Գորիսի Յոթ աղբյուրը

Spread the love

Գորիսի կենտրոնում է «Յոթ աղբյուր»-ը։ Հայրենական մեծ պատերազմը դեռ չավարտված՝ 1943թ. -ին, այն սկսվել է կառուցվել, թեպետ հուշարձանի վրա կառուցման ավարտը նշված է 1945 թվականը: Իրականում հուշարձանի կառուցումն ավարտվել է 1947 թվականի մայիսի 1-ին։ Հուշարձանը նախագծվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից: Հուշաղբյուրի դիմահայաց պատի աջ և ձախ կողմերում կան մեկական կամարակապ բացվածքներ, մեջտեղում` բացվածքների մեծությամբ, կամարակապ խորշ, որոնցում հնարավոր է նստել ու հանգստանալ: Կենտրոնական խորշի մեջ` տարբեր բարձրությունների վրա, տեղադրված է երեք ցայտաղբյուր: Կենտրոնական խորշի աջ և ձախ կողմերում կան չափերով ավելի փոքր սյունազարդ երկու խորշեր, որոնցում տեղադրված են մեկական ցայտաղբյուրներ: Նմանատիպ երկու սյունազարդ խորշեր և մեկական կամարակապ բացվածքներ էլ կան հուշաղբյուրի կողային պատերին, իսկ կողային խորշերի մեջ կանգնեցված են մեկական ցայտաղբյուրներ: Ցայտաղբյուրների ընդհանուր թիվը յոթն է: Այս հանգամանքով է պայմանավորված, որ գորիսեցիները այն անվանել են «Յոթ աղբյուր»: Աղբյուրների թվերը խորհրդանշում են Սյունիքի և ընհանրապես հայոց  սրբավայրերում առկա մեկ, երեք, յոթ թվերով պայմանավորված երևույթները, որ հիմնականում քրիստոնեական բովանդակություն ունեն: Օրինակ՝ մեկ թիվը միության, մեկ ամբողջականության խորհուրդն ունի: Գորիսի այն աղբյուրները, որ սրբավայրերի են վերածվել, հիմնականում ունեն մեկ կամար: Իսկ մեկ թվի քրիստոնեական հիմնական բովանդակությունը այս է՝ Հիսուսը աղոթեց Աստծուն, որ իր հետևորդները «մի լինեն, ինչպես որ դու, Հա՛յր, միության մեջ ես ինձ հետ և ես միության մեջ եմ քեզ հետ» (Հովհաննես 17:21; Մատթեոս 19:6Երեք թվի հետ  է առնչվում մատաղը երեք անգամ Սրբի շուրջ պտտելը, երեք անգամ խաչակնքելը և այլն: Աստվածաշնչում հանդիպում ենք «երեք»-ի խորհրդանշական շատ պատկերներ՝ (Եզեկիել 21:27; Գործեր 10:9–16; Հայտնություն 4:8; 8:13): Յոթ թվի հետ կապված երևույթները տարածված են աշխարհի տարբեր ժողովուրդների մեջ՝ 7 երկինք իսլամում՝ արծաթե, ոսկե, մարջանե, ոսկեճերմակ, նռնաքարե, սուտակե, ատվածային լույսի, «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (անգլերեն՝ Snow White and the Seven Dwarfs), «Յոթ սամուրայ», Շեքսպիրի «Ինչպես կուզեք» կատակերգության մեջ բանահյուսությունից բերված մարդու կյանքի 7 փուլերը՝ երեխա, աշակերտ, սիրահարված, զինվոր, դատավոր, հիմար ծերուկ, մահ, և այլն: Այս թիվը առավելապես խտացված է Աստվածաշնչում՝ (Ղևտական 4:6; 25:8; 26:18; Սաղմոս 119:164; Հայտնություն 1:20; 13:1; 17:10), ինչպես և՝ արարման 7-րդ օրը, 7 մահացու մեղքերը՝ ագահությունը, ծուլությունը, վավաշոտությունը, գոռոզությունը, ցասումը, նախանձը, որկրամոլությունը, և այլն:

Բացի յոթ աղբյուրից հուշարձանն ունի նաև հինգ քարե գուռերից, որոնցից վերևի երկուսը գոյանում են ամենավերին աղբյուրից և այդպես շարունակ՝ մեկ գուռի ջուրը երկուսի մեջ, ապա մեկի, հետո նորից երկուսի: Այս հինգ թիվը նույնպես խորհրդանշական է, և եթե հուշարձանի հիմնական տարրերի քանակին ուշադրություն դարձնենք, ապա կնկատենք մեկ, երեք, հինգ, յոթ թվերի հերթականությանը: Այս գուռերը նման են եկեղեցու՝ մկրտության համար պատի մեջ կառուցված փոքրիկ ավազանների՝ որպես քարե ագուռներ: Պատահական չեն նաև կամարների և մյուս բաղադրիչների ոճը, խորհուրդը:

Հուշարձանով անցնելիս պետք է աստիճաններով բարձրանալ և իջնել, որ խորհրդանշում են հաղթական բարձունքը, խոնարհումը և երախտագիտությունը՝ ջուր խմելով, հաղթական կամարով անցնելը և մշտապես հաղթությամբ տոգորվելը… Եթե ուշադիր նայենք, կնկատենք, որ այն հատվածաբար նման է հայոց եկեղեցիների նախադռանը՝ զանգակատան գավիթների համար կառուցված կամարավոր հատվածներին (համեմատել՝ Տաթևի վանքի, Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցի, այլև՝ Աղուդիի Մահարձան և այլն): Փաստորեն՝ հուշարձանը սրբավայրի խորհրդանիշերն է պարունակում, որով էլ այդքան սիրված է գորիսեցիների համար:

Հուշաղբյուրի աջ և ձախ թևերին հայերեն և ռուսերեն գրված է. «Կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` 1943-45թթ.», իսկ հուշարձանի ճակատով մեկ գրված է. «Հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված Զանգեզուրի հերոսներին»: Հուշարձանն ունի քանդակազարդ մանրապատկերներ, որոնք քաղված են հայոց ճարտարապետական ավանդական ձևերից:

Հուշարձանն ունեցել է արձաններ դիմացի երկու եզրերի առջևի մասում՝ պատվանդանի վրա: Նրանցից մեկը եղել է զինվորը շան հետ, մյուսում՝ զինվորի մայրը: Դրանք հավանաբար քարից չեն եղել, բայց հուշարձանի հետ կազմել են ներդաշնակ ամբողջություն: Հուշարձանի ջուրը երբեք չի ցամաքել, այն Ակներից եկող աշխարհի ամենահամով ու սառնորակ ջրերից է:

Գուսան Աշոտը ամբողջական երգ է նվիրել այս հուշարձանին՝

Հուշարձան

Մեր սիգապանծ Զանգեզուրի,

Սարերի զարդ, վարդ Գորիսում,

Կռվում զոհված հերոսների

Հուշարձանն է հպարտ կանգնում:

Նրանց արդար հոգիներից

Բխում է սառ, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս

Շրթուքներով կտանք համբույր:

(այս հատվածը 1990-ականներին ընդգրկել են հուշարձանի՝ այգուն նայող՝ հետևի հատվածում)

Նրանք ընկան Հայրենիքիս

Համար մղված ահեղ կռվում,

Ու մնացին հավերժական,

Ամեն հոգում, ամեն սրտում:

Նրանց արդար հոգիներից

Բխում է սառ, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս

Շրթունքներով կտանք համբույր:

 

Գուսան Աշոտ, չենք մոռանում

Հայրենիքիս հերոսներին,

Հերոսներով ենք զորանում

Ու հասնում մեր մուրազներին:

Նրանց արդար հոգիներից,

Բխում է սառ, զուլալ աղբյուր,

Ամեն անգամ ջուր խմելիս

Շրթունքներով կտանք համբույր:

Երգը և նոտագրությունը կարելի է տեսնել այս կայքում՝ այստեղ

Նկարները հիմնականում քաղված են Յոթ աղբյուր (Գորիս) Վիքիպեդիայից

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի