Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ

Spread the love

Հայոց հնագույն պետականությունների հետ հայկական արևելյան ծայրամասային նահանգների առնչության մասին պատմական աղբյուրներն ու տեղեկությունները սակավաթիվ են: Այդ առումով Սյունիքը բացառություն չէ: Հայտնի է, որ առաջին հայկական պետականությունները մ.թ.ա. II հազարամյակի առաջին կեսին ձևավորվում են Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում՝ Սյունիքից հեռու: Վերջին տարիների պատմագիտական գրականության մեջ ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն միտքը, որ մինչև մ.թ.ա. IX դ. Վանի կամ Արարատյան (Ուրարտու) հզոր և միասնական պետության հանդես գալը հայոց արևելյան կողմերում ձևավորվել էր Էթիու կամ Էթիունի անունով մի հայկական պետություն ևս: Այդ պետության մասն էր նաև Սյունիքը: Էթիու պետության մասին տեղեկանում ենք սեպագիր արձանագրություններից: Այդ պետության մասին խոսվում է նաև Արգիշթե II-ի (մ.թ.ա. 714-685) Սյունիքում թողած սեպագիր արձանագրության մեջ, ուր նշվում է, որ Էթուի դեմ Արգիշթե II-ը Իրդուա քաղաքի մոտ տվել է հաղթական ճակատամարտ: Ուրեմն Սյունիքը հեշտությամբ չի միացվել Արարատյան թագավորությանը: Իրար հաջորդած Արարատյան երեք թագավորներ (Սարդուր II, Ռուսա I և Արգիշթե II) Սյունիքն իրենց պետությանը միացնելու համար շուրջ 120 տարվա ընթացքում մի քանի պատերազմներ են մղել Էթիու երկրի դեմ:[1] Էթիուն զբաղեցնում էր Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասը և Սյունիքից զատ ներառում էր Արցախը, Ուտիքն ու այլ հայկական երկրամասեր: Ըստ Վ. Գայսերյանի՝ «շնորհիվ իր կազմակերպվածության, զարգացած տնտեսության, աշխարհագրական նպաստավոր դիրքի, ինչպես նաև անկասկած այստեղ ևս հայկական էթնոսով բնակեցված լինելուն, Եթիու երկիրը դառնում է Հայկական լեռնաշխարհում ձևավորվող քաղաքական բոլոր կազմավորումների կենտրոնը, այդպիսին էլ մնալով հայ ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում»:[2] Հ. Կարագյոզյանը իր հերթին առաջարկում է մեր ժողովըրդի «հայ» ինքնանվանումը ստուգաբանել «Էթունի» սեպագրական տեղանվան հիման վրա:[3]

Հայկական հնագույն պետականությունների հետ Սյունիքի կապերի մասին ակնարկել են նաև Մ. Խորենացին և Ստ. Օրբելյանը: Մ. Խորենացին վկայում է, որ վաղուց՝ դեռ մինչև Արարատի թագավորության ստեղծվելը, Սյունիքը հայկական հողերի մաս էր կազմում: Խոսելով Հայոց տոհմաբանության և գավառանունների մասին՝ պատմահայրը նշում է, որ նահապետ Գեղամն իր ունեցածի մեծ մասը որպես ժառանգություն տվեց Սիսակ որդուն:[4] Ուրեմն, Սյունիքը Գեղամը ոչ թե նվաճել է, այլ որպես ժառանգություն է ստացել իր նախնիներից: Եվ ահա, նա իր տիրույթից բաժին է հանել Սիսակ զավակին: Ուրեմն, մինչև Սիսակը Սյունիքը վաղուց հայկական էթնոսով բնակեցված տարածք էր և մտնում էր Էթիու պետության կազմի մեջ: Ըստ Մ. Խորենացու, Գեղամի թոռ Արամը՝ Սիսակի եղբորորդին, որին գիտնականները նույնացնում են Արարատյան պետության հիմնադիր Արամեի (մ.թ.ա. 860-840) հետ, նվաճեց արևելյան ազգերը և դրանց ղեկավարումը հանձնեց Սիսակյաններին:

Ստ. Օրբելյանը, ըստ Մ. Խորենացու, Սյունյաց իշխանական տոհմաբանությանն ավելացնում է ընդամենը մեկ, բայց խիստ արժեքավոր պարբերություն՝ հավանաբար օգտվելով մեզ անհայտ աղբյուրներից՝ թերևս Սյունյաց իշխանական տան դիվաններից: Սյունյաց պատմիչը գրում է. «Արդ՝ սկսեալ նահապետութիւնս այս ի նախնւոյն Սիսակայ երևելի հարազատութեամբ  պայազատեն զտէրութիւնն որդիք ի հարց երկայն և բազում ժամանակօք: Բազում և մեծամեծ քաջութիւնս ցուցեալ ի պատերազմունս թագավորացն Հայոց. եւ բազում եւ մեծամեծ պարգևօք եւ գահիւք պատուեցան թագաւորացն Պարսից եւ Հայոց նաեւ Յունաց իսկ: Եւ այնքան անուանիք եղեն, մինչ հրամայեցաւ նոցա գահոյս ունել արծաթի, եւ վարսակալ ածել մարգարտեայ եւ մատանի ունել վարազագիր: Նաեւ կօշիկ կարմիր/6/ եւ մական ոսկի՝ ունելով ի վերայ գրեալ զանուն եւ զպատիւ ցեղին: Եւ այսպէս հասեալ մինչեւ ցՎաղարշակ,զոր թագաւորեցոյց Արշակ՝ եղբայր իւր,ի վերայ հայոց ի սկիզբն թագաւորութեան ցեղին Արշակունեայ ի վերայ Հայոց…»:[5]

Հայտնի է, որ Ստ. Օրբելյանի նշած հայոց թագավոր Վաղարշակը, որի մասին հիշատակել է նաև Մ. Խորենացին, հայոց Արշակունյաց հարստության հիմնադիր Տրդատ I (64-88) թագավորն է: Ուրեմն, Ստ. Օրբելյանի ասածը վերաբերում է Սիսակ նահապետից սկսած մինչև մ.թ. դարն ընկած ժամանակաշրջանին: Այսինքն, խոսքը հայոց Արարատյան (մ.թ.ա. 860-590), Երվանդունի (մ.թ.ա. 570-201), Արտաշեսյան (մ.թ.ա.189-մ.թ.1) հարստությունների թագավորների, պարսից Աքեմենյան հարստության (մ.թ.ա. 550-330) թագավորների, ինչպես նաև Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակների մասին է:

Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ Ստ. Օրբելյանի խոսքերը հաստատում են Արտաշես I-ի (մ.թ.ա. 189-160)՝ Սյունիքում գտնված սահմանաքարը և դրա վրայի արամեերեն արձանագրությունը: Արտաշես I-ի՝ բարենորոգումների մասին վկայող սահմանաքարը Գորիսի Եռաբլրի սարահարթում՝ Հարժիս գյուղի հողատարածքում, հայտնաբերվել է 1964 թ.:[6] Այն իր ձևերով համարյա չի տարբերվում Հայաստանի այլ վայրերում գտնված արտաշեսյան մյուս սահմանաքարերից: Հետաքրքիր է, որ սահմանաքարը գտնվել է Գորիսի և Սիսիանի շրջանների ներկա սահմանագծից ոչ հեռու: Դրա ինը տողանոց արամեերեն արձանագրությունը 1965 թ. հրապարակել է Ա. Փերիխանյանը: Առաջին տողը, որտեղ պետք է գրված լիներ գյուղանունը, ջնջված է, միայն մնացել է ոչինչ չհուշող երկու տառ: Արձանագրության մեջ կարդում ենք. «…գյուղը, պատկանում է Արտաշես արքային, Բարուն, Զարեհի որդուն, և Նեկփառին, թագադիր, Աշխարհսատի որդուն»:[7] Նեկփառը և Աշխարհսատը եղել են Արտաշես I-ի անվանի պաշտոնյաները: Ամենայն հավանականությամբ, Նեկփառը եղել է Սյունյաց աշխարհի իշխանը, որին պատկանում էր գյուղը և շրջակա հողատարածքը: Այստեղ խորհելու տեղիք է տալիս թագադիր տիտղոսը: Ուրեմն, Սյունյաց տերը, տվյալ դեպքում Նեկփառի հայր Աշխարհսատը, եղել է Արտաշես I-ի թագադիրը: Հայտնի է, որ Արշակունիների հարստության ժամանակ (64-428) հայոց թագավորների թագադիրներն էին, և ասպետ տիտղոսն էին կրում Բագրատունի իշխանները: Դրանից ելնելով՝ որոշ հեղինակներ գտնում են, որ արձանագրության մեջ հիշատակվող Աշխարհսատի որդի Նեկփառը Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ է:[8]

Անընդունելի է, որ Սյունիքի սրտում գտնվող Եռաբլրի սարահարթի արձանագրության մեջ նշվող գյուղը կարող էր պատկանել Բագրատունիներին: Արտաշես I-ի օրոք Բագրատունի իշխանական տան գոյությունն իսկ կասկածելի է: Ըստ Մ. Խորենացու՝ Բագրատունիներն ունեն հրեական ծագում և թագադիր ասպետի տիտղոս ու իշխանական տուն կոչվելու պատիվը ստացան և հայոց

արևմտյան հողերի կուսակալ նշանակվեցին Վաղարշակ (Տրդատ I) թագավորի օրոք, այսինքն՝ սահմանաքարի տեղադրման ժամանակից շուրջ երկու հարյուր տարի հետո: Մ. Խորենացու համաձայն. «Նախ եւ առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի եւ իմաստնոյ, որ ի հրէիցն Շամբատայ Բագարատ, տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշականեաց, եւ որ ի նման է մեծ նախարարութիւն ի մէջ աշխարհիս»:[9] Իր տոհմի ծագման հավաստիությանը նախ պետք է հավատար պատմիչի հովանավոր-բարերարը՝ Սահակ Բագրատունի իշխանը: Եթե նա հավատացել է պատմահորը, ապա մենք ևս իրավունք չունենք չվստահելու նրան: Որոշ գիտնականներ Տիգրան Մեծի զորավարներից Բագադատեսին համարում են Բագրատունիների նախահայր: «Այս անունը կրող Տիգրանի ստրատեգը,- գրում է Ն. Ադոնցը,- անկասկած հանդիսանում է Բագ/ա/րատունիների նշանավոր տոհմի նախահայրը»:[10] Ն. Ադոնցը, չընդունելով Բագրատունիների ծագման Մ. Խորենացու վարկածը, հենվում է նրանց՝ Հայկ Նահապետից սերված լինելու մասին Սեբեոսի հաղորդման վրա:[11] Բայց Սեբեոսը Բագրատունիների հայրենակալվածքը համարում է Անգեղ տունը, որը Հայկական լեռնաշխարհի արևմտյան ծայրամասում է: Եթե նույնիսկ ընդունենք, որ Բագրատունիները հայկական ծագում ունեցող հնագույն հայկական իշխանական տուն են, ապա անհնար է կարծել, որ նրանք Սյունիքի կենտրոնում կարող էին ունենալ սեփական գյուղ: Ընդունելով Բագրատունիների ծագման մասին Մ. Խորենացու հաղորդածը՝ հնարավոր է ենթադրել, որ Արտաշեսյան թագավորների թագադիրները եղել են ոչ թե Բագրատունիները, այլ ուրիշ տոհմի ներկայացուցիչներ, և որ շատ հավանական է՝ դրանք եղել են Սյունյաց իշխանները: Այդ են վկայում Արտաշես I-ի վերոհիշյալ սահմանաքարի արձանագրությունը, ինչպես նաև Ստ. Օրբելյանի հաղորդումը: Գորիսի Եռաբլրի սարահարթում գտնված սահմանաքարի արամեերեն արձանագրությունն արտացոլում է ճշգրիտ իրողություն: Սյունիքի կենտրոնում գտնվող գյուղը պատկանում էր Սյունյաց իշխան Նեկփառին, որի հայր Աշխարհսատը եղել է Արտաշեսյան հարստության հիմնադիր Արտաշես I-ի թագադիրը (գուցե դա ժառանգական պաշտոն չի եղել): Սյունյաց իշխաններն իրավունք էին ստացել ունենալու արծաթե գահույք, կրելու մարգարտե վարսակալ, հագնելու կարմիր կոշիկ և բռնելու տոհմանշանով ոսկե գավազան: Ստ. Օրբելյանը խոսում է նաև այդ գավազանի վրա նշված՝ Սյունյաց իշխանների պատվաստիճանի մասին: Իսկ ինչ պատվաստիճան կարող էր լինել դա, եթե ոչ հայոց թագավորի թագադիր-ասպետությունը: Սյունյաց իշխանները բարձր դիրք էին գրավում նաև Տիգրան Մեծի արքունիքում և օգնում նրան ընդարձակելու իր պետության արևելյան սահմաններն ու այնտեղ հիմնադրելու Տիգրանակերտ անունով քաղաք: Հայոց թագավորների թագադրության պատիվն Արտաշեսյան հարստության անկումից և անիշխանությունից հետո տըրվում է Բագրատունիներին: Դա հիմք է տալիս ենթադրելու, որ ոչ բոլոր հայ իշխանական տներն էին ոգևորված այն բանից, որ պարթևական թագավոր Վաղարշ I-ը (52-75) Հայաստանի գահին նստեցրեց իր եղբայր Տրդատին (66-88): Տրդատ I-ը Հայաստանում ամուր ու հուսալի հենարան ունենալու, հայ իշխանական հզոր տներին ընդդիմադիր հակակշիռ ստեղծելու նպատակով, ինչպես նաև նկատի ունենալով Բագրատունիների մատուցած ծառայությունները՝ նրանց իշխանական տուն կոչվելու պատիվ է տալիս և շնորհում արքունիքի ամենապատվավոր տիտղոսը: Դա նշանակում է, որ Սյունյաց իշխանական տունը հարկ եղած Հայոց հնագույն պետականությունների հետ Սյունիքի առնչության հարցի շուրջ չափով չի աջակցել Տրդատի գահակալությանը: Այնուհանդերձ, մշտապես հզոր Սյունյաց իշխանական տունը հայոց Արշակունիների արքունիքում ևս շարունակում էր մնալ նախարարական սանդղակի ամենավերին ու ամենապատվավոր աստիճանների վրա:

Ամփոփենք. Հայկական լեռնաշխարհի արևելյան մասի մի ընդարձակ հատվածը, որտեղ հետագայում ձևավորվեց Սյունյաց նախարարական տունը, սկզբից ևեթ շարունակական սերտ կապի մեջ է եղել լեռնաշխարհում ծավալվող գործընթացների հետ: Սյունիքի մի քանի հազար տարվա հնություն ունեցող Սյունիքի ժայռապատկերները (Ուղտասար, Ջերմաջուր) և հնագույն աստղադիտարան Զորաց քարեր-Քարահունջը դրա վառ վկայությունն են: Սիսիանում հայտնաբերված գանձերը (1945 թ.՝ Սառնակունք, 1970 թ.՝ Սիսիան), դրանցում մեծաքանակ մետաղադրամների (նաև հայկական) առկայությունը փաստում է, որ Սյունիքն առևտրատնտեսական աշխույժ հարաբերությունների մեջ է եղել ինչպես լեռնաշխարհի կենտրոնական նահանգների, այնպես էլ հարևան երկրների հետ:


[1] Ըստ արձանագրությունների՝ Սյունիքը Վանի կամ Արարատյան թագավորության կազմի մեջ մտել էր դեռևս Սարդուր II թագավորի (մ.թ.ա. 764-735) օրոք:Այն նշվում է որպես Սևանա լճից հարավ-արևելք ընկած երկրների ընդհանրական անուն:Սյունիքի համար պատերազմել է նաև Ռուսա I-ը (մ.թ.ա. 735-714): Հ. Կարագյոզյանի կարծիքով, Ռուսա I-ի Սևանի լճափին (Ծովինար) թողած արձանագրության մեջ նշվող Գուրիայա երկիրը Գորիսն է (Կարագյոզյան Հ., Արևելյան Հայաստանի ուրարտական տեղանունները (ՀՀ ԳԱ Լրաբեր հասարակական գիտությունների, 1978, N 10, էջ 64-66):

[2] Գայսերյան Վ., Արգիշթե II-ի Սիսիանի արձանագրությունը (նույն տեղում, 1985, N 6, էջ 78):

[3] Карагезян О., Проблема этногенеза и самоназвания армянского народа по клинописным источникам (նույն տեղում, 1988, N 7, էջ 64):

[4] Մովսես Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը և ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, լրացումները Ա. Սարգսյանի, Ե., 1991, էջ 41:

[5] Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, աշխ. Կարապետ Վարդապետ Շահնազարեանցի, հ. Ա, Փարիզ, 1859, էջ 53-54:

[6] Սահմանաքարը գտել է Տաթևհէկի շինարարության աշխատակից Արշակ Հովհաննիսյանը Գորիս-Սիսիան տանող ճանապարհի մոտ՝ Իշխանասարի ստորոտում: Այն Երեվան են տեղափոխել Գր.Գրիգորյանը և Գ. Տիրացյանը: Պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում:

[7] Периханян А., Арамейская надпись Зангезура (Некоторые вопросы среднеиранской диалектологии) (Պատմա-բանասիրական հանդես, 1965, N 4, էջ 108):

[8] Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971, էջ 681:

[9] Մովսես Խորենացի, էջ 104-105:

[10] Ադոնց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում.Քաղաքական կացությունը ըստ

նախարարական կարգերի, Ե., 1987, էջ 458:

[11] Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրութեամբ` Գ. Վ. Աբգարյանի, Ե., 1979, էջ 51:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի