Հայաստանի երիտասարդ հանրապետությունը գերմարդկային ջանքեր էր գործադրում երկրի պաշտպանության ամրապնդման ու զարգացման ուղղությամբ: Արդեն նկատվել էին լուրջ նվաճումներ հանրապետության կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Սակայն հարեւան պետությունների եւ հատկապես Ադրբեջանի հետ շարունակվող մշտական բախումներն ու հանրապետության տարածքում բնակվող թուրք բնակչության պարբերաբար կրկնվող ելույթները դժվարին խոչընդոտների առաջ էին կանգնեցնում ՀՀ կառավարությանը: Դժվարագույնն ու անլուծելին Արցախն ու Զանգեզուրն էին, որոնց նկատմամբ Ադրբեջանի իշխանություններն ավելի ուժգնությամբ էին շարունակում դրսեւորել իրենց զավթողական ձգտումները: Այդ հողի վրա Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների հակամարտությունը գնալով ավելի էր խորանում ու շիկանում:
Ինչպես արդեն նշվել է, հանրապետության սահմանների ազատագրումը ընթանում էր մի քանի ուղղությամբ, եւ այս առումով Զանգեզուրի ու Արցախի խնդրի վերջնական լուծումը տվյալ ժամանակահատվածում ուներ արտակարգ կարեւորագույն նշանակություն: Առանց Զանգեզուրի եւ Արցախի հարցի վերջնական լուծման Հայաստանը չէր կարող հուսալիորեն ապահովել իր սահմանների անսասանությունն ու անձեռնմխելիությունը եւ, բնականաբար, հարկադրված պետք է լիներ մշտապես պատերազմելու Ադրբեջանական Հանրապետության եւ նրան սատարող Թուրքիայի հետ: Ուստի, հանրապետության թուրքաբնակ շրջանների եւ հարեւան Վրաստանի հետ վիճելի հարցերը մեծ դժվարությամբ հաղթահարելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններն անհրաժեշտորեն պետք է ձեռնամուխ լինեին առավել հաստատակամությամբ զբաղվելու Զանգեզուրի եւ Արցախի խնդրի վերջնական լուծմամբ:
Նկարագրելով հանրապետության տարածքի ազատագրման ուղղությամբ իր գլխավորած կառավարության կենսագործած առավել կարեւոր եւ անհրաժեշտ միջոցառումները՝ ՀՀ վարչապետ Ալ. Խատիսյանը գրում է. «Հայաստանի սահմաններու ընդարձակումը երրորդ ուղղությամբ կը կատարուէր Զանգեզուրի եւ Արցախի գծով: Այստեղ կընդհարուէին Հայաստանի եւ Ադրբեջանի շահերը: Հայաստանի համար Զանգեզուրը եւ Արցախը երեք տեսակ շահեկանութիւն կը ներկայացնէին. առաջին՝ բնակչութեան տեսակետով, որովհետեւ 300000 հայեր կապրէին այդ շրջաններուն մէջ: Երկրորդ՝ Զանգեզուրն ու Արցախը կը պաշտպանէին Հայաստանի թիկունքն այն թշնամիներէն, որոնք կերազէին անոնց վրայով միանալու իրարու հետ: Եւ երրորդ՝ երկու շրջաններու ալ բնակչութիւնը անբաժանելիօրեն կապուած կը զգար ինքզինքը Հայաստանի Հանրապետութեան հետ»[1]:
Զանգեզուրի լեռնականները կովկասյան թուրքերի(թաթար) եւ նրանց սատարող հավատակիցների դեմ պայքարելու հրաշալի մարտական դպրոց էին անցել: Սասունի 1904 թ. եւ Կովկասահայության 1905–1906 թթ. ինքնապաշտպանական մարտերի հերոսների՝ Սեբաստացի Մուրադի, Քեռու, Կայծակ Առաքելի, Գյումուշխանցի Ավոյի, Մեշեդի Ավետիսի եւ բազում այլ բազմափորձ ֆիդայիների առաջնորդությամբ, որոնց շարքերում էր նաեւ Դրոն, զանգեզուրցիներն անմոռանալի ջարդ տվեցին հայկական բնակավայրերնասպատակող թուրք հրոսակախմբերին: 1918 -1919 թթ. Անդրանիկի գլխավորած արեւմտահայ մարտական ուժերի գործուն աջակցությամբ զանգեզուրցիները դարձյալ հերոսական ինքնապաշտպանությամբ անառիկ պահեցին իրենց բնակավայրերը մահմեդական հրոսակախմբերի ոտնձգություններից ու ասպատակություններից:
Զանգեզուրին տիրելու Ադրբեջանի նկրտումները ավելի են ուժեղացել, հատկապես 1918 դեկտեմբերից սկսած, երբ Շուշիում հաստատվեց անգլիական զինվորական ներկայացուցչությունը: Անգլիացիների համար Զանգեզուրի ու Արցախի խնդիրը վճռված էր: Անգլիացիների որոշմամբ Հայաստան աշխարհի երկու պատմական գավառները` Զանգեզուրն ու Արցախը իրենց հոծ հայ բնակչությամբ պիտի մասն կազմեին Ադրբեջանական հանրապետության: Հիմք ունենալով այդ գավառների նկատմամբ կայացրած վերոհիշյալ վճիռը` Ադրբեջանի կառավարությունը Կովկասում Անգլիայի առաքելության ղեկավար, գեներալ Թոմսոնի համաձայնությամբ Արցախ-Զանգեզուրի ընդհանուրնահանգապետ է նշանակում դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայտնի էր իր հայատացությամբ ու ջարդարարի համբավով:
«Յունւարի 17-ին,-գրում է Եղիշե Իշխանյանը,-Դոքտ. Խոսրովբէկ Սուլթանովը, Ադրբէջանի կառավարութեան կօղմից, զօրավար Տօմսոնի համաձայնութեամբ նշանակւած իբրև Ղարաբաղի նահանգապետ, գալիս է Շուշի ի հեճուկս հայերի: Ադրբէջանի կառավարութիւնը Ղարաբաղի նահանգապետ, նշանակելով, Հայաստանի կառավարութեանը կանգնեցնում էր կատարւած փաստի առջեւ, յուսալով տէր դառնալ Ղարաբաղին, թիկունքին ունենալով զօրավար Տօմսոնին, որպէս ուժեղ յենարան»[2]:
Ի պատասխան այդ նշանակման, ՀՀ արտաքին գործոց նախարար Ս. Տիգրանյանը վճռական բողոք է ներկայացնում Ադրբեջանական կառավարությանը` հայտարարելով, որ Արցախն ու Զանգեզուրը Հայաստանի անբաճանելի մասն են[3]:
Իհարկե, Ս, Տիգրանյանի բողոքը չէր կարող լուրջ ուշադրության արժանանալ, քանզի վիճակն Անգլիայի հովանավորությամբ արդեն գցված էր: Ադրբեջանը բազմապատկում է ջանքերը` վերջնականապես նվաճելու Արցախն ու Զանգեզուրը:
Եթե 1919 թ. գարնանն ու ամռանն Ադրբեջանի իշխանությունները Երեւանում հավատարմագրված իր դիվանագիտական ներկայացուցիչ Թեքինսկու անմիջական ղեկավարությամբ Հայաստանի ապստամբ շրջանների թուրք բնակչությանն օգնում էր ֆինանսներով, զենքով, սպաներով եւ հրահանգիչներով, ապա Զանգեզուրի նկատմամբ ոչ միայն կիրառում էր վերոհիշյալ միջոցները, այլեւ ուղղակիորեն ապավինելով զենքի ուժին՝ զորքով, որոնց միացել էին նաեւ Զանգեզուրի հարեւան Հաճի-Սամլուիի քրդական հեծելախմբերը, գեներալ Շիխլինսկու եւ դոկտոր Խոսրով-բեկ Սուլթանովի գլխավորությամբ Գորիսի հյուսիսային ուղղությամբ հարձակվում է Զանգեզուրի վրա:
Գեներալ Շիխլինսկու առաջնորդությամբ Զանգեզուր ներխուժած բանակը բաղկացած էր հեծյալ ու հետեւակ զորամասերից, որոնք համապատասխանաբար ունեցել են 800 եւ 4000 զինվորներ: Բացի դրանից, ազերի բանակը իր զինանոցում ունեցել է 12 հրանոթ ու ավելի քան երեք տասնյակ գնդացիրներ: Բանակի կազմում Զանգեզուր է ներխուժել 400 հեծյալներից բաղկացած քրդական հրոսակախումբը: Միաժամանակ զենքի պիտի դիմեր Զանգեզուրի մահմեդական բնակչությունը[4]:
Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ Զանգեզուր գործուղված գնդապետ Արսեն Շահմազյանի գլխավորությամբ զանգեզուրցիները մի շարք ճակատամարտերում ջախջախիչ պարտության մատնելով գեներալ Շիխլինսկու գլխավորած Ադրբեջանի կանոնավոր զորագնդերին եւ մահմեդական հրոսակախմբերին, փայլուն հաղթանակներ նվաճեցին:
Ըստ պաշտոնական տվյալների քառօրյա մարտերը տեղի են ունեցել Տեղ, Կոռնիձոր, Բայանդուր ու Խոզնավար գյուղերի մերձակայքում: Զանգեզուրի մարտական ուժերը որպես ռազմավար հակառակորդից վերցրել են 14 գնդացիր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, ինչպես նաեւ 150 գերի[5]:
Գեներալ Շիխլինսկու գլխավորած զորաբանակի ու նրան աջակցող Հաջի Սամլուիի քրդական հեծյալ հրոսակախմբերի հարձակումը Զանգեզուրի վրա տեղի է ունենում 1919 թ. նոյեմբերին, այսինքն այն ժամանակ, երբ գնդապետ Հասկելի միջնորդությամբ Հայաստանի հանրապետության տարածքում արդեն դադարեցվել էին մարտական գործողությունները եւ ապստամբ թուրքաբնակ շրջաններում աստիճանաբար հաստատվում էր խաղաղություն: Բայց Հայաստանում խաղաղություն եւ կայուն իրավիճակի հաստատումը թուրք պարագլուխների ու ադրբեջանական իշխանությունների ծրագրերից դուրս էին: Առերես համաձայնելով Փարիզի վեհաժողովի խորհրդի կողմից Հայաստանում կոմիսար նշանակված գնդապետ Հասկելի առաջարկություններին՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում էին իրենց գործակալների միջոցով գաղտնորեն, իսկ Զանգեզուրի նկատմամբ բացահայտ, ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Հայաստանում կացությունն ապակայունացնելու եւ իրենց նպատակներն իրականացնելու ուղղությամբ:
Նույն թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը Վաշինգտոնում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչին հասցեագրված ուղերձում նշում է. «… Շնորհիվ Հասկելի միջամտութեան, Ադրբեջանն արդեն ընդունել էր մի պայմանագիր, որով Շարուրի, Նախիջեւանի եւ Գողթանի շրջանները պիտի կազմեին Ամերիկեան նահանգապետութիւն… Գերագույն կոմիսարի կարգադրութեամբ Ամերիկեան նահանգապետը հոկտեմբերի 23-ին հանդիսավոր կերպով պիտի մտներ Նախիջեւան, Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ միասին, բայց վերջին րոպեին Ադրբեջանը հրաժարվեց մասնակցել այդ հանդեսին, միեւնույն ժամանակ ծածուկ կազմակերպելով Նախիջեւանի թրքական ամբոխի կողմից դիմադրութիւն »[6]:
Ադրբեջանական իշխանությունները մեծ հույսեր էին փայփայում վերստին զենքի դիմած Նախիջևանի զինյալ հրոսակախմբերի, տեղի մահմեդականության եւ Զանգեզուր ներխուժած Շիխլինսկու գլխավորած զորաբանակի վճռական հարվածների շնորհիվ վերջնականապես լուծել այդ գավառը Ադրբեջանի բաղկացուցիչ մասը մեկընդմիշտ դարձնելու խնդիրը:
«…Չնայած, — շարունակում է Ալ. Խատիսյանը, — ամերիկացիների կտրուկ հրամաններին եւ սպառնալիքներին, Նախիջեւանի թրքությունը, տաճկական սպաների ղեկավարությամբ, զինված թնդանոթներով եւ գնդացիրներով, մի շաբաթ է, որ Դարալագյազի հայության հետ կռիվ է մղում, աշխատելով անցնել Զանգեզուր եւ անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի հետ: Կռիվները շարունակվում են Սոս եւ Մարտիրոս գյուղերի մոտ:
Միեւնույն ժամանակ ադրբեջանական զօրքերը, մօտ 7000 սվին, հազարավոր քուրդ եւ թուրք խուժանի հետ միասին, հռչակավոր Խոսրով-բեկ Սուլթանովի եւ Շիխլինսկու առաջնորդությամբ շարժվել են Զանգեզուր»[7]:
Գեներալ Շիխլինսկու առաջնորդած բանակի ու Զանգեզուրի թուրք հրոսակախմբերի ջախջախիչ պարտությամբ փաստորեն տապալվում է գավառը Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մասը դարձնելու ազերի իշխանությունների ծրագիրը:
Հայաստանի տարածքում թուրքական զորքերի առկայությունը, ապա հարեւան Վրաստանի հետ զինված բախումները, մի փոքր անց հանրապետության տարածքի ազատագրման խնդիրները եւ երկրի ծայր աստիճան քայքայված տնտեսության վերականգնման դժվարությունները խոչընդոտում էին հանրապետության կառավարությանը առավելագույնս զբաղվելու Արցախի եւ Զանգեզուրի հարցերով:
Այսուհանդերձ, պիտի նշել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի սկզբանե Արցախի նկատմամբ ունեցել է հստակ դիրքորոշում, որը վարչապետ Հով.Քաջազնունին արտահայտել է դեռեւս 1918 թ. օգոստոսի 31-ին, Խալիլ փաշայի հետ կայացած երեւանյան հանդիպման ժամանակ:
Հանդիպման ընթացքում Հովհ. Քաջազնունին` Խալիլ փաշային ներկայացնելով Արցախի ու Զանգեզուրի հարցում ՀՀ կառավարության դիրքորոշումը, ընդգծել է. «Ղարաբաղի լեռնային մասը եւ Զանգեզուրը, իբրեւ հայկական հոծ ազգաբնակչութիւն ունցող վայրեր, չեն կարող առանց այլեւայլութեան կցւել Ադրբեջանին: Սակայն, որովհետեւ վերջինս այս մտքի դէմ առարկութիւններ է յարուցանում` Հայաստանի Հանրապետութիւնը կարծում է, որ Ղարաբաղի քաղաքական վիճակը կամ Պոլսի կոնֆերանսը պիտի որոշի եւ կամ ինքը` Ղարաբաղի ժողովուրդը: Մինչեւ խնդրի այս ճանապարհով լուծելը Հայաստանի կառավարութիւնը չի ուզում միջամտել Ղարաբաղի ներքին գործերին եւ պահանջում է, որ Ադրեջանն էլ չմիջամտի»[8]:
Պիտի ընդունել, որ այդ ժամանակահատվածում, երբ ՀՀ կառավարությունը դեռեւս նոր-նոր էր սկսել հիմնավորվել ու պիտի լուծեր իր առջեւ ծառացած կենսական նշանակության բազում հրատապ խնդիրներ, նրա համար Արցախի նկատմամբ ՀՀ ու Ադրբեջանի կառավարությունների կողմից համանման մոտեցում դրսեորելը, թերեւս ամնաընդունելի տարբերակն էր:
Խալիլ փաշան հավանություն է տալիս վարչապետի կողմից ներկայացրած ՀՀ կառավարության տեսակետին ու խոստանում է խոսել Ադրբեջանի կառավարության հետ ու ստանձնել միջնորդի դեր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ[9]:
1919 թ. թուրքաբնակ շրջանները խաղաղեցնելուց ու նույն տարում Զանգեզուրում գեներալ Շիխլինսկու առաջնորդած բանակը ջախջախելուց ու նվաճած հաղթանակից հետո, Հայաստանի կառավարությունը վերջապես փոքր-ինչ հնարավորություն է ստանում ուշադրությունը կենտրոնացնելու նաեւ Արցախի եւ Զանգեզուրի վրա: Զանգեզուրի, ապա նաեւ Արցախի խնդիրը վերջնականապես լուծելու հերթը այժմ արդեն Հայաստանի կառավարությանն էր:
ՀՀ կառավարության 1919 թ. նոյեմբերի 26-ին կայացած որոշմամբ, Զանգեզուրի քաղաքացիական իշխանության կոմիսար է նշանակվում Ս. Մելիք-Յոլչյանը, իսկ զինվորական մասի կոմիսար, այն է` զինված ուժերի հրամանատար` գեներալ Ղազարյանը, որոնք ժամանելով Գորիս, պիտի փոխարինեին գնդապետ Արսեն Շահմազյանին[10]:
Փոքր-ինչ առաջ ընկնելով` նշենք, որ ՀՀ կառավարության կողմից գնդապետ Արսեն Շահմազյանի փոխարեն Զանգեզուր գավառի քաղաքային մասի ու զինվորական մասի կոմիսարի պաշտոնները Ս. Մելիք-Յոլչյանին եւ Ղազարյանին վստահելը, ինչն ապացուցեց ժամանակը, այնքան էլ ճիշտ ու արդյունավետ չէր: ՀՀ կառավարության վերոհշյալ որոշմանը կապակցությամբ, Արցախ-Զանգեզուրի գործիչներշները, հատկապես Դրոն բազմիցս արտահայտել են իրեն անհամաձայնությունն ու դժգոհությունը:
Ե. Իշխանյանի վկայությամբ` «Դրօն դժգոհ էր թէ Ս. Մելիք-Եօլչեանից և թէ Զօրավար Ղազարեանից, որոնք խանգարել են իրեն և ոչ թէ աջակցել: Զօրավար Ղազարեանին անպետքութիւն է համարում, որովհետև աւելի ֆորմալիստ էր, քան կենդանի գործ անող»[11]:
Ս. Մելիք-Յոլչյանի եւ գեներալ Ղազարյանի գործունեությունը քննադատաբար է գնահատել նաեւ Զանգեզուրի հերոս, Սիսիանի մարտական ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանը: Արժանավույնս գնահատելով գնդապետ Ա. Շահմազյանի ներդրումը գեներալ Շիխլինսկու գլխավորած զորքերի դեմ նվաճած հաղթանակում` Պողոս Տեր-Դավթյանը նշում է. «…Արսէնը, որպէս Զանգեզուրի մարտական ուժերի հրամանատար, հռչակւեց հերոս, որին գէթ այդ ժամանակ, նոյնիսկ մէկ աստիճանի վրայից էլ անցնելով, պէտք է զօրավարի աստիճան տային, որով ոչ միայն գնահատւած կը լինէր Արսէնը, այլև Զանգեզուրի ժողովուրդը և ի մասնաւորի մարտական ուժերը: Մինչդեռ նոյեմբերեան յաղթանակի օրերին իսկ յետ են կանչում Արսէնին և նրա փախարէն ուղարկում ուղարկում Ս. Մելիք-Յոլչեանին ու նորակնունք, զինւորականների շրջանում անգամ անյայտ մնացած Զօրավար Ղազարեանին:
-Դրօն և Նժդեհը չէին հանդուրժում էդ զօրավար Ղազարեանին. Դրօն շատ էր առնւած նրանից և անւանում էր նրան անտաղանդ արարած: Դրօն իրաւունք ունէր այդպէս որակելու, նա ոչնչով օգտակար չեղաւ Զանգեզուրում, իրա բոյով, բուսաթով, արտաքինով էր յայտնի միայն, նրա արած մի գործը չտեսանք»[12]:
1919 թ. նոյեմբերի վերջերին Հայաստանի Հանրապետության կառավարության հրահանգով Զանգեզուրում ստեղծվում է «Վարիչների խորհուրդ» մարմինը, որի ձեռքում է կենտրոնանում գավառի ողջ իշխանությունը:
Ս. Վրացյանի տեղեկացմամբ` մինչեւ Դրոյի Զանգեզուր-Ղարաբաղի ընդհանուր հրամանատար հայտարարվելն ու Գորիսում հաստատվելը, գնդապետ Արսեն Շահմազյանին փոխարինած գավառի քաղաքային մասի կոմիսար Ս. Մելիք-Յոլչյանի ու զինվորական մասի կոմիսար գեներալ Ղազարյանի ղեկավարման օրոք Զանգեզուրը ձեւականորեն կազմակերպվել էր որպես Հայաստանի Հանրապետության մաս[13]:
Ս. Մելիք-Յոլչյանի նախագահությամբ գործող քաղաքային իշխանությունը (վարիչների խորհուրդ)Զանգեզուրը բաժանել էր երկու գավառի. «1. Բուն Զանգեզուր, Տաթեւ, Դարաբաս, Սիսիան` Զանգեզուր գավառ անունով, 2. Ղափան, Բաղաբերդ-Գեղվայ ձոր, Արեւիք եւ Գողթն` Կապար Գողթ անունով»[14]:
Միաժամանակ Զանգեզուրը բաժանվել է երեք զինվորական շրջանների: Առաջին շրջանի` Սիսիանի հրամանատարն է Պողոս Տեր-Դավթյանը, երկրորդի` Կապարգողթի (Ղափան, Գենվազ, Գողթան)` հրամանատարը Գարեգին Նժդեհը եւ երրորդը` բուն Զանգեզուրը, այսինքն Գորիսը իր շրջակա գյուղերով:
Նշելով Զանգեզուրի առաջին եւ երկրորդ զինվորական շրջանների հրամանատարների անունները` Ս. Վրացյանը չի ներկայացնում երրորդ զինվորական շրջանի հրամանատարին, թեպետ Գորիսում է գտնվել գեներալ Ղազարյանի հրամանատարական կետը:
Յուրաքանչյուր զինվորական շրջանի հրամանատարությանը կից գործել է զինվորական շտաբ, որին ենթարկվել են մարտական խմբերի հրամանատարները:Նրանց գլխավորությամբ գավառում կազմակերպվել է զորահավաք, որի արդյունքում «25-50 տարեկան բոլոր տղամարդիկ դրւած էին զէնքի տակ, երկրապահ զինւորութեան դրութեամբ, 20-25 ընտիր սպաների ղեկավարութեան տակ»[15]:
Նախորդ տարիներին Զանգեզուրում բացմիցս կրկնվող հայ-թուրքական զինված բախումներն ու գավառում տիրող իրական կացությունը հավաստում էին, որ Զանգեզուրը միայն տեղի մարտական ուժերով թուրք բնակչությունից մաքրելը չափազանց դժվարին խնդիր էր: ՀՀ կառավարությունը` հիմք ընդունելով այդ իրողությունը, Զանգեզուրի խնդիրը վերջնականապես լուծելու նպատակով եւ ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոսրով-Բեկ Սուլթանովին Զանգեզուր-Արցախի գլխավոր նահագապետ նշանակելու որոշմանը, Դրոյին նշանակում է Զանգեզուր-Արցախի նահանգապետ ու մարտական ուժերի ընդհանուր հրամանատար: ՀՀ կառավարության հրահանգով, Դրոն 1919 թ. դեկտեմբերի վերջերին 600 զինվորներով հասնում է Գորիս: Նրա ժամանումով զորահավաքի ու մարտական խմբեր կազմավորելու գործընթացն ավելի է արագացվել, ընդ որում Զանգեզուրյան մարտական ուժերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքները կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ:
Զանգեզուրի եւ Արցախի հարցի լուծումը վերջնականապես վճռելու հանձնարարությունը Դրոյին վստահելու իրողությունը պատահական չէր: Այդ շրջանների պատասխանատու գործիչների կողմից գործի ղեկավարումը ստանձնելու վերաբերյալ առաջարկություններ նրան արվել էին բազմիցս: Համաձայն Արցախի Ազգային Խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանի հավաստման՝ այդ հանձնարարության իրագործումը Դրոյին վստահելու առաջարկության նախաձեռնողներից մեկը եղել է հենց ինքը: Առաջին անգամ նրա կողմից համանման առաջարկություն Դրոյին արվել է նույն տարվա սեպտեմբերի 16-ին, եւ նրանից ստացել է հումորով համեմված հետեւյալ պատասխանը. «Այ ղարաբաղցի, Զանգեզուր-Արցախ անունով շարունակ թնդացնում եք օդը, բայց չկարողացաք մի Ադրբեջանի հախիցը գալ, վախեցաք, տեսնո՞ւմ ես՝ Սուրմալուն քրդերի հախիցը ոնց է գալիս:
Տեսնում եմ, որ Դրոն իր հումորով ինձ ձեռք է առնում, ասացի՝ «Դրօ, խօսքը մէջներիս, էն ղէյրաթը, որ քո մէջ կայ, շնորհիւ քո սիւնեցի մօր արեան է, որ անցել է քեզ ( Դրոյի մայրը ծնունդով Սյունեցի է՝ Սիսիանի շրջանի Մազրա գյուղից — Հ.Գ.): Այդ խեյրաթով պարտական ես Սյունիքին:
Դրօն չկարողացաւ զսպել ծիծաղը եւ մենք էլ ծիծաղեցինք:
— Լավ, հանաքը թողնենք, խնդիրը լուրջ քննութեան է առնւած, ասաց Դրօն, եւ պիտի կարգադրւի անպայման»[16]:
Այս նույն առաջարկությունը Ե. Իշխանյանը կրկնել է նաեւ իրենց հաջորդ հանդիպման ժամանակ:
«Նոյեմբերի 1-ին,- գրում է Ե. Իշխանյանը,-Դրօյի մօտ եմ, խնդրում եմ միջնորդել զինւորական նախարարի մօտ՝ Արցախի սպաներն հաշվելու իբրեւ հայկական բանակի սպաների, որոնց ցուցակը ներկայացրել է Ա. Վարդապետեանը, ապա իմ կարծիքն եմ յայտնում, որ ինքը անցնի Զանգեզուր որպէս Զանգեզուր-Արցախի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար, օգնականներ ունենալով Ա. Շահմազեանին, որը կվարէ միաժամանակ քաղաքացիական-վարչական գործերը, եւ Գ. Նժդեհին, որը կը մնայ Ղափանում եւ Գողթնում այնտեղի ինքնապաշտպանական գործը վարելու:
«Դրօն պատասխանում է, որ ինքը որպես զինւորական նախարարի օգնական հեշտութեամբ չի կարող հեռանալ Երեւանից, անկախ իր կամքից, սակայն խոստանում է լրջորեն զբաղվել այդ խնդրով»[17]:
Այդ նույն, Զանգեզուր եւ Արցախ մեկնելու առաջարկությունը, մեկ անգամ եւս նրան արվել է նոյեմբերի 14-ին, այս անգամ արդեն Գողթնի գավառապետ Աշոտ Մելիք Մուսյանի կողմից, բայց հարցի վերջնական լուծումը դարձյալ փոքր-ինչ ձգձգվել է:
«… Զանգեզուրից, — նշում է Ե.Իշխանյանը, — եկաւ Աշոտ Մելիք Մուսեանը, Արսէն Շահմազեանի կողմից խոսելու կառավարութեան հետ…Աշոտը բարձր տրամադրութեամբ պատմում է Զանգեզուրի կռիւների մասին մանրամասնօրէն (նկատի ունի Արսեն Շահմազյանի գլխավորությամբ գեներալ Շիխլինսկու հրամանատարությամբ ադրբեջանական զորքերի եւ Հաճի Սամլուի քրդական հրոսակախմբերի դեմ նույն տարվա նոյեմբերի սկզբներին զանգեզուրցիների հաղթական կռիվները — Հ. Գ.):
Դրօն, լսելով Աշոտի տւած տեղեկութիւնները, ոգեւորւած ասում է, որ պէտք է ստանձնած որոշ պարտականութիւնները փոխանցի ուրիշ մեկին եւ անցնի Զանգեզուր:
Աշոտը Դրօյի Զանգեզուր գնալը գտնում է անհրաժեշտ, աշխատելու այնտեղ Արսէն Շահմազեանի եւ Նժդեհի օգնութեամբ, սակայն նպատակահարմար չի գտնում Ս. Մ. Եօլչեանին ու գեներալ Ղազարովին Զանգեզուր ուղարկելը, որովհետեւ ոչ նրանք գիտեն ժողովրդին եւ ոչ էլ ժողովուրդն է նրանց ճանաչում»[18]:
Զանգեզուրցիների համար վերջապես գալիս է երկար սպասված ցանկալի պահը:
«Դեկտեմբերի 20-ին 1919 թ. Դրօն Երեւանից ժամանում է Գորիս Էքսպեդիցիոն զօրամասով, որի, համաձայն Դրօյի յայտարարութեան, գլխավոր նպատակն էր զէնքի ուժով վճռելու վերջնականապէս Արցախի հարցը»[19]:
Դրոյի զորամասի կազմում էին փոխգնդապետ Թարիվերդյանի գլխավորած գումարտակը, գնդապետ Կուռո Թարխանյանի հեծյալ ջոկատը եւ պարուչիկ Արզոնովի լեռնային հրանոթների մարտկոցը: Զորամասի շտաբի(սպայակույտ)պետն էր գնդապետ Միրիմանյանը: Էքսպեդիցիոն զորամասը, որի շարքերում կային ընդամենը 500-600 զինվորներ, պետք է հանդիսանար Զանգեզուրում կազմավորվող մարտական ուժերի միջուկը[20]:
Դրոյի զորամասի թվակազմի վերաբերյալ փոքր-ինչ այլ տեղեկություններ է ներկայացնում 1922 թ. հունիսին Արցախի եւ Զանգեզուրի գործիչների մասնակցությամբ Թավրիզում տեղի ունեցած ժողովի նախագահ Գերասիմ Բալայանի եւ քարտուղար Զաքար Յոլյանի ստորագրությամբ գրված «Ղարաբաղի դէպքերի պատմութիւն» խորագիրը կրող զեկուցագիր-տեղեկագիրը: Համաձայն զեկուցագիր-տեղեկագրի` Դրոն էքսպեդիցիոն զորամասով Գորիս է ժամանել դեկտեմբերի 20-ին: Զորամասի մարտական ուժերն էին` «…հետեւակ 400 հոգի, 2 թնդանօթ, 30 գնդացիր` գործելու Զանգեզուրում և գլխավորապէս Ղարաբաղում»[21]:
Դժվար չէր հասկանալ, որ եթե հանրապետության զորքերը մուտք գործեին Արցախ, ապա անկասկած ծավալվելու էին պատերազմական գործողություններ, այս անգամ արդեն մյուս հարեւանի՝ Ադրբեջանի հետ, որի զավթողական մտադրությունները Արցախի նկատմամբ վաղուց ի վեր հայտնի էին: Իսկ Հայաստանի իրական կացությունը դեռեւս հանրապետության կառավարությանը չէր թելադրում կենսագործել այնպիսի քաղաքականություն, որը վերածվեր պատերազմի:
Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած ոչ այնքան վճռական, ինչ-որ առումով գուցեեւ կրավորական դիրքորոշումը պայմանավորված էր ոչ միայն հանրապետության տնտեսական ու քաղաքական իրավիճակով, այլեւ հանրապետության կառավարության եւ Հ.Յ. Դաշնակցության, որպես իշխող կուսակցության, ղեկավար շրջաններում Արցախի հարցի նկատմամբ արմատավորված ոչ այնքան հիմնավորված մտայնությամբ: Առավելապես առաջնորդվելով հանրապետության սահմանների մեջ Արեւմտյան Հայաստանի տարածքներն ընդգրկելու հեռանկարով` ՀՀ կառավարությունն ու ՀՅԴ ինչ- որ տեղ ուշադրության տեսադաշտից կարծես դուրս էին թողել Արցախը:
Վկայակոչենք մի ուշագրավ տեսակետ, որն արտահայտել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Ռուբեն Տեր-Մինասյանը Արցախի Ազգային Խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանի հետ Զանգեզուրի եւ Արցախի հետ կապված հարցերը քննարկելիս: Իսկ Ռուբենը այդ ժամանակահատվածում (1918-1920 թթ.) Հ. Յ. Դաշնակցության ղեկավար շրջանում առավել տիրական կշիռ ունեցող գործիչներից էր, եթե ոչ ամենատիրականը:
«Ռուբենը,-գրում է Ե. Իշխանյանը,-մատով քարտեզի վրայ անցնելով Զաբուղի ձորով Հագարի գետի հոսանքն ի վեր եւ ի վար, ասում է. «Մեր զինւորական շտաբը այստեղ մեր բնական սահմանն է համարում, սկսած Մինքէնդի մօտի սահմանից մինչեւ Կոռնիձոր, Էյվազլարի գլուխը: Ըստ մեր ռազմագետների, այդ սահմաններում հազիւ կը կարողանանք պահել Զանգեզուրը, դէնը գնալու հարկ չկայ: Մեր ձգտումն է դէպի Տաճկահայաստան, որտեղ շատ աւելի արգաւանդ գաւառներ ունենք, քան Արցախը, եթէ ճիշտ կուզես իմանալ, ցույց տրւած սահմանից այն կողմը գտնվող հայութիւնը վերջ ի վերջոյ պիտի գաղթէ Տաճկահայաստան»[22]:
Այս՝ որեւէ լուրջ փաստարկով չհիմնավորված եւ ինչ-որ տեղ վնասակար տեսակետը , որը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Ռուբեն Տեր-Մինասյանը արտահայտել է 1919թ. հունիսի 21-ին ՀՅԴ կուսակցության գրասենյակում, ճիշտ եւ ճիշտ հակառակն է 1917 թ. նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին Թիֆլիսում գումարած ՀՅԴ խորհրդաժողովում Նիկոլ Աղբալյանի կողմից առաջ քաշված առավել հիմնավորված եւ իրատեսական հետեւյալ տեսակետին. «…այսօր մենք մնացել ենք մենակ եւ պէտք է մեր յույսը մեզ վրայ դրած, ազգովին մեր գլխի ճարը գտնենք: Մենք պէտք է նախ եւ առաջ մեր տեսակետը որոշենք, որպէս մեր թիկունքի յենարանը, ամրութիւնը, մեր ուժերի շարունակական եռանդ ու կորով ներշնչողը: Իմ կարծիքով մեր միակ յենարանն է Փոքր Կովկասեան լեռնաշղթան՝ ամբողջովին հայկական, սկսած Լօռիից մինչեւ Արցախ: Մեր ամբողջ ռազմամթերքն ու պարենը պետք է կենտրոնացնենք այնտեղ, որպեսզի կարողանանք դիմադրել թշնամուն»[23]:
Եթե հաշվի առնենք ժամանակաշրջանի յուրահատկությունները եւ հայության իրական հնարավորություններն ու կարողությունները, ապա պիտի խոստովանել, որ Նիկոլ Աղբալյանի առաջադրած տեսակետը շատ ավելի հիմնավորված էր եւ իրատեսական: Իրոք, մի՞թե ավելի նպատակահարմար էր Զանգեզուրի եւ Արցախի 300000 բնակչությանը տեղահանել, ինչպես որ առաջարկել է Ռուբեն Տեր-Մինասյանը, իր շեն ու բարգավաճ բնօրրանից եւ տեղափոխել Արեւմտայան Հայաստանի արդեն ավերածությունների ենթարկված ու քանդված բնակավայրերը: Այս առումով կարելի է համաձայնել Եղիշե Իշխանյանի հետեւյալ պնդմանը. «…պիտի նկատի ունենալ, որ քարակոփ, տանիքը թիթեղապատ տան լուսաւոր սենեակում ապրող ղարաբաղցիները, լսելով Տաճկահայաստանի գիւղերի խղճուկ վիճակի մասին, չի լքի իրա տունը եւ գաղթի ճամփան բռնի.
… սխալ է, որ մեր ամբողջ եռանդը վատնում ենք, ձգտելով դէպի անմարդաբնակ վայրերը՝ Տաճկահայաստան, որտեղ մեկ հատիկ հայ չկայ՝ ներկայիս, մինչդեռ՝ 300 հազարից աւելի հայութիւն ունեցող մի ամբողջ նահանգ՝ Զանգեզուրը- Արցախը, հետը հաշւած նաեւ Գանձակի լեռնային մասն ու Ղազախը, անուշադրութեան ենք մատնում կամ անհրաժեշտ չափով ուշադրութեան չենք արժանացնում: Մենք պէտք է նախ ռուսահայ նահանգներին տիրանանք, ապա միւս մասերին տիրանալու մասին մտածենք»[24]:
Հետագայում հետադարձ հայացքով եւ քննադաբար անդրադառնալով Զանգեզուր-Արցախ հիմնահարցին՝ Ռուբենը իր հեղինակությամբ «Դրօշակի» 1926թ. թիւ 2-ում տպագրված հոդվածում Սյունիքը համարում է Հայաստանի ողնաշարը, այսինքն ընդունում է այդ հարցի վերաբերյալ նախկինում դավանած իր տեսակետի սխալականությունն ու չհիմնավորվածությունը: Զանգեզուրի եւ Արցախի հիմնահարցի վերաբերյալ աստիճանաբար փոխվում են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած նախկին դիրքորոշումն ու վերաբերմունքը:
Եղիշե Իշխանյանը ծանոթանալով «Դրօշակ»-ում տպագրված վերոհիշյալ հոդվածի բովանդակությանը`Ռուբենին հասցեագրված նամակում գրում է. «Յօդւածի թարմ տպաւորութեան տակ նամակ գրեցի Թաւրիզից Ռուբէնին և, ի միջի այլոց, ասացի` «Եթէ մինչև պառլամենտի զինւորական սեկցիայի անդամ-նախագահ և զինւորական նախարար դառնալդ այդ ուսումնասիրութիւնը կատարած լինէիր, թերևս մենք այսօր այստեղ չգտւէինք, այլ մեր երկրում»[25]:
Պիտի նկատել, որ Ե. Իշխանյանի եզրահանգումն անտարակույս պատճառաբանված է եւ հեռու չէ ճշմարտությունից:
Անժխտելի է, պատմական Հայաստանի տարածքում հզոր հայկական պետականություն ստեղծելու կարեւորագույն պայմանը, Նիկոլ Աղբալյանի դիպուկ եւ պատկերավոր արտահայտությամբ. «… մեր միակ յենարանն է Փոքր Կովկասեան լեռնաշղթան՝ ամբողջովին հայկական, սկսած Լօռիից մինչեւ Արցախ: Մեր ամբողջ ռազմամթերքն ու պարենը պետք է կենտրոնացնենք այնտեղ…» գործոնի արժեւորումն ու ճիշտ եւ նպատակասլաց օգտագործումն է:
Կարելի է աներկբա պնդել, որ եթե ժամանակին Աղբալյանի տեսակետը պատշաճ ու անհրաժեշտ ուշադրության արժանանար, եւ Արեւմտահայաստանի մի շարք վայրերում (Էրզրում, Երզնկա, Օլթի, Սարիղամիշ եւ այլն) ամբարված զենքն ու զինամթերքը, հանդերձանքն ու պարենը, ինչը ռուսական զորքերի կողմից ռազմաճակատը լքելու պատճառով անցել էր նաեւ հայերի տրամադրությանը, ժամանակին տեղափոխվեր ու խնամքով պահեստավորվեր Լոռիից մինչեւ Արցախ ձգվող տարածքում, ապա հայության ինքնապաշտպանության կազմակերպումը կլիներ առավել դյուրին եւ արդյունավետ: Արդյունքում Արցախն ու նրա հարակից հայաբնակ շրջանները կհայտնվեին միանգամայն ավելի նպաստավոր պայմաններում:
Դատելով Զանգեզուրի եւ Արցախի գործիչների հետ կայացած հանդիպումների արդյունքները լուսաբանող վավերագրությունների բովանդակությունից՝ Դրոն վերոհիշյալ հարցի կապակցությամբ առավելապես հակված է եղել առաջնորդվելու Նիկոլ Աղբալյանի, քան թե Ռուբեն Տեր-Մինասյանի տեսակետով, քանզի ընդունում էր, որ Զանգեզուրի եւ Արցախի հայ բնակչության տեղափոխությունն ու բնակեցումը Արեւմտահայաստանի գավառներում բնավ չէին նպաստելու Արեւմտահայաստանի ազատագրմանը եւ այն Հայաստանի Հանրապետության սահմաններում ընդգրկվելուն ու պահպանմանը:
Զանգեզուրում եւ Արցախում ծավալվող իրադարձություններն ու հատկապես 1919 թ. նոյեմբերին գեներալ Շիխլինսկու գլխավորած ադրբեջանական զորքերի դեմ գնդապետ Արսեն Շահմազյանի առաջնորդությամբ Զանգեզուրի մարտական ուժերի տոնած նշանակալի հաղթանակները միանշանակորեն ապացուցեցին, որ այդ խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ են առավել կազմակերպված, հաստատակամ եւ կտրուկ գործողություններ, ընդհուպ մինչեւ ուժային միջոցների՝ զենքի կիրառումը: Իսկ դա աներկբայորեն հավասարազոր էր պատերազմել Ադրբեջանի Հանրապետության դեմ: Որպեսզի զենքի ուժով հնարավոր լիներ վերջնականապես լուծելու Արցախի հարցը, հարկավոր էր ընտրել ու կենսագործել առավել արդյունավետ եւ կենսունակ մարտավարություն, այն է. նախ պետք էր, մեկընդմիշտ լուծել Զանգեզուրի մահմեդական բնակչության հարցը: Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել էր եւ ապացուցում էր, որ Զանգեզուրի հայությանը ոչնչացնելու գործում տեղի թրքությունը Թուրքիայի, իսկ այժմ արդեն Ադրբեջանի հուսալի պատվարն էր ու դաշնակիցը: Այդ կենսական նշանակություն ունեցող խնդիրը լուծելու համար անհրաժեշտ էր, ինչպես հարկն է, զինել ու կազմակերպել Զանգեզուրի մարտական ուժերը:
Պիտի նկատել, որ Զանգեզուրի գրեթե բոլոր շրջաններն ունեին իրենց մարտական խմբերը, որոնք ինչպես արդեն նշվել է, մարտական մեծ փորձառություն էին ձեռք բերել մահմեդական հրոսակախմբերի եւ Ադրբեջանի Հանրապետության կանոնավոր զորամասերի դեմ մղված բազմաթիվ կռիվներում: Դրոյի գլխավորած զորամասն այն հիմնական մարտական ուժն էր, որը պիտի միավորեր եւ առաջնորդեր Զանգեզուրի զինական խմբերին:
Երկրորդ՝ անհրաժեշտ էր Զանգեզուրում կենտրոնացնել զենք ու զինամթերքի բավարար պաշարներ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում պիտի տեղափոխվեին Արցախ:
Երրորդ՝ հաստատել հուսալի կապ, հաղորդակցության միջոցներ Զանգեզուրի ու Արցախի միջեւ, որպեսզի Ադրբեջանի հետ պատերազմական գործողություններ սկսվելու դեպքում հնարավոր լիներ այդ ամենը անխափան եւ անկորուստ տեղափոխել Արցախ:
Մինչ այդ ամենի իրագործումը, անհրաժեշտ էր որոշակի քայլեր ձեռնարկել նաեւ Արցախի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Իսկ այդ ընթացքում անգործության մատնված չէին նաեւ Արցախի գործիչները: Արցախում կազմվել էր Գաղտնի Ինքնապաշտպանական Մարմին, որը ՀՅԴ կենտրոնական կոմիտեի հետ միասին 1919 թ. հոկտեմբերի 23-ին գումարում է միացյալ ժողով, որը որոշում է «…դիմել Հայաստանի կառավարութեան եւ խնդրել դրամական միջոցներ կազմակերպելու եւ լուրջ հիմքերի վրայ դնելու Հայկական Ղարաբաղի ինքնապաշտպանութեան գործը, այլեւ ՀՅԴ Բիւրօյից խնդրել, որ Ղարաբաղ ուղարկեն մի աւտարիտետ կուսակցական ընկեր, նմանապէս մի բարձրաստիճան հեղինակաւոր զինւորական` գործի յաջողութեան համար, որոնք տեղական ընկերների հետ համերաշխօրէն առաջ կը տանին Ղարաբաղի ինքնապաշտպանութեան պատասխանատու գործը…Այս դիմումի հիման վրայ Բիւրօն նշանակում է Արսէն Միքայէլեանին եւ գնդապետ Զաքար Մեսեանին»[26]:
Հովակ Ստեփանյանի գնահատմամբ` «Դժբախտաբար թէ առաջինը եւ թէ երկրորդը կ. կ-ի ուզած հեղինակաւոր անձնաւորութիւնները չէին, թէպէտ երկուսն էլ մեր համակրելի ընկերներն էին»[27]:
ՀՅԴ բյուրոյի հանձնարարությամբ Արցախ գործուղված Արսեն Միքայելյանն ու գնդապետ Մեսյանը պիտի հաստատվեին ու գործեին գլխավորապես Խաչենի, ապա Վարանդայի շրջաններում, սակայն ինչ-ինչ պատճառով նրանք նախատեսվածից ավելի մնում են Գյուլիստանում եւ ժամանակին չեն մեկնում նախատեսված վայրերը:
ՀՅԴ Ապառաժի կենտր. կոմիտեի ու Ինքնապաշտպանության մարմնի անդամներն` անհանգստանալով նրանց բացակայությունից` դեկտեմբերի 24-ին թվագրված նամակում Դրոյին տեղեկացնում են, որ «…Հայաստանի լիազօրները տեղ չեն հասել, եւ խնդրում են մինչեւ վերջիններիս տեղ հասնելը որոշ քանակութեամբ դրամ ուղարկել…»[28]:
Ի պատասխան Արցախի գործիչների պահանջի` «Դրօն իր կողմից որոշ հրահանգով Ղարաբաղ է ուղարկում կազմակերպական նպատակներով` Սասունցի Մանուկին, Կ. Աթանեսեանին եւ րոտմիստր Տեր-Մարտիրոսեանին, եւ զանազան թղթադրամներ 400.000 ր.: Սոքա պէտք է աշխատեն Ղարաբաղի ինքնապաշտպանութեան մարմնի հետ միասին, մինչեւ որ Հայաստանի լիազօրների Ղարաբաղ գալը, որից յետոյ երեք աշխատակիցները կգործեին Հայաստանի լիազօրների տրամադրութեան տակ»[29]:
Ս. Վրացյանի պնդմամբ` Դրոյի կողմից Արցախ գործուղված գործիչները, տեղական ընկերների հետ միասին պիտի կազմակերպեին արցախահայության ինքնապաշտպանությունը, մինչեւ որ կստեղծվեին քաղաքական նպաստավոր պայմաններ, զենքի ուժով Արցախը վերջնականապես միացնելու Հայաստանին[30]:
Արցախի խնդիրը զենքի միջոցով լուծելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ էր որպեսզի անխափան գործեին Արցախը Զանգեզուրին կապող հաղորդակցության ուղիները: Արցախը Զանգեզուրից անջրպետող գլխավոր խոչընդոտը Գորիսից դեպի հարավ 10 վերստ (10, 67 կմ) հեռավորությամբ գտնվող Էյվազլար, Շուռնուխ, Մազրա, Նավլու շրջանի թրքությունն էր, որը սեպաձեւ մտնում եւ իրարից բաժանում էր Ղափանի ու բուն Զանգեզուրի ու Սիսիանի հայությանը[31]:
«Այս հարցը,-գրում է Ս. Վրացյանը,-հերթական դառնալով, հայութեան շահերի տեսակէտից պահանջում էր իր լուծումը: Զանգեզուրի ընդհանուր կոմիսար Մելիք-Յոլչեանը ծանօթանալով վերոյիշեալ հարցի հետ, մի քանի անգամ ժողով է հրաւիրում`մասնակցութեամբ զինւորական ուժերի հրամանատար Դրօի, Շրջանային խորհրդի անդամների ու զօրաւար Յ. Ղազարեանի»[32]:
Զանգեզուրում տեղի ունեցած զինվորական խորհրդաժողովում քննարկվել է «1. Ղարաբաղի հարցը, 2. Շուռնուխի հարցը, 3. Օրդուբաթի հարցը:
Ի նկատի ունենալով Ադրբէջանի ագրեսիւ քաղաքականութիւնը եւ վերջինիցս բխող գործողութիւնները, որոնք էին` նոյեմբերի 3-8-ը Զաբուղի վրայով Զանգեզուրի վրայ յարձակւելը (նկատի ունեն գեներալ Շիխլինսկու առաջնորդած բանակի հարձակումը-Հ. Գ.), նոյեմբերի 15-ի յարձակումը եւ նոյեմբերի 26-ին Նախիջեւանի կողմից Սիսիանի վրայ յարձակւելը: Այս գործողութիւնները ուղղուած էին Ղարաբաղի եւ Զանգեզուրի դէմ»[33]:
Զանգեզուրի իշխանության եւ զինվորական խորհրդակցության մասնակիցները հստակ գիտեին, որ իրենց առջեւ դրված վերոհիշյալ երեք գլխաւոր հարցերի դրական լուծումից էր կախված Զանգեզուրի եւ Արցախի հետագա ճակատագիրն ու ապահովությունը:
Ծանոթանալով Զանգեզուրում տիրող իրավիճակին եւ խորհրդակցելով «Վարիչների խորհուրդ» մարմնի անդամների ու տեղի ռազմական ուժերի հրամանատարների հետ՝ Դրոն վճռում է առաջին հերթին մաքրել Զանգեզուրի հայության նկատմամբ թշնամաբար տրամադրված Էյվազլար, Շուռնուխ, Մազրա, Նավլու ու նրանց մերձակա գյուղերը թուրք բնակչությունից: Թուրքաբնակ այդ գյուղերը շատ լավ կազմակերպված էին ու զինված եւ մշտապես կապի մեջ գտնվելով Ադրբեջանի իշխանությունների հետ՝ պատրաստ էին նրա առաջին իսկ հրահանգի դեպքում հարձակվել հայկական գյուղերի վրա[34]:
Թուրքական վերոհիշյալ բնակավայրերը, ինչպես արդեն նշվել է, սեպաձեւ խրվելով Ղափանի եւ Գորիսի շրջանների արանքում, Զանգեզուրի տարածքը փաստորեն բաժանել էին երկու միմյանցից անջրպետված մասերի: Հարկավոր էր վերացնել Զանգեզուրի հյուսիսային ու հարավային շրջանների կապն ու հաղորդակցության ուղիները արգելափակող պատնեշն ու ապահովել բնակչության անվտանգ երթեւեկությունը: Այդ գործողության կենսագործմամբ ոչ միայն Զանգեզուրը կմաքրվեր մահմեդական բնակչությունից ու անխափան կգործեին Ղափանի ու Գորիսի շրջանները միմյանց կապող հաղորդակցության ուղիները, այլեւ բացվում էր դեպի Արցախ ձգվող ճանապարհը եւ այնտեղ ռազմական գործողություններ ծավալելուց առաջ, կարելի է ասել, լուծվում էր թիկունքի անվտանգության հարցը:
Զանգեզուրի «Մաքրման» գործողությանը Դրոն մասնակից է դարձնում Դարալագյազի մարտական ուժերի հրամանատար Յապոնին, որին հանձնարարում է գլխավոր ճակատի` Գորիսի զինվորական շրջանի հրամանատարությունը:
Իր հուշերում անդրադառնալով Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելու Դրոյի մարտավարությանը՝ Յապոնը նշում է. «…Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային Խորհրդի համաձայնութեամբ կայացուած որոշումով 1920-ի յունուարի սկզբներին պէտք է յարձակում լինի թրքական Շուրնուխի-Էյվազլար շրջանի վրայ՝ այդ շրջանի 28-ի չափ գիւղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանութիւնը ու զինաթափ լինեն, քանի որ այդ շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի մէջ: Այլապէս ամբողջ բնակչութիւնը պէտք է հարկադրուի թողնել այդ շրջանը եւ հեռանալ:
… հաւանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամութիւն յայտնեցի մասնակցելու արշաւանքին…»[35]:
Հանրապետության զինվորական նախկին նախարար, գեներալ Հախվերդյանն իր հուշագրությունում համառոտակիորեն անդրադառնալով նաեւ Զանգեզուրին եւ Արցախին առնչվող խնդիրների մեկնաբանմանը՝ գրում է. «Դրոյին առաջադրանք էր տրված առաջին հերթին մաքրել Զանգեզուրի հարավային եւ արեւելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաեւ Զանգեզուրի եւ Արցախի միջեւ ընկած գոտին թաթար բնակչությունից, որպեսզի ապահովվեր նրանց կապն ու փոխհամագործակցությունը»[36]:
Մինչ հիմնական գործողություններ սկսելը՝ Դրոն անցնում է Ղափան, ճշտում Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ գործող զորախմբերի մարտական առաջադրանքը եւ տալով համապատասխան հրահանգներ` վերադառնում է Գորիս:
Դրոյի զորամասի եւ զանգեզուրյան մարտական խմբերի նախապատրաստական աշխատանքներն ու տեղաշարժերը, զուտ մարտավարական նկատառումով, կատարվել են խիստ քողարկված, հակառակորդի համար աննկատ: Որպեսզի հակառակորդին հնարավորություն չընձեռվեր տեղաշարժվելու, միմյանց օգնություն հասնելու հնարավորությունից, հայկական մարտական ուժերի հրամանատարությունը ծրագրում է թուրքաբնակ գյուղերի վրա հարձակումը ձեռնարկել միաժամանակ, սրընթաց եւ հակառակորդի համար անսպասելի:
«Գորիսում,- շարունակում է Յապոնը,- որոշուեց ռազմական գործողութիւն սկսել յունուարի 6-ին(19)՝ նախապէս թուրք գյուղերին հպատակութեան եւ զինաթափութեան հրաւէր ուղարկելով: Թուրք գիւղերին ուղղուած հրաւէր ուղարկուեց Էյվազլարի գիւղի կոմիսարի միջոցով, որին 3 օրից յետոյ պատասխանեցին մերժումով:
— Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանութիւնը, — ասել էին նրանք, — այլեւ պատրաստւում ենք գրաւելու Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը…»[37]:
Գեներալ Հախվերդյանի վկայությամբ` «… այդ բնակչությունը ադրբեջանական հրահանգիչների կողմից շատ լավ կազմակերպված էր եւ իրենից ներկայացնում էր որպես զինված զորամասեր, ապահովված նույնիսկ գնդացիրներով»[38]:
Դրոյին եւ զանգեզուրյան մարտական ուժերի հրամանատարությանն այլընտրանք այլեւս չկար: Մերժողական պատասխան ստանալուց հետո մնում էր ապավինել զենքի ուժին:
Վարդան Գեւորգյանը, իր հեղինակած «Լեռնահայաստանի գոյամարտը (1919-1921)»* գրքում ներկայացնելով այդ ժամանակահատվածում Զանգեզուրում ձեռնարկված գործողության մանրամասները, «Շուռնուխի արշաւանքը» ենթագլխում հայ մարտական ուժերի հաղթանակները վերագրում է առավելապես Նժդեհին ու նրա գլխավորած Ղափանի մարտախմբին[39]:
Հարգարժան պատմաբան Արամ Սիմոնյանն իր հեղինակած «Զանգեզուրի գոյամարտը» պատմագիտական աշխատությունում «Գարեգին Նժդեհի Շուռնուխյան ռազմական գործողությունը և նրա արձագանքները» հոդվածում նույնպես այդ գործողությունը իրականացնելու գործում առավելապես ընդգծում է Նժդեհի ու նրա գլխավորած Ղափանի մարտական ուժերի ներդրումը[40]:
«1920 թ. հունվարի 19-ից,-գրում է Ա. Սիմոնյանը,- զանգեզուրցիները բուռն գրոհով մաքրեցին բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածությունը` Դոնդառլու-Շուռնուխ-Ասկալումի թուրքական շրջանը` մոտ 30 գյուղ: Շատ չանցած` զանգեզուրյան ուժերը նոր խոշոր հաղթանակ տարան` մարտ ամսին ջախջախեցին մուսավաթական բազմամարդ հրոսակախմբերը և գրավեցին Բարգյուշատ-Մուսուլմանլար-Ալեանշու—Ավդալար շրջանը` մոտ 120 գյուղերով:
Թրքությունը թողեց և հեռացավ Ադրբեջանի խորքերը:
Այդ բոլոր գործողությունների ընթացքում վճռորոշ դեր խաղացին Նժդեհի զինված ուժերը»[41]:
Վ.Գևորգյանի հավաստմամբ՝ Գ. Նժդեհը համամիտ չլինելով այդ արշավանքի ձեռնարկմանը՝ իր մտահոգությունն ու տեսակետն է ներկայացնում գեներալ Ղազարյանին:
«Այդ օրերում ,-գրում է Վ. Գեւորգյանը,-Նժդեհ Երևանէն Գորիս ժամանած զօր. Ղազարովի կը ներկայացնէ Օրդուբադի դէմ ձեռնարկուելիք արշավանքին մարտագիրը: Իսկ զօր. Ղազարով կը հրաւիրէր Նժդեհը խորհրդակցութեան մը, որուն նպատակն էր Դրօի և զօրավարին կողմէ գործողութեան ռազմագիտօրէն վտանգաւոր ըլլալը:
Այն պահուն, երբ հայկական Ղարաբաղի մէջ ապստամբական շարժումներ կը խմորուէին՝ Շուռնուխի արշաւանքը առիթ պիտի տար Ատրբեջանի մեծ ուժեր փութացնել թէ Ղարաբաղի և թէ Զանգեզուրի արևելեան ճակատներու վրայ կռիւներու մասնակցող թուրքերուն: Շուռնուխի ուղղութեամբ զինուորական գործողութիւններ սկսիլ՝ կը նշանակէր բարդացնել Ղարբաղի դրութիւնը, ուր այդ օրերուն ոչ կանոնաւոր կազմակերպութիւն կար, ոչ ալ բաւարար ռազմամթերք: Կար և Գողթանի շրջանի վտանգուած պարագան…» [42]:
Պիտի ասել, որ ՀՀ կառավարության որոշմամբ Զանգեզուրի զինվորական մասի ղեկավար նշանակված զօր. Ղազարովը (գեներալ Ղազարյան) ըստ հեղինակի պնդմամբ՝ Զանգեզուր է եկել ոչ թե «Այդ օրերում…», այլ 1919 թ. նոյեմբերի վերջերին, իսկ ձեռնարկվող մարտական գործողությունը, այն է՝ Զանգեզուրի տարածքը մահմեդական բնակչությունից մեկընդմիշտ մաքրելը ծրագրված էր ՀՀ կառավարության որոշմամբ ու այն անպայմանորեն պիտի կենսագործվեր:
Ա. Սիմոնյանը վերոհիշյալ հոդվածում մեջբերում է Վ. Գևորգյանի «Զանգեզուրի հերոսամարտը 1919-1921» գրքում տեղ գտած արշավանքի նախօրեին Դրոյին հասցեագրած Նժդեհի գրությունը, որտեղ ասվում է. «Որպես հեղափոխական իմ բարոյական պարտքն եմ համարում վերջին անգամ նախազգուշացնելու, որ Շուռնուխի գործողությունները շատ ծանր հետեւանքներ պիտի ունենան Ղարաբաղի եւ Գողթանի համար:
Իհարկե…իմ տեսակետը տվյալ հարցերի մասին ինձ` որպես զինվորականի, իրավունք չի տալիս չկատարելու ինձ տրվելիք հրամանը: Եղեք համոզված, որ տրվելիք խնդիրները իմ ուժերի կողմից կը կատարվին ամենափայլուն կերպով»[43]:
Այո, հայկական կողմը պարտավոր էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ու ապահովել Գողթանի հայության անվտանգությունը, սակայն դժբախտաբար, նույն տարվա դեկտեմբերի վերջերին Գողթանի, հատկապես Ագուլիսի հայություն մեծ մասի կոտորածն արդեն տեղի էր ունեցել:
Գողթան գավառակը իր աշխարհագրական դիրքով, իրոք, ռազմավարական նշանակություն ուներ: Գավառակն այդ ժամանակ ունեցել է զուտ հայաբնակ 20-25 գյուղեր, որոնք գտնվելով Թուրքիայի եւ Ադրբեջանի հատման տեղում, միաժամանակ Արեւիքի(Մեղրի) շրջանի հետ Ադրբեջանն անջրպետում էին Նախիջեւանից: Գողթանի գավառակի վերացումը նշանակում էր ուղիղ ճանապարհ բացել Բաքվի, Անկարայի եւ Պոլսի միջեւ: Ահա հենց դա է եղել պատճառը, որ թուրք-ազերը համառորեն ձգտում էին գրավել ու մեջտեղից վերացնել Գողթանը, սակայն «Շնորհիւ իրենց ճկուն բնաւորութեան, գողթնեցիք կարողացան պահել «Իսլամական կառավարութեան» իշխանութեան տակ»[44]:
Գողթանի գավառակում իրավիճակը փոխվում է, երբ հայկական զորքերը Դրոյի առաջնորդությամբ ու անգլիացիների միջամտությամբ 1919 թ. մայիսին գրավում են Նախիջեւանը: Գողթանը դառնում է Նախիջեւանի նահանգի երեք գավառներից մեկը` Ագուլիս կենտրոնով: Նահանգապետ է նշանակվում Գեւորգ Վարշամյանը, Գողթնի գավառապետ` Աշոտ Մելիք-Մուսյանը, իսկ միլպետ` Մովսես Գյուլնազարյանը: Սակայն Նախիջեւանի նահանգում և, այդ թվում Գողթան գավառում տիրող խաղաղ կացությանը վիճակված չէր երկարատեւ կյանք ունենալու: Նահանգում դեռ նոր-նոր էր հաստատվել Գ. Վարշամյանի նահանգապետությունը, երբ նահանգի մահմեդականությունը, դիմելով զենքի, բռնազավթում է նահանգի իշխանությունը, իսկ հայկական փոքրաքանակ ուժերը անկարող լինելով դիմագրավել թուրքական ավելի քան 10.000 թվակազմ ունեցող զինուժի ճնշմանը, հարկադրված լքում են Նախիջեւանը:
Նահանգի հայ բնակչությունը հայտնվում է օրհասական իրավիճակում:
«Օգոստոսի 3-ին, Ա. Մելիք-Մուսեանն ու Մ. Գյուլնազարեանը Վերին Ագուլիսից Հայաստանի Խորհրդարանին, Հայաստանի կառավարութեան, Գորիսի, Ղափանի, Գենուազի պետական ներկայացուցիչներին, Ազգային խորհուրդներին եւ ի լուր համայն հայութեան ահազանգում են «Նախիջեւանն ընկաւ. շրջանի հայութեան բաւական խոշոր մասը սրի է քաշւած, Արաքսի մէջ նկատւած են մեծ թւով դիակներ, ըստ Թուրքական լուրերի, կոտորածից ազատւած հայութեան մնացորդները նահանջել են Դէպի Դարալագեազ:
…Յուլ. 25-ից` Գողթնում ուժեղ կռիւներ են տեղի ունեցել: Վերին գիւղերում (Փոռակա-Բիստ) յաջողութիւններն առ այժմ մերոնց կողմն են:
…Թուրքերը խոշոր պատրաստութիւններ են տեսնում մաքրելու Գողթնը հայութիւնից…
…Փրկւած է Գողթնը, եթէ մօտ օրերում 400 սրտացաւ զինւոր մեզ օգնութեան հասնի»[45]»:
Թուրքերի պաշարման օղակում են հայտնվում ոչ միայն Գողթանի գյուղերը, այլեւ Վերին եւ Ներքին Ագուլիսները:
Հայաստանի Հանրապետությունը թեեւ այդ օրերին մահմեդական բնակչության ապստամբության պատճառով նույնպես գտնվում ոչ բարվոք վիճակում եւ ինքը կարիք ուներ դրսի օգնության, այնուամենայնիվ, հասցնում է նյութական միջոցներ ու պարենի պաշարներ ուղարկել Զանգեզուր` ԳարեգինՆժդեհին, եւ նրան հանձնարարում կազմակերպել Գողթանին օգնությություն հասցնելու հույժ կարեւոր գործը: Միաժամանակ, որպես զինական օգնություն ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գողթան է ուղեւորվում Ղազար Քոչարյանի գլխավորած մարտական խումբը, որը սեպտեմբերին 2-ին դուրս է գալիս Երեւանից եւ հոկտեմբերի 2-ին հասսնում Գողթան: ՀՀ կառավարության հանձնարարությամբ` Գ. Նժդեհը եւ Ղ. Քոչարյանը գավառի պաշտպանության համար պիտի կազմեին զորամաս ու ուղարկեին Գողթան[46]:
Ըստ Ս. Վրացյանի` «Հայկական զօրքերի ժամանումը բարձրացրեց ժողովրդի տրամադրութիւնը: Ղազարը Մովսէս Գիւլնազարեանի եւ տեղական ուժերի գործակցութեամբ կազմակերպեց շրջանի ինքնապաշտպանութիւնը-7-8000 կռւողներ, 2 թնդանօթ, 6 գնդացիր,-եւ այնուհետեւ Գողթնը ո’չ միայն դիմացաւ թրքական յարձակումներին, այլեւ ինքն էլ դարձաւ նախաձեռնարկ:
…Տեղի ունեցան տաք կռիւներ. թշնամին պարտւած` դիմեց խուճապային թախուստի` հայերի ձեռքը թողնելով առատ աւար, գերիներ ու մի դրօշակ»[47]:
Այսուհանդերձ, հայ մարտական ուժերը ինչպես հարկն է չեն կարողացել կազմակերպել Վերին Ագուլիսի, Ներքին Ագուլիսի ինքնապաշտպանությունը եւ թուրքերին հաջողվել է վրեժխնդիր լինել Վերին Ագուլիսից:
Դեկտեմբերի 18-ին թուրք հրոսակախմբերը հարձակվում են նախ Ներքին Ագուլիսի վրա եւ սրի են քաշում քաղաքի բնակչության մեծ մասին: Կոտորածից փրկվածները փախչում են Վերին Ագուլիս:
Դժբախտաբար, Վերին Ագուլիսի բնակչությունը փոխանակ քայլեր ձեռնարկեր եւ միջոցներ գտներ կազմակերպելու ինքնապաշտպանությունը, հույս է ունեցել կաշառքի ու սիրաշահելու միջոցով արժանանալ թուրք առաջնորդների բարեկամությանը եւ նրանց օգնությամբ փրկվելու կոտորածից[48]:
Ժամանակը միանշանակ ցույց տվեց, որ ի զուր էին ագուլիսցինների փայփայած հույսերը: Թուրքական կողմը երկար սպասել չի տալիս: Ներքին Ագուլիսի անկումից հաշված օրեր անց` դեկտեմբերի 28-ին, թուրք հրոսակախմբերը հենց ագուլիսցիների կողմից կաշառված ու նրանց անվտանգությունն ապահովելու բազմաթիւ խոստումներ շռայլած թուրք երեւլիների առաջնորդությամբ ներխուժում են անպաշտպան Վերին Ագուլիս ու անխնա կոտորում քաղաքի բնակչությանը, ապա թալանում ու ավերակույտերի են վերածում անգամ միջազգային ասպարեզում իր հարստությամբ հանրահայտ քաղաքը:
«Ագուլիսի կոտորածը,-գրում է Ս. Վրացյանը,-մեծ հարւած էր հայ ժողովրդի համար, եւ հասկանալի է այն յուզումն ու ցասումը, որ առաջ բերեց հակաբնական բոլոր շրջաններում: Լուրը Երեւան հասաւ դեկ. 29-ին, Գորիսից: Երկու օր յետոյ, դեկ. 31-ին, հնդեւրոպական հեռագրագծով հեռագիր ստացւեց Թաւրիզից, թէ` «Քարտէսի վրա Ագուլիսն այլեւս գոյութիւն չունի. Ներսէս եպ.»:
Յուն. 4-ին Մելիք-Թանգեան եպ-ը հաղորդեց, թէ` «Ամենքը կոտորւած են: Մանրամասնութիւնները թոյլ չեն տալիս»»[49]:
Հարց է ծագում` եթե Գողթանի եւ մասնավորապես Վերին եւ Ներքին Ագուլիսների կոտորածն արդեն տեղի էր ունեցել, ապա ի՞նչ իմաստ եւ նշանակություն ուներ Նժդեհի դիմումը, որով նա առաջարկում է Զանգեզուրի զինվորական հրամանատարությանն ու Դրոյին չձեռնարկել Շուռնուխի գործողությունը` վկայակոչելով Արցախն ու Գողթանը:
Վ. Գեւրգյանի հեղինակած « Լեռնահայաստանի հերոսամարտը 1919-1921 » գրքում Զանգեզուրում, մասնավորապես Գեղվաձորի շրջանում, ճիշտ եւ ճիշտ այդ նույն օրերին տեղի ունեցած կռիվներում այնպիսի գույներով է ներկայացնում Զանգեզուրյան մարտական ուժերի նվաճած հաղթանակներն ու Գ. Նժդեհի գործունեությունը, որը կարելի է ասել, ավելի քան տարօրինակ է ու անհասկանալի:
Համաձայն Վ. Գեորգյանի՝ դեկտեմբերին Գեղվաձորի հաղթության կապակցությամբ Զանգեզուրի Ազգային Խորհրդի անդամ Մելիք Սմբատ Ստեփանյանը (Սմբատ Բեկ) Գարեգին Նժդեհին է հղում հետեւյալ շնորհակալական հեռագիրը(դեկտեմբերի 8).
«Սիրելի Գարեգին,
Կատարածներիդ անվերջ շնորհակալութիւն: Կուզենայի այս պատմական օրերին գեղեցիկ յաղթական շարքերը այստեղ ընդունել և ապա վերադառնալ կենտրոն»[50]:
Ուշագրավ է, որ Սմբատ Բեկի այդ շնորհակալագիրը թվագրված է դեկտեմբերի 8-ին, իսկ Վ. Գեորգյանը ներկայացնելով Գ. Նժդեհի գլխավորած մարտական ուժերի նվաճած Գեղվաձորի հաղթանակը՝ միամտաբար նշում է, որ դեկտեմբերի 10-ին «…շրջանի ամբողջ հայութիւնը կը տօնէր զօրքին տարած փառաւոր յաղթանակը»[51]:
Ավելին, 25 վաշտապետերի ստորագրությամբ Գ. Նժդեհին հասցեագրած նամակում(դեկտեմբերի 15) վաշտապետերը նշում են. «Մենք Ղափանի զինվորութիւնն ու վաշտապետներս, ի նկատի ունենալով այն, որ Դուք լինելով Ղափանի ռազմական ուժերի հրամանատար, ոչ՛ թէ միայն զերծ պահեցիք մեր երկիրի սահմանները թշնամի ոտնձգութիւններից, այլեւ մաքրեցիք անառիկ Գեղուաձորը, որը մահու չափ վտանգ էր սպառնում մեր Հայրենիքին: Որոշեցինք երախտագիտութեամբ նուիրել Ձեզ, սիրելի հրամանատար սուր հետեւյալ մակագրութեամբ, ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻՆ, որին Ղափանն անուանեց երկրորդ Դավիթ Բէկ, իսկ թշնամին՝ Աժդահա Փաշա»[52]:
Օրինակ հարց է ծագում, իսկ ինչպիսի մարտավարությամբ են առաջնորդվել և ինչպիսի վճռական քայլեր են ձեռնարկել Զանգեզուրի Ազգային Խորհուրդը, որի անդամն էր Զանգեզուրյան մարտական ուժերի ու նրանց հրամանատարի տոնած «յաղթական շարքերը» շնորհավորող Սմբատ Բեկը, Ղափանի կողմից երկրորդ Դավիթ Բեկ, իսկ թշնամու՝ Աժդահա Փաշա անունը վաստակած Գարեգին Նժդեհը, երբ նույն օրերին նրան Աժդահա Փաշա անունը շնորհող թշնամին կործանում էր Վերին ու Ներքին Ագուլիսներն ու սրի քաշում Գողթանի հազարավոր հայ բնակիչների:
Գողթանի հայության անվտանգության ապահովումը, որը չափազանց անհրաժեշտ էր, պարտավոր էին իրականացնել ՀՀ կառավարությունը, Զանգեզուրի քաղաքական ու զինվորական իշխանությունները` ի դեմս Մելիք-Յոլչյանի եւ գեներալ Ղազարյանի եւ անձամբ նաեւ Գարեգին Նժդեհը, որպես Կապարգողթի մարտական ուժերի հրամանատար: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հենց Գարեգին Նժդեհին ու նրան օգնության ուղարկած Ղազար Քոչարյանին էր հանձնարարել կազմակերպելու Գողթանի գավառակի, այդ թվում Վերին ու Ներքին Ագուլիսների ինքնապաշտպանությունը:
Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա որևէ կասկած լինել չէր կարող, որ եթե Զանգեզուրը չմաքրվեր թուրք զինված հրոսակախմբերից, ապա դեպի Արցախ ձգվող հաղորդակցության ուղիների փակված լինելու, չգործելու պարագայում, Հայաստանի Հանրապետության համար չափազանց դժվարին կլիներ անհրաժեշտ օգնության, առաջին հերթին մարտական ուժեր, զենք ու զինամթերք ժամանակին տեղափոխել Արցախ:
Անտարակույս, Զանգեզուրը մահմեդական բնակչությունից «մաքրելու» ՀՀ կառավարության որդեգրած ռազմավարությունը պատճառաբանված էր ու անհրաժեշտ, մանավանդ երբ արդեն ստացվել էր ՀՅԴ Ապառաժի կենտրոնական կոմիտեի եւ Արցախի Գաղտնի ինքնապաշտպանական մարմնի 1919 թ. հոկտեմբերի 23-ին կայացած միացյալ ժողովի դիմումը, որտեղ ասվում է. «… դիմել Հայաստանի կառավարութեանը, խնդրել դրամական եւ ռազմական միջոցներ` կազմակերպելու եւ լուրջ հիմքերի վրայ դնելու հայկական Ղարաբաղի ինքնապաշտպանութեան գործը…»[53]:
Բնավ պատահական չէ, որ Զանգեզուրում, ապա նաև Արցախում ծավալվող գործողությունների ղեկավարումը հանձնարարվել է ՀՀ-ում եւ, հատկապես, զինվորականության շրջանում անառարկելի հեղինակություն ունեցող Դրոյին:
Հարկ է ընդգծել, որ Զանգեզուրը մահմեդական բնակչությունից մաքրելու գործողությունների ուսումնասիրությունն աներկբա մատնանշում է, որ Շուռնուխյան ռազմական գործողությունը, այն է` Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելու ՀՀ կառավարության որոշմամբ իրականացրած գործողությունը Գ. Նժդեհին վերագրած գնահատականը այնքան էլ չի համապատասխանում իրականությանն ու չափազանցված է: Ճիշտ է, Գ. Նժդեհի գլխավորած Ղափանի մարտական ուժերը իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել գավառը թուրքերից մաքրելու չափազանց կարևոր գործողության իրականացմանը, սակայն գործել են ռազմաճակատի մեկ այլ հատվածում:
Զանգեզուրի «Մաքրման» գործողությանը, ինչպես արդեն նշվել է, Դրոն մասնակից է դարձնում իր մարտական զինակից, Դարալագյազի մարտական ուժերի հրամանատար Յապոնին (Հովհաննես Պարոնյան), որը որպես հեծյալ վաշտի հրամանատար մասնակցել էր նրա գլխավորած 2-րդ կամավորական զորախմբի մղած բոլոր մարտերին: Քանի որ Զանգեզուրի երեք զինվորական շրջաններից` կենտրոնականի, այսինքն բուն Զանգեզուրի (Գորիսն իր շրջակա գյուղերով) մարտական ուժերի հրամանատարը մինչ այդ դեռևս նշանակված չէր, Դրոն հենց Յապոնին է վստահում Շուռնուխի ճակատի հրամանատարությունը:
Այդ նույն գործողության մասնակից Արտեմ Խանզատյանի հավաստմամբ` «Գարեգին Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին հանձնարարվում է. հարձակումը սկսել Եղվարդ գյուղի տարածքից և շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչև Զեյվա գյուղի անտառապատ սարերը ընկած թուրքական բնակավայրերը»[54]:
Արտեմ Խանզադյանի վկայությամբ` Յապոնի և տաթեւացի Վարդանի գլխավորած մարտախմբերին է վստահվում Զանգեզուրի ամենադժվարին ու պատասխանատու տեղամասի` թուրքական ամենախիտ բնակչություն ունեցող բնակավայրերի (Տանձավեր, Շուռնուխ, Մազրա, Նավլու ու նրանց հարակից գյուղերի) վրա հարձակվելու և այդ գյուղերը թուրք բնակչությունից իսպառ մաքրելու առաջադրանքը[55]:
Արտեմ Խանզատյանի վկայությունը հավաստում է նաեւ Յապոնը:
Իր հուշերում անդրադառնալով Զանգեզուրը թուրք բնակչությունից մաքրելու Դրոյի մարտավարությանը՝ Յապոնը նշում է.
«Նա որոշեց ինձ յանձնել ռազմական գործողութեան դաշտի ամենից պատասխանատու ու դժուարին ճակատը` Շուրնուխի կենտրոնական գիւղի վրայ քայլող Տանձաւէրի հովիտից առաջացող ճակատը…»[56]:
Այդ նույն իրողությունն անուղղակիորեն հաստատում է նաեւ Գ. Նժդեհը: Հարձակման նախօրեին` հունվարի 17-ին, իր հրամանատարությամբ գործող զինավաշտերին ուղղված ուղերձում Նժդեհը ներկայացնում է ձեռնարկվող հարձակման նպատակը ու համապատասխան խոսքերով ոգեշնչելով մարտիկներին` նշում է նաեւ իր գլխավորած մարտական ուժերի հարձակման ուղղությունը` «..իմ եօթն անգամ սիրած եւ քաջ ղափանցիներ, յառաջ դէպի այդ բարձունքները, դէպ Քեափազ, Ային-Տաղ, դէպ Հարթիզ»[57]:
Ճիշտ է, նրա մատնանշած վայրերից Քեափազն ու Ային-Տաղը ընկած են Ղափան-Գորիս խճուղու մերձակայքում, բայց դրանցից եւ ոչ մեկը չի գտնվում ռազմաճակատի գլխավոր` Տանձավեր- Էյվազլար- Շուռնուխ-Մազրա-Նավլու ուղղությունում: Իսկ Հարթիզը գտնվում է Ղափանի շրջանի Եղվարդ գյուղի մերձակայքում:
Զանգեզուրի մարտական ուժերը, համաձայն այդ կռիվների մասնակից Արտեմ Խանզադյանի (Զանգեզուրցի) վկայության, հարձակումը պիտի ձեռնարկեին հետեւյալ մարտավարությամբ. Յապոնի եւ տաթեւացի Վարդանի գլխավորած մարտախմբերը «…Տանձաւեր բէկերի գիւղերը քարուքանդ անելէ ետք Շուռնուխ գիւղի վրայովը անցնիլ եւ արշաւանք կատարել Նաւլու մեծ գիւղի վրայ, ուր թուրքերը կանոնաւոր ուժեր էին կենտրոնացրել»[58]:
Նժդեհի առաջնորդած ղափանցիների մարտախմբերին,ինչպես արդեն նշվել է, հանձնարարվում է հարձակումը սկսել Եղվարդ գյուղի տարածքից եւ շրջապատման մեջ վերցնել ու «մաքրել» մինչեւ Զեյվա գյուղի անտառապատ սարերը ընկած թուրքական բնակավայրերը:Գնդապետ Ամիրխանյանի զորախումբի մարտիկները պիտի գերիշխող դիրքեր գրավեին Խնձորեսկից մինչեւ Հագարու գետն ընկած բարձունքների վրա եւ թույլ չտային, որպեսզի Մաղավուզի ու Մազմազակի թուրք ու քուրդ հրոսակախմբերը օգնության հասնեին Բարգուշատի թրքությանը:
«Արտեմ Խանզատեանին եւ Եապոնացուն (նկատի ունի Սաքո-Յապոնին- Համբարձում Սարգիսջանյան-Հ. Գ.),-շարունակում է Ա. Խանզադյանը,- հրահանգուած էր, իրենց խմբերովը Կէսօրուա հանդի բարձրութիւններիցը Մաղանջուղ գիւղի վրայովը իջնել, կտրել Բարգիւշատի ձորերի բերանին կառուցած Լալազարենց մեծ կամուրջը, այնտեղից անցնել եւ յարձակումն սկսել, վարդ ու ծաղիկներով լեցուն, սոխակների հայրենիքը համարվող Դոնդարլու Դամիրչիլար գիւղաքաղաքի վրայ»[59]:
Համաձայն վաղօրոք մշակած մարտավարության, զանգեզուրյան մարտական ուժերը թուրքական բնակավայրերի վրա հարձակումը պիտի ձեռնարկեին միաժամանակ` հունվարի 6-ի (19) առավոտյան: Գործողության առաջին փուլում ծրագրված էր ընդամենը երկու օրում` հունվարի 6-ին եւ 7-ին մահմեդական բնակչությունից մաքրել Շուռնուխ, Էյվազլար , Մազրան եւ Նավլու գյուղերն իրենց շրջակա բնակավայրերով, ապա զարգացնելով հարձակումը` պիտի հասնեին մինչեւ Հագարու գետը:
Հունվարի 6-ին(19), առավոտյան Դրոն իր զորամասով դուրս է գալիս Գորիսից, ապա Քարահունջ տանող ճանապարհով անցնում Բարգուշատի ձորերով և շարժվում դեպի Էյվազլար: Որպեսզի թուրքերին զրկեր լեռների ամրություններում պաշտպանվելու հնարավորությունից, հրամայում է թնդանոթներից կրակ տեղալ թուրքաբնակ գյուղերի վրա:
«Տեղատարափ կրակոցներէն,- պատմում է Արտեմ Խանզադյանը, — թուրք ժողովուրդը անակնկալի է գալիս: Այնքան անակնկալ է լինում յարձակումը, որ թուրքերը ժամանակ չունենալով որեւէ ապրանք վերցնելու, թողնում են տուն եւ տեղը եւ փախչում պատսպարուելու, գիւղերի շրջաններումը ընկած Ուզուն Մեշու (երկար Անտառ) անտառները»[60]:
Դրոյի զորամասի հարձակումը և թնդանոթներից արձակած կրակոցները ազդարարում են հարձակման սկիզբը: Զանգեզուրյան մարտական ուժերը, համաձայն մշակած մարտավարության, միաժամանակ սկսում են հարձակումը և գրոհների բոլոր ուղղություններում նրանց ձեռնարկած հարձակումը ընթանում է մեծ հաջողությամբ: Էյվազլար գյուղը գրավելուց հետո, Դրոյի առաջնորդած զորախմբերը մեկը մյուսի հետեւից մաքրում են Էյվազլար գյուղի մերձակայքում գտնվող մահմեդաբնակ մյուս գյուղերը: Նույն հաջողությամբ էին ընթանում նաեւ մյուս ուղղություններում հարձակվող Զանգեզուրյան մարտախմբերի գործողությունները:Յապոնի եւ տաթեւացի Վարդանի գլխավորած զինվորական ուժերը Տանձավեր գյուղը մաքրելուց ու քարուքանդ անելուց եւ Մարքազի բարձունքը գրավելուց հետո, հարձակվում են թուրքերի գլխավոր հենակետի` Շուռնուխի վրա, ուր կենտրոնացել էին մեծ թվով թուրքական զինված հրոսակախմբեր:
Իր հուշերում ներկայացնելով այդ պահը՝ Յապոնը գրում է. «…Հրաշալի է զանգեզուրցու հետ կռուի գնալը: Էդ խօմ կռիւ չէ, այլ քէֆ, հերոսական մրցութիւն՝ դժուարագոյն դիրքը գրաւելու, շարքում առաջինը լինելու համար…
Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքումն էր:
…Այստեղից մեր թափը կրկնապատկած՝ խփեցինք ուղիղ Շուրնուխի վրայ: Թրքական այդ կենտրոնական գիւղը իր բազմաթիւ կռուողներով ու անառիկ դիրքերով հազիւ կարողացաւ մէկ ժամ դիմանալ: Առաւ ու փախաւ՝ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գիւղերը…
Կէս օր չեղած, մաքրեցինք իմ զօրամասին յանձնուած ճակատի վրայ ընկած Տանձաւէր, Մաճ, Նավլու, Քոմիրլու, Շուրնախի, Մազրա գիւղերը՝ իրենց մօտիկ 3 ուրիշ գիւղերով, եւ Մարքազի բարձունքը»[61]:
Գերազանց կատարելով առաջադրանքը եւ համառ կռիվներից հետո ամբողջովին «մաքրելով» վերոհիշյալ բնակավայրերը, Յապոնի գլխավորած զորախումբը շարժվում է Նավլու եւ միանում նույն ոգեւորությամբ մարտնչող Սաքո Յապոնի (Համբարձում Սարգիսջանյան) եւ Արտեմ Խանզադյանի գլխավորած մարտախմբերին: Համատեղ ուժերով զարգացնելով հարձակումը` Զանգեզուրի մարտական ուժերը գրավում եւ ամբողջովին կրակի են մատնում թուրքաբնակ գյուղը:
Միաժամանակ, իրեն հանձնարարված Եղվարդից մինչև Զեյվա ձգվող տեղամասը թուրք բնակչությունից մաքրելուց հետո, Նավլու գյուղ է հասնում նաեւ Գարեգին Նժդեհի գլխավորած Ղափանի զորախումբը:
Արտեմ Խանզատյանի վկայությամբ` հաջորդ օրը «Նժդեհ ղափանցի կտրիճների գլուխը անցած առաւօտեան եկաւ կրակի բաժին դարձած Նաւլու գիւղը»[62]:
Եզրափակելով Զանգեզուրը թուրք բնակչությունից «մաքրելու» նպատակով ձեռնարկած գործողության նկարագրությունը, Յապոնը նշում է. «Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ յանձնած ռազմական խնդիրը եւ շրջան կազմելով Էյվազլարի շրջանում՝ կախուեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ոյժերին: Դրօն դեռ հեռուից ողջունեց մեզ եւ մօտենալով՝ մենք գրկախառնւեցինք: Այդ օրը ամբողջ շրջանը, որ նախապէս ծրագրած էինք, գրաւեցինք»[63]:
Դրոն Զանգեզուրում Գարեգին Նժդեհի, Հովհաննես եւ Սագո Յապոնների, Արտեմ Խանզադյանի եւ մյուս հրամանատարների ու քաջակորով զանգեզուրցիների համագործակցությամբ ընդամենը երկու օրվա ընթացքում հրաշալիորեն է լուծում Զանգեզուրը մինչեւ Հագարու գետը թուրքերից մաքրելու անգնահատելի գործը:
Պիտի ընդգծել, որ հայ մարտական ուժերի ձեռնարկած գործողությունների անվիճելի հաղթանակն անկասկած պայմանավորված էր նաեւ այն հանգամանքով, որ Զանգեզուրի երեք զինվորական շրջանների մարտական ուժերը թեպետ գործել են յուրաքանչյուրը իրեն հատկացված տեղամասում, սակայն գործել են վաղօրոք մշակված կշռադատված ճկուն մարտավարությամբ, փոխհամաձայնեցված, մեկ միասնական հրամանատարությամբ:
Արժանի գնահատելով Զանգեզուրը թուրք բնակչությունից վերջնականապես մաքրելու իրողությունը՝ գեներալ Հախվերդյանը գրում է. «Առաջին խնդիրը, Զանգեզուրի հարավային եւ արեւելյան շրջաններն ու Ղափանը, ինչպես նաեւ Զանգեզուրի եւ Արցախի միջեւ ընկած գոտին թաթար բնակչությունից մաքրումը, կատարվեց փայլուն կերպով: Չնայած համառ դիմադրությանը՝ թաթարական բնակավայրերը հրդեհվեցին, իսկ բնակիչները դուրս քշվեցին:
Արցախի հետ կապող ուղին բացված էր»[64]:
Զարգացնելով հարձակումը, զանգեզուրյան մարտական ուժերը հասնում են մինչեւ Հագարու գետը եւ մահմեդական բնակչությունից լիովին մաքրում այդ շրջանների բնակավայրերը:
Զանգեզուրը մահմեդական բնակչությունից մաքրելու նպատակով հայ մարտական ուժերի ձեռնարկած գործողությունը, իրոք, ընթացել է շատ արագ ու արդյունքում` ավելի քան արգասաբեր:
Ս. Վրացյանի գնահատմամբ` «Այսպէս կազմակերպւած զանգեզուրցիք մի գրոհով մաքրեցին բուն Զանգեզուրի և Ղափանի միջև ընկած տարածութիւնը` Դոնդարլու-Շուռնուխ-Ասկիլիում թրքական շրջանը, մօտ 30 գիւղ: Մարտին գրաււեց Աւդալար-Ալեանչու-Մուսուլմանլար-Բարգիւշատ շրջանը, ուր գտնւում էին մօտ 120 թրքական գիւղեր»[65]:
Եթե ընդհանրացնենք ու ըստ էության, անաչառորեն գնահատենք 1920 թ. հունվարի սկզբներին Զանգեզուրում Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ տեղի ունեցած գործողությունը, ապա աներկբա պիտի նշել, որ փաստորեն այդ նշանավոր ու չափազանց արգասաբեր գործողության արդյունքում ոչ միայն լիովին մաքրվում է Զանգեզուրի տարածքը մահմեդական բնակչությունից, այլեւ բացվում են Արցախ տանող ուղիները: Ավելին, այն, ինչը ընդամենը երկու օրվա ընթացքում բուն Զանգեզուրում, ապա նաեւ մինչև մարտ ամսին` Հագարու գետով ձգվող տարածքում, իրականացրին հայկական մարտական ուժերը, անգնահատելի ու կենսական նշանակություն ունեցավ ոչ միայն Զանգեզուրի, այլեւ բովանդակ հայ ժողովրդի կյանքում:
Հարց է ծագում. ինչպիսի՞ իրավիճակում կհայտնվեր Զանգեզուրը ու տարիներ անց ինչպիսի՞ն կլիներ գավառի հայ և թուրք բնակչության քանակական հարաբերակցությունը, եթե չձեռնարկվեին վերոհիշյալ գործողությունները:
Եթե նկատի ունենանք, որ մահմեդական բնակչությունը անհամեմատ ավելի արագ է բազմանում, իսկ դա գաղտնիք չէ, ապա այդ հարցի պատասխանը դառնում է միանգամայն ակնառու, հստակ ու հասկանալի:
[1] Խատիսեան Ալ., նշվ. աշխ., էջ 167:
[2] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 326:
[3] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 312:
[4] Տե’ս ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 395, թ. 26-27:
[5] Տե’ս նույն տեղում:
[6] ՀԱԱ, ֆ. 200, ց. 1, գ. 5, թ. 4::
[7] Նույն տեղում:
[8] ՀՀ ԲԿԱ, Պ. 12, դ. 5, թծ. 65|1, գ. 3, էջ 5:
[9] Տե’ս նույն տեղում:
[10] Տե’ս ՀՅԴ ԿԱ, ֆ. 1469, գ. 1, էջ 18:
[11] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 635:
[12] Նույն տեղում, էջ 671:
[13] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371:
[14] Նույն տեղում:
[15] Նույն տեղում:
[16] Իշխանեան Ե., Լեռնային Արցախ 1917-1920, Երեւան, 1999, էջ 523:
[17] Նույն տեղում, էջ 530:
[18] Նույն տեղում, էջ 547:
[19] ՀՀ ԲԿԱ, (Հայստանի Հանրապետության Բոստոնի կենտրոնական արխիվ), ֆ. Ս. Վ. (Սիմոն
Վրացեան), թծ. 313, գ. 13:
[20] Տե’ս ՀԱԱ, Ֆ. 45, ց. 1, գ. 177, էջ 20:
[21] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. 1, էջ 23:
[22] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 471:
[23] ՀԱԱ, Ֆ. 45, ց. 1, գ. 177, էջ 20:
[24] Իշխանեան Ե., նշվ. աշխ., էջ 523:
[25] Նույն տեղում, էջ 474:
[26] ՀՅԴ ԿԱ, թծ. 1649, գ. 3, էջ 2բ:
[27] Նույնն տեղում:
[28] ՀՅԴ ԿԱ, թծ.1469, գ. 1, էջ 18:
[29] Նույն տեղում:
[30] ՀՀ ԲԿԱ, ֆ. Ս. Վ. (Սիմոն Վրացեան), թծ/ 313, գ. 13:
[31] Տե’ս նույն տեղում:
[32] Նույն տեղում:
[33] ՀՀ ԲԿԱ, ֆ. Ս. Վ. (Սիմոն Վրացեան), թծ. 8, գ. 14, էջ 2:
[34] Տե’ս նույն տեղում:
[35] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:
[36] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ 177, թ. 19:
[37] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:
[38] ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ 177, թ. 19:* Վարդան Գևորգյանը իր հեղինակած «Լեռնահայաստանի գոյամարտը (1919-1921)» գրքում որպես
սկզբնաղբյուր ներկայացրել է գլխավորապես Գարեգին Նժդեհի տրամադրած փաստաթղթերը:
[39] Տե՛ս Գեւորգյան Վ., «Լեռնահայաստանի գոյամարտը (1919-1921)»; Երեւան, 1991, էջ 42-56:[40] Տե’ս «Բանբեր Հայաստանի Արխիվների», 2005, թիւ 2:
[41] Սիմոնյան Ա., Զանգեզուրի գոյամարտը, Երևան, 2000, էջ 42:
[42] Նույն տեղում, էջ 32:
[43] «Բանբեր Հայաստանի Արխիվների», 2005, թիւ 2, էջ 199:
[44] Տե’ս Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 335:
[45] Նույն տեղում, 337:
[46] Տե’ս նույն տեղում, էջ 337:
[47] Նույն տեղում, էջ 338:
[48] Տե’ս նույն տեղում, էջ 339:
[49] Նույն տեղում,:
[50] Գէորգեան Վ. , նշվ. աշխ., էջ 40:
[51] Նույն տեղում, էջ 41:
[52] Նույն տեղում, է 41:
[53] ՀՅԴ ԿԱ, 1649, գ. 3, էջ 2ա:
[54] Ավօ, նշվ. աշխ., էջ 482:
[55] Նույն տեղում:
[56] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:
[57] Գէորգեան Վ., նշվ. աշխ., էջ 43:
[58] Ավօ, Նժդեհ, 1968, Պէյրութ, էջ 482:
[59] Նույն տեղում, էջ 481:
[60] Նույն տեղում, էջ 482:
[61] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:
[62]Աւօ, Նժդեհ, էջ 483:
[63] «Հայրենիք» ամսագիր, 1941, յունիս, էջ 97:
[64] ՀԱԱ, Ֆ, 45, ց. 1, գ. 177, թ. 19:
[65] Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, էջ 371: