Եղիցի լույսով հայրենապատում

Spread the love

Երբ արևելքի ճաճանչներից օծվում էր աշխարհ հազար անգամ մուտք գործած հոգևորը, Նեմրութի` չոքատեղ դարձած, անաղարտ փեշերում հորդում էր արիացոց խոյերի կամ բուխախները գետնին հասնող ցլերի արյունը, որ շիթում էր Վանա փրփրախիտ ալիքների պես ծաղիկ-պղպջակ առած ու ազատության համար պայքար-մարտերից կրքոտ ջերմություն վաստակած հոսքով: Կյանքը եռում էր: Արյան համբույր առած նգածաղիկն էլ իր բուրմունքով չէր խնայում անգամ մեր աստվածներին…Հրա՜շք… Հոլանի կույսերը դեռ նազում են, աստվածները` բնության լինելիությամբ պայքարում, սակայն տաճարներն ի չիք են դարձել ու համեստորեն տեղները զիջել եկեղեցիներին:

   

   Մի ժամանակ էլ Հաբանդ գավառի տափարակներից մեկում արևի` մի բուռ ու արդեն հեթանոս դարձած գիշերընկեց կրակի ցոլքով ընդգծվում էին հարճերի կոնքերը, երբ հրաման եղավ հատհատել բամբիռների ու նայերի հնչյունները: Ամեն ինչ տակնուվրա եղավ, ու Զանգեզուրի լեռներին իրենց բարձրությամբ ու վեհությամբ  չափվող տաճարները  ընկուզենու  ծառեր դարձան… Օրերն ու դարերը  չէին ներում ժամանակներին ու անմոռանալի պահի հայտնության ակնկալությամբ  թույլ չտվեցին, որ երկրային   հրամանները քարեղեն դառնան, հողն էլ չէր կրում  բազալտե եկեղեցիների  ծանրությունը, և հանկարծ… հազարամյակը  մեկ պատգամ  տվեց` եկեղեցի կառուցել. Դա 1898 թվականն էր:  Նոր քաղաքը իր մաշված ուսերին կրող  տափարակում` Կյորեսի մթնաձորի խորքերում վխտացող և չգիտես որ ծորացող լույսի կանչով հայտնված ժամ-մատուռների դիմաց, վեր է բարձրանում այսօրվա Գորիսի միակ՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Կարկամ  Կանաչ ժամը մունջ հառաչ էր առաքում իրեն արդեն մտահան արած երկնային հովանավորին, որպեսզի չկառուցվի եկեղեցին (հավանաբար չէր ցանկանում՝ իր զորությունը սակարկվի ու մրցակցվի). Երկնքում արդեն նզովք դարձած տրտունջքի մասին ժամանակ առ ժամանակ սրանից-նրանից լսում էր իր ժամն անտեսած ու հոգի դարձած Սրբավորը, այդ պատճառով քար չէր գտնվում, որպեսզի ավելի շուտ ավարտվեր եկեղեցու շինարարությունը: Ասում են, որ որոշ քարեր էլ Կոռնիձորի մոտերքում գտնվող մի հնավայրից` Քյումբազից են բերել: Տաճա՞ր է եղել այդտեղ, թե՞ եկեղեցի՝ կարևոր չէ, բայց այնտեղից բերել են նաև մեր Ս. Գրիգոր Լուսավորչի պատերի տակ զարմանքից քարացած կենդանակերպ քանդակները, որ, ի՞նչ իմանաս, գուցե անցյալում կայթացել են հերապանծ այրերի ակնառջև, երբ առասանով իջել են այրերից` մասնակցելու գերաշխարհիկ խրախճանքներին կամ ընդունելու հարճագայթ հյուրերին:

            Եկեղեցու շինարարությունը բոլոր դեպքերում շարունակվում էր խաչ-ծաղիկ կտրվածքով. աշխարհիս հանդուրժված քարն էր դրվում քարի վրա, իսկ մոտերքում արդեն ստվեր էր առնում գորիսեցուն քանի՜ հազար բաժակ օղի հրամցրած թթենին: Անիմանալի է, թե որ մեղքի համար «քարի տակ մնացած» և ասաղկալացած ձեռքով Տիգրանը` եվրոպական մորուքով, Իտալիայից «հոս էգած», հորդորում էր, որ իր ճատարապետությամբ կառուցվող եկեղեցին յուրօրինակությամբ աշխարհում միակն է լինելու: Գործը դանդաղում էր, իսկ չգիտես ինչ իրավունքով սրբանալու եկած քարերը դեռ ըմբոշխնում էին կաթուկ տվող սպիտակ թթենու մեղրածորությունը: Երբ ռուսաց հրամանով քաղաք ձևացող Գորիսը երազում էր տյառնագրություն, իսկ պապակ շուրթերով եզրաքարը հասել էր սարքվելիք գմբեթի ոտքերին, երկնքում շոշափվեց Ճըգնավերի քերծի աղե՞րսը, նզո՞վքը, թե՞… 1904 թվականին դադարեց եկեղեցու շնարարությունը: Ըստ որոշ ասացողների` պետական հրաման է եղել, իսկ Էդիկ Տատինցյանը պնդում է, որ ինժեներ, անհայտ ազգանունով Տիգրանի վարձը չեն տվել, մարդն էլ, խիղճն Աստծուն հլու, թողել-հեռացել է, երբ շարականը եկեղեցու վեղարում պիտի երկներ իր հունչը, և քամուն սիրահետող քշաթուխպերը սայթաքեին ամոթից` հանդիպելով մեղավոր հոգու դատապարտումի ամբողջացած զնդանին: Ինչևէ, նույն օդը,  որ իր ականջին Կյորեսի ձորից առնում էր Գորիսի գոյությունը «մեղա քեզ» դարձրած պառավների փնթփնթոցը, իսկ Գորիսից` փառավոր Հայրիկի օրհնանքը, ամբողջացավ Ս. Գևորգ Լուսավորիչ եկեղեցով: Փույթ չէ, օծվեց եկեղեցին, կառուցվեց խակ կապույտի մի պատառիկը խժռող գմբեթը` թիթեղյա սուր ծայրով:

            Նախկին մանկավարժ Հայկ Տատինցյանը ժխտում է, որ գմբեթ է եղել. «…23 թվին, վեր 5 տարեկան  /է/ի, տատս ինձ տարավ… էն վերն ա է, վեր խաչը ճըրի մեչ են քիցում…արարողությանը. գմբեթ-պան չկար,- հետո էլ, թե՝ մեր Էդիկը դյուզ չի ասում»:

            Գմբեթի գոյություն ունենալը, ամեն դեպքում, տեսած-լսածի կարգավիճակով փաստում են ուրիշ տարեցներ և Է. Տատինցյանը: Վերջինս ասում է, որ Տիկրան (Սինվենի են կոչել Միջին Ասիայում եղած ժամանակ) անունով մարդ է եղել` Լենինի հետ չայ խմած, մաուզերով խփել ու սպանել է  թիթեղյա գմբեթի` իր բույնը տնօրինող խաչին` այդուհետև անտերության մատնելով եկեղեցու հոգեսուն խորանը, մի բուռ լույսը թողնելով Աստծու հույսին… Չէ´, մեր տարեցների ձայների մեծամասնությամբ (թերևս նրանք անշահախնդիր քվեարկեցին) հավաստվում է, որ գմբեթ եղել է, բայց ժամանակավոր էր ու մեր օրերում միայն քարեղենացավ (զարմանք. մի փոքրիկ Ս. Գրիգոր Լուսավորիչ, որի շինարարությունը տևեց մոտ հարյուր տարի. աշխարհում չեղած բան է…):

            Գորիսի բարքերն արդեն խոնարհվում էին Ս. Գրիգոր Լուսավորչի փեշերին, իսկ ինքն իրեն չհավատացող քահանան ընդունում էր բոլոր տեսակի երկնային պատիժներն ու երկրային ընծաները, այդ թվում` Ֆրանսիայից մեր բժիշկ Վիտալիկի պապի և Հաբուդ ամու (Հարություն բեյ) բերած հրաշալի ջահը, որի գտնվելու տեղը ցայսօր անհայտ է. վերջին հանգրվանը եղել է Լուկաշինի` նախկին թատրոնի շենքը:

            Բանասացները չեն հշում, թե ով է կնքվել կամ պսակվել Ս. Գրիգոր Լուսավորչում, բայց գիտեն, որ այն գործել է մինչև 1923-24 թվականները: Մինչև 1939-40-ական թվականները, քանի դեռ չէր հայտնվել իր վաստակած դրախտում, Աստծու ներումը վարձ համարելով, տիրություն էր անում տեր Խորենը` Մելիք-Դադայանը, որ ժամանակին ազդեցիկ էր ու Հայկ Տատինցյանի հորն էլ դպրոցում կրոն էր դասավանդել: Նա Կապանից էր եկել. բան է էլի, ասում են, թե նրա սիրունատես կինը եղել է Գ. Նժդեհի քույրը, որ ծնել էր երկու չեկիստ տղա[1]:

            Չնայած եկեղեցին նոր էր, սակայն այն նույնպես չդիմացավ ժամանակների դժվարություններին. խորշոմել էին նրա ներքին պատերն ու հատակը, խեղճացել էին եկեղեցու` նամությունից ժապավեն առած պատերին հենված խաչքարերի նախշերը, որոնցից ամեն մեկը հավաստում ու ըստ ճոխութան մի ժամանակ փառավորում էր այս կամ այն մեծավորի գոյությունը: Ս. Գրիգոր Լուսավորչի վերջին քահանան, որ եկեղեցի գալիս էր հետագայում Չոփուռ Սանթրու կողմից գնված տնից, աշնան վերջին ջերմաբաղձ տերևի պես անզորացել էր, քանզի Կյորես-Գորիսի բնակչությունը չէր հավատում անգամ Ս. Գ. Լուսավորչից սպասվելիք հրաշքներին: Մելիք-Դադայան քահանան երբեմն-երբեմն իրականությունից  արդեն անհավատ դարձած գորիսեցիերի ականջին էր հասցնում եկեղեցու բակում գտնող փայտաշեն զանգակատան` կախաղան հանվածի տպավորություն թողնող զանգի հնչյունը, սակայն ապարդյուն. ոչ մեկը չէր անսում եկեղեցու լինելիությունը հաստատող, նշխարացող ու իր գոյությունը մթագնող կոչնակին: Հոգեվարք ապրող զանգի զնգոցը, «առավոտ լուսո արգեակն արդարը» իր` պատրանքով երկնած նազանքին չափ դարձրած, առավել տնքում էր խարխուլ զանգակատան ուր որ է ընկնելուց` գուշակելով իր հանդերձյալ կացարանն այնտեղ` մարդկանց հիշողություններում, ուր մի ժամանակ հանգրվանեց Տաթևի` «ի զուր» որոշիչը ձեռք բերած զանգը: Հոգեդարձումի արարողություն էին կազմակերպում մանուկները. մարմնին առնելով նետված քար ու փայտի հարվածներ` զանգակատան փայտի ճռռոցին զուգակցվում էր բրոնզաձույլ զանգի ա՜խը, ապա`վա՜խը, նորից` ա՜խը ու վա՜խը` միայն հոգոցը թողնելով գուցե մարդկային, բայց կորած խիղճերում: Զանգի փրկության կանչից դուրս էր գալիս անհավատին ժամանակին բարձրաձայն անիծած քահանան, մի ձեռքով սքեմի փեշերն էր ամբողջացնում բռունցքում( հակառակ դեպքում կընկներ. այդպես շատ էր պատահել), մյուս ձեռքով հաթաթա տալիս լակոտներին` «մեղա քեզ Աստվածը» մտքում անընդհատ կրկնելով. «Ես ձե՛ր…շա՛ն լակոտներ…»: Պատահում էր, որ առավոտվա` ինքն իր համար կազմակերպող ժամասացությունից ուշացած Գորիսի` երևի թե արդեն միակ հավատացյալը`գորիսեցու ու Աստծու միջև տարիներ շարունակ կապը պահպանող, բայց արդեն կամարավեր կամուրջ դարձած հայ հոգևորը, ճանապարհին ենթարկվում էր հոգեհան հարձակումների. նրա՝ եկեղեցի գնալը նմանվում էր մահը փնովող ու Աստծու հավերժ հանգստին չմիջամտելը դատապարտող շքերթի: Երբեմն բանը հասնում էր նրան, որ անքոթ[2] լակոտները գողանում էին այդ փոքրամարմին քահանայի քումալթի[3] թասակը, նրա ծիկրակող հայացքի առջև սահում էին «Լենին-Ստալինը» դեռ չսերտած երեխաների վայրիվերո արտահայությունները, իսկ եկեղեցին, չհանդուրժելով այդ ամենը, քամուն ու ջրերին էր տվել իր ինքնությունը, մարմինը հանձնել էր բնությանը, և տարփանքից խլրտացող բնությունը վայելում էր Ս. Գիգոր Լուսավորչի կույս մարմինը` մեկենիմեկ հիշելով ինքնության ամենամեծ հրաշքը` ազատությունը: Հայրենական պատերազմի տարիներին եկեղեցին վերածվեց ռազմական մի ճակատի. նրա ներսում պայքարի էին ելել հոգևորն ու նյութականը. հաղթանակը տոնվեց հոգու կեցության. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրիկաօծ եկեղեցին դարձավ պահեստ, իսկ հետագայում` Գորիսի գավառագիտական թանգարան: Մի առ ժամանակ եկեղեցին, իր մեջ առնելով հազար ու մի նշխար, պարփակվել էր ինքն իրենով, երբ հայրենական ակուքները սարսռացին` այսուայնկողմ ցրելով օտար պաշարումները ու վեր խոյացնելով եկեղեցու իրական գոյությունն ու գմբեթի` Աստծուն միաձուլվելու տենչացող խաչը: Ամեն:

 

[1]Իհարկե, դա իրականությանը չի համապատասխանում. հավանաբար տեր Խորենի`Մելիք-Դադայանի քույրն է եղել Գոհար Մելիք-Դադայանը, որը Նժդեհից ծնել է մի աղջիկ` Լիլյա անունով: Մանարամասն նայե´լ Ռաֆայել Համբարձումյան, «Վարք Նժդեհի», 2001թ., էջ 56-ի ծանոթագրությունում:

[2] Բրբ. Անդաստիարակ, անհասկացող, չհասած:

[3] Գրբ. Մուգ կարմիր, սևին տվող կարմիր գույն:

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի