Սա Հայաստան է, և վերջ… Լեոնիդ Ազգալդյան
Հակարի գետի միջին հոսանքի ձախակողմյան անտառապատ սարալանջերում ու ձորերում վաղուց ի վեր մեր պապերն են ապրել, արարել, ամրոց ու եկեղեցիներ կառուցել: Արցախ աշխարհի Բերդաձոր գավառի հարավարևմտյան, Դիզակի մելիքության արևմտյան այս հատվածները ևս 18-20-րդ դարերի ընթացքում հայաթափ եղան: Հայոց երբեմնի պատմական Հարար և մոտակա բնակավայրերը մինչ 20-րդ դարի 30-ական թվականները հայկական էին, սակայն հետագայում Խորհրդային իշխանությունները դրանք նվիրեցին Ադրբեջանի Լաչինի ու Կուբաթլուի շրջաններին և հայաթափեցին: 1992-93 թվականների ընթացքում և՛ այս տարածքները, և՛ մինչև Արաքս ընկած մեր պատմական հայրենի հողերն ազատագրվեցին ու վերահայացան: Ներկայիս Քաշաթաղի շրջանի Հակարի, Վուրգավան, Ուռեկան, Տիգրանավան գյուղերից դեպի արևելք ընկած տարածքներում ժամանակին հայկական մի շարք գյուղեր են եղել, որոնք ունեցել են եկեղեցիներ: Բացի գյուղամիջյան սրբավայրերից, մեր պապերը վանք ու եկեղեցի, մատուռ են կառուցել գյուղերից հեռու՝ բարձրադիր վայրում՝ որպես ուխտատեղի: Հակարի գյուղից ուղիղ գծով մոտ 5 կմ դեպի արևելք՝ ծովի մակերևույթից 1315 մ բարձրությամբ ժայռեղեն Ամուտեղ սարն է, որի վրա վրա այսօր էլ հպարտորեն կանգուն է Հայոց սրբատունը. չափերն են՝ 7,7-4,8 մ[1]:
Ժամանակին տարածքը հարուստ է եղել գիհու անտառներով: Այժմ էլ պահպանվել են փշատերև այդ ծառերից, որոնք հիմնականում ոչնչանում են հրդեհների պատճառով: Սարի արևելյան կողմի լանջը ձգվում է ժայռի տակով: Ժամանակին, հնարավոր է, այստեղ ամրոց կամ դիտակետ է եղել և կոչվել է Ամուտեղ. Ժողովրդի մեջ տարածված է անվան ծագումը՝ Ամուտեղ՝ Ամուր տեղ: Այստեղից չորսբոլորը երևում է: Արևելյան կողմում ժայռը մշակել ու աստիճանաձև ճանապարհ են բացել: Սարի գագաթային մասը նույնպես ժայռեղեն է՝ միջին մասում նեղ ճանապարհ է բացված, որը հասնում է հյուսիսային մասում գտնվող Սրբատուն: Ամուտեղի հարավային լանջը նեղ հրվանդան է՝ ձգվելով մինչև մյուս բլուրը: Արևմտյան կողմում ուղղաձիգ ու բարձր ժայռե պատ է: Հյուսիսային կողմը նեղ ու դարձյալ ուղղաձիգ ժայռով է փակվում: Սարի արևելյան կողմում 2 գյուղեր կան: Բաշարաթը հայաթափվել է 18-րդ դարակեսին և բնակեցվել մահմեդականներով: Ըստ 19-րդ դարի հայազգի գրող, հնագետ, ազգագրագետ, հոգևորական (եպիսկոպոս), Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյան պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների գիտակ Մակար Բարխուդարյանի(1823, Խնածախ- փետրվարի 6 (19), 1906) տեղեկության՝ այստեղ եկեղեցի է եղել, սակայն հայթափումից հետո մահմեդականներն այն հիմնովին ավերել են: Այս գյուղում բնակվող մահմեդականները, 19-20-րդ դարերում, չնայած թվով քիչ լինելուն, միշտ եղել են ավազակաբարո, անհաշտ: 20-րդ դարասկզբի հայ-թաթարական բախումների ժամանակ Բաշարաթի թուրքերը նույնիսկ դիմակայել են ռուսական զինվորներին՝ կոզակներին: Սամվել Կարապետյանը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում հիշատակում է այդ ժամանակ «Մշակ»-ում տպագրված լուր. «Ամսիս 16-ին, երբ Կօզակների զորաբաժինը մտնում էր թուրքական Բաշարաթ գիւղը /Զանգեզուրի գավառում/, Կօզակների վրա յամառ կրակ բաց արեցին: Կօզակները ստիպված էին պատասխանել թնդանօթաձգութեամբ: Կան քանդված տներ և սպանված թուրքեր»[2]: Այս գյուղում թուրքերը մեծ դիմադրություն ցույց տվեցին նաև 1993 թվականի ամռանը, և հայոց ջոկատները դժվարությամբ գրավեցին այն[3]: Ամուտեղի դիմաց երկրոդ գյուղը Հատքն է: Մակար Բարխուդարյանի տեղեկությամբ՝ այստեղ նույնպես մինչ 19-րդ դարավերջը եկեղեցի է եղել, սակայն այն նույնպես ամբողջովին ավերվել է. տեղը հայտնի չէ: Այս տարածքում են նաև Միլանի, Վաղավեր /հայաբնակ է եղել մինչև 1950-ական թվականները և մտել է Հադրութի շրջանի մեջ՝ անկլավային կարգով/, Դաշտահատ գյուղերի ավերակները, որոնց մոտակայքերում պահպանվել են հայոց գերեզմանատների հետքերը: Մակար Բարխուդարյանը, «Արցախ» գրքում հիշատակելով Ամուտեղի մասին՝ որպես Բերդաձոր կամ Բերձոր գավառի ամրոցներից մեկը, «Գավառիս բերդերը» գլխում գրում է. «Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերա/որի բարձրությունը 4131 ոտք/: Քարուկիր պատով պարսպված է վաղ ժամանակից. Սարիս գլուխ, որ ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք. պատուական տեսարան, և բարեխառն կլիմայ: Ամրոցից մակերեւոյթն լի է շինութեանց բեկորներով, որոնց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխտատեղի է և որի շուրջն ամփոփուած է հնուց ննջեցեալներ: Մատրանց հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզման, իսկ արևմտյան կողմում կա մի վիմափոր ավազան, որ միշտ լի է ջրով. Գալիս են կաշուի հիւանդութիւն ունեցողներ/ինչպէս բորոտութիւն ևն/ լողանում ջրումս և աղօթում մատնարս մեջ և վերադառնում առողջացած»[4]: Պատմիչի տեղեկությունները չեն համապատասխանում Ամուտեղի ներկա դրությանը: Սարի վրա պարսպապատ չկա, շինությունների հետքեր՝ նույնպես: Սակայն արևելյան կողմում փոսորակներ կան, որոնք, հնարավոր է՝ շինությունների տեղեր են: Հարավարևելյան կողմում քարեր կան, որոնք հնարավոր է՝ տապանաքարեր են: Ուսումնասիրել է պետք: Ինչ վերաբերում է ավազանին, արևմտյան ժայռակերտ լանջերից աղբյուրներ են իջնում, որոնք, ներքևում հավաքվելով, փոքր առվակ են դարձել: Թաղածածկ, կրաքարով ու կրաշաղախով կառուցված եկեղեցին արևմտյան կողմից ունի մեկ մուտք, որի անկյունաքարերը, բարավորը և շեմքը սրբատաշ են: Մուտքի վերին մասը կամարակապ է: Արևելքից մի փոքրիկ, կոպտատաշ քարերով պատուհանը բացված է Սուրբ խորանից, որի կողմերում բացակայում են ավանդատները: Ձախ կողմում մկրտության ավազանն է: Աջ կողմում փոքր չափերի մի խորշ կա, որը հավանաբար օգտագործվել է որպես գրադարակ: Գորիսից Արտակ Առուշանյանն անցած սեպտեմբերին այցելել է Սրբավայր և Սուրբ Խորանում խաչքար է տեղադրել: Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը համապատասխանում է 17-րդ դարում կառուցված շատ նման կառույցների: Ամուտեղից ուղիղ գծով մոտ 6կմ հյուսիս գտնվում է պատմական Հարար գյուղը, որը հայաթափ է եղել 20-րդ դարում: Ամուտեղը եղել է Հարար գյուղի գլխավոր ուխտատեղին: Այս մասին Սամվել Կարապետյանը հիշատակում է «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում՝ վկայակոչելով «Նոր դար» ամսագրի հետևյալ տեղեկությունը՝ «Հարարում կան մի քանի ուխտատեղեր՝ «Ամուտեղ», «Հուռում այեա» եւ Սիւմիւքլու բաբա» անուններով, սակայն դրանք կորած են անհայտության մեջ»[5]: Մակար Բարխուդարյանը, հիշատակելով տարածքում դեռևս հայկական մնացած բնակավայրերի մասին, հիշատակում է նաև Հարարը. «Յարար գիւղ. Շինուած է Խծաբերդի արևմտյան կողմում, բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն բեկական, տեղական բերքերն միևնոյն, գերազանց օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 100 տարեկան, եկեղեցի չունի, քահանայ մի: Ծուխ՝ 134. Ար. 532, իգ. 482»: Պետք է նշել, որ Հարար գյուղում միշտ էլ եկեղեցի եղել է: Այժմ կիսաքանդ վիճակում պահպանվում է 14-15-րդ դարերում /հիմքերը հնարավոր է՝ ավելի հին են/ կառուցված Սբ. Ստեփանոս եկեղեցին, որը 19-րդ դարավերջին վերանվանվել է Սբ. Հռիփսիմե: Ամուտեղից ուղիղ գծով մոտ 4-5կմ հյուսիս-արևմուտք՝ Հակարի գյուղի արևելյան մասում /3կմ հեռու/ պահպանվել է միջնադարյան մեկ այլ «Ղալալի» կոչվող ամրոց, որը գտնվում է Ամուտեղի նման սարի գլխին, ունեցել է եկեղեցի, որն այժմ ավերակ է: Հավանաբար այս ամրոցները միմյանց հետ կապ են պաշտպանել կամ Ամուտեղը եղել է «Ղալալի»-ի դիտակետերից մեկը: 2-3 դար շարունակ նշված տարածքները հայաթափվելով զրկվել են նաև ուսումնասիրվելուց: Այժմ վերահայացած մեր հայրենիքում ստեղծվել է հնարավորություն. հենվելով միջնադարյան, հետագա տարիների պատմիչների ճանապարհորդների հիշատակությունների վրա՝ անհրաժեշտ է իրականացնել լուրջ ուսումնասիրություն: Հնարավոր է գտնել նշված եկեղեցիների գոնե հիմքերը, ավերակները, ինչու չէ՝ նաև կանգուն վիճակում: Օրինակ՝ պատահաբար գտնվեց Առաքել Դավրիժեցու հիշատակած Հոչանցի անապատը /17-րդ դարասկիզբ/, որը համարվում էր հիմնահատակ ավերված: Ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ, որ գտնեինք Մ. Բարխուդարյանի հիշատակած աղբյուրի ավազանը, գերեզմանները: Կարկտախառն անձրևն ստիպեց շուտ հեռանալ, այլապես կմնայինք անտառամիջյան ցեխապատ ճանապարհներին:
[1] Վերջին անգամԱմուտեղ գնացինք մարտի 30-ին Աղանուսի գյուղական համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանի, նույն գյուղի բնակիչ Անդրանիկ Դալլաքյանի և Հակարի գյուղի դպրոցի ուսուցիչ Արման Ղազարյանի հետ:
[2] «Մշակ», հ. 39, 22 փետրվարի, 1906թ.էջ 1:
[3] Պատմաբան, ԱՀ ԱԺ պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը, ով մասնակից է եղել այդ մարտերին, ասաց՝ մոտ 30 զոհ են տվել այդ գյուղերի ազատագրման համար:
[4]Մակար եպիսկոպոս Բարխուդարյանց, Արցախ, Ե. 1996թ. էջ 257:
[5] «Նոր դար», հ 63, 1899թ. էջ 193: