Մուղան ճյուղ. հատված Սերո Խանզադյանի «Հայրենապատում» երկից

Spread the love

1929, մարտ։— Ձյունը տեղ-տեղ հալվել, գնացել է։

Ջրավասերի մեջ տամկել են աշնան ցողունները, ելել է կռութուկի սերմը՝ գիրկ ընդ գիրկ մեռած աշուն և գարնան ծլարձակում։

Ես և մեր խմբի բոլոր տասնմեկ տղաներն ու աղջիկները տասնչորս տարեկան ենք։ Միայն մեր ուսուցիչ ընկեր Մուշեղն է մեծ։ Մեր խումբը գնում է «շրջան» ՝ Մաղանջուղ գյուղը: Երեկույթ պիտի տանք աշխատավոր ժողովրդի համար։ Ես արտասանելու եմ «Կոխը», Արփիկը պարելու է «Գողթանի» ։ Նա շրթունքի վրա խալ ունի, մազերը խիտ են ու պարելիս վիզը մի փոքր թեքում է՝ խեղճ-կրակ։ Ընկեր Մուշեղը դուրեկան ձայնով երգելու է «Բարի, գեղեցիկը» ։ Ապա երկար խոսելու է ուսման կարևորության «կողմանի» ։

Արեգակի ծոպերը կարմիր մահուդ են դարձել, փռվել ձյան պատառիկների վրա։ Ինչ լավ վզկապներ կլինեն մեզ համար, նաև գեղեցիկ շոր, որ ծածկենք մեր Իսկուհու մերկ լանջը։ Իսկուհին «Ծիրանի ծառ» է երգում, երեսն էլ ծիրանի պես շառագույն է, բայց հագնելու շոր չուներ, որ մերկությունը ծածկեր ու մեզ հետ «շրջան» գար։

Ձորի լանջին, ժայռերի մեջ քարակույտեր են ծխում։ Ընկեր Մուշեղը մեզ ասում է, որ դա մեր` Զանգեզուրի գավառի Գորիսի շրջանի Մաղանջուղ գյուղն է:

— Ձեզ քաղաքավարի կպահեք։

Մի շուն է հաչում՝ փորը հարելով։ Մեկ ուրիշը ոտքով ետ է տալիս աթարի մոխիրն ու ալարում հաչել։ Մոխիրը տերն է թափել ձյան վրա, որ շունը չմրսի։

Կանգնած եմ եկեղեցու բեմում։ Տաք գոլորշի է ելնում նստածների բեղերի խրձերից, կարկատած շալերի պատռվածքներից, որոնցով կանայք ծածկել են իրենց գլուխներն ու բերանները։ Եկեղեցու սյան վրա դեղին աչքերով պատկեր-կին կա։ Նա սպառնալիքով է նայում ինձ, քրքջում, երբ ես արտասանում եմ «Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք…» ։ Գյուղացիներից մեկը հառաչում է.

— Է՜, հո՞ր ա, է՜, հո՞ր ա…

Արփիկի «Գողթանին» նազանք ունի։ Մի քանի ձեռք ծափ են տալիս՝ կարծես քարեր են զարկում իրար։

— Ադա, Արտե՛մ, եկ էս աղջիկն ուզենք մեր Կարոյի համար։

Արփիկը շփոթում է պարը։ Եկեղեցու պատերը քրքրջում են։

Ընկեր Մուշեղը երկար խոսում է ուսման կարևորության «կողմանի» ։ Մի թաթ է տնկվում փափախներից վերև։

— Էդ ուսում ասածիդ կողմանի համոզ ենք, վարժապետ։ Նմանապես շեն կենա խորհրդային իշխանությունը, մեզ համար ճրագ ա բերել։ Ամա, նախ և առաջ, քոսի ճար բերեք գյուղ։ Քոսը մեզ կերավ։— Մարդը հազում է փափախի մեջ, փափախով սրբում քիթ-մռութը։

Մի կին շալի տուտը հեռացնում է բերանից։

— Հարսս տղիս գլխատարել է, վարժապետ։ Ասում է գնանք քաղաքում ապրենք։ Բո՛, բո՜, բո՛… Բա մեր հողն ու տավարը անտե՞ր թողնենք։ Ճար արա, վարժապետ։

Գյուղխորհրդի նախագահը շրջվում է դեպի նա։

— Ամոթ ունեցիր, հարսի՛։ Էս միամիտ վարժապետը ի՞նչ կարա անի կապը կտրած հարսիդ։ Էստեղ իշխանություն կա։

Հարսի նեղ ուսերը սրվում են։ Նրա լանջը ծածկած շալի վրա գուլպայի կարկատաններ կան։ Գուլպայի կարկատան կա նաև գյուղխորհրդի նախագահի պիջակի ուսին։

Գյուղխորհրդի նախագահը կանչում է.

— Է՜յ, Աբա՛խշ, գլուխդ մի՛ դաղի սյունի քամակում, վարժապետին տար տունդ, դու «կառավաթ» ունես։

Իր «կառավաթով» հպարտ Աբախշը մռնչում է.

— Բա խե՞ չեմ տանի։

Նախագահը մեզ բաժանում է տների վրա, իսկ գյուղում եղած-չեղածը հիսունմեկ ծուխ է՝ 302 բնակիչ: Նախագահն ինձ հրում է դեպի իմ տարիքի մի տղա։

— Էս նախրից ետ ընկածին էլ դու տար։

Տղան ահով նայում է ինձ։

Ջրափոսերի վրայի սառցե բարակ շերտերը պլպլում են լուսնի ցոլքերից։ Ցուրտ է։ Շուն չի հաչում։ Մի տեղ մի ճրագ պեծին տվեց ու մարեց։ Քարայրի դուռը ետ գնաց տնքալով։ Ցուրտ մթություն քրքջաց երեսիս։ Մեկը հազաց կարծես երկրի խորքից:

— Մամի, գյուղխորհուրդն էս աղին ղոնաղ տվեց մեզ։

Մի ձայն էլ է մրսում հառաչանքով.

— Այ ղոնախ, դա ումանցի՞ց ես։

Լույս չկա, ցուրտ է ու ցուրտը տարած հառաչանք։ Տղան բռնում է իմ ձեռքը, տանում խավարի մեջ։ Այծ է լիզում ծոծրակս, հազում.–ի՛..ի՜։ Տղան հեքիաթ է պատմում։ — Լինում է, չի չինում: — Այծի տաք շնչից քունս տանում է։ Լինում է մի բարակ կածան, մի ջրափոս, մեջը դեղին աշուն ու գարնան նշան՝ գիրկ-գրկի։ Այդպես միասին նրանք տաք են և այծի փշոտ լեզուն չի հասնում նրանց։ Լինում է «Գողթանի» պարող Արփիկը՝ շրթունքի կարմրին սև խալ, ծոցում թփրտացող լորիկներ։

Առավոտյան մամին կավե աման է դեմ անում ինձ.

— Էծի կաթ Է, խմիր։ Քոռանա՜մ, հաց չկա։ Էս երկու օրս մեր հալևորը կարպետը տանելու է ձորերը՝ ալրի հետ փոխի:

Հալևորը ապակու բեկորով տրեխացու կաշի է քերում։ Կաշին փաթաթել է եղանի կոթին ու քերում է մազը։

— Հա՛, տրեխս անեմ, կենամ, կարպետը տանեմ ձորերը՝ հացի։

Հալևորը եղանի կոթով գռփում է մեջքը, ինչպես եզը` ծառի քոր անելիս:

— Մեր շենի անունը Մաղանջուղ չի, է՜, ա՛յ որդի, սխալ են ասում: Մեր շենի անունը Մուղանճյուղ է, Մուղանի ճյուղ։ Իմացա՞ր։

Արևը կպել է ձյուներին: Բայց դարձյալ ցուրտ է։

1953, մարտ: — Հին արահետի տեղը խճուղի է՝ եզրերին կեռասենիներ՝ մեկ երկու… հինգ հարյուր: Գյուղը հինն է, ինչպես տեսել եմ քսանչորս տարի առաջ, այսպիսի մի գարնանամուտի օր, երբ հիսունմեկ ծուխ-ընտանիք ուներ։ Հիմա փոքրացել է՝ քառասունվեց ծուխ դարձել` 232 բնակիչով։ Փոփոխության պատկերը սա է— 1831-ին ունեցել է 36 բնակիչ, 1873-ին՝ 182, 1914-ին՝ 225, 1931 թվին՝ 322:

— Ջահելները թողնում, գնում են քաղաք, — ասում են ինձ։— Նոր քաղաքներ են ստեղծվում…

Ձորի լանջերին, ժայռերի մեջ քարակույտեր են ծխում, հին հանգով։ Ես հիշում եմ Արփիկի «Գողթանի» պարը և այն այծին, որ լիզում էր ծոծրակս։

Գյուղթղթակից Լալազար Խաչյանի տանը նորաձև սեղան կա, էլեկտրական լամպ, «Արարատ» կոնյակ և տեղական գինի։

— Շուտով տեղափոխվելու ենք վերև՝ դաշտի հարթը, — ասում է Լալազար Խաչյանը։— Սպասում ենք, որ խմելու ջուր բերեն դաշտ։

Երեք տարի առաջ գյուղի անունը փոխել, Այգեձոր են դրել։ Ափսո՜ս, Մուղանճուղը թաղվեց։ Այս գյուղի բնակչության մի մասը բնիկ է, մի մասը եկել է հայոց Մուղան մեծ դաշտից, մի փոքր մասն էլ՝ Խոյից: Պարսկահայքի Խոյ գավառում մինչև վերջերս էլ Մաղանջուղ հայոց գյուղ կար: Հնարավոր է, որ այդտեղից գաղթած-եկածները բերել են գյուղիս անունը։ Տասնյոթերորդ դարասկզբին սա «մեծ շեն» էր և կոչվում էր Մուղանջուկ։ Սրան գրեթե կից էր Տանձավեր գյուղը, որ հիմա չկա։ Այդ մեկն էլ Օրբելյանի ցուցակի Տանձյակ գյուղն էր։

Այգեձորը շտապում է դուրս գալ ժայռերի մթին խոռոչներից։

1966, նոյեմբեր։– Մաղանջուղ—Այգեձորը նորից է փոքրացել, մնացել են ընդամենը երեսունութ ծուխ՝ 226 շնչով: Խճուղու մոտ տնկված կեռասենիները ելել-մեծացել են։ Բացհորիզոն դաշտում արդեն նոր տնատեղերի հիմքեր են գցել։ Հովիվ Զավեն Պողոսյանն ասում է.

— Հրե՜ն, իմ տան տեղն այն կանաչ թումբն է…

Այդ կանաչ թմբից երևում է աշխարհը։ Զավենը հարցնում է.

— Մի՞տդ է, որ մի գիշեր ես ու դու քնեցինք մեր էծերի հետ…

Ես հազիվ եմ հիշում Զավենին։ Հեքիաթ էր պատմում.— «Լինում Է, չի լինում…» ։ Այն տղան հիմա այս տղամարդն է և սա հեքիաթ չէ։

— Եկող տարի նոր տունս պատրաստ կլինի, ինչքան ընկեր ունես, վերցրու արի ինձ հյուր։

Նոյեմբերյան հաճելի արև է։ Հին ճանապարհից մի նոր ճյուղ թեքվում է ձախ, անցնում Վարարակն գետը և ելնում դեպի Գորահանդ։ Գետափին Առանի բերդի ավերակն է: Առանը Սիսակ նահապետի զարմից էր՝ «Հույժ արի և գեղեցիկ և քաղցր բարուք զԵռան (Առան) անուն» ։ Սա հայոց Վաղարշակ թագավորի կողմից նշանակվեց Աղվանից կուսակալ` մեր թվականությունից առաջ, երկրորդ դարում։ Սրա անունով կոչվեց Առանի դաշտը (այժմ Մուղան) ։ Իր քաղցր բնավորության պատճառով ստացավ Աղու (անուշ) մականունը, որով և իր երկիրը կոչվեց Աղուանք (Աղվանք):

Աշնանային դեղնություն է մի քիչ գինեվետ ու մրգավետ այս ձորում։ Կամրջի մոտ, ուր հին ջրաղացն է, իմ մանկության ընկեր այգեգործ Արամայիս Դադունցը կտրում է ճամփաս.

— Մինչև մի-մի թաս թթի օղի չխմենք, բաց չեմ թողնի։

Հին ջրաղացի մոտ էլ Նիազանց Գրիգորն է կտրում ճամփաս.

— Մինչև մի փարչ նոր գինի չխմես, բաց չեմ թողնի։

Տեղական գինի է, որ ինձ հիշեցնում է Բուրգունդիայում տեսած մի մառան՝ անուշ գինիներով։

Կոշկակար Արտուշ Տատունցն ասում Է.

— Աղջիկս մարդու եմ տալիս: Էսօր տանում են Երևան, ե՛կ:

Ձորի մշուշը ցրվել է… Ուրախ եմ, մանավանդ Արտուշի և նրա կնոջ՝ Սաթիկի ուրախությամբ, որ որբ աղջնակ էր՝ բոբիկ ու խոնարհ և անտուն, որ հիմա լիքը տուն ունի և հարսերի ու փեսայի տեր է։

— Ծարավել եմ, ջուր բերե՜ք…

Բառաչում է հողը։ Բառաչում է, բայց ջուր չկա, անձրև չկա։ Չկա՜։ Իսկ Հազարանփրկիչի սուրբն անտարբեր է։ Հազարանփրկիչի մոտ արտերը մեռնում են չպտղավորված: Ինժեներ-ջրաբան Բադիրյան Գուրգենն ինձ ասում է.

— Այստեղ թունել ենք ստեղծում ջրանցքի համար։ Տասնութ կիլոմետր երկարությամբ թունելով եկած Որոտանի ջրի մի մասը Խոտ գյուղի գլխից կիջնի Տաթևի էլեկտրակայանը բանեցնելու, մյուս մասը կգա այս կողմերը՝ վեց հազար հեկտար չոր հողեր ջրելու։ Այս ջրատարը կառուցող Գուրգեն Բադիրյանը երիտասարդ է, սակայն արդեն փորձված ջրաբան-շինարար։

— Ջուրը սեփական ճնշման ուժով, հզոր խողովակներով կանցնի ձորը ու կբարձրանա սարահարթ, — բացատրում է նա։

Ներքևի ժայռեղեն ձորախոռոչներում մոլորված են երեք գյուղ` Ազատաշենը (Ուրղունի շեն), Այգեձորը (Մաղանջուղ) և Ձորաշենը (Կյուրու-Գորու) ։ Ժայռերի մեջ են՝ անհորիզոն ու անհեռանկար։ Այդ երեք գյուղերը պետք է տեղափոխվեն այս լայնահորիզոն դաշտը, այս ազատ, ազնիվ հողերի վրա հիմնվեն։ Ես Բադիրյանին հարցնում եմ, թե երբ կավարտեն ջրանցքի շինարարությունը։

— Մի երեք-չորս տարի հետո։

Մտնում ենք թունել։ Լույսերի ժապավենի ուղղությամբ քայլում ենք առաջ և դեմ առնում թունելագործներին։ Բոլորն էլ այս լեռների տղաներ են։ Ես նրանց հայրերին եմ ճանաչում, որոնք իմ տարիքի են։ Այս թունելի պետը Յուրիկ Պետրոսյանն է՝ Խնածախ գյուղացի Չոփուռ Գրիգորի տղան։ Ես Չոփուռի հարսանիքում եղել եմ։ Յուրիկը նոր է ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը և ահա այստեղ շինարարական գործի է։ Ահա Կիզիր***ունց Սմբատը։ Սա էլ մեր Տեղ գյուղացի է, հայրը հմուտ հովիվ էր։ Ջուրը իրենց գյուղի դաշտն էլ է հասնելու։ Սա Տատունց Գեդեոնի տղան է՝ Սերոժը։ Սրա հոր հետ խոտ եմ հարել Ցուրտ աղբյուրի մոտ։ Տխուր երգում էր. «Ծարավել եմ ջուր բհրե՜ք…» ։ Սա Գլազանց Գառնիկն է՝ Խնձորեսկից: Սա էլ Սվարանցից Հայկազ Հովհաննիսյանն է։

Թունելից դուրս եմ գալիս գոհ։ Իսկական մարդկանց հետ շփվեցի: Նայում եմ այս խանձված հողերին և տեսնում խոր ձորում գալարվող Որոտանի արծաթե մեջքը: Ուր որ է մեծ գետը կելնի ձորից, կսփռվի ծարավ հողերի լանջերին: Ակամայից հիշում եմ Լունաչարսկու ասածը Հայաստանում՝ 1924 թվականին։

— Ողջո՜ւյն ձեր բազմաչարչար, բայց հարություն առնող մեծ երկրին, ողջո՜ւյն քեզ, ժողովուրդ։

Երեք գյուղ են ձորից բարձրանամ սարահարթ։ Երեքն էլ փոքր են։ Ազատաշենում 272 շունչ է, Այգեձորում՝ 226, Ձորաշենում՝ 236։ Այգեձոր—Մուղանճյուղը 17-րդ դարում մեծ և նշանավոր էր, շրջակայքը կոչվում էր նրա անունով «Երկիրս Մուղանջուղու» ։ Այս գյուղից են պոկվել ու մի քիչ ներքևում՝ Որոտան և Վարարակն գետախառնուրդում գյուղ ստեղծել երեսուն տուն հայեր։ Սրանցից մի ձիավոր ջոկատ է եղել Դավիթ-Բեկի բանակում և գյուղը կոչվել է Դավիթ-Բեկ, որ այժմ դարձել է Դավութլու: 1731 թվականին օսմանցի թուրքերի կեղեքումով և կոտորածի սպառնալիքով Դավիթ-Բեկ-Դավութլու գյուղի հայ բնակչությունը գլխովին մահմեդական է դարձել։ Մեծ էր նան Ալիղուլիշենը, 1884 թվականին այս գյուղում 150 տուն կար՝ 812 բնակիչով։ Սակավ հող և բնակվելու տեղ չունենալու պատճառով բնակչության մեծ մասը, այս դարի սկզբից սկսած, քոչել-հեռացել է: Այս երեք գյուղը հիմա միացյալ մի սովխոզ է՝ ԶանգեԶուր անունով, 728 բնակիչով։

— Մինչև նոր գյուղը շինենք, ջուրն էլ կհասնի մեզ, — ասում է մաղանջուղեցի Լալազար Խաչյանը։ Նա առաջին ծառն է տնկել նոր գյուղատեղում։ Ես նրան հարցնում եմ.

— Միացյալ գյուղի անունն ի՞նչ եք դնելու։

— Չենք որոշել, վեճ է, — պատասխանում է նա։— Ամեն գյուղ ուզում է իր անունը դնի նորի վրա:

Ես նրան խորհուրդ եմ տալիս նոր գյուղի անունը Հազարանփրկիչ դնել։

— Սրբի անո՞ւն:

— Ոչ։ Թունելի ջուրն է փրկելու ձեզ։ Փրկիչը դա է։

Փոքրիկ բլուր, խանձված խոտ։ Բլրի վրա մատուռի ավերակ, մի սևացած պատ՝ կրակարանով։ Պղնձե երկու մոմակալ է դրված սև մուր կրակարանում, տակը մի քանի մետաղյա դրամ։ Ես էլ եմ դրամ գցում… Ապա օջախին ագուցված է մի սևացած, կարճ ու լայն խաչքար։ Անզարդ է, անգիր, վրան արծվի ծիրտ։ Ցածում ջրամբարն է կառուցվում։

1971, հուլիս։– Հազարանփրկիչ մատուռի մոտ, բետոնի պատերի միջով մի ամբողջ գետ է հոսում։ Ջրատարի շինարարության պետ Գուրգեն Բադիրյանը հանում է շորերը, նետվում ջրի մեջ։ Տաս-տասներկու մանչուկներ ևս լողանում են։

— Ո՞ր գյուղից եք։

— Այգեձորից։ Առաջ Մաղանջուղ էր։

— Ե՞րբ լողալ սովորեցիք։

— Երբ ջուրը եկավ Հազարանփրկիչ։

Սա Հազարանփրկչի ցից քարն է՝ պտղաբերության պաշտամունք։ Նոր բերած ջրի մոտ հանդիպում եմ Ակլունց Բախշի դայուն՝ աղջիկ ծոռան հետ։ Այս տարի լրացավ ծերունու իննսուն տարին։

— Յոթանասունհինգ տարի գյուղում չեմ եղել, էս տարի ասացի մի գամ մեր հողին հասած էս ջուրը տեսնեմ։

Պապն ասում է, թե իր ծոռնիկ Ինան վեց տարեկան է։ Աղջնակը ուղղում է պապին՝ այս կողմերի խոսվածքով.

— Ես վեց չեմ, է՜, օխտը տըրեկան եմ, օխտը։— Ու քրքջում է։

Այդպես քրքջում է նաև Հազարանփրկչի հարթավայրը հասած ջուրը, նոր ջուրը։ Գուրգեն Բադիրյանի կառուցած ջրանցքի ջրերը առատորեն շաղ են գալիս սարահարթի վրա։ Երեք մանր գյուղեր հավաքվում են այստեղ՝ նոր գյուղատեղում, ջրերը դնգում են, ջրերը երգում են, ջրերը սրբագործում են հողի ոգին։ Ես էլ լողացա, մկրտվեցի Հազարանփրկիչի ջրով։ Մի հին խաչքար է թաղված հողի մեջ, Անթառամ և խոռն ծաղիկներ են բուսնել նրա տակ։ Ախր ջրի ցալքունները հասնում են նրանց։ Սքանչելի՜ք է։ Սարահարթում ջուր կա։ Սարահարթում նոր տներ են կառուցել։

Նստեցինք ջրի մոտ՝ թթի օղի խմելու։ Մի թունելագործ ծաղիկը պտկին վարունգ բերեց։

— Այս հողից է։

Լալազար Խաչյանի երազանքը կատարվել է, ջուր է եկել սարահարթ, և գյուղը դուրս է եկել ժայռերի միջից։ Ափսո՜ս, նրան չտեսա, նա ծանր հիվանդ է։ Հիշում եմ՝ 1619 թ. գրիչ Խաչատուրի ասածը, «Կատարեցավ սա (ձեռագրի ընդօրինակումը) ի յերկիրն Մախանջուխու, ի գյողս, որ Տանձավեր կոչի» ։

1972, օգոստոս։—Ջրաշինարարները թունելի ելքի մոտ նորից վարունգ են ցանել։ Գորու գյուղից, որին Կյորոէ էինք ասում, մեր տուն էր գալիս Ագուլ բիբին՝ բոբիկ, կիսամերկ.

— Մանիշակ, երեխեքս էլի քաղցած են…

Ագուլ բիբին հիմա չկա: Ես հիշում եմ նրանց քարանձավը, որ միշտ դատարկ էր, միշտ քաղցած ու ցուրտ։

Հիմա նոր գյուղ է այստեղ՝ անունը Հարթաշեն։ Հավաքվել են Մաղանջուղի, Գորու-Կյորու և Ուրղունիշենի ժայռերի մեջ ծվարած գյուղացիները և ահա նոր տներ են շինում։ Նոր տուն է շինում նաև Երանիկ Ջավադյանը։

— Եկեք հաց կերեք, ա՛յ մարդիկ։

Նոր տների հայացքները դեպի արևն է։ Քարանձավներում շատ են արևի կարոտել, հիմա մի լավ կկշտանան։ Գյուղխորհրդի նախագահ Գուրգեն Գրիգորյանին ասում եմ, որ լավ կլիներ գյուղի անունը Երանիկ դնեին՝ նոր գյուղ ստեղծող կթվորուհու պատվին, որ նաև յոթ երեխա ունի։

Նոր գյուղը խմելու ջուր չունի, ծարավ է։ Սովխոզի դիրեկտոր Հրանտ Բաղդասարյանն ասում է.

— Այս տարվա վերջին խմելու ջուր կունենանք։ Մի կերպ յոլա գնացեք մինչև բերենք։

Գյուղը բուժկետի, ճաշարանի, բաղնիքի, գրասենյակի, գրադարանի շենքեր է կառուցում։ Իսկ միջնակարգ դպրոցն արդեն շենք ունի։ Մինչև ձորերից դաշտ դուրս գալը երեք գյուղերը միասին ունեցել են 118 տուն, այժմ 126 տուն են։ Սիջնակարգ դպրոց ունեն՝ 150 աշակերտով։

Իր համար տուն է շինում նաև դպրոցի դիրեկտոր, բանաստեղծ Գրիշա Մանուչարյանը: Հարցնում եմ.

— Հիմա՞ էլ ես գրում։

— Մեկ-մեկ։ Ավելի լուրջ հոգսեր ունենք՝ նոր գյուղ ստեղծելը:

Հաճելի հոգս է։

1978, հուլիս։— Մաղանջուղ գյուղացի Ասատուր Խաչյանն ինձ ասաց, որ իր պապը բանաստեղծ է եղել և «դավթար» ունի։ Շուտով նրա որդին Սեյրանն այդ «դավթարը» բերեց ինձ մոտ։ Հին, դեղնած թղթեր են. բանաստեղծը կեղծանուն ունի` Սյունիկ Մահտեսի. հետաքրքիր է։ Մի, քանի տող հավանեցի.— «Բախտդ ծիծաղելու մի հուսար երբեք» ։— «Մի կրակի մեջ այրվում են անծուխ, անալավ» ։ «— Ո՜հ, ողորմած աստված, դու փրկիր բոլոր աշխարհն ցավից» ։

Այս տետրակն արժեքավոր է նրանով, որ Սյունիկ Մահտեսու որդի Պետանոս Խաչյանը հոր «դավթարի» էջերի մյուս երեսին գրել է իր հուշերը 1918—1920 թվականներին Զանգեզուրում ու Բաքվում ծավալված դեպքերի մասին, ինքը ևս ակտիվ մասնակցելով լեռնցիների ինքնապաշտպանական կռիվներին։ Իմ խնդրանքով նրա թոռ Սեյրանն օրինակել է այդ հիշողությունները և տվել ինձ։

Նոր ստեղծված Հարթաշեն գյուղից Գրիշա Մանուչարյանի հետ իջնում ենք հին գյուղը Կյորոլ, որ, ասել եմ, Օրբելյանի հիշատակած Գորուն է։ Ճանապարհն ահռելի է անդունդի լանջով։ Այգիները կենդան են, բայց հետզհետե վայրենանում են։ Ձորակով մի ջրաղացի ջուր է գնում: Այգիների մեջ հին ու նոր շիրմաքարեր կան։ Մի քանի արձանագրություն կարդացի։ Գրիշան ինձ ասաց, որ գյուղը յոթ գերեզմանատուն ունի։ Դրանցից մեկը մեծ ձորի այն կողմին է՝ լեռնաոստի մի պատառիկի վրա։ Այնտեղ այլևս անհնարին է գնալը։ Ավանդաբար ասում են, թե հին Խնձորեսկ գյուղի բնակչությունը Կյորուից է գնացել։

Եկեղեցին նոր է, սակայն հիմքերը հին, շատ հին են: Քարերը շատ խոշոր են ու անմշակ։ Պարզ է՝ հեթանոսական աղոթատեղիի վրա է շինված։ Եկեղեցին կանգուն է, ունի երկու հզոր կամար, որ պահում են քարե թաղը։ Եկեղեցու մեջ ու վրան արձանագրություն չգտա։

Գյուղում հիմա ոչ ոք չի ապրում։ Դիրքը կատարյալ անառիկ է՝ կուտակ բերդ։ Մի քանի տուն դեռ կանգուն են: Քարաշեն, հրաշալի տներ են։ Մի տուն չորս հարկանի է՝ առաջին հարկը լավ փորած քարայր։ Ճարտարապետական ու կառուցողական առումով գերազանց լուծում է, անհամար նուրբ ու ներդաշնակ կամարներ ունի։ Սակայն ավերակները, որ շատ են, ծածկվում են մոշի թփերով ու «վայրենի» կոչվող արագ աճող, լայնատերև ծառերով։

— Սա հարուստ ապոր տունն է, — ասում է Գրիշան։ Հրաշալի տուն է, բուխարիկի ծածկակալ քարը քանդակած, նախշած՝ կրակի, օջախի պաշտամունքի մնացուկ։

Այս մի ապերը հարուստ մարդ է եղել։ Սակայն շատ Էլ ժլատ։ Տղաներն ապրել են Բաքվում։ Ամռանը սրանք իրենց ընտանիքներով գալիս են գյուղ՝ հոր մոտ։ Հարուստ ապերը տեսնում է, որ մեծ տղան թամբաքու է ծխում, այն էլ թանկ տեսակի, ասում է։— Էդ պապիրոսդ օգուտ տալի՞ս է, որ ծխում ես։ Ախր փող է գնում, է՜, ա՛յ տղա, փող ես փչացնում։ Դրա թարկը տուր։ Օգուտ տալի՞ս է, որ ծխում ես։

— Հա, ապեր, — պատասխանում է որդին։— Սրա օգուտը մեծ ա, շա՜տ մեծ։— Օրինակիս համար, հինչպե՞ս։– Որ մի պապիրոս եմ քաշում, ապեր, հինգ օր կուշտ եմ մնում, — պատասխանում է տղան։— Հինգ օրում ո՛չ հաց եմ ուտում, ո՛չ գինի խմում։— Հա՞, — ուրախանում է միամիտ ապերը։— Որ էդպես է, ա՛յ բալա, եղբայրներիդ էլ պապիրոս քաշել սովորեցրու, հարսներէն էլ, երեխաներէն էլ։

Պետանոս Խաչյանը կցկտուր, սակայն հարկավոր տեղեկություններ է հայտնում Անդրանիկ Զորավարի Գորիսում գտնվելու մասին։ Ինքը եղել է անձնվեր զինվորական՝ հարազատ ժողովրդի փրկության դժվարին կռիվներում։

Հուլիսի վերջն է։ «Զանգեզուր» թերթի խմբագրության «վիլիսով», որի վարորդը իմ հորաքույր Մանուշակի թոռ Ռազմիկ Բաղդագուլյանն է, Գորիսից գնում եմ Մաղանջուղ։ Ես արդեն ասել եմ, որ Մաղանջուղ գյուղը մի տասը տարի աոաջ է վերացվել։ Այս ձորերի երեք գյուղերը ձորերից դուրս են եկել, միացյալ ուժերով նոր գյուղ շինել գեղեցիկ հարթության վրա, դարձել մի տնտեսություն, անունը դրել Հարթաշեն։

Նոր գյուղը չորս փողոց ոընի` կանոնավոր, լայն: Տները բարեկարգ են, բոլորը թիթեղյա կամ թափածո սալիկներով ծածկած: Աղբյուրի մոտ կանայք ու աղջիկներ են հավաքված: Հարցնում եմ` ջուր ունե՞ն:

— Բա չե՞ս տեսնում, — պատասխանում են։ Ես զղջում եմ հարցիս համար։ Գյուղն առատ ջուր ունի՝ և՛ խմելու, և՛ ոռոգելու։

Տների առաջ պարտեզներ են։ Ջահել հողագործ Անուշավան Կարապետյանն ասում է.

— Պետությունը մեզ հազար վեց հարյուր մետր հող հատկացրեց տներ շինելու, ու պարտեզներ ստեղծելու համար, բայց մեզ հազար երկու հարյուր մետր տվին։

Զարմանում եմ՝ ինչո՞ւ այդպես։ Չէ որ այս կողմերին անպտուղ ու անմշակ հող որքան ուզես կա։ Ինչո՞ւ են խախտել պետական սահմանածը։ Սա ի՞նչ գերխնայողություն է։ Դառնանում եմ գյուղը հիմնադրողների վրա։ Բայց դառնությունս փարատվում է, երբ զրույցի եմ բռնվում երկու երեխայի հետ, մեկը սովորում է երկրորդ դասարանում, անունը Արայիկ, մյուսը Համլետ ՝ չորրոդ դասարանում։ Համլետ անունը երեսունական թվականներից շատ հարգի է մեր լեռներում և չորս-հինգ տղայից մեկն անպայման Համլետ է։ Մարդ ուղղակի չգիտի ինչպես նախատի այս անհամար Համլետների ծնողներին։ Ինչևիցե։ Որոնում եմ բարեկամիս՝ Գրիշա Մանուչարյանին, ապա հին ընկերոջս՝ Կարո Օհանյանին։ Գտնում եմ։ Գրիշան հենց նոր է թթի օղի թորել-քաշել, թորելու սարքը դեռ չի քանդել, ահա դա փողոցի եզերքին։

— Մտնենք տուն։

— Չէ, պատրաստվիր, գնում ենք հին գյուղը՝ Մաղանջուղ։

Գրիշան նեղվում է՝ ախր գամ իր տունր ու ներս չմտնե՞մ։ Սակայն, երևի հիշելով իմ բնավորության այդ մի գիծը, այն, որ ասածիս տերն եմ, զիջում է ու մտնում մեքենաս։

— Որտե՞ղ է ապրում Կարոն։

— Նա պետական շենքում է։

Սովխոզն այստեղ մի երկու պետական շենք էլ է շինել, որ գյուղի ծայրին են, հարկավոր հարմարություններից զուրկ։ Ո՞ւմ են պետք նման բնակարանները։ Գրիշան հրաժարվել է բնակարան ստանալ այդ շենքերից և իր համար շատ գեղեցիկ առանձնատուն է կառուցել, ինչպես գյուղի բոլոր աոանձնատները։

Կարոն ևս ստիպեց, որ ես մտնեմ իր տունը, սակայն…

— Օրը մթնում է, շուտ արեք գնանք։

Գնում ենք սարահարթով։ Ես հիանում եմ ցորենի դաշտերով։ Հրաշալի հաց կա` անքիստ ցորենը պատ առ պատ ոսկուն է տալիս։ Ամենուրեք Որոտանի ջրանցքի ջրերն են վազվզում։ Հիշում եմ հիսուն, վաթսուն տարի առաջ մենք այստեղ արտեր ունեինք ու մի կաթիլ ջուր չկար, որ ծարավներս հագեցնենք։

Արտերը հնձում են մեքենաներով։ Արտերի մեջ անհամար դոլոն հավքեր կան, որ գեղեցիկ են, իսկ մի տեսակ թռչան էլ կա, որ չէի տեսել` կապտավուն է, փոքր, կոլը սպիտակ։ Կարոն, որ նաև որսկան է, ասում է, թե այդ թռչունն իրենց կողմերում չի եղել, այստեղ երևացել է ջուր բերելուց հետո։

Անցնում ենք Լալազար Խաչյանի տնկած ծառուղու արանքով: Առատ-առատ ջրեր։ Թունելի բերանին, որտեղ ես կանաչ վարունգ եմ տեսել դեռ թունելը կառուցելու ժամանակ, ջրհան կայան է դրած։ Մեծ ջրանցքը դուրս է գալիս գետնի տակից ու կապույտ-հրաշք գոտի դառնում ոսկեղեն արտերով պճնված բլուրների մեջքին։

Չէ, շատ բան է փոխվել։ Հրաշալի, աշխարհաշեն գործ է կատարվել այստեղ։

Հին Մաղանջուղը գրեթե կա իր նախկին տեսքով, տներից շատերը պահպանվել են, թեև ոչ ոք չի ապրում մեջը։ Կարոն ասում է, որ միայն իր եղբայրն է մնում հին գյուղում՝ կնոջ հետ։

Թթենիների խտության մեջ կանգնած է գյուղի եկեղեցին։ Փոքր է, ճարտարապետական մարգարիտ։ Սակայն նրա հրաշքը երեք խաչքարերն են։ Դրանք դրսից են բերված, մեկը դրված է եկեղեցու դռան գլխին իբրև բարավոր, մյուս երկուսը` կողքերին։ Ափսոս, այս եկեղեցին կառուցող վարպետները խաչքարերը մի քիչ կտրտել են՝ պատի մեջ հարմարեցնելու համար։ Բարավոր խաչքարն ուզում եմ համբարել՝ շատ է աննման, քանդակները նուրբ, ասես կենդանի: Քարի երկարությամբ զույգ խաչ է քանդակված, արանքներում ՉԾԱ: Սա թվականն է` 1302: Կարոն ասում է, թե այդ խաչքարը, ինչպես լսել է ինքը, բերել են մոտիկ Երիցձորից, որ կնշանակի երեք ձոր: Այնտեղ գյուղատեղ է եղել: Երկու խաչի մեջ մարդու հրաշալի քանդակ կա` զորական, նետ ու աղեղով: Մանավանդ քանդակի աչքերը հիանալի կենդանի են, խոսուն: Պատի տակ հրաշալի տապանաքար. «Այս է տապան հանկուցեալ Մկրտչի որդի Մելքումին. 1842»: Մի ուրիշը` «Այս է տապան Ալավերդի թվ. 1832»: Նաև հանգավոր տապանագրեր կան.- «Այս է տապան ի հանգստեան իջեալ մարմնովն ի գերեզման…» և այլն:

Մի քարի առջև Կարոն հանում է գլխարկը:

— Պապս է:

Հրաշք բան՝ «Օհան Սարգսի, 1806—1931» ։ Կարո Օհանյանի Օհան պապն ապրել է 125 տարի։ Կարոն ասում է։

— Մեռնելուց մի քանի օր առաջ բարձրացավ կեռասի ծառը՝ պտուղ քաղելու։ Քսան տարեկան հասակում մտել է կամավորական ջոկատի մեջ ու ռուսական բանակի կազմում կռվել պարսից Աբաս Միրզա թագաժառանգի զորքերի դեմ։ Այնքա՜ն բան էր պատմում…

— Գրի՞ ես առել։

— Չէ: Խելք ունեի՞…

Գյուղից տասներկու երիտասարդ են այն ժամանակ մտել կամավորական ջոկատների մեջ՝ Հայաստանի փրկության համար։ Հավաքվել են Խնձաղու խութում, երդում տվել ու գնացել կռվի… Խնձաղին ձնծաղիկն է, Ձնծաղիկի խութ, որ գյուղի գլխին է։ Սիրելի անուն։ Կամավորները մի–մի բուռ հող են վերցրել Կանա խաչերի թմբից, որ իրենց ուժ տա կռվում և իրենց հետ լինի, եթե գերեզման գտնեն հեռուներում։

Այս մեկն էլ Քամու խաչն է, սա էլ Պառավի խաչը։ Կամավորները, այդ թվում էլ Օհան պապը, որ այն ժամանակ գրեթե պատանի է եղել, կռվից ետ են եկել հաղթանակած, Հայաստանի արևելյան մասերը փրկած։ Մտել են Կաթկաթի ձորը, զենքը թաքցրել՝ սև օրերի համար։ Հիմա էլ կա Կաթկաթի աղբյուրը, իրոք կաթ-կաթ, այսինքն կաթիլ-կաթիլ, որ շատ բարակ է։ 1918 թվականի օսմանյան բանակի դեմ ինքնապաշտպանական կռիվների ժամանակ Օհան պապը, որ 102 տարեկան է եղել, գնացել է իր թաքցրած զենքը հանել ու դրանով պաշտպանել գյուղը՝ թուրք Նուրի փաշայի զորքերի դեմ։ Հետո զոհ են մատուցել Աղավնաձորի խաչքարերին՝ իրենց հաղթության պատվին։

— Երիցձորում գյուղ է եղել, հիմա էլ կա եկեղեցու ավերակը։ Աղավնաձորում էլ գյուղատեղի կա։

Այստեղից երևում է Բարկուշատի հովիտր՝ Որոտան գետը մեջը։ Հիշում եմ Ստ. Օրբելյան պատմիչի ասածը.— «Բարկուշատը Եղիպտ է» ։

Ուզում եմ տեսնել Կարոյի եղբորը՝ Արամ Խաչյանին, որ իր կնոջ՝ Արշալույսի հետ մեն-մենակ ապրում է հին գյուղում։ Արամը յոթանասունմեկ տարեկան է, Հայրենական պատերազմի քաջամարտիկ։ Բայց մարդ ու կին տանը չեն, երևի գնացել են ձորերը՝ միրգ հավաքելու։ Այստեղից ներքև` ձորերում հին Մաղանջուղի հին այգիներն են, որտեղ գինու հնձաններ կան երեք-չորս հազար տարվա հնությամբ։ Դրանք հիմա լքված են ու ավերվում են։ Կարո Օհանյանը իրենց գյուղի հանրագիտարանն է։

— Մեր գյուղի մի մասը եկել էՀ Գորիսի վերևի Սինդարից, մի մասը Ղափանից, մի մասն էլ Ղարաբաղի Մուղան դաշտից։

Ես ասել եմ, որ Մաղանջուղը Մուղանճյուղն է՝ այսինքն Մուղանի ճյուղ, Մուղան հայոց մեծ դաշտից եկածները։

Վերադառնում ենք նոր գյուղը։ Հրաշալի դպրոց ունեն՝ 140 աշակերտով։ Գյուղի բոլոր 123 տները նոր են։ Գյուղը 580 բնակիչ ունի։

Կապույտ երեկո է։ Դեղին արտերում աղմկում են հնձող մեքենաները։ Նոր գյուղի գլխին պտտվում են մի զույգ բազեներ…

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի