Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի շրջանային կառույցի նախագահ, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության «ԱԻՊԾ» Քաշաթաղի շրջանի արտակարգ իրավիճակների բաժնի «ՇԱԻԲ» պետ, փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանի հետ վերջերս մեկնեցի շրջանի հարավային թև՝ ներկա գտնվելու տարածքի ազատամարտիկների հետ հանդիպումներին: Առաջին հանդիպումն Աղանուս գյուղում էր, Արսեն Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցում: Անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունների ժամանակ Քաշաթաղի շրջանից 1200 կամավոր մեկնեց առաջնագիծ, 10-ից ավելի տղաներ՝ փոքրիկ Աղանուսից: ԱՀ Նախագահի հրամանով մի շարք կամավորականներ պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Աղանուսից այդ պատվին է արժանացել կամավորական Արմեն Հովհաննիսյանը: Մինչ մեդալի հանձնման արարողությունը զրուցեցինք դպրոցի նորանշանակ տնօրեն Վարյա Ավանեսյանի, ուսուցիչների, աշակերտների հետ: Տնօրենն սկզբում ընդունվել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ 1979 թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը՝ նույն մասնագիտությամբ: Աշխատել է Արցախի տարբեր դպրոցներում, վերջին տարիներին տնօրինել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ այս տարվա օգոստոսի 31-ին նշանակվել է Աղանուսի դպրոցի տնօրեն: Տեղեկացրեց, որ դպրոցը գործում է 4 համակարգ-դասարանով՝ 14 աշակերտի ընդգրկմամբ: Կրթօջախում աշխատում են 7 ուսուցիչ. կա օտար լեզվի և պատմության ուսուցչի կարիք: Առաջին-երկրորդ համակարգ դասարանում սովորում են 3 աշակերտ: Դասվար Աիդա Խեչումյանը դպրոցի հիմնադիր ուսուցիչներից է: 2 շաբաթ է, ինչ աշխատում է առաջինդասարանցիների հետ, գոհ է նրանցից. խելացի երեխաներ են: Միլենա Դալլաքյանը ծաղիկ էր նկարում, որոշել է լավ սովորել ու բժիշկ դառնալ; Իսկ Աստղիկ Խաչատրյանը ոստիկան է դառնալու: Ուսուցիչները գովեստով են խոսում 11-րդ դասարանի աշակերտուհի Ռայա Խաչատրյանի մասին, ով բոլոր առարկաներն է լավ սովորում և ցանկանում է դառնալ իրավաբան: Դպրոցի մեծ դասասենյակի պատին Արցախյան գոյամարտի նահատակ Արսեն Հակոբյանի մասին պատմող փաստաթղթեր են, լուսանկարներ: Այստեղ կայացավ ապրիլյան պատերազմական իրադարձությունների մասնակից Ա. Հովհաննիսյանի պարգևատրումը, որին ներկա էին համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Աղանուսի բնակիչներ: Դպրոցի տնօրենը շնորհավորեց պարգևատրվողին, անդրադարձավ Արցախյան ազատամարտին, վերջին իրադարձություններին և դիմելով իր սաներին՝ հորդորեց՝ լինել հայրենասեր, նմանվել քաջերին: Համայնքի ղեկավարը, ով նույնպես կամավորականների շարքերում էր 2016-ի ապրիլին, տեղեկացրեց, որ այդ օրերին համայնքի 3 գյուղերից՝ Աղանուս, Ապարան և Մեղվաձոր, գրեթե բոլոր տղամարդիկ մեկնեցին առաջնագիծ և դիրքապահ զինվորի հետ պաշտպանեցին հայոց սահմանը: Պարգևատրվողը հայտնեց շնորհակալություն, ասով՝ միշտ պատրաստ է ծառայել հայրենիքին: Հաջորդ հանդիպումն Ուռեկանում էր: Ներսես Գույումջյանի անվան միջնակարգ դպրոցը տարածքի առաջին կրթօջախներից է: Տնօրեն Արմեն Հակոբյանը տեղեկացրեց, որ ունեն 13 ուսուցիչ, 46 աշակերտ՝ 11 համակարգ-դասարանով: Այս ուստարում առաջին դասարան ընդունվել են 4 աշակերտ: Դպրոցը կունենա 3 շրջանավարտ: Արդեն 1 տարի է, ինչ մանկավարժական կազմը համալրվել է 3 նոր ուսուցչով: Արթուր Գազարյանը «ծնունդով՝ արցախցի» երկար տարիներ բնակվել է Մոսկվայում, մի քանի տարի է, ինչ վերադարձել է հայրենիք, աշխատել է Վանքի միջնակարգում, այժմ Ուռեկանում է մաթեմատիկա և ֆիզիկա դասավանդում: Զոհրաբ Հովհաննիսյանը պատմություն է ուսուցանում աշակերտներին, իսկ Գագիկ Ներկարարյանը՝ քիմիա, կենսաբանություն. Արցախյան ազատամարտի մասնակից է, եկել է Ալավերդիից: Դպրոցն ակտիվորեն է համագործակցում «www.dasaran.am»-ի հետ, որի համար կրթական այս կազմակերպությունից 1 համակարգիչ է նվեր ստացել: Արդեն ունեն 4 համակարգիչ: Գրադարանում կա 550 գեղարվեստական գիրք, որոնք օգտագործվում են նաև գյուղի բնակիչների կողմից: Դպրոցից 17 աշակերտ ընգրկված է բերձորի մարզադպրոցի Ուռեկանի մասնաճյուղի խմբակում: Մարզիկ-աշակերտները, չնայած պարապմունքներն անցկացնում են ոչ հարմար պայմաններում, այնուամենայնիվ հասել են արդյունքների ՀՀ և ԱՀ հանրապետական մրցույթներում: 8 աշակերտ Բերձորի արվեստի դպրոցի Վուրգավանի մասնաճյուղի խմբակ են հաճախում, իսկ 14-ը՝ Վուրգավանի դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբարատորիա: 12-րդ դասարանցիներից Լուսինե Սարգսյանը որոշել է. դառնալու է անգլերենի մասնագետ: Ռուբեն Բարեղամյանը դառնալու է գյուղատնտես: Ուսուցիչները գովեստով են խոսում Նվարդ Անտոնյանի մասին, ով բոլոր առարկաներն է լավ սովորում: Անցած ուստարում ՆԶՊ առարկայից ակտիվորեն է մասնակցել դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին: Արդեն որոշել է՝ քննություն է հանձնելու տնտեսագիտական բուհ ընդունվելու համար, որ ֆինանսիստ կամ ծրագրավորող դառնա: Դպրոցի մեծ դասասենյակում էին հավաքվել տարածքի ազատամարտիկները: Ք. Մովսեսյանը ողջունեց ազատամարտիկներին, տեղեկացրեց, որ «Մարտական ծառայություն» մեդալի են արժանացել Կարեն Հակոբյանը՝ Այգեհովիտից և Հարություն Հովսեփյանը՝ Տիգրանավանից, ովքեր անցած ապրիլի սկզբին կամավոր մեկնել են առաջնագիծ, աչքի ընկել որպես կարգապահ ու մարտունակ զինվոր: Մեդալները հանձնելուց հետո կայացավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին ազատամարտիկներին հուզող մի շարք հարցեր, այդ թվում՝ բնակարանային, կենցաղին վերաբերող և այլն: Ընտրվեցին նաև տարածքային խորհուրդներ և խորհուրդների ղեկավարներ: Ուռեկանի խորհրդի ղեկավար, ազատամարտիկ Գարիկ Մաթևոսյանը, աշխատատեղեր ստեղծելու նպատակով, առաջարկեց տարածքում հիմնել չրի արտադրամաս՝ հաշվի առնելով համայնքներում արտադրվող մեծ քանակությամբ մրգեղենը: Գետափի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Դալլաքյանի կարծիքով՝ տարածքում կարելի է մեծ քանակությամբ մանր եղջերավոր անասուն պահել: Կարևորվեց նաև հողագործությունը: Խորհրդակցությանը մասնակցեցին նաև ուսուցիչներ Գ. Ներկարարյանը և Ա. Գազարյանը: Ա. Ներկարարյանը ցանկություն հայտնեց ընդգրկվել ԱԱՄ շարքերը: Ա. Գազարյանը, ով ներկայանում է նաև Արթուր Կրեստով գրական անունով, ընթերցեց իր հեղինակած «Երգ Արցախին» բանաստեղծությունը:
Կմերժի արցախցին խոսքերն անխունկ,
Այստեղ կա Աստված, Նա ունի Իրավունք:
Այստեղ քաջերի արյունով էն գնված
Դասագիրքը պատանյաց և պարտեզը մանկանց:
Թաքնված ասֆալտում, շավիղում, կամրջում,
— Ցավ է մի մեծ՝ կանգնած առջևում:
Խաչն այստեղ կտրում է նենգին,
Արդարը հետևում է ծիծեռնակին:
Կմերժի արցախցին խոսքերն անխունկ,
Այստեղ կա Աստված, Նա ունի Իրավունք:
Ազատամարտիկների հետ հանդիպումից հետո Ք. Մովսեսյանն այցելեց ՇԱԻԲ հրշեջ-փրկարար մասին «ՀՓՄ» կից Տիգրանավանի ջոկ, հրշեջ-մարտիկներին հանձնեց նոր համազգեստ: Ներկա էր ՇԱԻԲ ՀՓՄ-ին կից Բերձորի առաջին պահակային խմբի հրամանատար Անդրանիկ Մարտիրոսյանը: Տիգրանավանի ջոկի հրամանատար, կապիտան Միքայել Կնյազյանը զեկուցեց իրավիճակի մասին: Նույն պահին հնչեց ահազանգ, որ տարածքում՝ Որոտանի քաղաքային համայնքի մոտակա ձորակներում և Թովմասարի սարահարթում «Այգեհովիտի գյուղական համայնքի կազմում գտնվող Լճաշենից հարավ-արևելք ընկած տարածքում» հրդեհ է բռնկվել: Հրշեջների հետ բարձրացա Թովմասար: Օգնության եկան նաև շրջանային ոստիկանության բաժնի Տիգրանավանի բաժանմունքի աշխատակիցները: Մոտ 2 ժամ անց հաջողվեց մարել հրդեհը: Վառվեց մոտ 10հա խոտածածկ տարածք՝ պատված ցաքիի թփերով: Կարևորը, որ հրդեհը չհասավ Լճաշեն: 2015-ի ամռանը նույն տարածքում բռնկված հրդեհը վնաս հասցրեց Լճաշենի այգիներին, այրվեց նաև 1 հրշեջ մեքենա: Հրդեհից հետո տարածքում գտնվեց նռնականետի չպայթած 1 արկ, որը հրշեջները տեղափոխեցին անվտանգ գոտի՝ վնասազերծելու նպատակով: Ք. Մովսեսյանը նշեց, որ հետ պատերազմյան գոտի է տարածքը, և չնայած այստեղ ևս կատարվել են ականազերծման աշխատանքներ, այնուամենայնիվ դեռ նման վտանգավոր իրեր են հայտնաբերվում: Այս օրերին հրդեհավտանգ իրավիճակ է նաև Քաշաթաղի ողջ տարածքում, ուստի յուրաքանչյուրիս պարտականությունն է՝ լինել զգույշ և զգոն: Սեպտեմբերի 20-ին հրդեհ էր բռնկվել Բերձորին մոտակա Ներքին Սուսի գյուղական համայնքի կազմում գտնվող Վերին Սուս գյուղի տարածքում: Հրշեջները, շրջվարչակազմի աշխատակիցներ՝ վարչախազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի գլխավորությոմբ, Ներքին Սուսի գյուղական համայնքի ղեկավար Արթուր Փայտյանը, բնակիչներ, շրջաբի բնապահպանության բաժնի աշխատակիցներ մի քանի ժամ պայքարեցին կրակի դեմ, և հաջողվեց մարել հրդեհը: