Մարթա Մարտունի Զաքարյան
Գորիսի պետական համալսարան, Հումանիտար և հասարակագիտականմասնագիտությունների ֆակուլտետ, հայոց լեզվի և գրականության բաժին, մագիստրատուրա, առաջին կուրս /գիտ.ղեկ.՝ Մ. Քումունց/
Դարձվածքները ժողովրդի հոգևոր մշակույթի շտեմարանն են, որոնք արտահայտում են լեզվի ազգային ինքնատիպությունն ու յուրահատկությունը: «Դարձվածային միավորներում պատկերավոր մտածողության շնորհիվ իրենց արտահայտությունն են գտել ժողովրդի պատմական հարուստ կենսափորձը, նրա պատկերացումները օբյեկտիվ աշխարհի առարկաների և երևույթների մասին, վերաբերմունքը՝ մարդկային հարաբերությունների նկատմամբ»[1]:
Թե՛ գրական հայերենում, թե՛ բարբառային տարբերակներում դարձվածքը խոսքին կենդանություն, դիպուկություն ու արտահայտչականություն հաղորդող կարևորագույն միջոց է:
Դարձվածքների և հատկապես սննդանուն պարունակող դարձվածաբանական միավորների հարուստ գանձարան ունի Գորիսի բարբառը, որոնց միջոցով կարելի է համապարփակ ու ամբողջական պատկերացում կազմել բարբառակիր հանրույթի արժեհամակարգի, աշխարհայացքի, հոգեբանության, կենցաղի պայմանների, պատմական կենսափորձի, սովորույթների ու ավանդույթների մասին:
Սույն ուսումնասիրության նպատակն է քննության առնել Գորիսի բարբառի սննդանուն պարունակող դարձվածքները (առավելապես հաց, ջուր, խնձոր բաղադրիչ ունեցող դարձվածքները), առնչությունը ավանդույթների հետ, առաջացման աղբյուրները, ժամանակի ընթացքում կրած իմաստային ու կառուցվածքային փոփոխումները:
Սննդանուն պարունակող դարձվածքների բուն էությունը լիարժեք բացահայտելու համար անհրաժեշտ է դրանք քննել իրենց պատմական զարգացման մեջ, այլ կերպ ասած՝ պարզել, թե ինչ ձևով են առաջացել, պատմական զարգացման ճանապարհին իմաստային ու կառուցվածքային ինչ փոփոխությունների են ենթարկվել:
Դարձվածքի ծագման աղբյուրը նկատի ունենալով՝ լեհ լեզվաբան Ս. Սկոռուպկան դարձվածքները բաժանում է երկու խմբի՝ «բնական և պայմանական»[2]: Տեղին է նկատել, որ բնական են դարձվածային այն միավորները, որոնք զանազան լեզուներում ինքնուրույնաբար են առաջանում, և որոնց պատկերները արտացոլում են բնության երևույթները, կենդանական և բուսական աշխարհը, մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակները, իսկ պայմանական դարձվածքները պայմանավորված են տվյալ ժողովրդի զարգացման առանձնահատկություններով և արտացոլում են ազգային մշակույթի փաստերը:
Պայմանական դարձվածքների մի ենթախումբ են կազմում բարքերին, սովորույթներին, ծեսերին ու ավանդույթներին առնչվող դարձվածաբանական միավորները: Սննդանուն պարունակող դարձվածքների զգալի մասը (առավելապես հաց, ջուր, խնձոր բաղադրիչ ունեցող դարձվածքները) տեղ է գտնում հենց այս ենթախմբում:
Հացը սրբություն է գորիսեցու համար: Պատահական չէ, որ խոսքի իրավացիությունը հասատատելու նպատակով վկա է բերվում հացը՝«էս հացը վըկա»: Դա երդման ամենազորեղ ձևն է, երբ խոստում տվողը երբեք չի դրժում իր խոսքը: Հականիշ իմաստն արտահայտվում է մի||մին կըտօր հացի հա̈սրա̈թ մընալ(ապրուստի չնչին միջոցներից զրկվել)[3]դարձվածքով:
Գորիսեցու սեղանին պետք է առատ լինի ոչ թե մսեղենը, այլ հացը: Հացին տրվող մեծ նշանակությամբ են հավանաբար պայամանավորված Գորիսի բարբառում հաց բաղադրիչով կազմված դարձվածային արտահայտությունների առատությունն ու հաճախադեպ գործածումը: Իսկ դարձույթների առատությունն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղացին ճաշն անգամ հաց է անվանում: Այստեղից էլ՝ հաց շինէլ(իլ), հացի նըստէլ(իլ), հաց օտէլ(իլ)դարձույթների առաջացումը՝ «ճաշ պատրաստել, կերակուր եփել»[4], «ճաշել, սեղան նստել»[5], «ճաշել, նախաճաշել, ընթրել»[6] իմաստներով:
«Նոր բառագիրք հայերէն լեզուի» բառարանում հացը բացատրվում է նախ որպես «շաղուած, փռան մէջ եփուած ալիւրէ ուտելիք»[7], ապա «կերակուր, սեղան, ճաշ, կոչունք, ընթրիք»[8]: Բառարանում բերված դարձվածային օրինակից պարզ է դառնում, որ այն գործածվում է նաև ապրուստ իմաստով. հաց ի բերան վարձու գործել (ապրուստը վարձքի տեղ առնելով ծառայել)[9]:
Այս իմաստով հաց բաղադրիչը հանդես է գալիս նաև Գորիսի բարբառում, ինչպես՝ հացի տէր ինէլ(իլ)/տա̈ռնա̈լ (ապրուստի միջոցներ ունենալ, իր ապրուստը կարողանալ հոգալ)[10], հացի տէր շինէլ(իլ) (մեկին օգնել, օժանդակել, որ կարողանա իր ապրուստը հոգալ)[11], հացը (ծէրքան) խըլէլ(իլ) (ապրուստի՝ եկամուտի միջոցներից զրկել, պաշտոնից զրկել)[12], մի||մին կըտօր հաց (ապրուստի չնչին միջոց)[13], չօր հացի նըստէլ(իլ)-չօր տափին մընալ (ապրուստի միջոցներից զրկվել, աղքատության դուռը հասնել, անօթևան մնալ)[14]:
Գորիսեցու կենցաղի անբաժան մաս կազմող արարողակարգ է հաց թըխէլը, որին ծառայել է թօրէնըև ոչ փուռը, ինչպես մյուս գավառներում էր ընդունված:
Մինչ հաց թխելը նախ խմորը հասունանալուց հետո պո̈ւլո̈ւմ են(գնդում), ապա պո̈ւլերըշարում մէզարի վրա:
Պո̈ւլ գորիսեցին ասում է փոքրիկ խմորագնդին, այստեղից էլ՝ փոքրամարմին մարդուն պատկերավոր ձևով բնութագրում՝ պո̈ւլը կուճի (փոքրամարմին)[15], իսկ չափն անցնողին սաստում՝ պո̈ւլէրըտ կօխ մի՛ տու (չափդ մի՛ անցիր)[16]:
Գորիսում ընդունված սովորույթի համաձայն՝ ննջեցյալին հողին հանձնելուց հետո հուղարկավորներն ուղևորվում էին վերջինիս տուն՝ ժըմահացի: «Ժըմահացը տրվում էր տարենը մեկ անգամ, ամեն ընտանիքում նոր և հին ննջեցյալների հոգու փրկության համար՝ մեռելոցի օրը՝ նաև օրհնել տալով նրանց գերեզմանները: Թե՛ ժըմըհացին և թե՛ մէռէլօցներին չէր կարելի խմիչքի բաժակներն իրար զարկել, անհրաժեշտ էր դրա փոխարեն բաժակը ձեռքին՝ ձեռքը ձեռքին կպցնել՝ առանց ձայնի: Ժըմահացը նախնական հասարակությունից որպես վերապրուկ մնացած համայնքային ճաշկերույթի հետքերն են, որոնք կազմակերվում էին թե՛ թաղման ծեսից հետո և թե՛ որևէ ուրախ ծեսերի առիթով»[17]:
Հուղարկավորներին հյուրասիրելու՝ հաց տալու այս ավանդույթից է առաջացել հաց տալ դարձույթը՝ «1)հյուրասիրել, կերակրել, 2)հանգուցյալի պատվին ճաշկերույթ կազմակերպել» իմաստներով:
Ինչպես վերը նշվեց, գորիսեցու խոսքում հաճախադեպ է հաց բաղադրիչով կազմված դարձվածքների գործածությունը: Հաց բառով է գորիսեցին բնութագրում արված լավությունը և ուրացողին դիպուկ բնորոշում՝ հացը վըննատակ տըվօղ (երախտամոռ, հյուրասիրությունը՝ լավությունը մոռացող՝ արհամարհող)[18]: Նույն իմաստն արտահայտվում է նաև ճո̈ւր բաղադրիչով կազմված դարձվածքով՝ ըխպիրա̈ն ճո̈ւր խըմէլ(իլ), ակնումը թըքէլ(իլ) (երախտամոռ լինել, լավությունը վատությամբ փոխհատուցել)[19]:
Այն ժամանակ, երբ գորիսեցին փորձանքից մի կերպ ազատվում է, հաջողությունը կապում է այն բանի հետ, որ աղքատին, կարիքավորին, հյուրին երբևէ կերակրել է, և ինքն իրեն հարցնում է. հում է՞մ մի||մին թիքյա̈ հաց տըվալ[20]: Դարձվածքի զարգացման ճանապարհին թիքյա̈ն փոխարինվել էկըտօրբառով՝ հո̈ւմ է՞մ մի||մին կըտօր հաց տըվալ:
Տեղացին նույնիսկ սոցիալական երևույթներն է բնորոշում հաց բաղադրիչով կազմված դարձույթներով: Արտագաղթի հետևանքով հատկապես վերջին տարիներին բազմաթիվ ընտանիքներում տղաները կնության են առնում ազգությամբ ռուս հարսների, և այդ ընտանիքի մասին (հաճախ հեգնորեն) ասում են. տըրանց «հացը խըլէբ ա տա̈ռա̈լ», այստեղից էլ՝ հացը խըլէբ ա տա̈ռա̈լդարձվածքի առաջացումը:
Ղարաբաղի բարբառում գործածվող «հացէն մաչին աղ չինիլ»դարձվածքի իմաստը Գորիսի բարբառում հաղորդվում է «հափռումը աղ չինիլ»դարձվածքով, որ գործածվում է «երախտիքը չգնահատվել»[21] նշանակությամբ:
Ծայրահեղ աղքատ իմաստով գործածվող ցամաք հացի կարօտ/հա̈սրա̈թդարձվածքիկարօտ/հա̈սրա̈թ բաղադրիչներին զուգահեռ Ղարաբաղի բարբառում գործածական է նաևմօ̈ քյտա̈ջբառով կազմված տարբերակը. ցամաք հացու կարօտ/ հա̈ սրա̈ թ /մօ̈քյտա̈ ջ: Հարկ է նշել, որ մօ̈ քյտա̈ջ բառը նույն իմաստովգործածական է նաև Գորիսի շրջանի Խոտ գյուղի խոսվածքում:
Քաղցրահամ աղբյուրներով հարուստ Գորիսում ջուրը տեղաբնիկների շրջանում ընկալվում է որպես մատչելի, հասանելի՝ այլ կերպ ասած էժան, այստեղից էլ՝ ճիրի գին (չափազանց էժան)[22] դարձույթը:
Երկար ճանապարհ գնացողի ետևից ջուր են լցնում՝ այդպիսով բարի ճանապարհ բարեմաղթելով. այստեղից էլ՝ դիբէտան ճո̈ւր ածէլ(իլ)դարձվածքը՝ «բարի ճանապարհ մաղթել» նշանակությամբ[23]:
Գորիսի բարբառում հաճախադեպ է ըշխադանքը ճո̈ւրը ածէլ(իլ)/քիցիլ, ըշխադանքը ճո̈ւրը ինգյէլ(իլ)/տա̈ռնա̈լդարձվածքների գործածությունը` «աշխատանքի արդյունքը ոչնչացնել, վաստակածը վատնել», «աշխատանքն իզուր՝ ապարդյուն անցնել, վաստակածը վատնվել»[24] իմաստներով: Զուգահեռաբար գործածվում է նաև գյօրծը ճո̈ւրը ինգյէլ(իլ)դարձվածային տարբերակը՝ նույն իմաստով[25]:
Ղարաբաղի բարբառում գործածվող կյըէտէն պէրածը կյըէտը կըտանէ դարձվածքի իմաստը Գորիսի բարբառում հաղորդվում է ճիրին պէրածը ճո̈ւրը կըտանի[26] դարձույթով:
Գորիսի բարբառում գործածվում են նաև դարձվածքներ, որորնցում հաց և ջուր բաղադրիչները հանդես են գալիս միասնաբար. հացա—ճիրա կըտըր(վ)էլդարձվածքը՝ «ախորժակը փակվել, ոչինչ չուտել և չխմել (հիվանդության ևն պատճառով)»[27]և հաց—ճո̈ւր շինէլ(իլ) դարձվածքը՝ «հաց շինիլ» նշանակությամբ[28]:
Իսկ խըէլքը հացին նըհէտ օտիլ (հիմարանալ, կշռադատելու ունակությունը կորցնել) դարձվածքի նշանակությունը հաղորդվում է նաև խէլքը ճո̈ւր կըտրէլ(իլ) դարձույթով:
Հնուց ի վեր կարմիր խնձորը սիրո և պտղաբերության խորհրդանիշ է եղել: Երիտասարդն իր հավանած աղջկան կարմիր խնձոր է ուղարկել: Վերջինիս կողմից խնձորն ընդունելը համարվել է համաձայնության նշան: Այս ավանդույթն իր արտացոլումն է գտել նաև ժողովրդական հեքիաթներում: «Թագավորի տղան» հեքիաթում կյանքի մայրամուտին մոտեցող թագավորն իր մոտ է կանչում երեք որդիներին, մեկական խնձոր տալիս նրանց և ասում. «Ամման մընըտո̈ւրա̈ ն խընձօ̈ րը ծէրքին քյ ինա̈ ցէք քըղաքին միչին մըն պո̈ւլօ̈ր կա, էն պո̈ւլօ̈րին կըլխան խընձօ̈ րնին թօլ ըրեք, խընձօ̈ րը հո̈ւր մըղակ ինգի, ընդըրա ախճիկը ուզէցէք»[29]:
Եվ որդիները, անսալով իրենց հոր խոսքին, կնության են առնում հենց այն աղջիկներին, «հում տո̈ւռն ա ինգո̈ւմ խընձօ̈րը»[30]:
Այս ավանդույթից էլ առաջացել է դիբէտան կարմիր խընձօ̈ր ղարկիլդարձվածքը, որ առաջին իմաստով նշանակում է՝ «որպես հավանելու երաշխիք ՝ աղջկան կարմիր խնձոր ուղարկել, եթե ընդունում է, ուրեմն համաձայն է», իսկ երկրորդ իմաստով՝ «հանդիսավոր հրավիրել»[31]: Այն հաճախ գործածվում է հարցական կամ ժխտական ձևերով՝ դիբէտատ կյարմիր խընձօ̈ ՞ր էք ղարկալ:
Գրական տարբերակում նույն իմաստը հաղորդվում է «Խոնչա՞ ենք ուղարկել ետևիցդ» դարձվածային արտահայտությամբ՝ «ինչո՞ւ ես եկել, ո՞վ է քեզ հրավիրել»[32]: Դարձույթային այս արտահայտությունը, սակայն, գորիսեցիների խոսքում չի հանդիպում:
Երկու մարդու նմանությունը պատկերավոր արտահայտելու համար դիմում են մի||մինխընձօ̈ր՝մէչան կէս ըրած դարձվածքին, որն արտահայտում է «իրար շատ նման» իմաստը[33]:
Այսպիսով, վերը քննված օրինակները փաստում են, որ Գորիսի բարբառը, իսկապես, հարուստ է սննդանուն բաղադրիչով կազմված դարձույթներով, որոնք, տասնամյակներ շարունակ գործածվելով սերունդների կողմից, մոռացության չեն մատնվել: Իհարկե, կան դարձվածքներ, որոնք զարգացման ճանապարհին իմաստային ու կառուցվածքային ինչ-ինչ փոփոխությունների են ենթարկվել, սակայն զգալի մասը պահպանվել է և այսօր էլ շարունակում է գործածվել՝ փաստելով, որ Գորիսի բարբառը անչափ հարուստ բառագանձ և իմաստային հետաքրքրական իրողություններ ունի, որոնք կենդանի սնուցման աղբյուր են գրական հայերենի համար:
[1]Ա. Սուքիասյան, Ս.Գալստյան, Հայոցլեզվիդարձվածաբանականբառարան, Երևան, 1975, էջ 5:
[2]С. Скорупка, Фразеологические идиоматизмы в польском языке и их происхождение («Славянская филология», 1958, № 3, с. 125—147).
[3]Ար. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, Երեւան, 2013, էջ 521:
[4]Նույն տեղումէջ 418:
[5]Նույն տեղում:
[6]Նույնտեղում:
[7]Ս. Գաբամաճեան, Նորբառագիրքհայերէնլեզուի (այսուհետ՝ՆՀԲ), Կ. Պօլիս, 1910, էջ 798:
[8]Նույն տեղում:
[9]Նույն տեղում:
[10]Ա. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, Երևան, 2013, էջ 418:
[11]Նույն տեղում:
[12]Նույն տեղում:
[13]Նույնտեղում, էջ 521:
[14]Նույն տեղում, էջ 600:
[15]ույն տեղում, էջ 637:
[16]Նույն տեղում:
[17]Ս. Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 213:
[18]Ա.Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, էջ 418:
[19]Նույն տեղում, էջ 34:
[20]Նույն տեղում, էջ 444:
[21]Ա.Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, էջ 419:
[22]Նույն տեղում, էջ 479:
[23]Նույն տեղում, Էջ 423:
[24]Նույն տեղում, էջ 54:
[25]Նույն տեղում, Էջ 401:
[26]Նույն տեղում, էջ 479:
[27]Ա.Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, Էջ 418:
[28]Նույն տեղում:
[29]Ա. Նազինյան, Մ. Առաքելյան, Հայժողովրդականհեքիաթներ, հ. 7, Երևան, 1979, էջ 417:
[30]Նույն տեղում:
[31]Ա. Սարգսյան, Ղարաբաղիբարբառիբառարան, էջ 423:
[32]Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, ՀրաչյաԱճառյանի անվան լեզվի ինստիտուտ, Երևան, 1972, հ. 2, էջ 549:
[33]Ա. Սարգսյան, Ղարաբաղի բարբառի բառարան, էջ 521: