Կյո̈ւփեր, Ըղվերձ /Ըղվերծ/ տեղանունների ստուգաբանության շուրջ

Spread the love

Մհեր Քումունց

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

  1. Կյո̈ւփեր

Կյո̈ւփեր է կոչվում Գորիսից 2 կմ արևմուտք` դեպի Ակնա ընկած այն հանդամասը, որի անունը պաշտոնական թղթերում հանդիպում է Գուբեր ձևով[1]:

Ինչպես նկատում ենք, առաջին հայացքից թվում է, թե այս վայրի անվանումը առանձնապես կարիք չունի ստուգաբանության, բայց նրան առնչվող մի շարք հարցեր կան, որոնք կարոտ են ճշտումների: Նախ` անհրաժեշտ է պարզաբանել Կյո̈ւփեր անվան բառային նշանակությունը, բառի ծագումը և նրան առնչվող բառերն ու բառաձևերը, քանի որ ոչ միայն գրավոր[2], այլև բանավոր շրջանառության մեջ է այն տեսակետը, որ Կյո̈ւփեր-ը համարվում է հին Գորիսի բնակատեղին: Այս սխալ կարծիքը գալիս է Զանգեզուրի շատ բնակավայրերի տեղադրությունը խեղած Ե. Լալայանից, որը նաև Ղ. Ալիշանի «Սիսական»-ի սխալ ընթերցումից /փոխադրումից/ հին Գորիսի տեղը տարել հասցրել է այսօրվա Վերիշեն գյուղատեղին[3]: Երկրորդ՝  Կյո̈ւփեր տեղանվան ստուգաբանությունը, կարծում ենք, բանալին է այն կարևոր հարցերից մեկի, թե Ստ. Օրբելյանի` Տաթևի հին հարկացուցակում նշված բնակավայրերից ո՞րն է գտնվել Կյո̈ւփեր հնավայրի տեղում: Եվ վերջապես` այս բառի ստուգաբանության շրջանակներում հայտնի է դառնում հայերենից ադրբեջաներենին անցած մի քանի փոխառություն ևս:

Նախ փորձենք ներկայացնել հայերենի տարբերակներում Կյո̈ւփ-(եր) բառի(բառի, թե՞ բառաձևի) ձևային և իմաստային բնութագիրը: Կյո̈ւփեր անվանումի արտաքին տեսքից դժվար չէ նկատելը, որ այն բարբառային է և բաղկացած է Կյո̈ւփ արմատից և եր վերջավորությունից:

Նրա գրական հնարավոր տարբերակները ավանդված են գրաբարից. մատենագրական աղբյուրներում բազմաթիվ բառեր կան, որոնց արմատը մոտ է քննվող տեղանվանը ձևով կամ իմաստով: Մենք կփորձենք այդ բոլորը նշել այս աշխատանքում:

Կյո̈ւփեր տեղանվան Կյո̈ւփ արմատին մոտ է գրաբարում առկա Կոփ-ը` 1.կոպ, 2. կոփել-հարկանել, բախել, տաշել, կոկել, հարթել, հարդարել, 3.կոփիչ-թակն, 4.կոփյուն- բախյուն, դոփյուն, կափյուն, 5.կոփածո[4]: Հր. Աճառյանը կոփ համանուն բառահոդվածների ներքո նշում է «կոպ, պաշարում, տաշելով բան շինելու արվեստ, բուռն հարված[5]» իմաստները, որոնցից ոչ մեկը, կարծում ենք, չի առնչվում ստուգաբանվող բառին: Ալ. Մարգարյանը գրբ. կոփիչ  «տափիչ, թակ» իմաստներով բառի տարբերակն է համարում Գորիսի բարբառում գործածական կուփիչ` «երկաթյա գործիք»: Կարծում ենք, այս արմատից աճած են «կուփի տալ-հարված տալ»[6], «գյո̈ւփուն, գյո̈ւփին-մեծ մուրճ, կոփոն?»[7] բառերը, որոնց` Կյո̈ւփեր տեղանվան հիմքում ընկած լինելը քիչ հավանական ենք համարում:

Գրաբարում գուբ-ը ունեցել է «հոր, փոս, ջրհոր, վիհ, խորխորատ, «բջիջք», «ագուգայք» (հոգնակի իմաստով) իմաստները[8]:  Եթե նկատի ունենանք, որ այստեղ, ինչպես նկարագրում են Գորիսի, Վերիշենի և Ակների տարեց բնակիչները, գոյություն են ունեցել փոսեր, դամբարաններ, նույնիսկ ջրհորներ, ապա պետք է հնարավոր համարել Կյո̈ւփեր տեղանվան համար հենց այս բառը` գուբ, որը ստացել է բարբառային տեսք` գ>գյյ, վերջինիս ազդեցությանմբ ու-ն նույնպես քմայնացել է, իսկ բ/բբ (gub/gubb) հնչյունները բարբառումս հայտնի ձայնեղների խլացման օրենքով դարձել է փ: Հավանաբար ձևիմաստային հենց այս իրողությունն էլ նկատի են ունեցել, որ վարչական նոր թղթերում բնիկ ձևը դարձրել են Գուբեր[9]: Հր. Աճառյանը գուբ բառահոդվածի տակ նշում է «հոր, փոս» իմաստները, տալիս բառի ասորական փոխառություն լինելը` gubb, gubba՝ «գուբ, փոս, ջրհոր, բանտ» իմաստներով: Տրված են նաև զուգահեռները այլ լեզուներում` ասորերեն, եբրայերեն և այլն[10], որով կարելի է եզրակացնել, որ բառը տարածված է եղել: Մյուսների համեմատությամբ այս բառին մոտ է Կյո̈ւփեր տեղանունը, որի շուրջ փորձենք անցկացնել ընդհանրական քննություն: Այս մասում մեզ մնում է հանգել այն տեսակետին, որ Կյո̈ւփերը կամ բարբառներին անցած հնագույն փոխառությունից է՝ gubb, gubba՝ «գուբ, փոս, ջրհոր, բանտ» իմաստներով, որ հետագայում հոգնակիություն է ստացել` -եր` «փոսեր, գուբեր»[11], կամ գործ ունենք gubb, gubba բառերին համաձև հ.-ե. մի շատ հին արմատի հետ` *qeup/*qeub, որ ունեն պարսկերենը, քրդերենը[12]: Գ. Ջահուկյանը բարբառային հայերենի սեմական փոխառությունների տակ է դնում «գուբ»-ը` «հոր, փոս, բջիջ, փողրակ» և հարցականով տալիս հ.-ե. *gupā «փոս, հոր»` որպես սեմական հեռավոր զուգաբանություն[13]: Հր. Աճառյանը նշում է, որ *gupā բառը՝ «հողե մեծ աման» նշանակությամբ,  հ.-ե. լեզվաընտանիքի ոչ բոլոր խմբերին է անցել: Կյո̈ւփեր հնագույն բնակատեղիում, որ գտնվում է Վերիշենի հարավարևմտյան մասում, Վարարակնի 3-րդ դարավանդի վրա, հայտնաբերվել են քարարկղային դամբարաններ, պահպանվել են կիկլոպյան բերդի մնացորդներ[14]: Օ. Խնկիկյանը Կյո̈ւփերին հարակից Ակներ գյուղում ուսումնասիրած մի դամբարանի մասին նշում է, որ քարարկղային այս դամբարանում գտնված նյութերը  թվագրվում են Ք.ա. II — I դդ.[15]: Այս մասին նշում են նաև տեղացիները, և նրանցից ոմանք պատմում են, որ տեսել են մնացուկները: Գուցե հենց այս քարարկղային դամբարանները հնում նույնացվել են «հողե մեծ ամանի» (*qeup/*qeub) հետ, և հետո երևույթի անհետացման հետ մեկտեղ մթագնվել է բառի բուն իմաստը: Ասվածը հավաստվում է նաև նրանով, որ կուպ/կոպ/կյուփ ձևերը «գերեզման» իմաստներով պահպանված են որոշ լեզուներում[16]:

Ոմանք այն կարծիքին են, որ Կյո̈ւփեր տեղանվան հիմքում ընկած է կափ, բարբառում` կյա̈փ բառը[17]: Նոր հայկազյան բառարանը կափ` «կափարիչ, ջրհորի կամ գերեզմանի կափարիչ, գերեզմանի քարե կափարիչ», արմատով կազմված բաղադրություններ նույնպես ունի: Ընդ որում` բառի այս իմաստի գործածությամբ Տաթևի խոսվածքում առկա է խո̈ւփեր «հողից դուրս պրծած քարեղեն և հողեղեն խութեր» ձևը, նաև Խիփեր[18] բնակավայր, իսկ Գորիսի բոլոր խոսվածքներում տարածված է ղըփի-խկըփի «կափարիչ» բառը, որն անշուշտ առնչություն ունի «փակել» բառի իմաստի հետ: «Կափարումք» բառահոդվածի տակ ՆՀԲ-ն նշում է «գերեզմանք, շիրիմ, տապան քարեղեն», «կափաւոր-որ ունի և վարէ զգործի կափիչ», «կափուլ-տեղի` ուր լինի կափուցանիլ ուլամբ կամ փակիլ, խփանիլ»[19], այսպես և` «կափումն-փակումն, կափուցանեմ-փակել, պնդացնել, կափչիմ-միանալ, ձուլվել» և այլն[20]: Եթե հետևենք նշյալ իմաստներին ու համեմատենք Կյո̈ւփերի տեղանքում կամ մոտ վայրերում տարածված գերեզմանաթմբերի գոյությանը, կստացվի, որ վայրը այդ անունը ստացել է ժողովրդի խոսքում տարածված «Գյավուրի բներ»-ից` հին գերեզմանատեղի, որ քիչ հավանական է, քանի որ, ինչպես նշում են, դրանք իրարից հեռու են[21] և աշխարհագրական դիրքով էլ տարբերվում են[22]: ՆՀԲ-ն ունի նաև «կոփ-կոպ, կոփած-կոփվածք»[23] բառերը, որ քիչ հավանական է սրանց տեղանվանը կցելը, քանի որ տեղանքը հարթ է, ոչ լեռնային[24]: Եվ վերջապես, որ առավել կարևոր է, առկա է հնչյունական փոփոխությունների գրեթե անհնարինություն` ա-ի քմային ու-ի վերածվելը:

Տեղանվան ստուգաբանության շրջանակներում քննության ենթակա է նաև կյափ/կյա̈փ բառը` «Կյափ-բեռ կապելու գործիք, ծնկի և աճուկի միջև եղած մսեղեն մասը»[25]: Հետաքրքրականն այն է, որ տարածքը իսկապես նման է «կյափ»-ի` «ծնկի և աճուկի միջև եղած մասի», որի նմանությամբ, հնարավոր է, ժողովուրդն անվանել է տեղանքը: Կարծում ենք, որ մարմնի մասերից առաջացած տեղանունները իրենց իմաստում պահպանում են զուտ համեմատության մասը, որից բառերը բազմիմաստություն են ստանում և երբեմն շատ հեռանում նախնական իմաստից: Այսինքն` բառը նախնական իմաստից հեռանալուց հետո կարող էր տրվել բնակավայրին, կամ տեղանքին տրվող իմաստից բառը կարող էր նոր նշանակություն ստանալ, ինչպես՝ գլուխ, կատար և այլն: Ասվածը, իհարկե, չափանիշ չէ, կարող են լինել բացառություններ, բայց կան օրինակներ, որ խոսում են մեր սահմանումի օգտնին, ինչպես` Բռուն «քիթ», որի այլաբանական իմաստներից են «ծայր, կախված մաս» և այլն, այլև` Կոռն/ի ձոր/, Ծնկատափ:

Կյո̈ւփեր տեղանվանը նմանություն ունեն բարբառներում տարածված մի շարք բառեր: Հայոց լեզվի բարբառային բառարանում առկա են`«կյափ, կյեփ— Արց. «կանթանման երկճյուղ փայտիկ` թոկի ծայրին կապվող, կեռ», գափ-Արց. «զվարճախոսություն», «գափ-Արց. «սրունքի միսը, ազդր, սրունքի հաստ ոսկորը», «կյուփ-Վն. «խիտ», «կուփե/ի— Արց. «հրել, բոթել», «կուփել-Մղր. «սպանել, հարվածել», «կուփի-կուփի-Ար. «արագ, շտապ», «կուփիճ-Արց. «կիպ, մոտ, նաև` գորգագործական երկաթե գործիք` ծեծելու համար»[26]: Սրանցից քննվող տեղանվանը առնչակից կարող են լինել կուփիճ «մոտ», կյեփ «երկճյուղ փայտիկ» բառերը: Վերջինը հավանաբար հենց կյափ «ծնկի և աճուկի միջև եղած մասի» բառի իմաստից է առաջացել, իսկ մյուսը` «մոտ» իմաստով, թերևս ավելի հավանական է` կազմելու տեղանվան բաղադրիչ. վեր, վար, ներքև ձևերից սովորաբար առաջանում են տեղանուններ, ինչպես` Վերին Շեն և այլ: Այս դեպքում էլ, ենթադրելի է, որ պետք է գործ ունենայինք մի հարադրության կամ թերևս բարդ բառի հետ, որ, ինչպես նկատելի է, գրեթե բացառվում է քննվող բառում:

Այս մասում մենք քննեցինք Կյո̈ւփեր բառին մոտ գրեթե այն բոլոր բառերը, որոնք ունեն հավանականություն` կազմելու տեղանվան հիմքը:

Հայերենում առկա ձևերի կողքին շահավետ կլինի ստուգել բառի ձևերը փոխատու այլ լեզուներում:

Թուրքերենում այս բառի արմատին մոտ ձևեր առանձնապես առկա չեն: Թուրքերենում կա güpegündüz- «օրը ցերեկով»`[27] güpe-gün-düz: Güpe արմատով առանձի բառ չկա թուրքերենում, և այս արմատը միայն հանդիպում է նշված բաղադրյալ կազմության մեջ: Թուրք. gabi-«հիմար, ապուշ, տխմար» բառը փոխառված է արաբ. غبي /gabi/ նույն իմաստով ձևից, և կարծում ենք, առնչություն չունի քննվող բառի հետ: Նույնիսկ ժողովրդի մեջ կա տեսակետ, որ Կյո̈ւփեր-ը գյավուր բառի փոփոխված ձևն է, որ տրվել է տեղանվանը: Այս շփոթությունը թերևս եկել է «Գյավուրի բներ» տեղանքի հետ նույնացումից, որոնք, սակայն, բոլորովին տարբեր վայրեր են, ինչպես հավաստում են տեղաբնիկները: Գյա̈վուր բառը, որ ընդունվում է թյուրքերենից հայերենին անցած փոխառություն, առկա է թուրքերենում տարբեր կազմություններով` gâvur, gâvurca, gâvurluk «ոչ մուսուլման, անհավատ»[28] և նման իմաստներով: Ընդ որում` սա թուրքերենին անցած արաբական փոխառություն է` كافر /gavur/, որ ունի նույն նշանակությունը: Նշենք, որ բառը մահմեդականների կողմից տրվում է  քրիստոնյաներին: Թուրք. küp արմատն ունի «կավե խոր աման» նշանակությունը, որ ադրբ. դարձել է габ` նույն իմաստով: Այս լեզուն քննվող տեղանվան մոտ ունի гәбир, кор* «գերեզման» բառերը, թուրք.` kabir արաբ. փոխառություն է` قبر /qabr/ «գերեզման» իմաստով: Kap/b արմատով թուրքերենն ունի «աման, կափարիչ», իսկ ադրբ.  kор/kor/-ի դիմաց չունի «գերեզման» իմաստով բառ: Եթե ընդունում ենք, որ Կյո̈ւփեր տեղանունը գյա̈վուր աղավաղված ձևն է, ապա պետք է անցած լինի արաբերենից, որովհետև մեր տարածքի բարբառներում, այդ թվում` Ար., Թբ., Արց., Սս., Վն, Կր. և այլն, այն գործածվում է գ-ով[29], ինչպես փոխատու լեզուներում: Բացի այդ, գյա̈վուր բառի մեջ վ-ն դժվար տար փ, թերևս տար օ/զրո/: Այնպես որ, ինչպես շատ երկար ժամանակ կարծել են, տեղանունը կապ չունի գյա̈վուր բառի հետ: Թերևս մոտ է արաբերենի قبر /qabr/ «գերեզման» բառին, քան արաբերենից անցած թուրքերեն ձևին` kabir, որովհետև qabr բառի վերջադիր հորանջը` qab-r, որ արտահայտվում է ը-ով, օրինակ, Գորիսի բարբառում կարող է տալ օ, ը, ու, է||ու, բայց ոչ ի: Սյունիք-Արցախ բարբառային տարածքում  ինչպես բարբառային, այնպես էլ փոխառյալ ձևերի հետ ր-ով, ռ-ով, ղ-ով վերջավորվող բառերում առկա ը-ն կարող է դառնալ` բարձր-պարցուր||պէրցուր, ճիպռ-ճէպուռ||ճեպռ, ոսկոր-վօսկէռ||վէսկէռ||վօսկուռ և այլն[30]: Իսկ բարբառում թուրք. ա/a/ կամ ադրբ. ə ու-ի վերածվելը համարյա բացառված է: Բարբառումս առկա է ա>ու անցումը հազվադեպ դեպքերում, երբ բառը բուն ձևից շատ է հեռանում, օր.` երնջակ-ըռէշնուկ: Այնպես որ, ինչպես քննությունը ցույց տվեց, Կյո̈ւփեր անվան նույնացնելը թուրքերեն, ադրբեջաներեն և նույնիսկ արաբերեն ձևերի հետ բավականին դժվար է հնչյունների անհամատեղելի փոփոխությունների պատճառով:

Հիշենք, որ վերևում բերված բառերը, նրանց իմաստային, հնչյունական ձևերի վերլուծությունը բերված են զուտ այն նպատակով, որպեսզի տեսնենք` արդյոք կարո՞ղ են կազմել Կյո̈ւփեր տեղանվան հիմքը: Եվ վերջապես` դրանցից ո՞րը կարող է լինել Կյո̈ւփեր-ի սկզբնաձևը:

Այսպիսով` մեզ մնում է հանգել այն տեսակետին, որ Կյո̈ւփերը կամ բարբառում եղած հնագույն փոխառությունից է` gubb, gubba «գուբ, փոս, ջրհոր, բանտ» իմաստներով, որ հետագայում հոգնակիություն է ստացել` -եր` «փոսեր, գուբեր», կամ հ.-ե. *qeup-/*qeub- արմատն է: Մենք հակված ենք առաջին ձևին՝ որպես հնագույն փոխառություն, որ գործածական է եղել հայերենում ու նրա տարբերակներում:

  1. Ըղվերձ-Ըղվերծ

Չլուծված է մնում այն հարցը, թե Կյո̈ւփեր տեղամասում որ բնակավայրն է եղել: Մինչև 19-րդ դարը Կյո̈ւփեր վայրը չի նշվում: Հետագա նշումներում հղումը տրվում է բանավոր զրույցներին: Այս տարածքը, ըստ էության, համընկնում է Ս. Օրբելյանի Հաբանդն գավառի հարկացուցակում նշված Ակներին[31] հարակից Ըղվերձ բնակավայրին, որ 12 միավոր հարկ է վճարել Տաթևին: Ինչպես նկատում ենք, բնակավայրը փոքր չի եղել և «Սյունիքի պատմության» հարկացուցակում ընկած է Ականա, այժմվա Ակներ գյուղից առաջ` Բորոտանից հետո[32]: Տեղանվան արտաքին տեսքից երևում է, որ բարբառային հնչեղություն ունի առաջին բաղադրիչում` ըղու/վ, որով ուրիշ գյուղ կա Սյունիքի Հաբանդ գավառի Ծղուկում`[33] Ըղուերծ[34]: Ստ. Օրբելյանը մի կտակի վկայության մեջ նշում է «Ըղվերծի երեց` Մխիթարի որդի Սադոկի»-ն: «Պատմության» տարբեր հրատարակություններում ինչ-որ շփոթություն կա. «Ըղվերծի երեց»-ը ո՞ր գավառից էր` Ծղուկի՞ց, թե՞ Հաբանդից /Ըղվ/ու/երծ/ձ/ի/: Կարծում ենք խոսքը Հաբանդի Ըղվերձի մասին է, որ ավելի մեծ էր, քան Ծղուկինը (վերջինս Տաթևին տալիս էր 10 միավոր հարկ):* Հիմա դժվար է որոշելը, թե Տաթև տարվող ջրի ակունքը Ականայի՞ սահմանում է եղել, թե՞ Ըղվերծ/ձ-ի: Հեղինակները նշում են Ականայի ջրամբար` թվագրելով 1294թ.[35], հավանաբար այն պատճառով, որ որոշակիացված չի եղել Ըղվերձի վայրը:

Ըղվերձ-Ըղուերծ-Ըղվերծ ձևերը, ակնհայտ է, նույն բառի գրավոր տարբերակներն են: Բոլորն էլ կան Ստ. Օրբելյանի պատմության մեջ: Բառի կազմության համար դրվում է երկու ձև` աղու-երծ կամ աղ-որձ` իրենց հնարավոր փոփոխություններով:

Աղու-երծ: Աղ-ու բառը հայերենի տարբերակներում հիմնականում տրվում է «աղի» իմաստով: Սրանից բացի մեր լեզվում կա նաև հ.-ե. լեզվից աղու բառի «քաղց, անուշ, մեղմ» իմաստները, որ նշվում է նաև Գրաբարի մատենագրության մեջ: Այդ մակդիրը տրվել է Սիսակին[36], և հավանական է կարծել, որ գործուն է եղել հայերենում: Այդ իմաստով շատ բառեր կան` հմմտ. Աղուանք, Աղվերան, աղալեզու, աղվամազ և այլն[37]: Պոկոռնին բառի ձևիմաստային զուգահեռները նշում է բալթ.-սլավ. լեզուներում՝ sald-to-, saldu-, salds , saldùs` «քաղցր, անուշ»[38]:

Երծ արմատը առանձին քիչ է պատահում հայերենում: Այն հանդիպում է զ+երծ բառում, որ նշանակում է «ազատ, ապահով, անվտանգ»: Գրաբարում կա զերծիլ «փրկել, ազատել»: Հր. Աճառյանը այն դնում է բնիկ բառերի տակ, որ զուգահեռներն ունի այս իմաստով հնդիրանական լեզվախմբում` պահլ. hizr, սանսկ. sarĵ և այլն, որ բոլորն ունեն *serg´-, *sg´-[39]: Զ+երծ ածականը գրաբարում ունի նաև «ազատ, արձակ, անարգել, ապահով, անվտանգ» իմաստները, ուր զ-ն, ինչպես նկատելի է, առանձնակի իմաստ չի հաղորդում բառին, քանի որ «զ-ն շատ հաճախ նախածանց է, որ դրվում է ամեն մի որոշյալ հայցականից առաջ»[40], այսինքն` երծ-ը պահպանում է իր իմաստը քննվող բառում որպես ածական:   Պետք է ունենանք այսպես ասած երկու ածականից կազմված բառ` մեղմ և ազատ, թերևս` անուշ և ապահով մի վայր, որից էլ սերել է տեղանունը:

Է. Աղայանը «աղունք/աղն, եղծ, աղէտ, աղճատ»[41] բառերի տակ դնում է հ.-ե. ձևը` *el, *ol` «փչացնել, ապականել, ոչնչացնել, կործանել» իմաստներով: Հենց այդ արմատից էլ հանում է հայերենի եղեռն բառը: Նույն արմատից է հանում նաև եղծ-ը` «տձև, վատ, պակասավոր, փչացած» իմաստներով` ըղվ/ու/երծ/ձ/: Այս արմատի համար վերջադիր ծ-ն դնում է որպես *g´ աճական` *elg´-[42]: Ստացվում է, որ գործ ունենք նույն արմատի կրկնությամբ ձևավորված մի տեղանվան հետ, որտեղ աղ-ի նախադիր ա-ն Գորիսի բարբառում կարող է դառնալ ը, ինչպես` աղվես-ըղվես, աղաջուր-ըղաճուր և այլն, ու-ն կարող է լինել սեռականի մասնիկ, որ շեշտազուրկ դիրքում կարող է վ-ի փոխվել` ըղվեսահաչ, ըղվէսինք և այլն, կամ լինել ու շաղկապ, որ շեշտից զրկված ու>վ համաբանությամբ դառնա վ: Իսկ ինչ վերաբերում է եղծ/ելծ>երծ[43] անցմանը, ապա պետք է նշել, որ հնդեվրոպական նախալեզվի լ-ն/l/ «արիականի մեջ շփոթվում է r-ի հետ»[44]: Ուրեմն կստացվի, որ այս տեղանվան երծ-ը իրանական ճյուղից փոխառություն է, որ չի պահպանել հայերենի համար ղ-ն` եղ/ծ/: Այսպես` ի մի բերելով տեղանվան արմատների հնչյունական դասավորությունը և իմաստները՝ ստացվում է, որ Ըղվերձ/ծ-ը «ապականված, կործանված, տձև նշանակությունն» ունի, որ կարող էր ստանալ մի դեպքում` Վարարակնի ափամերձ տարածքների մի ժամանակ ճահճոտ և անպիտան լինելուց, մյուս դեպքում` շատ հնուց ավերված, կործանված բնակավայր լինելուց:

Ըղվերձ բառի երկրորդ բաղադրիչը համանուն ունի բարբառներում` որձ/վօրց/վըէրց` «արու, արու կենդանի»: Բառի այս իմաստներից համաբանությամբ սերված են վօրցակ «աքաղաղ», վըրցատու «դախացած բույս, չբեր բույս, կոշտ, կոպիտ, ժամանակն անցած» կազմությունները: Աղ/ու արմատի վերոնշյալ իմաստները որձ-ին չեն զուգակցվում, ուստի չենք քննում Ըղվերձաղու և որձ բաղադրության շրջանակներում:

Ստ. Օրբելյանի նշած Ըղուերձ-ը, ենթադրում ենք, համապատասխանում է առաջինի նշանակությանը` անուշ և ապահով մի վայր:

  1. Բնակավայրի տեղադրության որոշման  փորձ

Տեսնում ենք, որ Ըղվերձ տեղանվան բացահայտման երկու փորձերն էլ չեն համընկնում հետագայում Կյո̈ւփեր կոչված բառին ո´չ ձևով և ո´չ իմաստով: Հենց այս առումով դժվարություն է ստեղծվում հնավայր Ըղվերձի տեղադրման համար: Մենք այսօր գիտենք Կյո̈ւփեր հին բնակատեղին[45], իսկ Ըղվերձի համար տեղեկություն չունենք անգամ տեղանունների համեմատությունից: Պետք է նշել, որ Ստ. Օրբելյանի Տաթևի հին հարկացուցակում ընդգրկված գյուղերի հերթականությունը խաբուսիկ է: Կարծում ենք, գրչագրումներից խախտվել են տեղերը, կամ հեղինակը զուտ  պատահականությամբ է դասավորել: Իրարից տարբեր են նաև Ստ. Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսական» աշխատության հրատարակությունները[46]: Այնուամենայնիվ, կան գյուղեր, որոնց հերթականությունը ինչ-որ կերպ համընկնում է: Օրինակ` եթե նշված հարկացուցակին հետևենք, ապա Կյո̈ւփերը և Ըղվերձը հարևան բնակավայրեր են եղել: Իսկ եթե բառի արմատական նշանակությունը դիտարկենք, ապա Կյո̈ւփերից մոտ 1 կմ հյուսիս-արևելք` ալպյան բաց, ազատ տարածության վրա պետք է ընկած լիներ Ըղվերձը, ինչպես նշվում է բառի առաջին բացատրության մեջ: Ստ. Օրբելյանի` Տաթևի հին հարկացուցակի այս մասում, կարծես, տեղագրական որոշակի համապատասխանություն կա` Ըղվերձ, դրանից հարավ-արևելք` Ականա, սրանից հարավ արևմուտք` Պետրոսկա վանք` ներկայիս Վերիշե՞ն, վերջինից արևելք` Աղոջրիկ: Ըստ այս դասավորության` Կյուփերը պիտի համապատասխանի Բորոտան/Քարոտան գյուղին, որ հավանաբար ընկած է եղել Պետրոսկա վանքից արևելք և Ականայից հարավ-արևելք[47]: Սակայն նույն աշխատության` Մոսկվայի 1861թ. հրատարակության մեջ այսպիսինն են հերթականությունն ու գյուղերի անվանումները` Բողեան, Ցօղունի /Ցատղոնի/, Բորոտան /Քարոտան/, Ագարակ, Ըղուերձ, Անձկայք, Ականա, Ձագաձոր, Պետրոսկայ վանք, Նախանձոր /Նախանձփոր/, Աղնոյ ջրիկ: Այստեղ Ըղվերձից հարավ-արևմուտք ընկած գյուղը`Ագարակը, համապատասխանում է Կյո̈ւփերին, իսկ Ըղվերձը մնում է մեր նշած նույն տեղում: Կյո̈ւփերի տարածքը իսկապես բարեբեր է` գետի ափին, արևկող, անտառի հարևանությամբ: Բայց ե՞րբ և ինչո՞ւ է այն անվանել Կյո̈ւփեր, հայտնի չէ: Իհարկե, չենք բացառում, որ վայրի անունը մյուսների պես աղավաղված լինի քոչվորական ցեղերի առկայության հետևանքով: Չնայած շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ հին հարկացուցակում նշված տեղանունների հերթականությանը հետևելիս սխալները անխուսափելի են, այնուամենայնիվ փորձեցինք անունների ստուգաբանության  և տեղանքի աշխարհագրական-պատմական նկարագրի զուգադրությամբ գտնել բնակավայրերի գտնվելու վայրը[48]:

 

[1] Տե´ս ՀՀ կառավարության արձանագրային և Գորիսի քաղաքապետարանի` տեղավայրերի անվանափոխության մասին 2012թ. որոշումները:

[2] Տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ 3, Երևան, 1977, էջ 166:

[3] Այս բազում սխալները տե´ս Ե. Լալաեան, Ազգագրական հանդէս, Դ. Գիրք, թիվ 2, Շուշի, 1898թ.:

[4] Ռ. Ղազարյան, Գրաբարի հոմանիշների բառարան, Ե., 2006թ., էջ 391;

[5] ՀԱԲ, հ. 2, էջ 667:

[6] Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառը, Ե., 1975թ., էջ 421:

[7] Նույն տեղում, էջ 379: Այս բառի շրջանակներում ստուգեցինք նաև արմատը փոխառություններում. առկա էին «ղափաղ-կափարիչ, ղափուլ-qâfil-1.անգետ, անզգույշ, 2. Հանկարծ, անսպասելիորեն» /տե´ս հեղինակի նշվ. աշխ., էջ 523/:

[8] Ռ. Ղազարյան, Գրաբարի հոմանիշների բառարան, էջ 197:

[9] Տե´ս ՀՀ կառավարության արձանագրային որոշումը  Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագիծը և քաղաքի պատմական տարածքի, նրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգը հաստատելու մասին /նախագիծ, 2012թ./:

[10] ՀԱԲ, հ. 1, Էջ 586

[11] Չենք կարծում, որ –եր-ը հնուց է կցված տեղանվանը` որպես հին հայերենի սեռական: Այդ հիմունքով նկատելի է, որ գաբ/կյափ-ը –եր ստացել է հետագայում` թերևս 13-րդ դարից հետո, երբ –եր-ը գործածություն է ստացել որպես հոգնակերտ մասինկ:

[12] Տե´ս ՀԱԲ, հ. 1, էջ 586:

[13] Գ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն, նախագրային շրջան, Ե., 1987թ., էջ 456

[14] https://www.sarc.am/ Վերիշենի և հարակից տարածքների բառարան: Հեղինակ` Ա. Բաբայան:

[15] Օ. Խնկիկյան, Նորահայտ հուշարձան Գորիսում. Պատմա-բանասիրական հանդես, 1981թ., № 4, էջ 312-313: 

[16] Հր. Աճառյանը նշում է, որ այս բառը հայերենին անցած ձևեր ունի կովկասյան լեզուներում` «ջրի փոս, թումբ» և այլ բառեր /տե´ս ՀԱԲ, հ. 1, էջ 586: Կուբի՝ դագաղ իմաստով գործածական է նաև Կարնո բարբառում: Տե՛ս ՀԼԲԲ, Ե., 2004թ., հ. 3, էջ 199:

[17] Այս մասին տե՛ս www.sarc.am-ի «Վերիշենի և հարակից տարածքների բառարան» աշխատանքի մեջ:

[18] Տե´ս Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Ե., 2007թ., էջ 156:

[19] Այս բառահոդվածի տակ նշվում է, որ լծորդված է թուրքերենից` գափան, գափանճա, լատ. Գափիօ:

[20] ՆՀԲ, հ. Ա-Կ, էջ 1079-1080:

[21] Վերին Շեն բնակավայրից մոտ 1,3 կմ:

[22] ՀՀ Մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանում «Գյավուրի բները» նշված է որպես ուշ միջնադարի գյուղատեղի 8.96.4 թվի տակ, և զբաղեցնում է 0.4 հա տարածք, որտեղ պահպանվել են կողոպտված դամբարաններ:

[23] ՆՀԲ, հ. Ա-Կ, էջ 1126:

[24] Տե՛ս Լրաբեր հասարակական գիտությունների, «Սագաձորի տեղադրությունը», Ա. Ղարագյոզյան, Ե., 1985թ., թիվ 1, էջ 60:

[25] Նույն տեղում, էջ 411:

[26] Հայոց լեզվի բարբառային բառարան, հ. Գ, Ե., 2004, էջ 219-221:

[27] Турецко-русский словарь, М., 1945, ст. 222:

[28] Նույն տեղում, էջ 199:

* Նայել հավելվածը:

[29] Այս մասին տե՛ս Հայոց լեզվի բարբառային բառարան, հատոր Ա, Ե., 2001թ., էջ 260:

[30] Այս մասին տե´ս Ալ. Մարգարյան, Գորիսի բարբառ:

[31] Ճիշտ են նկատել հին բնակատեղիները ուսումնասիրող հեղինակները, որ Ակները նույն Ակն /Բռուն/ գյուղն է, որի կողքին նշված գյուղերի գտնվելու վայրը ցայսօր գրեթե անհայտ է:

[32] Ըստ Ս. Օրբելյանի, Սյունիքի պատմություն, 1986թ. հրատարակության:

[33] Ըղվերձը համարում են Սիսիանի Դարաբաս գյուղի հին անունը. «Նախկինում գյուղի անունն Ըղվերձ է եղել, հետո գյուղը վերանվանվել է Դարբաս: Գյուղի նոր անվան առաջացման վարկածները երկուսն են. նախ՝ որ այդ ուղղությամբ գտնվող գյուղերի համար դարբաս է հանդիսանում, և երկրորդ՝ որ թուրքերը չեն կարողացել ներս մտնել ու ասել են` «Դարանը բաստ է», այսինքն` «Ձորը լիքն է», և հնարավոր չէ մտնել»: Աղբյուրը՝ 168.am-ում /«Դարբաս գյուղը դատարկվել է»/ հոդվածի մեջ: Իհարկե, սա  ժողովրդական ստուգաբանություն է. Դարբ/պ/աս անունով շատ տեղանուններ կան:

[34] Ստ. Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986թ., էջ 394: Այս գյուղը գտնվում է Ծղուկ գավառում:

* Չնայած չենք կարող անտեսել այն կարծիքները, որ Ծղուկի Ըղվերծը կամ Աղվերծը երբեմն կոչել են ավան կամ գյուղաքաղաք: Նույնիսկ նշում են, որ Աղվերծը /այժմ՝ Դարբաս/ եղել է պատմական Ծղուկ գավառի նշանավոր ավանների շարքում՝ Անգեղակոթ, Շաղատ, Շաքի, Ակունք (Բազարչայ), Սյունի (արդի Սիսիան), Աղուդի, Սիսական (նախկինում՝ Սիսիան, այժմ՝ Հացավան), Որոտան, Տաթև, Վաղադի, Բռնակոթ, Աղվերծ: Այդ ավաններից հատկապես Աղիտուն (Աղուդին), Անգեղակոթը, Տաթևը, Վաղադին, Ակունքը և Աղվերծ կամ Ըղվերծը նաև ձեռագիր գրքեր գրելու վայրեր են եղել: XVII դարում գրքեր են գրվել, արտագրվել նաև Գետաթաղ և Լոր գյուղերում: Պատահական չէ նաև, որ այդ նույն XVII դարի 60-ական թվականներին այս երկու գյուղերում վերակառուցվել են ժամանակի  Սյունիքի  լավագույն  եկեղեցիներից երկուսը /այս կարծիքին է Մ. Հասրաթյանը/:

[35] Г. Григорян, Очерки истории Сюника IX-XV вв., Е., 1990г.,  Ст. 230.

[36] Տե՛ս Մ.Խորենացի, Պատմություն հայոց, Երևան, 1968, Էջ 113։

[37] Այս մասին մանրամասն տե´ս Մ. Աղաբեկյան, Ստուգաբանական դիտողություններ «Աղուանք» տեղանվան վերաբերյալ, Պատմաբանասիրական հանդես, թիվ 1, 1990թ., 168-171:

[38] J. Pokorny, Indogermanisches-etymologisches Wörterbuch, bern-München, 1959, p  878-879. 

[39] Տե´ս ՀԱԲ, էջ 92-93:

[40] Ա. Մեյե, Հայագիտական ուսումնասիրություններ, Ե., 1978թ., Էջ 142:

[41] Է. Աղայան, Բառաքննական և ստուգաբանական հետազոտություններ, Ե., 1774թ., էջ17-18:

[42] Է. Աղայան, նույն տեղում:

[43] Գ. Ջահուկյանը *selg´, *serg´ h.-ե. ձևերի տակ դնում է զ-երծ-անիմ:

[44] Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. VI, Ե., 1971թ., էջ 499:

[45] Կյուփերի գտնվելու վայրը այսպիսինն է. այն Վարարակն գետի աջ մասում է, շրջակա սարահարթից ցածր, ձախափնյա տեղանք-բնակավայրերից բարձր դիրքի վրա: Մինչ այստեղ շինարարական աշխատանքներ ձեռնարկելը, հիշում են, որ եղել են բնակավայրեր և նույնիսկ հին վանքի սրբատաշ պատեր: Տեղանքը հարմար է եղել վարուցանքի համար: Նրա վերին լանջերը անտառապատ են:

[46] Մենք համեմատել ենք նույն աշխատության Մոսկվայի՝ 1861թ., Թիֆլիսի՝ 1910թ. և Փարիզի՝ 1861թ. հրատարակությունները: Սրանց վերաբերյալ շտկումները ամբողջացած են 1986թ. երևանյան հրատարակության մեջ:

[47] Ստ. Օրբելյան, նշվ.աշխ., էջ 400:

[48] Սա լեզվաբանական փորձ է, որ գուցե օգնի մինչև օրս լիարժեք արդյունքներ չունեցած պատմահնագիտական ուսումնասիրություններին: Երբ նյութական աղբյուրները սակավանում են, պատմագիտությանը միշտ էլ օգտակար է լինում բանասիրությունը:

Աշխատանքը կարելի է ներբեռնել այս կայքից։

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի