Երկու տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ղարաբաղաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով թշնամին, խախտելով դեռևս 1994թ. աղերսած զինադադարը, հանկարծակի լայնամասշտաբ հարձակողական գործողություններ սկսեց: Մեր երկրի հարավային և հյուսիսային սահմաններում իրականացնելով մարտական առավել ակտիվ գործողություններ՝ թշնամին նպատակ ուներ՝ արագ մարտերով ճեղքել սահմանը հատկապես կենտրոնից և մտնել մայրաքազաք Ստեփանակերտ: Այդ ընթացքում թուրքերը հրետակոծեցին նաև մեր բնակավայրերը, ինչի հետևանքով ապրիլի 2-ին դպրոցի ճանապարհին Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, նրա եղբայրն ու ընկերը ծանրվնասվեցին: Սակայն Ադրբեջանը ձախողեց իր ծրագիրը, քանի որ սահմանում կանգնած էին հայրենիքը կյանքից գերագնահատող հերոս հայորդիներ: Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմից զոհվեցին 110 քաջորդիներ, վիրավորվեցին 121 զինծառայող և կամավորական: Թշնամին ձախողվեց նաև, քանի որ շուտով առաջնագիծ հասան հազարավոր կամավորականներ: Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում կայացավ Ապրիլյան քառօրյայում մարտիրոսված քաջերի ոգեկոչման արարողություն և նրանց նվիրված հուշակոթողի բացում: Առավոտյան Սուրբ Համբարձման եկեղեցու բակում Հայոց Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին շրջվարչակազմի, ուժային և քաղաքում գործող այլ կառույցների ղեկավարներ, աշխատակիցներ, դպրոցականներ, հյուրեր, բնակիչներ: Բերձոր-Ստեփանակերտ մայրուղու եզրին՝ Բերձոր-Բերդաձոր հատվածում՝ Բերդաձորի տարածքում, բացվեց հուշակոթող-խաչքար՝ նվիրված Ապրիլյան քառօրյայում մարտիրոսված հերոսների հիշատակին: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, Քաշաթաղի և Շուշիի շրջվարչակազմերի համագործակցությամբ ճանապարհաեզրին բարեկարգվեց փոքրիկ պուրակը, որը հիմնվել էր «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի կողմից: Քաշաթաղի շրջվարչակազմի օգնական, «Հայրենասեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր ամուսիններ Ստեփան Սարգսյանի և Նելլի-Շուշի Մարտիրոսյանների ընտանիքի կողմից քանդակվեց խաչքար-կոթողը /քանդակագործ՝ Սերոժ Մկրտչյան/: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը հայտարարեց հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությունը, հայտարարվեց լռության րոպե: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց Ստեփան Սարգսյանին: Շուշիի շրջանի հոգևոր հովիվ տեր Անդրեասը Տերունական աղոթքով, ջրով ու գինով, Սուրբ Մյուռոնով սկսեց խաչքարի օրհնումն ու օծումը: Այնուհետև հոգևոր հայրը Աղոթք հղեց առ Աստված, որ Տերը զորավիգ լինի մեր ժողովրդին, հայ զինվորին, խաղաղություն պարգևի բոլորին: Շնորհավորելով հուշակոթողի բացման առթիվ՝ հավելեց. «Սիրելի՛ ներկաներ, Աստված իր Աջով օծի այս խաչքարը, որ այն դառնա ուխտավայր: Խաչքարը նվիրված է այն հերոսներին, ովքեր Քրիստոսի պես տանջվեցին ու մարտիրոսվեցին՝ հանուն ուրիշների: Նման Մարտիրոսներին Աստված իր աջ կողմում է նստեցնում: Այս հուշակոթողը նաև դասագիրք է՝ մի էջ մեր պատմությունից: Յուրաքանչյուր անցորդ կտեսնի այն և կհիշի ապրիլյան հերոսներին»: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը փառք տվեց հերոսներին՝ ասելով. «Թուրքը միշտ էլ մնալու է թուրք: Նա երբեք չի փոխվի և միշտ պատրաստ է հոշոտելու մեր ժողովրդին: Ուստի պետք է լինենք ուժեղ, միասնակն»: Ապա շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր իրականություն դարձրեցին հուշակոթողի կայացումը: Ստեփան Սարգսյանն ասաց՝ ինքը, կինը և դուստրը՝ փոքրիկ Շուշին, մշտապես այցելում են հերոսների ընտանիքներին: Բոլոր 107 ընտանիքներում կարևորում են այն, որ մեր ժողովուրդը հիշի իրենց հերոս զավակներին: Բոլորն էլ նյութական խնդիր չեն դնում: Հիշելով, մեծարելով ու փառաբանելով հերոսներին՝ ինչ-որ չափով կսփոփենք այդ ընտանիքների կորստյան ծանր վիշտը: Ասմունքով ու երգով հանդես եկան Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի սաներ Ռաֆիկ Ալեքսանյանը և Լիլիթ Ավագյանը: Ելույթներից հետո ներկաները՝ Քաշաթաղի և Շուշիի շրջվարչակազմերի ներկայացուցիչներ, Բերձորի և Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի բնակիչներ, հյուրեր, աշակերտներ, Բերձորի գիշերօթիկ հաստատության սաներ, ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակը հավերժացնող նորակերտ խաչքար-հուշակոթողին՝ վստահեցնելով, որ միշտ հիշելու են տղաներին, երախտապարտեն նրանց՝ հայոց ոգու առավել ամրացման համար: Հուշակոթողի մոտ Ստ. Սարգսյանը ներկաներին նվիրեց Ապրիլյան քառօրյայի հերոսներին նվիրված օրացույց, որը տպագրվել է իր հովանավորությամբ:
More From Author
Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի
Présentation du livre
- 13.11.2024
«ՈՍԿԵԴԱՐԱՆ» բջջային հավելվածի շնորհանդես
- 18.09.2024
Դարերի խորքից եկած սրբատուն․ Մաքենավանք
- 13.01.2024