Ամսագրություն. հուլիս

Spread the love
Հաղորդում է «Տավերս»-ը
ՀՈՒԼԻՍՆ ԱՆՑԱՎ ԿԱՄ ՄԵՐ ՏԱՐԵԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՆՈԹ ԵՎ ԱՆԾԱՆՈԹ ԷՋԵՐԸ
1858 թ. հուլիսի10 – Գործարկվեց հույների կառուցած Ղափանի ձուլարանը:
1906 թ․ ամառ — Սյունիքում սրվել էին հայ-թուրքական հարաբերությունները։ Հուլիսի 1-ից բախումներ սկսվեցին Սիսիանում ։
Հուլիսի 1- Սիսիանում թուրքերը հարձակվեցին կազակների վրա՝ վիրավորելով ու զինաթափելով նրանց:
Հուլիսի 2 — Պաշարվեց Ղալաջուղ գյուղը, որին ի պատասխան հայերը գրոհեցի Թազաքենդի վրա: Ժամանակավոր լռություն հաստատվեց կազակների միջամտությունից հետո:
Հուլիսի 5- Թուրքերը տարան հայերի տավարը, տավարը խլվեց, տանող մի թուրք էլ հետը: Հրաձանաձգությունից հետո թուրքերը փախան:
Հուլիսի 6-8.-Ղալաջուղը կրկին պաշարվեց: Երկու կողմերը զոհեր տվին։ Զոհվեց 7 անգեղակոթցի: Հայերը, որպես պատասխան, հարձակվեցին Փուլ, Արիքլու, Շուքուր, Մալիքլար գյուղերի վրա և հրկիզեցին տները:
Հուլիսի 11- Թազագյուղը պաշարվեց, միջամտեցին կազակները: Նույն օրը թուրքերը գրոհեցին Դարպաս և Լծեն գյուղերի վրա:
Հուլիսի 12- Կազակները հարկադրված էին ռմբակոծել Սիսիան և Ջոմարդլու թուրք գյուղերը, որից հետո հաստատվեց անդորր:
1910 թ․ — Լեռներից բարձր միայն լեռներն են…1910 թ. հուլիսի 20-ին Արագածի չորս գագաթներից մեկը նվաճեց Մեսրոպ Մագիստրոս Տեր Մովսիսյանը: Երկու տարի անց, 1912թ. օգոստոսի 20-ին, ժամը 14-00-ին նա Արարատի գագաթին էր: « Ճիգ թափեցի ինձ զսպել… Ամբողջ մարմնով փռվեցի ձյան դաշտի վրա և, փարվելով հավիտենական ձյան դաշտին՝ իբրև ամենամերձ ու ամենամտերիմ մի էակի, սկսեցի անզուսպ արտասուքներով և հեկեկանքով արտահայտություն տալ իմ զգացմունքներին»,- գրում է մեր մեծ հայրենակիցը:
1911թ. հուլիսի 1- Կապանի Բաշքենդ հունաբնակ գյուղում տեղի ունեցավ Երկրամասի պատմության «Դարի սպանությունը»: Սեփական տան մեջ գնդակահար եղավ հույն հանքատեր Ապոստոլոմ Ֆեոդորովիչ Կոնդուրովը: Մահացու վիրավոր Կոնդուրովը հասցրել էր հայտնել իր վրա կրակողի անունը: Դա Յորիկա Պանայոտովն էր, որը վրեժ լուծեց հանքատիրոջից բռնարարքների և իր հարազատներին բանտ նետելու համար: Թաղումը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Թիֆլիսից ժամանած որդուն՝ Աքիլլեսին, ուղեկցում էին բարեկամներ ու մտերիմներ: Սգո արարողությանը մասնակցում էին հանքատերեր, հայ, թուրք, ֆրանսիացի ինժեներներ, կառավարիչներ,վիճակի գործակալ քահանան (Տեր Գրիգոր Տեր Մինասյան Խլաթաղցին)`տեղի քահանաների հետ միասին, ժողովուրդը, հայ գյուղացիներ, Սուլթանով բեկերը, թուրք գյուղացիները` մոլլայի հետ: Սբ. Խառալամպի եկեղեցում տեղի ունեցավ պատարագ, Կոնդուրովը հուղարկավորվեց բակում: Աքիլլեսը հոր հիշատակին Բաշքենդի եկեղեցուն նվիրեց 300 ռուբլի: Կավարտեցիներն ի հիշատակ Կոնդուրովի, բարեգործականի Ղափանի մասնաճյուղին նվիրաբերեցին հանգանակած 100 ռուբլին, իսկ հանքերի բանվորները` 50 ռուբլի:
1916թ. հուլիսի 31-ի «ՀՈՐԻԶՈՆ»-ի համարում հրապարակվեց Մարա Մելիքյանի «Մի հայ, մի ոսկի» հոդվածը։ Մելիքյանը հայտնում է, որ քրդերը գերի հայերին վաճառում են հայերին՝ յուրաքանչյուր գերու գնահատելով թուրքական մեկ ոսկի, որը համարժեք է ռուսական 18 ռուբլու։ Օրիորդը հորդորում է, խնդրում հայ ունևորներին հանգանակել գումար և այն ուղարկել «Հորիզոն» թերթի խմբագրություն՝ գերիներին գնելու նպատակով։ Ինքը՝ Մարան, արձագանքելով «Հորիզոն»-ի կոչին, հավաքել էր 8050 ռուբլի և հոդվածում ներկայացրել հանգանակողների ցուցակը։ Այս հանգանակությանը մասնակցեց նաև Շրվենանցի ունևոր ու բարերար Գասպար Տեր Մարգարյանը:
1921 թ․հուլիսի 5-ին Ղափանում տեղի ունեցավ Լեռնահայաստանի կառավարության վերջին նիստը, որի ժամանակ Նժդեհը որոշեց թողնել Ղափանը, անցնել Մեղրի:
1926թ. հուլիս –Կապանում կազմակերպվեց ֆուտբոլի առաջին թիմը։
1926թ հուլիս –Կապան եկավ հայրենադարձների մի քարավան։ Նրանք խոսում էին հայերեն, թուրքերեն և հունարեն։ Սա հայրենադարձների առաջին քարավանն էր՝ կազմված իզմիրցիներից ( Զմյուռնիա ), որոնց պապերը , ինչպես կարծում է անվանի երկրաբան Վահրամ Հովհաննիսյանը, 200 տարի առաջ հեռացել էին Ղափանից։ Այս մարդիկ էլ Կապանում հիմք դրեցին ծխախոտագործությանը։
1928 թ. հուլիսի 6 – Միացյալ պետական քաղաքական վարչության ( Г П У- ՄՊՔՎ) կոլեգիային կից հատուկ խորհրդակցությունը որոշում ՝ կայացրեց կապանցի Ստեփան Մելիք Փարսադանյանին (ՍՏԵՄԵԼ) ու ևս 15 սյունեցի անվանի գործիչների դատապարտել 3 տարի ազատազրկման։ Ստեմելը աքսորվեց Տոբոլսկի մարզ։ 1930թ. ազատվելով համակենտրոնացման ճամբարից՝ ուղարկվել է ազատ աքսոր՝ Սվերդլովսկի մարզի Իրբիտ քաղաք։
1932թ. հուլիսի 18 – Ղափանում բացվեց «Կոլխոզ շուկան»:
1937 հուլիս — Տեղի ունեցավ ՀԿբԿ Ղափանի շրջկոմի պլենումը, որը վնասարարության մեջ մեղադրեց կոմբինատի տնօրեն Աղասի Կնդեղցյանին և նրան հեռացրեց կոմկուսի շարքերից:
1937թ. հուլիսի 20- կապանցի 200 երիտասրդ բարձրացավ Խուստուփ: Պատմում են, որ նրանցից ոչ ոք չէր ծխում, առողջ էին ու ամրակազմ: Ցավոք, տղաների մի մասը զոհ գնաց պատերազմին:
1941թ. հուլիսի 1 -Կոմսոմոլի անվան հանքում տեղ ունեցավ աննախադեպ իրադարձություն։ Հանքախորշ մտավ մի կին՝ Սաթենիկ Համբարձումյանը՝ փոխարինելով ռազմաճակատ մեկնած ամուսնուն՝ Սուրենին: Նա աշխատեց որպես պայթեցնող: Պարգևատրվել է երկրի մի շարք շքանշաններով ու մեդալներով:
1941 թ. հուլիսի 20-ին ծանր վիրավոր վիճակում գերմանացիների կողմից գերվեց Սոս Նուրիջանյանը:
1955 թ. հուլիսի 3-ին Նովորոսիյսկի Վերխնի Բականսկ ավանում տեղի ունեցավ Հունան Ավետիսյանի և մարտական ընկերների գերեզմանին կանգնեցված հուշարձանի բացումը: Մասնակցում էին կապանցիներ, հարազատներ, բազմաթիվ հայեր:
1960 թ․հուլիս․-Շահագործման հանձնվեց Կապանի կապի հանգույցի շենքը։
1970թ. հուլիս․ — Շահագործման հանձնվեց Քաջարանի 126 մահճակալանոց հիվանդանոցը, որի կառուցումը սկսվել էր երկրաշարժից հետո:
1972 թ․հուլիս․-Հիմնադրվեց «Էլեկտրոն » արտադրական միավորման Կապանի մասնաճյուղը։
1972 թ․հուլիս․-Կապանում բացվեց առաջին ատամնաբուժական կլինիկան։
1976 թ․հուլիս-Կապանում տեղի ունեցավ Բարեկամության փառատոն։
1978 թ․հուլիսի 14- Բացվեց « Էլեկտրոն » գործարանի «Իմպուլս» պիոներական ճամբարը: Ճամբարներում հանգստանում էին հազարավոր երեխաներ: «Սովետի օրոք» կառուցված ճամբարները երեխաներից խլվեցին Ազատ, անկախ Հայրենիքում: Միայն թե՝ տարգրությունը թերի է, կոնկրետ ժամանակը հայտնի չէ: Թողնենք ապագայի տարեգրին:
1989 թ. հուլիսի 6- Բացվեց օդային նոր ուղի՝ Կապան- Ստեփանակերտ- Կապան: Թռիչքը՝ ամեն հինգշաբթի: Օգտվելով հնարավորություններից, կապանցիները նյութական օգնություն էին ցուցաբերում արցախցիներին:
1992թ. հուլիսի 25 — T 72 տանկը Կապանից Վերին Ձորով, ապա Մեղրու լեռնաշղթայի վրայով անցնելով, իջավ Շիշկերտ, ապա կանգնեց Ծավ- Հանդ գյուղերի խաչմերուկում՝ ապահովելով գյուղերի անվտանգությունը: Այն ժամանակ ասում էին՝ տանկը՝ լեռներում:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի