Հայոց լեզուն անաղարտ պահելը, բոլոր հայերի համար մեկ գրական լեզու ունենալը, դասական ուղղագրությանն անցնելը և լեզվական այլ խնդիրներ մշտապես արդի են, և տարբեր ոլորտի մասնագետներ են անդրադառնում դրան: Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Արևմտահայերենի, Հայագիտական գիտահետազոտական Լուտովիկա և Յակոբ Այնթապլեան կեդրոնի և Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ և օժանդակությամբ մայիսի 27-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասարի մասնաճյուղում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով: «Հայոց լեզուն անաղարտ պահենք» խորագիրը կրող այս գիտաժողովին Մայրենիին վերաբերող ելույթներով հանդես եկան մոտ 20 բանախոսներ: Ներկա էին կրթության և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, գրողներ, դասախոսներ, լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ և գիտաժողովի կայացումը ողջունեց Արցախի գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը: «Հաճելի է ողջունել բոլորիդ Մատենադարանում, որտեղ մատյաններ են արարվել, և այս Սուրբ օջախում անցկացնել գիտաժողով՝ խորհրդանշական է:
[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”yes” source=”media: 10175,10173,10172,10171,10170,10176″][/images_grid]Գանձասարը մեր երկրի կյանքում մեծ դեր է ունեցել և ունի», -ասաց Վ. Հակոբյանը և շնորհակալություն հայտնեց ներկաներին և հատկապես հրապարակագիր, բանաստեղծ Հակոբ Այնթապլեանին, ում նախաձեռնությամբ նման բազում միջոցառումներ են տեղի ունենում, որոնցից է այսօրվա գիտաժողովը: Վ. Հակոբյանն անդրադարձավ նաև լեզվի կարևորությանը, որն ազգի պահպանման ամենակարևոր բաղադրիչն է: Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի, նաև մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարների ուղերձներն ընթերցեցին փոխնախարարներ Միքայել Համբարձումյանը և Մելանյա Բալայանը, ովքեր նույնպես կարևորեցին մայրենի լեզվի դերը, որի շնորհիվ է մեր ժողովուրդը դարեր շարունակ ապրել և հասել 21-րդ դար: Բանաստեղծ, հրապարակագիր, բառարանագետ, սրտաբան Յակոբ Անթապլեանը հանդես եկավ «Հայաստան-Սփյուռքի միասնականութիւնն ու Հայերէն լեզուի հարցերը» հոդվածի ներկայացմամբ: Կարևորելով մի շարք հարցեր՝ Յ. Այնթապլեանը նշեց՝ բոլոր դպրոցներում դասավանդվի արևմտահայերեն, գրաբար: Մայրենին գտնվի պետության հոգատարության տակ: «Մեկ ազգ, մեկ լեզու, մեկ հայրենիք, մեկ ուղղագրություն», — սա հիմնականում կարևորեց Յ. Այնթապլեանը: ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն ընթերցեց «Հայաստանի Հանրապետության պետական լեզվական քաղաքականության հիմնական ուղղությունները» հոդվածը: Անդրադարձ կատարեց 19-20-րդ դարերում հայոց լեզվի խնդիրներին, երբ ցարական իշխանության օրոք, խորհրդային տարիներին առավել տիրապետող էր ռուսերենը: Խոսեց լեզվի վերաբերյալ ընդունած օրենքների և որոշումների մասին: ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Դևրիկյանի ելույթի թեման էր «Արցախյան բարբառը և հայ գրականությունը»: Բանախոսը կարևորեց այն, որ գեղարվեստական գրականության մեջ Արցախի բարբառը կիրառել են մի շարք գրողներ(հատկապես երկոսությունների ժամանակ գեղարվեստական երկի հերոսները հանդես են եկել բարբառով): Մաշտոցի անվան մատենադարանի ձեռագրագիտության և «Մայր ցուցակի» բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը ներկայացրեց «Անդրադառնանք մեր դասական լեզվին» նյութը: Խոսելով 1921 թվականին ընդունված Հայոց լեզվի բարեփոխումների ռեֆորմին, հետագա ընթացքին՝ բանախոսը դա համարեց արհեստական և խոչընդոտ Հայոց լեզվի զարգացմանը: Թարգմանչական արվեստի մասին խոսեց Գրիգոր նարեկացի համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Մկրտչյանը: «Հայերենի քերականության ձևայնացումը տիպաբանական մոտեցմամբ. UD տառադարանների փորձը» ներկայացրեց ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, ԲԳԹ, դոցենտ Մարատ Յավրումյանը: Գորիսի պետական համալսարանի դասախոս, ԲԳԹ, դոցենտ Մհեր Քումունցը ներկայացավ «Բարբառային և գրական բառերի համադրումը Ա. Բակունցի արձակում» հոդվածով: Եղան մի շարք այլ ելույթներ ևս, որոնց հիմնական նպատակը Մայրենիի պահպանումն էր, Արևմտահայերենի և Արևելահայերենի հասկանալի դարձնելը բոլոր հայերի համար: Ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին, արեցին առաջարկություններ: Ընդմիջման ընթացքում գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, մոմեր վառեցին, ծանոթացան տաճարի պատմությանը: Գիտաժողովն ամփոփեց ԵՊՀ դասախոս, ԲԳ դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Վերջում Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ: Վ. Հակոբյանը բանախոսներին հանձնեց գիտաժողովի մասնակցության հավաստագիր:
Զոհրաբ Ըռքոյան