Շաբաթօրյակ Շալուա գետի ավազանի ճանապարհներին

Spread the love

Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 23-ին շրջանի հյուսիսային թևում՝ Շալուա գետի ավազանում, կատարվեց շաբաթօրյակ: Կարևոր այս նախաձեռնությանը մասնակից եղան տարածքի գրեթե բոլոր համայնքների տղամարդ-բնակիչներ՝ ղեկավարների գլխավորությամբ: Ըստ ծրագրի՝ յուրաքանչյուր բնակավայրի ներկայացուցիչները հնարավորինս բարեկարգեցին մինչ հարևան բնակավայր հասնող միջգյուղական ճանապարհը և հավաքեցին ճանապարհների եզրերին ընկած ավելորդությունները՝ հիմնականում պոլիէթելինե տոպրակներ, շշեր: Առավոտյան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը եղավ Գանձայի գյուղական համայնքի Բազմատուս գյուղի տարածքում, որտեղ հիմնական ճանապարհը մի քանի տեղից հեղեղների պատճառով փլուզվել է և դարձել վտանգավոր: Այս մասում որոշվել է հենապատ շարել 3 հեղեղատի սկզբում: Համայնքի բնակիչները քար, ավազ ու ցեմենտ տեղափոխեցին, որ շուտով սկսեն հենապատերի կառուցումը: Օրվա ընթացքում շրջվարչակազմի ղեկավարի օգնական, «Հայրենասեր» ՀԿ համահիմնադիր Ստեփան Սարգսյանի, աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության պետ Հարություն Բերբերյանի և վերաբնակեցման բաժնի պետ Ռոբերտ Մաթևոսյանի հետ եղանք տարածքում: Առաջինը հանդիպեցինք Գողթանիկի գյուղական համայնքի բնակիչներին, ովքեր գյուղից հասել էին Շալուա գետի վրայի կամուրջ: Այստեղ գետի աջ ափին գտնվող դաշտում հիմնվել է Հայրենական Մեծ պատերազմում մեր պապերի կերտած հաղթանակի 70 ամյակին նվիրված այգի: Այգու տարածքում նույնպես իրականացրին մաքրման աշխատանքներ: Նորաշենիկի գյուղական համայնքի կազմում գտնվող Վարդուտ գյուղում այցելեցինք դպրոց: Մոտ 10 տարվա պատմություն ունի նորաշեն Վարդուտը: Դպրոցի տնօրեն Ռաիսա Բաղիկյանը տեղեկացրեց, որ ունեն 14 աշակերտ, 7 ուսուցիչ: Զրուցեցինք նաև աշակերտների հետ: Չնայած փոքրաթիվ աշակերտներ ունի Վարդուտի դպրոցը, սակայն կրթօջախի շրջանավարտների մեծ մասը հետագա ուսումը շարունակել է ՀՀ և ԱՀ պետական բուհերում: Դպրոցի նախկին աշակերտուհի Տիգրանուհի Խաչատրյանն Արցախից միակ աշակերտն էր, որ 3 տարի առաջ ընդունցեց Դիլիջանի միջազգային դպրոց, իսկ այժմ ուսումը շարունակում է ԱՄՆ-ում: Ստ. Սարգսյանը ծանոթացավ դպրոցի խնդիրներին. հնարավորության դեպքում կցուցաբերի օժանդակություն: Համայնքի ղեկավար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ գյուղն ունի խմելու ջրատարի բարեկարգման խնդիր, նշեց նաև՝ կա ծրագիր բնակավայրում նոր թաղամաս կառուցելու: Վերջերս քանդվել է Շալուայի վտակներից մեկի վրայի կամուրջը, որը գտնվում է Վարդուտ-Արտաշավի բնակավայրերի մեջտեղում: Այժմ դեպի հյուսիսային համայնքներ երթևեկությունը կայանում է նոր բացված շրջանցող ճանապարհով: Կեսօրից հետո համայնքների ներկայացուցիչները, շրջվարչակազմի աշխատակիցները Շալուայի ափամերձ հարթ տարածքում հանդիպում ունեցան շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ: Շրջանի ղեկավարը կարևորեց նման միջոցառումները, ներկայացրեց շրջանի հարավային թևում, հատկապես Իշխանաձոր գյուղում իրականացրած շինարարական աշխատանքները: Հավելեց, որ Վարդուտ գյուղում ևս շուտով կսկսվեն բնակելի տների կառուցում: Անդրադարձավ շրջանի զարգացման հետագա ծրագրերին: Եղավ նաև խնջույք: Ներկաներին իրենց ելույթներով ոգևորեցին Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները: Նրանց միացան նաև համայնքների ներկայացուցիչներից: Հնչեցին կենացներ՝ նվիրված Հայոց հողն ազատագրած նահատակ ու ողջ քաջորդիներին, հողը պահող ու շենացնող բնակիչներին, երկրի սահմանը հսկող ու հայոց անդորրն ապահովող հայ զինվորին, մեր մանուկներին, ովքեր շարունակելու են ավագների երթը, տեր են մնալու բազում քաջորդիների արյամբ ազատագրված ու սրբացած Քաշաթաղ երկրին:

 

More From Author

Հնարավոր է՝ Ձեզ հետաքրքրի