Արցախ-Ղարաբաղը  երբեք  Ադրբեջանի  կազմում  չի  եղել.պատմություն  և  արդիականություն

Spread the love

Արցախ-Ղարաբաղը  երբեք  Ադրբեջանի  կազմում  չի  եղել: Մի  կողմ  թողնենք  պատմական  անցյալը,  երբ  դեռևս  մեր  թվարկությունից  առաջ  սկսած  Արցախը՝  որի  մի  մասը  հետագայի  Ղարաբաղն  էր,  նաև  այսօրվա  Արցախ-Ղարաբաղյան  անկախ  հայկական  պետությունը,  կազմում  էր  հայկական  պետության  տարածքի  մի  մասը.  նշենք  միայն  մի  քանի՝  նոր  և  նորագույն  ժամանակներին  վերաբերվող,  իրողություններ:

Արցախ-Ղարաբաղը*  երբեք  Ադրբեջանի  կազմում  չի  եղել,  որովհետև.

  1. Նախ Կովկասում  և  Անդրկովկասում  Ադրբեջան  պետություն  չի  եղել.  դժվար  չէ  համոզվել  դրանում՝  թերթելով  պատմության  էջերը: Ադրբեջանի  իմ  բարեկամները,  կոլեգաները  կարո՞ղ  են,  արդյոք  մատնանշել,  որևէ  պատմական  աղբյուր,  որում  հիշատակվեր՝  սկսած  հնագույն  ժամանակներից  մինչև  1918 թվականի  մայիսի  28-ը՝  երբ Ադրբեջանի  Ազգային  խորհրդի  Հռչակագրով  հռչակվեց  Ադրբեջան  պետության  ստեղծումը,  այդ  անվանմամբ  Կովկասում,  Անդրկովկասում  նման  պետության,  ժողովրդի  էթնիկական  խմբի  գոյությունը: Իհարկե  ոչ  (ուրախ  կլինեմ,  եթե  սխալվեմ…):
  2. Ադրբեջանի խորհրդային  հանրապետության.  Գերագույն  խորհուրդը  1991թ.  օգոստոսի  30-ին  ընդունեց  Հռչակագիր՝  1918-20թթ.  գոյություն  ունեցած  պետական  անկախությունը  վերականգնելու  մասին,  իսկ  10.1991թ.  ընդունված  «Ադրբեջանի  հանրապետության  պետական  անկախության  մասին  Սահմանադրական  ակտ»-ում  նշվում  է,  որ  1920թ.  ապրիլի  27-28-ին  անկախ  Ադրբեջանն  օկուպացվել  է  Խորհրդային  Ռուսաստանի  կողմից,  և  Ադրբեջանը՝  այսօրվա,  իրեն  համարում  է  ոչ  թե  խորհրդային  Ադրբեջանի,  այլ  1918-20թթ.  Ադրբեջանի  իրավահաջորդը… Կամ՝  1920թ.  ապրիլի  27-28-ը  հասկացանք,  բայց  երբ  18.10.1991թ.  ընդունված  «Ադրբեջանի  հանրապետության  պետական  անկախության  մասին  Սահմանադրական  ակտ»-ում  գրում  են,  որ  նույն  ձևով  Ադրբեջանն  անեքսիայի  է  ենթարկվել՝ օկուպացվել,  Ռուսաստանի  կողմից  1806-1828 թվականներին՝  դա  արդեն  իսկական  զավեշտ  է.  սիրելիներս՝  1806-1828 թվականներին  Կովկասում,  Անդրկովկասում  ի՞նչ  Ադրբեջան…Զարմանալի  է,  որ  ռուսներն  էլ  են  լռում՝  չեն  ասում  գոնե՝   այ  ընկերներ  այդ  տարածքներից՝  Անդրկովկասից,  դեռ  դրանից  շատ  առաջ  մեզ  օգնության  խնդրանքով  դիմել  են  հայերն  ու  վրացիները՝  տեղի  բնիկները.  և  ոչ  թե  եկվոր,  քոչվոր  թուրք-թաթարական  ցեղերը՝  հետագայի ցարական  աղբյուրներում  նշվող կովկասյան  թաթարները  կամ  «ադրբեջանցիները»… Գոնե  համեստություն  ունենան  «եղածով  բավարարվեն»  և  ոչ  թե  Ղարաբաղ  կամ  նույնիսկ  Զանգեզուր  պահանջեն՝  դրանք  համարելով  իրենցը… Ադրբեջանի  հավակնոտության  առարկա  այդ  տարածքները  մինչև  ռուսական  տիրապետության  տակ  անցնելը՝  19-րդ  դարի  առաջին  երեսնամյակում,  շահական  Իրանի՝  Պարսկաստանի  տիրապետության  տակ  են  եղել.  երևի  ադրբեջանցիները  նորից  են  ցանկանում  մտնել  Իրանի  կազմի  մեջ…* Բայց  անցնենք  նոր  ժամանակներին: Տեսեք  թե  ինչ  անհեթեթության  կարող  է  հասցնել  պատմական  ճշմարտության  խեղաթյուրումը,  ոչ  գիտական  մոտեցումը… Դա  ինքնին  «դեռ  ոչինչ».  սեփական  ժողովրդին  էլ  խաբում  են,  թե  Ղարաբաղը,  Նախիջևանը,  Զանգեզուրը  մերն  է՝  ձեր  երեխաներին  ուղարկեք  պատերազմ  թող  գնան  կոտորվեն՝  հանուն  մեր  հայրենիքի,  հողերի  ազատագրման.  իսկ  իրենք  էլ  իրենց  «տաքուկ-տաքուկ»  կաբինետներում,  տներում  նստած  միլիոններ,  միլիարդներ  են  աշխատում…

Ինչպես  հայտնի  է  Ղարաբաղը  կամ  Լեռնային  Ղարաբաղը,  Խորհրդային  Ադրբեջանի  կազմի  մեջ  է  մտցվել  կամ  «թողնվել»  նրա  կազմում, Ռուսաստանի  կոմկուսի  կովկասյան  բյուրոյի  1921թ.  հուլիսի  5-ի  որոշմամբ՝  նրան  «լայն  ինքնավարություն  շնորհելով»՝  Շուշիի  վարչական  կենտրոնով,  իսկ  Ադրբեջանի  ԿԳԿ-ի  1923թ.  հուլիսի  7-ի  դեկրետով  կազմավորվել  է  ԼՂԻՄ-ը՝  Ստեփանակերտ  (այն  ժամանակ՝  «Խանքենդի»՝  բառացի  «Խանական  գյուղ»)  կենտրոնով: Այսինքն՝  դժվար  չէ  նկատել,  որ  Ղարաբաղը  1918-20թթ.  Ադրբեջանի  կազմում  չի  եղել…

Մեկ  այլ  հանգամանք.  ԼՂՀ  անկախությունը  հռչակվել  է  ԽՍՀՄ  օրենսդրությանը  համապատասխան՝  «ԽՍՀՄ-ից  միութենական  հանրապետության  դուրս  գալու  հետ  կապված  հարցերի  լուծման  կարգի  մասին»  ԽՍՀՄ  3  ապրիլի  1990թ.  օրենքի  3-րդ  հոդվածը  միութենական  հանրապետության  կազմում  գտնվող  ինքնավար  միավորմանը՝ հնարապետություն,  մարզ,  օկրուգ,  իրավունք  էր  վերապահում  ինքնուրույն  որոշելու  իր  ճակատագիրը՝  իր  պետաիրավական  ստատուսը  (տե՛ս  ԽՍՀՄ  ժողովրդական  դեպուտատների  համագումարի  և  ԽՍՀՄ  Գերագույն  խորհրդի  տեղեկագիրը՝  11  ապրիլի 1990թ.,  N 15,  էջ  11): Այսինքն  սկզբունքորեն  ԼՂԻՄ-ը  իրավունք  ուներ  իրեն  անկախ  հռչակելու,  թեկուզ  և  այն  հիմքով,  որ  Ադրբեջանի  ԳԽ-ը  30.08.1991թ.  հռչակել  էր  իր՝  ադրբեջանական  ԽՍՀ-ի,  անկախությունը՝  ԽՍՀՄ-ից  դուրս  գալը  («Ադրբեջանական  հանրապետության  Գերագույն  խորհրդի  հռչակագիրը  Ադրբեջանական  հանրապետության  պետական  անկախության  վերականգնման  մասին»): Ադրբեջանի  «անկախացումից»  հետո  միայն՝  2.09.1991թ.,  ԼՂԻՄ-ի  և  Շահումյանի  ժող.  պատգամավորների  խորհուրդները  միացյալ նիստում  հռչակել  են  Լեռնային  Ղարաբաղի  հանրապետությունը՝  նախկին  ինքնավար  մարզի  և  գերազանցապես   հայաբնակ  Շահումյանի  շրջանի  տարածքում՝  այն  վերահաստատելով  նաև  1991թ.  դեկտեմբերի  10-ի  հանրաքվեով  և  հետագա  իրավաքաղաքական  ակտերով՝ Պետական  անկախության  մասին  6  հունվարի  1992թ.  հռչակագիրը  ևն: Այդ՝  այս  վերջին  ակտի  ժամանակ  ԽՍՀՄ-ն  արդեն  չկար՝  1991թ.  դեկտեմբերի  8-ի  Բելովեժյան  համաձայնագրով  (Ռուսաստան,  Ուկրաինա,  Բելառուսիա)  հայտարարվել  էր  ԽՍՀՄ  լուծարումը: Այս  պայմաններում  ի՞նչ  փոխզիջման  մասին  է  խոսքը,  կամ  ի՞նչ  կապ  ունեն  այստեղ  «Մադրիդյան  սկզբունքները»,  կամ  ի՞նչ  է  ուզում  «Մինսկի  խումբը»  Աստված  գիտե… Կամ  խեղճ  ու  կրակ  հայ  և  ադրբեջանցի  ժողովուրդները,  որոնց  «համաձայնությունն»  է  խնդրում  պ-ն  Փաշինյանը,  ի՞նչ  անեն  այստեղ,  չէ  որ  խնդիրն  ավելի  քան  պարզ  է…

Լեռնային  Ղարաբաղը  կամ  Արցախի  հանրապետությունն  այդ  ժամանակից  սկսած  մինչև  այսօր՝  թե՛  փաստորեն  և  թե՛  իրավաբանորեն  անկախ  պետություն  է՝  պետաիրավական  բոլոր  հայտնի  ինստիտուտներով.  նա  կարո՛ղ  է  որոշել՝  շարունակել  իր  գոյությունը  որպես  այդպիսին,  թե  միանալ  օր.՝  ՀՀ-ը,  Ադրբեջանին,  Ռուսաստանին,  թե  Իրանին… Դա  կարող  է  տեղի  ունենալ  նրա  պետական  իշխանության  բարձրագույն  մարմնի  որոշմամբ՝  նրա՝  երկրի  բնակչության  հանրաքվեով՝  այսինքն  նրա  ժողովրդի  կամքով  միայն: Իսկ  ընդհանրապես  Արցախի  անկախությունը  չպետք  է  վիճարկվի,  «ինչ-որ  մեկի հետ»  բանակցային  գործընթացի  առարկա  դառնա.  Ճանաչելը  կամ  չճանաչելն  այլ  հարց  է:

Արցախ-Ղարաբաղի  անկախ  գոյությունը  համապատասխանում  է  նաև  միջազգային  իրավունքին,  ընդսմին  տերիտորիալ  անձեռնմխելիության  սկզբունքն  այստեղ  անկախության  խոչընդոտ  չէ,  ավելին,  եթե  տերիտորիալ  անձեռնմխելիության  քողով  սքողված  որևէ  պետություն  խոչընդոտում  է  տվյալ  ազգի,  ժողովրդի  կամ  նրա  մի  մասի  ինքնորոշման բնապատմական  և  միջազգային իրավունքի  իրականացմանը,  ապա  դա  ակնհայտ  անիրավաչափ  է,  իսկ  որոշ  դեպքերում  նաև  հանցագործություն  (Ավելի  մանրամասն  տե՛ս  օր.՝ Телунц М.М.,  Письмо  президенту Республики  Азербайджан  господину  Алиеву  И.А.,  Изд.  «Эдит  Принт»,  Ереван, 2014,  Телунц М.М.,  Россия  и  освободительное  движение  Сюника  и  Арцаха  в  первом  тридцатилетии  XVIII  века.  Некоторые  вопросы  самоопределения  НКР,  Изд. «Эдит  Принт»,  Ереван, 2014  և  ուրիշ.):

Իհարկե  ոչ  հայ  ժողովուրդը,  բնականաբար  նաև նրա  անբաժանելի  մասը  կազմող  Արցախ-Ղարաբաղի  հայությունը,  ինչպես  նաև  Ադրբեջանի  ժողովուրդն  արյուն,  պատերազմ  չեն  ուզում.  բայց  և  Արցախ-Ղարաբաղը  զիջելու  բան  չունի… «Փոխզիջում»  բառը  պետք  է  վերացվի  շրջանառությունից… Իսկ  Արցախ-Ղարաբաղյան  խնդրում  Ադրբեջանի  ղեկավարության  դիրքորոշումը  թեպետ  պատմական  ճշմարտության,  միջազգային  իրավունքի,  ինքնորոշման  իրավունքի  տեսակետից  ակնհայտ  սխալ  է,  հակաիրավական,  սակայն  հստակ  է.  «Ղարաբաղը  և  ազատագրված  (ըստ  նրա  օկուպացված)  տարածքները  մեզ  են  պատկանել  և  պատկանում.  դրանք  պետք  է  վերադարձվեն».  այս  պայմաններում  մենք  էլ  ասում  ենք՝  եկեք  փոխզիջման  գնանք.  այսինքն  ոչ  ադեկվատ, ոչ ճիշտ  դիրքորոշում  ենք  ընտրում՝  «ջուր  լցնում  Ադրբեջանի  ջրաղացին…».  արդյունքը՝  այս  վիճակը՝  մշտական-պատերազմական,  ամենօրյա  զոհեր  ևն… Իհարկե  ցանկանում  ենք  հարցը  խաղաղ  լուծվի,  բայց  դա  չի  նշանակում,  թե  պետք  է  Ստեփանակերտը  կամ  Մեղրին  փոխանակենք  Ֆիզուլիի    հետ… Տեսեք  թե  «հանգիստ  ու  խաղաղ»  ինչ  բերրի՝  կենսական  տարածքներ  ենք  զիջել.  հիմա  ոչ  թե  զիջելու  պարտականություն,  այլ  պահանջելու  իրավունք  ունենք… Եթե  Ադրբեջանը  «տերիտորիալ  պահանջներ»  ունի  Արցախի  հանրապետության  նկատմամբ,  ապա  նախ  պետք  է  ճանաչի  նրա՝  Արցախ-Ղարաբաղի,   անկախությունը  և  դրանից  հետո  միայն  դրանք՝ այդ  «տերիտորիալ  պահանջները»  ներկայացնի…

Նախիջևանն  օր.՝  հայկական  բնապատմական  վաղնջական  տարածք  է.  բայց  այնտեղ այսօր  գերակշռում  են  ադրբեջանցիները,  նրանք  էլ  ինքնորոշման  իրավունք  ունեն  (թեպետ  տարօրինակ  է՝  ադրբեջանցիների  ինքնավարությունը  Ադրբեջանի  կազմում…).  ինչ  կարող  ենք  անել,  մենք  հո պատերազմ  չենք  սկսելու  Նախիջևանի  դեմ… Եվ  եթե  Արցախի  ժողովուրդը  ցանկանում  է,  որպես  հանրապետություն  մտնել  Ադրբեջանի  կազմ  կամ  միանա  նրա  հետ,  իսկ  Նախիջևանի  ժողովուրդն  այդ  կարգավիճակով  ՀՀ  կազմի  մեջ,  ապա  դա  նրանց  իրավունքն  է,  և  ոչ  թե  պ-ն  Իլհամ  Ալիևի,  պ-ն  Բակո  Սահակյանի  կամ  պ-ն  Նիկոլ  Փաշինյանի… Ժողովուրդներին  միմյանց  դեմ  արհեստականորեն  լարելու,  արյունահեղության  կարիքը  չկա.  պարզապես  պետք  է  ճշմարտությունը  ներկայացնել: Պ-ն  Ալիևն  ու  մյուսները  շատ  են  ուզում  պատերազմ,  թող  իրենք  զենք  վերցնեն  և  գնան  կռվեն,  ոչ  թե  ուրիշներին,  նրանց  երեխաներին  ուղարկեն  կոտորվելու՝  թնդանոթի  միս  դարձնեն  իրենց  սքողված՝  կեղծ  հայրենասիրության  և  այլ  նեղ  շահերի  համար… Համոզված  եմ,  որ  ժողովուրդներն  ավելի  ճիշտ,  ընդսմին  խաղաղ,  կլուծեն  հարցերը,  քան  նրանց  ղեկավարները,  միայն  չպետք  է  խոչընդոտել  ժողովուրդների,  տվյալ  դեպքում  երկու՝  հայ  և  ադրբեջանցի  ժողովուրդների  շփումներին… Խաղաղությունը  թանկ  է  ամեն  ինչից: Շարունակելի…

 

 

Մալիկ  Թելունց.

իրավագետ,  պատմական  գիտ. թեկնածու,  իրավագիտության  դոցենտ,

Սյունիքի  մարզ,  գ. Խնձորեսկ,

Հեռ.բջջ.՝ 094 96 07 08

07.11.2019թ.

* Կամ  պատմական  Փոքր  Սյունիքը:

* Ի  դեպ  մեր  բարեկամ  պարսիկները՝  «ծպտյալ  ադրբեջանցիների»  հետ  ՀՀ-ը  ոչ  այնքան  հեռավոր  ապագայում  կհասցնեն  Հասան  խանի  ժամանակներին… Իսկ  չինացիների  և  հնդիկների  հետ  միասին  Հայաստանը  կնմանվի  Հոնկոնգին՝  եթե  մեր  երկրի  հայ  բնակչությունը  պահպանի  իր  բնական  «աճի»  այսօրվա  տեմպերը…

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի