Categories:
Գլխավոր
Առաքել վարդապետ Կոստանդյանց. «Արցախի պատմութիւն». «Մի մարդու և նրա որդիների նորահրաշ մահվան մասին»
Սկիզբը այս էջում
Հաբանդի նահանգում, այսինքն՝ Վարանդում (չկամեցանք պատմության մեջ անցկացնել մարդու և նրա բնակության անունը, որովհետև ծանրագույն կերևար ազգականների աչքում, ուստի հեռացրի սրանից): Շարադրանքիս կարգը ստիպում է ասել՝ մի մարդ էր նույն գավառում, շատ հարուստ, նահանգում ոչ ոք նրա ճոխությանը չէր համեմատվում թե՛ գանձերի և թե՛ կալվածքների ամենայն ունեցվածքով, անունավոր մեծատուն էր. արդյունքի դռները բազմադարական էին ամենայն վաստակավորությամբ՝ թե՛ հողագործությամբ, թե՛ շերամապահությամբ կամ վաշխառությամբ ու վաճառականությամբ և այլ զանազան, բյուրատեսակ արդյունարար շահավաճառությամբ: Տարեկան արդյունքն ու գանձերը բերում էր, տարեցտարի ամբարում-կուտակում, և մերձավորները, հեռավորները թե ազգականները, ամենքը ասում էին. երանելի մարդ է, աստված այնքան է տվել, որ տեղեր չկան, որոնցում կարողանա ամփոփել: Նաև ուներ երկու որդի՝ արական սեռի. մեկն ամուսնացած էր, մյուսը՝ ամուրի, թեպետ աստվածային հավատի մեջ էր, սակայն թերությամբ լի էր, թեպետ հաճախում էր եկեղեցի, բայց անկատար էր գնալը, թեպետ ցանկանում էր աղքատներին տուրք տալ, բայց վարձերից անմասն էր ելնում. ուրեմն՝ այս ամենից զրկված էր գտնվում: Այրիներին, որբերին և անխնամ ընկածներին չէր կամենում նպաստավոր լինել: Մշտապես ոսկին և արծաթը տալիս էր վաշխի [տոկոսով] և ստանում էր ավելորդությամբ, քան գրածները. դրանով անողորմաբար հավաքելով՝ փարթամացավ, քան երկրի մեծատունները: Բայց երեց որդին հորից տասնապատիկ առավել ագահությամբ համառում էր. ողորմելին արծաթասիրության մոլուցքով էր շարժվում, սատանայական եղանակով իրեն հաստատում էր, ցանկանում մնալ անելանելի, իսկ մուրողներին,աղքատներին, որբերին, այրիներին և անխնամներին իրենց բնակությունից հեռու էին պահում:
ՄԻ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՆՐԱ ՈՐԴԻՆԵՐԻ ՆՈՐԱՀՐԱՇ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ
Դարձյալ՝ տարեցտարի նույն բնակության ողջ հասարակությունը ինձ՝ անարժանիս, հրավիրում էր իրենց գյուղերը քառասնօրյա աղուհացի պահոցի օրերին խոստովանության և հաղորդության խրատական խոսքերի համար, որովհետև քարոզության ժամին շատ անգամ խոսքը առակաբանությամբ շրջում էի այն խստասիրտ մարդու վրա. երբեք [խոսքը] չէր մերձեցնում նրա խցանված ականջներին, որովհետև մարգարեի խոսքը միշտ պետք է կատարել ոմանց նկատմամբ: (Ըստ Դավթի՝ Թող նա չլսի ճարտարի թովիչ ձայնը և չառնի իմաստուն տեղատուի տեղը): Որի համար փակելով իր լսելիքը, չէր ցանկանում խոսքի սերմը բուսացնել հոգու իմանալի անդաստանում:
Դառնանք խոսքի շարադրանքին:
Քանի որ ժողովուրդը ըստ տեղի և ժամանակի պահանջելուն հրավիրել էր ինձ, և տանում էին հոգևոր պետքերի համար: Սիրաշարժ հարգանքի հիմամբ, միաբանների և այս սուրբ ուխտի համար հավաքում էին գանձանակադրամ: Բայց այն մարդը մի կարմիր տասնոց չտվեց, որքան ժողովուրդը պնդեց, թերևս փորձության պատճառով կարողանային առնել, սակայն նա երբեք չկամեցավ լսել հասարանության ձայնը: Նրանց այս քարասրտության համար ամբողջ հասարակությունը հավաքվեց ինձ մոտ՝ ասելով, թե իսկապես չարժե լսել սուրբ Գրքի խոսքը, որովհետև ամեն կողմից աստված հաջողեցնում է այն մարդու վաստակը, և օրըստօրե ավելանում են դաշտային բերքը, գանձերը, բոլոր արտաքին աղբյուրների եկամուտները: Ես, քարոզական խոսքս հազիվ շրջելով, բերեցի վկայություն՝ Դավիթ մարգարեի խոսքը, թե ահա մեղավորներ կան, նրանց հաջողվել է, կան և ունեն ամենը: Այս և այլ տեսակ խոսքերով համոզեցի նրանց մտածածը:
Բայց ամենակալ աստված ակներև ցույց տվեց իր զարմանալի հրաշագործությունները խավարասեր, անողորմ մարդու վրա: (Արդարև շատերը աստվածապաշտության մեջ թերամտությունից ուղղվեցին նրանվ):
Պատմության կարգին անցնենք:
Եկավ օրը. ինչ-որ պատահարից ընկավ, հիվանդացավ չարաբարո մարդը, ծանրագույն տկարությունը սկսեց այնքան սաստկանալ, որ շատերն անգամ ասացին, թե չի կարողանւոմ մինչև անգամ մի վայրկյան կենդանի մնալ. ողորմելին մնում է այնպիսի ամենաթշվառ կյանքում մինչև երեք ամիս: Ձայնը կտրվեց, լեզուն կապվեց, շրթունքները չորացան, աչքը փակվեց. խախտված անդամներով ընկել էր մահիճը իբրև անկենդան դիակ: Ուստի որդիները, տեսնելով վերջին շնչարգելության մեջ, պատրաստեցին յուր վախճանական բաժինքը՝ դիազարդերը և պատանքը:
Երբ հոգին ավանդելը մոտ էր, նրա լեզվի կապանքները քանդվեցին, սկսեց համարձակ խոսել: Առաջին բանն այն էր, որ իր մոտ բերեն մի խուրձ ցորեն՝ ընտիր ու լավագույն, իրեն լրիվ մերկացնեն հանդերձից: Այնպես արին, ապա ասաց, որ ցորենը թափեն մարմնի վրա, որ ամբողջ մարմինը ծածկվի, այնպես արին, թողին միայն բերանը բաց: Նույն ժամին դարձյալ լեզուն կապվեց, և հառաչում էր: Երեց որդին հորդորում էր հորը և խրախուսում, թե ինչո՞ւ է այդքան խորագին հոգում, ուրախ մնա և չերկնչի, որովհետև մտադիր է հանդիսավոր և մեծ հրաշափառ պատարագներով կատարել նրա վախճանվելու օրերը ոչ միայն այժմ, այլև ամեն տարի: Ողորմելի հիվանդը շարժում էր գլուխը և երկու մատով ցույց տալիս երկու ոչխարներ: Ողորմելին այդ ամենից հետո ընկավ խորին հոգևարքի մեջ և նեղությամբ ավանդեց հոգին: Եվ ապա ըստ հասարակաց կարգ ու օրենքի տարան գերեզմանատուն և ամփոփեցին:
Երեք օրից հետո երեց որդին ընկավ սաստիկ հիվանդության մեջ և խոսում էր վայրիվերո որպես խելացնոր: Ընտանիքը հարցնում էր աղճատախոսության համար, թե ինչո՞ւ է այդպես անիմաստ բաներ խոսում-զրուցում: Հիվանդն ասում է, թե իր հայրը գալիս և ձևանում է իր աչքում՝ նախ որպես իր հոր կերպարանքը, ապա կարճ ժամանակ հետո նույն մարդկային դեմքը փոխակերպում է, դառնում այլադեմ կենդանիների այլանդակ և ահարկու տեսարան, զարհուրեցնում է իրեն և ահաբեկ տեսլյամբ կամենում է իրեն հուզաթափ անել և իրենց մեռցնել, աչքում և մտքում անխափան ձևանում է թե՛ արթուն ժամանակ, թե՛ երազում, բաց թե փակ աչքով, միևնույն տեսլյամբ երևութանում է իր աչքում:
Ծերունի և զառամյալ անձանցից ստուգել-իմացել է, որ հին ժամանակում շատերը փոխվել են գերեզմանում, այժմ՝ մեր ժամանակում ևս կա այդ բանը, և բոլորը պատմել են ըստ կատարելու եղանակի, թե այսպես անհապաղ պարտավոր են անել, եթե կամենում են ազատ լինել հիվանդի տանջանքներից: Ըստ ծերերի պատվիրանների՝ գիշերվա երրորդ պահին մի քանի անձինք բոլորից գաղտնի բացեցին այն անողորմ մարդու տապանը, կափարիչը հեռացրին արկղից, տեսան գլուխը ծածկող թաշկինակը կերված, ինքը ջերմացած, քրտինքը հոսում է ողջ մարմնով՝ որպես կենդանի մարդ, երեսի գույնը կարմրած, ինչպես գինուց հարբած մի մարդ, և [նրանք] այնտեղ ընկան թմրությամբ, միայն խոսքից զրկված: Ըստ ծերերի պատվիրանների՝ սրով պատռելով, բացեցին որովայնը հանեցին ամբողջ փորոտիքը, ապա կտրեցին գլուխը, դրեցին երկու ոտքերի մեջ, արկղի կափարիչը դրեցին, ծածկեցին տապանը և անցան գնացին: Այդպես մնաց մինչև երեք օր: Դրանից հետո հիվանդի աչքերում դարձյալ երևաց առաջվանից առավել այլանդակ կերպով: Նույն ժամին ողորմելին փչեց հոգին: Տարան թաղեցին հոր մոտ:
Նույն օրը փոքր որդին ընկավ նույն սաստիկ մահառիթ հիվանդության մեջ, խոսում էր եղբոր նույն խոսքերը, հոր երևալը ևս այն այլանդակ կերպարանքով, դողում էր հիվանդը, ի վերջո ընկավ ծանրագույն մահառիթ հիվանդության մեջ, ասես մոտ էր օրհասական ժամը: Դարձյալ գնացին, բացեցին տապանը, արկղի կափարիչը անջատեցին, տեսան իսկապես կենդանացած, գլուխը կտրած, ոտքերը խածատած, պատանքը ատամներով դուրս թափած, երկու աչքերն էլ բաց, բերանը փակում էր և բացում ինքնին աներևույթ դիվական շարժումով: Դրա համար սուրը դրեցին-կոտորեցին մանրամասն բոլոր անդամները և հավաքելով արկղի մեջ՝ կրկին ծածկեցին, պտտեցին և անցան գնացին: Երկու օր հետո հարցրին հիվանդին, թե արդյոք այժմ երևո՞ւմ է, թե՞ ոչ: Ողորմելին ասում է, թե այժմ առաջվանից ավելի վատթար է երևում դեմքով:
Բանն աստծունն էր. հնարավոր չէր այնքան անձանց թողնել տարակուսանքի մեջ: Դրա համար անճարացած վերստին գնացին բացին տապանը, հեռացրին արկղի կափարիչը, տեսան՝ մարմնի բազմահատ կտորները եռացած շարժվում էին ու մորեխի նման ոստոստում-ցատկոտում էին, ասես, մեծ կաթսայի մեջ, որոնք եռացված են սաստկավառ հրով: Տապանը բացող մարդիկ արդարև մեծ զարմանքի մեջ էին, կրկին գնացին օրինագետ ծերերի մոտ և հարցրին, թե ի՞նչ վերջ կունենա այդ գործառությունը: Ըստ ծերունիների խոսքի՝ երկու բեռ փայտ բերեցին, կուտակեցին գերեզմանում, հրով վառեցին և արկղը՝ կոտորած մարմնով հանդերձ, դրեցին նրա վրա ու հրկիզեցին, մարմինը մոխիր դարձրին, լցրին գերեզմանը և ծածկեցին հողով ու գնացին: Երկու օրից հետո մինչ հիվանդը տագնապի մեջ էր, վերստին դողը բռնել էր, ծածկում էր երեսը և կամենում էր փախչել, դարձյալ հարցրին նրան, թե այժմ ի՞նչ է տեսնում: Ողորմելին ասում է. «Այժմ իմ եղբորն եմ տեսնում, ստիպում էին տանելու համար, չգիտեմ՝ ո՞ւր և որտե՞ղ, միայն այսպես է հայտնում, թե այնտեղ ես նեղսակրության ընկեր չունեմ, այնպես է սահմանված՝ գալ ընկերանալ ինձ հետ»: Դեռ եղբոր մարմինը չհրդեհած, ողորմելին ընկավ, վախճանվեց, բայց նախավախճանվածի մարմինը այրեցին, ինչպես հոր մարմինը:
Կրտսեր որդին նույնպես կենդանափոխվել էր. երևաց ընտանիքին, բայց հնարը գտել էին. նրան ևս շտապ այրեցին հրով: Մնաց իգականսեռի ողորմելի ընտանիքը տարաբախտ վիճակում: Տակավին չգիտեին մարգարեի խոսքերը.«Անօրենները կհալածվեն միասին, և ամբարիշտների զավակները կկորչեն»:
Այնքան գանձերը և կալվածքները մնացին այլոց ձեռքերում: Դավիթ մարգարեի կողմից ասվածը տան մասին արդարացավ, թե գանձ է և չգիտե՝ ո՞ւմ է ժողովում: Արդարև բոլորն իմացան սուրբ Գրքի խոսքերը, թե իսկապես ճշմարիտ է, շատերը հետ դարձան չար ճանապարհից՝ տեսնելով այսպիսի զարմանալի հրաշագործությունը աստվածային տնօրինությունից:
Ինձ մնում է հայտնել շատերի տարակուսությունը, որոնք աստված հատկապես լուծել է և հայտնել հասարակությանը վախճանվածների ընտանիքի միջոցով: Որպես թե տեսիլքում երևացել է մոր երեց որդին. մայրը տակավին կենդանի էր և հարցնում էր որդուն,թե իրենց թողել է անխնամ և անտերունչ, իրեն ի՞նչ, ինչո՞ւ երեքը միասին միանգամայն հետազոտելով միմյանց, զրկվել են ամեն ինչից և լքել ամենը, թողել գնացել: Որդին հարցնում է, թե ինչպիսին են նրանց բնակված հոգիների տեղերը, և եթե մայրը կամենում է իմանալ իրենց հոր տեղը, ապա՝ նա անհայտ է եղել, բնավ չի հայտնում տեղը: Որչափ հարցնելով կամեցավ տեղեկանալ, ասացին՝ ոչ ոք չի կարող տեսնել նրան. գնացել է կորստյան ճանապարհով և տեսլիքում երևացել է անողորմի կինը:
Եվ ապա հայտնել է իրենց տեղը, թե արդարև անտանելի տանջանքների մեջ են, որովհետև եզների մի երկաթյա լուծ՝ որպես շիկացած շանթ, նույնպես սամիները՝ որպես բորբոքված կայծակներ դրված են՝ մի ծայրը իր պարանոցին, մյուսը՝ իր եղբոր, իր սամիները կապված են շիկացած սամետով, բայց իր եղբոր [սամիները] թողնված են արձակ և անկապ, միայն սամիքը՝ կախված: Ուստի երբեմն սաստիկ տանջանքից նեղված, իրեն արձակելով՝ փախչում է տանջանքներից ինչ-որ չափով հեռու քարընկեց տեղ: Բայց թույլ չեն տալիս իր կամքով արձակ մնալ, այլև կրկին բռնում բերում են իր տեղը, սաստում են չելնելու համար.այս արձակումով դյուրության և անդորրության սակավ ինչ շունչ էր առնում:
Բայց իրեն երբեք չթողեցին կապանքներից մի փոքր արձակվել կամ հանգիստ ունենալ, չլսեցին նաև իր աղաչանքները: Այս ամենը ցույց տվեց աստված, թերևս կարողանան պատարագներով ազատել նրանց հոգիները կամ քահանաների մաղթանքներով, կամ հիշատակով: Բայց ընտանիքն առավել ևս կուրացավ, քան առաջինները. իրենց կյանքը վարում են ագահությամբ, բոլոր կանայք և աղջիկները անպետ վաստակավորներ, տնավեր անձինք են:
Այս ամենը տեսնելով հենց իմ աչքով և ընտանիքից լսելով՝ իսկությամբ գրեցի՝ բնավ չխառնելով պատմությանը: Շատերից տեղեկացանք նաև խաբեությունների, թե թաքցրել են մեծամեծ հրաշքներ…
Տեր աստված թող ազատի բոլոր հավատացյալներին ամեն այսպիսի սատանայական, կորստական խևերից և տա զգաստության հոգի. գանձել են այն գանձը, որին չկարողանա մոտենալ ցեցը կամ գողը: Պարծենանք ի Տեր, ամեն:
ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ [ՄՂԱԾ] ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Հայոց ՌՄԻ – 1220 (1771) թվականն էր, լուր եկավ, թե,ահա՛, պարսիկները բազմաթիվ ծանր զորքով գալիս են Աղվանից երկիրը, որոնց զորագլուխն է փախստական Ամիրփաթխանը՝ Իբրահիմ խանի եղբայրը,և նրանց հայրը՝ Մամադհասան աղան: Նույն ժամանակում Տող բերդաքաղաքն էին եկել Իբրահիմ խանը և իր հայրը՝ հայազու [հայերից կազմված] զորքվ: Ըստ չարագույն համբավի՝ մեծ զորք գումարեցին Աղվանից երկրից, վերստին Տողի նույն անառիկ բերդում, դեռևս շրջապատի պարիսպը կար ու մնում էր, ինչպես նաև՝ երկաթակապ ամրագույն դռները՝ կախված ամբողջությամբ, և պահապանները դռների՝ կազմ ու պատրաստ:
Պարսից զորապետը մտադրվել էր Դիզակի նահանգի ապաստանների այս բերդը քանդել ու քայքայել, կոտորել հայր և եղբայր կամ տիրել հայրենիքին, կամ հոր մնացած ընտանիքը առնել ու գնալ պարսից երկիրը: Այս խորհրդածության մեջ բազում զորքով եկավ բլրի գագաթը, որը բերդի դիմացն է՝ անօրենների հանգստավայրը, որտեղ անթիվ վրաններ նետեցին, որոնք տարածվելով ծածկեցին բլրի գագաթը: Մարտի այս գործին պատրաստվեցին առավոտյան պահին, ժամ դրեցին՝ շարժվել մարտի ասպարեզը, երբ արեգակը ծագի: Պարսից զորախումբը՝ իբրև ամպերի ստվեր,այն դարավանդից շարժվեց դեպի անառիկ բերդը՝ բերդի առջևի հարթահարմար ասպարեզը: Դաս-դաս կարգված, բաժանված՝ արագընթաց շարժումով շտապում էին բերդի մոտ: Երկու կողմերից հրացանները,ասես, ցողունները հրդեհելով, ճարճատում էին:
Այն ժամանակ անօրենների պատերազմում հայերը փորձառու քաջեր էին, աներկյուղ առաջ շարժվելով, կռվում էին: Հայոց պարսպապահ զորքը ամրոցից այնկողմն էր, պարսից զորքից (արդարև կես մասը) բերդի առաջ գետնին փռել, դիակներ էին կուտակում-դիզում. անհնար էր բռնությամբ մոտենալ բերդին: Բազմիցս օրըստօրե կրկնել են արշավանքը բերդի վրա, երբեք չկարողացան վնաս հասցնել: Աշնան ժամանակ էր, մի գիշեր սաստիկ ձյուն և անձրև տեղաց, ուժգին հողմ [փչեց]: Այլազգիների բանակում աղաղակ ընկավ, ողորմելիները իրարով անցան, որպես թե տերը մարտնչում էր նրանց հետ:
Երբ առավոտը արևը ծագեց, հայերը, իսկապես, գտան նրանց տկարությունը, նաև տեղ չկար,որ անձրևաջուրն անցած չլիներ, և ջուրն էր ապականել մարտի ընթացքի ամեն ինչը: Այդ պատճառով հայերը, խումբ կազմած, սուրը ձեռքներին, տեղում տարածվեցին-սփռվեցին հարթության վրա և սրընթաց արշավանքով աճապարեցին առ պարսից բանակը: Երբ նրանք տեսան, որ հայերը կայծակնորեն հասնելու են և բոլորին սրի ճարակ դարձնեն, և որ հետ դառնալու հույսը միանգամայն վերացված է իրենցից, բանակից այնկողմ բլրին սկսեցին այստեղ-այնտեղ ծակ մտնել, ջրի պես սահել:
Երբ տեսան, որ հայերը մոտ են և բոլոր կողմերից կամենում են պաշարել, մեջտեղ առած միանգամայն վայրկենապես բնաջինջ են անելու, դրա համար թողեցին ամեն ինչ՝ վրանները, ոմանք՝ երիվարները, ամենայն սպասքը, մարտի պարագաները, մեկը ձիընթաց արագությամբ շտապում էր փրկվել հասնող՝ անդառնալի սրից, մեկը հետիոտն, պարսկական երկայնաձիգ հանդերձով իրեն գցում էր փշալից մացառուտ վայրերը, թփախիտ վարազաբնակ շամբերը, մեկն էլ անզեն և մերկացած, ձեռքերը տարածած, աղերսանքով շտապում էր գոնե փրկել իր անձը: Հայերը նախապես քաջամարտ զորքը ուղարկել էին և բռնել ճանապարհների ու շավիղների բոլոր անցքերն ու կիրճերը, հմուտ էին և տեղյակ բոլոր վայրերին, հարձակվեցին նրանց վրա քաջամարտ հնձողների նման և գործի դրեցին իրենց ժանգահար եղած սրերը ողորմելի փախստականների արյան և մարմնի համար: Նրանց դիակները սփռվել և ընկել էին թփերի և ծառերի տակ, դաշտում՝ որպես թռչունների և գազանների կեր, գարշահոտությունից և զազրելի որդերի սորելն ու կայտռելը տեսնելուց անհնար էր անցնել առողջ մտքով և մարմնով: Այսպիսի կոտորմամբ ավար առան ամենայն ունեցվածքը: Բայց զորապետը, իր ծառաների մի քանի հեծյալներով փրկվելով մահվան սրից, փախստականությամբ մազապուրծ գնաց՝ լինելով իր կոտորված զորքի ավետավոր, պարսից թագավորի և զորքի ազգականների [բոթաբեր]: Մարտի գործը այսպիսի վճար ունեցավ:
Տե՛ր աստված, մեր հաղթանակը կպահի մեր այս ազգը թշնամիների՝ հոգու թե մարմնի պատերազմի բոլոր տեղերում, որպեսզի ընդունեն կյանքի պսակը: Ի Տե՛ր հավիտյանս, ամեն…
Շարունակելի