Գրված է 1858-1868թթ. Գտիչ վանքում Առաքել վարդապետի հեղինակությամբ՝ «Արցախի պատմութիւն» վերնագրով
ՈՄՆ ԱՂՔԱՏ ԻՆՉՊԵ՞Ս ՄԵԾԱՏՈՒՆ ԴԱՐՁԱՎ ՀՐԱՇՔՈՎ
Իմ վարժապետության ժամանակ Գրիգոր Տաթևացու թեմում՝ Խնձորես գյուղում, պատահեցի մի ձեռագրի, որը գրում է այսպես.
Ոմն աղքատ ուներ բազմաթիվ զավակներ՝ մերկ ու մանրիկ, ինչպես նաև կարոտ օրական չոր հացի: Տառապյալ հայրը թիկունքով՝ մեջքին փայտ ու փուշ էր կրում և վաճառում. միայն նրանով կարող էր օրական հացը հասցնել մանուկներին սակավ և մասնակի կարգով: Իր սովորությամբ մինչ թիկունքով փուշ էր բերում, նրան պատահում է աստծո հրեշտակը և նույն ժամին շարժվում է նրա գութը՝ տեսնելով, որ մերկ մարմնի վրա կրում էր փուշը, բերում վաճառելու, ինչպես նաև ծանր թվաց նրա դժվարակեցությունը, մտքով անցկացրեց. «Տե՛ր, դու բոլոր հնարավորություններն ունես, այս աղքատին կարող ես տալ կեցության ապրուստ»: Նույն վայրկյանին տերը լսեց հրեշտակի խոսքերը և հիշեց ողորմելի աղքատի տառապանքները: Ամենակալ աստված հրամայեց նույն հրեշտակին՝ աղքատ մարդուն տալ կեցության բավականություն [բավարարել կեցությունը]:
Տիրոջ հրամանը հասավ ամենուր՝ և՛ ծով, և՛ ցամաք, ամեն տեղից բերեցին պատվական քարեր և անգին մարգարիտներ, լցրեց հացը և գնաց: Եվ գտավ տառապյալ մարդուն, որ ըստ սովորության թիկունքով փայտ էր բերում: Երբ եկավ՝ մի նեղ և անձուկ կիրճ անցնելու, [հրեշտակը մի բան] նետեց նրա ոտքերի մոտ: Աղքատը տեսավ, նրանով ևս ողորմելին ուրախացավ, վերցրեց և դրեց իր ծոցը՝ ասելով. «Փա՜ռք քեզ, ամենակա՛լ, որ անարժան ծառայիս շնորհեցիր հաց»: Ողորմելին ասում էր, որ աստված իր խղճալի մանուկներին տվեց: Գնաց և վաճառեց փայտը, գնեց ըստ օրական [պահանջների] հաց և վերադարձավ իր տունը: Երեկոյան բարեպաշտ կինը բերեց հացերը՝ կոտորելու և մանուկներին բաժանելու: Տեսավ մի սպիտակ հաց՝ թարմ և շատ ծանր, թողեց այնտեղ, չկամեցավ բերել: Ողորմելի մարդն ասաց. «Ինչո՞ւ չես բերում գտնված հացը, աստված այն տվեց այս մանուկներին և դու կամենում ես այս ողորմելի մանուկների ձեռքից առնես և տաս ուրիշների»: Թեև ողորմելին անգիտությամբ էր ասում, բայց արդարև [բանն] այդպես էր, որովհետև կնոջ մտադրությունն այն էր, որ կամենում էր փոխ առած հացը տալ: Նա մի հաց էր փոխ առել մեծատան ծառայից, որի տունը առավել աղքատության մեջ էր, քան այն փշավաճառ աղքատը: Հազիվ այն հացն էր համեմատ փոխառյալ հացին:
Երեկոյան ժամին երբ մեծատան ծառան եկավ իրենց դրացու [տուն], աստվածասեր կինը վազելով տարավ հացը և տվեց նույն ծառային: Ողորմելի ծառան [մեծատան] ներքին և արտաքին գործերը կարգավորելուց հետո հացն առավ տարավ՝ իրենց մանուկներին տալու: Հացը տվեց կնոջ ձեռքը և գնաց իր տունը: Կերակրելու ժամին նա հացը բերեց՝ մասնավորելու և մանուկներին տալու: Երբ այն կտրեցին, հացի մեջ տեսան՝ ինչպես երկնքի լուսափայլ աստղեր լցված, զարմանալի թանկագին քարեր, զանազան ոսկի և ազնվագին մարգարիտներ: Ողորմելի ծառան զարմանքի մեջ էր՝ ասելով, թե ի՞նչ է արդարև այդ նոր, մեծ և հիանալի հրաշագործությունը: Այս խղճալի ծառան դրանով ինչ-որ մեծ հարստություն գտավ: Բայց այդ ամենը անհայտ մնաց փշավաճառ աղքատից:
Տիրոջ հրեշտակը այս օրինակով [հաց տալով] կրկնեց երեք անգամ: Բայց աղքատի կինը փոխառության դիմաց տվեց ուրիշներին: Տիրոջ հրեշտակը աղքատին թողեց նույն չարչարանքների մեջ և գնաց: [Աղքատը] մեծ դժգոհությամբ եկավ տուն և դիմելով աստծուն՝ ասում է, թե իր համար լավ է մեռնել, քան ապրել այդպիսի տանջանքներով: Սուրբ հարության մեծ զատկի տոն էր, երբ իր համար մահ է խնդրում: Ապա ասում է, թե իր գործը պետք է եռապատկի և մեկը տուն բերի կերակրի պետքերի համար. երկու շալակը վաճառի, գինը տա մի հացի, մեկի գինն էլ տա ձկան, թերևս խնդիրը լուծի երեկոյան: Այդ ողորմելի մարդը բոլորը կատարեց նույն օրը: Եկավ քաղաքի փողոցները, հրապարակները՝ ձուկ գնելու: Մարդկանց խուռն բազմության պատճառով չկարողացավ գնել. տառապյալը այնտեղ մնաց մինչև ճրագավառի ժամը: Երբ բոլորը գնացին, մնացին միայն ինքը, ձկնավաճառը և երկու ձուկ: Ձկները լավ՝ բարվոք չէին, ինչ-որ այլանդակ տեսակ էին, որ իրենց ժամանակում պազան կամ ախճալու էին ասում, նրանց որովայնները կախված էին՝ հարմար գին տալու համար: Երկու կարմիր դեկան [տասնոց] տվեց և վերցրեց գնաց տուն: Կտրելով բացեցին նրանց որովայնները: Երբ փորոտիքը դուրս հանեցին, մեկի որովայնից պատվական, պայծառափայլ թանկագին քար ելավ, և ասես թե լույս էր ցոլանում. լուսավորեցին փոքրիկ ծակոտկն տունը, որպես երկու վառված ճրագներ՝ մշտալույս մնում էին անշեջ: Ողորմելիները մնացել էի զարմացած, թե՝ արդյոք ի՞նչ են սրանք: Տեսան, որ իրենց մտքից և իմացությունից դուրս բան է: [Ողորմելին] կնոջն ասաց, որ բարձր տեղում դնի մի տախտակի վրա, մնա, որ թերևս կարողանան ցույց տալ գիտնական մարդկանց:
Հաջորդ գիշերը մի մեծ և ծանր քարավան եկավ, նրանց հետ էր գլխավոր վաճառականը՝ մեծ գանձերի տեր և հարստացած, այնքան բեռների տերն էր: Երբ մոտեցան բնակությանը, իջևանեցին նրա մոտ գիշերվա երկրորդ կեսին, կերակրվելու համար բնավ հացի մի փշուր չունեին: Դրա համար հավատարիմ ծառային հրամայեց գնալ բնակության տեղը, գնել հաց և այլ կարևոր պիտույքներ իրենց և անասունների համար: Նա, վերցնելով ծառայակիցներին, գնաց նույն բնակավայրը, որտեղ բնակվում էր աղքատը: Տեսավ, որ բոլոր բնակիչները քնած են, բայց մեկի տան մշտավառ լույսը ճառագայթում է: Մինչ մոտեցավ, տեսավ երկու ճրագ վառված, բայց չկարողացավ ինչպիսի լինելը իսկությամբ իմանալ: Կամաց-կամաց մոտեցավ նշմարելով: Տեսավ՝ երկու մանրիկ քարեր են մի տախտակի վրա՝ որպես լուսափայլ ցոլացող աստղեր: Կանչեց, արթնացրեց մարդուն և ասաց, թե իրենց պետքերի համար ունի՞ այսինչը, այնինչը: Նա ասաց. «Եղբա՛յր, ես հենց կարոտ եմ օրական չոր հացի»: Նա նայեց մեծ զարմանքով և խոսքերի վերջում հարցրեց աղքատին, թե ի՞նչ են այն փոքրիկ լուսատու քարերը: Նա պատմեց, թե սուրբ վախճան ստանալու համար են: Օտարականն ասաց-խոսեց քարերի մոտ, հետո [առաջարկեց] գնալ իր հետևից՝ [ավելացնելով], թե իր տերը գլխավոր վաճառականն է, շրջել է շահավաճառության բոլոր տեղերը, այսինքն՝ բնագետ է, տեղեկություն ունի նաև այդպիսի իրերից, գիտե արժողությունը և դրանց գները:
Երբ ողորմելին լսեց նրա խոսքերը, շտապեց ու վերցրեց քարերը, փաթաթեց մի հին կարպետի մեջ և գնացին միասին, քարերը տարան, դրեցին վաճառականի առաջ, գործի դրին վառված ճրագները. քարերը ցոլացած աստղերի պես լուսավորեցին շրջապատը: Վաճառականը աղքատին ասաց, որ տակավին գիշեր կա, թող նա մի քիչ հանգստանա՝ քնի, ապա ինքը կխոսի բերված այդ քարերի մասին: Երբ ողորմելին ըստ սովորության հանգստյան քուն մտավ, [վաճառականը] այնտեղ կանչեց բոլոր ընկերներին և գիտնական մարդկանց, նրանց ցույց տվեց լուսափայլ քարերը՝ [սպասելով, թե] կլինի՞ գոնե մեկը, որ կարողանա իմանալ նրանց գինն ու արժեքը: Ոչ ոք չկարողացավ ճանաչել նրանց՝ քարերին, միայն կարողացան ասել, որ աշխարհում ոչ ոք չի կարող վճարել նրանց գինը՝ ո՛չ թագավոր, ո՛չ իշխան կամ բազմագանձ վաճառական,- իրենց այդպես է թվում:
Նույն ժամին արթնացրին աղքատին և ասացին. «Մեզ ասա՛ բերված թանկագին քարերի գինն ու արժեքը»: Ողորմելին ասաց, որ ահա՛ երկրատես ընտիր վաճառականներ են և տեղյակ են ամեն տեսակ պատվական քարերին և բոլոր զանազան իրերի ու թանկագին գործվածքների, հենց իրենք թող աստվածահաճո դատողություն անեն և հոգան տառապյալ մանկանց ապրուստը, որոշեն դրանց արժողության չափը և կես մասը տան իրեն: Ողորմելին բան չէր պատկերացնում. եթե իրեն մի կարմիր դեկան [տասնոց] տային, անխոս և անխափան հոժարությամբ կստանար:
Վաճառականն ասաց, որ քարերի գինն ու արժեքը չի կարող հատուցել, այլ կամենում է ողորմություն անել նրա տառապյալ մանուկներին, որի համար տալիս է մի քարի գին՝ հինգ հարյուր դահեկանի [տասնոց] արծաթ դրամ: Ողորմելին մնացել էր մոլորված, թե արդյոք շիտա՞կ են նրա խոսքերը: Ուստի ասաց, թե նա կամենում է իրենց ծաղրել, և նրա խոսքերը բնավ սուտ էր համարում: Այն ժամանակ վաճառականը կրկնում է, թե վերստին տալիս է ևս հինգ հարյուր դահեկան: [Խաչվում են] աղքատի անհավատությունը, վաճառականի անգիտական հավատը: Ի վերջո աղքատը զգաց, որ վաճառականը ճշմարտությամբ է խոսում, ասաց. «Դու գիտես, ինչպես կբարեհաճի քո կամքը. այնպես արա»:
Վաճառականը գումարեց արծաթը և տվեց աղքատի ձեռքը: Այն պատվական քարերից մեկը մնաց աղքատի ձեռքում: Վաճառականը երբեք չհանգստացավ այն ազնվագին քարի համար և ասաց, որ իր աղջկան կտա նրա որդուն, թերևս այն ևս կարողանա ձեռք բերել: Դրա համար խոսք տվեց աղքատին բարեկամանալ նրա հետ՝ ասելով. «Ունեմ միամոր որդի, մի պատվական դուստր՝ աննման գեղեցկությամբ»: Ուստի վաճառականը գնաց աղքատի տուն և տեսավ շատ հյուրասեր և բարեպաշտ [անձանց], հավանեց նրանց վարքը: Այդ պատճառով վաճառականի ամբողջ ունեցվածքը կտակագրով հաստատեցին աղքատի որդու վրա:
Աղջկա ծնողների մահվանից հետո իշխում է փեսան, որ ինչ կամենում է անել՝ անի: Օրեր անց պսակեցին միմյանց հետ: Աղքատը շինեց երկհարկանի բարձր և մեծամեծ տներ: Քիչ օրեր հետո մեռան վաճառականը և նրա կինը: Նրանց մահից հետո աղքատի որդին և յուր կինը, ժողովելով նրանց ամբողջ գանձերը, կահ-կարասին, ողջ ունեցվածքը, առան և բերին հայրական տունը, որի պատճառով աղքատը ճոխացավ, քան Արցախ երկրի մեծատուններն ու իշխանները: Դրա համար նրան գավառապետ կարգեցին երկրի վրա. ամենակալ աստվածն այդպես կամեցավ: Դրանից հետո ազդ եղավ նույն հրեշտակին՝ գնալ նույն բնակությունը, տեսնել այն աղքատի փառքն ու հարստությունները, մեծությունը: Ըստ տիրոջ [աստծո] հրամանի եկավ նրա տուն, տեսավ նրա փառքը, զարմացավ:
Տիրոջ խոսքը հասավ հրեշտակին, որ կամենում էր նրա [աղքատի] տկարությունները վերացնել, ասաց. «Քո ժամանակում ո՞ր աստիճանի մեծության և հարստության հասցրիր [աղքատին]»: Գրված է, թե՝ «Առանց աստծո հրամանի ծառերից մի տերև չի ընկնի, և ինչի՞ համար ես հոգում մարդու աղքատության և նրա կեցության մասին, քանի որ նրա խնամածուն կա»: Տիրոջ հրեշտակը փառք տվեց, որ աստծո ստորադրյալները մեծարվում են. որ նրա համար ամեն ինչ հնարավոր է, որ արարածներին անհնար է: Դրա համար մենք ամենքս արժե փառք տանք մեր արարչին:
Հավիտյանս հավիտենից, ամեն…
ԲԱԶՄԱԳԱՆՁ ՈՄՆ ՎԱՃԱՌԱԿԱՆ ԻՆՉՊԵՍ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԴԱՐՁԱՎ ԱՂՔԱՏ
Այս վաճառականի անունը հռչակված էր Արցախյան երկրի բոլոր տեղերում, որի համար չէի կամենում, որ նրա կատարած աստվածահրաշ գործառությունները և հիշատակությունները կորչեն: Շատերը նույնպես ցանկանում էին նրա դիպվածները ներկայացնել պատմությամբ: Այս վաճառականը շատ էր հարստացել, անթիվ գանձեր և պատվական քարեր ուներ: Մանկությունից օտարության մեջ էր և աշխատել էր բոլոր քաղաքներում ու տերություններում: Վաճառականության գործը բոլոր տեղերում՝ ծովագնացությամբ և այլ նեղսակրությամբ, հաջողությամբ էր անցել: Դրա պատճառով անվանի էր և բոլոր վաճառականների գլուխը՝ մեծը: Օրըստօրե գնում էր [տարբեր ուղղություններով], և բազմանում էին ոսկին ու արծաթը, բերում էր բոլոր կողմերից հաջողված բախտավորությունը, և գանձեր էին [կուտակվում] յուր գանձարանում: Բայց մի կարմիր տասնոց չէր տալիս աղքատներին և կարոտյալներին, ինչպես նաև իր ընտանիքին ու մանուկներին, ամենևին ուտելու և խմելու ծախսեր չէր անում, միայն այնքան հանդերձանք էր առնում, մինչև ծածկի նրանց մերկությունը, չոր հացով պահի ընտանիքի կենդանությունը:
Երբ նրա որդիները հասակ առան, նույնպես ցանկացան մտնել վաճառականության գործի և պաշտոնի մեջ: Որքան որդիները եկան խնդրեցին իրենց ծնողներին յուրաքանչյուրի ձեռքը տալ վաճառականության ինչ-որ գործ, որքան խնդրելով պնդեցին, տեսան բնավ հոժարություն չունի նրանց ձեռքը ինչ-որ գործ տալ: Բոլոր որդիները միասին ելան, խորհուրդ արին փախչել և գնալ անծանոթ աշխարհ, մնալ այնտեղ, ամենևին հետ չդառնալ:
Ըստ իրենց արած խորհրդածության՝ որդիները մի գիշեր վերկացան գնացին, թե ուր գնացին, միանգամայն անհայտ եղան: Մի քանի տարի անց, [վաճառականի] կինը ընկավ-վախճանվեց, ամուսինը մեծ տարակուսանքների մեջ մնաց տրտմած և բոլոր կողմերից պաշարվեց տրտմական կրքով: Այդ պատճառով մի օր նստել հոգում էր ապագայի պատահարների կամ գալիք նեղությունների մասին՝ ասելով. «Իմ մահից հետո այսքան ամբարած գանձերը ո՞վ է ժառանգելու»: Մինչ տարակուսական տրտմության մեջ էր ընկած, թմրություն իջավ նրա վրա. երազում տեսավ լուսափայլ դեմքով մի գեղեցկահասակ երիտասարդ, որ իրեն՝ վաճառականին, հայտնեց բոլոր հետագա դիպվածները, թե աստված այդպես է կամեցել նրա բոլոր գանձերը տալ ոմն Հյուսան բարեպաշտի, և «չարժե բոլորովին, որ դու այդքան ամբարած այդ գանձերից մի դրամ վայելես»,- այս խոսքերն ասաց և վերացավ աչքերից՝ հայացքից: Նույն ժամին զարթնելով քնից՝ դարձյալ ընկավ նույն տրտմության մեջ և սկսեց զանազան խորհրդածություններ քննել ու իր միայնակ անձի համար վերջնական վիճակ գտնել, [հատկապես] հոգու և մարմնի կեցության համար: Տեսավ, որ կինը մեռել է, չգիտեր, թե որդիները ի՞նչ եղան, ինքն էլ մոտեցել է ծերության և չի կարող այդքան գանձերը վայելել: Սակայն չգիտե, թե ո՞վ է այն Հովսեփը, որ անխափան պետք է ժառանգի իր այդքան գանձերը. [կասկածում էր], որովհետև օրենք չգիտեր:
Սկսեց աստվածային նախասահմանությունը ընդդիմություններ գործել՝ ասելով, թե աստծո խոսքը ճշմարիտ է. պարտավորվում է այնպիսի հնարներ գտնել, որ այն Հովսեփը չկարողանա մի [կարմիր] տասնոց տեսնել. այս գործը հիմարական է և աստվածական: Մի թուղթ գրեց և առաքեց մի հեռավոր քաղաք՝ ոմն Հյուսան գլխավոր ճարտարապետի վրա, որ գա իր բնակության վայրը՝ ինչ-որ շինության պետքերի համար: Որովհետև անվանի վաճառական էր, մեծ հարստության համար չկամեցան նրա խոսքերը շրջել՝ անտեսել: Ուստի երբ նրա թղթագրությունները հասան, վերկացավ եկավ տեսնելու վաճառականին: Մինչև այս վաճառականի գալը մի հաստ և մեծ ծառ էր գտել և բերել իր բնակավայրը և տասնապատիկ վարձատրելով՝ ասում է, որ Հյուսանը որդու նման ճարտարությամբ տաշի մեծ սոսի փայտը, կլորակը բարակացնի, միատեսակ տախտակով դուռ սարքի: Հրամայածից առավել մեծ ճարտարությամբ [տախտակները] քանակությամբ միավորեց, գործեց, շինեց, վարձն առավ և գնաց:
Մի գիշերվա ընթացքում իր բոլոր գանձերը, ազնվագին քարերը բերելով՝ դրեց փայտյա պահարանի մեջ և նույն կարգով ամրացրեց բերանը: Որոշ ժամանակ թողեց այնտեղ՝ քննելով, մտածելով, թե կարո՞ղ է գտնել այնպիսի տեղ, ուր կորցնի և այն հնարվածը չերևա մարդկանց աչքին: Մտքում վճռեց՝ տանել, ձգել ծովը, շարժել տալ այնպիսի խորությամբ ու հեռավորությամբ տեղ, որտեղ բնավ մի անգամ իսկ նավ չխաղա: Այս խորհեց, և եկավ ժամանակը. եզներ վարձեց և լծեց ու մի գիշեր գնաց մինչև ծովը և այնտեղ խոսեց նավավարի հետ: Առատ վարձատրեց, որ փայտը նավով տանի ութ օրում հեռու՝ անծանոթ տեղ և նետի ծովը: Ըստ իրենց խոսակցության՝ դրեցին նավում և երկուսով նստեցին նրանում: Հողմը հաջողակ հնչեց և [նավն] առավ գնաց նշանակված տեղը, և այնտեղ փայտը նետեցին ծովը ու հետ դարձան:
Սկսեցին զրուցաբանել միմյանց հետ: Նավավարը հարցնում է նրան. «Եղբա՛յր, ի՞նչ էր այդ նորասքանչ գործդ, որ կատարեցիր, խնդրում եմ այդ բանի իմաստը պատմել»: Նա ասաց. «Եղբա՛յր, ոմանց անհասկանալի է, ոմանց՝ հասկանալի»: Եվ շարունակում է պատմել, թե այդ փայտը շատ բարձր ու հաստ ծառ էր՝ հիանալի ու մեծ, մինչև անգամ երկու հարյուր հոգի նստում էին նրա ստվերին: Մինչ իմ որդիները, կինս, որդիներիս կանայք և ուրիշներ նստած էին, նույն ժամին ուժգին մրրիկը հնչեց և սաստիկ հողմը խփեց-ջարդեց ծառը, որն ընկնելով նրանց վրա, կոտորեց բոլորին, և ինքը մնաց միայնակ՝ երկրի վրա տարակուսած: Ասաց, որ այդ մահառիթ փայտը կտանի և կգցի այնպիսի տեղ, որ ինքը երկրի վրա միշտ կմնա տատանված՝ տարակուսած, որ արդարև այն փայտը եղավ նրանց կորստյան պատճառը, փայտը՝ գանձերի փոխարեն: Այսպես ասելով՝ ծածկեց այն բանը, որ կատարեց: Եվ գալով ցամաքը՝ անցավ գնաց իր տունը: Իր մոտ տակավին քիչ-միչ գանձեր ուներ, որ պահել էր իր կեցության համար, որով պահպաներ, որքան ժամանակ կենդանի կմնար:
Բայց աստված այն արծաթակորույս վաճառականին կրկին կյանք տվեց: Շատ տարիներ անցան, մինչև անգամ վաճառեց ամբողջ կահ-կարասին և ինքն ընկավ ամենաթշվառ կենսաղքատության մեջ: Մի օր նստել էր և անցած բոլոր պատահարները մտաբերել, ասես թե թմրության խոր քնից նոր էր զարթնել, թե արդյոք ի՞նչ հիմարական գործ էր, որ ինքը գործեց: [Որոշում է՝] վերկենալ գնալ օտարության, թերևս կարողանա իմանալ կամ լսել իր կորած գանձերի մասին: Ասում է՝ նախ գնա, հարցնի նավավարին. գուցե փայտը հանե՞լ է: Ողորմելին այս ամենը խորհեց մտքում, ապա վերկացավ գնաց ուղղակի ծովափ՝ նավավարի տունը և հարցրեց նրա ընտանիքին: Նրանք ասացին, թե նա մեռել է: Այնտեղ մնաց, մինչև եկան օտար վաճառականներ: Գնաց այլ քաղաք ողորմելին, աղաչեց վաճառականներին, որ իր համար վարձ տան նավավարին, որպեսզի իրեն անցկացնի ծովը, որ գնա-տեսնի և արդյոք կկարողանա՞ լսել համբավը որդիների կամ կորած գանձերի մասին: Երբ գնաց, աղաչանքով և արտասվալից աչքով խնդրեց նրանց, որ կարող է ըստ իր բարեհաճության ողորմություն անել և նավի վարձը տալ, անցկացնել [ծովը]:
Նրանք ընդունեցին նրա աղաչանքները, և նա անցավ ծովը, գնաց, ուր ինքը ցանկացավ: Շրջում էր քաղաքներով, բոլոր տերություններով, [շրջում էր] նահանգներում: Մի օր ելավ ծովափնյա մի քաղաք, շրջում էր քաղաքի փողոցներով և հրապարակներում մինչև երեկոյան ժամ, թերևս մի հարմար տեղ գտնելու և այնտեղ երեք օր մնալու համար: Երբ հրապարակում էր, մի մարդ եկավ նրա մոտ և հարցրեց, թե ինչո՞ւ է այդտեղ: Ողորմելին ասաց, որ այդ քաղաքում ոչ մի ծանոթ չունի, որ թերևս նրա տանը երեք օր մնա, որովհետև այդտեղ գործ ունի: Մարդն ասաց, որ այդ քաղաքում չկա մեկը, որ նրան ընդունի իր բնակարանում և պահպանի նրան, միայն մի բարի և արդար մարդ կա, որ ամեն երեկոյի բոլոր աղքատներին հավաքում է իր տունը, որքան գտնվեն այդ քաղաքի փողոցներում և հրապարակներում: Ասում է նրան, որ մնա այդտեղ, և ահա նրա գալստյան ժամն է, որ այդ մարդը արհեստագործությամբ հյուսն է՝ աստվածասեր, և նրա անունը բարեգործ Հովսեփ է:
Երբ լսեց նրա խոսքերը, նստեց այնտեղ և սպասում էր նրա գալստյան: Քիչ հետո տեսավ՝ ահա՛ աշակերտներով հանդերձ եկավ, վերկացավ գնաց նրան ընդառաջ, միմյանց ողջունեցին, և արդարն Հովսեփ նրան հարցրեց. «Եղբա՛յր, ինչո՞ւ ես այստեղ և որտեղի՞ց ես կամ ո՞ւր ես գնում»: Տնազուրկն ասաց, որ օտարական մարդ է՝ թափառող, գաղթել է անպատմելի ցավերի և անպատմելի նեղսակրության պատճառով, և եթե նա կարողանա, թող ողորմություն անի իրեն՝ վտանգվածին: [Հովսեփն] ասաց աշակերտներին, որ այդ օտարականին բերեն իրենց հետ: Երբ գնաց նրա տունը, մութ էր, նրան մի սենյակ տվեցին բնակվելու համար: Նույն գիշերը մնաց այնտեղ: Առավոտյան վերկացավ, երեսը լվաց, դուրս ելավ և նշմարում [ուսումնասիրում] էր արդարն Հովսեփի բնակությունը: Հովսեփն ինքը աշակերտների հետ գնացել էր իր գործին: Բայց բարեպաշտ կնոջը պատվիրել էր բարվոք պահպանել ըմպելիքների և ուտելիքների հարցում:
Ըստ մարդկային բնույթի սովորության՝ մինչ նայում-տնտղում էր, նրա դռան մոտ տեսավ մի հսկայական ծառի բուն՝ դրված կանգուն: Ճանաչեց փայտը, բայց դժվարությամբ, որովհետև գույնը սևացել էր ծովի ջրերի ալիքների ծփանքից: Մոտեցավ փայտին և իսկույն ճանաչեց այն, ապա նստեց փայտի տակ և ընկավ խորհրդածության անդունդները՝ աստվածային անսահմանելի տնօրինությամբ՝ ասելով. «Ո՞վ կարող է իմանալ կամ քննել քո սքանչելագործությունները, տե՛ր: Արդյոք ո՞ր քաղաքում և ո՞ր օտարության մեջ եմ աշխատել այսքան գանձերը և այսօր պանդխտությանս մեջ [տեսնում եմ] ընկած մի վայրում: Եվ այժմ, տե՛ր, ճանաչում եմ քեզ և քո զորությունները»: Օրվա կեսը մնաց այնտեղ նստած:
Դրանից հետո արդարն Հովսեփի բարեպաշտ կինը եկավ և ասաց նրան, թե ինչո՞ւ է այդքան ժամանակ նստել փայտի տակ, ճաշի ժամ է, ամեն ինչ պատրաստ է կերակրվելու համար, և նրան հրավիրեց իր սենյակը, որ գնա ուտի, խմի աստվածատուր պարգևներից և ուր բարեհաճի նրա կամքը, կարող է շրջել, արդարև այդ քաղաքն իր առջևում է, և առանց խոտորելու վերադառնա իրենց բնակավայրը: Եթա գնա և մնա երկար ժամանակ այդ քաղաքում, ապա իրենց համար դա օրենք չէ, գնալ և մնալ ուրիշների օթևաններում [ընդունելի չէ]. սա է իրենց տան սովորությունը: Արդարի կինը շատ հյուրասեր և բարեպաշտ էր:
Մարդը, ցավերով և տառապանքներով լցված, գնաց իր սենյակը, կերավ իր հացը և ավարտելուց հետո ընկավ երեսնիվայր, իր սենյակի դուռը փակելով, այնտեղ մնաց մինչև երեկո: Ըստ սովորության՝ ժամանակին եկավ Հովսեփ բարեպաշտը՝ հետը մի քանի օտարական մարդիկ, մնաց մինչև առավոտ: Երբ հյուրերին արձակեց, կամեցավ գնալ՝ իր ձեռքի գործը կատարելու: [Ողորմելին] իր մոտ կանչեց [Հովսեփին]՝ աղաչանքով ասելով, թե խնդրում է ասել իրեն՝ դռանն ընկած այդ հսկայական փայտը արդյոք ո՞վ է բերել այդտեղ և ինչպե՞ս է եկել իր տունը: Հովսեփն ասաց, թե ինչո՞ւ է այդպես տաքացած հարցնում այդ փայտի մասին: Ողորմելին ասաց, որ եկել է իրեն պատմելու համար: Բարեպաշտն ասաց, որ մինչ գործից գալիս էր, այդ քաղաքի փողոցում պատահեց երեք աղքատ փայտավաճառների, որոնք այդ փայտը դրել էին մի սայլի վրա և ձեռները ծոցում դրած՝ կանգնել էին նրա մոտ: Երբ տեսան իրեն, աղաչեցին՝ ասելով, թե փայտը պատառել չկարողացան, և չկա մեկը, որ գնի, խնդրում են յուրաքանչյուրին մի հացի գին տալ իրենց քաղցած մանուկների համար, և [փայտը] տանեն նրա տուն: Տեսնելով նրանց ողորմելի կյանքը՝ նրանց հացի գին տվեց, և դա ոչ թե այդ փայտի համար, այլ քրիստոսի սիրո համար, որովհետև այդ փայտը այնքան կարևոր և պիտանացու չէ:
Աղքատն ասաց. «Եթե վաճառես, անխափան կարող եմ գնել այն»:
Հովսեփն ասաց. «Օտարական մարդ ես, քեզ ի՞նչ պետք է այդ մեծ փայտը, ինչպես բարեհաճում է քո կամքը, արա՛ այնպես, ինձ համար այնքան էլ կարևոր չէ»: Տառապյալ մարդն ասաց, որ այդտեղ բերի հյուսնական գործիքներ, բայց արձակի իր աշակերտներին՝ գնան իրենց գործին և փակի մեծ դուռը, ինքը մնաց այդտեղ, առանձնակի հայտնելու բան ունի: [Հովսեփը] կատարեց նրա ասածը, եկավ փայտի մոտ և երկուսով միասին մնացին: Աղքատն ասաց. «Տես փայտի մեջ կարո՞ղ ես ելքը և դուռը գտնել, կարո՞ղ ես նշմարելով նկատել, թե որքան հուզմունքով շրջեց փայտը»: Չկարողացավ նրանում գտնել ելքը և դուռը: Բայց բարեմիտ Հովսեփը զարմացել էր, չէր հասկանում նրա ասածը, թե ինչո՞ւ է այդ փայտի մասին փակ խոսքեր ասում:
[Աղքատն] ասաց, որ իր գործիքը բերի, դնի այնտեղ. ինքը տեղը գիտեր, որովհետև անհայտ նշան էր արել: Երբ սրածայր գործիքը դրեց և ծեծելու փայտով խփեցին, մի տախտակ դուրս թռավ, փայտի մեջը ընդարձակաբար երևաց: Աղքատն ասաց. «Նայի՛ր և տե՛ս, թե ի՞նչ կարող ես տեսնել»: Իրեն պրկելով՝ ձգելով հիացած Հովսեփը նայեց և նրա ներսում տեսավ ինչպես աստղալից երկինք՝ ամբարված գանձ՝ ոսկի և արծաթ կամ պատվական քարեր: Զարմանալի գործ էր, բարեգործ Հովսեփն իսկ հիացել էր, ճշմարտապես կարծում էր՝ երազ է, և ասաց, թե ի՞նչ է այդ նորասքանչ հրաշքը, չի կարողանում իմանալ այդ սքանչելագործությունները, որի համար խնդրում է բացահայտ պատմել բոլորը:
Այն աղքատացած վաճառականը սկսեց մանրամասնորեն պատմել ամենայն աստվածագործ պատմությունները: Երբ աստծո այր Հովսեփը լսեց, արդար խղճմտանքով ասաց. «Եղբա՛յր, այդ ամենը քո արդար վաստակն է, ոչ ոք իրավունք չունի բարի կամ չար բան ասելու քո ունեցածի մասին, քո կամքը ուր բարեհաճի, կարող ես այնտեղ բնակվել»: Նա էլ ասաց, որ այդ ամենը ամբարված էր իր տանը, աստված չկամեցավ և չտվեց ոչ իրեն, ոչ իր որդիներին, որովհետև աստված տեսավ իր ագահությունն ու անողորմածությունը և այդպես կամեցավ, իսկ եթե իր գանձերը վերցնի, [կնշանակի]՝ գործը ընդդեմ աստծո է անում:
[Եվ դիմեց Հովսեփին], որ ջանք գործադրի հավաքել իր տանը, որպեսզի չմնա այդտեղ բաց վիճակում ի տեսություն ուրիշների: Իսկ դրանից հետո, [ասում է], առանց տնօրինության չեն կարող ոչինչ անել: Ըստ հորդորանքի՝ առան տարան մի գաղտնի տեղ և ամբարած թողին այնտեղ: Գնալով նրա բնակվելու սենյակը՝ [Հովսեփը] սկսեց սիրալիր խոսքով հորդորել աղքատացած մարդուն, թերևս կարողանա կես մասը տալ ողորմելիներին և ինքը չմնա ծանր պարտավորության ձևով, որովհետև գործը մարդկանց կողմից աստվածային չէր համարվում: Շարժում էր ողորմելի մարդու միտքը. նա էլ մտածում էր, որ օտարության մեջ այնքան ժամանակ չաշխատեց, գանձերի համար զրկեց որդիներին, զանազան նեղություններ կրեց պանդուխտ երկրում, այլ ամենայն չարչարանքներ ևս: Սաստիկ բարկությունից բռնկվում և այրվում էր մտքում և հոգում: Դրա պատճառով երբեք չկարողացավ ստանալ մի դրամ, ուստի պատասխանելով աստվածային այր Հովսեփին, ասաց, թե բնավ ցանկություն չունի մի կարմիր տասնոց ստանալու: Երբ [Հովսեփը] տեսավ, թե ցանկություն չունի ստանալու, գնաց հայտնեց բարեպաշտ կնոջը, որ ամենևին չի կամենում գանձերից ստանալ [ինչ-որ բան], արդարև այդ մարդը իրենց թողնում է ծանր պարտավորության տակ, և ինքը [Հովսեփը] չգիտե, թե ինչ հնարագիտությամբ կարող են ինչ-որ մասը տալ ապրելու համար մի որոշ ժամանակում:
Այդ հնարը գտնելու համար մի քանի մեծամեծ հացեր հունցեցին, մեջը լցրին թանկագին քարեր ու ոսկիներ և եփելով (թխելով) թոնրում՝ դրեցին նրա մախաղում՝ որպես ճանապարհի ուտելիք, որպեսզի հանի քաղցած ժամանակ: Տեսավ կատարված հնարները [տանտերերի], ըստ արված քննության եփած նկանակները (թխած հացերը) դրին նրա մախաղի մեջ և կերան հացը, լիապես ըմպեցին, և [աղքատը] վերկացավ, ողջունեցին միմյանց. նա՝ այդ տառապյալ մարդը, գնաց, իսկ մինչ գնում էր, քաղաքի փողոցում նայեց և տեսավ՝ ոտքերի կոշիկները ծակոտված են: Ճանապարհի նույն անցման տեղում նստել էր մի կոշկակար: [Աղքատը] խնդրեց նրան կարկատել և նորոգել կոշիկները: Նա ասաց, թե առանց վարձի վայել չէ նորոգել: Ողորմելին, հանելով դրված նկանակները, տվեց նրան: Կոշկակարը նորոգեց կոշիկները: Նա հագավ և անցավ գնաց իր ճանապարհը ինչ-որ քարավանի հետ:
Երեկոյան ժամին կոշկակարը, վերցնելով նկանակները, գնաց իր տունը: Երբ երեկոյան նստեցին անճաշ, ողորմելի աղքատ կոշկակարը հանեց հացերը և դրեց սեղանին, որ իրենց մանուկների հետ ուտեն: Իսկ երբ նրա կինը տեսավ նկանակները՝ շատ գեղեցիկ, սպիտակ, վերցրեց այն սեղանից ու դրեց մի առանձին տեղ: Ամուսինն ասաց, թե ինչո՞ւ այդպես արեց, թող իրենց մանուկներն ուտեն այդ նկանակները: Կինն ասաց, թե արժե դրանք տալ վերցրած հացի փոխարեն, որովհետև ահա օրեր են անցնում, ինչ Հյուսան Հովսեփի տնից մանուկների համար չորս նկանակ է բերել փոխ և պարտավոր է անխափան հատուցել: Ողորմելի ամուսինն ասաց, որ կատարի՝ ինչպես կամենում է, որովհետև նրանք իրենց նեղ ժամանակում շատ են օգնում, ուստի տվեց նրա որդու ձեռքը և առաքեց նրա տուն:
Երբ բարեպաշտ Հովսեփի կինը տեսավ, իսկույն ճանաչեց իր սարքած նկանակները. արդարև զարմանք բռնեց կնոջն ու ամուսնուն: Իսկապես իմացան, որ գործն աստծուց է եղել:
Բայց աղքատացած վաճառականը գնում է, մտնում Խաթրա վանքը, որը Տրտու գետի վրա է, ապաշխարում է բարվոք ծերության մեջ ընկած, մեռնում է մեր փրկչի կամքով. վարքն ու դիպվածները գրված են այնտեղ: Փառք Քրիստոսին հավիտյանս հավիտենից, ամեն…
ՄԻ ԱԳԱՀ ՎԱՃԱՌԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԱՐԴ ԴԱՐՁԱՎ ՍԱՏԱՆԱՅԻ ՁԵՌՔՈՎ
Այս պատմությունը ճշտված է մի արժանահավատ մարդու կողմից. նա Էջմիածնի սուրբ Աթոռի նվիրակ (=եկեղեցական դեսպան) վարդապետից քարոզչության ժամին լսել է հիշատակություններ ագահ անձանց վերաբերյալ: Լսել է, որ մի վաճառական միշտ օտարության մեջ է անցկացրել իր կյանքը, մշտապես զբաղվել է շահավաճառությամբ` բոլոր կողմերից առատորեն բացելով եկամտի աղբյուրներ: Արդյունքների բարեբախտությամբ ինքը և կինը եկել են` հետները` ոսկի կամ թանկագին ու ազնվագին քարեր անհամար, բերել են, շեղջակուտակ ամբարել: Թեև մինչ այդ երբեմն-երբեմն եկել էր ընտանիքին տեսության, բայց ոչ այնպես, ինչպես այս վերջին անգամ, որ կապել էր բազմաթիվ ծանր բեռներ և մի մեծ քարավանով եկել իր բնակավայրը:
Երբ մերձավորները, հեռավոր բարեկամները, ընկերներն ու ծանոթները լսեցին, եկան և շնորհավորեցին նրա գալուստը: Թեև ըստ բարեկամների և հասարակության սովորության որդիները ուտելու, ըմպելու պատրաստություն էին տեսել, բայց վաճառականը հաղորդակից չէր լինում նրանց ուրախությանը, որովհետև այն ամենը ատելի էր իր աչքում: Դրա պատճառով բոլորը սկսեցին տարբեր կարծիքներ ունենալ, թե գուցե օտարության մեջ է ստացել այլատեսակ քաղաքավարություն և ինչ-որ ծանրալռիկ կյանք ու սովորություն: Օրերը եկան անցան, ամենքը դեռևս շարունակում էին նրանում առատության ինչ-որ հրաշք տեսնել:
Բայց ամենի վերջում տեսան` բնավ ոչինչ չի երևում. միայն նրա կատարյալ քաղաքավարության նշանը եղավ այն, որ բոլոր տերունական օրերին մի ոչխարի փորոտի էր գնում իր որդիների պետքերի` նրանց կերակրելու համար: Արտաքին այսպիսի կատարված գործից բոլորը կարծիք ունեցան նրա ագահության մասին: Իսկ նա, առանց ուշադրություն դարձնելու որևէ բանի, անդադար վաստակում էր շահավաճառությամբ թե´ օտարության մեջ և թե´ իր երկրում: Վաճառում և գնում էր մետաքսյա գործվածքներ, դիպակներ` ազնիվ գործված լաթեր: Այսպես եկան ու անցան իր աշխատասիրության օրերը, ինքը մերձեցավ ծերությանը, սակայն բոլորովին չկամեցավ ինչ-որ կարողություն տալ իր որդիների ձեռքը: Դրա համար վերջին ժամանակներում ցանկացավ մի անգամ ևս գնալ օտարության, որպես թե վերջինն է: Երբ ընտանիքը լսեց, չկամեցավ նրա գնալը ծերության պատճառով: Բայց նա խոսքը շրջեց` հայտնելով իր պակասությունը և ագահությունը, թե ինքը իսկությամբ գիտե, որ իր համար տխուր են կամ տրտում, սակայն [խնդրում է]` թույլ տան, որ գնա և կատարի իր ցանկությունը, վերադառնալուց հետո ամբողջ ունեցվածքը տա իր որդիներին:
Ասաց, համբուրեց բոլորին, ուղի ընկավ և գնում էր դեպի երկիրը Բաբիլոնի և հնդիկների զանազան քաղաքները: Եվ հասնելով այնտեղ` առաջվա սովորությամբ գնում էր, վաճառում էր` անցկացնելով իր օրերն ու ժամանակները: Բոլոր կողմերից հաջողեցնում է ոսկի, արծաթ կամ պատվական քարեր, ժողովում անթիվ գանձեր: Ապա սկսեց կապել ծանր դիպակների և բազմաթիվ ու անհամար այլ ունեցվածքի բեռները. բռնեց շատ բեռնակիր անասուններ և բարձելով մի ծանր քարավանով ամբողջ բեռները ճանապարհ գցեց, հինգ օր եկան և իջևանեցին մի բարձր լեռան ստորոտում` մի կանաչազարդ տեղում: Այնտեղ` մի վայրում, բոլոր բեռները հավաքելով, կուտակեցին` որպես սպիտակափայլ մի բլուր: Նայում էր, տեսնում դեզը, ցնծում էր և ուրախանում իր մտքում:
Ուստի ցանկացավ շրջել ծաղկազարդ դաշտում` լեռան ստորոտում: Հրամայեց ծառաներին` յուրաքանչյուրին երիվար պատրաստել: Նույն վայրկյանին կատարեցին, և բոլորը հեծան, գնացին զբոսանքի` զենքերով զինված: Մինչ շրջում էին այն ծաղկազարդ դաշտում, փոքրիկ մանկան նրբագույն ձայն լսեցին, բոլորը հիացած ակնածում էին` թերևս կարողանային տեսնել կամ գտնել: Քիչ հետո տեսան` արագընթաց վտանգավոր գայլը, յոթնամյա մի մանուկ հափշտակած, փախչում-գնում է: Երբ վաճառականը տեսավ, մտրակեց կերցրած երիվարը, վայրկենապես հասավ այնտեղ, սրով խփեց: Գայլը թողեց մանուկը, փախավ գնաց: Երբ գայլից փրկեց մանկանը, նույն ժամին ծառաները եկան հավաքվեցին հարցմունք անելու:
Հարցումներին խորհրդավոր խոսքերով էր պատասխանում մանուկը` ասելով. «Ես մի զորավոր թագավորի որդի եմ, որը բռնակալությամբ նվաճել է Բաբիլոնի և պարսից երկրները, որոնք հնազանդ են նրա իշխանությանը այն աստիճան, որ առանց նրա հրամանի մինչև անգամ չեն կարող շարժվել աջ կամ ձախ: Բայց դուք բարվոք եղաք, ինձ ազատեցիք մարդակեր գազանի բերանից և իմ հորից կստանաք բազում ունեցվածք, որքան կարողանաք»:
Վաճառականը հարցնում է, թե որտեղ էր, որ ընկավ այն չարագույն գազանի ձեռքը: Մանուկն ասում է, որ այդ օրը իրենց մեծ տոնն էր և հորից իրավունք էր վերցրել ընկերների հետ ուրախանալու համար: Ըստ իրենց խորհրդածության երբ հեռացան մի ծաղկանկար տեղ ուրախանալու, նույն վայրկյանին տեսան, որ մի կատաղի գայլ` բերանը բաց ու փրփրած, հանկարծ բարձր տեղից հարձակվեց իրենց վրա: Իր ընկերները տեսան գայլը, իրեն թողեցին այնտեղ միայնակ և բոլորը փախչելով իրենց մեկուսացրին, նրանք կիրթ էին ու հասակով իրենից մեծ: Սաստիկ վախից ոտները թուլացան, ծնկները խախտվեցին, և գայլը եկավ հափշտակեց իրեն: Իսկ այդ պահին իր հայրը տեղյակ չէր պատահմունքին, իսկ եթե իմանա, իր բոլոր ընկերներին, առանց ինչ-որ խափանման կկորցնի: Դրա համար իսկապես խնդրում է, որ իրեն այդ օրը հասցնեն իր հորը, իսկ նրանք հոր կողմից բազմաթիվ բարություններ կվայելեն:
Վաճառականը իր ծառաների հետ խոսեց առանձնակի` ասելով, թե արդյոք կարո՞ղ են այդ մանկան խոսքի մեջ ինչ-որ իմաստ գտնել. նրանցից կար, որ չար բան էր ասում, կար, որ` բարի:
Ծառաներից մեկը հորդորեց իր տիրոջը, որ նա անկասկած գնա մանկան հետ, որ դա առանց աստծո գործ է: Հետո ասում է տիրոջը, որ ինքը կամենում է նրա հետ գնալ, ո´ր վայրն էլ որ գնա: Այս խոսքի վրա վաճառականը հարցրեց մանկանը, թե արդյոք այդտեղից հեռո՞ւ է նրանց քաղաքը, թե՞ մերձ: Մանուկն ասում է. «Տեսնո՞ւմ ես, ահա´ այս առաջիկա դիմացի լեռան գագաթին մեր քաղաքն է»:
Վաճառականն ասում է մանկանը, որ ինքը գնացել է պարսիկների և բաբիլացիների երկրի այս կողմի բազմաթիվ և զանազան քաղաքներ, բնավ չի լսել, թե այս լեռան գագաթին թագավորանիստ քաղաք կա: Մանուկն ասում է, որ այն կողմը` լանջահարթ տեղում կա, բայց այնպես անվանի քաղաք չէ, որ դեպի այն շարժվեն շահավաճառ վաճառական և օտարական անձինք: Ի վերջո կատարելապես հավատաց մանկան խոսքերին: Եվ վերցնելով մանկանն ու ծառային հավատարիմ` գնաց, իսկ մյուս ծառաներին ուղարկեց բեռների մոտ` սպասելու իրենց գալստյան: Երբ հասան այն տեղը, որ անհնար էր զառիվեր գնալ երիվարներով, մանուկն ասաց. «Այդ ծառան թող այստեղ հսկի երիվարներին, մենք միասին երթանք իմ հոր տեսության»: Ծառային թողին այնտեղ երիվարներով, իրենք անցան-գանցին: Եվ երբ մոտ էին հասնելուն, վաճառականն ասաց մանկանը. «Որդյա´կ, ինչպիսի՞ եղանակով եմ պարտավոր գնալ քո այդ թագավորի տեսության»: Մանուկն ասումէ, որ ունկնդրի իր խոսքերին, ինչ ասում է, միայն դա կատարի, հետո կժառանգի մեծ բարություններ, [զգուշացնում է], որ թագավորի առջև ագահանալով չփոխի իր խոսքերը, տեսնի իրենը` ամբարած ոսկիներն ու արծաթները, պատվական քարերը, որովհետև դրանք առավել են, քան իր խնդրածը, նա [թագավորը] գիտե մարդկային մտքի կարողության չափը: Վաճառականն ասում է, թե ի՞նչ խնդրի, որ ահա´ տեսնում է, որ [մանուկը] քաջ գիտե ամեն ինչ, որ նրա խոսքերը հայտնի են դարձնում նրա գիտությունը: Մանուկն ասում է. «Ամեն ինչից բարվոք է քո արդար վաստակը խնդրելը», որ վաստակել է շատ տարիներում` օտարության մեջ բազում նեղություններ կրելով, այդքանը բավական է իրեն, եթե պարգևում է:
Ողորմելի վաճառականը, լսելով մանկան խոսքերը, խորին մտածության մեջ ընկավ` իր մտքում ասելով, թե ո՞վ է արդյոք այն թագավորը, որ իշխանություն ունի իր ունեցվածքի և վաստակի վրա: Մանուկն իսկույն իմացավ նրա միտքը, որ ընկել է խորին քննության մեջ, և ասաց, թե գիտե, որ սպասում է իմանալ իր թագավորի անունը կամ ճանաչել նրան, թե ո՞վ է, [ավելացնում է], որ թագավորի անունը Սամայել է, և [հորդորում է] մտածության մեջ չընկնել, ապա ասում է. «Օն, արի´ գնանք, որովհետև մոտ ենք հասնելուն»: [Զգուշացնում է], որ իր տված պատվերները քաջ պահի մտքում, գիտե իսկապես, որ նրա մարդկային կարողությունը այնտեղ շվարելու է, չի կարողանալու շիտակ խոսել, երբ տեսնի նրանց թագավորությունը և նրանց երեսների սքանչելի տեսիլքը: Այս խոսքերին տեղ հասան:
Ողորմելի վաճառականը տեսավ դրված ոսկեզօծ աթոռը, նրա վրա նստած Սամայել թագավորը` թագը նրա գլխին դրած, շրջապատում` անթիվ և անհամար զորք: Նրանք բոլորը խոնարհել էին իրենց երեսները, որպես թե միշտ սպասում են նրա արքունական հրամանին:
Բայց տեղի տեսարանը հիանալի էր, խիստ հարթ, լայնածավալ, ծաղկանկար ու կանաչազարդ: Նույն ժամին [վաճառականը] բռնեց մանկան ձեռքից, և երկուսը միասին գնացին-կանգնեցին թագավորի առաջ: Թագավորը հարցրեց որդուն, թե ո՞ւր էր կամ որտեղի՞ց է գալիս, կամ այդ մարդը ո՞վ է: Որդին սկսեց մանրամասն պատմել բոլոր բաներն ու պատահարները: Հայրն ասաց, թե ուրեմն այդ մա՞րդն է ազատել իրեն: Որդին ասաց` այո´, հա´յր: Թագավորը հարցրեց, թե ի՞նչ է կամենում խնդրել իրենից, ինչ որ կամենում է, պատրաստ է յոթնապատիկ ավելին տալ նրա խնդրածից, որովհետև իր որդուն փրկել է մարդակեր գազանի բերանից:
Վաճառականն ասաց, որ ինքը թագավորից բնավ հարստություն` ունեցվածք չի խնդրում, այլ խնդրում է կարոտություն (=փափագ), որ միայն դա է իր մտադրությունը և վերջնական խնդիրը, որ իր վաստակած բոլոր գանձերը տա իրեն և ընտանիքին. այդ բարին է փափագում իրենց միտքը, որ առանց արգելքի կարողանան կատարել:
Սամայելն ասաց. «Շատ դժվարին բաներ ես պահանջում, արդարև անհնարին բաներ ես խնդրում, քո խնդրածները հնարավոր չէ կատարել առանց իմ կնոջ մտքի քննության, որովհետև քո այդ գանձը ամբողջությամբ տրված է [որպես] մաս իմ կնոջ»: Նույն ժամին վաճառականին տարան, ցույց տվեցին շատ երկար մի հանդիսարան, հազարավոր տեղերում ամբարված ոսկի, արծաթ, թանկագին ու պատվականագույն քարեր, որ ասես երկնքից աստղեր էին փայլում: Սամայելն ասում է նրան, թե որքան պետք է, առանց ուշացման կարող է ստանալ, և ոչ ոք իրավունք չունի արգելման ինչ-որ խոսքեր ասել, կամ որքան բեռներ ուզենա տանել, իրենց օգնությամբ կարող է տանել:
Վաճառականը, դարձյալ կրկնելով, ասում է. «Արդեն ինչ խոսեցի քո առջև, արքա՛, այն է. եթե քո կամքը բարեհաճի, կարող ես իմ վաստակը շնորհել ինձ՝ մոլորյալիս»: Սամայելն ասում է, որ իր տիկնոջը կանչեն այնտեղ, տեսնեն, արդյոք, ի՞նչ է կամենում ասել, որովհետև այդ ժամանակ նա է տեր և իշխան վաճառականի ամբողջ ունեցվածքի և կարողության:
Ըստ նրա հրամանի՝ մի քանի մեծամեծ անձինք գնացին՝ հրավիրելու կնոջը: Քիչ հետո տեսան, ահա՛, զարդարված զգեստով, նազաքայլ, սքանչելի զարմանքով, բազմաթիվ ծառաներով և աղախիններով կինը ելնում գալիս է Սամայելի մոտ: Ամուսինը վերկենում գնում է նրան ընդառաջ և բերում նստեցնում է մի զարմանալի այլ աթոռի: Կինը նստում է նրա վրա: Սամայելը կնոջ լսողությանը սկսում է մանրամասն պատմել բոլոր իրողությունները իրենց որդու մասին:
Երբ կինը լսեց նրա բոլոր խոսքերը, խիստ տխրեց՝ ասելով. «Դու տուր մասը (=բաժինը), որպես թե բարվոք համարելով, քան աշխարհի ամենայն գանձերը, միայն սրա ընտրությամբ ինձ բաժին տուր: Ինչո՞ւ ես ստրջացել (=սիրտը կոտրել, զղջալ)»: Սամայելն ասում է, որ իրենց գանձերն անթիվ են և անհամար: Կինն ասում է, որ ինքն իսկապես գիտե, որ իրենց գանձերն անթիվ են և անհամար, սակայն չեն կարող անպակաս և ամբողջությամբ պահել, որովհետև երբեմն ինչ-որ մասը տալիս են ողջերին և ննջեցյալներին կամ կարոտյալներին. «Այնպես ոչնչացնում են իմ մասը: Բայց սրա [վաճառականի] գանձը մինչև այսօր կույս է ամբողջ, արդարև ամենից լավ է, քան աշխարհի բոլոր գանձերը»:
Խոսակցության վերջում թագավորի և որդու մխիթարական խոսքերով հազիվհազ կարողացան մեղմացնել տիկնոջ սիրտը: Երբ տեսան կնոջ բարի ցանկությունը, նույն վայրկյանին թագավորը հրամայեց իր ծառաներին այնտեղ բերել հինգբերանի մի բանալի և բռնելով ողորմելի վաճառականի շնչերակներից՝ բանալին նետեցին նրա վրա, խիստ պտտեցին հինգ անգամ: Պտտելիս ողորմելին վա՜յ էր գոչում: Այդ ձևով բացին հինգ զգայարանների դուռը, ապա երկու ծառաները մարդուն իջեցրին և անցկացրին ընկերների մոտ ու հետ դարձան:
Վաճառականը եկավ և գտավ ծառային, ու գնացին դեպի քարավանը: Այնտեղ հավաքված ծառաները և մյուսները իրենց ցանկությամբ սկսեցին հարցաքննել բոլոր դիպվածները, թե ինչո՞ւ ուշացավ այդքան ժամանակ կամ ի՞նչ էր այդ նորասքանչ բանը: Վաճառականն ասում է. «Լուռ մնացե՛ք, որդինե՛րս, անճառելի բան է այս նոր հրաշագործությունը», և սկսեց բոլոր եղած դեպքերը մանրամասն պատմել նրանց: Արդարև բոլորը զարմացած փառք էին տալիս ամենակալ աստծուն:
Վաճառականը սկսեց նորանոր բացել փակվածները՝ գաղտնիքները ու խորին մահաբեր թմրությունից արթնանալ: Երբ բացեց իր աչքերը, ակնածությամբ և բազմահոգ մտածությամբ նայեց լեռներին և դաշտերին, որպես թե հենց նոր արթնացել է քնից:
Նույն ժամին տեսավ՝ այն նույն դաշտում ոչխարի հոտ է արածում, հրամայեց յուր ծառաներին գնալ այնտեղ և մի քանի ընտիր և պարարտ ոչխար բերել և նույն ձևով գտնել քաղցրախորժ ըմպելիքներ ու պատրաստել ազնվագույն կերակուրներ: Սկսեց մեծ ուրախություն անել իր ծառաների և ընկերների հետ: Արդարև բոլորը զարմացել էին, որովհետև գիտեին նրա ժլատ վարքի մասին: Այսպիսի մեծահանդես ցնծությամբ և ուրախությամբ եկավ իր տուն: Այստեղ տեսան մեծահանդես և մեծամեծ իշխանների ու վաճառականների, աղքատների և կարոտյալների, բարեկամների և հեռավորների կանչ ու հրավերք: Նաև մեծամեծ ծախսեր արեց եկեղեցիների և վանքերի շինության, նորոգման ու նրանց պայծառազարդության համար: Կատարեց նաև բազմաթիվ բարություններ ու առաքինություններ, ապա կնքեց իր ցանկալի կյանքը և գնաց ամենքի Քրիստոսի հույսին, որին վայել են փառք ու պատիվ, երկրպագություն. այժմ և հավիտյանս հավիտենից, ամեն…