Պատմական Սյունիքում հայտնաբերվել են տաճարի սյուներ ու խարիսխ

Spread the love

 

 

Այս օրերին հնագետներ Հարություն Խուդանյանն ու Գագիկ Սարգսյանը պեղումներ են կատարում Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա ամրոցի տարածքում գտնվող դամբարանում: Ընթացքում հանդիպեցի հնագետներին, մասնակցեցի պեղումների աշխատանքին: Այստեղ Միրիկի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղի հարավային կողմում գտնվող Սթունիս գետի հովտում՝ անտառապատ տարածքում, սյուներ է տեսել: Գ. Սարգսյանի հետ, Հ. Հովհաննիսյանի ուղեկցությոմբ եղանք Աղավնոյի աջափնյա վտակ Սթունիս գետակի ձախակողմյան հրվանդանում, որտեղ դեռևս վաղնջական ժամանակներում եղել է բնակեցված տարածք: Ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրությունից իջնում ենք անտառապատ սարալանջով: Զգացվում է՝ տարածքում ժամանակին տներ են եղել, շատ են դամբարանաբլուրները, որոնք հիմնականում ավերված են, քանդված, սակայն հիմնականում կլոր եզրագծով կրոմլեխները երևում են: Բազում պատաշարերը, տների տեղեր հուշող փոսորակները հուշում են՝ 2-3 հազար տարի առաջ, գուցե ավելի ավելի վաղ և հետագայում խիտ բնակեցված է եղել Աղավնո գետի ավազանի միջին և վերին հատվածը: Դարավոր անտառն իր մեջ է առել ով գիտե որ ժամանակներում արդեն ավերված բնակավայրերերը: Պահպանված պատերը, որոշ հատվածներ, բնակարանի կամ այլ կառույցների հիմքերը տեղեկացնում են նախկին բանակտեղիի մոտավոր մակերեսը, որը եզերվել է Սթունիս գետի 2 վտակների ստեղծած գեղատեսիլ ձորակներով: Նույն ձորակներում բազում են հողմահալած սնկաձև ժայռերը՝ տարբեր կերպարանքներով, սրածայր ու հակառակը՝ վերին մասում անելի մեծ կտոր՝ բազալտե գլխով: Նույն ժայռերի մեջ շատ են քարանձավները, որոնք նույնպես ժամանակին ծառայել են մարդուն որպես կացարան ու անասնագոմ, պահեստ ու թաքստոց: Որոշ ժայռերում քարանձավները նաև բարձր դիրքում են: Սակայն զգացվում է՝ դրանք նույնպես օգտագործվել են. պարանով են ելումուտ կատարել: Վերջապես հասնում ենք մի ավերակի, որի արևելյան պատը մոտ 2,5 մ բարձրությամբ, 6մ երկարությամբ պահպանվել է: Մոտակա ծառերի տակ քարե սյուն է ընկած՝ 78սմ երկարությամբ, 48սմ տրամագծով: Հարևանությամբ դարձյալ մշակված քարակտոր է՝ 86-50-34սմ չափերով: Սյան 2 կողմերը ողորկ են, վնասված չէ: Հիշատակված շինության արևմտյան պատն ամբողջությանբ է հավասարվել հողին: Իհարկե ժամանակի ընթացքում հող է լցվել ներս և պատել քարերը: Հարավային և հյուսիսային պատերի քարերը թափվել են ներս, այանուամենայնիվ եզրագծերը երում են: Արևելյան պատը ներսի կողմից կամարաձև է, որը հուշում է՝ շենքի պաշտամունքային նշանակությունը: Պատերն ունեն 1 մետրից ավելի հաստություն: Շենքի արտաքին մոտավոր չափերն են՝ 10-8մ: Ավերակի ներսում մեկ այլ սյուն է ընկած՝ մի գլուխը ողորկ է, ունի 46սմ տրամագիծ, մյուս կողմը կոտրված է, տրամագիծը 3 սմ-ով ավելի է: Երկարությունը 122սմ է, սակայն եղել է ավելին: Սյան հարևանությամբ մեկ այլ, լավ մշակված, քառակուսի մակերեսով սյան խարիսխ կա: Չափերն են՝ 72-72-42սմ: Մի երեսին՝ ողջ մակերեսով շրջան է քանդակված: Շրջանագծի 4 կողմերում ինչ-որ խորհրդանիշներ են քանդակված: Բոլոր կողերի վրա՝ միջին մասում և դեպի վեր, 3 առվակներ են փորված՝ համաչափ ու վարպետորեն: Մեկ այլ սրբատաշ քար սրանց հարևանությամբ է: Հնագետ Գագիկ Սարգսյանը գտնում է, որ բանակատեղին գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, գտնված հուշարձանները հեթանոսական շրջանին են պատկանում: Հնարավոր է՝ ավերակը նույնպես այդ ժամանակի կառույց է և եղել է սրբատեղի: Իհարկե, սա ընդամենը կարծիք է, ճիշտ պատասխան ստանալու համար պետք է լավ հետազոտվի տարածքը, հնարավոր է՝ կգտնվեն այլ սյուներ ու խարիսխներ, սյունախոյակներ, որոնք կտան հստակ պատասխան: Այս հատվածը, որ եղել է Հայոց ոստան ու սրբատեղիներով հարուստ, հուշում են պահպանված ու ավերակ 5 եկեղեցիները /Մկանատամի խաչը՝ 12-րդ դար, Սթունիս գյուղի 17-րդ դարի եկեղեցին, գետի ձախափնյա վաղ միջնադարյան միանավ թաղակապ բազիլիկը, ավերված 2 այլ մատուռներ, խաչքարեր՝ ձորալանջին/: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառը հիշատակվում է «Աշխարհացույց»-ում: Մեր երկրի այս հատվածը ևս հաճախ է ենթարկվել ասպատակությունների, և մեր նախնիներն ստիպված են եղել բնակություն հաստատել նման վայրերում՝ ժայռակերտ ձորերում ու դրանց հարևանությամբ: 18-րդ դարակեսից սկսված տարածքը գնալով հայաթափ եղել, իսկ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում այստեղ արդեն հայաթափ էր: Մեր երկրին տիրացած մահմեդականները հնարավորինս ավերել են այն, ինչ հայկական հետք ուներ: Իհարկե, Հայոց սրբատների մի մասը պահպանվել է. օտարները դրանք օգտագործել են որպես պահեստ, հացի փուռ, անասնագոմ և այլ նպտակներով: Դեռևս վաղ շրջանում կառուցված փարախները  շատ են տարածքում և այս բնակատեղիում: Շրջելով տարածքում, մոտավոր տեղեկություն ստանալով հազարամյա բնակատեղիի մասին՝ բարձրանում ենք վեր, արդեն գտած պատմական ճանապարհի հետքը:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի