբ են դրվում կամ, որ ավելի հավանական է, փոփոխությունը նախահայերենում է կատարվել և որպես համանուններ անցել հայերենին):
[35] Այս ազդեցությունների մասին կարելի է տեսնել՝ Աղաբեկյան Մ., Սյունիք-Արցախ տարածքի բարբառների պատմական հնչյունաբանություն, Հայերենի բարբառագիտական ատլաս (ուսումնասիրություններ և նյութեր), պրակ 3, Երևան, 2010, էջ 105:
[36] Մալխասեանց Ս., Հայերէն բացատրական բառարան, հատ. 3, Հայկական ՍՍՌ Պետ. հրատ., Երևան, 1944, Էջ 223:
[37] Գայայեան Յ. Թ., Բառարան գանձարան հայերէն լեզուի, տպ. Գալֆա, Գահիրէ, 1938, էջ 315։
[38] ՀԱԲ III, էջ 211: