Զոհրաբ Ըռքոյան
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղը գտնվում է Հակարի գետի ներքին հոսանքում՝ փռված աջափնյա հարթություններում: Կազմավորվել է 20 տարի առաջ և այժմ գյուղական համայնքում կա 27 ընտանիք՝ 122 բանկչով, որից 25-ը՝ երեխաներ: Համայնքն ունի 460հա հողատարածք, որից 330հա-ի վրա կատարվում է հացահատիկի, հիմնականում՝ գարու ցանքս: Արցախի Հանրապետության անկախության հռչակման 26 ամյակի տոնակատարությունների շրջանակում, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հովանավորությամբ, շրջկենտրոն Բերձորի «Բերձոր» ժողգործիքների համույթը համերգներով շրջագայում է շրջանի համայնքներում: Սեպտեմբերի 12-ին համույթի 4-րդ համերգը կայացավ գյուղի բնակիչ, 2015 թ. մարտի 19-ին Արցախի հյուսիսային սահմանները պաշտանելիս հերոսաբար զոհված, ժամկետային զինծառայող Հակոբ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցում: Մինչ համերգն սկսելը համույթի անդամները, համայնքի ղեկավարը, դպրոցի տնօրենը ծաղիկներ խոնարհեցին Հ. Խաչատրյանի շիրիմին, հարգեցին հերոսի հիշատակը: Ընթացքում զրուցեցի համայնքի ղեկավար Մկրտիչ Հարությունյանի հետ: Տեղեկացրեց, որ այս տարի բնակչությունը գոհ է հացահատիկի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի բերքատվությունից: Հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 42ց/հա: Բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է /գյուղում կա 420 գլուխ խոշոր եղջերավոր անասուն/: Ամառվա ընթացքում կուտակել են նաև 5000 հակ խոտ՝ ապահովելով անասնակերի խնդիրը: Խմելու ջիր հարցը լուծված է ջրհորների միջոցով: Ոռոգման ջրատարներն անցած տարի մաքրվել են «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի և շրջվարչակազմի կողմից: Գյուղում վատ է հեռախոսային և ինտերնետ կապը: Այնուամենայնիվ, հանայնքի ղեկավարին հուզող ամենակարևոր հարցը բնակչության թվաքանակի նվազ լինելն է: Բնակելի տների բացակայության պատճառով հնարավոր չէ գյուղում նոր ընտանիքներ ընդունելը:
Դպրոցի միջանցքում, որտեղ կայացավ համերգը, ստեղծվել է նաև Հ. Խաչատրյանին նվիրված անկյուն: 10 տարի այս դպրոցում է սովորել Հակոբը, ավարտելուց հետո ընդունվել էր Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2-րդ կուրսի ուսանող էր, որ զորակոչվեց Հայոց բանակ և մարտիրոսվեց՝ պաշտպանելով հող-հայրենին: Ներկա էին Աղաձորի բնակիչներ, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, Հ. Խաչատրյանի հայրը՝ Գագիկ Խաչատրյանը: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ողջունեց ներկաներին և համերգը հայտարարեց բացված: Երգիչներ Ֆիրուզա Արզումանյանի, Սիմա Թադևոսյանի և Նուբար Գեղամյանի կողմից հնչեցին ժողովրդական, ազգագրական, գուսանական, ռազմահայրենասիրոկան երգեր: Մասնակից եղան նաև դպրոցի սաները: 10-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Հարությունյանն ասմունքեց Սայաթ-Նովայի «Դուն էն գլխեն…» բանաստեղծությունը, նրա համադասարանցի Արփինե Հունանյանը պարեց «Հայուհի գեղեցիկ» երգի հնչյունների տակ, երգեց երգչուհի Ֆ. Արզումանյանի հետ, արժանացավ ծափողջույնների: Անմասն չէին նաև փոքրիկ աղաձորցիները: Հարութ Խաչատրյանը տեղում էր պարում, հրճվում՝ երգերը լսելով: Համերգի վերջում հնչեց համույթի երաժիշտ Արթուր Մովսեսյանի հեղինակած «Ղարաբաղը մերն է, մերն էլ կմնա» երգը՝ Արամայիս Եսայանի կատարմամբ: Դպրոցի տնօրեն Լուսիկ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երաժիշտներին՝ իրենց օրը գեղեցիկ ու անմոռանալի դարձնելու համար և հույս հայտնեց, որ նման միջոցառումները շատ կլինեն շրջկենտրոնից մոտ 80կմ հեռու, սահմանապահ այս գյուղում: Աղաձորին հրաժեշտ տալուց առաջ զրուցեցինք նաև դպրոցի տնօրենի հետ: Այս ուստարում դպրոցն ունի 9 ուսուցիչ և 18 աշակերտ՝ 6 համակարգ դասարաններում: Տարիների ընթացքում դպրոցի շրջանավարտների մեծ մասն ընդունվել է ՀՀ և ԱՀ պետական բուհեր, վերադարձել և այժմ աշխատում են դպրոցում, այլ բնագավառներում: Ներկայումս գյուղից 5 հոգի ուսանողներ են: Դպրոցի գրադարանն ունի 2000-ից ավելի գիրք: Շենքը պետք է հիմնանորոգվի: Այնուամենայնիվ, կրթօջախը կատարում է իր ամենակարևոր առաքելությունը. թեկուզ քիչ թվով աշակերտներին դաստիարակում է ազգին նվիրյալ ու պիտանի զավակներ լինելու գաղափարներով, որի վառ օրինակն է Հակոբ-հերոսը:
Նույն օրը «Բերձոր»-ը ելույթ ունեցավ նաև սահմանապահ զինվորների համար: Թիվ զորամասի հրամանատարի դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա. Գասպարյանը դիմավորեց երգիչ-երաժիշտներին: Համերգը կայացավ զորամասի շարահրապարակում, որտեղ էին սպայական կազմը, սերժանտներ, շարքային զինվորներ, զինվորականների երեխաներ, մոտակա բնակավայրի բնակիչներ: Հայոց 2 պետությունների Եռագույնների տակ հայկական ժողովրդական, գուսանական երգերի գեղեցիկ կատարումներով զինվորներին ողջունեցին ու ոգևորեցին «Բերձոր»-ի երգչուհիները: Հնչեցին նաև ռազմահայրենասիրական երգեր, որն էլ դարձավ առիթ, որ համերգին իրենց խրոխտ պարերով մասնակից լինեին զինվորները: Շարքային Սեմ Աբրահամյանը 2 ամիս է, ինչ Արտաշատից զորակոչվել է բանակ, ցանկություն հայտնեց երգել և կատարեց իր հայրենակցի՝ Գուսան Հայկազունու «Պիտի գնանք…» երգը: Համերգի վերջում առանձին կատարումներով հանդես եկան համույթի երաժիշտներ Արթուր Մովսիսյանը և Արամայիս Եսայանը: Հնչեցին հիմնականում ռազմահայրենասիրական երգեր, որոնց հնչյունների տակ պարում էին զինվորները, ներկա փոքրիկները, համույթի ներկայացուցիչները: Ընթացքում զրուցեցինք զինվորականների հետ: Եղբայրներ Նորիկ և Նորայր Պստեյանները Քաշաթաղի շրջանի Այգեկ գյուղի բնակիչներ են: Սկզբնական շրջանում եղբայրները նույն զորամասում եղել են ժամկետային զինծառայողներ, այժմ պայմանագրային ծառայության սերժանտներ են: Գոհ են ծառայությունից և ուրախ, որ ներկա եղան նման գեղեցիկ միջոցառման: Արման Խաչատրյանը նույնպես նոր է զորակոչվել, Ապարանից է, արդեն ընտելացել է զինվորական կյանքին: Ուրախ է, որ ներկա եղավ նման համերգի: Ենթասպա Արմեն Հակոբյանը նույնպես նույն զորամասում է ծառայել՝ որպես ժամկետային, այնուհետև պայմանագիր է կնքել ու արդեն 11 տարի է, ինչ Հայոց սահմանն է պաշտպանում: Հնչած երգերից հատկապես շատ է սիրում «Գետաշեն»-ը: Շարահրապարակում նաև զինվորականների երեխաներն էին: Եվա և Միքայել Միքայելյանները և Արթուր Լալազարյանը համերգից առաջ զրուցում էին երաժիշտների հետ: Հետաքրքրվում նրանց գալու նպատակով: Իսկ համերգի ընթացքում զինվորների հետ պարում էին: Արթուրին հարցրեցինք անուն-ազգանունը, ասաց՝ փոխգնդապետ Վիգենի տղան եմ: Քույրը՝ Անիտան, սովորում է 4-րդ դասարանում, երազանքն է դառնալ բժշկուհի: Սիրում է իր դասվար Ժենյա Հարոյանին և լավ է սովորում: Համերգի վերջում երգիչ-երաժիշտներին գեղեցիկ կատարումների, իրենց առօրյան մշակութային ընդմիջումով հարստացնելու համար շնորհակալություն հայտնեց զորամասի ԴԱԳ տեղակալ Ա. Գասպարյանը և շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հ. Ավանեսյանին, համույթի ղեկավարի պաշտոնակատար, Բերձորի արվեստի դպրոցի տնօրեն Արարատ Սուջոյանին ու երգչուհի Ֆիրուզա Արզումանյանին հանձնեց զորամասի հրամանատարի շնորհակալագրերը: Համույթի անդամներին ընդունեց նաև զորամասի հրամանատարը և ցանկություն հայտնեց, որ նման միջոցառումները հաճախակի լինեն: Զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ա. Գասպարյանը համույթի անդամներին ծանոթացրեց զորամասի առօրյային: Վերադարձից առաջ զրուցեցինք Ա. Գասպարյանի հետ: Ռազմական կրթություն ստացել է ՌԴ-ում: 1997 թվականից ծառայում է սահմանապահ զորքերում, 2004-ից այստեղ է: Քաշաթաղի շրջանում է կազմել ընտանիք, ունի 2 զավակ՝ Նարեն ու Ռուբիկը: Ասաց՝ ցանկալի երևույթ էր համերգը, ներկաները շատ ոգևորվեցին: Տեղեկացրեց, որ զորամասում նշվում են բոլոր պետական տոները: Կարևորեց նաև այն, որ զինվորին հյուր են գալիս երգիչներ, մշակույթի գործիչներ, մարզիկներ: Հրաժեշտ տվեցինք հայոց հողը պաշտպանող մեր զինվորներին՝ հավատով, որ անառիկ են պահելու մեր սահմանը, իսկ մեր փոքրիկները մեծանալու են խաղաղ երկնքի տակ: