Categories: Գլխավոր

Հարազատի անվան պուրակում

Զոհրաբ Ըռքոյան 

[images_grid auto_slide=”no” auto_duration=”1″ cols=”three” lightbox=”no” source=”media: 8974,8973,8971,8972″][/images_grid]

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և հարակից տարածքներում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, «Գուրսեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» բարեգործական հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ, օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ ստեղծվել են 10-ից ավելի պուրակ ու այգի: Շրջանի հիմնադրման առաջին օրերից Գ. Մելիքյանը քաշաթաղցիների կողքին է և տարբեր ծրագրերով իր ներդրումն ունի Քաշաթաղի կայացման գործում: Պուրակներում ծառատունկը հիմնականում կայացել է ԵՊՀ ուսանողների և քաշաթաղցի դպրոցականների մասնակցությամբ: Արցախյան գոյամարտի հերոսների, հայ մշակույթի ու գրականության նվիրյալների անուններով են կոչվում նորաստեղծ պուրակները: Բերձորից դեպի Ստեփանակերտ ձգվող մայրուղու աջ կողմում՝ Բերդաձորին հարակից ձորակում, 3 տարի առաջ տնկվեց հայ բարերար, միջազգայնագետ, Իրանում «Փյունիկ» շաբաթաթերթի համահիմնադիր, Վահագն Մահտեսի-Հակոբյանցի հիշատակը հավերժացնող պուրակը: Այստեղ ևս ծառատունկի հիմնական մասնակիցները ԵՊՀ ուսանողներն էին: Իրանահայ Ռուբեն և Թամար Մահտեսի-Հակոբյանցների ավագ զավակը՝ Վահագնը, ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Թավրիզ քաղաքում: Ծննդավայրի դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Ավստրիայի Գրաց համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Այնուհետև կրթությունը շարունակել է  Երևանի պետական համալսարանում: Այդ տարիներին Հայաստանում կազմակերպել է սփյուռքահայ ուսանողների առաջին խորհուրդը և ընտրվել դրա նախագահ: Այստեղ ծանոթացել, ընկերացել ու բարեկամացել է Գուրգեն Մելիքյանի հետ: 1972 թվականին Վահագն ավարտել է բուհը և դարձել միջազգայնագետ Ջոն Կիրակոսյանի ասպիրանտը: Ավարտելով ուսումը Երևանում՝ տեղափոխվում է Գերմանիա և աշխատանքի ընդունվում Արևմտյան Բեռլինի FU Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում` որպես գիտաշխատող: Իրանական հեղափոխության առաջին օրերին տեղափոխվում է ծննդավայր: Իր ընկերների հետ հիմնադրում «Փյունիկ» շաբաթաթերթը: 1988 թվականի երկրաշարժի օրերին ու Արցախյան շարժման ընթացքում նա հայրենիքում էր.  սկզբում իր ընկերների հետ օգնում էր ազատամարտիկներին, այնուհետև Արցախի ազատագրության բանակին: 1988 թվականի ամռանը նրա նախաձեռնությամբ ստեղծվել էր գերմանախոս երկրների «Ղարաբաղ» կոմիտեն, որն իր գործունեությամբ լուրջ ներդրում ունեցավ եվրոպական երկրներում արցախյան հիմնահարցի ճիշտ, արդարացի ու անկողմնակալ լուսաբանման գործում: Քաշաթաղի կայացման գործում նույնպես լուրջ ներդրումներ է արել: Վախճանվել է 2014թ. Հուկիսի 23-ին Գերմանիայի Օլդընպուրկ քաղաքում: Նրա աճյունափոշին, իր ցանկությամբ, շաղ է տրվել Գառնիի կիրճերում, ինչպես նաև Բերձորի հողում: Այդ վայրում էլ դրվել է նրա հիշատակը հավերժացնող հուշաքարն ու հիմնադրվել նրա անվան պուրակը, որտեղ կառուցվել է նաև տաղավար անցորդների համար: Սեպտեմբերի 24-ին Վ. Հակոբյանցի անվան պուրակում նրա հարազատները և Գ. Մելիքյանը նոր ծառեր տնկեցին: Ինչպես ընդունված է՝ բոլոր ծառատունկերի ժամանակ առաջին ծառը տնկելիս Գ. Մելիքյանն արտասանում է Զավեն-Լևոն Սուրմելյանի ծառին նվիրված բանաստեղծությունը: Ծառատունկից հետո Գ. Մելիքյանն անդրադարձավ իր ընկերոջ հայրենանվեր գործունեությանը, ազատագրված ու շենացող Արցախին օժանդակելուն: Վ. Հակոբյանցի ավագ քույրը՝ Ռայան, ով բնակվում է Բեռլինում, տեղեկացրեց, որ եկել են եղբոր ծննդյան օրը հայրենիքում նշելու: Իր հետ են եկել դուստրերը՝ Անին՝ ամուսնու՝ Անդրիի հետ, կրտսեր դուդտրը՝ բժշկուհի Նանեն, մյուս եղբայրը՝ Աբրահամը, ով բնակվում է Նյու-Յորքում, այլ հարազատներ: Նրանց ուղեկցում էր ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Տիկին Ռայան նշեց նաև, որ հաճախ են գալիս հայրենիք, այցելում եղբորը նվիրված պուրակ: Շնորհակալություն հայտնեց, որ ստեղծվել է նման այգի ու խնամվում է բերձորցիների կողմից: Սփյուռքից եկած մեր հայրենակիցները բարձր գնահատեցին քաշաթաղցիների դերը՝ ազատագրված հայրենիքը շենացնելը համարելով հերոսություն, հայրենասիրության դրսևորում: Երևան մեկնեցին՝ հավատով, որ ընկույզի և ունաբի նոր տնկիները  ևս կհամալրեն պուրակի ծառերի շարքը և բարիք կտան անցորդներին:

 

 

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի

Նոր գիրք․ “Զաքար Եօլեան․ “Անցեալի յուշեր””

Կազմողներ՝ Աշոտ Սիմոնեան, Աղասի Ազիզեան Գրախօս՝ Պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Արարատ Յակոբեան Երեւան, 2023, 597…

Սիւնիքի տասներկու գաւառների եկեղեցու հարկացուցակը ըստ հին սահմանուածի

Ա. Ծղուկ գաւառ Նորիք` 12: Խանք` 12: Ցուր` 6: Ծաղկա` 12: Խովիտ` 8: Մեղթի` 12: Հարժիք` 10: Լծէն` 6: Բերդկաներեչի` 6: Որոտն` 10: Տաթեւ` 10: Ոպնի` 6: Ծացարդ` 10: Երեմք` 6: Տաշու` 5: Մոգոյք` 10: Արիտ` 6: Լոր` 12: Արծիւ` 6: Մշկաձոր` 6: Խոտուք` 8: Սապատաձոր` 8: Ախնէն` 8: Փոքր Ոյծ` 8: Բերդն` 10: Տորունիք` 10: Երեծ` 6: Տխունիք` 12:…

Զանգեզուր գավառի և Գորիս գավառակենտրոնի ստեղծման պատմությունը (XIX դար)

Պատմում են, որ իբր գավառապետ Կարաևը շքախմբով շրջելէ ողջ Զանգեզուրը և լուսնյակ գիշերով ընտրել Գորիս…

Հին հայերենյան շերտի բուսանունները Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում

Հոդվածը տպագրված է «ԴՊՐԱՏՈՒՆ» հասարակական գիտությունների հանդեսում, 2019-2 (8)