25 տարի առաջ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառը գտնվում է ՀԱԿԱՐԻ գետի Շալուա վտակի ձախակողմյան մասում: Միջնադարում, դրանից առաջ հայաշատ ու շեն այս գավառը, որը նաև հայ մշակույթի կենտրոն էր, 18-20-րդ դարերում ամբողջությամբ հայաթափվեց ու վերաբնակեցվեց մահմեդական ցեղերով: Խորհրդային կարգերի օրոք տարածքը բռնակցվեց Ադրբեջանի Լաչինի նորաստեղծ շրջանին: Արցախյան շարժումը, որ վերածվեց ազատագրական պատերազմի, հնարավորություն տվեց ազատագրել նաև մեր հայրենիքի այն հատվածները, որոնք դուրս էին մնացել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմից: 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին հայոց հաղթական ջոկատները շարժվեցին Լաչինի միջանցքից դեպի հյուսիս և ազատագրեցին պատմական Սյունիքի ու Արցախի՝ Հակարիի ավազանի տարածքները: Նույն ժամանակահատվածում ազատագրվեց նաև Քարվաճառի շրջանը: Հերոսական այս մարտերի ընթացքում հաղթանակի հասանք նաև տասնյակ քաջորդիների արյան գնով: 93-ի մարտի 31-ին Սիսական ջոկատի մի վաշտ, Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ, Լաչինից շարժվեց դեպի հյուսիս՝ հասնելու Քարվաճառի ազատարարներին: Սիսիանցիները պետք է անցնեին Վակունիս /նախկինում՝ Բիչանիս/ գյուղով, որը, ըստ տեղեկությունների, պետք է ազատագրված լիներ: Սակայն 31 հոգուց բաղկացած մարտական ջոկատն ընկնում է շրջապատման մեջ: Թշնամու հրետանին դիմացից խոցում է մեր տղաների ռազմական մեքենան: Հայոց քաջերը կռվում են հերոսաբար, սակայն ոչ հարմար դիրքում գտնվելով /բաց ու հարթ տարածք/՝ ընկնում են ուղիղ նշանառության տակ, վիրավորվում, նահատակվում: Ծանր վիրավորվում է նաև հրամանատարը, արյունաքամ լինում, սակայն իր զինվորներին կարգադրում է՝ իրեն այնպես պառկեցնեն, որ շարունակի մարտը ղեկավարել:
Մարտի 31-ին Վակունիսի այս դաշտում մարտիրոսվում են Վուրգը և իր ջոկատի 10 մարտիկ՝ Գևորգ Ավետիսյանը, Լավրենտ Նազարյանը, Վահան Սիմոնյանը, Հրայր Եղիազարյանը, Զոհրակ Գևորգյանը, Ալբերտ Ազարյանը, Վալերիկ Ավետիսյանը, Վարդան Բաբայանը, Մելսիկ Աթանեսյանը, Վոլոդյա Կարապետյանը։ 1993-ի դեկտեմբերին կազմավորվեց Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը: Երկարատև գերությունից հետո ազատագրված հայոց շատ բնակավայրեր վերստին հայացան: Վուրգ Ոսկանյանի անունով է կոչվում Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորից մոտ 40կմ հարավ ընկած գյուղերից մեկը՝ Վուրգավանը: Գրեթե նույն հեռավորությամբ հյուսիսում է Վակունիս գյուղը, որտեղ հանրակրթական դպրոց սկսեց գործել 1996 թվականին: 5 տարի անց Վակունիսի դպրոցը կոչվեց Վուրգ Ոսկանյանի անվամբ։ Գյուղի մոտակա բաց դաշտում, որտեղ կայացավ հերոսամարտը, դեռ պահպանվում է Սիսական ջոկատի ռազմական վառված մեքենան՝ որպես հուշարձան: Մեքենայի մոտ կանգուն է նաև խաչքար-հուշակոթող: Ամեն տարի մարտի 31-ին մարդաշատ է դառնում Վակունիսը: Այստեղ են գալիս Վուրգի զինակից-ընկերները, հարազատներ, մշակութային խմբեր, Քաշաթաղի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, հարևան բնակավայրերի բնակիչներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ: Իսկ Վուրգ Ոսկանյանի անվան միջնակարգի սաները հանդես են գալիս քաջորդիներին նվիրված հուշ-ցերեկույթով: Այս տարի հուշ-ցերեկույթը կայացավ ապրիլի 10-ին: Դպրոցի 26 աշակերտները, որից 3-ը՝ առաջինդասարանցի, հանդես եկան ռազմահայրենասիրական երգերով, ազգագրական պարերով, ասմունքով: Ներկայացրեցին հերոսների կենսագրականը: Անդրադարձ եղավ նոր 2016թ. Ապրիլյան պատերազմի օրերին: Սիսական ջոկատից այդ օրերին նահատակվեցին 8 ազատամարտիկներ՝ Վուրգի զինակից-ընկերներ: Աշակերտները փոքր բեմականացմամբ ներկայացրեցին դրվագ՝ պատմելով Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ադամ Սահակյանի և մյուս քաջերի մասին: Հուշ-ցերեկույթին ներկա էին Վակունիսի բնակիչներ, հարևան Վաղազին /դարձյալ պատմական անցյալ ունեցող հայոց բնակավայր/ գյուղի դպրոցների ուսուցիչներ, տնօրեններ Վարդան Աղաբեկյանը և Աննա Մկրտչյանը, Վուրգի մարտական ընկերներից, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը, դպրոցի նախկին տնօրեն Հեղինե Բախշյանը, հյուրեր: Դպրոցի զինղեկ Հարութ Պետրոսյանը ողջունեց ներկաներին և ցերեկույթը հայտարարեց բացված: Հնչեց ՀՀ օրհներգը, եղավ լռության րոպե: Դպրոցականները ներկայացրին Վուրգ Ոսկանյանի կենսագրականը՝ նշելով հերոսի անցած փառավոր ճանապարհը, որն ընդհատվեց իրենց բնակավայրի ազատագրման համար տեղի ունեցած մարտում: Վուրգ Ոսկանյանը ծնվել է Սիսիանի Բռնակոթ գյուղում։ Եղել է Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցի զինղեկը։ Արցախյան շարժման առաջին օրերից Սիսիանում կազմակերպել է «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը։ Արցախի ազատագրման պայքարի առաջին օրերից երկրապահ կամավորների ջոկատով մասնակցել է ռազմական գործողություններին։ Վ. Ոսկանյանի անվամբ է կոչվում նաև Սիսիանի թիվ 4 դպրոցը: 2012 թվականին Սիսիանի Ազատամարտիկների հրապարակում տեղադրվել է Վուրգի հուշարձանը (քանդակագործ՝ Գետիկ Բաղդասարյան): Դպրոցի տնօրեն Վ. Աղաբեկյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մասնակից եղան իր սաների ներկայացմանը, բոլորին մաղթեց հաջողություն և խաղաղություն: Հանդեսից հետո զրուցեցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների հետ: Վ. Աղաբեկյանը տեղեկացրեց՝ այժմ դպրոցում աշխատում են 8 ուսուցիչ, կա օտար լեզուների մանկավարժի կարիք: Այս տարի դպրոցը կավարտի 1 աշակերտ, իսկ նոր ուստարում առաջին դասարան կընդունվի 4 երեխա, որից երկուսը՝ իր երկվորյակները: Գյուղում կա 3 բազմազավակ ընտանիք. Անդրանիկ Միքայելյանն ունի 8 զավակ, որից 4-ը դպրոցական են: Սամվել Ասլանյանը և Գագիկ Մարգարյանն ունեն 7 զավակ, և 2 ընտանիքից 4-ական երեխա նույնպես դպրոց են հաճախում: 3-ամյա Միլենա Միքայելյանը հանդիսատեսի շարքում էր և հետևում էր եղբայրներ Արմանի /2-րդ դաս./, Սայաթի /8-րդ դաս./, Դավիթի /12-րդ դաս./ և քրոջ՝ վեցերորդցի Տիգրանուհու ելույթներին, երբեմն երգում նրանց հետ: Երեկոյան հրաժեշտ տվեցինք Վակունիսին՝ հավատով, որ այս փոքրիկները տեր են մնալու Վուրգի և նրա զինակիցների ազատագրած, նրանց արյամբ սրբացած հողին: Հավատով նաև՝ որ ավելանալու է դպրոցականների թիվը, որ կբարեկարգվի նրանց դպրոցը, և խաղաղությունը մշտապես կտիրի Հայոց երկրին: