Categories: Զանազան

Նամակ կալանավայրից. «ես նույնպես ազատ եմ ու ԱՆԿԱԽ….»

Spread the love
Ճիշտ է, մեր կայքը հայագիտական ուղղվածություն ունի, ուսումնասիրում և լուսաբանում ենք հայագիտական, մասնավորապես Սյունիքի հայագիտական հարցեր, բայց իսկապես չէինք կարող չարձագանքել այս հուզիչ նամակին, որ կայքին ուղարկվել է կալանավայրից… Փաստորեն, կալանավայրում էլ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը ազատ ու անկախ են զգում մեր ընկերները, ընկերներ, որոնք երբևէ բախտի հրամայականով հայտվել են ճաղերի հետևում… Նրանց դատն արվել է՝ անազատություն, և ամենայն հավանականությամբ՝ նրանցից շատերը երկնայինի ու խղճի դատով էլ անցել են ու եկել հասել Հայաստանի Հանրապետության անկախության օրերից մեկին՝ այսօրվան…Ժամանակո՛վ անցած այդ ճանապարհին նրանք իրենց արդեն զգում են անկախ ու ազատ՝ թոթափված անցյալի մեղքերից ու պատրաստ՝ նորովի ապրումին ու ապրելուն…այն Նոր Հայաստանում, որ, փաստորեն, արարվեց սիրո ու համերաշխության հենքով…Նրանցից շատերը անցած կարգերի ու բարքերի անեծքն են, և ուրեմն՝ նոր կարգերով ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ թող Նոր Հայաստանի ընծան լինի…
 

«Փրկեցեք ինձ այս բանտից, խավարից այս սրտախոց,

Ստվերներից այս տրտում, ամբոխից այս համր ու հոծ…»

Վ. Տերյան

Ահա նամակը՝ առանց խմբագրման

Արմենակ Դավթյան, լրագրող

Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանի անկախության տոնը դիմավորում եմ անազատության մեջ։ Մեղավոր-անմեղ եզրույթներին չեմ անդրադառնա, քանի որ շատ քիչ դատապարտյալներ են ընդունում մեղքի իրենց բաժինը. անգամ սպանության համար դատվածները մեկ արդարացում ունեն՝ «գլխիս սարքել» են։ Ազատության մեջ ընկնելով անկարեւորի հետեւից՝ շատ հաճախ չեք քննում ինքներս մեզ, իսկ անազատության մեջ ժամանակ ենք ունենում ինքներս մեզ վերլուծելու, ինքնաարժեւորելու։ Մի պահ ընդունենք՝  իմ գլխին էլ են «սարքել»: Աղաղակեմ՝ քաղբանտարկյալ եմ, լրագրողական աշխատանքիս արդյունքում են ինձ խարդախության համար դատապարտել։ Հիմքեր, ապացույցներ գուցե կան: Բայց փաստը մնում է այն, որ ես «հանցագործ եմ»։ Մի բան էլ՝ մորս բնութագրմամբ ես կարգին տղա էի, «փչացա» այն օրը, երբ դարձա Սյունիքի մարզային թիվ 9 ընտրական հսնձնաժողովի անդամ. դա 1996 թվականի սեպտեմբերի 21-ն էր։ Ուրեմն՝ Հայաստանի անկախության օրը նաեւ իմ «փչանալու» օրն է։ Ընտրակեղծիքներ, ընտրակաշառքներ, ընտրախաղեր…Ու պտտվեցի ես այդ հորձանուտի մեջ. հանկարծ բոլորը դարձան իմ ընկերը, իմ լավ բարեկամները, քանի որ հանձնաժողովի անդամ պաշտոնիկս ուժ ուներ իր մեջ. հարց լուծող էր։ Չլսեցի իմ վաղամեռիկ ընկեր լրագրող Գոհար Իսախանյանի խորհուրդը. «Տղա՛ ջան, գետը ամեն անգամ գերան չի բերի»։ Ազատ ու անկախ էի զգում ինձ, թուրս իմ ուզածի պես կտրում էր, մինչեւ դարձա անազատ։ Անազատ… Ու սկսեցի գնահատել անկախության գինը։ Բռնվելու առաջին օրվանից էլ թաքուն հույս ես փայփայում, որ ժամ առաջ կազատվես, որ համաներում կհայտարարվի։ Մայիսի 8-ին, երբ Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընտրվեց վարչապետ, կալանավայրում ցնծություն էր։ Նրանք , ովքեր Սերժ Սարգսյանի հետ համարյա ամեն օր ճաշել էին, ովքեր Ազատիչի հետ առաջին «կրուգ» էին ֆռֆռում, րոպեների ընթացքում դարձան նիկոլական։ Հիշեցին՝ Նիկոլի հետ կալանք են նստել, Նիկոլը երբ լրագրող ու պատգամավոր էր, միշտ այցելում էր իրենց։ Իսկ մոլի ֆանատները նստարանին գրեցին. «Այստեղ նստել եւ սրճել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»։ Ու վերջինիս լավ ճանաչող ախպեր-ընկերները սկսեցին ենթադրել՝ կալանքն իր մաշկի վրա զգացած վարչապետը ե՞րբ համաներում կհայտարարի։ Մայիսի 28-ը դարձավ հուլիսի 5, հետո հույսները դրեցին սեպտեմբերի 21-ի վրա։ Չլինի հիմա, չէ՛, ուրեմն Ֆրանկոֆոնիայի օրերին կլինի՝ աշխարհին բան ունենք ապացուցելու։ Ավելի վատատեսների կանխատեսմամբ՝ համաներումը խորհրդարանական ընտրությունների  նախօրեին կլինի՝ «ձայն ա պետք»: Իսկ հին կալանավորները մի ճշմարտություն գիտեն՝ հույս մի փայփայեք, «կալենդար» կազատվեք։ Հին՝ ստաժավոր կալանավորների պատմելով՝ ժամանակին պայքարել, մարդիկ արյուն են թափել, որ բանտերում էլ Մարդը իրեն ՄԱՐԴ զգա։ «Սենց եվրոպայմաններ չէին. տելեվիզոր, ռադիո, պլիտա… ծեծ ու ջարդ…, հիմիկվա նման չի, թեժ գիծ-միծ չկար։ Տղա ես՝ դիմացիր։ Պայքարել հասել ենք էս օրվան»,-ասում են նրանք։ Սա խոսակցության այլ թեմա է, քանի որ տոն օրերին պրոբլեմներից խոսել «էկած չի»: Ուրե՛մն, շնորհավո՛ր տոնդ, Հայաստա՛ն, շնորհավո՛ր իմ բախտակից ընկեր։ Աղոթենք խաղաղության ու կայունության համար, աղոթենք մեր ազատության համար եւ փորձենք այնպես անել, որ բանտում էլ ասենք՝ ես անկախ եմ….

Արմենակ Դավթյան

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի