«Սևուկը». Ա. Ծատուրյան

Spread the love

Image result for արկադի ծատուրյան

Հրաչը ձիերի միջից մի ջահել, սիրուն ձի էր ջոկել բերել և առաջին անգամ ուզում էր թամբել: Քուռակ էր եղել, ուզում էր ձի դարձնել: Առաջին անգամ թամբում էր, որ առաջին անգամ նստեր:

Կյանքու՞մ էր քուռակը թամբ տեսել… թամբը նրա համար անսովոր էր և  ինքը նոր պիտի ձի դառնար:

Ձի պիտի դառնար, բեռ պիտի կրեր, պիտի տիրոջն առներ մեջքին: Բայց իսկական ձին իսկական ձի է, սա ձի էլ չի, քուռակ է:

Այդքան հե՞շտ է քուռակին ձի դարձնել. իր համար ազատ, արձակ ապրել է, վայելել սարի ազատությունը, մոր թևի տակ ապրել հայրենի աստղերի ներքո, քուռակավարի թավալ տվել թավիշ խոտերի վրա:

Բայց ահա Հրաչն այդ ամենը հաշվի չառնելով` եկավ ու իրեն մորից անջատեց, ոտ ու ձեռքը կապած քաշ տվեց գյուղ, թե Սևուկը ձիու համար բավական հասունացել է:

Սևուկն էլ հո Սևուկ չէր, ժամանակից շուտ բոյ էր քաշել, լցվել, հասունացել, սիրունացել: Մի պատկեր՝ կազմվածքը ձիգ ու ամուր, տեսքը մի հրաշք…

Մնում էր թամբը դնել մեջքին, փորքաշը ձգել, սանձ-լկամը քաշել բերանին ու թռնել մեջքին:

Բայց քուռակը չէր ուզում ձի դառնալ:

Ափսոս չէր առաջ: Ինքը իր համար մտրուկ էր, վազում-վարգում էր ուր ուզենա, տկլոր-մկլոր թափառում էր սարն ի վար, սարն ի վեր… Թեթև ու անհոգ ապրում էր մոր թևի  տակ, տրտինգ էր տալիս՝ քեֆին տված, փորը կուշտ, աչքն արևին, ոտքը արագ, սիրտը անահ…

Հիմա տեր է հայտնվել՝ Հրաչ է, ինչ է: Եկել է, թե` վերջ, ինչ եղել է պիտի մոռանաս ու սրանից հետո իմ ասածը պիտի անես: Ձի դառնալու ժամանակդ եկել է: Հերիք է ինչքան պոչդ ցցած չափչփել ես հանդ ու դաշտ, գիժ հորթուկի նման սուրացել քամու թևին: Հերիք է ինչքան քուռակություն ես արել, հիմա պիտի ձի դառնաս:

Բայց Սևուկը հենց դա է, որ չի ուզում: Չի ուզում ձի դառնա: Տիրոջ իրավունքով Հրաչը մոտենում է թե չէ, փնչում-թնչում է, շուռումուռ գալիս այս ու այն կողմ, ծարս լինում ետևի ոտքերի վրա, գլուխը թափարում, քացի տալիս:

Հայացքն արձակ դաշտերին ուզում է  փախչել, ազատվել մարդկանց ձեռքից: Բայց ո՞վ թույլ կտար:

Հարյուրավոր ձիերի միջից էր Հրաչը ջոկել նրան, աչքադրել, հավանել, որոշել, հասկացել, որ Սևուկը մուրազ ձի է լինելու նրա համար: Ու որպեսզի Սևուկը չկարողանա փախչել, առաջին հերթին բերում սանձ են  հագցնում Սևուկի սիրուն գլխին, լկամ խոթում բերանը: Սևուկը միանգամից հուշտ է լինում, առաջին անգամ բերանում զգալով սառը երկաթի առկայությունը: Աչքերը կայծակին են տալիս, լցվում ամեհի կատաղությամբ:  Ռունգները դողում են լարվածությունից, քթանցքներից անհամբերություն է ցայտում ու Սևուկը խելահեղ  թափով բարձրացնում է  առջևի ոտքերը, կանգնում հետևի ոտքերի վրա, սիրունիկ վիզը թափահարում  այս ու այն կողմ: Սանձն ավելի ուժգին են ձգում և դրանից քիչ է մնում բերանը մեջտեղից ճղվի:

Թակարդն ընկածի նման Սևուկը շարունակում է անհուսորեն թպրտալ: Սանձը մի քիչ էլ են ձգում, այնքան, որ ատամները չռվում են  ու բերանն ակամա բացվում է: Սևուկը սկսում է հևալ, շնչահեղձի նման բերանը բաց ու խուփ անել և մթնած աչքերը շուռ ածելով շուրջը, կոկորդով մեկ բխկում է՝ ծամելով բերանն օղակող լկամը:

Տերը`  Հրաչը, նայում, խղճում է նրան` իր ապագա ձիուն:

Սևուկը լարումից ամբողջովին քրտնում է, դողում, հազիվ մնում ոտքերի վրա, այնպես ջղաձգվում, կարծես հոգևարքի մեջ է:

Հրաչը վախից սանձը մի քիչ էլ է թուլացնում…

Սևուկը ջրում խեղդվողի պես շարունակում է դժվար շնչել: Հրաչը տագնապում է՝ ախր Սևուկն ամբողջովին քրտնել է, վճիտ աչքերում  արցունքի կաթիլներ են կուտակվել…

Մի քիչ էլ է թուլացնում սանձը: Հրաչը լավ է հասկանում, որ Սևուկը դեռ ձի չէ, երեկվա քուռակն է: Հրաչը լավ է ջոկում քուռակների բնավորությունը: Առաջին անգամ չէ: Նա լավ գիտի, թե ինչպես են քուռակներին ձի դարձնում: Անգիր գիտի: Հասկանում է նաև, որ քուռակն իր քուռակն է, ուրիշինը չէ: Այդ պատճառով էլ խղճում է նրան: Բայց խղճաս, չխղճաս՝ քուռակը պիտի ձի դառնա: Ձի դառնա, բայց դեռ քուռակ ժամանակից աչքը չվախենա, չընկճվի, չխեղճանա, զորեղ լինի: Չէ՞ որ իր տակի  ձին է լինելու: Ու Հրաչը սանձը մի քիչ էլ է թուլացնում:

Բայց զգուշության համար միշտ ձեռքում է պահում ու աչքի տակով նայում Սևուկին՝  փախչելու գժությունը հո՞ չի բռնել:

Չէ, երևում էր, որ Սևուկն արդեն հաշտվել էր իր անսովոր վիճակի հետ և հրաժարվել էր փախչելու մտքից: Մի տեսակ հանդարտվել էր Սևուկը, անշարժացնել, մեխվել գետնի վրա և երկար պարանոցն առաջ պարզած՝ թախծոտ աչքերով նայում էր հեռու, հեռավոր սարերին: Թվում էր, թե արդեն կարելի էր շոյել, գուրգուրել Սևուկին, հասկացնել, որ Հրաչը միայն իր  լավն է ցանկանում: Հենց այս վստահությամբ էլ Հրաչը ազատ ձեռքը կամաց պարզեց դեպի Սևուկի թավիշ վիզը և սկսեց քնքշորեն շոյել: Սևուկն անհնազանդության նշաններ ցույց չտվեց: Հրաչին թվաց, թե շոյանքը դուր եկավ ձիուկին և այս անգամ ձեռքը կամացուկ տարավ դեպի թրթռուն փորատակը…

Ու ինչ կատարվեց, Հրաչն ինքն էլ չհասկացավ:

Հարմար պահից օգտվելով` Սևուկը հանկարծ ծարս եղավ, սանձը քաշեց, պոկեց տիրոջ ձեռքից ու քամու արագությամբ փախավ: Հեռվից Հրաչի ականջին հասավ միայն Սևուկի հաղթական խրխնջոցի ձայնը:

Սևուկը հայտնվեց լայն ու ընդարձակ դաշտում: Տեսնելով, որ լիովին ազատ է, ու իրեն ոչ ոք չի հետապնդում, Սևուկը փնչալով կանգ առավ և սիրունիկ վիզը  խոնարհեց կանաչ խոտերի վրա:

Հևոցն արդեն դադարել էր, քրտինքը սառել էր մարմնի վրա: Սևուկը երանության մեջ էր: Դիմացն ընդարձակ դաշտն էր, ծանոթ սարալանջերն էր, իր սիրած մախմուր սիզախոտը: Ինչքան ուզում ես արածիր, տկլոր մարմինդ ցողիր արևի տաքուկ շողերի տակ:

Ազատության բերկրանքը շողուն աչքերի մեջ` Սևուկը հաղթական նայեց շուրջը և զրնգուն խրխնջոցը խառնեց հավքերի երկնային համերգին: Շուրջը երանելի լռություն էր: Սանձը պարապ կախվել էր մռութից ու ոչ ոք այլևս նրան չէր խանգարում:

Սևուկը հաճելիորեն  թափահարեց գլուխը, սմբակ-տոտիկներով թեթևակի դոփեց գետնին և այս անգամ բոլորովին ազատ խրխնջաց, որից դրնգաց դիմացի ձորը:

Ազատության զգացումը Սևուկի սիրտը երջանկությամբ էր ողողել: Նրա գլխին արդեն տեր չկար: Նա ինքն էր իր գլխի տերը:

Սևուկի աչքերում արևի պայծառության ցոլանքն էր, ունկերի մեջ՝ սարերի զեփյուռի անուշ խշշյունը: Սևուկն արդեն չէր զգում սեփական քաշի  ծանրությունը: Նա փետուրի նման թեթև-թեթև էր ու կարող էր վիթի նման քարափից քարափ թռչել, անդուռ ու անարգելք ճամփաներով գնալ մինչև աշխարհի ծայրը:

Հանկարծ Սևուկի ականջը ձայն որսաց: Ականջները խլշեց, նայեց դիմացի արահետին: Վտանգի զգացողությունից ցնցվեց մարմինը: Բարձունքի հետևից մոտեցող քառարշավ մոտեցող ձիերի սմբակների աղմուկ խուժեց լսողության խորքը: Մի վայրկյանից հետո աղմուկն ավելի  շատացավ: Սևուկն  ահով զգաց, որ իր հետևից են գալիս: Նայեց, գլուխը թափով շուռ տվեց ու խրտնած եղնիկի նման  թռավ աղմուկի հակառակ ուղղությամբ: Սևուկը քառատրոփ փախչում էր ու դիմացը ոչինչ չէր տեսնում, նա ողջ արագությամբ սուրում էր առաջ ու նրան թվում էր, թե ոչ ոք իր ետևից հասնել չի կարող:

Բայց, իհարկե, սխալվում էր Սևուկը: Թվում էր, թե դիմացն ազատությունն է, իհարկե, բայց միանգամայն անսպասելի  առջևից ձիավորներ  հայտնվեցին: Տեսնելով նրանց` Սևուկն անհապաղ  թեքվեց ուրիշ  կողմի վրա, բայց այստեղ էլ ձիավորներ ելան նրա դեմ: Սևուկը շփոթվեց, պտտվեց շուրջը, աչք հածեց չորս կողմը, բայց  դուրս պրծնելու ելք չգտավ: Անզորությունից փնչաց, շրջվեց մեկ այս, մեկ այն կողմի վրա, ի վերջո համոզվեց,  որ շրջապատումից  դուրս գալ չի կարող: Միայն մի ելք կար` նետվել անդունդը: Մի պահ որոշեց հենց այդպես էլ անել: Խելագար թափով սուրաց դեպի վիհը, ուր ստույգ մահն էր: Հասավ անդունդի եզրին, բայց ցած չթռավ: Շնչահատ կանգնեց անդունդի բաշին ու խեղճ-խեղճ նայեց շուրջը: Հենց այստեղ էլ Սևուկին բռնեցին ու սանձն  անմիջապես քաշեցին գլխին: Ուժասպառ ու հուսահատ Սևուկը  մեխվեց տեղում՝ արցունք հեղելով ռունգերն ի վար:

Հրաչը խիստ բարկացել էր, ու այս անգամ ավելի խիստ գտնվեց: Չնայած Սևուկն անվերապահ հնազանդվել էր , այնուամենայնիվ Հրաչը նրա մեջքին ծանր քարերով լի խուրջին դրեց և սանձն ամուր քաշելով հետևեց դեպի տուն` մեկ-մեկ ձեռքի ծանր մահակով դաղելով խեղճի  գավակը, փորատակը: Սկզբում Սևուկը մի կերպ քայլում էր, բայց հետո չդիմացավ ու գետնատարած պառկեց ճանապարհի մեջտեղը: Միայն դրանից հետո Հրաչը բեռը նրա վրայից վերցրեց ու տարավ գոմի ախոռից ամուր կապեց:

***

Սևուկը հիմա կարգին ձի է: Բեռներ է տանում, բեռներ է բերում և հլու-հնազանդ տիրոջն առնում մեջքին: Հիմա նա ձի է, ինչպես աշխարհի բոլոր ձիերը: Վաղուց մոռացել է իր քուռակությունը և ամեն ինչ անում է , որ տեր Հրաչն իրենից գոհ լինի:

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի