Այս օրերին հնագետներ Հարություն Խուդանյանն ու Գագիկ Սարգսյանը պեղումներ են կատարում Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի մոտակա ամրոցի տարածքում գտնվող դամբարանում: Ընթացքում հանդիպեցի հնագետներին, մասնակցեցի պեղումների աշխատանքին: Այստեղ Միրիկի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղի հարավային կողմում գտնվող Սթունիս գետի հովտում՝ անտառապատ տարածքում, սյուներ է տեսել: Գ. Սարգսյանի հետ, Հ. Հովհաննիսյանի ուղեկցությոմբ եղանք Աղավնոյի աջափնյա վտակ Սթունիս գետակի ձախակողմյան հրվանդանում, որտեղ դեռևս վաղնջական ժամանակներում եղել է բնակեցված տարածք: Ծովի մակերևույթից մոտ 2000մ բարձրությունից իջնում ենք անտառապատ սարալանջով: Զգացվում է՝ տարածքում ժամանակին տներ են եղել, շատ են դամբարանաբլուրները, որոնք հիմնականում ավերված են, քանդված, սակայն հիմնականում կլոր եզրագծով կրոմլեխները երևում են: Բազում պատաշարերը, տների տեղեր հուշող փոսորակները հուշում են՝ 2-3 հազար տարի առաջ, գուցե ավելի ավելի վաղ և հետագայում խիտ բնակեցված է եղել Աղավնո գետի ավազանի միջին և վերին հատվածը: Դարավոր անտառն իր մեջ է առել ով գիտե որ ժամանակներում արդեն ավերված բնակավայրերերը: Պահպանված պատերը, որոշ հատվածներ, բնակարանի կամ այլ կառույցների հիմքերը տեղեկացնում են նախկին բանակտեղիի մոտավոր մակերեսը, որը եզերվել է Սթունիս գետի 2 վտակների ստեղծած գեղատեսիլ ձորակներով: Նույն ձորակներում բազում են հողմահալած սնկաձև ժայռերը՝ տարբեր կերպարանքներով, սրածայր ու հակառակը՝ վերին մասում անելի մեծ կտոր՝ բազալտե գլխով: Նույն ժայռերի մեջ շատ են քարանձավները, որոնք նույնպես ժամանակին ծառայել են մարդուն որպես կացարան ու անասնագոմ, պահեստ ու թաքստոց: Որոշ ժայռերում քարանձավները նաև բարձր դիրքում են: Սակայն զգացվում է՝ դրանք նույնպես օգտագործվել են. պարանով են ելումուտ կատարել: Վերջապես հասնում ենք մի ավերակի, որի արևելյան պատը մոտ 2,5 մ բարձրությամբ, 6մ երկարությամբ պահպանվել է: Մոտակա ծառերի տակ քարե սյուն է ընկած՝ 78սմ երկարությամբ, 48սմ տրամագծով: Հարևանությամբ դարձյալ մշակված քարակտոր է՝ 86-50-34սմ չափերով: Սյան 2 կողմերը ողորկ են, վնասված չէ: Հիշատակված շինության արևմտյան պատն ամբողջությանբ է հավասարվել հողին: Իհարկե ժամանակի ընթացքում հող է լցվել ներս և պատել քարերը: Հարավային և հյուսիսային պատերի քարերը թափվել են ներս, այանուամենայնիվ եզրագծերը երում են: Արևելյան պատը ներսի կողմից կամարաձև է, որը հուշում է՝ շենքի պաշտամունքային նշանակությունը: Պատերն ունեն 1 մետրից ավելի հաստություն: Շենքի արտաքին մոտավոր չափերն են՝ 10-8մ: Ավերակի ներսում մեկ այլ սյուն է ընկած՝ մի գլուխը ողորկ է, ունի 46սմ տրամագիծ, մյուս կողմը կոտրված է, տրամագիծը 3 սմ-ով ավելի է: Երկարությունը 122սմ է, սակայն եղել է ավելին: Սյան հարևանությամբ մեկ այլ, լավ մշակված, քառակուսի մակերեսով սյան խարիսխ կա: Չափերն են՝ 72-72-42սմ: Մի երեսին՝ ողջ մակերեսով շրջան է քանդակված: Շրջանագծի 4 կողմերում ինչ-որ խորհրդանիշներ են քանդակված: Բոլոր կողերի վրա՝ միջին մասում և դեպի վեր, 3 առվակներ են փորված՝ համաչափ ու վարպետորեն: Մեկ այլ սրբատաշ քար սրանց հարևանությամբ է: Հնագետ Գագիկ Սարգսյանը գտնում է, որ բանակատեղին գոյություն է ունեցել դեռևս նախաքրիստոնեական շրջանում, գտնված հուշարձանները հեթանոսական շրջանին են պատկանում: Հնարավոր է՝ ավերակը նույնպես այդ ժամանակի կառույց է և եղել է սրբատեղի: Իհարկե, սա ընդամենը կարծիք է, ճիշտ պատասխան ստանալու համար պետք է լավ հետազոտվի տարածքը, հնարավոր է՝ կգտնվեն այլ սյուներ ու խարիսխներ, սյունախոյակներ, որոնք կտան հստակ պատասխան: Այս հատվածը, որ եղել է Հայոց ոստան ու սրբատեղիներով հարուստ, հուշում են պահպանված ու ավերակ 5 եկեղեցիները /Մկանատամի խաչը՝ 12-րդ դար, Սթունիս գյուղի 17-րդ դարի եկեղեցին, գետի ձախափնյա վաղ միջնադարյան միանավ թաղակապ բազիլիկը, ավերված 2 այլ մատուռներ, խաչքարեր՝ ձորալանջին/: Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճք գավառը հիշատակվում է «Աշխարհացույց»-ում: Մեր երկրի այս հատվածը ևս հաճախ է ենթարկվել ասպատակությունների, և մեր նախնիներն ստիպված են եղել բնակություն հաստատել նման վայրերում՝ ժայռակերտ ձորերում ու դրանց հարևանությամբ: 18-րդ դարակեսից սկսված տարածքը գնալով հայաթափ եղել, իսկ 20-րդ դարի երկրորդ տասնամյակում այստեղ արդեն հայաթափ էր: Մեր երկրին տիրացած մահմեդականները հնարավորինս ավերել են այն, ինչ հայկական հետք ուներ: Իհարկե, Հայոց սրբատների մի մասը պահպանվել է. օտարները դրանք օգտագործել են որպես պահեստ, հացի փուռ, անասնագոմ և այլ նպտակներով: Դեռևս վաղ շրջանում կառուցված փարախները շատ են տարածքում և այս բնակատեղիում: Շրջելով տարածքում, մոտավոր տեղեկություն ստանալով հազարամյա բնակատեղիի մասին՝ բարձրանում ենք վեր, արդեն գտած պատմական ճանապարհի հետքը: