Անգ>(Ա)Անգեղ (Nergal -’Εργε՛λ) «անգղ» բառի ստուգաբանություն

Spread the love

Մուտք

 Սյունիք-Արցախ բարբառային տարածքում պահպանված անգ թռչնի անվան վերաբերյալ բառաքննական և ստուգաբանական աշխատանքներում հաճախ պատշաճ ուշադրության չեն արժանացել բարբառային ձևերը և նրանց արտահայտած իմաստները: Այնինչ, այս և ընդհանրապես համեմատական լեզվաբանության շատ հարցեր քննելիս կարելի է օգտվել բարբառներում պահպանված հարուստ նյութից, որ արձանագրված չեն մատենագրական աղբյուրներում: Սույն աշխատանքում ստուգաբանական փորձ է արվում անգ>(Ա)անգղ անվան շուրջ մատենագրական, բարբառային տվյալների հենքով կատարված ուսումնասիրությունների բաղդատմամբ:

Անգ>[Ա]անգղ

Անգղ || անգ || անկ թռչնի անվան տարբերակների վերաբերյալ բավականին ուշագրավ ուսումնասիրություններ կան, իսկ Անգեղ աստվածության շուրջ հայ և օտար հեղինակների կողմից կատարված ուսումնասիրությունների շրջանակը այնքան է մեծացել, որ այլևս համահավաք աշխատանք կատարելը և շրջանառված կարծիքների մասին մեկնաբանություններ տալը գրեթե անհնար է դարձել:

Մատենագրական տեղեկություններ և վկայություններ

 Հայ մատենագրության մեջ անգ արմատը առանձին հանդիպում է տարբեր հեղինակների մոտ: ՆՀԲ-ն անգ || անկ նշում է «անկաւոր, պատեհ, պատշաճ»[1], Ռ. Ղազարյանը անկ հնչյունախմբով նշում է համանուններ՝ անգ || անկ՝ 1. «վայելուչ, հարմար», 2. «ունեցվածքից, պատվից զրկված, ընկած»[2]. «Սկիզբն արասցո՛ւք պատմել քեզ համառօտ բանիւ` որ ինչ մեզ անգ է` եւ քեզ տեղեկութիւն տալոյ բաւական, եւ զայլն այլում թողցուք ժամու»[3], «…վասն զի այն գուժիցն եւ դժնէիցն է անգ, որք ժպրհելով ժամանեն ի պատասխանիսն փութալ իբրեւ յաստուածաւանդն գտեալ տախտակի լուսաբեր մերոյն աւետաբեր տառի»[4]: Անգ || անգղ || անգեղ «թռչուն» իմաստով ՝«եւ անգղ, եւ ցին, եւ որ ինչ նման իցէ նոցա» (Ղեւ 1114)  «եւ զցին եւ զանկղ, եւ որ ինչ նման է նոցա» (Բ Օր 1413) «քո՞ հրամանաւ վերանայ …. անկղ ի վերայ բունոյ իւրոյ» (Յբ 3927)[5]:

Անգ հնչյունախմբով հայերենում տարբեր կազմություններ կան, այդ թվում՝ անգեղ: Գրաբարի աղբյուրներում հանդիպում են՝ անգեղ || անգղ «1. ունկն կամ ունկունք ամանոց, 2. ճարմանդ», անգեղ «տգեղ», ան­գե­ղա­ղէշ, ան­գե­ղեայ, ան­գե­ղե­ցիկ  «ան­գե­ղե­ցիկն, գ. (­յու­նա­բա­նութեամբ) 1.­ ան­գե­ղեց­կու­թիւն: 2.­ ան­տե­ղի՝ ան­յար­մար՝ ան­պատ­շաճ լի­նե­լը, ան­տե­ղու­թիւն»[6], ան­գե­ղեց­կա­փոր­ձա­պէս, ան­գե­ղեց­կու­թիւն  և այլն:

Ստուգաբանական տեսակետներ

 Թեմայի շուրջ ասելիքը չծանրաբեռնելու նպատակով չենք փորձի վերլուծել մինչև օրս եղած այն բոլոր տեսակետները, որոնց մասին արդեն տարբեր առիթներով գրվել է, բայց նշենք, որ ուսումնասիրողներից շատերը (Ա)անգեղայ (Տորք) բառի մեկնությունների համար հիմք են վերցնում ոչ թե անգ (-ղ, -եղ), այլ (ան-) գեղ արմատը[7]: Առանձնացնենք ստուգաբանություններից մեկը: Ա. Պետրոսյանը Անգեղ հատուկ անունը բխեցնում է «տես-» արմատից. «Անգեղ անունը մեկնաբանում է [Մ. Խորենացին] որպես «տգեղ»՝ ան-գեղ հնդեվրոպական *ṇ- ժխտականով *wel- «տեսնել» արմատից, «անտես, անտեսանելի» «անտեսք» և նման իմաստներով, հմմտ. գեղեցիկ, որպես «տեսքոտ»: Սա երբեմն համարվել է «ժողովրդական ստուգաբանություն», բայց, ինչպես կտեսնենք, այն կասկածի ենթակա չէ»[8]:

Մ. Խորենացին այսպես է պատկերում Տորք Անգեղին. «Իսկ զայր խոժոռագեղ և բարձր և կոպտարանձն և տափակաքիթ, խորակն և դժնահայեաց… Տուրք անուն կոչեցեալ, որ վասն առաւել ժահադիմութեանն ձայնէին Անգեղեայ, վիթխարի հասակաւ և ուժով, հաստատէ կուսակալ արևմտից և յերեսացն անպիտանութենէ կոչէ զանուն ազգին Անգեղ տուն»[9]: Այս հատվածը բազմից ուշադրության է արժանացել ու ստացել տարբեր մեկնություններ, որոնց նույնպես չենք անդրադառնա[10]:

Չենք կարող անտեսել Մ. Խորենացու բացատրություն-մեկնությունը. «ժահադիմութեան»[11] համար Տորքին կոչել են «Անգեղեայ», բայց և հակված չենք այն տեսակետին, ըստ որի՝ Անգեղ բառի առաջին բացատրության մեջ «թաքնված ստուգաբանություն» կամ այլաբանական մեկնություն կա[12]: Անգ-անգղ-Անգեղ բառերը ստուգաբանելիս, որքանով որ նկատեցինք, հեղինակները հանգամանորեն չեն օգտագործել հնարավոր բոլոր աղբյուրները, այնինչ հայերենի բարբառներում կան տարբեր բառեր ու բառիմաստներ, որ պահպանված չեն մատենագիտական աղբյուրներում, բայց կարևոր նյութ են տալիս այս և նման հարցերի լուսաբանմանը:

Բարբառային վկայություններ և ստուգաբանական տեսակետ

 Սյունիք-Արցախ բարբառային տարածքում անգ արմատով համանուններ կան՝ անգ «ցին, անգղ թռչուն» և անգ || անգը «բերան, ծնոտի՝ ականջ ձգվող վերջույթները»: Բարբառագիտական բառարաններում հանդիպում են՝ անգ՝ Եր. Թիֆ. «լաթի մը եզերքը», անգ՝ Արաբ. Զթ. (անգղ) «ամանի ունկունք, բռնելու տեղը»[13], անկ՝ Ար.  անգ(ը)՝ Շտխ. Սս. Մշ., «ուժից ընկած, անդամալույծ, 2. ծերացած, նիհար», անկ՝ Ադն. «մատի ոսկորները իրար միացնող հոդ, խաղ», անկ՝ Ար., անգյ || անջ՝ Մրշ. «քունք, քունքոսկր», Կրճ. Մրշ. «ծնոտ» և այլն[14]: Գորիսի շրջանում տարբեր կազմություններ են պահպանվել անգ || անգը || ա̈նգյ || ա̈նգյը տարբերակներով՝ անգը թո̈ւլ «շատախոս», անգը ծօռ «1. տգեղ, 2. բերանը ծուռ», անգը ծըռէլ «դժգոհություն արտահայտել, բերանը ծռել», անգը կախ «1. պարապ տեղը խոսող, շատախոս, 2. տգեղ», անգը հաստ «1. ծնոտը հաստ, 2. դժնատեսիլ» և այլն. «Կըտամ անգըտ կըթափէմ», «Հինչ էս անգըտ ծըռում վիրաս», «Անգը կախ ա ըրալ, մընացալ»: Նկատում ենք, որ բոլոր կազմություններում պահպանված է «բերանը, ծնոտը ծուռ» իմաստը: Արցախը անգ «բերան, ծնոտ» իմաստներով բառը չունի: Անգ || անկ բառի՝ բարբառումս ունեցած ձևին և իմաստին զուգահեռում ենք Գ. Ջահուկյանի վարկածը, ըստ որի՝ Տորք-ի Անգեղեայ մականվան՝ Խորենացու կողմից տրված մեկնաբանությունը որպես ան-գեղ՝ տգեղ, պետք է համարել ժողովրդական ստուգաբանություն. «Հայտնի չէ սրա կապը մի կողմից՝ Անգեղ դիցանվան հետ, որով Աստվածաշնչում թարգմանվել է Nergāl (հուն. ’Εργε՛λ) աստծո անունը, և մյուս կողմից՝ Անգեղ անձնանվան հետ[15]: Բարբառային տվյալներ ձեռքի տակ չունենալով հանդերձ, կարծում ենք, Գ. Ջահուկյանը ճիշտ հետևության է եկել[16]՝ հնարավոր համարելով անգ || անկ կապը Անգեղ և անգղ թռչնանվան հետ՝ բխեցնելով հ.-ե. *ank- «ծռել, թեքել» արմատից. «թռչունը կարող էր այսպես կոչվել ըստ կտուցի ձևի»[17]:

Սյունիք-Արցախ բարբառային տարածքում անգ բառին հոմանիշ է չա̈նա̈՝ čāne /چانه/, պրսկ. փոխառությունը[18], որով կազմությունների մի մասը պատճենումներ են պարսկերեն ձևերի, իսկ մյուս մասը՝ անգ-ով կազմությունների[19]:

Անգ բառի՝ հայերենին ցեղակից լեզուների հետ ունեցած աղերսները առայժմ բառաքննության երկրորդ պլանում ենք թողնում[20]: Թերևս առավել ակնհայտ են հուն. զուգահեռները՝ γρϋπαίετος > γρϋπ-αίετος «առասպելական թռչնի անուն՝ արծվանգղ», γρυπός «կոր, կեռ, 2. կորամեջք արծիվ, 3. կեռ կտուց, քիթ», έπί-γρϋπος «թեթևակի կոր, կորավուն», κατα-γρϋπόομα& «քիթը արհամարհական կնճռոտել, վեր քաշել»[21], որ կարող են համեմատվել Ս. Գրքի սեմական Nergāl աստծու հունական տառադարձված ձևին` իմաստային պատճենմամբ՝ ’Εργε՛λ, որ «զարմանալի կերպով թարգմանված է Անգեղ»[22], և որի ծագումը Հ. Աճառյանը թողել է անհայտ:

Գալով Մ. Խորենացու՝ բառի մեկնությանը, կարծում ենք՝ հեղինակը նկատի է ունեցել ոչ թե գեղ > ան-գեղ կազմությունը, այլ հենց անգ || անգղ || անգեղ արմատը և նրանից բխող իմաստները, որ կարող են առնչվել  հ.-ե. *anko-(lo) *ank-, *ang- արմատներին, այդ թվում՝ անգ || անգղ թռչուն, որ ևս խոժոռ (ագեղ), կոպ[ի]տ (արանձն), տափակաքիթ, ժահադիմ (ութեանն) է և առասպելներում, այլև համեմատվող անուններում պատկերվում է հենց Մ. Խորենացու նկարագրածով[23]: Քիչ հավանական է, որ Մ. Խորենացուն ծանոթ չեն եղել անգ || անգղ || Անգղ բառն ու նրա՝ հիշյալ շրջանի խոսակցականում տարածված ձևիմաստային տարբերակները, այլև ծագումնաբանական նշանակությունը: Նկատում ենք նաև, որ Մ. Խորենացու աշխատություններում խնդրահարույց շատ բառեր ու կազմություններ հաճախ լուսաբանվում են Սյունիք-Արցախ բարբառային տարածքի բառապաշարում պահպանված փաստական նյութով:

Այս և նման քննություն անցկացնելիս, կարծում ենք, չպետք է անտեսել ոչ միայն լեզվաաշխարհագրական, տոհմանվանական, պատմահամեմատական, այլև բարբառային և հարցին առնչակից այլ տվյալներ, որ կարելի է գտնել բառը կրող հանրության լեզվամշակույթի մեջ:


[1] Գ. Աւետիքեան, Խ. Սիւրմէլեան, Մ. Աւգերեան, Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Վենետիկ, Տպարան ի Սրբոյն Ղազարու, 1836-1837, 2-րդ հրատ. (2 հատորով), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, հատ. I, 1979-1981, էջ էջ 124 (այսուհետև՝ ՆՀԲ):

[2] Ղազարեան Ռ. Ս., Գրաբարի բառարան, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 2000, էջ 101 (այսուհետև՝ Ղազարյան, 2000):

[3] Ուխտանէս Եպիսկոպոս, Պատմութիւն հայոց, Հատուած երկրորդ,  Վաղարշապատ, տպ. Ս. Էջմիածնի, 1871, էջ 54:

[4] Գրիգոր Մագիստրոսի թղթերը, աշխատասիրութեամբ՝ Կ. Կոստանեանցի, Աղէքսանդրապօլ, տպ. Գէորգ Սանոյեանցի, 1910, էջ  208:

[5] Համաբարբառ գրաբար Աստվածաշնչի, Հայաստանի աստվածաշնչային ընկերություն, Երևան, 2012, էջ 103:

[6] Ղազարյան, 2000, Էջ 77:

[7]Капанцян Г. А., Историко-лингвистические работы, Изд-во АН Арм. ССР., Ер., с. 199-200, Պետրոսյան Ա., Արամազդ. կերպար, պաշտամունք, նախատիպեր, Երևան, Վան Արյան, 2006, էջ 39, Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Թարգ., ներած. և ծանոթ. Ստ. Մալխասյանցի, խմբ. Գ. Սարգսյան, Երևան, «Հայաստան» հրատ., 1997,  էջ 297 ( ծանոթագրության մեջ), 187, Hacikyan A. J., The Heritage of Armenian Literature, vol. III, Wayne State University Press, 2000, p. 385 և այլն:

[8] Պետրոսյան Ա.,  Որոշ հայ նշանավոր տոհմերի ծագումը ըստ ավանդական տվյալների, Բանբեր Մատենադարանի, թիվ 25, Երևան, «Նաիրի», 2018, էջ 247:

[9] Խորենացի Մովսես, Պատմութիւն հայոց,  Armenienne de Saint-Lazare, Venise, 1841, Էջ 158-160:

[10] Հովհաննիսյան Լ. Շ., Բառերի մեկնությունները հինգերորդ դարի հայ մատենագրության մեջ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, էջ 134 (այսուհետև՝ Հովհաննիսյան 2016 Բմհմ), Սարգսյան Գ. Խ., Հատուկ անունների ստուգաբանությունը Մովսես Խորենացու Պատմության մեջ, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1-2, Երևան, 1998,  էջ 115 և ուրիշներ:

[11] Ֆրանսերեն թարգմանության մեջ՝ laideur «տգեղություն»:

[12] Այս հարցի մասին ավելի մանրամասն տե՛ս՝ Հովհաննիսյան 2016 Բմհմ, էջ 134-136:

[13] Աճառեան Հ., Հայերէն գաւառական բառարան, Լազարեան ճեմարան, Թիֆլիս, 1913, Էջ 95 (այսուհետև՝ ՀԳԲ):

[14] Հայոց լեզվի բարբառային բառարան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (գլխ. խմբ.՝ Ա. Սարգսյան, 7 հատորով, 2001-2012), Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2001, հատ. Ա, Էջ 60-61 (այսուհետև՝ ՀԼԲԲ):

[15] Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն, Նախագրային ժամանակաշրջան, Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1987, էջ 411-412 (Այսուհետև՝ Ջահուկյան ՀԼՊ):

[16] Անգղ արմատի հետ է նույնացնում նաև՝ Ն. Ադոնց և այլք (Adontz N., Tarkhou chez les anciens Armeniens, Revue des e՛tudes Arme՛niennnes, tome VII, fascicule 2, Paris, 1927):

[17] Ջահուկյան ՀԼՊ, էջ 412:

[18] Ընդ որում՝ čāne /چانه/ հ.-ե. ծագմամբ բառ է` *ǵénus-, բայց բարբառախմբին անցել է պրսկ. տարբերակը՝ չա̈նա̈. հմմտ.՝ ավեստ. zānu, սանս. hánu, լատ. gena, հոլ. kin, անգլ. chin, գերմ. kinn. հայ. ծնոտ, Գուր. քրդ. چەناکە‎ /čanāka/ || زنج‎ /zinǰ/ և այլն:

[19] Համեմատել՝ زدن («հարվածել») چانه  «1. սակարկել, 2. շաղակրատել» չանա թակէլ «1. շատախոսել, 2. սակարկել, այլև՝ չա̈նա̈ն ծըռէլ, չա̈նա̈ն ծօռ, չա̈նա̈ն բօշ, չա̈նա̈ն կախ և այլն:

[20] Առավել մանրամասն կարելի է տեսնել՝ Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I bend, München: Francke Verlag, Bern, 1959, p. 45-47 (այսուհետև՝ Pokorny 1959):

[21] Дворецкий И.Х. Древнегреческо-русский словарь, том 1, Государственное издательство иностранных и национальных словарей, Москва, 1958 с. 334, 605, 885.

[22] Աճառեան Հ., Հայոց անձնանունների բառարան, Երևան, Երևանի Պետական Համալսարան, 1942, էջ 157:

[23] Այս մասին կարելի է տեսնել՝ Belmonte J. L.,  Nergal: The shaping of the god Mars in Sumer, Assyria, and Babylon. A dissertation submitted to the University of Wales Trinity Saint Davidin fulfilment of the requirements for the degree of Master of Arts in Cultural Astronomy and Astrology, 2017 (http://cura.free.fr/13+/1712belmonte.pdf. վերջին այցը՝ 3.08.2019):

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի