«Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը»:
Մոնթե
Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և մոտակայքում մոտ 20 պուրակ ու այգի է հիմնվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Արցախյան ժարժման առաջամարտիկ, «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի կողմից և օժանդակությամբ: Շրջանի կազմավորման առաջին օրվանից բարերարն սկսեց տարբեր բնագավառներում օժանդակել քաշաթաղցիներին և դրան զուգահեռ իրականացրեց ծառատունկ: 20 և ավելի տարիների ընթացքում հազարավոր ծառեր են տնկվել քաշաթաղյան հողում: Ստեղծված պուրակները, այգիները, ծառուղիները կրում են Արցախյան գոյամարտի մարտիրոս-հերոսների, բարեգործների, մեր պատմության կարևոր իրադարձությունների անուններով: Այս հայրենանվեր ձեռնարկին գրեթե մշտապես մասնակից են եղել Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ: Մարտի 12-ին Բերձորի հարակից տարածքում՝ Մոնթեին նվիրված պուրակի դիմաց, Հակարի գետի աջակողմյան լանջերին հիմնվեց նոր պուրակ, որը նվիրվում է Արցախյան շարժման 30 ամյակին: Այս անգամ ևս ծառատունկին մասնակից եղան ԵՊՀ ուսանողները, ովքեր արդեն 3 օր է, ինչ Արցախում էին: Սկզբում Արցախյան շարժման առաջամարտիկ, ԱՀ ԳԽ պատգամավոր Մաքսիմ Միրզոյանը և ԵՊՀ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը բացեցին պուրակի ցուցանակը՝ «Արցախյան շարժման 30 ամյակի պուրակ»: Գ. Մելիքյանը, դիմելով ուսանողներին, որոնց մի մասն առաջին անգամ էր այստեղ, շատերը՝ մի քանի անգամ, կարևորեց Արցախյան շարժման դերը մեր ժողովրդի պատմության մեջ և հույս հայտնեց, որ նոր սերունդը ևս տեր է մանալու ազատագրված ու հազարավոր քաջորդիների արյամբ սրբացած մեր երկրին: Ինչպես միշտ՝ ծառատունկն սկսվեց Գ. Մելիքյանի՝ Լևոն-Զավեն Սուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծությունն արտասանելով: Որպես աղոթք այս բանաստեղծությունը հայրենաշինության խորհուրդ ունի իր մեջ: Առաջին տնկին հողին հանձնեցին Գ. Մելիքյանը, Մաքսիմ Միզոյանը, ԵՊՀ Հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի դասախոս, հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, Վահագն Վարագյանը, ով մշտապես ուղեկցում է ուսանողներին Արցախում և ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսներ՝ այժմ ԵՊՀ ուսանողներ Գոռ Դարմանյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Շուլի Հակոբյանը: Այնուհետև սկսվեց ընդհանուր աշխատանքը՝ ուսանողները, խումբ-խումբ, սկսեցին արդեն պատրաստ փոսորակներում տնկել ապագա ծառերը: Բոլորն էլ հավատացած էին, որ իրենց տնկած ծառը կանաչելու է և զորանալու: Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Խաչիկ Աբաջյանը և ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսեցի Արտյոմ Դադունցն օգնում էին ուսանողուհիներին, որ ավելի հաստատ ծառը հողին ամրացվի: Խաչիկը մի քանի անգամ արդեն այցելել է Արցախ, մասնակցել ծառատունկերի նաև Բերձորում: Իսկ Արտյոմն առաջին անգամ է մասնակցում հայրենաշեն այս միջոցառմանը: Դեռ մի քանի տարի ուսանելու է համալսարանում, դարձյալ կգա Արցախ: Վ. Վարագյանը և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը տեղեկացրեցին, որ Արցախ եկել են մարտի 10-ին՝ Քարվաճառով: 80 ուսանող են մասնակցում ուղերթին: Եղել են Դադիվանքում, Գանձասարում, Տիգրանակերտում, Ամարասում, Շուշիում: Այցելել են նաև «Եղնիկներ» զորամաս, մասնակցել զորամասի հիմնադրման և Մարտակերտի ազատագրման 25 ամյակին նվիրված միջոցառմանը: Ուսխորհրդի մշակութային խումբը զինվորների համար հանդես է եկել համերգով: Գոռ Դարմանյանը նույն զորամասում է ծառայել, 2015-ի մարտի 19-ին մարտական ընկերների հետ դիմավորել մի քանի անգամ առավել թշնամու դիվերսիոն խմբին: Մարտի ընթացքում մարտիրոսվել են 3 զինակից՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ. Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը(1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը(1995թ.), 4 զինծառայողներ՝ ինքը, Սամվել Հակոբյանը, Սարգիս Գաբրիելյանն ու Էդգար Մարտիրոսյանը վիրավորվել են: Ստացված վերքերից օրեր անց մահացել է Սամվելը: Ամիսներ անց ոտքի ելավ Գոռը և այժմ ուսանողների հետ իր զորամասում է: Հանդիպելով հրամանատարությանը՝ խնդրել է և բարձրացել դիրքեր, որտեղ 3 տարի առաջ մասնակից եղավ հերոսամարտին: Մերօրյա հերոսը ՀՀ Նախագահի կողմից արժամացել է «Արիության մեդալ»-ի, իսկ Արցախի Նախագահի հրամանով պարգևատրվել «Մարտական խաչ»2-րդ աստիճանի շքանշանով: Գ. Մելիքյանի հետ Գոռը, Ռաֆայելը և Շուլին 3 ծառ տնկեցին՝ հավաստելով, որ ամեն անգամ, ինչքան անցնեն Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, այստեղ՝ Բերձորի մոտ կանգ են առնելու: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած ավագ սերժանտ, գյումրեցի Շուլի Հակոբյանն այժմ ուսանում է համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսում: 2016 թ. ապրիլի 4-ին Թալիշի մոտակայքում կես ժամի ընթացքում խոցել է թշնամու 3 տանկ, որից երրորդը՝ շարժման ընթացքում: 2016 թ. հուլիսի 4-ին ն զորացրվել է։ Նրա ընկերը՝ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանը, ով երեք «պոստ» այն կողմ էր եղել՝ նույնպես 3 տանկ էր խոցել, ու դիրքերում տղաների սխրանքի մասին խոսելիս պարզապես ասում էին՝ «Գյումրին 6 տանկ է խփել: Արցախի նախագահի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրվում է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այժմ ընկերները միասին ազատագրված հայրենիքում շենացման աշխատանք են իրականացնում: Համալսարանում ուսանելով՝ պատրաստվում են հայրենիքի համար իրենց գիտելիքները ներդնել, և տա Աստված, որ այլևս պատերազմ չլինի, և մարտական գործողությունների չմասնակցեն: Ծառատունկից հետո, ինչպես ընդունված է, կայացավ խնջույք, որի ընթացքում ռազմահայրենասիրական, ազգագրական, երգով ու պարով հանդես եկան ուսանողները, երաժշտություն ապահովեցին «Բերձոր» համույթի երաժիշտներ Արամայիս Եսայանը և Արթուր Մովսեսյանը: Ընթացքում Սամվել Մուրադյանը խոսեց Արցախյան շարժման ակունքների մասին, անդրադարձավ Հովհ. Շիրազի «Խարաբաղի ողբը» հայտնի բանաստեղծությանը: Երեկոյան ուսանողները մեկնեցին Երևան՝ հավատացած, որ նորից են գալու Արցախ, մասնակցելու են ծառատունկի, այլ հայրենասիրական աշխատանքների: Ծառատունկին մասնակից եղան նաև Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Հարություն Բերբերյանը, այլ պաշտոնատար անձինք: