ՇԱԽԿԱԽԻ ՍՈՒՐԲ ՀՐԱՇԱԳՈՐԾ ՆԱՀԱՏԱԿԻ ՄԱՍԻՆ
Հին ձեռագրում [նշվում է], որ Ղարադաղից Բաղտասար անունով ոմն այր գրում է, թե աստված բարկացավ պարսից երկրի վրա, և մորեխը եկավ ծածկեց գետնի երեսը, կերան ամենայն դալար և բույս, երաշտն էլ ավելի շատ ոչնչացրեց, քան մորեխը: Դրա պատճառով այդ երկրում սաստիկ սով եղավ, բոլոր կողմերում նրանց հացի և ապրելու ակնկալությունը վերացավ: Իսկ նույն ժամանակում Աղվանից երկրում մեծ առատություն կար, որի համար Պարսկաստանից անթիվ քարավաններ էին բազմացել մեր այս երկրում, ամենքը գնողներ և հաց տանողներ էին: Դա քաջ Ջվանշիրի թագավորության ժամանակ էր, բայց պարսից իշխանության տակ էր:
Այնպես պատահեց, որ պարսից երկրից՝ Շաղախի նահանգից, որ մոտ է Արտավուլ քաղաքին, մի ծանրագույն քարավան գալիս իջևանում է Ամարաս քաղաքի գետի վրա՝ Աղվանից կաթողիկոս Գրիգորոսի սուրբ Աթոռին առընթեր: Ամարաս քաղաքում մեծ առատություն էր ամեն ինչի՝ թե՛ ցորենի, թե՛ գարու կամ գինու, որովհետև հողը բերրի էր և արդյունարար: Երբ քարավանն իջավ այնտեղ, ոմանք գնացին դեպի քաղաք՝ հաց մուրալու, ոմանք էլ՝ Գրիգորոսի սուրբ Աթոռը: Գործի անհաջողությունից ելնելով՝ այնտեղ մնացին հինգ օր:
Բայց իրենց հետ ունեին իննամյա մի մանուկ, որը գնում-գալիս էր Գրիգորոսի սուրբ Աթոռը: Նա շատ գեղեցիկ տեսք ու դիմագծեր ուներ, վարքով բարի էր, քաղցրախոս էր և համեստափայլ: Լսում էր, ինչ որ հայրը և նրա ընկերները խոսում էին սուրբ Աթոռի վանականների կարգերի և օրինապահությունների մասին, որովհետև տեսնում էին գիշերային զանգակահարության ժամերգությունները և ամեն առավոտ ժամերգությունը երեք անգամ կրկնելը: Այս ամենը տեսնելով՝ գովում էին հայերի հաստատուն օրինակատարությունները բոլոր ժամերին: Մանուկը լսում էր նրանց բոլոր ասածները, բայց երթևեկում էր վանականների հետ, որովհետև նրանք ըստ բնական օտարասիրության մանկանը միշտ կերակուրներ ու հաց էին տալիս: Նա ուտում էր և տանում էր հորն ու նրա ընկերներին: Վանականները սիրում էին նրան, խաղում էին նրա հետ և երբեմն ասում էին. «Կփոխվե՞ս արդյոք հայոց դավանաբանության»: Նա քաղցրությամբ պատասխանում էր. «Ես կամենում եմ այդ բանն ասել ձեզ, եթե դուք կամենաք ինձ քաղցրությամբ ընդունել ձեր շարքում: Բնավ ցանկություն չունեմ վերադառնալ իմ հայրենիքը»: Նույն օրը հայրը և ընկերները պատրաստեցին ցորենի բեռները և առավոտյան վերկենալով՝ բարձեցին իրենց բեռները և ճանապարհ ընկան գնացին: Բայց մանկան հայրը կանչեց որդուն, սակայն նրան չգտավ, ընկերները գնացին, ինքը մնաց այնտեղ: Գնաց Ամարան (՞) քաղաքը, [որդու համար] դիմեց հանցավորներին, բնակիչներին, վանականներին, բայց չկարողացավ գտնել որդուն, ուստի կորած թողեց այնտեղ, ինքը գնաց, գտավ ընկերներին և գնացին իրենց երկիրը:
Օրեր անց մանուկը ելավ եկավ սուրբ Աթոռը, և վանականները տեսնելով ուրախացան, իմացան նաև նրա հաստատուն ցանկության մասին, որի համար գնացին և հայտնեցին վեհափառ Հայրապետին: Նա մանկանը կանչեց իր մոտ, հարցում արեց և նրանից տեղեկացավ [գործի] իսկություններին, որ ցանկանում էր դավանել լուսավորչականություն և մկրտվել հանուն Հոր և Որդվո և սուրբ Հոգու: Դրա համար [Հայրապետը] հրամայեց վանականներին կրթել՝ նախապատրաստել մկրտելու մանկանը և նրա անունը կոչել Գրիգոր՝ համաձայն Գրիգորոս Կաթողիկոսի անվան: Վանականները ըստ հրամանի մեծ հանդիսավորությամբ կատարեցին նրա մկրտությունը, ապա մկրտվածին տարան վարժարան՝ սովորելու հայրենի լեզուն: Սկսեց դասառությունը, գնում էր դեպի առաջ, զարգանում էր, որպես թե արբյալ էր սուրբ Հոգու ծորաններում: Ուսումնական աշակերտներով անցնում-յուրացնում էր գիտության, ուսման խնդիրներ: Անդադար զբաղվում էր Աստվածաշունչ գրքով. այդ ընթացքում՝ մի քանի տարում, ավարտեց գրքերը՝ [յուրացնելով] նրանց ներքին և խորին իմաստը: Եվ ավարտելուց հետո ստացավ նախասարկավագյան աստիճան ու առանց ձանձրության հանձն առավ Տաճարի սպասարկման գործը. մկրտում էր, որովհետև լուսարարությունը և մյուս պաշտոնները հանձնել էին նրան, քանի որ վարքով ու բարքով առատ էր և առաքինի, ճշմարտաբան և սրբակենցաղ, հյուրասեր, ամեն ինչով կատարյալ: Արտաքուստ՝ մարմնի շարժումներով իսկությամբ ու ակներևաբար պայծառափայլ էր վանականների և այնտեղ եկած ուխտավորների առջև: Բոլոր տեղերում տարածվեց նրա բարեգործության և արդարության անունը, ուրիշների հետ ախորժալուր խոսելու ժամանակ նրա բերանից առաքելական խոսքեր էին զեղվում-թափվում, և խրատական բաներ հիշեցնելիս արդարև հիացել էին նրա հորդաբուխ և ճոխ հռետորաբանությունից:
Երբ բոլոր տեղերում տարածվեց նրա բարելավության անունը, երթևեկողներից նրա համբավը հասավ ծնողների ականջին, թե իրենց որդին կենդանի է և գտնվում է Գրիգորոսի սուրբ Աթոռում, փոխել է դավանությունը և ուսանել հայոց բոլոր գրքերը, շատ պայծառ ու վայելուչ է գեղեցկությամբ և հասակով:
Երբ ծնողները լսեցին, ուրախացան, բայց ընդունեցին բարեկամների և ազգականների հորդորները ու ծնողական գութի պատճառով չկարողացան համբերել, որի համար նրա հայրը վերկացավ, զինվորական կարգով ճանապարհվեց և ուղղակի եկավ երանելի Կաթողիկոս Գրիգորոսի սուրբ Աթոռը և որպես անծանոթ՝ գիշերը մնաց այնտեղ՝ հյուրընկալության սենյակում:: Առավոտյան վանականների ծառաների միջոցով և իր հարցաքննությամբ անծանոթաբար իր մոտ կանչեց որդուն և նրա հետ խոսեց հավատին առնչվող զանազան բաներ ու ներքնապես հիացավ խիստ խելացի խոսքերից և ծաղկահասակ տեսարաններից, մանավանդ պայծառափայլ երեսից: Մտքով չափում էր և վարանում, թե. «Լավ է՝ մենք մեռնենք, քան այսպիսի շնորհազարդ որդին թողնենք ուրիշների ձեռքում»:
Երկար խոսակցությունից հետո որդին գնաց, բայց հայրը չկարողացավ ծանոթանալ նրան: Այդ պատճառով վեհափառ Հայրապետի դռնապաններին հայտնեց՝ գնալ տեսնել նրան: Եվ գնաց, ողջունեցին միմյանց, ինչ-որ խոսակցությունից հետո հայրը բացեց իր մանկան խորհուրդները և հայտնեց Հոգևոր հորը, թե այս Գրիգոր անունով տղան իրենց որդին է, հացի սղության ժամանակ եկել է այդտեղ, ցորեն առել իրենց երկիրը տանելու, [այդ ժամանակ մանուկը] մնացել է այդտեղ, և չի իմանում՝ ինչի՞ պատճառով: Բոլոր բաները, անցած պատահարները պատմեց, և ճանաչեցին իսկապես, որ նա մանկան հայրն է: Անօրենը դիմում է Հայրապետին. «Բարեհաճեցե՛ք, ո՜վ Հայրք, և տվեք իմ որդին, առնեմ, գնամ իր մոր մոտ, որովհետև մայրը, լսելով այստեղ գտնվելու նրա համբավը, չի կարող երբեք դադարել լացելուց և արտասվաթոր ողբալուց»,- ասում էր և խնդրում: Բայց դժվար [բան] էր խնդրում: Մինչ խոսում էին այս ամենի մասին, սրբասնունդ պատանի Գրիգորը տակավին [ոչինչ] չգիտեր:
Նույն ժամին կանչեցին սարկավագ Գրիգորին, ցույց տվեցին նրան, թե. «Ահա քո հայրը, արդյոք ճանաչո՞ւմ ես, ցանկանում է քեզ տանել քո մոր մոտ, ի՞նչ ես կամենում անել կամ ի՞նչ պատասխան ես տալիս»: Որդին այդտեղ ուրանում է հորը, թե երբեք չի իմացել նրան և չի ճանաչում. հրաժարվում է նրանից՝ որպես զազրելի և որդնալից ինչ-որ բաների գարշահոտությունից, հորը տեսավ շարժումներից ու խոսքերից՝ [որոշելով], թե բնավ հոժար չէ նրա խոսքերը կատարել: [Հայրը] բարկացավ որդու վրա, կամեցավ ինչ-որ վնաս հասցնել, բայց շուտով [նրան] արտաքսեցին՝ նետեցին դուրս և դուռը փակեցին. մնաց պարսպից դուրս:
Բայց խիստ շիկացել էր անշիջանելի բարկությամբ և կատաղել ինչպես գազան, մռմռում էր, թե ինչպե՞ս կարելի է լուծել առաջ եկած գործը: Զանազան քննությունից հետո չկամեցավ վերադառնալ իր տունը, այլ [որոշեց] գնալ Տավրեժ [Թավրիզ] քաղաքը և այնտեղ բողոքել պարսից թագավորին ու արքունիքից հրաման ստանալ, որպեսզի նրանով կարողանա տանել իր որդուն: Ինչպես մտածեց, այնպես ճանապարհ ընկավ, գնաց ուղղակի Տավրեժ քաղաքը և այնտեղ արքունի ատյանին մանրամասն պատմեց բոլոր դիպվածները: Ընդունելով նրա խոսքերը՝ նրանք ծանրագույն խոսքերով հրովարտակ գրեցին սուրբ Աթոռի կաթողիկոսի վրա՝ ասելով. երբ արքունի այս հրովարտակը հասնի ձեզ, արդարև վայել չէ երկու իշխանությունների միջև ընդդիմություն և հակառակություն անել, այլ քաղցրությամբ որդին տալ այդ մարդուն: Եթե ո՛չ, մշտապես անխափան կլինեն գերեվարություն և սպանություն ամբողջ հայաստանցիների ազգի սահմաններում, և հազարավոր, բյուրավոր անձանց կորուստ կլինի մի անձի վնասի համար: Այսպես գրեցին, կնքեցին արքունի գիրը և տվեցին նրա ձեռքը: Նա վերցնելով ուղղակի եկավ սուրբ Աթոռը և հրամանագիրը տվեց Հայրապետի ձեռքը: Նրանք կարդացին բոլորը և լսեցին ամենայն գրածները: Բայց թղթաբերին ժամադրեցին սպասել մինչև երեք օր, որպեսզի իրենք քննություն անեն և ապա իրենց միտքը հայտնեն նրան:
Ըստ հրովարտակի պահանջին՝ գավառային մի քանի մեծամեծ իշխաններով հանդերձ մեծ քննություն արին, և վերջնական վճիռն այն եղավ, որ որդին տան հորը: Դրա համար մի քանի օր հետո պայմանավորվեցին այնտեղ ատյան կանչել անօրեն մարդուն և նրա որդի, սրբասնունդ պատանի Գրիգորին: Վերստին թուղթը բերեցին այնտեղ, կարդացին և խոսքերը հասցրին պատանու ականջներին ու հայտնեցին՝ պատճառ չլինել այնքան անմեղ անձանց կորստյան: [Պատանին] թե. «Տեսավ. արդարև ինքն է պատճառ», և խոնարհվեց նրանց խոսքերին:
Սակայն այստեղ իսկապես հիվանդանում է գրիչս՝ ճառելով՝ գրելով մութ և խավար անհնարին տագնապը, որ հասել էր նրա սրբափայլ մտքերի վրա:
Այնտեղ պետք էր տեսնել վճռից հետո ճնշող արցունքների հոսքը, նրա գլխապտույտը, մարմնի կարողությամբ շվարելը, անդամների թուլացումը, աչքերի մթանալը: Ի վերջո գլորվում-ընկնում է վեհափառ Ստեփանոս Հայրապետի և բոլորի առջև: Ուստի բոլորը արտասվում էին: Եվ բռնելով ձեռքերից՝ վերկացրին տառապյալին: Նա եկավ ընկավ Հայրապետի գիրկը, համբուրեց նրա ձեռքն ու ոտը, և նա համբուրեց պատանու ճակատը: [Սա] գնաց ընկավ Աղվանից կաթողիկոս Գրիգորոսի տապանին. խնդրում-աղաչում էր, հոգին հալում-թափում նրա վրա, խնդրում էր ազատության հնարներ: Ապա այնտեղից վերկենալով՝ համբուրեց սուրբ սեղանը և ավետարանը ու ասաց. «Հրաժարվում եմ քեզնից, ո՛վ սուրբ սեղան», և այդպես էլ՝ մյուս բոլորից: Ելավ և եկավ ողջունեց սրբակրոն եղբայրներին, և համբուրվեցին [վերջին անգամ]:
Գառը ելավ հոտից և ընկավ գիշակեր գայլի առաջ:
Հետիոտն գնաց անօրեն հոր հետ: Երբ մի քիչ հեռացան, հայրը կապեց որդու ձեռքերը և ասաց նրան. «Գնա՛ հետիոտն, որովհետև դա է արժանի քեզ, եթե իմ կամքին հնազանդված լինեիր, իմ ուսերի վրա վերցրած կտանեի»: Երբ մոտեցան մի լեռան, որ գտնվում է Դիզափայտ լեռան ստորոտում՝ արևելյան կողմում՝ երկու ժամի ճանապարհով հեռու, մինչ գնում էին զառիվայր քարքարոտ տեղով, այնտեղ աղաչեց հորը արձակել իր ձեռքերը: Նա ծնողական գութով արձակեց: Մինչ գնում էին նույն տեղով, որդին փախչելու հնարներ էր գտնում կամ՝ ուրիշ այլ բաներ: Դրա համար սկսեց քայլերն արագացնել և, երբ հոր հայացքից հեռացավ, փախավ արագ ընթացքով: Բայց հայրը զգույշ էր, գիտեր նրա միտքը, որ չի կամենում իր հարազատ որդին լինել: Ուստի մտրակեց հեծած երիվարին՝ ստիպելով գնալ նրա հետևից: Որդին կամենում էր ավելի հարթ և ծաղկազարդ տեղ անցնել և գնալ: Հայրը բարձրաձայն գոչեց նրա հետևից, իսկ նա չկամեցավ հետ նայել. և որքան գոչեց, նույնքան [որդին] անհոգորեն փախչում-գնում էր:
Ուստի նույն վայրկյանին անօրեն հայրը, մերկացնելով սուրը, բարկությամբ հասավ նրան և կատաղած, գազանաբար սրախողխող արավ ողորմելիին: Նույն ժամին տեսավ մեծ լույս՝ ծագած քրիստոսի սուրբ վկայի բազմահատ մարմնի վրա: Երբ հայրը տեսավ ակներև երկնքից կախված, արդարև մնաց հիացած, թմրել էր և մնացել բազում տարակուսությամբ պաշարված: Բարկությունն անցնելուց հետո ինքնին ուշաբերվելով՝ զարթնեց որդեկորույս բարկության արբեցումից և ընկավ սաստիկ ողբալից արցունքների ծովալիճը. չէր կարողանում գտնել աստծո հրաշագործության հնարները՝ կամ իր անձի ազատության, կամ որդու մարմնի ամփոփման. նրա բոլոր կողմերում վիհ էր և անզերծանելի շղթա՝ ընկած նրա պարանոցին: Ինքն իրեն վա՜յ, վա՜յ էր գոչում՝ ասելով, թե. լավ կլիներ՝ որդու փոխարեն այդտեղ ինքը երիվարից ընկներ և մեռներ, քան ձեռքերը մխեր որդու անմեղ արյան մեջ: Երբ այն դառնագին լացից դադարեց, գնաց սուրբ վանքը, որ այժմ կոչում են Սպիտակ խաչ: Սա գտնվում է նույն լեռան ստորոտում՝ արևելյան կողմում, որտեղ նահատակվեց քրիստոսի սուրբ վկան. նրանից [վանքից] հեռու է մեկ ժամի ճանապարհով: [Անօրենը] գնաց նույն վանքը և աղաչելով ու արտասվելով նրանց հայտնեց եղած դեպքերի մասին:
Վանականները ճանաչեցին և հայտնեցին վանահորը, որովհետև ամենքը ճանաչում էին սուրբ վկային: Հայրը փախավ այդտեղից, որովհետև բոլոր պատահածներն ու հրաշքը պատմել էր:
Այդ ժամանակ վանականները և վանահայրը վերկացան գնացին եկեղեցական ամենայն սպասքով՝ թերևս բերելու նրա մարմնի սուրբ նշխարները [մասերը՝ կտորները]: Երբ գնացին այնտեղ, ցանկացան ձեռքները մեկնել, ժողովել վկայի կտրատված մասերը, սակայն հրաշքով չկարողացան մոտենալ սրբին, մինչև առաջիկա գիշերը ցույց տվեց Պետրոս վարդապետին, թե այստեղ պետք է մնալ: Ուստի տեսան ամեն ինչի պատրաստությունն այնտեղ ամփոփված, և երբ սուրբ մարմինը ամփոփեցին նահատակության տեղում, ակներև մեծ լույս ճառագայթեց [շողշողաց] երկնքից սուրբ տապանի վրա, որից բժշկության բազում հրաշքներ եղան: Եվ սուրբ տապանի վրա մի եկեղեցի շինեցին:
Մեր այս ժամանակում մի մարդ՝ անունը Ավագ, երկու աչքով կույր, յոթ տարի ուխտավոր մնաց սուրբ վկային, նորոգեց եկեղեցին: Դրա համար համառորեն ծոմ էր պահում, ոտնաբոկ այցելում էր սուրբ տապանին՝ առաջնորդ ունենալով քրոջը: Նույն գիշերը լիապես ողջացավ անբուժելի կուրությունից, որի համար երկուսն էլ ուխտեցին չամուսնանալ մինչև մահ, ծառայել միայն սուրբ գերեզմանին: Հին մատուռը ևս քանդեցին, նոր հիմք նետեցին և շինեցին, որի քարերը մարդիկ [բերեցին] սրբազան եպիսկոպոս Սարգսի հրամանով: Օծեցի ես անարժանս:
Սուրբ վկայի բարեխոսությամբ ողորմեա՛ քրիստոս, աստված բոլոր հավատացյալների՝ ողջերի և ննջեցյալների, ի Տեր, ամեն…
ՄՆԱԽՈՐՀԵԿԻ ԲԺՇԿԱՐԱՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Աղվանից երկրի հայաստանցիների ազգի թագավորության ժամանակ հաստատ և ճոխ էր Հայաստանը [Հայաստան կար], և թագավորները հաջորդաբար նստում էին իրենց աթոռներին, շեն ու շեն տեղեր էին բոլոր քաղաքները և ավանները, դաշտային տեղերը լի էին բնակությամբ՝ Երասխ գետից մինչև Կուր գետը, բերրի Մուղանի դաշտը, որ լի էր բնակությամբ ու մարդկանցով: Դրանց շարքում՝ Երասխ գետին մոտ, մի գյուղաքաղաք կար, որի հիմնադրի անունը դրեցին նրա վրա: Նա պարթև էր՝ հաղթանդամ՝ անունը Պապի: Այժմ բոլորի բերանում հնչում էր Պապե. դեռևս չգիտեն այդ բառի իմաստը: Հին ժամանակներից այնտեղ բնակվում էին մահմետականներ (՞):
Դառնանք մեր պատմության խնդրին:
Նույն ժամանակ պատերազմներ էին սկսվում բոլոր կողմերում՝ ալանաց ազգից և պարսիկներից, բազում գերեվարություն և ասպատակություն եղան Հայաստանում, ուստի հայերը սկսեցին նվազել և հետզհետե շարժվել դեպի լեռնային տեղերը:
Այս ժամանակ սուրբ վկաներ էին զավակները մի մարդու, որի անունը Ստեփանոս էր, քրոջ անունը՝ Մինա, եղբոր անունը՝ Խորհեն, որի համար հասարակության բերանում՝ Մնախորհեն է: Երկուսն էլ մասնավորաբար գիտեին գրքերը, քույրը տասնչորս տարեկան էր, եղբայրը՝ տասնհինգ: Երբ քրիստոնյաների սաստիկ հալածանք եղավ պարսից ազգից՝ բնական թշնամիներից և լեռնաբնակ ալանների ազգից, պարսից արքան կամեցավ մեր այս ազգը հավատափոխ անել: Ըստ Եղիշեի պատմագրության՝ հաստատվում է դա. այստեղ սակավ-ինչ երկարաբանություն կա:
Մենք դառնանք մեր խոսքին:
Երբ մանուկները տեսան հայերի հալածանքը անօրեններից, որոնք նույն ժամանակ բնակվում էին Պապե կոչված ավանում, խորհուրդ արին միմյանց հետ փախչել և հեռանալ դեպի վերին Հայաստան կամ գտնել կրոնավորների և կուսանաց ինչ-որ անապատ և այնտեղ անցկացնել իրենց կյանքը: Ավելի լավ էին համարում արդարև խոտաճարակ կյանքով անցկացնել իրենց օրերը, քան թե մեծ փառքով մնալ անօրենների ձեռքում: Դրա համար հագուստ և աման, ուտելիք պատրաստեցին ընտանիքից գաղտնի և առաջիկա գիշերը ելան ու փախան դեպի լեռնային տեղերը: Նախ ջանում էին գտնել մի շատ ամուր տեղ, որպեսզի ցերեկը այնտեղ մնան թաքնված: Եվ գիշերը ելան գնացին [այդտեղից], իրենց մտածածով հենց այդ գիշերը եկան քարքարոտ մի փոքրիկ բլուր, որին կից ձորակում՝ քաղցրահամ աղբյուր: Բայց փոքրիկ բլրի գագաթին բուսել էին մշտադալար դափնի ծառեր, միմիայն նրա գլխին կան բուսած: Դրանցից բացի նույն տեղում՝ դաշտում տարածված անթիվ բլուրների գագաթներին, բնավ որևէ բույս չէր գտնվի: Որպես թե ի սկզբանե հենց սուրբ վկաների համար արարչապետի խոսքով են ստեղծագործվել [ծառեր]:
Դադար առնելով այնտեղ մինչև երեկո՝ գնացին խմելու ջուր բերին: Այնտեղ երեք օր թաքնված մնացին, որովհետև պարսից բանակը սփռվել-տարածվել էր հարթ դաշտի ներքևում՝ մի քիչ հեռու: Երբ դրանք եկել էին գիշերը, ողորմելիները տակավին անտեղյակ էին: Երբ [խմելու] ջուրը սպառել էին, Խորհենը վերկացավ գնաց՝ իբր թե գաղտնաբար ջուր բերելու: Նույն ժամին [այնտեղ] հեծյալներ և ասպատակավորներ կային, որոնք, տեսնելով նրան, անմիջապես հասնում և բռնում են նրան: Վերև նայելով՝ նրանք տեսան քրոջը՝ ծառերի տակ նստած. ասես թե ջինջ լույս էր փայլում նրա երեսից, և նրանց աչքում երևում էր որպես անմարմին [էակ], որ նստել այնտեղ, աղոթում էր:
Խորհենին բռնեցին և տարան քրոջ մոտ, նստելով հարցրին. «Որտեղի՞ց եք գալիս և ո՞ւր եք գնում, այստեղ՝ անմարդաբնակ վայրում, ի՞նչ եք կամենում անել»: Վկաներն ասում են. «Աստծո ծառաներն ենք, ցանկանում ենք գնալ վերին Հայաստան, լեռնային տեղերում գտնել աղոթատեղիներ, մնալ այնտեղ, անցկացնել մեր կյանքը»:
Վկաներին [առնչվող] բոլոր անցքերին տեղեկանալուց հետո ցանկացան նրանց տանել իրենց զորապետի մոտ նրա զինվորների աչքում հաճոյանալու համար՝ ասելով, որ եթե այսպիսի չքնաղապանծ աղջիկը և գեղեցկագույն տղան տանեն իրենց զորապետին, անշուշտ, նրանից կստանան ազնվագին պարգևներ և ընծաներ: Այս ամենը մտածելով, սուրը ձեռ(քներ)ին, վախեցնելով և ստիպելով ցանկանում էին տանել: Նրանք չկամեցան գնալ՝ ասելով, թե իրենց համար բարվոք է այդտեղ մեռնել, քան կատարել նրանց կամքը: Այս խոսքերից զայրանալով՝ անօրենները բռնեցին նրանց ձեռքերից, վար քարշեցին, թերևս կարողանան բռնությամբ տանել: Տեսան, որ ահա՛ հոժարությամբ ընդունում են մահը, քան ապրելը: Դրա համար այնտեղ նրանց վրա պահապաններ թողին և անցան-գնացին բանակը ու այնտեղ զորապետին պատմեցին բոլոր իրողությունները, մանավանդ աննման գեղեցկությունները, որովհետև անօրենները բնական սեր ունեն՝ ինչ-որ վավաշոտ ցանկասիրությամբ, գեղեցիկ դեմքեր ունեցողների նկատմամբ: Ուստի նույն ժամին ինչ-որ փոքր զորագնդի զորապետ վերկացավ գնաց քրիստոսի վկաների մոտ, և տեսան արդարև պատմածից ավելի պատվականներ են: Նստեցին թավազարդ ծառերի տակ, պահապանները մեջտեղ առան անմեղ գառներին և տարան իրենց գլխավորի և մեծամեծերի մոտ: Խրթին խոսքերով հարցաքննության տակ գցեցին, թերևս կարողանան համոզել և մեղմացնել նրանց սրտերը, որպեսզի կարողանան մահմետական կրոնին դարձնել, ինչպես նաև երդվեց ու խոստացավ Խորհենին կարգել ամբողջ զորքի գլխավորը, սրբասնունդ [քրոջը] ընծա տանել պարսից թագավորին և դարձնել գլխավոր տիկին. ամենքը նայում էին նրա ձեռքին որպես ծառա:
Երբ վկաները լսեցին, արդարև զարմացան այնքան հիմար խոսքերի վրա, որ իսկապես իրենց մտքից դուրս էին նրանց բոլոր այդպիսի սնոտիապատիր [խաբեական] խոսքերը: Վկաները, աներկյուղ պատասխանելով, զարմացական ծիծաղաբանությամբ ասում էին՝ դրանք ճշմարիտ խոսքե՞ր էին, թե՞ խաղ են անում իրենց հետ: Եվ պնդում են. «Այս են մեր վերջնական խոսքերը. չունենք այնպիսի լսելիք [ականջներ], որ ընդունենք ձեր ասածները»:
Չար գազանը տեսավ, որ նրանցից գլխովին վերացել է հոժարության հոգին, իսկությամբ գիտեր նրանց միտքը, որ բնավ հոժարություն չունեն ընդունելու յուր խոսքերը: Նույն ժամին աչքը գցեց զինվորներին, ծանոթացրեց նրանց, որ բռնեն նրանց, տանջեն և անողորմաբար չարչարեն, բայց հարցաքննությամբ գոնե զղջալով դառնան մահմետական հավատին: Այդ նպատակով սկսեցին գազանաբար նրանց վրա արձակել զինվորների գունդը, յուրաքանչյուրի ձեռքին սուր՝ շրջապատեցին նրանց, մեջտեղ առան և ծակոտելով նրանց մարմինները՝ ջերմաջերմ կարմիր արյամբ ներկում էին քարերը և կանաչագեղ ծաղկունքը, [արյամբ] թրջվել-թաթախվել էր նրանց հանդերձանքը: Կրկնվող հարցերով որքան հարցնում էին, նրանք առավել խստությամբ էին պատասխան տալիս:
Դրա պատճառով [զորապետը] հրամայեց կապել նրանց ձեռքերն ու ոտքերը և նետել երեսների վրա: Կատարեցին ըստ զորապետի խոսքի. կապելով պարանով՝ քարշեցին, և այնպիսի՜ դառն կտտանքով սպանվեցին այնտեղ, ու նրանց նշխարված [մասնատված] մարմինները դրեցին սրբազգի ծառերի տակ: Ուշ երեկո էր, անօրենները հետ դարձան աղբյուրի մոտ: Տեսան ակներև երկնքից պայծառ լույս ճառագայթած սրբերի նշխարների վրա: Մեծ զարմանքով աղբյուրին մնացին թմրած, ամենքը զղջանալով ասում էին՝ վա՜յ իրենց, որ ձեռքները առանց մտմտալու մխեցին նրանց անմեղ արյան մեջ և չեն կարող բնավ զերծ լինել նրանց անմեղ արյունից. մնացին մեծ տրտմաթիռ խորհրդածության մեջ: Բայց նրանցից մեկն ասաց, որ այդպես թողնելով՝ իրենց կրկին կնետեն հավիտենական հրի մեջ, ուրեմն մի քանի զինվորների ուղարկեն վերին Հայաստան, որ [իրողությունը] հայտնեն նրանց: Զորապետը դա կատարեց. մի քանի զինվոր ուղարկեց, գնացին այնտեղ, Հայաստանում պատմեցին բոլորը՝ երկնքի հրաշքը, լույսի ծագումը սուրբ վկաների վրա:
Երբ հայերը լսեցին, ազդարարեցին բոլոր գյուղերին, որ գան, հավաքվեն նահատակների տեղը՝ այն նշանավոր բլուրը. ամենքին ծանոթ էր վկաների տեղը: Առավոտյան պահին հոգևորականների և մարմնավորների մեծ բազմություն եկավ, հավաքվեցին այնտեղ՝ եկեղեցական ամենայն զարդերով ու սպասքով, թերևս կարողանան տանել հայոց եկեղեցիները և նշանավոր տեղում ամփոփել նրանց սուրբ նշխարները, և դա լինի ուխտավորների, հիվանդների և բոլոր ցավերի բուժելու տեղ: Այն օրը մնացին այնտեղ, հսկեցին գիշերային պաշտամունքով, սաղմոսներով և օրհնությամբ մինչև արշալույս, որ վերցնեն տանեն: Նույն գիշերը սուրբ վկաները երևացին մի քահանայի, [որը պահանջեց] բոլորովին չշարժել այնտեղից, այլ ամփոփել նույն նահատակված տեղում` փոքրիկ բլրի գագաթին` ծառերի տակ: Ըստ վկաների երևալուն` չկարողացան տանել:
Դրա համար նույն մահացման տեղում շինեցին զույգ տապան և նրանց նշխարները ամփոփեցին այնտեղ: Նույն ժամանակում բքաբեր ախտերի բժշկության բազմաթիվ հրաշքներ եղան: Շատերը նույն ախտից կարկամած շրջում են, իսկ այժմ մեր չարագույն ժամանակում այն ախտերի նույն հրաշք բժշկությունը խիստ տարածվել է: Ես հենց ականատես եմ եղել և տեսա շատերը բոլորովին բժշկված: Ախտերի հրաշքը բոլորովին չերևաց, նաև անհամար ուխտավորները շարունակաբար, առանց ընդմիջելու միշտ երթևեկում էին, չտեսանք, որ մեկը այնտեղից վերադառնա առանց նշխարներից բուժվելու: Գտնվում է այս վկայականը Դիզակի նահանգում` Ցրիվ կոչված բնակությունից ներքև` դեպի մեծ գետը Երասխ, դաշտային տեղում` մի քանի մղոն հեռու նույն բնակությունից, որովհետև նրանց կալվածներում է գտնվում սուրբ վկայարանը: Մի քանի աստվածասեր մարդիկ շրջապատի պարիսպ են շինել, հետամուտ են նրա վրա եկեղեցի կառուցել: Քրիստոսին փառք հավիտյանս, ամեն: