Պարբերաբար ընթերցողին ենք ներկայացնելու արձակագիր, բանահավաք, ՀԳՄ անդամ, վաստակաշատ մանկավարժ ԱՐԿԱԴԻ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ստեղծագործությունները:
Արկադի Ծատուրյանը ծնվել է 1937 թ., փետրվարի 7-ին, Գորիսի շրջանի Խնձորեսկ գյուղում:
2012թ.-ից Գրողների միության անդամ է, Ավելի քան 30 գրքի հեղինակ է։ Կազմել և խմբագրել է մի շարք գրքեր։ 2005 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
Նիկիտա Խրուշչովի գահակալության տարիներին, երբ ամբողջ Ղրիմի թերակղզին վերադարձվեց Ուկրաինային որպես նրա անկապտելի մաս, մի պահ թվում էր, թե կլուծվի նաև Ղարաբաղի հարցը: Բայց դա միայն թվում էր: Շուտով պարզ դարձավ, որ Խորհրդային երկրի ազգային խճճված խնդիրների շղթայում առաջին հերթին մոռացության է տրվել հենց Ղարաբաղի հարցը:
Խորհրդային Մոսկվան ակնհայտորեն արդարացի Ղարաբաղը պահեց Ադրբեջանի բռնակալություն ճիրաններում:
Հետո եկան ուրիշ ժամանակներ: Պատմական արենայից վերանում էր` ինքը Խորհրդային կայսերապետությունը:
Գորբաչովյան ազատ խոսքի ու դեմոկրատիայի դրոշի տակ հայ ժողովուրդը բռունցքները վեր պարզած դուրս եկավ խաղաղ պայքարի հրապարակ: Ադրբեջանը Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերով պատասխանեց հայերին: Պարզ էր, որ խաղաղ ճանապարհով Ղարաբաղի ազատագրությունն անհնարին էր: Ադրբեջանը բացահայտորեն պատերազմ էր պարտադրում հայ ժողովրդին:
Ղարարբաղը փրկելու միայն մի ելք էր մնում` դիմել ինքնապաշտպանության: 1988թվականի գարնանից սկսած արդեն հայոց սահմանների վրա իրավիճակը վատթարանում է: Զանգեզուրը դառնում է հայ-ազերական հակամարտության գլխավոր վայրը, իսկ Գորիսն ուղղակի հայտնվում է հակամարտության կիզակետում::
1988թ. ամռանը Երևանում կայացած ռազմական գաղտնի խորհրդակցության ժամանակ Վազգեն Սարգսյանը նշում է Արցախին ավելի մոտ գտնվող Զանգեզուրի պատմական նշանակությունը և կոչ է անում ինքնապաշտպանություն կազմակերպել Երասխավանից մինչև Կոռնիձոր` համարելով, որ այստեղ են լուծվելու մարտական գլխավոր խնդիրները:
Ամբողջ հանրապետությունով մեկ եռում են հանրահավաքներն ու միտինգները: Ժողովուրդը Խորհրդային Մոսկվայից արդարություն է պահանջում:
1988թվականի սեպտեմբերին կայացած գորիսյան բազմամարդ հանրահավաքում Համլետ Մկրտչյանը միտինգավորներին բացահայտում էր, թե ինչպես պետք է սահմանամերձ գոտիներում կազմակերպել ինքնապաշտպանությունը:
1989թ. Ադրբեջանի կենտկոմի այն ժամանակվա քարտուղար Վեզիրովը Լաչինի ճանապարհի վրա 15 պանելային շենք է կառուցել տալիս և զինվորական կայազոր դնում այստեղ, որ փակի դեպի Արցախ տանող ճանապարհը: Խրախուսվելով Մոսկվայի կողմից` ազերիները հայոց սահմանների վրա հատուկ նշանակության ջոկատներ են տեղաբաշխում:
1989թ. Վազգեն Սարգսյանը Բերդաձոր մեկնելու ճանապարհին լինում է Գորիսում և տեղում ծանոթանում իրավիճակին: Նա տեղի ինքնապաշտպանական ուժերի ղեկավարների հետ հետագա գործողությունների ծրագիր է մշակում` գլխավոր խնդիր համարելով սահմանների պաշտպանությունը: Առճակատումն անխուսափելի էր:
Առաջին մարտը ազերիների դեմ տեղի է ունենում 1989թվականի ձմռանը` Ջիջիմլու գյուղի մատույցներում: Մարտը երկար է տևում Արա Խուդավերդյանի գլխավորությամբ հայ տղաները ոչնչացնում են Ջիջիմլուի ռազմական շտաբ-կայանը: Զոհվում է ուջանցի Նորիկը: Դա հայրենիքի սահմանները պաշտպանող հայ կամավորականների առաջին զոհն էր ու առաջին մարտը հայոց սահմանների վրա:
1990թվականի ապրիլին Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ձևավորվում է երկրապահ կամավորական ջոկատների կենտրոնական շտաբ, որի պարտականությունն էր բոլոր աշխարհազորային զորամիավորումները ընդգրկել պետական կառույցներում:
1990թ.թվականի հոկտեմբերի լուծարվում է ՀԱԲ-ը և ստեղծվում է երկրապահ կամավորների միություն:
Ընդհանրապես 1990թվականն սկսվում է Ադրբեջանի կողմից հայերի դեմ սանձազերծած բացահայտ պատերազմով: Սկսվում են զանգվածային ռմբակոծությունները հայոց սահմանային գոտիներում:
Հրետակոծվում են Գորիս-Լաչին ճանապարհը: Լարված իրավիճակ է ստեղծվում Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում:
1990թվականի օգոստոսի 7-ին մեծ հանրահավաք է տեղի ունենում Գորիս քաղաքում: Հավաքի մասնակիցները պահանջում են Արցախի հարցի արդարացի լուծում: Ի հեճուկս իշխանությունների և գործող ռեժիմի, ինքնաբերարբար ստեղծվում են ժողովրդական կամավորական զինված խմբեր, ջոկատներ:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրամանգրով 1990թվականին ստեղծվում է հատուկ գնդի Գորիսի վաշտ Միխայել Խոլյունցի հրամանատարությամբ, որը հետո վերանվանվում է Ներքին գործերի Գորիսի հատուկ ստորաբաժանում:
1990թ. օգոստոսի 28-ին հրապարակվում է Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Նույն թվականի օգոստոսին Համլետը Մկրտչյանը ստանձնում է Գորիսի ինքնապաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնը:
1990թվականի սեպտեմբերից Արցախն առնվում է դաժան շրջափակման մեջ: Ադրբեջանի ռազմական տեխնիկան սկսում է գործել ողջ հզորությամբ: Գորիսը վերածվում է ռազմական ճամբարի:
Արցախի փրկությունը դառնում է հրամայական պահանջ Գորիսը համախմբում է ժողովրդական-երիտասարդական ուժերը: Քաղաքում և գյուղերում ստեղծվում են աշխարհազորային զինական խմբեր, ջոկատներ: Մեծ ջանքեր է պահանջում զենքի և զինամթերքի ձեռք բերումը:
Դեռևս 1988-ին Սուրիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ Գորիս քաղաքի Քոլատակ թաղամասում ստեղծվում է հայրենասեր երիտասարդների միություն, որն իրադարձությունների զարգացմանը համընթաց մեծանում, ստվարանում է, դառնում 150 հոգանոց ջակատ: Քաղաքի օրինակով շրջանում էլ մեկը մյուսի հետևից ստեղծվում են ավելի քան քսան կամավորական զինյալ ջոկատներ:
1991թվականի մարտի 17-ին վերջապես Խորհրդային բանակը հեռանում է Հայստանից` Տեղի են ունենում արմատական փոփոխություններ:
1992թվականի մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Հատուկ գնդի Գորիսի ստորաբաժանման հիմքի վրա ստեղծվում է Գորիսի վաշտը` Կամո Քոչունցի հրամանատարությամբ: Սա նախաբանակային այն շրջանն էր, երբ բանակին ժամանակավորապես փոխարինում էին երեք ուժեր` ոստիկանական ստորաբաժանումները, ժողովրդական աշխարհազորային կամավորական խմբերը կամ ջոկատները և պարտադիր զինծառայության զորակոչված առաջին և երկրորդ տարվա զինվորները:
1992թվականի գարնանից սկսած ղարաբաղյան ազատագրական պատերազմը թևակոխում է մանգամայն նոր շրջան: Ազատագրվում է Շուշին: Թշնամու ճամբարում խուճապային վիճակ է ստեղծվում: Ազատագրվում է Լաչինը, բացվում է Գորիս-Ստեփանակերտ մարդասիրական ճանապարհը:
Մարտական իրադարձություններին քաջատեղյակ, Սյունիքի ռազմական թղթակից Հասմիկ Բաբաջանյանը հիացմունքով է գրում մեր կռվող տղաների մասին.«Սյունիքի տղաները ճախրող արծիվներ էին: Նրանց մասին հատորներ գրելն էլ քիչ է: Նրանք թշնամու երախն են փակել»:
1992թվականի մայիսի 27-ին Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում տեղի է ունենում ժողովրդական մարտիկների հավաք: Հավաքին մացնակցում են Գորիս քաղաքի և շրջանի գյուղերի աշխարհազորային միավորումների ներկայացուցիչներ, Պաշտպանության խորհրդի անդամներ, իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ: Հավաքի մասնակիցների միահամուռ համաձայնությամբ առաջարկվում է ստեղծել Գորիս քաղաքի և շրջակա գյուղերի աշխարհազորայինների (ջոկատներ) միասնական միավորում:
Նշանավոր այս հավաքին մասնակցում և համապատասխան բացատրություններ է տալիս Պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Մուրադ Սարգսյանը:
Այսպիսով շրջանում գործող բոլոր կամավորական-երկրապահ ջոկատները և զորային փոքր խմբերը միավորում են և այդ հիմքի վրա ստեղծվում է Գորիսի երկրապահ կամավորականների 3-րդ պայմանագրային գումարտակը:
Կամավորական մարտիկների միաձայն հավանության ներքո գեներալն ընթերցում է Վազգեն Սարգսյանի հրամանագիրը Սուրեն Սերգեյի Խաչատրյանին գումարտակի հրամանատար նշանակելու մասին:
Ի տարբերություն մինչ այդ ստեղծված երկրապահ ջոկատների, որոնք գործում էին իրենց գյուղի և քաղաքի շրջանակներում և տեղական նշանակության մարտեր էին մղում թշնամու դեմ, գումարտակն արդեն պետական կարգավիճակով մարտական խոշոր զորամիավորում էր` կոչված ռազմական խոշորամասշտաբ խնդիրներ լուծելու:
Ստանձնելով գումարտակի հրամանատարի դժվարին ու պատասխանատու պարտականությունը` Սուրեն Խաչատրյանի առաջին գործն է լինում ամրապնդել կարգապահությունը, բարձրացնել ազատամարտիկների մարտական ոգին, թույլ չտալ ինքնագլուխ, չհիմնավորված գործողություններ: Հրամանատարի նվիրվածության, խստապահանջություն և գործիմացության և հոգատարության շնորհիվ շուտով գումարտակը մեծանում, զորանում է , դառնում հարվածային հզոր ուժը:
1992թվականի վերջերին գումարտակի կազմում արդեն կային 600-ից ավելի երկրապահներ: Գումարտակն իրենից ներկայացնում էր նախաբանակային հզոր զորամիավորում, բանակին հատուկ զորային ստորաբաժանումներով:
Գումարտակը բաղկացած էր երեք մարտական վաշտից: Վաշտերն իրենց հերթին բաղկացած էին դասակների, դասակները` ջոկերի, ինչպես սովորաբար լինում է բանակում: Գումարտակի յուրաքանչյուր վաշտ ուներ մարտական գործունեության իր տեղանքը և գործում էր ռազմաճակատի իրեն հատկացված հատվածում: Առաջին վաշտը գործում էր հիմնականում Շուռնուխի և Գորիս-Կապան ավտոճանապարհի պաշտպանության հատվածներում` Վլադիկ Ստեփանյանի հրամանատարությամբ:
Այս վաշտում ընդգրկված էին Գորիս քաղաքի, Քարահունջի, Հարժիսի, Շինուհայրի, Հալիձորի, Բարձրավանի, Տաթևի, Սվարանցի և Խոտ-Որոտանի գյուղերի երկրապահ ազատամարտիկները:
Երկրորդ վաշտը`Մելիքսեթ Պողոսյանի հրամանատարությամբ, գործում էր ռազմաճակատի Խնածախ, Տեղ գյուղերի պաշտպանության հատվածներում: Վաշտում ընդգրկված էին Տեղ, Խնածախ, Վաղատուր, Խոզնավար, Քարաշեն, Արավուս գյուղերի ազատամարտիկները:
Շրջանի հարավային սահմանների պաշտապանության հատվածներում` Հարթաշեն, Խնձորեսկ, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, գործում էր գումարտակի 3-րդ վաշտը:
Սանասար Բեգլարյանի` հրամանատարությամբ:
Ակներ, Վերիշեն, հետագայում նաև Կոռնիձոր, գյուղերի կամավորական ջոկատները`,Սերյոժա Սեդրակյանի, Ստյոպա Արզումանյանի և Սեյրան Գալստյանի ղեկավարությամբ, կատարել են գումարտակի հրամանատարության հատուկ հանձնարարությունները:
1992թվականին արյունալի մարտերը շարունակվում են Արցախում: Թշնամին իսկական նվաճողական պատերազմ է սկսում Գորիսի սահմանների վրա: Վայրագորեն հրետակոծվում են Գորիս քաղաքը, սահմանային գյուղերը:
Շուռնուխից, Չայզամից մինչև խոզնավար ու մինչև Կոռնիձոր ընկած տարածքները վերածվում են վիթխարի կրակակետերի:
1992թվականի հունիսի 10-ին Գորիս է ժամանում Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և ելույթ ունենում տեղի զինվորության ու ժողովրդի առջև: Նա իր ելույթում մասնավորապես ասում է այն մասին, որ ճիշտ է, բացվել է Լաչինի մարդասիրական միջանցքը, բայց երկրի հարավային ուղղությամբ դեռ վտանգը առկա է և պետք է պատրաստ լինել թշնամու նոր հարձակումներին:
Եվ իրոք վիճակը չափազանց ծանրանում է Կոռնիձորի, Ներքին Խնձորեսկի, Տեղի և հատկապես Շուռնուխու ուղղություններում: 1992թվականի ամռանը հայկական զորամասերը կատաղի կռիվներ էին մղում Հոչազ, Թիգիկ, Սեյիլար, Կուբաթլու, Մոլագար, Լիսագոր, Ստրոյկա ուղղություններում: Այս ուղղությունների վրա էր գործում նաև Գորիսի 3-րդ պայմանագրային գումարտակը, չթողնելով, որ թշնամին մոտենա Լաչինի մարդասիրական միջանցքին:
1992թվականի օգոստոսին իրավիճակը բարդանում է Շուռնուխ-Բարձրավան ուղղության վրա: Թշնամին ամեն կերպ ձգտում է ամրանալ այս տեղանքներում, փակել Գորիս-Կապան ճանապարհը և թիկունքից հարվածել Գորիսին:
Գումարտակը Շուռնուխի մատույցներում տեղի ունեցած կատաղի կռիվների ընթացքում կարողանում է ապահովել Գորիսի անվտանգությունը: Թշնամուն այդպես էլ չի հաջողվում փակել Գորիս-Կապան ճանապարհը:
1993թվականին հայոց մարտական ուժերի գլխավոր մտահոգություն դարձյալ կապված էր Լաչինի միջանցքի պաշտպանելու խնդրի հետ:
Միջանցքը պահպանելու համար Գորիսում և ռազմաճակատի հարավ-արևելյան հատվածներում արտակարգ ռազմական դրություն է մտցվում: Այդ ժամանակ հանրապետության նախագահի հրամանով Գորիսի պարետատան պարետ է նշանակվում ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը: Մի ուրիշ հրամանով Հանրապետության հարավ-արևելյան ջոկատի Գորիսի վաշտը անցնում է Պաշտպանության նախարարության ենթակայության տակ և վաշտի հրամանատար նշանակվում Կամո Քոչունցը: Որպես պարետ ելույթ ունենալով հանրության առջև, Պարույր Հյարիկյանը, ասում է. «Գորիսի մատույցներում մենք Երևանն ենք պաշտպանում: 1993թվականի հունվարի 13-ին Գորիսի շրջանում ստեղծվում է մոտոհրաձգային նոր ստորաբաժանում, որի հրամանատար է նշանակվում ազատագրական մարտերում թրծված Սերգեյ Գրիգորյանը: Միևնույն ժամանակ Հանրապետության Պաշտպանության նախարարությունը պետական կարգավիճակ է տալիս Սյունիքի բոլոր աշխարհազորային միավորներին: Այս և նման փոփոխությունները շուտով իրենց զգացնել տվեցին թշնամու դեմ մղվող հետագա կռիվների ընթացքում: Դրան մեծապես նպաստեց նաև այն հանգամաքը, որ Գորիսը դարձավ Պետական նախարարի աթոռանիստ քաղաք: Վազգեն Սարգսյանը պետ նախարարի պաշտոնով եկավ Գորիս` Արցախի թիկունքը ամրացնելու լիազորություններով. «Արցախը պահելու համար թիկունքում մենք պետք է ունենանք հզոր Զանգեզուր»,- Գորիսում իր առաքելությունն այսպես է բացատրել հայոց սպարապետը:
Երկարատև ու արյունալի մարտերից հետո 1993թվականի ապրիլին ազատագրվում է Քելբաջարը: Հայոց սահմանների մոտ լիակատար պարտություններից հետո թշնամին քաշվում է դեպի Կուբաթլու և Խնձորեսկից հարավ խոշոր ուժերով դիրքավորվում Ղուրբան թափա կոչված վայրում: Այստեղ թշնամու դեմ ճակատելու հիմնական զորաճը Գորիսի երկրապահների գումրատակն էր, որին միանում են Գորիսի մոտոհրաձգային գնդի տանկիստները: կարևոր նշանակություն ունեցող այս գոտեմարտը ղեկավարում է Գորիսի երկրապահների գումարտակի հրամանատար Սուրեն Սերգեյի Խաչատրյանը: Գորիսի երկրապահ ազատամարտիկները հերթական անգամ ցույց են տալիս զանգվածային հերոսության օրինակներ: Թշնամին ջախջախվում է ու ճողոպորում մեր սահմաններից հեռու: 1994թվականի գարնան սկզբներից հակամարտության ճակատային գիծ անցնում էր Հորադիզով: Դանդաղորեն փակվում էր պատերազմական գործողությունների վարագույրը: Ղարաբաղի և Սիսիանի զորային ուժերի հարևանությամբ այստեղ իրենց պաշտպանական դիրքերում ամուր կանգնած էին նաև Գորիսի տղերքը:
Հորադիզի հաղթանակով վերջ դրվեց պատերազմական գործողություններին:
Հաղթանակն, ավաղ, ձեռք բերվեց թանկ կյանքերի գնով: Գորիսի երկրապահների գումարտակը կորցրեց իր հիսունութ ամենաքաջ տղաներին: Մարտական գործողությունների ընթացքում Գորիսի ենթամարզից զոհվեցին քսան զինվորներ:
Թշնամու վայրագ հրետակոծության զոհ դարձան վաթսուներեք խաղաղ բնակիչներ:
Պարտված և պարտվող Ադրբեջանը զինադադար խնդրեց:
1994թվականի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպեցին Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարները:
Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի նախարար մարշալ Գրաչովը, Վազգեն Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի ներկայացուցիչները ստորագրեցին կողմերի միջև հրադադարի համաձայնագիրը:
Պատերազմի դաշտւմ թշնամին պարտվեց: Պատերազմը տեղափոխվեց դիվանագիտական դաշտ, որ մինչև հիմա էլ շարունակվում է:
Արկադի Ծատուրյան