20-ամյա գրադարանը Բերձորում

Spread the love

 

Կարևորություն գրի ու ընթերցողի հանդեպ 1998 թվականի օգոստոսի 23-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում սկսեց գործել քաղաքային գրադարանը: Անցել է 20 տարի, և այս տարիների ընթացքում գրադարանը հարստացրել է գրքային ֆոնդը. այժմ ունի ավելի քան 10000 կտոր գրականություն և մոտ 1000 ընթերցող: Հոբելյանի առթիվ գրադարանում տեղի ունեցավ տոնական ցերեկույթ, որին ներկա գտնվեց նաև Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, բացելով ցերեկույթը, ասաց. «Այսօր տոնում ենք Բերձորի քաղաքային գրադարանի հիմնադրման 20 ամյակը, գրադարան, որն իր դռները բացեց ազատագրված տարածքներում վերաբնակեցված բնակչության առջև…»: Գրադարանի հիմնադիր տնօրեն Սոնա Հովեյանն անդրադարձավ մշակութային այս կարևոր օջախի հիմնադրման պատմությանը, նշելով, որ շրջանի առաջին ղեկավար, պատմաբան Ալեքսան Հակոբյանի անմիջական մասնակցությամբ կայացավ գրադարանը: Ասաց՝ առաջին օրերին դժվար էր, անմխիթար վիճակում էր գրադարանի շենքը, չկար գույք, սակայն մի քանի օրերի ընթացքում նորոգվեց գրադարանի տարածքը, կահավորվեց: Նշեց բոլոր բարերարներին, ովքեր տարիների ընթացքում հարստացրեցին գրքային ֆոնդը: Ցերեկույթի ընթացքում ասմունքով, պարով, երգերով, բեմական մասով հանդես եկան գրադարանի գրական ստուդիայի սաները՝ Բերձորի թիվ 1, թիվ 2 և Քարեգահի միջնակարգ դպրոցների աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին գրադարան այցելած ճանաչված անձանց խոսքերը: Գրող Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրաչոն, տպավորությունների գրքում գրել է. «… Տարիներ շարունակ ճանաչում եմ տիկին Սոնա Հովեյանին, ով իր ամուսնու՝ լեգենդար բժիշկ Արցախ Բունիաթյանի հետ այստեղ է: Այսպես է գալիս հաղթանակը՝ միշտ միասին, սիրով ու ջերմությամբ»: Գրականագետ Սարգիս Մխիթարյանը գրել է. «…Ես բոլոր հայերի անունից ասում եմ՝ բոլոր ճանապարհները տանում են դեպի Արցախ: Այն ընդամենը աշխարհագրական անվանում չէ, այլ հոգևոր կենսատարածք, որով սկսվում է մեր վերադարձը մեր սկզբին: Շատ ուրախ եմ, որ Քաշաթաղում գործում է այս կարևոր մշակութային օջախը՝ գրադարանը…»: Երգերի գեղեցիկ կատարումով հանդես եկավ Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երգչուհի Ֆիրուզա Արզումանյանը: Գրադարանը 2016 թվականի օգոստոսի 16-ից տնօրինում է Սոնա Գևորգյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց նախկին տնօրենին՝ մշակութային այս օջախը կայացնելու համար: Կարևորելով գրադարանի դերը՝ նշեց՝ գրադարանը բացառիկ կարևոր արժեք ունի, որը լավագույն ձևով է իրականացնում իր առաքելությունը, որ ազատագրված հողում ապրող մարդուն մատուցում է գիրք՝ մարդու ամենալավ բարեկամին: Տեղեկացրեց՝ գրադարանն սպասարկում էր և այժմ էլ շարունակում է սպասարկել Բերձորի և շրջանի բոլոր համայնքների բնակիչներին: Սկզբում ընդամենը 400 կտոր գրականություն և 100 ընթերցող ուներ գրադարանը, այժմ ընթերցողները և աշակերտներ են և ավագ սերնդի ներկայացուցիչներ: Խոսելով գրադարանի առօրյայի մասին՝ ասաց՝ ալստեղ հաճախ են կազմակերպվում տարբեր մշակութային միջոցառումներ, մշտապես գործում են տարբեր ժամանակներում կայացած հանդեսների, հանդիպումների, այլ կարևոր իրադարձությունների մասին պատմող վահանակներ: Նշեց՝ գրքային ֆոնդը պահպանելու և ընթերցողին լիարժեք սպասարկելու համար գրադարանը պետք է ունենա լուսավոր ու չոր պայմաններ, ինչպես նաև՝ տեխնիկապես հագեցված ընթերցասրահ: Սակայն ներկայիս պայմանները չեն համապատասխանում դրանց, և գործող տարածքը և ընթերցասրահ է, և աշխատողների աշխատավայր և գրապահոց: ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանը, շնորհավորելով հոբելյանի առթիվ, ողջունելով ներկաներին, նույնպես կարևորեց գրադարանի դերը՝ նշելով, որ ինչքան էլ զարգանան տեխնոլոգիական միջոցները, միևնույն է՝ ոչինչ չի կարող փոխարինել գրքին: Ասաց՝ այս հողը 2 դար և ավելի գերությամն մեջ էր, և այսօր վերստին հայն է իր երկրի տերը: Նաև գրադարանով պետք շենացնենք ու կայացնենք մեր տունը: Մաղթեց, որ ընթերցողների թիվը բազմապատկվի ու եռապատկվի: Շնորհակալություն հայտնեց գրադարանի տնօրենին, աշխատակիցներին, որ նման պայմաններում աշխատում են նվիրումով և նախարարության պատվոգրով ու նվերներով պարգևատրեց գրադարանի աշխատակիցներին, օժանդակողներին: Նշեց՝ պարտավորեցնող էր նաև երեխաների ելույթը: Բարձր գնահատեց Ալեքսան Հակոբյանի դերը՝ որպես տարածքի գիտակ պատմաբան ու գիտնականի: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր շնորհավորական խոսքում նույնպես կարևորեց գրադարանի, գրքի դերը: Անդրադաձավ գրական ստուդիայի սաների ելույթներին՝ նշելով, որ դա էլ գրադարանի ձեռքբերումներից է: Հույս հայտնեց, որ կգա օրը, և Բերձորը կունենա իր մշակութային պալատը, որտեղ բարվոք վիճակում կգործի նաև գրադարանը: Ցերեկույթին ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը, Բերձորի փոխքաղաքապետ Անահիտ Չարչյանը, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Հ. Ավանեսյանը ցերեկույթը հայտարարեց փակված՝ ընթերցելով Արցախի մեծ բարեկամ, Անգլիայի Լորդերի պալատի անդամ, Լեդի Քերոլայն Քոքսի խոսքը Բերձորի գրադարանի մասին. «Ազատագրված այս տարածքի գրադարանում այսքան կարևորություն հայ գրի ու ընթերցողի հանդեպ ապացույց է, որ մենք հաղթել ենք ու հավերժ ենք»:

Զոհրաբ Ըռքոյան

 

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի